Տանգոն տխուր միտք է,
որ ցրել չես ուզում։
Կանգնում ես շուրթ շրթի,
խորը շունչ քաշում
ու հաւասար արտաշնչի վայրկեանին
տեղի տալիս:
Մի տխուր միտք,
առանց որի մարաթոնեան մենութիւնդ կը ձգուէր
կէսգիշերն ի վար։
Տխուր միտք,
որ տօնում ես ուրիշի մենութեանը լուռ սեղմուած։
Ու ինչ կարիք կայ միասին չապրածն իրար պատմելու,
քաշելու մենութեան փեշերը,
երբ ազդրդ թեթեւ հպւում է ազդրին մի երրորդ անգամ,
ամէն անգամ քիչ աւելի դիտաւորեալ։
Ես պարել եմ տղամարդկանց հետ,
որ չեն որսացել հայեացքս,
եւ ուրիշների հետ,
որ իրենցով էին տարուած հետեւիս հայելում։
Պարել եմ տղամարդկանց հետ,
որոնց պարանոցը նոր սափրուածի թարմութեամբ
ու վեթիվերով էր բուրում, որոնց օձիքից տենդոտ ամբրայի
կամ պարտութեան հոտ էր գալիս,
գծով արդուկուած, քրտնած շապիկով։
Պարել եմ նրանց հետ,
որ տանգօ էին սովորել Բուենոս Այրեսի նկուղներում,
ինչպէս իրենք էին հաւատացնում։
Ես էլ չեմ խորանում, կրկնում եմ, որովհետեւ ինձ դուր է գալիս
Բուենոս Այրեսում ա-ից հետո հնչող յ-ն,
ու ինձ դուր է գալիս անմեղ ստին տեղի տալ՝
յանուն կէսգիշերուայ։
Ես պարել եմ տղամարդու հետ,
որ ողջ ընթացքում բառ չասաց,
վերջում «հաճելի էր» չասաց,
բայց գրկեց ինձ այնպէս,
ասէս իր միակ հայրենիքն էի։
Պարել եմ ռումինացու հետ՝ ձայնում խլացած յուշով.
իր ասելով՝ բռնապետութեան ժամանակ
մարդիկ աւելի մօտ-մօտ էին պարում։
Փակել եմ աչքերս դեղձի թաւիշով կուբացու հայեացքում,
որ ոտքերի փոխարէն ազդրերով էր պահում ռիթմը —
ասաց՝ այդպէս հեշտ է չիմացածի միջով քայլել։
Ու մի ուրիշ կուբացու, որ երգի միջոցին
ասաց՝ արի փախչենք, գնանք սալսայի։
Ու գնացինք։
Ոտնաթաթերիս ձգուած պարել եմ յոյնի հետ,
որ ձեռքը դրեց կզակիս
ու շշնջաց՝ շնորհակալութիւն,
ասէս ներել էի մի բան,
որին տեղեակ չէի։
Էլ երբեք չհանդիպեցինք։
Պարել եմ մի իսպանուհու հետ,
որ կարող էի ես լինել,
եթէ չվախենայի տրորել ուրիշ կնոջ ոտքը,
եթէ առհասարակ չվախենայի։
Այլեւս չեմ պարել կնոջ հետ։
Պարել ենք գերմանական մի դառը ձմեռ
ես ու հոնդուրասցին,
որ գարնան պես էր հագնում իր վիշտը —
թեթեւ, թռթռան, մի քիչ անպատեհ։
Տեսնէս էն ծաղկավոր շապիկն ի՞նչ եղավ։
Պարել եմ երեւի 18 տարեկան սիրունի հետ,
որ չէր հասցրել որեւէ մէկի երազանքը դառնալ։
Քրտինքը ծորում էր վրայից,
աջս այնքան ամուր էր սեղմել,
որ ուզեցի ինքս առաջնորդել,
բայց չարեցի։
Պարել եմ մի սերժանտի հետ,
որ փախել էր իր պատերազմից ու բարին հենուած
մեռնում էր ուրիշի ձանձրոյթում։
Նա իր կռիւն էր պարում,
ես՝ իր հոգնութիւնը։
Պարել եմ մէկի հետ,
որ նոր էր կորցրել մօրը։
Ոչինչ չասաց,
բայց այնպէս էր գրկել,
որ ուրիշ բան լինել չէր կարող։
Պարել եմ տղամարդկանց հետ, որ եկել էին մոռանալու,
եւ տղամարդկանց հետ, որ եկել էին յիշելու։
Տղամարդկանց, որ չեն խոստանում կարօտել,
որ պատասխաններ չունեն, բայց
տալիս են փակաչք հետեւելու խաղաղութիւնը։
Պատմութիւններով լսուած մօտաւոր,
չհասկացուած լեզուներով,
Կլէրչէնսի 112 տարի մաշած յատակին
ու Մոնակոյի էն շքեղ սրահում —
առաջինը պարահրապարակում՝ դեռ սառը ափերով,
ու վերջինը,
որ փող է դնում պահակի գրպանը՝ դուռը չփակելու։
Ինչ պարկեշտ քաղց է —
կոտիւմով վայրենին թակում է դուռդ,
ապաստան խնդրում։
Ու դու՝ սիրուելու սովոր կնոջ պէս,
սրտի տնքոցը ոտքերի ցաւով մեղմած,
կամ ոտքերի տնքոցը սեղմած սրտի ցաւով,
պարում ես մինչեւ լուսաբաց,
մինչեւ հանէս կօշիկներդ մի ուրիշ շեմին
եւ մարմինների ճոճքը վրայիցդ թափ տալով
ներս մտնես։





