Բանաստեղծութիւն
Անահիտ Սարգիսեան

ա

երբ    դուռ    մը   կը   գոցուի
պատուհան   մը   կը   բացուի՝
ըսին

ուստի
դուռը   գոցեց
պատուհանը   բացաւ
սակայն   գողը
բաց պատուհանէն
գողի   նման   մտաւ
գողցաւ   ու   ելաւ

սիրտը    ճաքեցաւ

ուստի
պատուհանը   գոցեց
դուռը   բացաւ
սակայն   հիւրը
բաց    դռնէն    մտաւ
հիւրի նման
ժամե՜ր   երկար   նստաւ
տեղէն   չելաւ

սիրտը   ճաքեցաւ
ուստի   որոշեց
դուռը գոցել
պատուհանն ալ գոցել
առանց   սրտաճաքի
կեանքը   շարունակել

դուռը   գոց
պատուհանն   ալ   գոց
սի՛րտը   ճաքեցաւ
եւ վերջապէս
հասկցաւ
թէ  առանց   սրտաճաքի
կեանք   չկայ

բ

մէկը
աջ  կողմէն  կը խնդայ
միւսը
ձախ  կողմէն  կու  լայ

մէյ  մը  աջ   կողմ   նայեցաւ
մէյ   մըն   ալ   ձախ
խնդացողին   հետ   խնդամ՝
ըսաւ,
լացողին  հետ  լամ

լացա՜ւ   ու   խնդաց
խնդա՜ց   ու   լացաւ
սակայն
աջն   ու   ձախը
մի՛շտ   շուարեցաւ՝
խնդացողին   հետ   լացաւ
լացողին   հետ   խնդաց

գ

սկիզբը   մի՛շտ
բոլորին
այո   կ՛ըսէր
ասոր այո՛

անո՛ր ալ այո

սակայն    օր    մը
բարեբախտաբար
այոները    վերջացան
մնաց   ոչը

հետեւաբար   մի՛շտ
բոլորին
ոչ   ըսաւ

ասոր  ո՛չ
անո՛ր   ալ   ոչ
սակայն   օր   մը
դժբախտաբար
ոչերն   ալ   վերջացան
մնաց   ոչինչը

ու   ապրեցաւ
ոչինչով
ո՛չ  անտարբեր
այլ   բոլորէն
տարբե՛ր

դ
ընդամէնը
մէկ տուն ունէր
երկու ոտք

մէկ   ոտքը   դուրս
միւս  ոտքը   ներս
ապրեցաւ   կեանք   մը
ո՛չ   դուրս
ո՛չ   ներս

ե

թաթխեց ծայրը գրիչին
իր առօրեային

ու յանձնեց   իր   առօրեան
սպիտակ թուղթին

Աստուծո՛յ   օրը
թաթխեց ծայրը գրիչին
իր առօրեային
ու   աղօթքի   նման
յանձնեց   իր   առօրեան
սպիտակ թուղթին

եւ   իր   կեանքը
հաստափոր   աղօթագիրք   մը
ամէն   մէկ   էջին
նո՛յն   չորս   տողը
միապաղաղ
նման   իր   առօրեային

ձեռք կայ մէկ

սկիզբը
պատ մը կը փլի
ապա
շատ չանցած՝
ուրիշ մը

երե՜ք չո՛րս
եւ ահա
երրորդն ու չորրորդը
միասնաբար կը փլին

այսօր
առանց   չորս   պատին
ձեռքերը   վեր
գլխուն   վրան
երդիքը   հայրենի
ամո՛ւր   բռնած
աշխարհով   մէկ
կը թափառի

                                     մէկ ձեռքով՝
                                     անահիտ սարգիսեան

ԾԶ. Տարի, 2017 Թիւ 3

Your email address will not be published. Required fields are marked *

Վեհանոյշ Թեքեան
նախորդ
ԱՆՏԻՊ