Արամ Մամիկոնեան

գորգոն մեդուսա

 

ճիշդ է, ճիշդ է ուսերիս հորիզոնականն առանց պարանոցի,
ու էլ օձ ձայները ներս չեն սողոսկի,
ես պարտուողների սերնդից եմ,
քո թառափային բերանն ինձ զսպաշապիկ չի հագցնի,
աստծուց զուրկ, ոսկորներից ծանրացած,
նա, ով քարշ է տալիս ինքն իրեն հետ՝ դէպի սկիզբը, որ նորից ծնուի

դու նա ես, ում հետ կեանքը յայտնւում է մի պահ, ապա անհետանում,
ո՞ւր են քո հիասքանչ բառերը,
ինքնասպանի դեղահատերը,
ու աչքը,
որ դիտում է ալիքների մեղմ նահանջը ափերից,
ու բերանի զիգզագը,
որ կախ է ընկած, ապշած է, յուսահատ,
այլեւս սահուն յիշողութիւններ են
ոտաբոպիկ խեցգետինների ու մերկ ջրիմուռների մասին

ես կտրած վէրք եմ,
իմ դատարկուող մարմինը տառապում է իր գոյութիւնից,
ու հիմա, երբ ինձնից արտահոսում է ծովերի մութ կապոյտն ու չար պոէզիան,
աչքս ռենտգէն է, երկնքում մարդ չկայ,
բայց ես հայելու պէս միշտ հաւատարիմ կը մնամ իմ պատկերին,
թէեւ աւելին, աւելին կարող էի լինել, քան սա՝
քարանձաւային արնախում չղջիկ

եւ յետոյ լաւագոյն մարդիկ ճշմարտութիւններ չունեն,
մինչդեռ վատերը լցուած են դրանցով,
գոյնից՝ ձեւ, ձայնից բառ են պահանջում, եւ փոյթը չունեն մի մարդու,
որ անցնելիս գետնին գագտուսի ստուեր է գցում,
մի քանի ժամ՝ յատկացուած սիրոյ
ու մի ամբողջ կեանք՝ լքելու համար,
ես իրերի դանդաղ աղաւաղումն եմ
ու արեան ցուրտ հոսքը քո երակներում

դարձիր ժայռի խոնաւ շնչառութիւնն ու սիրիր քարը, այն կենդանի է
եւ իմ համբոյրը,
եւ այս լեզուն, որ գողանում է վերջին բառերը քո շուրթերից,
եւ այս սիրտը՝ ռմբակոծուած, խորտակուող նաւ մարմնիս ովկիանում,
յետոյ ձեռքերիս անվթար վայրէջքը ուսերիդ,
յետոյ դիակային առկայծումը աչքերիս

երբ կեանքն աւարտուի,
ինձ ափով երկար զբօսանքի հրաւիրիր

 

կովը գրանդչեսթըրի
մարգագետնում

 

                                                        անդորր, որը գերազանցում է ըմբռնելու ունակութիւնը
                                                                                                                    Թոմաս էլիոթ

չխկո՛ց, իմ հսկայ գուլիվերեան մարմինը կողպուած է թակարդում,
ձախ կոպիս դժոխային լռութիւնն ու գլխիս չար, կոտոշաւոր եռաժանին
ինձ ինչ-որ չափով դեռ ողջ են պահում՝
հլու թռիչքի մասին օրէնքներին ու կործանումի մանրամասներին,
հլու ոտքերիս թաքուն սպիներին, որ հրեշտակի համբոյրից են մնացել

թւում է՝ բոլոր թռչուններն իմ թեւերով են թափահարում,
թւում է՝ ձեռքերս լուսնոտ մակընթացութիւններ կարող են ստեղծել,
հսկայ գարշելի կեղծիք, որ թունաւոր նետերով
բերաններից հիացմունքի բացագանչութիւններ է որսում,
բառը սուտ է կամ թեքուած, ասես մի ուսին նաւ է հանգրուանել

հիմա իմ մէջ ամէն ինչ լուռ է՝ ծածկուած մոռացութեան թաւ շերտով,
միջիս տղայիկը մեռաւ, պենելոպեն ցած նետուեց աշխարհի բոլոր
կամուրջներից,
ես աւելի ծեր եմ, քան այս միայնակ մոլորակը,
ու բաժանման պէս հատու,
որ փողոցով անցնելիս իր ետեւից լապտերներն է հանգցնում

ինչ-որ ձեռք տարածում է ինձ երկնքով, ասես դանդաղ երազ լինեմ,
որ համաճարակի պէս տիրում է քաղաքին ու որ հաստատ վերջին գարնան
մասին չի,
կայծակնային անկում, որը խորթ է թեւերիս,
                                       ու նրանք իրար կը սպանեն մինչեւ մէկը չյաղթի,
ի՞նչ գետ է սնում իմ ձախ քներակը,
ու դեռ որքա՞ն կը տեւի ծեր ֆլամինգոների հոգեվարքը այս երաշտի ժամին

էս ինչ արեցի, էս ինչ արեցի,
գլուխս չինական գոգաւոր սափոր է դարձել՝ աստծոյ աճիւնով լցուած,
խոտերի մեղմ տարուբերումը դեռ ողողում է ներբաններս երազներով,
բայց ես յոգնել եմ աննպատակ ամսից, օրացոյցային կեանքից,
օ՜, շուտով, շատ շուտով կոպերս ժայռի ողջ անշարժութիւնը կը ներծծեն

 

փիթըր փեն

 

                                                                        մահը նոյնպէս զարմանալի արկած է
                                                                                            Ջէյմս Մեթիու Բերրի

մարմինս ճեղքող ճիւղերը
հազարաւոր մարիամների ձեռքերն են

երկինքն ինքը վիրահատական սեղան է,
որի վրայ կապկպում են ձեռուոտս
ու երազներ ներարկում

օ, սէրը,
արմատախիլ բառերը,
որ մի ժամանակ լեզուիս էին աճում,
պահ տուեցի բուժքոյրերին

շուտով բերանս մահացու խառնարան կը դառնայ,
որի հսկայ կապարէ կտուցից արիւն է ժայթքում

ու գիշանգղի ճիչ,
կիսամեռ թռչնային անդրի՝
թեւերն անփութօրէն խաւարին գամուած

նա, որ դժոխքային կտտանքներ է սիրում
ու հիասքանչ սվաստիկա

պատռիր գետերի հունը,
անուբիսի մարդ,
յետոյ՝ ստուերս՝ ներբաններիս նեարդերով կարուած

քո կարմիր լպրծուն ընկերքը
սահուն դէպի ինձ է լողում, որ նորից ծնի
ոստրէի պէս փակ էի,
մարմինս՝ յատակին բերանքսիվայր նետուած,
էսպէս ես աւելի բնական եմ
ես փամփուշտ եմ՝ դէպի մահը կրակուած,
թռիչք, որ ցնցում է փոշին աստղերի

ինքնասպան ընթացք,
երկնքի մոխրագոյն կտաւին՝
արեան հոծ բիծ

                                                           * * *

դու զգում ես, թէ ինչպէս է ժամանակը դանդաղ արտագրում քեզ,
երբ պարապ մի օր է,
պատուհանի մօտ մի սիկարէթ է յօրանջում մատներիդ արանքում,
երբ մենակութիւնը՝ ոտքը տանիքից կախ,
թղթէ ինքնաթիռներ է բաց թողնում բարձրութիւնից,
երբ վերջին լուրն է հեռանում՝ հրեշտակի պէս թեւերը տանիքներին քսելով

մինչ երկարում են ժամերը, մազերդ, գրողի տարած հարբուխը,
դու կարթը նետում ես աստղերի մէջ ու տանիքին պառկած մտածում կեանքի
մասին,
թէ ինչպէս ամէնը ցնորք էր, կորուստ ու պոէզիա,
դատարկութիւն՝ գլխարկի տակ, վերարկուի մէջ

իսկ ի՞նչ, եթէ մեր ունեցածը դառնում է պոէզիա ու հեռանում,
մի կեանք՝ գրուած սխալ քերականութեամբ,
որ կարելի է մի կողմ դնել կամ թողնել սեղանի վրայ ու դուրս գալ երկար
զբօսանքի,
յիշել տանիքը, կղմինտրները կարմիր,
վերմակն աստղազարդ գիշերուայ,
ու այն ամէնը, ինչն այս գիշեր կարող էր պառկել կողքիդ
կատարեալ բացակայութեան մէջ,
եթէ փոքր ինչ ներողամիտ լինէիր կամ աւելի հանգիստ կամ աւելի ներդաշնակ

սա միայն մի մասն է օտարութեան,
որ մի ամբողջ քաղաքի տարողութեամբ է,
իսկ մոլորութիւնը գեղեցիկ է ու տրամաբանուած,
երբ կանգնում է մայթեզրին, ծխախոտ վառում, նայում ետ,
ու դու վազում ես նրա ետեւից՝
հատ-հատ շրջանցելով ջրափոսերն աստղերի,
որ մնացել են կիրակի օրուայ անձրեւից յետոյ,
երկնքում մայիսեան հրավառութիւն է, պատերազմ, երաժշտութիւն, մահ,
ես նորից չեմ ուշանայ, դու չես սպասի դատարկ կանգառում
իմ անմշակ սիրտ, փշոտ դաշտավայր,
կաս դու, կայ երեւանը, ու կայ այս տեսակը հիասթափութեան,
որ շերտ առ շերտ թափւում է տանիքներին,
իսկ մնացածը բառեր էին եւ այլն,
ինչպէս կաթիլներն էին խփւում պատուհանին ու թափւում ցած,
երբ պարապ մի օր է,
երբ ճերմակ դղրդոցով մի նոր առաւօտ է բացւում հորիզոնում՝
ոչ մի բանի մասի

ԾԵ. Տարի, 2016 թիւ 3

Your email address will not be published. Required fields are marked *