Սոնա Համբարձում
Սոնա Համբարձում

ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹԻՒՆՆԵՐ

* * *

Հողն արթնացաւ
Երկնքի լացից
Գիշերը չքնեց մեզ հետ
Ճանապարհը մենակ մնալու ժամանակն է,
Ժպիտը՝ համբոյրից փախչելու
Պատերազմը՝ կարօտին ենթարկուելու
եւ ցաւի դէմ ծնկելու ժամանակ է
ոտքերիս փաթաթուած ջերմութիւնը
յիշողութիւնն է,
որին չեմ հասցրել տեղաւորել ուսապարկիս մէջ:

04.11.2020

* * *

Պատերազմ տեսնող անտառի
գոյները վախուորած խամրում են,
Արմատները խորացնում հողում
Եւ թաքուն հրճւում են տղաներիս ուժով…
Հողս անտուն մնացած փոքրիկի պէս կծկւում է
Հայորդիներիս սառչող մարմինների անկիւնում,
Երկինքը չի հանդուրժում եւ ոչ մի պատերազմ…
Պատերազմող ձեռքերը մի օր
Նորածին կը գրկեն տաքուկ
Պատերազմող աչքերը մի օր
Կ՚արցունքուեն յիշատակի կենացից
Եւ թաքուն կը հրճուեն իրենց սխրանքով…
Ափդ դառնամ, զինուոր,
Երբ շուրջդ ջհադիստ ռոբոտներն են
Որ դու չդողաս ու չշփոթես բռնածդ նշանը
Ոտնաթաթդ դառնամ, զինուոր,
Երբ շուրջդ ընկերների ու թշնամիների
համերաշխ ու արնահոտ մարմիններն են,
Որ դու չյոգնես ու չշփոթես ուղիդ…
Պատերազմ տեսնող պատերազմող երկիրս
Դուք էք՝ իմ գերուած,
նահատակուած,
կանգուն,
խելագարուած,
կորսուած,
պահանջատէր,
ազնիւ,
անվախ ժողովուրդ …

18.10.2020

ԾԹ. տարի, 2020 թիւ 4