Ապրիլեան
ՎԱՆ ՆՈՎԻԿՈՎ

ԵՐԲ ԼԻԱԼՈՒՍԻՆ ՉԼԻՆԻ

Նոյնիսկ ամառուայ տապը կը սարսռայ ապրիլեան ցրտի վերյուշից:
     Նրանք փորձել էին սպանել մահը` փշալարերով, բահերով, բռունցքով ու վերջին նռնակով: Սարսափած ու խուճապահար մահը Նրանց էլ իր հետ տարաւ: Յետոյ ուղեկիցներ ունեցան, որոնց հետ տախտակեայ, լաքապատ ամենագնացներով հասան վառօդահոտ լաւաների դրախտ: Այստեղ բոլորը պիտի անհոգ ու ներդաշնակ ապրէին: Եղբայրաբար: Անականջ, անգլուխ, անոտ ու անթեւ: Քաւարանում դիմաւորող Սերովբէի հայեացքը բազմանշանակ էր: Դողով էր բռնուել: Թեւերն աննկատ ցնցւում էին, նրանց տեսքից:
     Այստեղ Ձեզ երկար ենք սպասել, բայց փոքր-ինչ շտապեցիք: Ճանապարհին պահապան հրեշտակներ չմնացին:
     Մի մտահոգուիր, նրանք դրախտի ճամբան կը գտնեն:
     Գիտեմ, բայց նրանք թեւեր չունէին, որովհետեւ ճանապարհուելուց առաջ սրսռուն ցրտից այրուեցին:
     Միեւնոյնն է, նրանց թեւերն այդպէս էլ թռչելու չափ չէին աճելու, որովհետեւ այրուեցին քաւարանի պարիսպների տակ ապրիլեան ցուրտ գիշերով` նեռին սպասելիս:
     Այդ օրուանից էր, որ ոչ ոք այլեւս չդիմաւորեց արեւածագն ու լիալուսինը, թէկուզ Նրանք միշտ վերադառնում էին: Պահապան հրեշտակները։
     Նրանց հետ այլեւս ոչ ոք չի լուսանկարւում: Այլեւս ոչ ոք ժամադրութեան չի կանչում: Աղջիկներն իրարից չեն խլում: Ոչ ոք, բացի Նրանցից, չի իմանայ` դաշոյնի շեղբն էր առաւել սառը, թէ ապրիլեան գլխատող ցուրտը: Պահածոների տուփերը, ժանգից փտած փշալարը, մաշուած անուադողերն ու դատարկ պահեստատուփերն էին մեղաւոր:
     Նրանք միշտ երկնքում են գիշերում: Այն խաւարման օրից, երբ արնաքամ կիսալուսինը խժռած հրէշները պաշարեցին դրախտի դարպասները, աննկատ, որովհետեւ Մարդակուլ Չաստուածների աչքերը ագահութեան որդերն էին կրծել: Հրէշների ոլոր ու լորձնոտ սողքը գիշերային տեսասարքերի փոխարէն միայն կիսալուսնով կարելի էր տեսնել: Զինուորական ճտքակօշիկի կրնկով հրէշները սեղմուեցին գետնին ու ստիպուած էին անզօր գալարուել, որովհետեւ Թուր-Կէծակին Մսրայ Մելիքն էր թռցրել, երբ հրեշտակները մահաբեր նիրհում էին: Յետոյ արնածարաւ սողունները վերածւում են անզգայ խրտուիլակների՝ անտարբեր ատելութեան մոլուցքի, զզուանքի, արհամարհանքի, ցրտի, ցաւի, լրագրողների ֆոտովիդեոխցիկների ու սարդոստայնային յոխորտումների հանդէպ: Պահապան հրեշտակների հետ հանդիպումից առաջ դրանք կարողանում էին ոտքի մէկ հարուածով դռներ կրնկահան անել, իրենց գործառոյթից զրկուած, անպաշտպան ականջներ կտրել ու անթեւ հրեշտակներ գլխատել: Խրտուիլակի կիսախուփ աչքերն անթարթ են: Կիսամութ: Դրանց խորքում լուսինն անյագ խժռելու ու նրա արնածոր վէրքն անյագ լիզելու մշուշ է, առջեւում` անէութիւն, դատարկութիւն, զրօ: Ատէի* կատարեալ մարիոնետներ: Վախը, ոչ թէ մահուան հետ ժամադրութիւնն է, այլ` դրա համար պատճառներ չգտնելը:
     Հնարաւոր է, որ նեռին կրկին դրախտ են տեղափոխելու:
     Նրա մեղքերի ներման հարցում կարծես վերեւներում համաձայնութեան են եկել:
     Հնարաւոր է, որովհետեւ հիմա տեղեկատուական բարձրագոյն տեխնոլոգիաները, վարդագոյն պատմուճաններով դատաւորներն ու համասեռական զոմբիներն են դատում: Մինչդեռ, երբ արնախում հրէշները լլկում էին լուսինն ու պահապան հրեշտակներին, գլամուրային ատեանների մուրճերը վաղուց արդէն թանգարանային փնտռուած ցուցանմոյշներ էին: Հիմա էլ որոշել են բնապահպանական նկատառումներից ելնելով սատարել` ուտելի, մանր ու սեւ ձուերով վերարտադրուող, հազուագիւտ խաւարասէրների այդ պոպուլեացիային, որը գլամուրացիների աւտոարշաւներ, գնդախաղեր ու մարդ ու լուսին խժռելու անթոյլատրելիութեան վերաբերեալ կոնֆերանսներ է կազմակերպում, որոնց ժամանակ 1 րոպէ լռութեամբ յիշում են լիալուսինը խժռած հրէշներին, որոնց երազանքներն արդէն որդերի օրապահիկ են: Յետոյ, կապտավարդագոյն երազանքներ կ՚իրականան: Կիսամութ գիշերներին վառ կարմիր գիշերազգեստները կը նուաղեն կրքոտ մատնահետքերից, լաքապատ ու արնագոյն բարձրակրունկները չեն դիմանայ… մեղքի ծանրութեանը: Ատելութիւնից ու տրփանքից փրփըրած բերանները կը մթագնեն շամպայնի կատաղի յորդումից, իսկ աչքերը` դիւրավառ ու լպրծուն հեղուկով, որի սեւ կրակը անհաշիւ հոգիներ է լլկում` դժոխքում, դրախտում…
     …Ում` ինչ, որ վաղը հնարաւոր է լիալուսին չլինի:

* Ատէ՝ խաբէութեան յունական աստուածուհի

ԾԹ. ՏԱՐԻ, 2020 ԹԻՒ 4

յաջորդ
Տ.Տ.Տ.-Ն