ՄԱՅՐԸ ԿԸ ՍՊԱՍԷ ՈՐ ԻՐ ՍԻՐՏԸ ԺՊՏԻ

Յիշատակը լքուած քնար է

հնձուած դաշտի մէջ։

Կեանքը երկար է, յիշողութիւնը՝ աւելի երկար
Քունը երկար է, երազը՝ աւելի երկար։
Երբեմն յիշողութիւնը կը ջնջուի, կը կծկուի կեանքը,
Երազը կը ջնջուի, կը կծկուի քունը.
Պատուհանը կ՚ընդարձակուի ու չես գիտեր թէ
                                                              ո ՛ւր տեսած ես այս պատուհանը։
Բայց կ՚երեւնան
Լուսոյ առաւօտ եւ թիթեղ մը կաթ
Դգալ մը ձկանիւղ՝ դպրոց չգացած
Դալար ծառուղիներ, դարանակալ ոգի,
Ոչ ծառ, ոչ թուփ, ոչ իսկ ճիւղ մը կը ճեղքուի կայծակէն։

Ցաւ կա ՞ր, չկա ՞ր. չեմ գիտեր։
Ծաղկաթափ մանկութիւն
Շողակաթ ու երկնահուպ.
Ցօղը կ՚իյնար Աստուծոյ մատներուն մէջէն
Արեգակը կը յայտնուէր կը խմէր ցօղը,
Առտուան լոյսը՝ հալեցուած սպիտակ ոսկի էր։

Փառք կու տաս որ կ՚ապրիս դեռ
Եւ կրնաս յիշատակներու մերկութիւնը գծել։

Հիմա յիշատակը
Բազմաշերտ խէժ է կոճղէն ծորած, անոր փակած։

Բուն պատմութիւնը հինցած տերեւնե ՛րն են
                                                                               հին գիրքերու մէջ.

Ձմեռնամուտի օճախ
Մանղալի ածուխ
Պատուհանին տկտկացող կարկուտ.
Մեսրոպ Մաշտոց ձեռքը կուրծքին՝ երկիւղահար,
Հսկայ սնտուկը ծածկող գորգիկին վրայ
զոյգ մը եղնիկ բարակ ականջներով.
Քա՜ղցր է մօր յիշատակի հպման թեթեւութիւնը
Երկինքը կը սպասէ աչքերուն մէջ
Հոգելոյս գարուն է
Ափերուն մէջ ծիածանը չի մարիր,
Եղծազերծ ու խաղաղ ներաշխարհ
Կարեկից, անխորտակելի էութիւն։

Տունը՝ հովերէն թեթեւ
Մարգրիտէ աւելի սպիտակ
Մշտահմայ, բաբախուն երակ
Ամէն բան կը հասկնայ, կը գթայ,
Միակ կարծրը՝ մահն է։
Աս ի՛նչ բարձր ձայն ունի առաստաղը
Ամբողջ ըրածը՝ լապտեր մը գրկած է.
                                                                                ուզածը ի՛նչ է։
Տունը անմահ է, մահը՝ մահկանացու։

Մօր ձայնը՝ կեանքի ուղի է։

Երբ կեանքդ կը գործածես
Չի ծերանար երկինքը։

Դառնալ լեռը՝ որ իր բարձրակէտը կը պահպանէ։
Լռութիւնը լեզուի մէջ աւազի հատիկներ կը պահէ
Հարթել ճամբան բազմաձայն լռութիւններու։

Պատուհանէն հոսող մայրամուտին մէջ նստած
Դալար խոտի եւ աղօտած մշուշի միջեւ
Նորայայտ ծերութիւնը
շալը կը քաշէ ուսերուն.
Աչքերուն մէջ մոմեր
Փետուրներ լռութեան
Խլուած ու խախտած
                                                                   պատկերներ կու գան քով-քովի.
Իր թեւերը ծայրէծայր կը բանար արեւագալը
Խնդուքը կը հոսէր տան պատերէն,
Տունին թարմաթարմ շունչը
Նորածինին ճիչը
Զաւակներուն աչուկներու փայլքը
Թաթիկները, տոտիկները,
Հայկի ու Բէլի պատմութիւնը
Սասունցի Դաւիթն ու Ծովինարը
Երիտասարդ մօր երազներու կթկթոցը
Խոհանոցը աշխատած պահուն՝ հոգեւոր երգերը
Ի՞նչ եղաւ մանկական բարձրաթոռը մարանի մէջ շարուած.
                                                                     ա՞ն ալ հրկիզուեցաւ։
Կը տեսնես հարկաւ, սերկեւիլի անուշի մէ՛կ շիշ կայ միայն
                                                                                               տասի փոխարէն,
Յօդացաւին համար հաստ գուլպաներ հագած՝ կաթնապուր կ՚եփէ,
Ոչ թէ փոքր ամաններու, այլ՝
Մեծ փայրէքսի մը մէջ կը լեցնէ, սառնարան կ՚ուղղուի։

Ժամանակը՝ հողաթափ՝ կը մաշի.
Այլեւս կիրակիները կու գան
Միայնակ թզենիի տակ
                                                                               տնտնացող կրիայի նման։

Ոչինչ կը փոխուի, բացի սա պատին փակած մարդէն
որ չի դիտեր, կը նայի
Կը յիշէ քեզ միշտ
Գունաւոր երաժշտութիւնը որ ծննդավայրիդ մէջ թողուցիր,
Երբ լուսինը լճակին սիրտը դարձաւ եւ դադրեցաւ բաբախելէ
Աստղերը ինկան երախին մէջ ծովուն
Առաջ երախ չէ՜ր, արե՛ւ էր ճռուողիւն։
Ճիւղերը չորցեր են
Ի՞նչ պիտի ընես
Բարալիկ-մարալիկ ծխանի ծուխ մնացեր է
Ելլեմ հո՞ն երթամ.
Հարցումը վիզը կ՚երկարէ
Ծովանկարի նաւու ցռուկի նման։

Շալը կը ձգէ թիկնաթոռին
Կը քաշէ վարագոյրը
Բացակայութեան բացութիւնները գոցելու համար.
Բերնին մէջ ծանրութիւն մը կայ
                                                                  ձայնը թեթեւ է
                                                                  բայց դգալը շատ ձայն կը հանէ.
Զաւակները, ամէն մէկը առանձին, ո՞ւր գացին,
Ի՛նչ կ՚ընեն, ամէն բան լա՞ւ է։
Լռութեան պղպջակներ կու գան չորս կողմը
Չ՚ելլեր աթոռէն որ պղպջակներ չնստին.
Յետոյ ձեռքերը մշուշ դարձած կը շոգիանան
Ու կոպերը կը փակուին։

Հոգին կը մոռնայ
                                                                   օթեկ պտուղները
                                                                   պայթած ռումբերը
Անշարժ խաչմերուկներու երկրաշարժը.
Ինչո՞ւ տակաւին՝ կը դողդղան մահացած տան ոսկորները
Ճամբաներ կան եւ տուներ դողդոջուն թելերով.
Ճակատագրի վրիպակ եւ անարիւն վիժում,
Բեկորներ ահաբեկ ու թեւաբեկ.
Լուսինը այլեւս կամաց-կամաց կը կակուղցնէ քարերը։

Հեռանալով ու աւելի հեռանալով՝ մօտեցայ
եւ իրարու կապկպեցի
Մօր վերմակը որ վախերս կը ծածկէր
Անանուխի թէյը
Եռանդուն կեանքի համով ճաշերը։
Պատառ մը սիրոյ կարօտ քաշեցի
Ումպ մը ժպիտի կարօտ մնացի,
Սակայն ժպտեցայ
Ընդամէնը հինգ տասնամեակ ապրեցայ իր հետ
Սուտակ աչքեր, շուշանաթոյր դէմքով
Ձայնը մեղրագոյն
Կարօտցա՜յ, կարօտցա՜յ։

Ո՜, տայր ինձ, ուրախ արցունքներու մնացորդը
Օշարակի ժպիտ ու խօսքերու պաղպաղակ։
Ովկիանոսը կտրեր եմ ահա առանց թելը կտրելու։

Հակառակ որ վայրը տեղտեղ ադամանդներ զետեղեր է
Եւ հակառակ որ երկար տասնամեակները յղկեր են զանոնք
Ոսկորներուս մէջ մոմ մը կը վառի
Ինչպէ՞ս չվառի, տեսայ արեւում, աւարում, հեռացում, գաղթութիւն.
Տեսայ ինչպէս իր վերջին շունչը փչեց մայրս
Ամայութեան մէջ, ամպերու մէջ միսմինակը կը քալէ
                                                                                ես ետեւէն կ՚երթամ.
Մամա, ըսէ ո՛ւր
Ըսէ մեղմաձայն
Մինչեւ ո՞ւր պիտի երթայ ժամանակը։

Ինչպէս որ լեռը իր հողը կը պահպանէ
Միտքը՝ հրաբուխէ յոյսը
Սիրտը՝ բազմաշերտ հաւատքը,
Երեխաները իրենց մանկութիւնը,
Դեռ աշուղ զանգակը չհեռացած
Եկեղեցիներու երփնանկարները չդալկացած
Կը հասնի՜ վերջին քունը
Եօթ հրեշտակներ տան մէջ իրենց թեւերը հանած
կ՚երթեւեկեն
Լռութիւնը կը մսի, կը դողդղայ
Վաղը գիշեր դարձեալ կու գամ, կ՚ըսէ, կ՚երթայ.

Մեռած մոլորակ մը կը սկսի փայլիլ

Սիրել կը նշանակէ մոմեր վառել
Եւ թողուլ որ այդ մոմերը աղօթեն։

ԾԸ. ՏԱՐԻ, 2019 ԹԻՒ 3-4

Your email address will not be published. Required fields are marked *