Վեհանոյշ Թեքեան
Վեհանոյշ Թեքեան

ՆԿԱՐ ԱՌԱՆՑ Ն-Ի

 

Հիմա յեղակարծ՝ աչքերուս առջեւ
փրփրող գետակ ես
դարձդարձող ջաղացք
կուժի մէջ պարող կաթիլ մը ճառագայթ
Յուշերու թափ-թաց ցողերու վրայ գիշերաբոյր դող
ցերեկուան կորուսեալ վարդերէ արարեալ բուրումի զեղում.
Ամառ արեգակը
                կը թափահարէր լուսամուտերէ
                ուր ոչ ապակի եւ ոչ ալ փեղկ կար,
Հրճուակութքի քաղա՛ք էր այդ,
որ իմս էր, որ քուկդ էր
Լուսամատոյց էր ու դաւադիր, բայց չէր մոռցուեր։
Իսկ այս պահուս՝ բուք ու քամի, խուժած մրրիկ
               չորս կողմը՝ խուլ փոթորիկ,
Կամաց-կամաց պատկերը կը վերածուի վանդակի
— այս տարիքիդ գիտես այլեւս թէ ճշգրիտ բառ չկայ.
Յուշաթրթի՛ռ վանդակի
Չկասող ու չմարմրող
ցաւ կը բերէ
դաւ կը լարէ
լքուած ջութակը կ՚արտասուէ
չի՜ փրկուիր բաբախումը կարօտի.
Ո՞ւր պահեմ ես այս վանդակը
                                         ետ պատկերի չվերածուած
Ո՜ւր զետեղեմ, ուր զետեղե՜մ. խօսք մը ըսէ՛ այլեւս։

 

ԱՂԱՂԱԿ ԱՌԱՆՑ Ա-Ի

 

Իր դէմքը երկու քիթ ունէր։
Սնունդը՝ հոսկէ հոնկէ
ինչ որ տրուէր
               կը փորձէր կլլել.
Փողոցներէն կ՚ելլէր կ՚իջնէր
Գետինը խեղճ-խեղճ կը նստէր
խնձոր մը կ՚ուտէր կեղեւով կուտով
յետոյ նորէն կ՚ոստոստէր։
Ձեռքերուն մէջ՝ միշտ գնդիկներ գոյնզգոյն
Կը նետէր կը բռնէր կը շոյէր, ինչպէ՜ս մեծ մեծ կը ժպտէր.
Երբ նեղ փողոցին մէջ ընկերներով գնդիկները գլորէին
Ընկերները մէկէն ի մէկ իր ոտքերը խտուտ կ՚ընէին,
Նեղսիրտ՝ կը մտնէր խուցի դռնէն
Ինչ որ գտնէր հում-հում կ՚ուտէր։
Հետզհետէ սիրտը գէշ տրոփեց
Թոքերը՝ ջրհորի պէս ջուրով լեցուն
փորը՝ մեծցող գունդ
Գործողութիւն պէտք է – ըսին բժիշկները
եւ հոն է որ խեղճ տղեկին պճլտուն հոգին
                            լոյսերուն մէ՜ջը մուտք գործեց
                            բոպիկ բամպակ ոտքերով։
Պզտիկ քիթը դէմքին էր
մեծը մէջքին մօտ՝ դեղին մոմի պէս,
Ժպիտը կէսէն կտրուեր էր։
Դուրսը հեղեղ ու փոթորիկ
ներսը լռիկ ժպիտի ճիչ —
Ընկերները դեռ լուր չունէին երբ լսեցի ես.
Որբո՜ւկ էր Սէմը, գլուխը գիրկս դրի
                            Օրօ՜ր երգեցի։

 

ՓՈՒՌ ԱՌԱՆՑ Փ-Ի

 

Ամէն կէսօր հացը տաք տաք կը գնէին
Արաբական Հաց կ՚ըսուէր,
Ամէն գիշեր ընտանեկան աղօթքին
«Տուր աշխարհին խաղաղութիւն» աւելցաւ.
Ինչ ալ ըլլայ աղնուհացը թող անպակաս ըլլար տունէն։

Օր մըն ալ վախը հրէշի նման՝ խուժեց թաղին մէջ
Հայրական տուներ դուռ պատուհան գոցեցին
Զօրք-զինամթերք, թակոց-կրակոց, խունկը անգամ մտահոգ էր.
Թարմ թերթերու վրայ լոզունգներ հոսեցան լորձունքի նման։
Քաղաքը կիրապատ ամպերու վերածուեցաւ,
Գինով կրակը առանց դուռները թակելու մտաւ
Հրկիզուեցան գիրքեր, մոխրացան տան իրեր
Մահճակալներուն կմախքը մնաց միայն.
Այլեւս ճաշասեղանին վրայ պնակ չշարուեցաւ,
Աղօթքը դարձաւ աղապատանք
Աղաղակը համրացաւ լեղապատառ
Յիշողութիւնը անթեղուած՝ կենսուրախ քաղաքին մէջ
                                                                           ծաղկավաճառ չմնաց։

Առաջ ամէն օր աղուոր-աղուոր պատմութիւններ կը պատմէր.
Անջատուեցաւ գլուխը վիզէն
Գլուխը մէկը կորզեց, մարմինը՝ մէկը
Դիակ իսկ չկար գոյնի ու բոյրի, մեղքի ու սրբութեան
                                                             ծննդավայրին մէջ։

Մայրեր երբեք ուժասպառ չէին,
Խմորը շաղեցին հաց շինելու. կրակ չկա՛ր։

 

ՁՄԵՌ ԱՌԱՆՑ Ձ-Ի

ԲԱԽՏԱԳԱՂԹ

Խեցապատեաններ երբ դնես ականջիդ
                             ծովուն մրմուռը կը հասցնեն,
ժամերով երբ քշես յոգնած-խոնջած հասնիս նահանգդ
                      հին նեղլիկ թաղերուդ տարածութեան չես կրնար հասնիլ,
երբ լռութիւնը լարուի ու լարուի
                     երկար ճամբորդութեան ընդմէջէն
                                                         կը հասնի թախիծը։

Այն օրերուն ինչե՜ր կ՚ըլլային
Անկողինները գետինը կը փռուէին
               երբ թռվռալով մեծմամային տունը գիշերէինք.
Լուացքը տանիքը կը փռուէր
               Չիվիտով սեղմուած թօթուըւած սաւանները՝ էն ծայրը,
               անոնց առջեւ՝ հագուստեղէ
               իսկ շապիկ շապընկեր կրծկալ՝ ամենէն ներքեւ.
                                   Օ՜հ, կենսալի բոյր էր երբ չորնային։

Կէսօրուան արեւը հաւկիթի ճերմկուց էր,
Տարբեր համ ու հոտ ունէին
              լոյսին հացը եւ մութին գինին։
Կը նկարուէր կապոյտ ծիծերով աղջիկը
                            մտածկոտ ու տխուր,
Ե՞րբ կոշտացան կակուղ ալիքները։

Ծառերուն շուքերը չէի՞ն քալեր միշտ հետդ,
Գիւղերուն ճամբաները չէի՞ն շնչեր «Գիշերն անուշ է» երգով.
Արեւը կը ծախսէր ու կը ծախսէր փողոցներուն մէջ
                                                           տանիքներուն վրայ,
Անարատ աստղեր առա՜տ կը պսպղային,
Իսկ իրիկնային հովը անպայման կը քակէր
                               ցերեկուան հանգուցուած հոգերը։

Որո՛ւ հոգը
Հռովմէական բերդերու եւ նախապատմական քարայրներու
                                           գոյատեւման վստահութիւնը։

Ժամանակի գիտակցութիւնը չէր մրճահարուեր
երբ դէմ դիմաց՝ ապագայի մասին կը խօսէինք. փայլո՛ւն աչքերով։
Գիրքերը ոչ թէ այցելու
այլ՝ ընտանեկան անդամներ էին,
Վարժարանները՝ բարեկամական միտքի շտեմարան։
Հաւատացած էինք, եւ այն ալ ինչպէ՜ս
                                          Հայաստանը լուսեղէն տեսիլք էր,
Հին Աստուածները մշտաշունչ ու լուռ՝ մեր փլատակ
                                          Արեւմտահայաստանի մէջ
կը խօսակցէին անցեալին եւ ապագային մասին
ամրոցներու դէմ դաւադրութիւններու մասին,
Նորօրեայ ուխտաւորներու յուզումը
                                         պատմուճան էր իրենց։
Մեղուները արեւ կը թխմէին փեթակներու մէջ
Որովհետեւ բիւրեղ մեղրը իր պանդուխտ որդիին կը սպասէր։

Օդապարիկի վերածուած թռչուններ
              Լիբանանի երկինքին վրայ,
Թռչուններ առագաստ դարձած
              Միջերկրականի վրայ։
Կիներ սեւ արցունքներով
Պատանքի վերածուած պատրանքներ կը հաւաքէին,
Սպիտակ պատմուճանով կիներ
Արցունք ու համբոյր կը հաւաքէին։

Եւ կենսահիւթը սուրբ ջրամանին մէջ
                                           ճակատդ յաւերժութեամբ կը կնքէր.
Շարան շարան նուէրներու փոխարէն
Հրեշտակներու երգեցողութիւնը կը լսէինք։

Աւազին հայող սիրահարներու երազը ծովը կ՚օրօրէր օրնիբուն
Սէրը՝ գարնան փետո՛ւր էր, իսկ մարմաջը՝ կտցահարող թռչուն։

Հասկցե՜ր ենք արդէն՝ ինչ համեմ ալ բաղադրենք
                                      կեանքը նախկին համը չունի։
Հիմա գոնէ-գոնէ մէ՛կ վիրահատութիւն ունեցած ենք,
Յօդացաւը ինքզինք տեղաւորեր է,
Սիրտի բաբախումը դեղահատերէ կախեալ է,

Մշուշ մը անշուշտ կը ստեղծուի՝ կը խտանայ ու կ՚ընդլայնի
                                                  ամբողջ գիշերուան ընթացքին,
Ամպերը գրկեր են երկինքը իրենց անոյժ ուսերուն վրայ
Իբրեւ թէ, իբրեւ թէ գարուն է։

Այս առտու երբ նորահաս թռչուններ կ՚երգեն
Պարտէզիս երկարածին ծառերուն վրայ
Կը յիշեմ որ Հոն՝
                             Թռչունները երբեք չգաղթեցին։

 

ՍԱԶ ԱՌԱՆՑ Զ-Ի

 

Ծառս ծաղկուն է
Թիթեռնիկներով
Բազում թրթիռով
Վարդէ պուրակ է

Ծառս մայր ունի
Որ հանգուցեալ է
Ծառս տարտ ունի
Հին պատմութիւն է

Ծառս՝ լերկ կամ յորդ
Կեանքի իմաստն է
Անգութ ձմրան մէջ
Ամառ կը հիւսէ

 

ԲԱՌԸ ԱՌԱՆՑ Ը-Ի

 

Երեւանի գիշերներն են կապուտակ
Կապուտակն այս՝ կատակ չէ, երկու պուտ ակով սահման ճշդեր է.
Գիշերն անոյշ է, նաեւ հեշտագին
Եթէ հանդիպիս իր լուսեղէն ճամբուն՝ միայն Մեծարենց հաշիշով կ՚օծէ.
Եւ գիշերուան թեւերուն մէջ սպիտակ
Թաթխուեցան Շուշանեան կիրք ու կրակ.
Երէկ գիշեր
Պոչաւոր աստղեր ճամբայ ելան, ո՛ւր հիացան՝ հոն կեցան
                                 պճլտուն աչք ունէին, սակայն բան չհասկցան։

Անբախտ բառեր՝ կ՚ունենան գիշեր առանց խաւար ծնելու,
Բախտաւորներն արեւի մէջ կ՚արարուին։
Սէրերդ չեն արձագանգեր
Մէջդ կ՚ապրին.
Ծննդավայրդ չ՚անհետիր
Քեզ գրկած է.
Ճամբաներդ չեն աւարտիր
Կ՚երերան.
Դուն չես շարժիր
Օրդ է որ շարժում ունի։

Նկատեցի՞ր թէ ինչպէս վտակն արծաթ պահեր ունի ու կ՚անցնի,
Ոսկի խուրձեր գիշեր ցերեկ կը մնան
                               երանի՜ թէ երեւան։

Աս ալ յայտնեմ՝ մոռցեր էի. յուսամ տեսար
Բիւրեղահոս մեղր խառնեցի բաժակիս՝ թմրահալ թոյն կաթեցաւ։

 

ԱՐԽԻՒ ԱՌԱՆՑ Խ-Ի

 

Տատամսելով, տատամսելո՜վ
Տարտղնուած տողեր տեսանելի ու անտեսուած
Կէս դար ապրեցան երկիրէ երկիր
Տունը տունի վերածելով։

Տատանելո՜վ, տատանելով
Տրցակ տրցակ թղթածրար
Շնչեցին բայց չսպասեցին
                             իրենք իրենց կեանք երկնեցին,
Յանձնած էին դափնեպսակ, փշեպսակ.
Թուղթե՜ր թուղթեր, Օ՜ մեծ ուխտի տապանակ։
Համանուագ մշակոյթի,
Իմաստուն ողբ գրկող սրինգ
Ձիրք ու օրհնանք աստուածային
Այսահար կնիք փռուած՝ ժամանակի կուրծքին։

Հիմա ես ի՛նչ ընեմ ձեզի
                              մահուընէս ետք ի՞նչ պիտի ըլլաք.
Կենսոլորտը անապական պահեցիք
Անտառներու տարակոյսը մարեցիք
Ալիքները Նաւէն հեռու լարեցիք։
Թէ՛ օդանաւ, թէ՛ սուզանաւ
Արեւաւազ ու ապառաժ
Բարեկամի սիրտ ու նայուածք
Կարմիր լուրեր, կապոյտ լուրեր
Առանց ձեզի՝ կեանքի նաւակն հետք չէր թողուր իր ետին։

Գիշերներս կանթեղի պէս կը վառվռին կը մարմրին
Դռներ փակուած՝ բացուող հիմա շշունջներով շօշափելի
Ձեռքերս կը դողդղան դադարի պէս արարի
Կէտադրութի՛ւն կ՚երեւաք
Բայց յիրաւի
                   դիւցազնութիւնս էք միակ։

Կատարեալին ձգտիլը նախընտրած եմ կատարելագոյնէն, որովհետեւ կատարելագոյնը կրնայ չորցնել բաբախունը։

Your email address will not be published. Required fields are marked *