մանուշակ

նշանակում է

ընկիր քո մէջ։

նշանակում է

զգա՛ իմ հոգսը

մտերմութեան։

կարդա՛ իմ բանումը քո մէջ։

մանուշակ

իսկապէս որ նշանակում է

մանուշակ,

ոչ նարգես,

յատկապէս ոչ նարգես,

յատկապէս ոչ դէպի ինձ։

մանուշակ

նշանակում է

tabanca՝

կրեոլերէն,

Լիզան ասաց,

որ նշանակում է

չվերադարձուած կարօտ ու սէր։

մանուշակ

նշանակում է

անտակ մենութիւն

ու յատկապէս անտակ մենութիւն

յատկապէս օտար քաղաքում։

այնքան օտար,

ինչքան կարող են լինել ուսանողները

իրենց օտար ջահելութեան մէջ։

կարծես չեն ապրում նոյն անճողոպրելի կեանքը։

նոյնանման հագուստների մէջ ցուցադրող իրենց անճար անհատականութիւնը։

մանուշակ

նշանակում է

տեսնել քեզ նրանց նայելիս։

նշանակում է

չես ջոկում

որ մատղաշ տարիքի մէջ

միայն մի բան կայ՝

մատղաշութիւն։

ու յատկապէս։

իմ միջին տարիքն է անգամ իր անցնելիս հիմա։

մանուշակ

նշանակում է

ամեն ինչս քոնն է,

նշանակում է

կարող ես փողը չտալ,

բայց

ի զուր արեցիր այդ պեթոնը,

բերեցիր, փռեցիր հողի վրայ,

ինձ ու քեզ դրանից ոչ մի բան,

մինչդեռ այդտեղ կարող էր

մանուշակ

աճել։

մանուշակ

նշանակում է

սպասել, որ կը գրես ու չես գրի առօրեայից,

 մանուշակ

նշանակում է

անունդ դրել եմ

Էսինչ Զավզակեցի։

ինքս իմ դրածի վրայ ծիծաղում եմ,

իսկապէս որ։

մանուշակ

նշանակում է

քո սատկած շունը՝

ջնջխուած անիւների տակ,

ու քո ներքին ողբը։

մանուշակ ի վերջոյ

նշանակում է

ինքդ որ ողբացող ես,

ինչո՞ւ չես ողբում ինձ հետ՝

առանց որոշակի պատճառի։

դրա համար է՞լ պատճառ է պէտք։

մանուշակ

նշանակում է

սիրել ու սգալ,

սուգը՝ լինելով բոլոր բաների պսակը։

սիրել

նշանակում է

կրել նոյն թագը,

որից չի վրիպում տխրութեան ոսկին,

նոյն ֆուկսիա թագը,

որ նշանակում է

մանուշակ։

սեպտեմբեր, 2024, Այովա

 

յաջորդ
***