Սողոմոնեան Տաթեւ
Սողոմոնեան Տաթեւ

ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹԻՒՆՆԵՐ

ԱՆՍԱՀՄԱՆԵԼԻ

 

Մայրն ամենաթանկը տուեց հայրենիքին
եւ շուարած նայեց գորշ, խամրող երկնքին,
յետոյ հպարտ քայլեց
երկրի փողոցներով:
Հայրը վիշտը բռունցք դարձրեց,
մարդկանց ժպտաց,
Աստծոյ առաջ լաց եղաւ,
շարունակեց սիրել եւ օրհնել երկրի հողը
եւ սփոփուել նայելով
երկրի սահմաններին:
Կինը չհաւատաց գարուն է, թէ ամառ,
ծաղիկներն են ծաղկել, թէ տերեւներն են
թափւում,
ծիծաղեց արցունքների միջից,
դարձաւ ծառ եւ ամրացաւ հողում,
հեռուից հեռու նայեց երկրի սահմաններին:
Ես եղելութիւնը հէքեաթ դարձրի,
անպատմելին պատմեցի սերունդներին:
Հիմա, յեղափոխութիւնից յետոյ,
հակայեղափոխական տրամադրութիւններով
փնտռում եմ երկրիս սահմանները,
նայում եմ հողին, ծառին, երկնքին
եւ համոզւում երիցս,
որ անկործանելի են երկրիս սահմանները,
անբացակայ է հերոսների ոգին:

 

ԱՆՎԵՐՆԱԳԻՐ

 

Մղձաւանջը վերջացել է,
բայց յիշողութեան կրակները
իմ մէջ չեն մոխրանում։
Ես պարզ յիշում եմ
ամէն կորուստ, ամէն ցաւ։
Տառապանքի տեսիլքները
չեն խունանում.
յաճախ եմ վերյիշում
պապիս դէմքը,
երբ ասացին՝ որդիդ այլեւս չկայ,
նա չգիտէր՝ ինչ ասել,
ում ասել եւ ինչպէս…
Ոտաբոբիկ տատիս,
որ վազում էր չգիտես, թէ ուր՝
դէմ-դիմաց տեսնելու մահուան դէմքը։
Ես մէկ-մէկ յիշում եմ
բոլոր արցունքները,
եւ չեղած ծաղիկները
եւ չեղած համազարկերը,
չեղած սգոյ թափօրները,
ո՞վ էր ում թաղում, ո՞վ ապրեց յետոյ։
Ամէն գարնան գալով
ես յիշում եմ արբշիռ գարունը 93-ի …
եւ տաք-տաք մի արնահոտ
իմ ռունգերում է մինչեւ հիմա։
Սուտ են բոլոր
մխիթարական բաժակաճառերը,
համբերութիւնը ճաք տուած բաժակից
վաղուց հոսել, գնացել է։
Ժամանակը չի բուժում վէրքերը,
ժամանակը նրանց տարբեր երանգներ է տալիս,
ես ամէն երանգ սրբօրէն պահում եմ իմ մէջ՝
որպէս բազմագոյն դրօշ
յաղթանակի,
կորստեան,
ցաւի,
սիրոյ,
արթուն յիշողութեան…

* * *

Չգիտեմ այս ամենից յետո
ինչպէ՞ս պիտի նայեմ երկնքին,
որ չտեսնեմ հրեշտակների թեւերը

ԾԹ. Տարի, 2020 թիւ 4