Քնարիկ Աբրահամեան

ԿՐԹԱԿԱՆ ԵՒ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ
ՀԱՐՑԱԴՐՈՒՄՆԵՐԸ
ՀԱՅ ԳՐՈՂՆԵՐԻ
1918-1920 ԹՈՒԱԿԱՆՆԵՐԻ
ՆԱՄԱԿԱԳՐՈՒԹԵԱՆ ՄԷՋ

     Առաջին Հանրապետութեան շրջանը մեր ժողովրդի համար բարդ ու հակասական, բայց եւ միաժամանակ՝ նուիրական ձեռքբերումներից մէկն էր նշանաւորում: Վերջապէս, վեցդարեայ պետականազուրկ մեր հաւաքականութիւնը իր փոքրիկ հողակտորի վրայ վերականգնում էր իր մարդկային ու ազգային իրաւունքները, միաժամանակ փորձում տէրը լինել իր անժամանցելի դատին, պետականաշինութեան դժուարին աշխատանքի կողքին արդարութեան համար բախելով նաեւ այլոց դռները: Արեւմտահայ հատուածի համար նոյնպէս այս շրջանը հեշտ չէր: Չնայած այդ տարիները համընկան Զինադադարի հետ, բայց որբահաւաքի ողնաշարը շտկելու ճիգերով յատկանշուեցին: Այս շրջանում էր, որ հայոց նորակազմ պետութիւնը Ազգային պատուիրակութեան հետ փորձում էր Եւրոպայում «գլուխ բերել» Հայկական հարցի խնդիրը, իսկ արեւմտահայ գրողներն ու մտաւորականները, որոնք հանգրուանել էին Եւրոպայում եւ մաս էին կազմում Պօղոս Նուպար փաշայի ղեկավարած Ազգային պատուիրակութեան, ինչպէս՝ Արշակ Չօպանեանը, Վահան Թէքէեանը եւ ուրիշներ, որոնք Առաջին Հանրապետութեան հետ ոչ անպայմանօրէն միագիծ յարաբերութիւնների մթնոլորտում էին, փորձում էին միասնական ուժերով պաշտպան կանգնել հայութեան դատին:
     Յօդուածը նուիրուած է Առաջին Հանրապետութեան կրթական եւ մշակութային կեանքը երեւան հանող հարցադրումներին՝ դիտուած հայ գրողների նամակագրութիւններից, որտեղ ժանրային առանձնայատկութիւններով եւ նամակների յաճախ խիստ ներանձական բնոյթով, երեւոյթների գնահատութիւններն ու մտահոգութիւնները երեւան են գալիս առաւել անմիջական ու պարզ։ Ուշագրաւ է այն փաստը, որ չնայած քաղաքական դժուարին ժամանակներին՝ հէնց այս շրջանում է առաւել արտայայտուած եղել մշակոյթի եւ պետականութեան միասնական ճանաչողութեան գերխնդիրը, թէկուզ եթէ յիշատակելու լինենք Լեւոն Շանթի եւ Նիկոլ Աղբալեանի բացառիկ դերակատարութիւնները:
     Իմ կարծիքով Առաջին Հանրապետութիւնը իր դիմագծով նաեւ մշակութային էր, ինչ-որ տեղ մեր մտաւորականութեան 20րդ դարասկզբից հրապարակ նետած Մշակութային կամ Հոգեւոր Հայաստան հասկացութիւնների իւրօրինակ կերպաւորումով: Պատահական չէ, որ Յովհաննէս Թումանեանը, ելնելով այդ շրջանում մտաւորականութեան ոչ այնքան մխիթարական դրութիւնից, հէնց այս էր յիշեցնում Հայաստանի Հանրապետութեան Կրթութեան եւ արուեստի նախարար Նիկոլ Աղբալեանին. «…Խնդրում եմ արտակարգ կերպով օգնութեան հասնէք մեր էդ թանկագին ուժերին (նկատի ունի «գրական մարդկանց» – Ք.Ա.), որոնք կազմում են հոգեւոր Հայաստանը[1]Թումանեան Յ., Երկերի լիակատար ժողովածու – տասը հատորով, հ. 10 / Նամակներ, Եր., 1999, էջ 344-347:»:
     Այդպէս պետականութեան ծննդաբանութիւնը բանաստեղծական երազի իրագործում էր համարում հէնց այդ պետականութեան դիրքերում կանգնած Լեւոն Շանթը, երբ կուսակցական-պետական գործիչ Արտաւազդ Հանըմեանին Լոզանից ուղղուած 1918ի յունիս 30 թուագրուած նամակում գրում էր. «Վերջապէս ծնաւ մեր բանաստեղծներու այնչափ երգած «Մանուկն Հայաստանը». ծնաւ արեան ծովերի մէջ, բայց մարդկային ճակատագիրն է այս. ինչպէս ամէն մարդ, այնպէս ալ ամէն ժողովուրդ իր անհատականութիւնը կը ստանայ ծննդեան ցաւերով եւ արեան միջոցով: Ես կը հաւատամ մեր նորածինի մեծ ապագային[2]Շանթ Լ., Երկերի ժողովածու – ինը հատորով, հ. 9 / Նամակներ եւ բացիկներ, Եր., 2017, էջ 278:»:
     Ռոմանթիկ Լ. Շանթն այստեղ աչքը քթթում էր դեռ 19րդ դարի առաջին կէսին այդ երազանքով ապրող, հայրենասիրական շնչով առանձնացած  մեր միւս ռոմանթիկ բանաստեղծին՝ Ռափայէլ Պատկանեանին.

     Կեցցէ՛ շատ օրեր մանուկ –Հայաստան
     Նա՝ որ դեռ միայն մեր սրտի խորքում
     Ունի իւր հիմքը, ո՛չ տուն, ո՛չ կայան
     Չունի տակաւին բուն Հայաստանում[3]Պատկանեան Ռ., Երկեր, Եր., «Սովետական գրող», 1980, էջ 84 (տե՛ս «Հայ պատանին երգում է» բանաստեղծութիւնը)::

     Նոյնքան բանաստեղծական է Յովհաննէս Թումանեանի բնութագրումը: Ի պատասխան իր ծննդեան 50ամեակի առթիւ կառավարութեան անունից ուղարկուած հեռագրի Ալեքսանդր Խատիսեանին գրուած նամակը մի կողմից ցոյց է տալիս Յովհաննէս Թումանեան արուեստագէտի արժէքի ընկալումը պետական շրջանակներում, միւս կողմից բացայայտում բանաստեղծի ու հայրենիքի յարաբերութիւնը. «Հայրենի երկրի անդրանիկ կառավարութեան անդրանիկ գրական ողջոյնն ու բարեմաղթութիւնները յուզեցին ինձ մինչեւ արտասուք:
     «Էս բոլոր զգացումները ես բացատրում եմ ոչ թէ իմ գրական գործերի արժէքով, այլ ազգային ոգու անպարտելի հզօրութեամբ մեր ժողովրդի…
     «Էս անգամ էլ, առասպելական ֆենիքսի նման, [Հայաստանը] պիտի յառնի իր օճախների մոխիրներից նոր կեանքով ու աւելի տաղանդաւոր բանաստեղծների զուարթ երգերով: Եւ եթէ բանաստեղծի աղօթք էք ուզում դուք ինձանից, ապա ես միայն մի աղօթք ունեմ նրա համար, որ նա, հայ ժողովուրդը, կենդանի մնայ ֆիզիքապէս, մնացածը ձեռք կը բերի ինքը. ինքը, որ կանգնած է աշխարհների մէջտեղը, Հայաստանի երկնահաս բարձրաւանդակին, երկնից էնքան մօտիկ, իր խոհուն ճակատը դէմ տուած աշխարհի բոլոր փոթորիկներին՝ պայծառ նայում է դէպի իր մեծ ու լուսաւոր ապագան[4]Թումանեան Յ., Երկերի լիակատար ժողովածու – տասը հատորով, հ. 10, էջ 659-660:»:
     Նմանօրինակ զգացումները Յովհաննէս Թումանեանի աշխարհում պարբերաբար ծաւալւում են ժողովրդի համար բախտորոշ ժամանակներում եւ ուղղակի դարձնում բանաստեղծութեան ու նամակագրութեան միջ-թեքսթային կապերը: Լաւագոյն օրինակը մեզ տալիս են նշուած նամակի ու 1915ին գրուած «Հայրենիքիս հետ» բանաստեղծութեան զուգադրումները, երբ վերջինիս մէջ յայտարարում էր.

     Ու պիտի գայ հանուր կեանքի արշալոյսը վառ հագած,
     Հազա՜ր-հազար լուսապայծառ հոգիներով ճառագած,
     Ու երկնահաս քո բարձունքին, Արարատի սուրբ լանջին,
     Կենսաժպիտ իր շողերը պիտի ժպտան առաջին,
     Ու պոէտներ, որ չեն պղծել իրենց շուրթերն անէծքով,
     Պիտի գովեն քո նոր կեանքը նոր երգերով, նոր խօսքով[5]Նոյնը, Երկերի լիակատար ժողովածու – տասը հատորով, հ. 1 / բանաստեղծութիւններ, Եր., ԳԱ հրատ., 1988, էջ 270::

     Եթէ եղեռնի ահասարսուռ օրերին բանաստեղծը աշխատում էր արուեստագէտներին զերծ պահել շուրթերն «անէծքով պղծելու» գայթակղութիւնից, ապա այժմ՝ ազատ հայրենիքի առկայութեան պայմաններում, արդէն իր անունից լիիրաւ կարող է աղօթք մրմնջալ:
     Ի դէպ, գրողական հրաշալի երկխօսութիւն է պարզում «Հայրենիքիս հետ» բանաստեղծութեան հետ այդ շրջանում Աւետիս Ահարոնեանի «Հայրենիքիս համար» յուշագրութիւն-ակնարկի (Պոսթոն, 1920)՝ նամակ յիշեցնող «Հայրենիքդ իմ, ներիր ինձ» հատուածը, որտեղ խոշորագոյն պետական գործիչը աչք է քթթում ամենայն հայոց բանաստեղծի տողերին ու սրտայոյզ արձագանգում. «Հաւատա՛, Հայրենիք, վիրաւոր ու արիւնաքամ, դու դարձեալ պիտի ապրիս, վասնզի անապատների բոլոր ոռնացող խուժաններն իսկ անզօր են սպաննել Լոյսը, որ մի բարի Աստուած, մի գթոտ Աստուած մի օր քո կարկառուն բազուկների մէջ դրեց, ո՜վ դու Յոյսի Հայրենի՜ք, Լոյսի Հայրենի՜ք… [6]Ահարոնեան Աւ., Երկերի ժողովածու, հ. եօթներորդ, Վենետիկ-Ս. Ղազար, 1948, 366:»:
     Վերադառնալով Յովհ. Թումանեանին՝ նշենք, որ բուռն է նաեւ նրա արձագանգը Ալեքսանդրապոլի Հայկական համալսարանի բացման առթիւ իրեն յղուած հրաւէրին ի պատասխան, որն ամփոփում է ժողովրդի ու պետականութեան, կրթութեան դերի մասին նրա ամբողջական պատկերացումը. «Թէ՛ Հայ գրողների ընկերութիւնը, եւ թէ՛ ես անձամբ ստացանք էն ամենաթանկ հրաւէրը, որ կարող էինք երազել: …Սրտագին շնորհաւորում եմ հայկական առաջին համալսարանի բացումը ազատ Հայաստանում: Մեր ժողովրդին բռնակալներից ազատելուց յետոյ պիտի ազատել նրա միտքն ու հոգին եւ հաղորդակից անել լուսաւոր մարդկութեան ու տիեզերքի մեծ կեանքին: Մեր դարաւոր մաքառումներով մենք դրան ենք ձգտել ամբողջ ցեղով…: Հայ գրողների կեանքն ու բախտը անխզելիօրէն կապուած են հայոց համալսարանի կեանքի ու բախտի հետ[7]Թումանեան Յ., Երկերի լիակատար ժողովածու – տասը հատորով, հ. 10 էջ 344-345:»:
     Եթէ վիճակագրօրէն նայելու լինենք Յովհ. Թումանեանի եւ առհասարակ հայ գրողների այդ շրջանի նամակների հասցէատէրերին, ապա դրանք հիմնականում ուղղուած են Առաջին Հանրապետութեան կառավարութեանը առաջին այրերին՝ Ալեքսանդր Խատիսեանին, Նիկոլ Աղբալեանին, Համօ Օհանջանեանին եւ ուրիշներին: Այդ բոլոր նամակներում, այդ թւում եւ սեփական ընտանիքներին ուղղուած, կարմիր թելի պէս անցնողը հէնց ժողովրդի ու պետութեան, արուեստագէտի ու երկրի յարաբերութեան հարցադրումներն են:
     Այս պայմաններում եթէ փորձենք խօսել զուտ գեղարուեստական արտադրանքի մասին, ապա կարող ենք նկատել, որ առանձնապէս շատ չեն նուաճումները. պէտք է արձանագրել, որ այս շրջանում լոյս է տեսել, եթէ կարելի է այդպէս կոչել, «ծրագրային» գրականութիւն, ինչպէս օրինակ Զապէլ Եսայեանի[8]Զապէլ Եսայեանը՝ աշխարհի հինգ ամենաանվախ կանանցից մէկը, Կիլիկիայում տագնապալի օրերին, զբաղուած էր … Continue reading թարգմանութիւնները (La situation des arméniens de Turquie exposeée par des documents / Հանրի Բարբի հետ), Արամ Անտոնեանի Այն սեւ օրերուն գիրքը (Պոսթոն, 1919), հայկական ջարդերի մասին մէկ այլ գործի ֆրանսերէն թարգմանութիւնը (Documents officiels concernant les massacres arméniens; repridaction photographique d’un grand nombre de documents, Paris, 1920), Սմբատ Բիւրատի Արիւնի ձորը Կիլիկեան կեանքից վերցուած վիպակը (Պոսթոն, 1919), Միքայէլ Շամտանճեանի Հայ մտքին հարկը եղեռնին (աքսորականի մտածումներ եւ զգացողութիւններ) գիրքը (Պոլիս, 1919), պոլսահայ մամուլում Երուանդ Օտեանի՝ մինչեւ Տէր Զօր կատարած ահասարսուռ ճամբորդութիւնների մասին Թիւ 17 Խաֆիէն վէպը, որ առանձին գրքով լոյս տեսաւ միայն 1937ին, Պէյրութում: Դրանք հիմնականում պատմում էին Թուրքիայում ժողովրդի կրած տառապանքների մասին եւ աւելի շատ տեղեկատուական բնոյթ ունէին: Զտարիւն գեղարուեստական գրականութիւն այդ շրջանում գրեթէ չի տպագրուել՝ բացառութեամբ Աւետիք Իսահակեանի Հայրենի աղբիւրից բանաստեղծութիւնների ժողովածուից (Պոսթոն, 1920), Եղիշէ Չարենցի «Սօմա» (Թիֆլիս, 1918) եւ «Ամբոխները խելագարուած» պոէմից (Թիֆլիս, 1919) եւ մի քանի այլ գործերի:
     Ի դէպ, այդ ժամանակ Պոլսում հանգրուանած Երուանդ Օտեանը իր հերթին «Ժամանակ»ի եւ «Վերջին լուր»ի համար միայն քաղաքական լուրեր հասցնող թղթակիցների կարիքն ունէր, ինչի շուրջ ակնկալում էր Արշակ Չօպանեանի, Աւետիս Ահարոնեանի, Վահան Թէքէեանի օգնութիւնը. այդ են վկայում Ա. Չօպանեանին նրա յղած նամակները[9]Օտեան Ե., Նամակներ, Եր., ԳԱԹ հրատ., 1999, էջ 244-245::
     Եւ այս պայմաններում, ի հարկէ, գրողների համար դժուար էր գրական աշխատանքով զբաղուելը: Աւետիք Իսահակեանը, օրինակ, Համօ Օհանջանեանին 1919ի մայիսի 30ին յղած նամակում գրում էր. «Վէպս եմ գրում օր ու գիշեր (խօսքը «Ուստա Կարօ»ի մասին է – Ք. Ա.), որ պատրաստ լինի մինչեւ տուն գնալս[10]Աւետիք Իսահակեանի նամակները, Եր., ԵՊՀ հրատ., 2015, էջ 78:»: Ի հարկէ, վէպը կիսատ մնաց, հեղինակի իսկ նկատառումով, «վերջերս ընդհատեցի, եւ գրում եմ հիմա Սասունցի Դաւթի որդու՝ Մհերի պոէման, իմ վարիանտի Մհերը, որը պոլշեւիկ է[11]Նոյն տեղում, էջ 86 (տե՛ս Սիմոն Յակոբեանին ուղղուած նամակը):», իսկ բանաստեղծի տունդարձը տեղի ունեցաւ շատ աւելի ուշ: Մէկ այլ Բառնաբաս Պիլեզիքճեանին 1919ի յունիսի 7ին ուղղուած նամակում, շարունակելով վերադարձի յոյսը փայփայել, ուրախութեամբ յայտնում էր, որ Փարիզի փողոցներից մէկը կոչուել է Հայաստանի անունով, եւ աւելացնում. «Տայ Աստուած, շուտով արժանանանք իրար ազատ հայրենիքում տեսնելու եւ հիւր լինել Ձեր վանքում՝ Շիրակի կամ Տարօնի նուիրական տաճարներից մէկում, ուր մեծ Աբբահօր՝ Մխիթարի գործը շարունակենք մեր տանը[12]Նոյն տեղում, էջ 81:»:
     Սակայն այնուամենայնիւ գրականութեամբ զբաղուել չի հասցնում, ինչպէս վկայում է Սիմոն Յակոբեանին Ժընեւից գրուած նամակում. «Մի երկու օր է՝ վերադարձել եմ Գերմանիայից: Շատ տպաւորութիւններ ունեմ ասելու, բայց հաւաս չկայ գրելու: Հայոց հարցի լուծման այս սրտամաշ ձգձգտումը մաշում է ամէն եռանդ ու աշխոյժ. ձեռքս ոչ մի բանի տաք չէ, նոյնիսկ իմ սիրած նիւթերի (գրական) վրայ[13]Նոյն տեղում, էջ 81:»:
     Այս առումով հետաքրքրական է Արշակ Չօպանեան-Աւետիք Իսահակեան երկխօսութիւնը, որտեղ երեւան են գալիս Չօպանեանի՝ Բրեստ Լիտովսկի պայմանագրի հետ կապուած յուսահատական տրամադրութիւնները եւ միաժամանակ գրողների եւ արուեստագէտների պատասխանատուութիւնը երեւան բերող տրամադրութիւնները. «Կ’ըմբռնեմ, որ այդ տրամադրութեանց մէջ Ձեզ անկարող զգաք բան մը գրելու. երբ կարենաք, անշուշտ չէք մոռնար «Վերածնունդ»ը: Մի՛ վհատիք, սակայն: Մեր ազգը եւ մեր cultur-ը չեն կորչիր: Անոնք նոյնիսկ հակառակ բոլոր աղէտներուն՝ մեծ ապագայ կրնան ունենալ եթէ մենք՝ արտասահմանի հայերս, կորովով եւ թաքթով գործենք[14]Չօպանեան Ա., Նամականի, Եր., «Սովետական գրող», 1980, էջ 135:»:
     Նոյն անբաւարարութիւնն էր ապրում նաեւ ամենայն հայոց բանաստեղծը՝ Դաւիթ Անանունին 1919ի յունուարին գրած նամակում, երբ գրական գործով զբաղուելը անհնարին էր թւում, ինչի մասին ծիծաղախառն, բայց խորքի մէջ ցաւով յայտնում էր. «Ուր մնաց հալա դեռ ճամբիցն էլ դուրս գաս ու դէս-դէն ջիրիդ խաղաս[15]Թումանեան Յ., Երկերի լիակատար ժողովածու -տասը հատորով, հ. 10, էջ 343:»: Տրամադրութիւնը շարունակւում է նաեւ Հանրապետութեան առաջին տարեդարձի օրերին, երբ իբրեւ գրող ճիշդ է, զգում էր իր արածի անբաւաւարութիւնը. «Ոչ միայն ժամանակս է անց կենում, այլեւ հէնց ինքս էլ եմ անց կեցնում», բայց միաժամանակ մխիթարական, «արդարացուցիչ» հանգամանքներ է բերում. «Բայց ինձ ուժեղ կերպով էսպէս է դրդում ու տրամադրում մեր նոր կեանքը, նոր Հայաստանը: Ամէն մարդ այժմ պէտք է իր տեղը ամուր կանգնի եւ աւելի եռանդով անի իր անելիք գործը: Եւ մենք շատ բան պէտք է անենք ու կարող ենք անել: Ես զարմանալի մեծ հաւատ ունեմ ու մեծ կարծիք մեր ցեղի հոգեւոր ու բարոյական կարողութեան վրայ[16]Նոյն տեղում, էջ 350:»:
     Ստեղծագործական առանձնակի լիցքեր չի գտնում 1918ի հոկտեմբերին Հայոց ազգային պատուիրակութեան մէջ «յոյժ պատուաբեր» պաշտօն զբաղեցնող՝ եգիպտահայոց ներկայացուցիչ ընտրուած Վահան Թէքէեանը, երբ Արշակ Չօպանեանին Երուսաղէմից 1918 թ. յուլիս 20ին ուղղուած նամակում «արդարանում է», թէ՝ «Կ’ուզէի ոտանաւոր մըն ալ ես ղրկել «Վերածնունդ»ին համար, բայց թուղթերս աչքէ անցուցի եւ բան մը չգտայ, որ այսօրուան յարմարէր (այսօրուան-ը հեղինակի ընդգծումն է – Ք.Ա.): Պէտք է թողուլ ատոնք հատորիկի մը, որ իբրեւ վկայարան մը մեր այս քանի մը տարուան մէջ կրած յուզումներուն, ժամանակագրական արժէք մը ունենայ թերեւս[17]Թէքէեան Վ., Նամականի. կազմեց, խմբագրեց եւ ծանօթագրեց Աւետիս Գ. Սանճեան, Լոս Անճելոս, հրատ. Թէքէեան մշակութային … Continue reading»: Խօսքը 1919ին Փարիզում լոյս տեսած «Կէսգիշերէն մինչեւ Արշալոյս» խորհրդանշական ժողովածուի մասին է:
     Ափսոս, որ այդ Արշալոյսը տեւական չեղաւ, եւ այդ նոյն արուեստագէտները արձանագրեցին նաեւ Առաջին Հանրապետութեան անկումը, ինչպէս Աւետիք Իսահակեանը. «Ուղղակի, անհայրենիք դարձանք, եւ Հայաստանն աւելի երեւակայական դարձաւ, քան երբեւէ[18]Աւետիք Իսահակեանի նամակները, էջ 94:», ինչպէս Լեւոն Շանթը, որ այդ ցաւալի անկումը կերպաւորեց մի փոքր աւելի ուշ՝ արդէն բուն գրականութեան մէջ՝ «Ինկած բերդի իշխանուհին» թատրերգութեամբ (1921):
     Բայց անկախ այդ անկումից, միանշանակ է, որ Առաջին Հանրապետութիւնը նոր դարագլուխ էր հայոց պետականութեան պատմութեան մէջ, որը հրացոլքի էր նման, եւ որի տեսլականը մեզ բոլորիս պիտի բերէր կանգնեցնէր այսօրուան Հանրապետութեան դարպասների առջեւ, ինչը թոյլ է տալիս ասելու, որ մենք բոլորս Առաջին Հանրապետութեան շարունակականութիւնն ենք:

ԾԷ. Տարի, 2018 թիւ 4

References
1 Թումանեան Յ., Երկերի լիակատար ժողովածու – տասը հատորով, հ. 10 / Նամակներ, Եր., 1999, էջ 344-347:
2 Շանթ Լ., Երկերի ժողովածու – ինը հատորով, հ. 9 / Նամակներ եւ բացիկներ, Եր., 2017, էջ 278:
3 Պատկանեան Ռ., Երկեր, Եր., «Սովետական գրող», 1980, էջ 84 (տե՛ս «Հայ պատանին երգում է» բանաստեղծութիւնը):
4 Թումանեան Յ., Երկերի լիակատար ժողովածու – տասը հատորով, հ. 10, էջ 659-660:
5 Նոյնը, Երկերի լիակատար ժողովածու – տասը հատորով, հ. 1 / բանաստեղծութիւններ, Եր., ԳԱ հրատ., 1988, էջ 270:
6 Ահարոնեան Աւ., Երկերի ժողովածու, հ. եօթներորդ, Վենետիկ-Ս. Ղազար, 1948, 366:
7 Թումանեան Յ., Երկերի լիակատար ժողովածու – տասը հատորով, հ. 10 էջ 344-345:
8 Զապէլ Եսայեանը՝ աշխարհի հինգ ամենաանվախ կանանցից մէկը, Կիլիկիայում տագնապալի օրերին, զբաղուած էր որբահաւաքման եւ նրանց համար աւելի ապահով վայրերում հանգրուաններ որոնելու մաշող աշխատանքով՝ ձգտելով փրկել հայ ժողովրդի այդ փոքրիկ «մնացորդաց»ը: Այդ մասին կարդում ենք նրա՝ 1920 թ. փետրուարի 24ին Ալեքսադրիայից Ազգային Պատուիրակութեան ղեկավար Պօղոս Նուպարին ուղղուած նամակում. «Վաղը կը մեկնիմ «Սֆինքս» շոգենաւով դէպի Կիլիկիա. ներկայ պայմաններուն մէջ անշուշտ անհնար է դպրոցներու գործով զբաղիլ, բայց մտածեցի, որ այսուամենայնիւ պարտաւոր եմ չի յետաձգել ճամբորդութիւնս…» (Եսայեան Զ., Նամակներ, Եր., Երեւանի Համալսարանի հրատ., 1977, էջ 154): Ուշագրաւ է այն, որ այս պայմաններում նա իւրօրինակ «որբութեան» էր դատապարտել սեփական զաւակներին, որոնց համար փորձում էր նաեւ տիպար մօր օրինակ ծառայել. ահա Սոֆի եւ Հրանդ Եսայեաններին Մերսինից 1920ի մարտի 27ից նրա ուղղած նամակը. «Եթէ այս վտանգաւոր օրերին ես հեռանայի, մարդիկ պիտի կարծէին, թէ ինչ-որ պատրուակով փախուստ եմ տուել: Դուք, անշուշտ, պիտի չուզենայիք, որ նման կասկածի թէկուզ նշոյլն ունենային իմ նկատմամբ» (Նոյն տեղում, էջ 157):Այս հոգեբանական վիճակը, ընդհանրական անկումային տրամադրութիւնը բնութագրում է այդ շրջանի գրեթէ բոլոր մտաւորականներին՝ հայրենիքում կամ նրա սահմաններից շատ ու շատ հեռու, ինչպէս օրինակ Աւետիք Իսահակեանի պարագայում: Անգամ անձնական, ընտանեկան նամակագրութեան մէջ առաջին հորիզոնականում ազգային ընդհանուր մտահոգութիւններն են. այնպիսի մի ցաւալի իրողութիւն, ինչպէս Թումանեանի որդու կորուստն էր, դարձեալ նոյն այդ օրերին նրան ետ չի պահում ազգային տանջալի մտահոգութիւններից, ինչի մասին կարդում ենք 1918ի դեկտեմբերին Անդրանիկին յղուած նամակում (Թումանեան Յ., Երկերի լիակատար ժողովածու – տասը հատորով, հ. 10, էջ 298-299):
9 Օտեան Ե., Նամակներ, Եր., ԳԱԹ հրատ., 1999, էջ 244-245:
10 Աւետիք Իսահակեանի նամակները, Եր., ԵՊՀ հրատ., 2015, էջ 78:
11 Նոյն տեղում, էջ 86 (տե՛ս Սիմոն Յակոբեանին ուղղուած նամակը):
12, 13 Նոյն տեղում, էջ 81:
14 Չօպանեան Ա., Նամականի, Եր., «Սովետական գրող», 1980, էջ 135:
15 Թումանեան Յ., Երկերի լիակատար ժողովածու -տասը հատորով, հ. 10, էջ 343:
16 Նոյն տեղում, էջ 350:
17 Թէքէեան Վ., Նամականի. կազմեց, խմբագրեց եւ ծանօթագրեց Աւետիս Գ. Սանճեան, Լոս Անճելոս, հրատ. Թէքէեան մշակութային միութեան, 1983, էջ 200:
18 Աւետիք Իսահակեանի նամակները, էջ 94: