Սամուէլ Կիրակոսեան

ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹԻՒՆՆԵՐ

ԵՐԳ

իմ երակներով քո արիւնն է հոսում,
մա
իմ երակներով քո արիւնն է հոսում,
պա,
բայց ես ուրիշ եմ,
բայց ես ուրիշ եմ,
քո ժամանակ Երեւանն էր խօսում,
մա
բաժանումները մնում էին ներսում,
պա,
բայց մենք ուրիշ ենք,
բայց ես ուրիշ եմ,
հարեւանները տժժում են Լոսում,
հա,
Հալիվուտում հայերէն են խօսում,
բա՜,
բայց ես ուրիշ եմ
նէոտերվիշ եմ,
Լեննականում մարդիկ են մրսում,
վա,
26ում մեր փողերն են մսխում,
քա,
բայց ես ուրիշ եմ
ես ամբարիշտ եմ

 

Նստարանին

էսօր քաղաքս լուռ է
ինչ-որ բան կայ օդում
քաղաքականութի՞ւն
վթա՞ր
հարսանի՞ք
թաղո՞ւմ
պատերա՞զմ
չգիտեմ՝
ինթերնեթ չեմ մտել
հեռուստացոյց էլ չունեմ
ռատիոն ինթերիերի մաս է դարձել
թերթերն էլ՝ փաթեթաւորման նիւթ
վեր ընկայ ուժասպառ՝
նստարանին անունդ է գրուած
իմ սիրուն քաղաք
թոյլ տուր
կամաց փչեմ
վէրքիդ

 

ԾԷ. Տարի, 2018 թիւ 4

Your email address will not be published. Required fields are marked *