Արծուի Բախչինեան

Տ.Տ.Տ.-Ն

Աշոտ Բագրատունի Մսակերի ու նրա համախոհների յիշատակին

Մեր մտերիմ քառեակը ծանօթացել էր 13-14 տարեկանում, քաղաքի նորաբաց կարատէի խմբակներից մէկում, ու այդպես էլ մնացինք մտերիմներ։ Մինչեւ 17 տարեկանը հասցրել էինք միասին շատ բաներ անել, մի բան չէինք արել, դա էլ արեցինք, բայց վա՛յ էդ անելուն։ Համատեղ յիշողութիւններն անթիւ-անհամար են, բայց այդ մէկը չորսս էլ մշտապես յիշում ենք մշտական քրքիջով ու թախիծով…
     – Չկրկնե՞նք Տ.Տ.Տ.-ն,– ասում է Էդգարիկը, մէջներիս ամենից փափկասունը։
     – Դա անկրկնելի ա,– ասում է Վահանը, որին ասում էինք Վագաշ, իր ռուսախօս ընտանիքի պէս։
     – Հաստատ,– հաստատում է Հրայրը, որին խոշոր լինելու համար ասում էինք Բալու՝ «Մաուգլիի»[1]«Մաուգլի», Ռադեարդ Քիփլինգի հէքեաթը եւ համանուն խորհրդային բազմանկարը։ արջի անունով։
     – Դէ վերջացրէ՛ք,– իբր սաստում եմ ես, ու ծիծաղում ենք հազարերորդ անգամ…
     Դպրոցն աւարտելուց մէկ տարի առաջ էինք պայման կապել, որ եթէ ընդունուենք ամէնքս մեր ուզած բարձրագոյնը, կը գնանք, մի շաբաթ կը մնանք Բալուենց գիւղի տանը։ Աւարտական տարում մեր քառեակը հանդիպեց մենակ մեր ծնունդներին ու Նոր տարուն, քանի որ խրուած էինք պարապմունքների մէջ։ Չորսս էլ ընդունուեցինք ու օգոստոսի սկզբին իրականացրինք մեր վաղուց փայփայածը՝ տաս օրով աշխարհից կտրուել Երեւանից երեք ժամ հեռու գտնուող մի գիւղի ծայրամասի առանձնատանը, որտեղ թէեւ մարդ չի ապրում, պայմանները փայլուն չեն, այգի-բանջարանոց չկայ, բայց դէ նոր կեանք մտնող չորս մայրաքաղաքցի ընկերներիս թւում է շատ հրապուրիչ…
     Ու չորսով «գցուեցինք» ու գնացինք շուկայ՝ զինուելով ուտելիքի պաշարով։ Տնեցիներն էլ տարբեր բաներ դրեցին մեզ հետ, ընդհուպ մինչեւ՝ ձու։ Ժամանակները փոխուել են, մի ժամանակ գիւղից էին քաղաք ձու տանում, հիմա՝ հակառակը…
     Գիւղ հասանք ու դարպասից մտնելուն պես միայարկ հին տունն ու բակը լցրեցինք մեր ճիչ-գոռոցով։ Մի խարխուլ լողաւազան կար բակում, որը լցրեցինք ոռոգման ջրով ու եօթ օր շարունակ գորտերի պէս երկկենցաղավարում էինք։ Ջրից դուրս էինք գալիս միայն ուտելու համար։ Մէկ-մէկ էլ՝ երկաթներով մի քիչ մկան լցնելու ու պարելու։ Երեւի հարեւանները գժուեցին՝ այդ տաս օրուայ մէջ օրը տաս անգամ լսելով մագնիտոֆոնով բարձր միացրած աֆրիկեան ինչ-որ լեզուով հնչող երգը, որի կրկներգը մեր կուարտետը բաղաձայն աղաղակում էր.
     – Ա՜յիյէ ամվանա՜…
     Կամ էլ երգում էինք՝
     – Մի միլիոն, մի միլիոն, մի միլիոն, ծիծիլէո՜ն[2]«Մի միլիոն, մի միլիոն, մի միլիոն ալ վարդեր» ռուսերէն երգից։
     Հոլ պտտելու, պարսատիկով կրակելու, ամէնքի հետ անկապ պատճառներով գլուխ դնելու մեր տարիներն անցել են։ Մի քիչ ռոմանտիկ ենք, մի քիչ գժուկ, մի քիչ կռուազան, մի քիչ միամիտ, մի քիչ անառակ, մի քիչ առակով։ Ու շատ ինքնավստահ ենք։ Ու գրեթէ միշտ… սոված։ Այսինքն, սոված չենք մնում, բայց անընդհատ ուզում ենք բերաններս մի բան գցել։ Դէ ինչ անենք, դեռ աճող օրգանիզմ ենք։
     – Ես կեանքում երբեք չեմ հասկացել՝ ինչ ա նշանակում կուշտ լինել,– մի անգամ խոստովանել էր Բալուն։ Մենք թերեւս համակարծիք էինք, բայց չերկրորդեցինք…
     Առաջին իսկ օրը խորոված սարքեցինք։ Այնպէս, ինչպէս սարքում են հայ տղամարդիկ։ Այսինքն՝ մէկը սարքում է, իսկ միւսները մանղալի շուրջը նստոտած կամ բոլորած, փորձառու կեցուածք ընդունած՝ իմաստուն խորհուրդներ են տալիս պատրաստողին… Այդպէս արդուկում էինք մեր խորովածչու՝ Վագաշի գլուխը, մինչեւ որ նա մեզ ուղարկեց համապատասխան տեղը մի ռուսերէն չգրուելիք խօսքով… Իրաւունք ունէր։ Դէ մենք էլ ծիծաղելով գնացինք, բայց՝ լողաւազան… Այդ տաս օրը եթէ դարպասից ներս էինք՝ մնում էինք միայն շորտերով ու վարտիքներով, ուստի առաջին իսկ օրը լաւ վառուեցինք, մեր բերած ողջ մածունն էլ վատնուեց մեր արեւախորով մաշկը հանգստացնելու վրայ…
     Տանը սառնարան չկար, մնացած միսը պահեցինք նկուղում՝ կախելով առաստաղից, որ մուկ կամ միջատ վրան չբարձրանայ։ Մուկ՝ չէ, բայց միւս օրը վրան նստած տեսանք չորս անամօթ իշամեղու։ Նրանց վռնդեցինք ու նորից խորոված արեցինք։ Այս անգամ չորսս էլ իրար օգնելով պատրաստեցինք՝ առանց խորհուրդների։ Նոյնիսկ պոպոքի միջուկի պէս պահած Էդգարիկը աչքերը կսկծացնելով շամփուրները շուռումուռ տուեց։ Բայց նախորդ օրուայ պէս համով չեղաւ, քանի որ միսը կորցրել էր թարմութիւնը։ Երրորդ օրն արդէն պիտի անցնել պահածոյ-մահածոներին (բա մահածոյ չեն, ի՞նչ են)։ Բացեցինք Բալուի նախատատիկի պատրաստած անմահական տհալը, առաւօտը դրա անմահական իւղով անմահական ձուածեղ պատրաստեցինք, իսկ ճաշին ոչնչացրինք բուն տհալը՝ անմահութիւն մաղթելով Բալուի 90-ամեայ տատիկին… Չորրորդ օրը սպառուեց-գնաց մեզ հետ բերած երշիկեղէնը ու դատարկուեցին պետական պահածոյացուած մսի տուփերը, հինգերորդ օրը չքացան մի քանի տուփ պետական պելմենները[3]Ռուսական խմորամիս։, որը եփեցինք գազօջախի վրայ, մի նախնադարեան կաթսայի մէջ…
     Վեցերորդ օրը այլեւս միս չկար…
     –Դէ լաւ, ոչինչ, մենք ուրիշ բաներ ունենք՝ վերմիշել, կարտոֆիլ,– փորձեցի մխիթարել տղաներին։
     Այդ օրը սարքեցինք մոխրի մէջ ֆոլգայի[4]Նրբաթիթեղ։ մէջ փաթաթած կարտոֆիլ, որ տաք-տաք վիճակում հանում ես թղթից, վրան հորիզոնական բացուածք անում, մէջը դնում մի կտոր կարագ, ծեծած սխտոր, աղ ու անոյշ ես անում գդալով՝ մռմռալով տաքութիւնից ու համից… բայց դա, պարզուեց, մեզ քիչ էր…
     – Ախ, բա մի կտոր միս չլինէ՞ր,– նվնուաց Էդգարիկը։
     – Մաման ասում ա՝ որ եթէ ինձ ու ախպօրս միս չտայ՝ իրան կ՚ուտենք,– ասաց Բալուն։
     – Պապս էլ ասում էր՝ մի կտոր միս լինի, թէկուզ շան միս,– ասացի ես։
     – Ի՞նչ ես առաջարկում, գնանք գիւղից մի հատ շուն բերե՞նք,– քմծիծաղեց Վագաշը։
     – Ինչի՞ շուն,– գոռաց Բալուն,– գիւղի փողոցներով լիքը չալաղաջներ, դմակներ, զնգեր, մոժոժներ են գնում-գալիս, լիքը քիւֆթացուներ, քեաբաբացուներ, տժվժիկացուներ, բաստուրմացուներ, սուջուղացուներ, խաշացուներ…
     –Արա, դէ սո՜ւս… էլ չեմ դիմանում…
     Գիւղի խանութում, պարզ բան է, միս չկայ, իսկի քաղաքի խանութներում չկայ, սովորաբար մեր հայրերը շուկաներից ու «տակից» են առնում, ինքներս էլ մեր բերած մթերքը հեշտ չճարեցինք… Գիւղացիներից մէկնումէկը երեւի ինչ-որ բան ծախելիս կը լինի, առնուազն՝ հաւ, բայց մեր ձեռքին էդքան փող չկայ… Իսկ մենք լողում ենք, պարում ենք, մի երկու անգամ անտառ գնացինք, այսինքն՝ էներգիա ենք ծախսում ու կարտոլ[5]Կարտոֆիլ, գետնախնձոր (հայերէն բարբառով)։վերմիշելով չենք կշտանում…
     –Վայ, լսեցի՞ք,– անմսութեան երկրորդ օրը ձայն տուեց Բալուն։
     –Ի՞նչ…
     –Դրսից ղազի[6]Սագ (թուրքերէն)։ ձէն էկավ… հիմա մի բոլուկ շոշով գնում ա… չգնա՞մ մէկին բռնեմ, խորոված անենք…
     –Հանգի՜ստ, ընկեր շտանգիստ[7]Ծանրամարտիկ (ռուսերէն)։… կարող ա՞ գիտես՝ Պանիկովսկին[8]Իլֆի եւ Պետրովի «Ոսկէ հորթը» վէպի հերոսը, որը սագ է գողանում։ ես… սագի՜կ, տոտի՜կ…
     Իրականում մեզնից ոչ ոք չի կարող հաւ մորթել, նոյնիսկ Բալուն…
     Ինչ արած, պիտի հաշտուէինք մինչեւ գնալն անմիս ապրելու հետ։ Էդգարիկը մի անգամ փորձեց խօսք բացել, որ ամէն օր միս ուտելը վնաս է, որ խոլեստերինը… բայց մենք երեքով շտապ փակեցինք նրա բերանը։ Իսկ ես մէջբերում կատարեցի երդուեալ մսասէր տատիկիցս՝ «թէկուզ շան միս լինի» ասող պապիկիս համախոհ կնոջից.
     – Մի օր ասեց՝ ես սաղ կեանքս խոլեստերին կերել եմ, խոլեստերին ուտելով էլ պտի մեռնեմ…
     Խե՜ղճ մենք։ Ինչից խօսում էինք՝ էլի յանգում էինք մսակերութեան թեմային։
     – Բա գիտէ՞ք, որ մեր պատմութեան մէջ ունեցել ենք Աշոտ Մսակեր իշխան,– լուսաւորեցի ես հայագիտութիւնից հեռու ընկերներիս։
     – Դզե՜ց,– ուրախացան երեքն էլ։– Տեսնես ուրիշ ազգերն էլ ունեցել ե՞ն էդ անունով մէկը…
     Բերթոլդ Բրեխթի պիեսներից մէկի հերոսն ասում է, որ մի անգամ ընկերներով մի քանի օր միս (Fleisch) չուտելուց յետոյ բերանների ջուրը գնում էր, երբ լսում էին F-ով սկսուող որեւէ բառ, օրինակ՝ Fliege (ճանճ)։ (Ռուսերէն թարգմանութեան մէջ էլ նոյն կերպ мясо-մսի համար օգտագործել էին «муха»՝ ճանճ բառը, լաւ է, որ հայերենում մ-ով միջատի անուն ունենք, ուստի թարգմանել էին «մոծակ»…)։ Հիմա մենք էինք… Մի բան էլ՝ վերան։ Մի անգամ Էդգարիկն իր կարմիր ոլոռիկաւոր վարտիքով գամակին պառկած ճօճւում էր, մէկ էլ Բալուն աչքերը գցեց վրան…
     – Եա, Էդգարի՞կ, պարզւում ա՝ լաւ թոնթոլ, սպիտակ միսիկներ ունես… էսօր քեզ չուտե՞նք,– ասաց նա ու մռնչալով առաջացաւ դէպի Էդգարիկը։
     – «Մարդակեր գազան է սա, ում ասես՝ կ՚ուտի»,– հայկական մուլտֆիլմից մէջբերում կատարեց Էդգարիկը ու իր սպիտակ տոտոխով հետ մղեց Բալուին։
     – «Կ՚ո՜ւտի, կ՚ո՜ւտի»,– արձագանգեցինք ես ու Վագաշը ու կէս ժամ ծիծաղում էինք մեր յաղթանդամ ընկերոջը շատ բնորոշ կատակի վրայ՝ ճոխացնելով այն…
    Ութերորդ օրը տհաճութեամբ ուտում էինք վերմիշել ու խօսում, թե ամենից շատ ո՛ր ուտելիքին ենք կարօտել։ Ու պարզուեց, որ բոլորս տոլման ենք կարօտել։ Բանջարեղէնով կամ թփով՝ կարեւոր չէ…
     – Կեանքում չէի մտածի, որ մի օր կը կարօտեմ տոլմային,– ասաց Վագաշը։
     – Հա՛ էլի, էնքան շուշուտ ենք ուտում, որ ի՞նչ կարօտել,– ասացի ես։
     – Բա՛լու, էս գիւղում մի բարեկամ չունե՞ս, մեզ հրաւիրի տոլմայի,– թնկթնկաց Էդգարիկը։
     – Չունեմ, սաղ քոչել են… համ էլ պատկերացնում է՞ք, թէ որ ունենայինք, հօ չէի՞ գնալու-ասելու՝ բարեւ ձեզ, հիւր ենք էկել, մեզ տոլմա պատիւ կը տա՞ք…
     Ողջ երեկոն անցաւ տոլմայական խօսակցութեամբ։ Պարզեցինք, որ մէկիս մաման մէջը սեւ սալորի չիր է դնում, միւսի տատիկը՝ թարմ սերկեւիլի խոշոր կտորներ, երրորդինը՝ թթու բալի չիր, որ շատ համով է մոռի տերեւներով փաթաթած տոլման, նռան հիւթի մէջ եփուած տոլման, մէջը դմակ ճլպորած ու տակը ծուծքով ոսկոր դրած տոլման… տոլման… տոլման… տոլմա՜ն…
     Առաւօտը սկսուեց բակում ծառի տակ մեր արդէն աղքատիկ դարձած նախաճաշով՝ չոր լաւաշ ու պանրով թէյ, երբ մէկ էլ դարպասի դուռը՝ թը՛խկ-թը՛խկ։ Բալուն, տանտիրոջ իրաւունքով գնաց բացելու, իսկ մենք երեքս մեր ականջները սրած՝ լսեցինք հետեւեալը.
     – Հրօ ջան, բարեւ… դու ինձ չես յիշում, ես պապուդ քեռու տղէն եմ… Էրեւանում եմ ապրում, էրէկ հօրդ տեսայ, իմացաւ, որ էսօր առաւօտ գիւղ եմ գալու, ասեց, որ ընկերներով էստեղ էք ու խնդրեց ձեզ էս բանը հասցնեմ…
     Մենք իրար նայեցինք։ Ի՞նչ կը լինի «էդ բանը»։ Լսեցինք, որ Բալուն շնորհակալութիւն յայտնեց, մարդուն հրաւիրեց ներս, բայց մարդը հրաժարուեց, քանի որ արդէն պիտի քաղաք վերադառնար։ Դարպասը փակուելուց յետոյ լսեցինք Բալուի ոռնոցը՝ «այո՜», որից յետոյ նա թռած եկաւ մեզ մօտ։
     – Պապայիս ցա՜ւը տանեմ,– գոչեց նա,– հլա տեսէք՝ ինչ ա ուղարկել…
     – Մի՜ս,– վեր թռանք մենք։
     Փափուկ միս էր, տաւարի սուկի[9]Կովի փափկամիս։
     Ու սկսեցինք առանց երաժշտութիւն պարել…
     – Բա, տղէք, գիտէ՞ք,– սկսեց Վագաշը,– մի անգամ Մոսկուայից հօրս գործի տեղը ռուս պաշտօնեայ կնիկներ են էկել, տարել են սրանց ռեստորանում պատիւ տալու, խոզի սուկի են բերել, հիմնարկի պետը էս կնիկներին ասել ա՝ кушайте на здоровье суки[10]Բարով կերէք սուկի (ռուսերէն սուկի՝ քածեր)։… Հազիւ են պրծել համամիութենական սկանդալից…
     Քրքջացինք, ապա միաձայն որոշեցինք, որ երէկուայ մեր տոլմայական խօսակցութիւնից յետոյ պիտի համատեղ ուժերով տոլմա սարքենք…
     Տան վրայ խաղողի մի հսկայական վազ է տարածուած։ Անխնամ մնալով՝ պտուղ համարեայ չի տալիս, բայց մեզ հիմա նրա տերեւներն են պէտք։ Պոկեցինք ամենախոշորները։ Յետոյ Բալուն խոհանոցի խորքերից պեղեց մի նախնադարեան մսաղաց, որի վրայի ժանգը ջանասիրաբար քերեց, դանակը սրեց մի ոչ պակաս նախնադարեան սրոցով։ Լաւ էր՝ մեզ մօտ նորմալ դանակ կար, որով կտրտեցինք միսը։ Բայց աղալն ահաւոր չարչարալից էր։ Անընդհատ խցանւում էր ու միսը ծամծմուած՝ յետ էր գալիս, մենք էլ նորից էինք աղում։ Փոխնէփոխ աղացինք՝ մի լաւ նեարդահան լինելով, բայց տոլմա ուտելու հեռանկարը, այն էլ մեր արդար ձեռքերով պատրաստուած, մեզ ահաւոր ոգեւորում էր…
     Յետոյ խճողակին աղ ու պղպեղ աւելացրինք ու սկսեցինք փաթաթել խաղողի տերեւների մէջ։ Ա՛յ դա լաւ չէր ստացւում։ Տերեւը կոտրւում էր, միսը մէջից դուրս էր բլթում։ Արդիւնքում կաթսան լցուեց անհամաչափ, մէկը միւսից տգեղ տոլմաներով… Բայց ի՜նչ հաճույք էր չորս ընկերներով միասին տոլմա փաթաթելը… Փաթաթում էինք ու «Ա՜յիյէ ամվանա՜» երգում…
     – Բայց ջոկում է՞ք, տղերք,– երջանիկ ասաց Էդգարիկը,– միասին հլա որ ճաշ էփած չկայինք, էս էլ արեցինք…
     Կաթսան լցուեց։ Գազօջախ չկայ, դրեցինք էլեկտրական վառարանի վրայ։
     – Արա, սպասէք, մսի մէջ կանաչի չլցինք,– ասաց Բալուն։
     – Ճի՜շդ որ… բայց կա՞ր, որ լցնէինք…
     – Ես յիշում եմ, որ ֆարշի[11]Խճողակ (ռուսերէն)։ մէջ ձու էլ են գցում,– ասաց Վագաշը։
     – Էդ կատլետինի[12]Կողիկ։ մէջ, տոլմինի մէջ չեն գցում,– գիտակի պէս ասացի ես։
     Հինգ րոպէ անց յանկարծ միտքս լուսաւորուեց.
     – Տղէ՛ք,– գոռացի,– բայց պտի վրէն ջուր լցնէինք, չէ՞…
     – Ճի՜շդ որ… շո՛ւտ անենք, քանի չի վառուել…
     Ջուրն էլ լցրեցինք ու սկսեցինք անհամբեր սպասել։
     Բայց բոլորիս սովոր տոլմայի անոյշ բոյրը չէր ուզում տարածուել։
     – Կարող ա՞ պտի խառնենք,– հարցրեց Էդգարիկը։
     – Տոլմէն չեն խառնում, դա՛մբուլ,– ասաց Վագաշը։
     Ինչեւէ, մէկուկես ժամ յետոյ նստեցինք սեղան։
     Ափսէների միջինը ոչ թէ տոլմա էր, այլ խոհարարագիտութեանը մինչ այդ պահն անյայտ ինչ-որ խայտառակութիւն։ Խաղողի տերեւները մնացել էին կոշտ, չոր, չէին ծամւում, ուստի ոնց փաթաթել էինք, այնպէս էլ քանդեցինք։ Յետոյ պիտի իմանայինք, որ օգոստոսի վերջի դախացած տերեւն այլեւս պիտանի չէ տոլմայի բարուր դառնալու համար, բացի այդ, պէտք էր նախապէս խաշել… Միջուկը մեծ մասամբ կիսաեփ էր ու անհամ, եթէ ոչ ժանգահամ՝ մսաղացի վրայի ժանգից։ Յետոյ պիտի անդրադառնայինք, որ կանաչիից բացի պէտք էր մէջը լցնել բրինձ, գլուխ սոխ ու համեմունքներ, իսկ այդ պահը լրիւ մտքներիցս թռել էր։ Մոռացել էինք նաեւ իւղի եւ լոլիկի հիւթի մասին, որոնց մէջ պիտի եփուէր տոլման, էլ չասած ուրիշ օժանդակ բաների մասին, օրինակ, սխտոր-մածունի, որը նոյնպէս չունէինք։ Իսկ կաթսայի ամենատակի շարքը լրիւ վառուել էր…
    – Պտի խորոված սարքէինք, պրծնէինք,– փնփթփնթում էինք մենք, բայց մեղաւորներ չէինք փնտռում։
     Եւ քանի որ, ըստ հայկական իմաստութեան, «շունը սատկացնողն է քարշ տալիս»՝ մինչեւ վերջ կերանք տոլմայի տնազը՝ որպէս «մեղմացուցիչ» վրան քսելով տհալի բանկայի տակ մնացած իւղից։ Ու յաջորդ երկու օրերին այլեւս չէինք խօսում մսեղէն կերակուրներից ու չէինք յիշում  չարաբաստիկ տոլման…
     Բայց հետագայում հազա՜ր անգամ ծիծաղելով պատմեցինք, ու մեր շրջապատում չիմացող չմնաց։ Անգամ աւելի ուշ մեր կանայք ու զաւակները սկսեցին յիշեցնել մեր անփառունակ տոլմայապատումը…
     Հետագայում մեր քառեակը բազմիցս միասին ճաշակեց մէկը միւսից ընտիր տոլմաներ, բայց մեր համատեղ ուժերով պատրաստած այս առաջին ու վերջին տոլմայի ոդիսականը մնաց մեր վաղ երիտասարդութեան ամենաքաղցր յուշերից մէկը, որը, ինչպէս սկզբում նշեցի, յիշում էինք որպէս Տ.Տ.Տ… «Տղերքի տոլմայի տնազ»…

Կ. ՏԱՐԻ, 2021 ԹԻՒ 1

References
1 «Մաուգլի», Ռադեարդ Քիփլինգի հէքեաթը եւ համանուն խորհրդային բազմանկարը։
2 «Մի միլիոն, մի միլիոն, մի միլիոն ալ վարդեր» ռուսերէն երգից։
3 Ռուսական խմորամիս։
4 Նրբաթիթեղ։
5 Կարտոֆիլ, գետնախնձոր (հայերէն բարբառով)։
6 Սագ (թուրքերէն)։
7 Ծանրամարտիկ (ռուսերէն)։
8 Իլֆի եւ Պետրովի «Ոսկէ հորթը» վէպի հերոսը, որը սագ է գողանում։
9 Կովի փափկամիս։
10 Բարով կերէք սուկի (ռուսերէն սուկի՝ քածեր)։
11 Խճողակ (ռուսերէն)։
12 Կողիկ։

Your email address will not be published. Required fields are marked *