Հայկազուն Ալվրցեան

ԲԱՂԱՁԱՅՆՈՅԹԸ ՀՈԳԵՒՈՐ ՏԱՂԵՐՈՒՄ

Նմանաձայնութիւնը (բաղաձայնոյթ եւ առձայնոյթ[1]Բաղաձայնոյթը (ալիտերացիա)` բաղաձայն, իսկ առձայնոյթը (ասոնանս) ձայնաւոր հնչիւնների կրկնութեան ոճական … Continue reading) հայ բանաստեղծութեան ամենահին եւ տարածուած արտայայտչական միջոցներից է, որը լեզուին յատուկ երաժշտականութիւն եւ ռիթմ է հաղորդում, ստեղծում երկի ընկալման համապատասխան տրամադրութիւն: Մ. Աբեղեանը, խօսելով Գր. Նարեկացու ստեղծագործութիւններում այս միջոցի տարածուածութեան մասին, կարծես դրա գործածութիւնը պայմանաւորում է նաեւ այն հանգամանքով, որ հայկական միջնադարեան տաղը անյանգ բանաստեղծութիւն է. այսինքն` յանգի բացակայութեան պայմաններում հեղինակները փորձում էին օգտագործել երաժշտականութեան, բարեհնչութեան կամ ներդաշնակութեան այլ միջոցներ, ինչպէս, օրինակ, բաղաձայնոյթը. տաղերն անյանգ ոտանաւորներ են. յանգերն այստեղ պատահական են: Սակայն տաղերի, ինչպէս նաեւ Ողբերգութեան մէջ, նա աշխատում է տպաւորութիւն առաջ բերել բաղաձայնների հանգիտութեամբ. այս կողմից խիստ աչքի է ընկնում, օրինակ, Վարդավառի տաղը»[2]Աբեղեան Մ., Երկեր, հտ. Գ, Երեւան, Հայկական ՍՍՀ ԳԱ հրատարակչութիւն, 1968, էջ 615::
     Գր. Նարեկացու տաղերի առիթով անդրադառնալով այս խնդրին` Մ. Մկրեանը գրում է. «Ճիշտ է, նրանից առաջ շարականների հեղինակները կիրառում էին բաղաձայնների եւ ձայնաւորների հանգիտութիւնը, բայց այդ նրանց մօտ հազուադէպ եւ պատահական բնոյթ էր կրում ու մի առանձին որակ չէր կազմում»[3]Անդ, Մկրեան Մ., Գրիգոր Նարեկացի, Երեւան, 1955, էջ 160:: Անշուշտ, ճիշտ է, որ շարականագիրների համար, յատկապէս վաղ շրջանում, լեզուի արտայայտչականութիւնն առանձնապէս խնդրոյ առարկայ չի եղել: Եւ եթէ հարցը դիտարկենք միայն քրիստոնէական բանաստեղծութեան շրջագծում, Գր. Նարեկացին իսկապէս ամենանշանաւորն է այս հարցում: Սակայն բանաստեղծութեան լեզուի այս կարեւոր արտայայտչամիջոցի ակունքները նոյնպէս պէտք է որոնել մինչքրիստոնէական շրջանի բանաստեղծութեան մէջ: Գողթան երգերի` մեզ հասած մի քանի պատառիկներում այնքան ակնառու է բաղաձայնոյթի եւ առձայնոյթի առկայութիւնը, որ հիմք է տալիս ենթադրելու, թէ մեր հնագոյն բանաստեղծները փայլուն տիրապետել են արտայայտչականութեան այս միջոցներին: Ի դէպ` Մ. Աբեղեանի տեսակէտը հաստատւում է նաեւ ու առաջին հերթին հէնց այս նմուշներով, որոնք լաւագոյն ապացոյցն են այն իրողութեան, որ հայ բանաստեղծութիւնը անյանգ է եղել ի սկզբանէ:
     Այս հարցում յատկապէս ուշագրաւ է հին հայոց տաղաչափութեան հմուտ հետազօտողի` Աւետիք Բահաթրեանի կարծիքը. «…ընդհանրապէս անսխալ է այն կարծիքը, որ ամենայն երգեր ինչպէս այժմ, նոյն եւ հնումը չափական արուեստով էին յօրինւում, եւ տաղաչափական արուեստը ծնունդ է առած յատկապէս երաժշտական պայմաններին բաւարարութիւն մատուցանելու համար. հետեւաբար ամէն եղանակաւոր երգ պիտի համարել տաղաչափութիւն[4]Ա. Բահաթրեան, Հին հայոց տաղաչափական արուեստը, Երեւան, Երեւանի համալսարանի հրատարակչութիւն, էջ 33:: Այս օրինաչափութեանը չհամապատասխանող բացառութիւնները նա համարում է «անգէտ գրչի արդիւնք»[5]Անդ:
     Ա. Բահաթրեանն իր տեսակէտը հիմնաւորում է Վահագնի ծննդեան պատկերի ուշագրաւ վերլուծութեամբ.

Երկնէր երկին, երկնէր երկիր,
Երկնէր եւ ծովն ծիրանի.
Երկն ի ծովուն ունէր եւ
                          զկարմրիկն եղէգնիկ.

Ընդ եղէգան փող ծուխ ելանէր,
Ընդ եղէգան փող բոց ելանէր,
Եւ ի բոցոյն վազէր խարտէաշ
                                      պատանեկիկ.

Նա հուր հեր ունէր.
Ապա թէ բոց ունէր մօրուս,
Եւ աչկունքն էին արեգակունք[6]Հայ դասական քնարերգութիւն: 2 հատորով: Կազմ. եւ ծանօ թագր.՝ Լ. Մկրտչեան, Ա. Մադոյեան, խմբ.՝ Գ. Դեւրիկեան, հ. 1, … Continue reading:

         Հին հայոց բանաստեղծութեան մէջ ձայնայանգի բացակայութեան մասին խօսելիս Ա. Բահաթրեանը առաջնութիւնը տալիս է երաժշտականութեանը, քանի որ, բերուած հատուածի օրինակով, «… քերթողը ոչ թէ ձայնայանգ, այլ նմանաձայնութեան դաշն է կամեցել ապահովել իւր տողերի մէջ, որեւ այն նուրբ եւ փափուկ ներդաշնակութիւնը աւելի եւս ախորժալուր է, քան ամէն ձայնայանգներ: Այդպիսի նմանաձայնութեան ներդաշնակութիւնը ըմբռնելու համար արժան է ուշադիր նկատել նորա տողերը մի առ մի, զորօրինակ – Վահագնի երգի առաջին երեք տողերի մէջ զգալի են երկ, ծո, ծի ձայների զուգախառն կրկնութիւնը, չորրորդ տողի մէջ կրկնւում է իկ երկու անգամ. հինգերորդ եւ վեցերորդ տողերը միանման բառերի կրկնութեամբ վայելչապէս բաղհիւսուած են, ութերորդ, իններորդ եւ տասներորդ տողերը[7]Ա. Բահաթրեանի տողատմամբ այն կազմում է տաս տող, տե’ս Ա. Բահաթրեան, Հին հայոց տաղաչափական արուեստը, Երեւան, … Continue reading հու, ու, ունք  ձայներով հրաշալի ներդաշնակութիւն են կազմում»[8]Ա. Բահաթրեան, նշ. աշխ., էջ 28-29::
     Վահագնի ծննդեան այս հանրահայտ պատկերը կերտող ընդամէնը 40 բառում կ-ն գործածուել է 12, ա-ն՝ 16, ե-ն՝ 16 եւ ր-ն՝ 24 անգամ: Երկու ձայնաւոր եւ երկու բաղաձայն այս հնչիւններն ստեղծում են արեգակ, երկինք, երկիր եւ երկունք առանցքային իմաստակիր բառերի հնչեղ ներդաշնակութիւն, որոնցից ր հնչիւնը նաեւ բանաստեղծութեան ռիթմն է պայմանաւորում: Ձայնաւորների հետ ր ձայնորդի միացմամբ (եր, էր, իր, ար, ուր) ստեղծած բարեհունչ եւ մեղեդային նմանաձայնութիւնը ուշագրաւ է նաեւ այն առումով, որ «… կարծես թէ մեր շրթունքների շարժուածքը մի ներքին կապ է հաստատում նորա իմաստին հետ. ինչպէս «հուր հեր ունէր» արտաբերելով՝ մեր շրթունքը մի զույգ համբուրի շրջան է կատարում այն լուսապայծառ դիւցազնի նորածնունդ պատկերը համբուրիւ մեծարելու»[9]Անդ, էջ 29:։
     Բանաստեղծական խօսքի երաժշտականութեան բացառիկ օրինակ է Գողթան երգի մէկ այլ պատառիկ, որում հանդիպում է առձայնոյթի անզուգական օրինակ՝ ա  ձայնաւորի 50 գործածութիւն ընդամէնը 10 տողում (44 բառ).

Քե՛զ ասեմ, այր քաջ Արտաշէս,
Որ յաղթեցեր քաջ ազգին Ալանաց,
Ե՛կ, հաւանեաց բանից աչագեղոյ դըստերըս Ալանաց՝
Տալ ըզպատանիդ:
Զի վասըն միոյ քինու ո՛չ է օրէն դիւցազանց՝
Զայլոց դիւցազանց զարմից բառնալ ըզկենդանութիւն
Կամ ծառայեցուցանելով
Ի ստրկաց կարգի պահել,
Եւ թըշնամութիւն յաւիտենական
Ի մէջ երկոցունց ազգաց քաջաց հաստատել[10]Անդ::

Այս պատկերում էլ ա ձայնաւորն է ապահովում Արտաշէս, այր, քաջ, դըստերըս Ալանաց առանցքային իմաստակիր բառերի հնչեղ ներդաշնակութիւնը միւս հնչիւնների հետ:
     Ա. Բահաթրեանը, նկատի ունենալով Վահագնի ծննդեան պատկերում առկայ նմանաձայնութիւնը, գրում է. «Այսպիսի նմանաձայնութեան մէջ նշանաւոր էր Նարեկացին` ինչպէս որ նկատելի են նորա եւ այն օրինակներից` որոնք առաջ բերինք այստեղ[11]Խօսքը « Վարդավառին» եւ «Եկեղեցւոյ» («Երգ զարմանալի, երգ շարժվարժենի» սկսուածքով) տաղերի մասին է (տե՛ս … Continue reading: Նոր քերթողների մէջ նմանաձայնութեան ձգտում ունին մխիթարեան հարք, մանաւանդ քաջ է Բեշիկթաշլէեանը, բայց ուղիղը դատելով` նոցա մէջ շատ սակաւ ենք նշմարում այն նուրբ եւ խորհրդաւոր (ընդգծումը` Հ.Ա.) ներդաշնակութիւնը, ինչ որ նկատելի են Վահագնի այս սակաւաթիւ տողերի մէջ»[12]Անդ, էջ 29:։
     Հարկաւոր է յատուկ ուշադրութիւն դարձնել դիպուկ բնորոշմանը՝ «նուրբ եւ խորհրդաւոր», քանզի, ինչպէս կը տեսնենք, յատկապէս Գր. Նարեկացու, մասամբ Ներսէս Շնորհալու, նաեւ մեկ-երկու անյայտ հեղինակների տաղերում քիչ չեն նմանաձայնութեամբ արտայայտուող գաղտնագրութիւնների իսկապէս նուրբ եւ խորհրդաւոր դրսեւորումները: Ա. Բահաթրեանը, Գր. Նարեկացու ողջ չափածոյ ժառանգութեան մէջ մէկ այլ առիթով հետաքրքիր օրինաչափութիւն է նկատում. «Նարեկացին, որ քաջ հայկաբան է եւ մեր բոլոր մատենագիրների մէջ առաջնակարգ տեղ ունի, նա՝ պէտք է մենք աներկբայ ենթադրենք, որ գիտութեամբ է գործադրում իւր քերթուածքների մէջ այն այլատարազ եւ խորթ ոճը՝ որին ոմանք զարմացմամբ եւ ոմանք դժկամութեամբ են վերաբերւում մինչեւ ցայսօր (ընդջծումը՝ Հ.Ա.)»[13]Անդ, էջ 105:։
     Ստորեւ կը համոզուենք, որ Գր. Նարեկացին գիտութեամբ է գործադրում նաեւ հնագոյն ժամանակներից հայ բանաստեղծութեանը քաջ յայտնի նմանաձայնութեան վերաբերեալ իր ողջ իմացութիւնը: Մ. Մկրեանը, քննելով բաղաձայնոյթը Նարեկացու տաղերում, բազմաթիւ օրինակներից առանձնացնում է ամենայայտնիները («Տաղ եկեղեցւոյ, ի Գրիգորէ Նարեկացւոյ» («Երգ զարմանալի, երգ շարժվարժենի» սկսուածքով»[14]Գրիգոր Նարեկացի, Տաղեր եւ գանձեր. աշխատասիրութեամբ՝ Արմինէ Քէօշկերեանի, Երեւան, 1981, էջ 120:), «Տաղ ծննդեան ի Գրիգորէ Նարեկացւոյ» («Էին աջոյ աջոյ ձեռին»[15]Անդ, էջ 72:), «Տաղ վարդավառին»[16]Անդ, էջ 117:)[17]Տե’ս Մկրեան Մ., նշուած աշխ., էջ 159-160:, որոնց թերեւս պէտք է աւելացնել նաեւ «Տաղ յաւրնել ջրոյն, ի Գրիգորէ Նարեկայ» («Աւետի՜ս մեծ խորհրդոյ» սկսուածքով») տաղը եւ «Սեաւ եմ, գեղեցիկ» սկսուածքով փոխը։
     Հնչիւնական ոճաւորմամբ ստորեւ քննուելիք տաղերի եւ փոխերի մէջ «Վարդավառին» տաղն առանձնանում է: Նրանում հանդիպում է մի քանի բաղաձայն հնչիւնների ակնյայտ տպաւորիչ գործածութիւն, ինչպէս՝

Ծաւալէր ծաղիկ ծովային…
Տերեւն տաւիղ տուողին…
Գունդ-գունդ խաչաձեւ գնդակ…
 Այդ սոս ու տոսախ ծառերդ…

     Բաղաձայնների նման կիրառութեան կարելի է հանդիպել ինչպէս Նարեկացու միւս տաղերում, այնպէս էլ այլ հեղինակների բազմաթիւ ստեղծագործութիւններում: Հնչիւնի մի քանի կրկնութեամբ կարելի է ստեղծել ե՛ւ մեղեդայնութիւն, ե՛ւ բնաձայնութեան տպաւորութիւն, ե՛ւ տպաւորիչ հնչերանգ, որոնք կարեւոր արտայայտչամիջոցներ են: Սակայն ստորեւ խօսուելու է նմանաձայնութեան այլ որակի` հնչիւնների թուով գաղտնագրուող իմաստների մասին: Այս տեսակէտից յատկապէս հետաքրքիր են վ եւ շ բաղաձայնների կիրառութիւնները:
     Նախ անդրադառնանք վ-ին. Վարդավառ բառի երկու բաղադրիչներն էլ սկսւում են վ հնչիւնով, որը տաղի առաջին չորս տողում կրկնւում է 8 անգամ, իսկ ամբողջ տաղում՝ 20 անգամ:

Գոհար վարդն վառ առեալ
Ի վեհից վարսիցն արփենից…
Ի վեր ի վերայ վարսից
Ծաւալէր ծաղիկ ծովային:

     Այս թիւը չի կարող պատահականութիւն լինել: Տաղը նուիրուած է Վարդավառի տօնին, իսկ այն հազարամեակներով եղել է մինչքրիստոնէական շրջանի տօն, որին նուիրուած են բազմաթիւ երգեր եւ զրոյցներ. այսինքն` ժողովրդի մէջ ապրում է այդ մասին յիշողութիւնը: Նարեկացու գաղտնագրութեան մէջ կարդացւում է տօնի քրիստոնէական անուանումը`«Տաղն պայծառակերպութէան», որը բաղկացած է 20 տառից, այսինքն` հաւասար է տաղում գործածուած վ-երի թուին: Այդ հնչիւնը անպայման պէտք է լինէր վ-ն, որովհետեւ դրանով է սկսւում Յիսուսին խորհրդանշող վարդ բառը:
     Յաջորդ հնչիւնը շ-ն է, որը կրկնւում է 24 անգամ` ստեղծելով աննախադէպ մեղեդայնութիւն.

 Շուշանըն շողէր հովտին,
Շողշողէր դէմ արեգական…
Շուշանըն շաղով լցեալ,
Շող շաղով եւ շար մարգարտով…

     Նարեկացուց մինչեւ մեր օրերը շատերն են փորձել շ-ի կրկնութեամբ հասնել երաժշտականութեան եւ արտայայտչականութեան. յիշենք թէկուզ Վահան Տէրեանի հանրայայտ բանաստեղծութեան տպաւորիչ պատկերները.

Աշնան մշուշում շշուկ ու շրշիւն,
Բարդիներն են բաց պատուհանիս տակ…

Անտես ու յուշիկ իմ շուրջը շրջում
Եւ շշնջում ես եւ անուշ շրշում…[18]Տէրեան Վ., Երկերի ժողովածու 4 հատորով, հտ.1, Երեւան, 1972, էջ 204:

     Գր. Նարեկացին, սակայն, հետապնդել է նաեւ այլ նպատակ, որին հասել է աննախադէպ վարպետութեամբ: «Երգ երգոց»-ի մեկնութեան մէջ նա գրում է, որ շուշանը խորհրդանշում է արդարներին, փուշը՝ մեղաւորներին, եւ բացատրում. «Այլ երգ երգոցս կարեւոր եւ վայելուչ եւս համարեցաւ զլինելն արդարոց ի մէջ մեղաւորաց: Մի՝ զի առաւելեւս պայծառ երեւեսցին վարք արդարոցն, որ ընտրի պատուականն ի մէջ անարգաց: Եւ երկրորդ՝ զի թերեւս դարձցին փուշքն ի շուշան, տեսանելով զնոցայն պիտանուի»[19]Գրիգոր Նարեկացի, Մատենագրութիւնք, Վենետիկ, 1840, էջ 288-289: (ընդգծումները՝ Հ.Ա.): Մեկնութիւնից ուղղակի կարելի է արտածել հետեւեալ իմաստը՝ «Դասք արդարոց ի մէջ մեղաւորաց», որի հնչիւնների թիւը հաւասար է 24-ի:
     Այժմ անդրադառնանք յաջորդ տաղին՝ «Տաղ եկեղեցւոյ, ի Գրիգորէ Նարեկացւոյ» («Երգ զարմանալի, երգ շարժվարժենի» սկսուածքով), որը յայտնի է նաեւ որպես «Ծննդեան» տաղ[20]Անդ, էջ 464:: Ըստ էութեան այն բաղկացած է առաջին ութ տողերից, որոնց յաջորդում է «Աչքն ծով ի ծո՜վ ծիծաղախիտ» սկսուածքով փոխը կամ մեղեդին: Գր. Նարեկացին, Ներսէս Շնորհալին եւ Գանձարան ժողովածուի այլ հեղինակներ բաղաձայնոյթի բազմաթիւ օրինակներ են թողել, որոնց մեջ գերակշռում են յատկապէս ծ  հնչիւնով բաղաձայնոյթները:
     Կասկածի տակ չդնելով այն տեսակէտները, թէ Գր. Նարեկացին բաղաձայնոյթով ձգտում է «տպաւորութիւն առաջ բերել», խօսքին հաղորդել երաժշտականութիւն[21]Մկրեան Մ., նշուած աշխ., էջ 160:, դրանցում նկատելի են նաեւ գաղտնագրութիւններ: Առաջ անցնելով նշեմ, որ ծ-ով բաղաձայնոյթները հիմնականում հանդիպում են ծննդեան կամ յայտնութեան տաղերում:
     Երրորդ գլխի «Եկեղեցին» ենթավերնագրի տակ հանգամանալից խօսուել է «Աչքն ծո՜վ ի ծո՜վ ծիծաղախիտ» սկսուածքով փոխի խորհրդանշանների եւ խորհրդաբանութեան մասին եւ արւել եզրակացութիւն, որ եկեղեցին խորհրդանշող հարսը տուեալ դէպքում Աստուածածինն է: Փոխին ամբողջութեամբ աշխարհիկ բովանդակութիւն վերագրող Մ. Մկրեանն անգամ այն կարծիքին է, որ «Նարեկացու մօտ երգուող կինը դեռ Տիրամայրն է»[22]Անդ, էջ 150:: Փոխի բաղաձայնոյթին անդրադառնալիս պէտք է մեկնել այն իրողութիւնից, որ Աստուածածին բարդ բառի երկու բաղադրիչների մէջ էլ հնչողականութիւնն ապահովում է առանցքային ծ հնչիւնը. առաջին դէպքում` բառավերջում, երկրորդ դէպքում` բառասկզբում: Սակայն կայ հնչողականութիւնից աւելի կարեւոր հանգամանք. Աստուածածին բառի հիմնական` գաղափարական առանցքը ծնել բառն է. Մարիամը ծնողն է Յիսուսի` Աստծոյ միածին որդու, նոյնն է թէ` Աստծոյ: Ուրեմն` ծ  հնչիւնի այդքան շատ գործածութիւնն ունի իմաստ` տաղի մէջ Աստուածածնի անձի առանցքային դերակատարութեան ընդգծումը, քանզի նա է մարմնաւորում եկեղեցին. այստեղից` տաղի զոյգ վերնագրերը, որոնք այս համատեքստում համարժէք են (եկեղեցու եւ ծննդեան): Սակայն Գր. Նարեկացու համար միայն այսքանի ընդգծումը շատ պարզ խնդիր էր, մանաւանդ որ որոշ էլ չէ, թէ ծ-ի քանի գործածութեամբ կարելի է հասնել այս իմաստի արտայայտմանը:
     Ծանօթ լինելով խորհրդանշանի ծածուկ իմաստի(ների) գաղտնագրման Նարեկացու վարպետութեանը (այստեղ պէտք է յատկապէս յիշել թուերի ծածուկ խորհուրդները), կարելի է ենթադրել, որ նա կարեւորել է ծ-երի թուի հարցը: Այսպէս` առաջին դէպքում («աչքն ծո՜վ ի ծո՜վ ծիծաղախիտ») ծ հնչիւնը գործածուել է 16 անգամ, որը հաւասար է Մարիամ Աստուածածին անուան (բառակապակցութեան) հնչիւնների (տառերի) թուին:
     Համոզուելու համար, որ սա պատահական համընկնում չէ, համեմատենք երկրորդ տաղում («Էին աջոյ աջոյ ձեռին» սկսուածքով) գործածուած ծ հնչիւնի թուի հետ. այստեղ այդ թիւը 14 է, որը համապատասխանում է կամ Սուրբ Աստուածածին, կամ Կոյս Աստուածածին կամ Սուրբ Կոյս Մարիամ անուն-բառակապակցութիւնների հնչիւնների (տառերի) թուին: Ծ հնչիւնի թիւը նոյն իմաստի համար երկու տաղերում տարբեր է. Նարեկացին ինչպէս որ նոյն իմաստը միշտ արտայայտում է տարբեր բառերով (հոմանիշ, համանիշ կամ նոյնանիշ), այնպես էլ այս դէպքում է նոյն իմաստն արտայայտում տարբեր թուերով: Տաղը նաեւ ծ  հնչիւնի երաժշտականութեան փայլուն օրինակ է, որն աներկբայ զուգորդութիւն է ստեղծում Աստուածածին բառի հետ.

Ի ծոց ծնողին ծագումն անանուն,
Յարփւոյն ծագեալ, եկեալ ի սէր,
Կուսին ծնեալ ծոցոյ ծաղիկն:

Ծաղիկ ծոցոյ, ծոց հայրենի,
Ամպոյ նման իջեալ յերկնից,
Զսէր իւր ի մեզ քաղցրիկ ցաւղեալ[23]Գրիգոր Նարեկացի, Տաղեր եւ գանձեր, աշխատասիրութեամբ՝ Արմինէ Քէօշկերեանի, Երեւան, 1981, էջ 72-74::

      «Աւետի՜ս մեծ խորհրդոյ» սկսուածքով տաղում հաշուըւում է ծ հնչիւնի գործածութեան 25 դէպք: Տաղը (առաջին 13 տողերը) եւ նրան յաջորդող փոխը («Սրովբէանման, քրովբէաթոռ» սկսուածքով) Յիսուս Քրիստոսի ծննդեան եւ յայտնութեան աւետիսն է բերում Ադամի տանը՝ համայն մարդկութեանը, մարգարէներին, սրբերին, բնութեանն ու տիեզերքին…:

Աւետի’ս, մեծ խորհրդոյ
Խորհուրդ ծածկեալ մեզ
                                           յայտնեցաւ.

Աւետի՛ս, լոյս Հաւր ծագեալ
Ի ծոցածին յԷութենէ.
Աւետի՛ս, Յայտնեալ Աստուած
Ի հողեղէն գոյացութիւնս
[24]Անդ, էջ 66:

     Այս համատիեզերական ցնծութեան պատճառը մէկն է՝ Յիսուսի ծնունդն ու յայտնութիւնը, որի աւետիսը պէտք է երգեն բոլորը, քանզի նա օրհնեալ է յաւիտեան.

Աւետի՜ս միշտ երգեսցուք,
Քրիստոս աւրհնեալ է յաւիտեանս:

     Տաղի վերջին (ընդգծուած) տողի իմաստն այն առանցքն է, որի շուրջ հիւսուած է ասելիքը. այդ նախադասութեան հնչիւնների ընդհանուր գումարը 25 է, այնքան, որքան ծ  հնչիւն կայ տաղում եւ փոխում:
     Ի դէպ՝ Գր. Նարեկացու «Սեաւ եմ, գեղեցիկ» սկսուածքով փոխում նոյնպէս հանդիպում ենք նոյն հնարքին. փոխում 24 անգամ գործածուել է ս բաղաձայնը, որը հաւասար է վերջին տողի տառերի թուին Քրիստոս աւրհնեալ է համայնից»):
     Ի դէպ՝ ս հնչիւնը կրկնւում է յատկապէս հիմնական իմաստներն արտայայտող բառերում.

Սեաւ եմ, գեղեցիկ,
Դուստր Եւայի Երուսաղէմ,
Ահա նա, հարսն ցանկալի,
Սիրով կապեալ ընդ փեսայի[25]Անդ, էջ 94::

     Սեաւ (մեղք), դուստր (արդար), Երուսաղէմ, հարսն (եկեղեցի), սէր (Աստուած), փեսայ (Յիսուս Քրիստոս) խորհրդանշանների մասին «Սակաւ գործածուող խորհրդանշաններ» բաժնում խօսուել է:
     Անգամ եթէ այս համընկնումները համարենք պատահականութիւն, միեւնոյն է, հակառակը պնդելու հիմք էլ չկայ, այնինչ կան այս վարկածի օգտին խօսող նաեւ այլ կռուաններ. այս հարցում էական է, թէ նշուած տաղերը Գանձարանի ո՞ր կանոններում են ընդգրկուած. առաջինը («Երգ զարմանալի, երգ շարժվարժենի») զետեղուել է «Կանոն ՀԸ. Քարոզ եկեղեցւոյ»[26]Մատենագիրք հայոց, ԺԳ հատոր, Գանձարան, Գիրք Բ, աշխատասիրութեամբ` Վարդան Դեւրիկեանի, Անթիլիաս-Լիբանան, 2008, էջ … Continue reading, երկրորդը՝ («Էին աջոյ աջոյ ձեռին») «Դ. Կանոն Ծննդեան չորրորդ աւուրն»[27]Անդ, Գիրք Ա, 109-110:, երրորդը՝ («Աւետի՜ս, մեծ խորհըրդոյ») «Բ. Կանոն ծննդեան եւ Աստուածայայտնութեան»[28]Անդ, էջ 51-54: կանոններում: Ուրեմն՝ այս առումով էլ կայ օրինաչափութիւն:
     Յաջորդ կարեւոր կռուանը Ներսէս Շնորհալու եւ միւս հեղինակների ծննդեան տաղերն են, որոնք բոլորն էլ ընդգրկուած են Գանձարան ժողովածուի Ծննդեան կանոններում (առաջին – ութերորդ օրեր[29]Անդ, էջ 46-226: Հասկանալի է, որ բոլոր տաղերում եւ տաղային միաւորներում անհնար է պահպանել ծ  հնչիւնի նոյն քանակը. աւելին` մի շարք տաղերում գաղտնագրութեան գիտակցութիւնն իսկ չկայ, եւ դա բացատրելի է: Նախ` Գանձարանում ծննդեան ութ օրերի կանոններում տեղ գտած աւելի քան 80 տաղերի ու տաղային միաւորների մեծ մասի հեղինակները խիստ տարբեր օժտուածութեան մարդիկ են (նրանցից շատերի անունները յայտնի չեն, իսկ վեց հեղինակներից հինգի անունով վկայուել է մէկական միաւոր` Կոստանդինոս, Յովհանես, Յովհաննէս Պալհաւ, Պարթեւ, Սարգիս, մէկի անունով` Կոստանդին, երկու միաւոր): Գր. Նարեկացուն պատկանում են վերոնշեալ երեք միաւորներից երկուսը, իսկ Ներսէս Շնորհալուն` 32-ը:

      Իր մեծ նախորդի նման Շնորհալին եւս ստեղծել է ծ  հնչիւնով բաղաձայնոյթի փայլուն օրինակներ, որոնք բոլորն էլ հիմնականում զետեղուած են «Ծննդեան եւ Աստուածայայտնութեան» ութ օրերի կանոններում: «Տաղ աւետեաց, Ներսէս կաթողիկոսի» («Նոր երկինք յերկրի արփւոյն պարունաւղ, ծագողին ծագող» սկսուածքով) տաղն ունի «Ներսէսի գովեստ Աստուածածնի» ծայրակապ, ծ  հնչիւնը գործածուել է տասնվեց անգամ (նոյնքան, որքան Նարեկացու «Երգ զարմանալի, երգ շարժվարժենի» տաղում). որը հաւասար է Մարիամ Աստուածածին անուան տառերի թուին: Աչքի է ընկնում նաեւ ծ հնչիւնի կրկնութեամբ ստեղծուած երաժշտականութեամբ.

Անկէզ մորենի, Մովսէսի տեսեալ, ըզքեզ ծանուցեալ,
Ծընաւղ ծնիցելոյն, անմայրըն յառաջ, անհայր ծնանելով,
Անըստուեր լուսոյ, խորան նոր Սինա, տաճար Սաղիմայ,
Ծիր ծայրագունին, ծաւալումն արփւոյն, յոգիսն, ը՛, շողից…[30]Անդ, Գիրք Ա, էջ 176:

     Հաւանաբար Ներսէս Շնորհալին այս տաղի նկատմամբ առանձնայատուկ վերաբերմունք ունի, քանզի այն տեղ է գտել նաեւ Մարիամ Աստուածածնի աւետման կանոնում[31]Մատենագիրք հայոց, ԺԳ հատոր, Գանձարան, Գիրք Ա, աշխատասիրութեամբ` Վարդան Դեւրիկեանի, Անթիլիաս-Լիբանան, 2008 թ, էջ … Continue reading:
     Տասնվեց անգամ ծ հնչիւնը կրկնուել է նաեւ «Տաղ ծննդեան Քրիստոսի Աստծոյ մերոյ» տաղում («Քառանիթիցըս Աստուած եւ աննիւթիցն» սկսուածքով (ՆՇՏԳ, 61, Գանձ., 206), իսկ «Այլ տաղ աւետեաց Աստուածածնին» տաղում («Այսաւր երեւի անհասն ի բարձանց» սկսուածքով, ծայրակապ՝ Ա-Ք) հաշուըւում է 14 ծ հնչիւն, որը, ինչպէս Նարեկացու տաղի դէպքում, համապատասխանում է կամ Սուրբ Աստուածածին, կամ Կոյս Աստուածածին կամ Սուրբ Կոյս Մարիամ անուն-բառակապակցութիւնների հնչիւնների (տառերի) թուին:
     Շնորհալու եւ միւս հեղինակների աւելի քան 80 տաղերում ծ հնչիւնի կրկնութիւնն ունի այսպիսի պատկեր.
     4 անգամ 6 տաղում (հաւասար է Կոյս կամ Սուրբ բառերի տառերի թուին):
     6 անգամ 8 տաղում (հաւասար է Մարիամ բառի տառերի թուին):
     8 անգամ 9 տաղում (հաւասար է Տիրամայր բառի տառերի թուին):
     10 անգամ 8 տաղում (հաւասար է Կոյս Մարիամ կամ Սուրբ Մարիամ բառերի տառերի թուին)։
     12 անգամ 2 տաղում (հաւասար է Սուրբ Տիրամայր կամ Կոյս Տիրամայր բառերի տառեր թուին):
     14 անգամ 4 տաղում (հաւասար է Սուրբ Աստուածածին կամ Կոյս Աստուածածին բառերի տառերի թուին):
     16 անգամ 3 տաղում (հաւասար է Մարիամ Աստուածածին բառերի տառերի թուին):
     18 անգան 2 տաղում (հաւասար է Սուրբ Կոյս Աստուածածին բառերի տառերի թուին):
     22 անգան 1 տաղում (հաւասար է Սուրբ Տիրամայր Աստուածածին կամ Կոյս Տիրամայր Աստուածածին բառերի տառերի թուին):
     24 անգամ 1 տաղում (հաւասար է Սուրբ Կոյս Մարիամ Աստուածածին բառերի տառերի թուին):
     28 անգան 1 տաղում (Սուրբ Տիրամայր Մարիամ Աստուածածին):
     30 անգան 1 տաղում (որեւէ տարբերակ դժուարանում եմ առաջարկել):
     Ինչպէս տեսնում ենք, սրանք հիմնականում զոյգ թուեր են: Կան տաղեր կամ փոխեր, որոնցում ծ  հնչիւնը գործածուել է 0-3 անգամ (թուով 12): Սրանք մի քանի տողանոց փոքրածաւալ ստեղծագործութիւններ են, բովանդակութեամբ եւ լեզուով կամ արտայայտչամիջոցներով առանձին արժէք չեն ներկայացնում: Տասնվեց տաղում ծ  հնչիւնը կենտ թուով է՝ 5, 7, 9, 11, 13, 15, 17: Սրանցից մի քանիսում դժուար է որեւէ գաղտնագիր գտնելը: Սրանք էլ, բացառութեամբ մէկ-երկուսի, որեւէ բանով աչքի չընկնող գործեր են: Հեղինակներից շատերն առանձնապէս այսպիսի խնդիր նոյնիսկ չեն էլ դրել: Սրանցից պէտք է առանձնացնել Շնորհալու մէկ փոխը («Մայր Աստուծոյ Մարիամ»[32]Ներսէս Շնորհալի, Տաղեր եւ գանձեր, աշխատասիրութեամբ՝ Արմինէ Քէօշկերեանի, Երեւան, 1987 էջ 22: Նաեւ՝ Մատենագիրք … Continue reading սկսուածքով), որում հաշուըւում է 17 ծ հնչիւն: Ինչպէս տեսանք վերեւում, Նարեկացին իր մի տաղում գործածել է կենտ թուով (25) ծ հնչիւն, որը հաւասար է տաղի վերջին տողի տառերի թուին Քրիստոս աւրհնեալ է յաւիտեանս»): Ի դէպ՝ Գր. Նարեկացու «Սեաւ եմ, գեղեցիկ» սկսուածքով փոխում նոյնպէս հանդիպում ենք նոյն հնարքին. փոխում 24 անգամ գործածուած ս բաղաձայնի թիւը հաւասար է վերջին տողի տառերի թուին Քրիստոս աւրհնեալ է համայնից»):

     Ուշագրաւ է, որ Շնորհալին նոյնպէս դիմել է այս հնարքին՝ մէկ տարբերութեամբ. այս դէպքում ծ հնչիւնի թիւը հաւասար է փոխի առաջին տողի տառերի թուին՝ «Մայր Աստուծոյ Մարիամ»:    
     Անանուն հեղինակներին պատկանող ստեղծագործութիւններից պէտք է առանձնացնել ծ-ի  անզոյգ թուով (13-ական անգամ) գործածութեան երեք դէպք (երկու տաղ եւ մէկ փոխ)[33]Անդ, էջ 169, 174, 195:, որոնցում կարելի է տեսնել «Ուրախ լե՛ր, Մարիա՛մ» գաղտնագրութիւնը. այս տողն այդ երեք միաւորներից մէկում՝ «Տաղ ծննդեան Տեառն. Խոսրովային է եղանակս այս» վերնագրով, կրկնւում է 6 անգամ (3-րդ, 5-րդ, 11-րդ, 16-րդ, 20-րդ, եւ վերջին՝ 28-րդ տողերը): Ստորեւ՝ այդ տաղի առաջին երեք տողերը.
     Գովեստիւ տաւնեն տենչմամբ, տոհմըք Տիրամաւրն…
     Մաւր մարմնացելոյն, ը՛, մեծի Միածնին զգաբրիելեանն երգեն.
     Ուրախ լե՛ր, Մարիա՛մ[34]Մատենագիրք հայոց, ԺԳ. հատոր, Գանձարան, Գիրք Ա, աշխատասիրութեամբ` Վարդան Դեւրիկեանի, Անթիլիաս-Լիբանան, 2008 թ, էջ … Continue reading:

     Անանուն հեղինակների ստեղծագործութիւններից զոյգ թուով ծ  հնչիւնի գործածութեան քիչ թէ շատ տպաւորիչ օրինակներում կարելի է տեսնել վերոնշեալ գաղտնագրութիւններից մէկը կամ միւսը: Ծ-ն 16 անգամ հանդիպում է «Անեղ անըսկիզբն Էնն ահա Աստուած է» սկսուածքով փոխում: Պատկերացում կազմելու համար բերենք երկու տող.
     Ծ-ն 18 անգամ կրկնւում է երկու փոխում. առաջինը՝ «Հըրճուիմք այսաւր մեք հոգեպէս» սկսուածքով.

Եդեմ փրկեալ դրախտըն բացաւ,
Ծառըն կենաց որ տընկեցաւ,
Պըտուղ ծառոյն մեզ ծաղկեցաւ
Քրիստոս տըղայ մանուկ ծընաւ[35]Մատենագիրք հայոց, ԺԳ. հատոր, Գանձարան, Գիրք Ա, աշխատասիրութեամբ` Վարդան Դեւրիկեանի, Անթիլիաս-Լիբանան, 2008 թ, էջ … Continue reading:

    Երկրորդ՝ «Ցընծա’յ դու, շուշան ծաղիկ, մայր մարգարէութեան» սկսուածքով.

Ծընար նորահրաշ ծնընդեամբ զաւծեալն Յիսուս,
Զանդրանիկ անեղ Էին զհինաւորցն Որդին,
Ծընար ծոցածին ծաղիկ ծոցըն Հաւր փառաց,
Ծոց ծընողին համայնից ծագողին ըզլոյս[36]Անդ, էջ 179::

         Բաղաձայն հնչիւնների կրկնութեամբ եւ թուային համադրութիւններով հատկապես զարմացնում է անհայտ հեղինակի «Այլ տաղ ծնընդի կեն կապ»[37]Տե՛ս Մատենագիրք հայոց, ԺԳ. հատոր, Գանձարան, Գիրք Ա, աշխատասիրությամբ` Վարդան Դեւրիկեանի, Անթիլիաս-Լիբանան, 2008, … Continue reading վերնագրով տաղը (31 տող) «Կայր կոյսն ի յայրին, կայր եւ երկնանայր» սկսուածքով), որն ունի 14 տողանի փոխ: Տաղն ու փոխը կազմում են կառուցուածքային-իմաստային մեկ ամբողջութիւն, որի մեջ ծ-ն կրկնւում է 14 անգամ (պէտք է կարդալ Կոյս Աստուածածին), իսկ կ-ն՝ 103 անգամ:
     Այստեղ պէտք է կատարել մէկ ուղղում. Գանձարան ժողովածուի մեջ տպագրուած տարբերակում կն գործածուած է 104 անգամ, սակայն առաւել հաւանական է թւում 103 թիւը, մանաւանդ որ 3 ձեռագրերից մէկում հէնց այդքան է. տաղի վերջին՝ 31-րդ տողը Գանձարանում տրուած է «Կա Դայ Իմ որդի, Դըմա լուարուք» ձեւով, սակայն ծանօթագրութիւններում նշւում է, որ մէկ ձեռագրում այդ տողի «Կա» բառ բացակայում է, եւ տողը հնչում է այսպէս. «Դա է Իմ Որդի, Դըմա՛ լուարուք»[38]Անդ, էջ 143:: Ուրեմն՝ եթէ ընդունենք այս տարբերակը, կ-երի թիւը կը լինի 103: Առաւել հաւանական է, որ սա է ճիշդ տարբերակը, քանի որ տողը վերցուած է Աւետարանից, ուր «Կա» բառը բացակայում է. «Դա է Որդի իմ սիրելի» (Մտթ., Գ, 17), «Դա է որդի իմ սիրելի, դըմա՛ լուարուք» (Մրկ., Թ, 6): Ինչու՞ է այս ճշդումը կարեւոր. կ-ն ինքնանպատակ չէր կարող կրկնուել. վերեւում նշուեց, որ կառուցվածքային-իմաստային այս ամբողջական միաւորը բաժանւում է երկու մասի՝ տաղի եւ փոխի: Տաղում կ-ն գործածուել է 70 անգամ, փոխում՝ 33 անգամ:
     Այժմ տեսնենք, թէ ինչ իմաստներ են խորհրդանշում կրկնուող հնչիւնները. 70-ը կարող է խորհրդանշել Մարիամի ապրած տարիների թիւը: Ճիշդ է՝ աւանդոյթն ասում է, որ նա ապրեց 65-66 տարի, սակայն այլ հաշուարկով դա 7 տասնամեակ է, աւելի պարզ՝ Մարիամը վախճանուեց կեանքի 7-րդ տասնամեակում[39]Կարելի է ընդունել նաեւ, որ այդ թիւը խորհրդանշում է Յիսուսի 70 կրտսեր առաքեալներին:
     Տաղը նուիրված է Կոյսին: Սկսւում է «Կայր կոյսն ի յայրին, կայր եւ երկնանայր» տողով եւ աւարտւում Տիրոջ մկրտութեան պատկերով. յիշենք տաղի վերջին տողը. «Դա է Իմ Որդի, Դըմա՛ լուարուք»: Կ-ի այդքան շատ կրկնութիւնն ստեղծում է կոյս բառի մշտական ներկայութեան տպաւորութիւն, ինչը երաժշտականութիւն եւ յատուկ ռիթմ է հաղորդում տաղին (կոյս բառն էլ իր հերթին կրկնւում է չորս անգամ):
     Անդրադառնանք եւս մի ուշագրաւ հանգամանքի. փոխի 16 տողերում կ-ն կրկնւում է 33 անգամ, ինչը խորհրդանշում է Յիսուսի երկրային տարիների թիւը: Այստեղ խօսք չկայ Աստուածամօր մասին. այն Յիսուսի խաչելութեան եւ դժոխքը քանդելու համառօտ նկարագիրն է:
     Շարունակենք օրինաչափութիւնների փնտռտուքը: Տաղի 31 տողերից կ-ով չի սկսւում միայն վերջին տողը, որը Աստծոյ խօսքն է: Փոխի 16 տողերից կ-ով չեն սկսւում վերջին երկու տողերը.

Արդարեւ աւրհնեալ է Հայրն,
                                   Որդին Միածին,

Հոգին ճըշմարիտ, յաւիտեանս,
                                                      ամէն:

         Ստացւում է, որ 47 տողերից (տաղի եւ փոխի) 3-ը կ-ով չեն սկսւում: Սա ի՞նչ թիւ է, ինչու՞ է հեղինակն այս երեք տողն առանձնացրել: Անկասկած է, որ դրանք խորհրդանշում են Յիսուս Քրիստոսի երկրային կեանքի վերջին երեք տարիները, որոնց ընթացքում նա քարոզեց Աստծոյ խօսքը՝ Աւետարանը: Յայտնի է, որ Յիսուս Քրիստոսը մկրտուեց 30 տարին բոլորելուց յետոյ՝ 31-րդ տարում: Տաղի 30 միանման եւ 1 տարբեր տողերը սա են խորհրդանշում, եւ բնական է, որ 31-րդ տողը (տարին) տարբեր է միւս 30 տարիներից (տողերից): Հայր Աստուած իր Միածին Որդու 31-րդ տարում՝ Յորդանանում նրա մկրտուելուց անմիջապէս յետոյ, ասաց. «Դա է Իմ Որդի, Դըմա՛ լուարուք» (տաղի 31-րդ տողը): Փոխի վերջին երկու տողերը եւս կ-ով չեն սկսւում, որովհետեւ սրանք 3-ից երկուսն են, որ դարձեալ տարբեր են մնացեալ բոլոր տողերից (տարիներից) եւ նման են այն մէկ տողին (տարուան): Ի դէպ՝ եթէ 31-րդ տողը Աստծոյ խօսքն է, այս երկու տողն էլ Սուրբ երրորդութեան փառաբանութիւնն են, դարձեալ խիստ տարբեր միւս տողերից: Եթէ փոխի կ-ով սկսուող 16 տողից հանենք այս երկու տարբեր տողով (տաղի 31-1 տարբերակով), կը ստացուի 14՝ տաղում գործածուած ծ հնչիւնի թիւը, որը, ինչպէս տեսանք, հաւասար է «Կոյս Աստուածածին» անուան հնչիւնների թուին:
     Այսպիսի հնչյիւնական-թուային համադրութիւններն իրենց արմատներով հասնում են թուերով գաղտնագրուած խորհրդական խօսքի ակունքներին, որի մեծագոյն վարպետը, նոյնպես Գր. Նարեկացին է[40]Թուով արտայայտուած այլաբանութիւնն ամենատարածուած միջոցներից էր: Դրա հիմնական պատճառն այն է, որ թիւն ունի … Continue reading: Նաեւ նշենք, որ ծ-ի եւ կ-ի նման հնչիւնային ներդաշնակութիւնը ակամայից կամ օրինաչափօրէն զուգորդւում է Վահագնի ծննդեան պատկերից բխող հնչիւնական ներդաշնակութեան հետ:

Երկնէր երկին, երկնէր երկիր,
Երկնէր եւ ծովն ծիրանի.
Երկն ի ծովուն ունէր եւ
                       զկարմրիկն եղեգնիկ…

         Ի դէպ՝ գրեթէ բոլոր տաղերում, որոնցում բաղաձայնոյթը կազմուած է ծ–ով, բաւականին շատ է ց-ի գործածութիւնը, ինչպէս բերուած օրինակներում: «Վարդավառին» տաղում վ-ին զուգահեռ 11 անգամ գործածուել է ւ– հնչիւնը եւ այլն: Դրանք, կառուցուածքով եւ ձայնի պարունակութեամբ լինելով մերձաւոր հնչիւններ, նոր երանգ են աւելացնում յուզական-երաժշտական միջավայրին եւ ընդլայնում հնչիւնի ազդեցութեան տարածքը: Տաղերի մի զգալի մասն էլ աչքի է ընկնում այլ բաղաձայնների կամ ձայնաւորների մեծ թուով, ինչը չի կարող լինել պատահականութիւն: Դրանք սոսկ նմանաձայնութեան դրսեւորումներ չեն. այդ տաղերում, փոխերում եւ մեղեդիներում եւս, ինչպէս վերոնշեալ օրինակներում, կան բազում գաղտնագրութիւններ: Պէտք է նշել, որ յատկապէս հոգեւոր տաղերի հնչիւնական ոճաւորումը բազում գաղտնիքներ ունի, որոնք կարիք ունեն համակողմանի հետազոտութեան:

ԾԷ. ՏԱՐԻ, 2018 ԹԻՒ 1

References
1 Բաղաձայնոյթը (ալիտերացիա)` բաղաձայն, իսկ առձայնոյթը (ասոնանս) ձայնաւոր հնչիւնների կրկնութեան ոճական հնարանքներ են չափածոյ խօսքում, որոնց միջոցով հեղինակը փորձում է հասնել նուագայնութեան, արտայայտչականութեան եւ պատկերաւորութեան: Դրանց միջոցով ընդգծւում է նաեւ առանձին բառերի հնչեղութիւնը: Այս երկու հնարանքները միասնաբար կոչւում են առձայնոյթ:
2 Աբեղեան Մ., Երկեր, հտ. Գ, Երեւան, Հայկական ՍՍՀ ԳԱ հրատարակչութիւն, 1968, էջ 615:
3 Անդ, Մկրեան Մ., Գրիգոր Նարեկացի, Երեւան, 1955, էջ 160:
4 Ա. Բահաթրեան, Հին հայոց տաղաչափական արուեստը, Երեւան, Երեւանի համալսարանի հրատարակչութիւն, էջ 33:
5, 10 Անդ:
6 Հայ դասական քնարերգութիւն: 2 հատորով: Կազմ. եւ ծանօ թագր.՝ Լ. Մկրտչեան, Ա. Մադոյեան, խմբ.՝
Գ. Դեւրիկեան, հ. 1, Հնագոյն շրջան: Միջին դարեր (5-10-դդ.), Երեւան, 1986, էջ 79:
7 Ա. Բահաթրեանի տողատմամբ այն կազմում է տաս տող, տե’ս Ա. Բահաթրեան, Հին հայոց տաղաչափական արուեստը, Երեւան, Երեւանի համալսարանի հրատարակչութիւն, էջ 24:
8 Ա. Բահաթրեան, նշ. աշխ., էջ 28-29:
9, 12 Անդ, էջ 29:
11 Խօսքը « Վարդավառին» եւ «Եկեղեցւոյ» («Երգ զարմանալի, երգ շարժվարժենի» սկսուածքով) տաղերի մասին է (տե՛ս Ա.Բահաթրեան, նշուած աշխ. Էջ 26-27):
13 Անդ, էջ 105:
14 Գրիգոր Նարեկացի, Տաղեր եւ գանձեր. աշխատասիրութեամբ՝ Արմինէ Քէօշկերեանի, Երեւան, 1981, էջ 120:
15 Անդ, էջ 72:
16 Անդ, էջ 117:
17 Տե’ս Մկրեան Մ., նշուած աշխ., էջ 159-160:
18 Տէրեան Վ., Երկերի ժողովածու 4 հատորով, հտ.1, Երեւան, 1972, էջ 204:
19 Գրիգոր Նարեկացի, Մատենագրութիւնք, Վենետիկ, 1840, էջ 288-289:
20 Անդ, էջ 464:
21 Մկրեան Մ., նշուած աշխ., էջ 160:
22 Անդ, էջ 150:
23 Գրիգոր Նարեկացի, Տաղեր եւ գանձեր, աշխատասիրութեամբ՝ Արմինէ Քէօշկերեանի, Երեւան, 1981, էջ 72-74:
24 Անդ, էջ 66
25 Անդ, էջ 94:
26 Մատենագիրք հայոց, ԺԳ հատոր, Գանձարան, Գիրք Բ, աշխատասիրութեամբ` Վարդան Դեւրիկեանի, Անթիլիաս-Լիբանան, 2008, էջ 1111-1112:
27 Անդ, Գիրք Ա, 109-110:
28 Անդ, էջ 51-54:
29 Անդ, էջ 46-226
30 Անդ, Գիրք Ա, էջ 176
31 Մատենագիրք հայոց, ԺԳ հատոր, Գանձարան, Գիրք Ա, աշխատասիրութեամբ` Վարդան Դեւրիկեանի, Անթիլիաս-Լիբանան, 2008 թ, էջ 752:
32 Ներսէս Շնորհալի, Տաղեր եւ գանձեր, աշխատասիրութեամբ՝ Արմինէ Քէօշկերեանի, Երեւան, 1987 էջ 22: Նաեւ՝ Մատենագիրք հայոց, ԺԳ. հատոր, Գանձարան, Գիրք Ա, աշխատասիրութեամբ` Վարդան Դեւրիկեանի, Անթիլիաս-Լիբանան, 2008, էջ 192։
33 Անդ, էջ 169, 174, 195:
34 Մատենագիրք հայոց, ԺԳ. հատոր, Գանձարան, Գիրք Ա, աշխատասիրութեամբ` Վարդան Դեւրիկեանի, Անթիլիաս-Լիբանան, 2008 թ, էջ 195:
35 Մատենագիրք հայոց, ԺԳ. հատոր, Գանձարան, Գիրք Ա, աշխատասիրութեամբ` Վարդան Դեւրիկեանի, Անթիլիաս-Լիբանան, 2008 թ, էջ 107:
36 Անդ, էջ 179:
37 Տե՛ս Մատենագիրք հայոց, ԺԳ. հատոր, Գանձարան, Գիրք Ա, աշխատասիրությամբ` Վարդան Դեւրիկեանի, Անթիլիաս-Լիբանան, 2008, էջ 142-143:
38 Անդ, էջ 143:
39 Կարելի է ընդունել նաեւ, որ այդ թիւը խորհրդանշում է Յիսուսի 70 կրտսեր առաքեալներին
40 Թուով արտայայտուած այլաբանութիւնն ամենատարածուած միջոցներից էր: Դրա հիմնական պատճառն այն է, որ թիւն ունի քիչ միջոցներով շատ բան ասելու հնարաւորութիւն, եւ, որ աւելի կարեւոր է, միջնադարի ուսեալ մարդու համար դրա «ծածկագիրը» մեծ գաղտնիք չէր: Պ. Խաչատրեանը ճիշդ է նկատել, որ «Դրանք (իմա՛ թուերը) միջնադարեան մտաւորական մարդու համար որքան բնական ու հասկանալի, նոյն քան էլ նոր ժամանակների մտածողութեանը թւում են խորթ ու սխոլաստիկ: Սակայն մանաւանդ այդ բնագաւառում է, որ մեկնիչներն օգնում են ի յայտ բերելու Նարեկացու երկի որոշ թաքուն շերտեր» (Խաչատրեան Պ., Գրիգոր Նարեկացին եւ հայ միջնադարը, Ս. Էջմիածին, 1996, էջ 346):
Թեւ թուերով արտայայտուած խորհրդանշանները, ինչպէս նշուեց, միջնադարի մտաւորական մարդու համար բնական ու հասկանալի էին, սակայն անգամ նրանցից շատերի համար միշտ չէ, որ ամէն այլաբանութիւն հասկանալի կամ բացատրելի էր. դրանցից որոշները յաճախ դարերով մնացել են անմեկնելի եւ անհասկանալի:
Այդ մասին պատկերացում կազմելու համար բերենք մէկ օրինակ Գր. Նարեկացու Մատեանից:

Քանզի իննուց յիսնից եւ թուոց երից եւ չորեակ տասնից,
Ի վաղորդայնէ տուընջեանն առ մուտս արեւուն,
Անդուստ առ նմին յաւէտ կարկառմամբ
Իսկ եւ իսկ ի սոյն անարգել սրտիւ
Ի վեր է, քան զաղերսանաց ակնկալութիւն մաարդկային՝
Բարեգործել միմեանց շնորհատրութիւն… (տ. 29-34):

Մատեանի քսանիններորդ գլխի այս տողերի խորհրդի մեկնութեանը միջնադարից մինչեւ մեր օրերն անդրադարձել են շատ մեկնիչներ ու բանասէրներ: Յատկապէս հետաքրքիր է Ստ. Մալխասեանի մեկնութիւնը. «Ինձ թւում է, թէ այս առեղծուածը լուծւում է աւելի բնական եւ իմաստին համապատասխան կերպով, տրուած բոլոր թուանշաններն էլ նկատի առնելով, այսպէս. ինն յիսուն = 450 + թիւք երեք = 3 + չորեակ տասունք = 40, ընդամէնը 493: Այս գումարը (493) վերածւում է հետեւեալ թուերին – 400, 70, 20, 3, որոնք նպատակայարմար շարքով դասաւորելով եւ տառերով արտայայտելով՝ կը ստանանք.
70 = Հ 400 = Ն
= « հինգ» բառը:
20 = Ի 3 = Գ
Առեղծուածը այսպէս լուծուելուց յետոյ հասկանալի կը դառնայ ամբողջ խօսքի իմաստը», այսինքն՝ ինչո՞ւ հինգ. բացատրութիւնը շատ պարզ է. հինգ թիւը ցոյց է տալիս հայոց եկեղեցում սահմանուած աղօթքի ժամերը՝ Առաւօտու, Արեւագալի, Երրորդ, Վեցերորդ եւ Իններորդ (Մանրամասն տե’ս Հ.
Ալվրցեան, Հոգեւոր տաղի խորհրդաբանութիւնը, Անթիլիաս, 2017, էջ 262-288 Պ. Խաչատրեան, Գրիգոր Նարեկացին եւ հայ միջնադարը, Ս. Էջմիածին, 1996, էջ 350):
Համառօտ այս ակնարկն իսկ բաւական է պատկերացում կազմելու համար թուով արտայայտուած հոգեւոր խորհրդանշանի բնոյթի մասին, որը միջնադարի գեղարուեստական մտածողութեան համակարգում բացառիկ կարեւորութիւն ունի՝ որպէս այլաբանական խօսքի ատաղձ:

Your email address will not be published. Required fields are marked *