Բերիաշէն
Աւետիս Հաճեան

ԲԵՐԻԱՇԷՆԻ ԵՐԿՐՈՐԴ ՊԱՏԵՐԱԶՄԸ

(Շարունակուած նախորդ թիւէն)

Է.

Ավետարան ըստ Բեմարլենի
Евангелие от Бемарлена

Ավետարան ըստ Բերիաշենի Մարքսիստ-Լենինիստ Մատերիալիստական
Գիտությունների Ինստիտուտի Աստվածամերժության Հատուկ
Հանձնաժողովի

Евангелие от Специального Комитета по Атеизму
Марксистско-Ленинского Института
Научного Материализма Берияшена

ԲԵՐԻԱՇԵՆ
БЕРИЯШЕН

1968

Գիրք Դիալեկտիկական Մատերիալիզմի
Книга диалектического материализма

1. 1 Տիեզերքը, աշխարհը եւ բնությունն իրենց բոլոր կենդանի ու անկենդան եակներով ու մասնիկներով մատերիական են։ 2 Բնությունը բացատրելի ե ինքն իրենով՝ առանց արտաբնական ու գերբնական նախասկզբի։ 3 Մատերիան ինքնաբավ ե ու ամբողջական։ 4 Ամեն բանի առաջին պատճառն ու եությունը մատերիան ե։ 5 Բնության եվոլուցիան կառավարվում ե դիալեկտիկական մատերիալիզմի օրենքներով։ 6 Նյութը սահմանված ե տարածության եւ ժամանակի մեջ ներհատուկ օրինաչափություններով։ 7 Դիալեկտիկական մատերիալիզմը գիտական վերլուծության ու կիրառման միջոցով փաստել ե Աստծո չգոյությունը։

2. 1 Դիալեկտիկական մատերիալիզմը բնական սոցիալ-տնտեսական պրոցեսների գիտական ըմբռնման հեղաշրջում առաջացրեց ։ 2 Մինչեւ Կ. Մարքսի եւ Ֆ. Էնգելսի կողմից XIX դարի կեսերին դիալեկտիկական մատերիալիզմի օրենքների հայտնաբերումը մարդկության գերակշռող մեծամասնությունը ընդունում եր մոգական բացատրություններ բնության գործոնների ընթացքին ու զարգացմանը համար։ 3 Նախադիալեկտիկական աշխարհի սնոտիապաշտական մոտեցումը սերտորեն կապված ե կապիտալիստական ընկերությունների անկման հետ, քանի որ եկեղեցին եւ կապիտալիստները շահագրգռված եին բանվորներին տգիտության մեջ պահելու։ 4 Արդարացի ե, որ Մարքսը անդրադարձել ե այս հարցին «Կապիտալ»-ի «Կապիտալի կուտակման պրոցեսը» գլխում` նշելով, որ աղքատ մարդն ե, որ հարստություն ե մատուցում կապիտալիստին։ 5 «Արդեն 1696 թվականին Ջոն Բելլերսն ասում ե. «Եթե որեւէ մեկն ունենար հարյուր հազար ակր հող, նույնքան ֆունտ ստերլինգ փող եւ նույնքան ել անասուն, ի՞նչ կլիներ այդ հարուստ մարդն առանց բանվորների, եթե ոչ բանվոր»։ Ու ավելացնում ե Բելլերսը` ըստ Մարքսի մեջբերման. «Եվ քանի որ բանվորներն են հարստացնում մարդկանց, ուստի որքան շատ բանվորներ լինեն, այնքան ել շատ հարուստներ կլինեն… Աղքատի աշխատանքը հարուստի հանքն ե»։
7. 4 Քրիստոսի առաքելությունը նախամարքսիստական շրջանի ստրուկների եւ աղքատների առաջին բողոքի շարժումը հանդիսացավ նրանց գերի դարձնող իմպերիալիստական պետական կարգի դեմ։ 5 Ուստի, իր գաղափարախոսական կառուցվածքով ու քարոզչական նախնական գործունեությամբ քրիստոնեությունը պրոտոֆաշիստական իշխանությունների դեմ դասակարգային պայքարի հիմնաքարը դարձավ։ 6 Սակայն Պողոսի կողմից վերամշակված քրիստոնեական գաղափարախոսությունը դարձյալ ծնկի ե բերում հավատացյալներին իշխանների ու եպիսկոպոսների առջեւ ու հիմքը դնում ապագա Հռոմեական եկեղեցու եւ պետության դաշինքի, որ ցայսոր տիրում ե կապիտալիստական աշխարհին ու զսպում բանվորական դասակարգի արդարության պահանջները։ 7 Այսպես քրիստոնեության սկզբնական արժեքները, որոնք ընդհանուր սոցիալական հեղափոխության նիզակի ծայր կարող եին լինել և վաղուց տապալել պրոտոֆաշիստական-իմպերիալիստական ռեժիմները, զենք դարձան կապիտալիստական ուժերի ձեռքին։ 8 Աղքատությունը, ընդդիմությունը, ռասսայական համերաշխությունն ու անմահության հավատքը պողոսյան շեղման հետեւանքով ուժեղացրին դասակարգերի խիստ բաժանումը իշխող եւ ստրուկ խավերի միջեւ։ 9 Հետպողոսյան եկեղեցին չեզոքացրեց քրիստոնեության հեղափոխական տարրը եւ սփռեց ստրկամտությունը համայն աշխարհում եւ հատկապես ֆեոդալական հայկական պետություններում. եպիսկոպոսներն ու իշխանները միաձուլեցին խաչն ու զենքը, որպեսզի ենթարկեին տգետ ու միամիտ գյուղացուն հետմահու անդրաշխարհում հավերժական կյանքի խոստումներով։
10 Առաջին տասնամյակներին խոստմնալից հեղափոխական ազդակ լինելուց հետո քրիստոնեությունը դարձավ ֆեոդալ-իմպերիալիստական պրոտոֆաշիստական կարգերի գործակիցն ու պաշտպանը` հազարամյակներով հետաձգելով պրոլետարների իշխանությունը մինչեւ Մարքսի ու Ենգելսի դիալեկտիկական մատերիալիզմի սկզբունքների հայտնաբերումը, որոնցմով Լենին-Ստալին-Բերիա երրորդությունը առաջնորդեց աշխարհը դեպի Հոկտեմբերյան հեղափոխություն։ 11 Բանվորների իշխանությունը իրագործվել ե Բերիաշենի Սոցիալիստական Սովետական Ժամանակավոր Ինքնավար Հանրապետությունում, ուր դիալեկտիկական մատերիալիզի օրենքներով կառավարվող սոցիալ-աշխարհագրական-պատմական դետերմինիզմը հասել ե իր վերջնական լուծմանը։
     «Աւետարան ըստ Բեմարլենի» 2.2 յօդուածին մէջ Էնգելսի անունին դասական ուղղագրութիւնը պատճառը եղաւ Բերիաշէնի վարչակարգին «դիրքորոշման» պառակտումին։ Թէեւ ընդհանուր հրատարակիչ Տիգրան Տիգրանեան մահապատիժի արժանացաւ, Մուրատեան, որ այդ ժամանակ կառավարութեան Ագիտացիայի (Քարոզչութեան) քարտուղարն էր, այդ վրիպումը պատճառ դարձուց ներքին պառակտումներ ստեղծելու ժողովի մը ընթացքին, ուր մեղադրեց օրուան Բերիաշէնի Կոմկուսի ընդհանուր քարտուղար Ն. Մովսիսեանը, որ «Է» տառը վերստին մտցնելը «յետադիմական ուժերու հետ գաղտնի աջակցութիւն» կը մատնանշէր, քանի «Է» տառը սրբապղծում էր յեղափոխական հանճառեղ Մարքսի աշխատակից «Ենգելս»-ի անունին։ Ան կը ցոլացնէր հիմնական հակա- յեղափոխական տրամադրութիւն, քանի որ յայտնի էր, որ «Է» տառը հին հայոց համար կը խորհրդանշէր «աստուած»։      Միեւնոյն ժողովին ծագած էր Բերիայի պատկերը Լենինի աջին թէ ձախին կախելու վիճաբանութիւնը։ «Ինչու՞», հարց տուած էր Մուրատեան, «Բերիան է Լենինի աջին, ինչ-որ աստուածապաշտական գաղտնի դիրքորոշում է Բուխարինեան շեղումից բխող, որը տիրապետում է Մովսիսեանի իդեալոգիային»։ Անոր վրայ սկսած էր սուր բանավէճ, թէ ո՞վ աւելի արժանի էր Լենինի ձախին ըլլալու՝ Բերիա՞ն, թէ՞ Ստալինը։ Մուրատեան պատճառաբանեց, որ քանի որ Ստալին ժամանակին սեմինարական եղած է, անոր հսկայական յեղափոխական արժանիքները որոշ չափով նուազած էին իր քրիստոնէական որոշ յետադիմական հակումներով, մինչդեռ Բերիա զուտ յեղափոխական ոգին փաստած էր ֆաշիստական տարրերը մաքրելով երկրէն։ Աւելի՛ն. ըստ Մուրատեանի, Բերիան Լենինի աջին նստեցնելը կ՚ապացուցէր Մովսիսեանի եկեղեցասիրական հակումները, քանի որ ըստ Մարկոսի Աւետարանին՝ Յիսուս Աստուծոյ աջին նստած է երկինքին մէջ։
     Անշուշտ, Մուրատեանի պոռոտախօսութիւնները այնքան անհիմն էին, որ քանի մը ժողովականներ ծիծաղած էին, կարծելով որ պարզ տպագրական վրիպում մը այսքան զայրոյթի առարկայ ըլլալը անպայման կատակ ըլլալու էր։ Խնդացողները անոնք էին, որոնք Մուրատեանի դաւադրութենէն դուրս մնացած էին։ Մովսիսեան ագահ էր, եւ պետական հարստութենէն վարչակարգին չէր բաժներ, ինչ որ կառավարական մարդոց մէջ դժգոհութիւն յառաջացուցած էր։ Մուրատեան միւսները սիրաշահած էր պետական հարստութենէն աւելի մեծ մասնիկ մը բաժնելու խոստումով եւ անոր համար յաջողած էր Մովսիսեանի դէմ իր դաւադրութեան մէջ։
     «Դիրքորոշման» մաքրագործումներուն ժամանակ վարչակարգէն մօտաւորապէս 120 հոգի գնդակահարուած կամ խեղդամահ եղած էին։ Նաեւ զոհուած էին գրեթէ հինգ հարիւր հոգի եւս իրենց անմիջական ընտանիքներէն, ներառեալ զաւակներ ու թոռնիկներ եւ քանի մը հատին ծերունի ծնողները։ Ի վերջոյ, Մուրատեան իրեն աջակցող բոլոր դաւադիրները սպաննել տուաւ, բացի Տուրեաններէն, որոնց բանակը հաւատարիմ մնաց։

Ը.

Կառավարութիւնը ձեռք բերելէ անմիջապէս ետք, Մուրատեան ընդհանուր քաղաքական բանտարկեալներու եւ անարիւն ոճիրներու յանցագործներուն ներում շնորհեց։ «ՔԱՂԲԱՆՏԱՐԿԵԱԼՆԵՐԸ ԱԶԱՏ ԵՆ ԱՐՁԱԿՎԵԼՈՒ. ՇՈՒՏՈՎ. ՄՈՍԿՎԱ ՄԵԿՆՈՒՄ Է ԲՍՍԺԻՀԻՑ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ», ըստ օրուան «Սովետական Բերիաշէն» օրաթերթի գլխաւոր յօդուածին։ Իսկապէս դէպի Մոսկուա ելաւ գնացքը եւ երբ փապուղի մտաւ ու հեռացաւ ժողովուրդը իրօք հաւատաց եւ կայարանէն սկսան երջանկութեան բացագանչութիւններ բարձրանալ։ Առաջին անգամն էր 1953ի երկրաշարժէն ետք, որ Մոսկուա գացող գնացք մը քաղաքին շրջագիծը կը կտրէր։ Նախորդ փորձերը միշտ ձախողած էին, ինչ որ կառավարութիւնը կը վերագրէր «դիվերսանտների»։
     Ակսել Ագեան, սակայն, ճշմարտութիւնը գիտէր։ Քարոզչութեան նախարարութիւնը իրականութեան մէջ Բերիաշէնի ամենազօրաւորն էր, քանի որ գրեթէ բոլոր պետական գաղտնիքներուն տեղեակ էր։ Երկաթուղիի ճամբորդութեան մասին իրականութիւնը պատմած էր Տուրեանին եւ Շահինեանին Ակոբովի Տան մէջ։
     Երկաթուղիի գիծը իր վերջաւորութեան կը հասնէր հանքային ճամբարի մը մէջ, Բերիաշէնի կայարանէն եւ իր անսլաք ու կոյր ժամացոյցէն հազիւ տասը քիլոմեթր անդին։ Զինուած գունդ մը կը սպասէր ճամբորդներուն, զորս կը ձերբակալէին կամ, դիմադրութեան պարագային, տեղւոյն վրայ կը գնդակահարէին։ Մեծ Հայրենական Պատերազմէն ետք, հանքային երկրախուզութեան ընթացքին, ոսկի յայտնաբերուած էր եւ այդ էր, զոր բանտարկեալները կը պեղէին։ Այդ պատճառով նաեւ, Ագեան կը կասկածէր, որ արտաքին աշխարհի հետ Մուրատեան գաղտնի կապ մը ունենալու էր։ Եթէ ոչ, ինչպէ ՞ս կարելի էր բացատրել, որ Բերիաշէն ելեկտրականութիւն ու քարիւղ ըլլար, հոգ չէ թէ քիչ։ Ո՞վ այդ Տ‐34-ը՝ Երկրորդ Համաշխարհային Պատերազմէն մնացած աւերակը, յաջողցուցած էր աշխատցնել։ Զինամթերքը ուրկէ՞ կուգար։
     Տուրեան ինքզինք յիմար զգաց։ Կ՚ամչնար, որ կուրօրէն հաւատացած էր պաշտօնական բացատրութեան, որ արտաքին աշխարհի հետ կապը խզուած էր։ Հիմա կ՚անդրադառնար, որ այդ էր նաեւ պատճառը հակաօդային յարձակումի շչակը հնչեցնելուն ամէն անգամ, որ օդանաւ մը քաղաքի վրայէն անցնէր։ Կարելիին չափ, կառավարութիւնը փորձեց անոր գոյութիւնը անյայտ պահել։ Բայց իր մտածումները այս հարցին շուրջ համոզիչ բացատրութեան չէին յանգեր։
     Ակոբովի Տան դէմ կառավարական բանակի վերջնական յարձակումին ընթացքին մեռան Ագեանի կինը՝ Տիանան, ինչպէս նաեւ Մարտիրոս Շահինեանը, իր կինը՝ Սիլվան, ու փոքրիկ Մելիքը։ Անզսպելի հրետանիի, հրասայլերու եւ թնդանօթներու անզիջող կրակին տակ, Ակոբովի Տունը փլատակ եղաւ։ Եօթը վերապրողներէն Տուրեան եւ իր երկու ընկերակիցները փախուստ տուին, իսկ Ակսել ձերբակալուեցաւ։

* * * * *

տորեւ նոյնութեամբ կու տանք Ագեանի երկրորդ հարցաքննութեան պաշտօնական ատենագրութենէն հատուած մը).
     — Ինչու՞ եք միացել ֆաշիստական դաւադրական ուժերին, որոնք ղեկավարում էին դավաճան զորավար Զավեն Տուրյան եւ դիվերսանտ ֆիզիկոս-բանվոր Մարտիրոս Շահինյան:
     — Ես իմ կամքովս չմիացա: Ինչպես պետք է իշխանության հայտնի ըլլա, ինծի ու կնոջս առեւանգեցին։ Իմ կույր վիճակովս Բերիաշենի փողոցները չեմ կրնար թափառիլ հակառակորդներու պաշտպանության դիրքերը փնտրելու, նույնիսկ եթե փափաքեի։ Անկարելի է։
     — Դա դուք եք պնդում: Փաստորեն ցանկանում էիք։ Մենք փաստորեն իմանում ենք, որ դա սուտ է: Ֆաշիստ-դաշնակ փետրվարյան արկածանխդրության այս դեպքում Բերիաշենի ողջ ուժերը քաղաքի պաշտպանության լծվել էին, ու անկարելի պիտի լիներ մի զույգ քաղաքի կենտրոնում գտնվող բնակարանից փախցնել։ Ինչպես նախապես ձեզանից խնդրել ենք, խոստովանեք՝ ի՞նչ հակահեափոխական կազմակերպության եք ծառայում եւ ի՞նչ նպատակով են ձեզ այստեղ ուղարկել:
     — Ձեր առաջին հարցաքննության ես ճշմարտությամբ պատասխանեցի, ըսելով որ Հայ Հեղափոխական Դաշնակցության շարքային էի Ֆիլադելֆիայում, բայց տարիներէ ի վեր դադրած էի գործոն անդամ ըլլալէ եւ ժողովներուն չէի հաճախեր:
     — Արտասահմանից ո՞նց հրահանգներ էք ստացել Բերիաշենի Ազգային Փրկության Ժամանակավոր Կառավարության դեմ կոնսպիրացիա կազմակերպելու համար։ Շահինյանին դուք ե ՞րբ եք մարզել հակահեղափոխական աշխատանքի մեջ։ Ռեւոլուցիայի դեմ գործելու համար ձեզ ո՞վ է մեր քաղաքը ուղարկել եւ ինչո՞ւ սկզբանից չեք խոստովանել:
     — Շատ լավ գիտեք, որ այդ սուտ է, որ ես չեմ եկած հակահեղափոխական առաքելությամբ եւ հասնելես ի վեր օր չէ անցած որ զղջացած չըլլամ, որ Ամերիկան ձգած այստեղ ինկած եմ։ Սխալմամբ հասա եւ շատ սուղի նստած է ինծի։ Ֆիլադելֆիա գործս կորսնցուցած էի եւ քիչ մը դրամ հավաքած էի ու որոշեցի Հայաստան գալ: Ծնողքս ալ մահացած էր եւ ինծի Ամերիկա պահող մասնավոր կապեր չունէի։
     — Դուք Բերիաշենում դաշնակցական ընդհատակյա կոմիտէի կազմակերպության ձեռնարկել էիք:
     — Բացարձակապես ոչ:
     — Քանի ՞ գաղտնի դաշնակ գործում է Բերիաշենում եւ ո՞վ է նրանց ղեկավարը: Մենք փաստեր ունենք: Մի՛ ստեք:
     — Ես այդ հարցի մասին բան մը չեմ գիտեր։ Քարոզչության նախարարության մեջ կը պաշտոնավարեմ, կամ կը պաշտոնավարեի, եւ Բերիաշենի գրեթե բոլոր գաղտնիքներու մասին տեղյակ էինք բայց անանկ բան երբեք իմ ականջիս չէ հասած:
     — Երբ Բերիաշեն հայտնվեցիք առաջին անգամ, մենք ձեզ հարց տվեցինք թե ճանաչում էիք Բերիաշենի բնակիչներ Միրզաջան Հովսեփյանին, Աղասի Խաչատրյանին, Ֆրունզե Նազարյանին եւ Վլադիմիր Ափրիկյանին: Այս չորսը փաստորեն ֆաշիստական ապստամբության գործոն անդամներ էին։ Ինչո՞ւ ձեր ծանոթությունը մերժել եք։
     — Ոչ, երբեք Բերիաշեն չէի եղած ասկե առաջ: Անշուշտ քաղաքը փոքր է եւ ժամանակի ընթացքին իրենց որպիսության մասին տեղեկություններ իմացա, մանավանդ նախարարության մեջ գործիս բերումով։ Բայց երբեք իրենց հետ անձնական շփում չեմ ունեցած։
     — Ստո՛ւմ եք։ Մենք փաստեր ունենք։
     — Անկարելի է, երբեք իրենց չեմ հանդիպած։
     — Ո՞ր հակահեղափոխական կազմակերպություններին եք անդամակցել ընդհատակյա դաշնակցական կորիզից դուրս:
     — Ոչ մեկին, անանկ բանի գոյության մասին անգամ տեղյակ չէի մինչեւ այս կռիվներուն սկիզբը:
     — Ստում եք: Ինչպես առաջին անգամ ասացինք, ձեզ Բերիաշեն են ուղարկել հակահեղափոխական ագիտացիաի համար, կոլտնտեսությունը քայքայելու նպատակով: Մեր պետության ու նրա ժողովրդին մեծ վնաս հասցնելու նպատակով եկել եք մեր քաղաքը։
     — Նորեն ըսեմ, որ որեւէ կազմակերպության անդամ չեմ:
     — Ե՞րբ վերջին անգամ կապվել եք Ֆիլադելֆիա բնակվող Իսահակ Բոյաջյանի հետ:
     — Իսահակ Բոյաջյանը երեսուն տարիէ ավելի է, որ մահացած է:
     — Նա հայտնի հակակոմունիստ դաշնակցական գործիչ է:
     — Էր։ Դաշնակցական գործիչ էր։ Ֆիլադելֆիոյ գերեզմանին մեջ թաղված է եւ ուղղարկավորության օրը ես ներկա էի: Իմ մանկության ընկերոջս մեծ հայրն եր: Ինքը մեռավ երբ ես փոքր էի, վեց կամ յոթը տարեկան էի:
     — Ցուցմունքներ տվեք այն մասին, թե որ թվականին ընդունվեցիք «Դաշնակցություն» կուսակցության մեջ եւ ի՞նչ դաշնակցական աշխատանք եք կատարել Բերիաշենում:
     — Նորեն այս հարցումը։ Ես Հայ Հեղափոխական Դաշնակցության անդամակցեցա 1995-ին ու տարիներե ի վեր ցենծս չեմ վճարած ու գործոն անդամ չեմ։ Բերիաշեն ո՛չ դաշնակցական եւ ո՛չ մեկ տեսակի կուսակցական աշխատանք չեմ ըրած: Անգլերենի ուսուցիչ եղած եմ ու վերջը պրեզիդենտ Մուրատյանի հրահանգով զիս փոխանցեցին Քարոզչության նախարարություն։
     —Դուք Բերիաշեն հակահեղափոխական աշխատանք տանելու համար եք եկել ֆիլադելֆիաբնակ Իսահակ Բոյաջյանի թելադրանքով: Պահանջում ենք ճշմարտությունն ասեք։
     — Բոլոր այս ամբաստանությունները սուտերու շարան մըն են։
     — Քննությունը նորից է պահանջում խոստովանեք դաշարկածախնդրության ձեր ծրագիրները:
     — Խոստովանելիք բան չունիմ բացի այն որ կանիծեմ պահը երբ որոշեցի հոս գալ:
     — Նորից ենք ասում՝ ինչպես ասացինք երբ առաջին անգամով հայտնվեցիք մեր քաղաքում։ Դուք փորձում էիք Բերիաշենում հետապնդել հակահեղափոխական աշխատանքներ, առաջացնելու համար սոցիալական խռովություն փետրվարյան արկածախնդրության օրինակին հետեւելով:
     — Պատասխանած եմ այս հարցումին եւ գիտեմ մահապատիժս արդեն ստորագրված է։
     — Աներեսաբար ստում եք: Հակահեղափոխական ձեր գործակիցներին անունները տվեք: Քննությունը պահանջում է ձեր անկեղծ խոստովանությունը, որ մեր ունեցած տվյալները ճշտենք։
     — Ավելցնելիք չունիմ:
     — Լկտիաբար ստում եք:
     — Ուրիշ ըսելիք չունիմ։
     Հարցաքննեց՝
     ԲԱՓԺԿ ՊԱՎ առաջին բաժնի 4-րդ բաժանմունքի պետի օգնականի ժամանակավոր պաշտոնակատար, պետանվտանգության կրտսեր լեյտենանտ Տիգրան Գրիգորյան
     «Հաստատում եմ»
     14
     Հայ ԽՍՀ ԲԱՓԺԿ ՊԱՎ առաջին բաժնի պետ պետանվ. լեյտենանտ Հակոբյան
     Մեղադրական յեզրակացություն
թ. 77123 քննչական գործի
     մեղադրյալ Ակսել Ագյան
     Ես՝ ԲԱՓԺԿ ՊԱՎ առաջին բաժնի 4-րդ բաժանմունքի պետի պաշտոնակատար, պետանվտ. կրտսեր լեյտենանտ Տ. Գրիգորյանս, քննելով մեղադրյալ ամերիկացի լռտես, ընդհատակյա դաշնակ ու ֆաշիստական հակահեղափոխական արկածախնդրությունների գլուխ, Ֆիլադելֆիա ծնված Ակսել Ագյանի քննչական գործը, պարզեցի հետեւյալը.
     Օտարազգի Ակսել Ագյան Բերիաշենի Ժամանակաւոր Կառավարության կողմէ ներում ստանալուց ու Բերիաշենում օրինավոր կերպով հաստատվելու արտոնագիր վերցնելուց հետո գաղտնի դավադրական աշխատանք է տարել ֆաշիտական տառերի հետ, ներառյալ դիվերսանտ Մարտիրոս Շահինյան ու դավաճան զորավար Զավեն Տուրյան կատարելու համար հակահեղափոխական գործունեություն եւ խախտելու համար ԲԱՓԺԿի վարչակարգը: Ագյանը դաշնակցական ընտանիքում ծնվել է ԱՄՆի Ֆիլադելֆիա քաղաքում եւ շփում է ունեցել հակահեղափոխական դաշգործիչ Իսահակ Բոյաջյանի եւ նրա շրջանակի հետ:
     . . .Ագյանը Բերիաշենում տեղի ունեցած արյունալի դեպքերում գործոն դեր է ունեցել, պետության եւ ժողովրդին վիթխարի վնաս հասցնելով իր դավադրական արկածախնդրությամբ եւ դավաճանություն գործելով Բերիաշենի պետության ու խաղաղ բնակիչներին դեմ, ծառայելու համար իմպերիալիստական, կուլակային եւ հակախորհրդային ակտիվ շահերին: Բերիաշենում հայտնվելիս, Ագյանը պետական կարգերն ու կոմունիստական կոլտնտեսությունը գայգայելու համար անընդհատ դավադրական աշխատանք է տեսել, որի արդյունքն են եղել տասը օր տեւողության եղբայրական կռիվները:
     Ակսել Ագյանի քննչական գործը ուղղել Հայ ԽՍՀ ԲԱՓԺԿ «Եռյակի» քննարկմանը:
     Տեղեկանք.
Կալանավորված Ակսել Ագյանը այժմ գտնվում է Բերիաշենի կենտրոնական բանտում:
     Քաղվածք 
Հայ ԽՍՀ ԲԱՓԺԿ «Եռյակի» նիստի թ. 100 արձանագրությունից Որոշեցի
Ագյանը դատապարտել մահվան:

* * * * *

Ձերբակալութենէն քանի մը օր ետք, Ագեանը Մուրատեանի գրասենեակը տարին։ Ագեան առաջին հանդիպումը յիշեց հարազատութեամբ, ինչպէս նաեւ պահը, երբ ամպ մը անցած էր արեւի առջեւէն ու տեսեր էր, երբ ապակիին ցոլացումը անցած էր այդ ճաղատ մարդուն աչքերը, զոր օձի նմանցուցած էր։ Վերջը անդրադարձաւ ինչո՛ւ այնքան հարազատութեամբ յիշած էր այդ պահը։ Վարդի բուրմունքն էր։ Մուրատեան միշտ իր գրասենեակին մէջ փունջ մը տեղական վարդերէն կը պահէր, գինիի գոյն, գրեթէ սեւ, որ տեղացի պարտիզպաններ մշակած էին ի պատիւ քաղաքի հիմնադիրին։ Գիտական անունն էր Rosa laurentii։
     Կարծես Մուրատեան Ակսելի միտքը կարդացած ըլլար։ — Իսկ սա էլ, իմ աջին, մեր Լաւրե՛նտին է,— յայտարարեց Մուրատեան ու բարձր ձայնով ծիծաղեցաւ։ — Անշուշտ յիշում էք, չէ՞, Ակսել ջան։
     Ակսել կը լսէր Մուրատեանի քայլերը փայտեայ տախտակամածին վրայ։
     — Այսպէս պատկերացրէք՝ Բերիաշէնում ժամանակի վրայ մենք ենք իշխում։ Այն, որ ատոմից բազմապատիկ անգամ աւելի զօրաւոր մի ուժ է, յաղթահարել ենք։ Ու մեզ յաջողուեց ժամանակը խտացնել ու ընդլայնել այնպէս, ինչպէս ցանկանում ենք. ասես ատոմային նիւթ լինէր կենտրոնախուսակի մէջ։ Եւ այս փոքրիկ Բերիաշէնում, որտեղ ժամանակի բռնատիրութիւնը դադարեցրել ենք, ժամերն ու օրերը, ամիսներն ու տարիները մի կողմ ենք շպրտել։ Եւ, անշուշտ, մի օր դարերի հետ էլ նոյնն ենք անելու։ Ժամանակը մեր կամքին ենք ենթարկեցնում։ Ցենտրիֆուգայի պէս մեր շուրջ ստեղծել ենք ե՛ւ կենտրոնամէտ, ե՛ւ կենտրոնախոյս ուժերի դաշտ, ու ըստ ցանկութեան ժամանակն ենք արագացնում կամ դանդաղեցնում։ Վաղուց ազատուել ենք ժամացոյցի փոքրիկ տրամագծից։ Այլեւս կուրօրէն չենք պտտւում նրա յիմար սլաքների շուրջ, որ նոյն տեղն են վերադառնում ու պարզապէս մեր կեանքն են նուազեցնում։
     «Ու այսպէս Նոր Աշխարհ ու Նոր Մարդ ենք կերտում։ Մի՛ խաբուէք, որ ողորմելի վիճակում էք տեսնում մեր ժողովրդին։ Կարեւորը դա չէ. նրանց մտքերն են առողջ։ Գաղափարի մարդիկ են։ Նրանց գաղափարախօսութիւնը մաքուր է։ Միթէ՞ խեղճ ու կրակ չէր Երուսաղէմը Խաչելութեան ժամանակ։ Բայց դա արգելք չեղաւ, որ Յիսուսը մեծ յեղափոխութիւն առաջացնի` յաւերժ կեանք խոստանալով։ Այդ յեղափոխութիւնն այստեղ է աւարտւում` մեր քաղաքում։ Բերիաշէնում այդ յեղափոխութեանն էլ ենք յաղթահարել։ Միթէ՞ աշխարհում ուրիշ տեղ կայ, ուր ժամանակի դաժանութիւնը յաջողել են ճնշել։
     «Միթէ՞ չէր գրել Կադաեւը. «Ժամացոյցը ճիշտ էր, բայց Մարգուլիսը միշտ ժամից առաջ էր։ Ոչ մի անգամ չէր եղել, որ զարթուցիչը նրան արթնացնէր… Նա չէր կարող յոյս դնել ժամացոյցի նման մի պարզ մեխանիզմի վրայ, չէր կարող վստահել դրան ժամանակի պէս թանկարժէք մի բան»։
     Միայն այստեղ` մեր փոքրիկ Բերիաշէնում է դա հնարաւոր։ Ու ես հաւատում եմ, որ մի նոր աշխարհի արգանդը մենք ենք լինելու, ինչպէս Երուսաղէմը եղաւ երկու հազար տարի առաջ։ Սա է հայոց Նոր Երուսաղէմը՝ այս աշխարհում, ոչ թէ խեղճ ու կրակ Էջմիածնի Երուսաղէմը` «քաղաք վերին», որ խոստանում են խաւարում մնացած պապիկներին ու տատիկներին։
     Իսկ դա կարեւորագոյն հարցն է հայերիս համար։ Մեր Չարենցն էլ դա շատ լաւ գիտէր։ Նա իր աչքերով է տեսել։ Այլեւս չենք կարող սպասել, ժամանակի գերի լինել.
     «Որոշուած էր։ — Ինչպէս վայրկենական քնից
     Կամ երազից զարթնած — ցնցեց նա իրեն,
     Բարձրացաւ զրահապատը, իր օրագիրն հանեց,
     Պոկեց մաքուր մի թերթ — եւ գրեց.
     «Երեւան։ Յոյժ կարեւոր։» — Զարմանալիօրէն խաղաղ էր։
     — «Ռազմական նախարարին։ Անյապաղ։ —
     «Վարդան Զօրավարը» հանում է թղթէ սաղաւարտը
     Եւ դառնում է իսկական զրահապատ»։
     Դէ՛, Ակսել ջա՛ն, ինչո՞ւ եմ ձեզանից գաղտնի պահելու թուականը՝ 2011ի օգոստոսի 15ն է։ Ոչ մի բան չի նշանակում՝ մանավանդ ձեզ համար։ Արդէն կարեւոր չէ իմանաք թէ ոչ։ Երբ այստեղ եկաք, ձեզ ասացի, որ Բերիաշէնից դուրս գալ չէր կարելի, բայց դա էլ, անշուշտ, ճիշդ չէի ասել։ «Քաղաք վերինն» էլ ինչ-որ մի ելք է։ Ինչեւիցէ, դուք իմանում էք, Ակսել ջա՛ն, որ ուրիշ ելք չունենք։ Ափսո՜ս։ Օրէնքը այսպէս է, եւ մենք օրէնքից վեր չենք, ձեր Ամերիկայում էլ այնպէս է, չէ՞։
     Պահ մը լռութիւն տիրեց՝ Մուրատեանի թեւի ժամացոյցին մեղմ տի՜կ-տա՜կը, տի՜կ-տա՜կը հասաւ Ակսելին լսողութեան, որ սրած էր իր կուրութենէն ետք։ Միակ անհատն էր Բերիաշէնի մէջ, որ ժամացոյց կրելու իրաւունքը ունէր։ Մուրատեան դարձեալ խնդաց։
     «Բա՜, Ակսել ջան, ինչքան ալ հեշտ է ձեր աչքերը կարդալ որքան էլ կոյր լինեն», ըսաւ զուարթուն եղանակով Մուրատեան։ «Ժամանակի Տէրն եմ, դենց չէ՞, ոնց ասում են մերոնք… Օմեգա է։ Լաւն է, իմ հայրն է բերել Բերլինից պատերազմից հետո։ Գիտէի՞ք, որ այն տառը, յունական այբուբենի վերջինը, արգանդն է խորհրդանշում։ Հետաքրքիր է, չէ՞, որ վերջինն է, բայց դա է, մայրական արգանդը, ուր ամէն ինչ սկիզբ է առնում… Անշուշտ հաւատացեալ մարդ չեմ, բայց կարծում եմ, որ դա է բուն իմաստը Յովհաննէս Առաքեալի Յայտնութեան այդ խորհրդաւոր տան. «Ես եմ ալփայ եւ ով, սկիզբն եւ կատարած, առաջին եւ վերջին»։ Ա՜ Ակսել ջան… ես այս ժամացոյցը թեւումս պահում եմ իմ մահացու լինելս յիշելու համար՝ պատիժ է իմ յեղափոխական կոնցիէնցիայի համար»։
     — Մեր տղոցմէ երեք հատը յաջողուեցին փախիլ Հրասարի քարայրներու վրայով։
     Կոյր մարդու սրած զգայնութեամբ, Ակսել անդրադարձաւ, որ Մուրատեան տհաճ անակնկալի մատնուած էր։
     —Որո՞նք,— հարցուց Մուրատեան։ Ակսել նկատեց ջղայնութեան, մտահոգութեան երանգը ձայնին մէջ։ — Որո՞նք, կրկնեց Մուրատեան, զուսպ բարկութեամբ։
     Ակսել չպատասխանեց, նոյնիսկ ապտակներէ ետք պահակներէն մէկուն կողմէ։
     — Թողէ՛ք, թողէ՛ք, օգուտ չի, կենդանի դիակ է՝ չի խօսելու — ըսաւ Մուրատեան։
     Դուռ մը զօրաւոր փակուեցաւ։
     Ուրիշ ձայն մը ըսաւ.
     — Սրան տարէք։
     Երկու պահակները Ակսելի թեւը մտած զինք ետ բանտ տարին։
     Կարծես Մուրատեանի տրամադրութիւնը լաւ էր, քանի որ հազիւ պահակները Ակսելի թեւը մտած զինք ոտքի հանեցին, որ կրկին բանտ տանին, Բերիաշէնի նախագահը սկսաւ բարձրաձայն ռուսերէն արտասանել, ու մինչեւ երկայն միջանցքի վերջաւորութեան գտնուող կեդրոնական ոլորապտոյտ աստիճանները հասան, Ակսել լսեց ոտանաւորին վերջաւորութիւնը.

Когда гудят утренние гудки на рабочих окраинах , это вовсе не призыв к
неволе . Это песня будущего.
Мы когда – то работали в убогих мастерских и начинали работать по утрам
в разное время.
А теперь утром , в восемь часов , кричат гудки для целого миллиона.
Теперь мы минута в минуту начинаем вместе.
Целый миллион берет молот в одно и то же мгновение.
Первые ваши удары гремят вместе.
О чем же воют гудки ?
— Это утренний гимн единства!

     Կադաեւի մէկ ուրիշ բանաստեղծութիւնն էր, այդ չնչին միջակութեան մոռցուելիք մէկ սովետաբանութիւնը.

«Երբ առաւօտեան սուլիչներ են շչում բանուորների ծայրամասում, սա
ամենեւին էլ կոչ չէ
Գերութեան: Սա է երգն ապագայի:
Մենք անցեալում աշխատում էինք թշուառ արհեստանոցներում ու գործի էինք
սկսում առաւօտեան, տարբեր ժամերում։
Իսկ այժմ առաւօտեան, ժամը ութին, շչակները մէկ միլիոնի համար են գոռում:

Այժմ մենք սկսում ենք միասին մի րոպէում.
Մի ամբողջ միլիոն վերցնում է մուրճը նոյն ակնթարթում:
Ձեր առաջին հարուածները միասին են որոտում:
Ինչո՞ւ են շչակները հնչում:
«Սա առաւօտեան միասնութեան օրհներգն է լինում»։

** * * *

Երբ երեք ապստամբները Արտաշէսեան քարայրներու ընդմէջէն դուրս ելան Վայոց Ձորի բաց կողմը, զիրենք դիմաւորեց ռուսական բանակը, զէնքերը քաշած։
     — Руки вверх!
     Բերիաշէնցի փախստականները հնազանդեցան ու ձեռքերը բարձրացուցին։
     Տուրեան եւ միւս երկու ընկերակիցները ապշած կը դիտէին տարօրինակ սարքաւորումներն ու ռազմական ինքնաշարժները, փոքր գործիքներ ապակիէ պաստառներով, որոնցմով զինուորներն ու ոստիկանները կը խօսէին կամ անոնց մէջ կը գրէին։
     «Մեր վերջն է», փսփսաց Տուրեան երբ զինուորներու զգեստներու թեւերուն վրայ նկատեց եռագոյն սպիտակ, կապոյտ եւ կարմիր դրօշակը, վրան երկգլխանի արծիւը։ «Սպիտակ ռուսների ձեռքն ենք ընկել, սրանք մեզ պիտի մորթեն»։
     Երբ զինուորներէն մէկ քանին այդ փոքրիկ, գլանիկի տուփի չափ գործիքները բարձրացուցին իրենց ուղղութեամբ, երեք վախցած բերիաշէնցիները գետին նետուեցան կարծելով, որ նորատիպ զէնքի տեսակ մըն էր։ Ռուս զինուորները բարձրաձայն խնդացին ու հրացանները իջեցուցին։
     Արծաթագոյն զգեստ հագած մարդ մը, ձեռքին դեղին սարքաւորումով, որուն վրայ ժամացոյցի նման պատուհան մը կար, անոնց մօտեցաւ։ Սլաքը քիչ մը շարժեցաւ ու մարդը ձեռքով նշան մը ըրաւ։ «Всё в порядке!» պոռաց՝ «Ամէն ինչ կարգին է»։

* * * * *

Բերիաշէնը աղէտի գօտի նշանակուած էր Մարտ 1953ին Մոսկուայի գաղտնի հրամանով եւ Սովետական Միութիւնը այդ դրութիւնը պահպանեց մինչեւ անկումը։
     Օրուան Խորհրդային Հայաստանի համեմատաբար աւելի հայրենասէր իշխանութիւնը, Խրուշչեւի բարեփոխութիւններէն փորձած էր օգտուիլ Բերիաշէնի ծածուկ շրջափակումը վերցնելու ու քաղաքին գոյութիւնը բացայայտելու համար։ Միայն ազգասիրական կամ մարդկային զգացումներէ մղուած չէին։ Սովետական Միութեան ամենափոքր հանրապետութեան երկրաշարժային բարձրաւանդակը կրնար ծանր վնասներ կրել միջուկային արկածի պարագային։ Քրեմլինը կը վստահեցնէր, որ իր գաղտնի հսկողութինը խստութեամբ կը հետապնդէր եւ երկրին համար որեւէ վտանգ չկար։ Հայութեան համար, սակայն, հիւլէական բնոյթի միջադէպ մը կրնար վերջնական հարուած հանդիսանալ։
     Խրուշչեւէն ետք, Բրեժնեւեան վարչակարգը Խորհրդային Հայաստանի դիմումները անտեսեց։ Բրեժնեւի համակրանքը Ազրպէյճանի Հէյտար Ալիեւին հանդէպ չէր բացատրեր այս անտարբերութիւնը, քանի որ Բերիաշէնի վիճակը հարեւան Ազրպէյճանին ալ աննախադէպ փորձանքի մտահոգութիւններ կ՚արթնցնէր։ Անշուշտ, ատիկա Ղարաբաղի պատերազմէն առաջ էր։ Այնքան բազմացան արհաւիրքները սովետական շրջանի վերջին տարիներուն —1988ի երկրաշարժը, Սումկայիթի մաքրազտումն ու Արցախեան ազատամարտը, շրջափակումն ու Հայաստանի «մութ տարիները» — որ այդ ափ մը մարդիկը, որոնք Բերիաշէնի մասին տեղեակ էին, արդէն բոլորովին մոռցած էին պատմութեան այս մնացորդացը, աւելի հրատապ մտատանջումներով տարուած։
     Ղարաբաղ Կոմիտէի աշխատակիցներէն մէկը ըսաւ, թէ հանրապետութեան մէջ շատ հազուագիւտ մարդիկ տեղեակ էին Բերիաշէնի գոյութեան մասին։ Դիմում մը եղած էր կացութիւնը կանոնաւորելու համար։ Ու թէեւ պաշտօնապէս Բերիաշէնը Հայաստանի անկախ պետութեան տարածքին մաս կը կազմէր, մինչեւ հարցին վերջնական լուծումը հայկական իշխանութիւնները համաձայնած էին, որ Բերիաշէնը ռուսական հսկողութեան շրջագիծի մէջ պահպանուէր։ Տրամաբանութիւնը հետեւեալն էր. «Իրենք խնդիրը ստեղծեցին, թող իրենք լուծեն»։
     Մինչ Տուրեան, Վարդանեան եւ Օ. նոր աշխարհի տպաւորութիւնները կ՚ընկալէին, ռուսական ռազմական ուղղաթիռներ սկսած էին կիսաւեր Բերիաշէնի վրայ շրջիլ։ Սկիզբը անգիտակից երեխաներ, բայց վերջը չափահաս մարդիկ ու ծերեր այրած Լենինեան հրապարակը իջան հիացմունքով ու երկիւղով վեր դիտելու, հսկայական վիշապաճանճի նման օդին մէջ ծփացող գործիքները։

(Վերջ)

ԾԹ. ՏԱՐԻ, 2020 ԹԻՒ 3