ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹԻՒՆՆԵՐ

ԽԵՂԴՈՒԱԾ ՁԿՆԵՐ

 

Երէկ ես քոնն էի
այսօր մաղուող աւազ
ու ծերացող մաշկիդ վրայով թափւում եմ ցած

օրը կէսօր կը լինի
ջուրը ծանր դեղնամազ
քամին երգիս ձայնն ինձ կը բերի
տարիներ անց

ու կը գրկեմ սեփական մարմինս ծանրացած
կը գլորուեմ աստիճաններով ներքեւ
քթիս տակ կը շվշվան մաշուած մաշկիս երազները

դու քնած կը լինես
ես կ՚արթնանամ կէսգիշերին
ես ես չեմ լինելու
այդ հեռու կէսօրին

ջուրը ծանծաղ կ՚ալիքուի
կը սուզուեմ ալիքների մէջ
մատներիս կիսախեղդ ձկներ
շունչները կը փռեն աչքիս դէմ

ես նրանց ներկում էի
բայց ներսս եղածը բաւական չէր գունաւորելու համար

իրականում ես միգուցէ վախենում եմ
վախենում եմ վաղը միւս օրը դէմքիս գծագրուելիք կնճիռներից

զանգում եմ մօրաքրոջս
մենք իրար շատ նման ենք
ուզում եմ հասկանալ թէ ինչպիսին կը լինեմ ես մի քսան տարուց

միայնակ միայնակ թափառուն եմ
գալիս հասնում եմ պատուհանիս
թաքուն նայում եմ ներս

այդուհանդերձ կը լինենք ես ու դու
գաղտուկ մի սենեակում
այդ օրը երեսունինը դարձայ

 

ԸԼԸԲԱՍՏՐԱԿ

 

ցորտ ա ծըմըռը եկալ ա տանս առաջը սիպտակ ա մազերս սիպտակ ա,
մաջս սիպ –– սիպտակ ա
սիպտակ պատեն յիրա մին սիպտակ ըլըբաստրակ թիւանգը յոր օնիմ
քինիմ յիրա անիմ սիպտակ ծիւներին մաջեն սիպտակ ըլըբաստրակը վազ ա տամ մի քանէ կաթ կեարմուր արուն
ծըմըռ ա տանս առաջը սիպտակ ա
սիպտակ պատէն մին սիպտակ ըլըբաստրակ

ԾԹ. Տարի, 2020 թիւ 4

Your email address will not be published. Required fields are marked *