* * *
Փողոցն
այսուհետ
միշտ կը մնայ լուռ,
քաղաքը`
առանց լոյսերի,
աչքերը…
…աչքեր
պարզապէս
չեն լինի.
եւ
չեն լինի
ձեռքեր
առանց
ծաղիկների…
Բոլորս
կը փնտռենք `
ու չենք գտնի.
եւ
օրը,
ամիսը,
տարին,
դարը
կը մնայ կիսատ…
…ապրողներն
այլեւս
ժամանակ
չեն ունենայ
ապրելու:
* * *
Յետոյ
կը սկսենք
աւելի խիստ
կարօտել.
եւ յուշերը
կամաց-կամաց
կը վերածուեն
նոր ու չաւարտուող
պատերազմի …
(Մենք հողի տակ ծովից-ծով հայրենիք ունենք):
* * *
Երգեր կան,
որոնք
կիսատ են
երգւում:
Ձիերը
նրանց փոխարէն են
յայտնւում
ճանապարհներին…
Եւ որքան կ՚ուզէք
աղաւնիներ
բաց թողէք.
միեւնոյնն է
խաղաղութիւնը
բերում են
արծիւները:
( …ճախրանքի բոլոր զէնքերը
հակիրճ կենսագրութիւն են դառնում, երբ ընդհատւում են վերադարձի
արահետներին
խաչուող առաւօտները):
Առաւօտները
Արցախում
վաղուց
անծայրածիր են…
* * *
Եթէ արկերը
պայթելուց առաջ
խօսել
կարողանային,
կը պայթէին
աւելի ուժգին,
(բայց ոչ
կեանքեր
խլելու համար):
եւ …
եւ յոգնած ծիածանի
գոյները
համրացած
առաւօտներից
կը փախչէին
ոտաբոբիկ.
ու
ամպերի մշուշուտ
ճահիճների մէջ
իրար հերթ
չտալով
կը գլխատուէին
արեւի
ճառագայթները,
որ մի լուսնի չափ
լոյս չտուեցին…
…ու սէրը չէր վերածուի կարօտի:
Եթէ արկերը
պայթելուց առաջ
խօսել
կարողանային,
աշունը
կը մնար
որպէս տարուայ եղանակ…
* * *
Մենք
եւ մի
«էրգիր»
ունենալու
համար
էլ կռունկ չունենք…
Արցախի
լեռներում
մեր հրանօթները
կրակում են
պանդխտութեան
հայոց բոլոր
երգերը.
մոռացէք,
մոռացէք,
մոռացէք,
որ
նորից
մարդաշատ կը դառնայ
ՏԷՐ ԶՕՐԸ…
ԾԹ. տարի, 2020 թիւ 4