Վովա Արզումանեան
Վովա Արզումանեան

ԿԵԱՆՔԻ ՃՕՃԱՆԱԿ

Գիշերը ոչ սովորական անցաւ։ Աչքերս գիշերուայ շարունակութիւն ընտրեցին հիւրասենեակը, որտեղ հեռուստացոյցը յոգնել էր իր ամէնօրեայ չարաճճիութիւններից ու յանդգնում էր ընկերանալ մէկի հետ։ Ես շփոթուած դուրս եմ գալիս այդտեղից, մտնում իմ սենեակ, փակում դուռն ու հեռանում փոշուց, որովհետեւ ալերգիա ունեմ նման փոշիներից։ Դա սովորական չէ։
     Այդ փոշու մէջ անընդհատ լոյսեր են վառւում ու ամէն ինչ ձգում է դէպի դուրս, որտեղ դէմքերի շարքերը աւարտ չունեն։ Մի քանի քայլ յետոյ ուզում էի ամուր գրկել արեւն ու նստել մեր բակում, սակայն մինչեւ այդ ամէնն անելը կօշիկների պահարանում նստած կօշիկներս կանչում էին ինձ, իսկ ես դեռ ծիծաղում էի, անընդհատ, առանց աչքերս խնայելու, արդէն արցունքներ էին գալիս։
     Եկաւ երկար սպասուածն ու անքնութիւն կոչուածն էլի ինձ էր փնտռում։ Միայն այն ժամանակ էի ես լսում ինչ-որ ձայներ, որոնք աներեւոյթ հեռանում էին մի քանի օր առաջ տեսած իմ երազներից։ Ես այնքան երազներ եմ կապել անքնութեանս հետ։ Ամէն քայլս նա ուղեկցում եւ յիշեցնում է։
     Օրինակ՝ մարդուն միշտ համեմատում եմ։ Սակայն նոր եմ հասկանում։ Մարդիկ մարդ են։ Սակայն շատերը պարզապէս արժանի չեն այդ բառին։ Օրինակ՝ մէկի կօշիկ գողանալն այդքան էլ մարդկային չէ։ Էլ ինչպէ՞ս գողացողին մարդ կոչես։
     Այդ օրն էլ անքնութեանս ուղեկցեց լուսաբացը։ Դուրս եկայ։
     Դարպասի մօտ դրուած կօշիկներն իմ մէջ կասկածներ առաջացրին, որ գլխիս ուզում են սարքել։ Այդ կօշիկներն էլ էին ուրիշինը, սակայն աւելի ուշ հասկացայ։ Երկու օր արթուն մնացի, որ գտնեմ տիրոջը։ Փաստօրէն հարեւանիս կօշիկներն էին, որ նոր էր մահացել, իսկ փոքրիկ թոռը բերել ու դրել էր մեր դարպասի մօտ։
     Ա՜յ քեզ ճակատագրի դառնութիւն… մի ողջ ցերեկ ու գիշեր խառնուած էր իրար ու չեն տարբերւում մէկը միւսից։ Ամէն հանգստացող ակնթարթի հետ շարժւում էին ձեռքերս ու շարժում էի նաեւ գլուխս, որ յանկարծ այդ պահից բան չմնայ գլխիս մէջ ու մոռանամ ամէն ինչ։
     Մոռացայ։
     Ժպիտը խեղդում էր ինձ։ Ես գրկեցի պատուհանիս։ Ժպիտս նոր ուժ էր հաղորդում պատուհանին, որ հաւատամ նրա գալուն, որը չի ուշանայ (յամենայնդէպս այդպէս էի զգում)։
     Այդպէս գրկած մնացի։
     Վերջապես օրը գունաւորուեց ու առանձնացան անկրկնելի երեւոյթները, որի միջով սեւ ու սպիտակ գծերի նման առանձնացուած էին տեսակները, մտքերը, խենթութիւնները։ Այդ խենթութիւնների մէջ ես գտայ իմը ու առանց բան մտածելու նստեցի բակում։ Ու ես այդ օրը հասկացայ, որ օրը միշտ է գունաւոր, պարզապէս այս ակնոցներն են այն ծածկում ու ուրիշ բան ցոյց տալիս։
     Օրը նոյնքան տարօրինակութիւններ ունի, ինչքան իմ երազը։
     Գեթսեմանիի պարտէզի երազանքը կրկին ինձ ուղեկցում էր, որովհետեւ այնքա՜ն էի ուզում գրկել նրան, գրկել հենց այնտեղ, այն տերեւների մէջ։
     Երազն էլ ինձ գրկեց։
     Ես էլ դարձայ երազող։
     Ես էլ նստեցի կեանքի ճօճանակը։

ԾԹ. ՏԱՐԻ, 2020 ԹԻՒ 4