Բանաստեղծութիւն
Անահիտ Սարգիսեան

տասնմէկերորդ ամսուան
քսանվեցերորդ օրն եմ
աս աշխարհը
մուտք գործեր
կ’ըսէր անձնաթուղթս

տասնմէկերորդ ամսուան
քսանեօթներորդ օրն եմ
աս աշխարհը
մուտք գործեր
կ’ըսէր մայրս

իսկ ես
այն երկու օրերը
այդ ամսուան
մէյ մը կ’ըսեմ
                    վա՛ղն է
                    տարեդարձս
                    ո՛չ այսօր
մէյ մըն ալ կ’ըսեմ
                    երէ՛կ էր
                    տարեդարձս
                    ո՛չ այսօր
ու պոչէն ազատած
պոչատ մողէզի մը նման
կը գտնեմ ապաստան
օրերուն մէջ սովորական

անցեալդ   ետիդ
խորթացած
ներկադ   ոտքիդ   տակ
տափակցած
մաշած քայլերով
կը  շարունակես  փնտռել
ճամբադ կորսուած

ու կը քալես
երբեմն   արագ
երբեմն    դանդաղ
ափիդ մէջ
երկար ցանկ մը
անհատնում     գնումներու
եւ
կարճ         կեանք մը
ապրելու
կամ    չապրելու

ապրիմ
մեռնիմ
ապրիմ
մեռնիմ
ականջիդ      փսփսացին
երթիկները        մարգարտածաղիկին

ու կը քալես
երբեմն    կանգնած
երբեմն    պառկած
մտածելով
արդեօք     ո՞րն    է    իրաւ
սա   կեա՞նքը   սին
թէ
երազը    եթերային

հոգս է
հոգս չէ
հոգս է
հոգս չէ

հոգս չէ՛
ըսաւ
մարգարտածաղիկին
թերթիկը     վերջին
ու յանձնուեցաւ
հովին

քալէ՛
ըսաւ
քալեցո՜ւր
ըսին
ու քալե՛ց
ամբոխը   անփոփոխ
առա՛նց    քեզի

ու քալեցիր
ճակատդ բաց
առանձին

եկան հասան
ուրկէ ուր
քեզ գտան
դիմացդ կեցան
բաց ճակատիդ
սեւո՛վ գրեցին

լաւ որ ճակատդ
նեղ է եղեր
եթէ ոչ
տակաւին
ինչ ինչե՜ր
պիտի գրէին

երկու բառ
հաճիս գրէ
խնդրեցին

երկու բառը
շատ շուտով
քով քովի դրի
ապա
երթամ
երրո՛րդ մըն ալ

գտնեմ ըսի
ըլ լալէն ետք
անշուշտ
թող ըլլայ երե՛ք

երրորդ բառը
գացի գտայ
մինչեւ բերեմ
երկու բառերս
աւա՜ղ
թռած էին

հիմա
մէկ բառը     գրկած
մէկ բառով   կանգնած
մէկ բառով   մէջտե՛ղը կանգնած
շուարած եմ
չեմ գիտեր
սա որբ   բա՞ռը
անունիս փակցնեմ
թէ    անունս
սա   ո՛րբ   բառին

ԾԸ. Տարի, 2019 թիւ 2

Your email address will not be published. Required fields are marked *