Արծուի Բախչինեան

ԱՊՈԼԼՈՆԻ ԽՆՉՈՑԸ

Առաջին կուրսի աղջիկները հիասթափ էին ու յուսախաբ։ Ինչքան էլ որ գիտէին, որ իրենց ֆակուլտետ տղաներ շատ քիչ են դիմում, մէկ է, իւրաքանչիւրը հոգու խորքում իրեն մի տեսակ զրկուած էր զգում։ Գիտէին նաեւ, որ համալսարանի միւս տղայաշատ ֆակերի ուսանողներն իրենց շէնքն անուանում են «հարսնացուների մասնաշէնք», բայց եւ այնպէս իւրաքանչիւրն էլ սրտի, հոգու, մտքի, աղէստամոքսային տրակտի խորխորատներում թաքնաթաքոյր յոյս էր գուրգուրափայփայում, որ հենց ի՛ր ասպետին կը գտնի իրեն ֆիզիկապէս մօտ, նոյն կուրսում, նոյն լսարանում, ոչ թէ հեռու-հեռաւոր ֆակերում ու ինստիտուտներում, որ այդ միակի, եզակիի, թանկագինի, անգինին գոյութեամբ ամէն օր դասի գնալը կ՚իմաստաւորուի այն էլ ինչպէս…
     Սիրոյ ու ռոմանտիկայի ծարաւի 18-23 տարեկան իգական սեռի ներկայացուցիչների այդ երամի՝ դեռեւս ընկեր չունեցող հատուածն անմիջապէս աչքերով կերաւ ու տեղնուտեղը որակազրկեց իրենց համակուրսեցի հատուկենտ արական սեռի ներկայացուցիչներին։ Եղածներից ոչ մէկն էլ հաւանութեան չարժանացան։ Գեղեցիկ սեռի արձակած դատավճիռները կտրուկ էին ու անողոք։ Մէկը շատ կոլոտ է (ոտքերն ասես կրծքավանդակից են բուսնում), միւսը շատ լոշտակ է (որ շատ ուզի՝ ականջներով ծափ կը տայ), երրորդը շատ փրչոտ է (անգամ՝ ծոծրակը), չորրորդը շատ լակոտ է, համարեա ծծկեր (կարմիր թուշիկներին իսկի մազ չի բուսել), հինգերորդը շատ չաղ է ու վզին արդէն ծալքեր կան (իսկը կերած-խմած բուֆետչիկ), վեցերորդի քիթը շատ մեծ է (Պարոնեանի ասած՝ զոյգ մը քիթ) ու դէմքը պատուած է պատանեկան բուշտ-մուշտերով, իսկ եօթերորդն էլ թէեւ բոյով է, բայց ահաւոր չոփ է (էն երգի բառերի պէս, «ոտքերը՝ մակարոն, ձեռքերը՝ վերմիշել») ու հակահիգիենիկ։
     Ահա՛ եւ առաջին կուրսի արական կազմի «հրաշալի եօթնեակն» իր ողջ փայլով…
     Դէ արի ու մի՛ հիասթափուի։
     Աղջիկները երկրորդ օրն արդէն միմեանց սիրտ բացեցին այս թեմայով։ Հսկայ ականջօղերով ու երկար փէշերով, նոր կեանք մտած այդ պրտուած դէմքերով աղջիկներն անթաքոյց վրդովմունքով արտայայտում էին իրենց դժգոհութիւնն ու ափսոսանքը, որ իրենց գոնէ նմուշի համար մէկ հատիկ սիրունատես կուրսընկեր բաժին չի հասել…

     – Ասում են, թէ տղամարդու սիրո՞ւնս որն ա,– ասաց մէկը, երբ դասերից յետոյ խմբով նստել էին զբօսայգում ու դարդլամիշ էին լինում։
     – Մի ուրիշ խօսք էլ կայ, որ տղամարդը կապիկից պիտի շատ քիչ տարբերուի, – յարեց միւսը։
     – Հա, կան նման խօսքեր, բայց արի ու տես, որ լաւ էլ սիրուն տղաներ կան աշխարհում, էդ մեր կուրսի բախտը չի բերել,– հոգոց հանեց երրորդը։
     –Բա ոնց չկայ, մեր դասարանում մի տղայ կար, իրա պատճառով աղջիկներն իրար հետ մրցակցութեան մէջ էինք մտել… Մի օր մէկս էր իրան լաւ նուէր անում, մի օր միւսս էր իրան բերում մի համով բան…
     Մի անգամ էլ երկու աղջիկ իրար մազ պոկեցին էդ տղու պատճառով, չնայած ինքը ոչ մէկին էլ չէր ուզում,– պատմեց աղջիկներից մէկը։
     Բոլորը սկսեցին յիշել իրենց հանդիպած սիրուն տղաներին, ոմանք ա՛խ քաշելով, ոմանք՝ օ՛խ, ոմանք՝ ջիջիլ գցելով։ Յետոյ սկսեցին քննարկել, թէ ում ինչպիսի՛ տղաներ են դուր գալիս։ Ամենից տեսքով աղջիկը հաստատ համոզուածութեամբ ասաց, որ ինքը, միեւնոյն է, ամուսնանալու է գեղեցիկ տղայի հետ, «բա հօ իմ էրեխէն գէշ չի՞ լինելու» (թէեւ չգիտէր, թէ որտեղից է գտնելու)։ Աղջիկներից մէկը պայուսակից հանեց «Ոզնի» թերթից կտրած մի հայ ֆուտբոլիստի լուսանկար ու ասաց, որ այդ տղան է տղամարդու իր կատարելատիպը։ Ոմանք ասացին, որ մարզիկներին սկզբունքօրէն չեն սիրում, ուրիշներն արհամարհանքով նետեցին, որ տղամարդը պիտի տղամարդ լինի, որ կոշտուկոպիտ տղերքը շատ աւելի նախընտրելի են, քան նուրբ դէմքով դերասանները, օրինակ՝ Ալէն Դելոնը…
     –Հօրքուրս գժւում ա Ալէն Դելոնի համար…. ինքը էդպէս էլ չամուսնացաւ, քանի որ իրեն ռաստ չեկաւ Ալէն Դելոնի նման տղամարդ…
     –Իմ մօրքուրն էլ ա վատանում իրա համար… մի անգամ հեռուստացոյցով ցոյց տվին մի մեծ, հարուստ տուն, դուրսը՝ ձմեռային տեսարան, ձիւնը բրդում էր, տան մէջ բուխարին վառւում էր, ներսում կիսամութ էր, տա՜ք, հաճելի՜… Ես ասեցի՝ մարդ այ էստեղ անցկացնէր ողջ ձմեռը, ուրիշ բան ոչ էլ պէտք կը լինէր. իսկական դրա՜խտ։ Մօրքուրս լսեց, ասեց. «Դրախտը կը լինէր, եթէ էդ տանը կողքիդ էլ պառկած լինէր Ալէն Դելոնը…»։
     Աղջիկները ծիծաղեցին, մի քիչ բռնազբօսիկ։ Իրենց սերունդը բաց թեմաներով խօսում էր ոչ խմբովին, միայն ամենամտերիմների հետ, այն էլ՝ շշուկով, իսկ «սեքս» եւ յարակից բառերն առհասարակ չկային իրենց բառապաշարում…
     Համալսարան ընդունուելուց տասն օր անց փեսացուաբաղձ աղջիկների այդ խումբը մի անգամ դասամիջոցին ճռուողում էր միջանցքում, մի մասը՝ լուսամուտագոգին նստոտած, միւս մասը՝ կանգնած, երբ յանկարծ չգիտես որտեղից իրենց կողքին ծլեց… Տէ՜ր Աստուած ջան, իրակա՞ն է, տեսի՞լք է, հողեղէ՞ն է… ո՞ր մի քամին իրենց միագոյն գորշ աշխարհ հասցրեց էս արարածին…
     –Բարեւ ձեզ, սա առաջին կո՞ւրսն է,– հարցրեց արարածը։
     Քար կտրած աղջիկները կմկմալով ու գլխի շարժումներով դրական պատասխան տուեցին։
     –Ես ձեր կուրսեցին եմ,– ասաց նորեկը եւ ժպտաց։
     Այդ ժպիտից աղջիկներն է՛լ աւելի հալուեցին։ Իսկի ամսագրերի շապիկներին ու կինոյի էկրաններին չես տեսնի նման դէմք, էլ ուր մնաց՝ բուհերի միջանցքներում, էլ չասած՝ մեր էս մոնոխրոմ քաղաքի փողոցներում։
     Տղան տուեց իր անունը եւ ժպտալով ձեռք պարզեց աղջիկներին։ Բոլորը շփոթուած սեղմում էին նրա ձեռքը ու այդ ձեռքսեղմումից տեղնուտեղը կարմրում, դողում, մինչեւ անգամ՝ յուզւում… Այդ վայելչատես, պարթեւահասակ, խիստ կանոնաւոր դիմագծերով, խիտ երկար թարթիչներով խոշոր կապտականաչ աչքերով, փղոսկրագոյն մաշկով, ատլետիկ կազմուածքով եւ բարութիւն ու անուշահոտ բուրող առնական երիտասարդը հիմնովին փոխեց օդի բաղադրութիւնն ու
ընդհանուր տրամադրութիւնը…
     Աղմուկով մօտեցան կուրսի տղաները, որոնք նախընտրում էին միշտ միասին լինել, նորեկ Ապոլլոնն էլ սկսեց ժպտալով ծանօթանալ «հրաշալի եօթնեակի» հետ… Աղջիկները լուռ, անթաքոյց հիացմունքով նայում էին իրենց կուրս առաքուած այդ ընծային, որը, արդէն պարզ է, մեն-մենակ լրացնելու է կուրսում գեղեցիկ տղաների պակասը, աւելի
ճիշդ՝ չգոյութիւնը…
     Այդ օրն իսկ բոլորն իմացան, որ իրենց նոր դասընկերն արտասահմանցի է, ասել է թէ՝ այլմոլորակային։ Նրա քաղաքավարի ձեւերը, անուշ խօսքը, սիրտ հալեցնող ժպիտը, մարմնական ողջ բարեմասնութիւններն ու ընտիր հագուկապը տակնուվրայ արեցին առաջին կուրսի գրեթէ բոլոր ուսանողուհիներին (անգամ՝ ընկեր ունեցողներին), որոնք այդ գիշեր կա՛մ չքնեցին, կա՛մ քուն մտան՝ իրենց պատկերացնելով այդ տղամարդկային կատարելատիպի բազուկներում, սիրուց նուաղած՝ երջանկութեան ու երանութեան գագաթնակէտին։ Բոլորին թւում էր, որ առնական գրաւչութեան այդ կատարելատիպը հենց իրե՛ն պիտի ընտրի՝ տանելով իր հետ երկաթէ վարագոյրից անդին՝ հազար ու մի հրապոյրներով լցուած արտասահման կոչուած վայրը։ Բոլորը պատկերացնում էին, որ նրա կողքին հէնց իրե՛նք կը լինեն սիրող ու հաւատարիմ կին ու անձնուէր մայր՝ վայելելով իրենց երազած կեանքն այս չքնաղագեղ արարածի կողքին…
     Սակայն նրանց բոլոր անուրջները փշուր-փշուր եղան յաջորդ օրն իսկ։ Այդ օրը աղջիկները համալսարան էին շտապել սրտի նոր թրթիռներով, հագել էին նոր զգեստներ, իրենց առաւելագոյնը գեղեցկացրել էին՝ ֆենած մազեր, չարաշահումի հասցրած շպար, դիմացինի մօտ գլխապտոյտ առաջացնող անուշաբուրում, ունեցած լաւագոյն զարդեղէնը, որոնք սովորաբար դասի գնալիս չեն հագնում, բայց այդ ե՞րբ է հայ ուսանողուհին զրկում իրեն ամենօրեայ պճնանքից…
     Եւ ողջ կուրսը բոլորուեց արտասահմանցի դասընկերոջ (իմա՛ փեսացուի) շուրջը ու սկսեցին նոր հարցեր տալ իրենց չտեսած-չլսած աշխարհի մասին՝ աշխատելով նստել նրան հնարաւորինս մօտ, զգալ նրա առնական օծանելիքի բոյրը, ջերմանալ նրա ժպիտի շողերով…
     Մեծ դասամիջոցին էր։ Կուրսի տղաները չգիտես ուր էին ցվրուել (հաստատ՝ ծխելու), եւ աղջիկների աչքին Ապոլլոն թուացող այդ ճօճ ու ճապուկ, խարտիշագեղ, ուռամիջակ, հաստաբազուկ դասընկերը ժպտալով կատակում էր (հեռո՛ւ միւս դասընկերների անհամ «իքի-բիր» սրախօսութիւններից)։
     Եվ յանկարծ կատարուեց անսպասելին։ Ա՛խ, չկատարուէր…
     Ապոլլոնը խօսելու ընթացքում ձեռքը տարաւ գրպանը, հանեց մի մեծ, մանուշակագոյն թաշկինակ, մօտեցրեց քթին եւ՝
     –Պը՜ժժժժժժժժժժժժժժժժժժժժժժժժժ……………………….
     Աղջիկները քարացան, ինչպէս երէկ քարացել էին տղայի յայտնուելով։ Նրանք ո՛չ տեսել, ո՛չ լսել էին, ո՛չ իսկ կարող էին պատկերացնել, որ մի ոչ մեծ քիթ մաքրելը կարող է այդքան աղմկոտ, չասելու համար՝ որոտընդոստ լինել…
     Ոմանք շուռ եկան։
     Ոմանք, ուշքի գալով, փորձեցին ժպտալ, բայց չստացուեց։
     Իսկ երկու հոգի, երեւի սաստիկ հիասթափութիւնից, սկսեցին հոնգուր-հոնգուր լալ…
     Ապոլլոնը ոչինչ չհասկացաւ։ Նա շարունակեց իր պատմութիւնը, բայց նրան այլեւս չէին լսում…
     Այդ էր ու այդ։ Աղջիկներն այլեւս չփնտռեցին նրա ընկերակցութիւնը, չփորձեցին մտերմանալ նրա հետ։ Նրանք չորս տարի շարունակ պարբերաբար լսում էին Ապոլլոնի խնչոցի ձայնը, մինչեւ անգամ՝ դասի լռութեան մէջ, բայց միւս տղաների հռհռոցն ու ցինիկ կատակներն անգամ չկարողացան վերջ տալ պարթեւահասակ արտասահմանցու այդ սովորութեանը, որն այնպէս շանթահարել էր խորհրդահայ աշխարհի փափկասուն օրիորդներին…
     Յ. Գ. – Չգիտենք, եթէ Ապոլլոնը երբեւէ ամուսնութեան առաջարկ արել է իր կուրսընկերուհիներից մէկնումէկին. երեւի չի արել, գուցէ մէկնումէկի համար նրա խնչոցի շոկն ի վերջոյ յաղթահարուէր։ Ի դէպ, այդ կուրսի աղջիկներից չորսը շատ յաջող ամուսնացան իրենց համակուրսեցի տղաների հետ։ Իսկ խնչող Ապոլլոնը տեղափոխուեց ովկիանոսից այն կողմ։ Ասում են՝ մինչեւ օրս ամուրի է…

ԾԸ. ՏԱՐԻ, 2019 ԹԻՒ 2

Your email address will not be published. Required fields are marked *