Պետրոսեան Վիտալի
Պետրոսեան Վիտալի

ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹԻՒՆՆԵՐ

ԵՐՐՈՐԴ ԱՍՏՈՒԱԾՈՒԹԻՒՆ

Աստուածները մարդիկ են,
որ ապրում են տարբեր մոլորակներում
եւ մեզ պէս փնտռում են հաւատ
առ մարդ:
Սովորական մարդիկ յիշում են սովորական աստուածներին,
սովորական մարդիկ` ամէնօրեայ իրենց բախտի քրտինքը,
(բախտագուշակների աչքերում պարզաջրուող)`
նայէք պետութիւնների ճակատին:
Բառերը կիսաբաց լուսամուտներ են,
հեղինակները` մարդիկ,
կրկնում է պետութիւնը մոլեգնութիւն,
հարբել են մարդիկ:
Այս մարդկանց աչքերում սպանուել են
աշխարհի բոլոր թուրքերը,
այս մարդիկ հայ են,
որ պարզաջրում են աչքեր:
Չգիտեմ ո՞վ, ո՞ւմ եւ ե՞րբ է խաբում,
բայց կրկին խաբւում է մարդը,
խրամատների եւ սենեակների տարբեր անկիւններում,
որտեղ մլաւում է կատուն:
Մարդը կատուից առիւծ է դառնում,
(մի օր ուտելու է կատուին),
որ մկներն այնքան բազմանան
ու մեծանան, որ դառնան կենգուրու:
Հիմա բոլորը քայլում են,
ուղղակի ոչ մէկը
չգիտի,
թէ ո՞րտեղ է հասնելու:

 

ՔԱՂԱՔԻ ԱՉՔԵՐԸ

 

Ես ծխում եմ բաց պատուհանների
փեղկերի արանքում,
դիմացս քաղաքն է ու իր ստուերները`
գիշերային լուսաւորութեան քամիներում:
Գիշերը հսկում է պատուհանները,
վարագոյրները սեղմւում են նկուղներին,
որտեղից երեւում է մի զոյգ ներքնաշոր,
որ քամին կախել է ժամանակի պատին:
Օրերը չւում են,
դիմացս գիւղեր են`
Վարդաշատ, Վանք, Տեաք,
որոնց պաշտպանում են գիշերային խաչերը`
ցերեկային լոյսերով ողողուած:
Խաչերը պաշտպանում են գիշերը,
ցերեկը գիւղերը դատարկւում են,
օրերը մթնում են ինչ-որ թաքուն տեղ,
որտեղ կաշառուել է «մուրացիկը»:
Հիմա շատերը ցնկնում են դեւեր.
հրեշտակների դարաշրջան է,
կտուրից կատուները տարան ձուն,
եւ կճեպի երեւակայութիւնը դեղնուցն է:
Չգիտեմ ո՞վ, որտե՞ղ…
բոլորը թռչելու են
ափսէների այլմոլորակային տիեզերքում.
հիմա խաչերն ուղղակի դիտում են
քաղաքի աչքերը:

 

ՉՈՐԱՑԱԾ ԲԱՌԵՐԻ ԽԱՇԱՄԸ

 

Բառերն այնքան են չորացել,
որ խաշամներով հոսում են դէպի յիշողութիւն,
բոլոր բառերն հիմա բարբառ են`
խօսելու լեզու:
Տնտեսւում է բառերի ճգնաժամ,
եւ ժամանակ, որ մարդիկ ճանաչեն մարդուն,
հիմա շատերը մօրէմերկ վազում են,
նրանց ուղղակի ծափահարում են։
Ձիերը վարգում են,
վարկերը լափում են.
ես հնարել եմ կերպար,
որ վազի յիշողութեան ճանապարհով.
ես ապրում եմ ուղղակի ժամանակ:
Ես չգիտեմ, ինչպէ՞ս լռել:
Ինչո՞ւ լռել:
Բարբառը ճանապարհի լեզուն է.
մարդն ուղղակի ապրում է,
դա կենսագրութիւն չէ,
դա հաճոյք է:

ԾԹ. Տարի, 2020 թիւ 4