Յասմիկ-Սիմոնեան-լուսանկարիչ՝-Դիրք-Սկիբա

ՄԵՂՈՒՆԵՐ ՊԱՀՈՂ ԱՂՋԻԿԸ

մեղրից ես դու ծնուել,
ինձ մեղրից հարցրու
հին հնդկական բանաստեղծութիւն

Մեղուապահը պապս է,
իսկ ես մօրս մասին եմ ուզում խօսել,
որ ժիր մեղու է,
եւ տունը մայրիկի բուրում է տարատեսակ համադամ թխուածքներով,
եւ սիրտը մայրիկի փափուկ է մանուշակի տերեւի պէս,
ու մենք բոլորով ուտիճների նման կծոտում ենք անդադար մայրիկին,
որ ժպտում է լուռ ու գեղեցիկ՝ ի պատասխան մեր տգեղ խօսքի, որի մէջ
                                                       ձայնաւորները շատ են, բաղաձայնները՝ կարճ:

Մայրիկն աշխատում է օրն ի բուն,
եւ իսկապէս կ’ուզէր հանգստանալ, եթէ վստահ լինէր, որ դա եւս աշխատանք է:
Նա յաճախ է օգտագործում «երջանիկ» բառը, երբ նկարագրում է իրեն ու մեզ
եւ այնքան վստահ է խօսում, որ դժուար չի կռահել՝ նա քիչ է երջանիկ եղել,
որովհետեւ այդպէս վստահ կարող են լինել միայն դժբախտները, իսկ
                                                                            երջանիկները կասկածում են միշտ:

Մայրիկը սիրում է իր ծաղիկներին:
Ծաղիկները սիրում են մօրս,
եւ այդ սէրը չի կեղտոտւում բառերով ու գունազարդ պատկերներով:
Դա ծաղկումի ու շոյանքի միջեւ մի բան է, որ անհեթեթ է թւում մեզ
ու յատկապէս հայրիկին, որին թւում է՝ լուսամուտագոգը զաւթել են
եւ սպառնում է պարբերաբար ազատել մեր տունը կանաչ ելուզակներից:
Բայց մայրիկը սիրում է ծաղիկներին,
ծաղիկներն էլ սիրում են մօրս ու առաւել փարթամ աճում:

Մայրիկը թխում է անուշեղէններ՝ ոլորուն, շերտ առ շերտ, քառակուսի ու կլոր:
Նա փորձարար է, որ ոչ մի կերպ չի գնահատւում
քաղցրի հանդէպ պահպանողական հայեացքներ ունեցող մեր տանը,
եւ ալիւրի հետքը նրա այտին խիզախումի նշան է յամառ,
որ անտարբեր սրբւում է իմ կամ եղբօրս կողմից:
Նա կարդում է գրքեր
ու ժամանակակիցներից գիտի բոլորին
ոչ միայն դէմքով ու գրքի կազմերով:
Հաւանում է քչերին: Ես այդ թւում չկամ:
Յատկապէս թարգմանութիւններս համարում է անտաղանդ,
Իսկ փորձարկումներս լեզուի՝ լեզուի հանդէպ բռնութիւն:
Տարիների հեռուից եկած նրա խոհարարական գրքոյկում
Սեւակից յաջողուած տողեր կան,
հատուածներ Բ. Պրուսի «Տիկնիկից»
եւ կարելի է գտնել ցուցումներ,
թէ ինչպէս պատրաստել միգատօ եւ ինչպէս հաշուարկել օրերը՝
յղիանալու համար ցանկալի սեռի պտղով:

Մայրիկը չի խմում, չի ծխում, ատում է ծխող կանանց,
եւ ամէն անգամ նորովի է մեռնում,
երբ սիկարէթի հոտ է առնում ինձնից,
երբ սիկարէթի մասին յիշատակւում է բանաստեղծութեանս մէջ,
երբ սիկարէթով նկար է յայտնւում համացանցում՝ իւր աղջկայ աքթիւ
                                                                                                          մասնակցութեամբ:

Մայրիկը բռնում է սիրտը, լացում
եւ յիշեցնում արցունքների միջից,
որ ծխելուց ատամները դեղնում են, ձայնը՝ կոպտանում,
իսկ մազերը կարող են թափուել:

Հօրս առաջին կրակայրիչը նուիրել է մայրիկը:
Երբեմն մենք կռւում ենք,
ու մայրիկը պնդում է մշտապէս, որ ինձ փոխեցին իմ գրքերը
ու տարան իր աղջկան, եւ ես բնաւ իր այն աղջիկը չեմ, որ ունեցաւ գարնանը,
որ այդ ես չէի կարդում, այլ գրքերն էին կարդում ինձ
ու նշումներ անում վրաս եւ ընդգծում մատիտով,

մայրիկը յիշեցնում է յաճախ
որ ես տրամաբանելուց զրօ էի,
եւ երբ միասին հաշւում էինք, թէ քանի ոտք ունի աթոռը, իմ պատասխանը
ապուշի պէս լռելն էր:
ուզում եմ ասել քեզ, մա, որ շատ բան առանձնապէս չի փոխուել
լռելը շարունակում է մնալ իմ հոպին
թէեւ դու էլ շարունակում ես սարսափել, թէ ոնց քեզնից ծնուեցի ես
ու միակ բանը, որ յարմար գտայ ժառանգել քեզնից, ոտնաթաթերդ են մեծ
ո՞ւմ քաշեցիր էսքան անպատասխանատու
չես դադարում ամէն օր զարմանալ
ու ես էլ
չեմ դադարում
ամէն օր
զարմացնել

քեզ հետ, մա, քեզ հետ,
ապրելով անհնարին դաժան կեանքը այս՝
բացթողումների, տագնապի ու սիրոյ
հիմա, երբ մի պստլիկ կատու տաքացնում է որովայնս դատարկուած
ես քեզ եմ պարզում ձեռքս
որովհետեւ չունեմ ոչ մէկի
որովհետեւ ինչ ունեմ, դու ես
քո ներումը մեծ
եւ երբեք չկիսատուող սիրտը քո
որ այնքան յաճախ է գոռացել ինձ վրայ
զայրոյթից
յուսահատութիւնից

ինձ տուն տար մա
լուա՛ դէմքս
եւ երբ գրականութիւնը իմ ետեւից գայ
ասա, որ ես յոգնել եմ շատ
ասա, որ ես մենակ եմ շատ
ասա, որ ես յետ եմ գնում
եւ իմ մանկութիւնը
թողած
դեղինի մէջ՝
մեղրի ու մէզի, արեւի ու ոսկու

ասա
եղաւ լաւագոյն սկիզբը
ու վատագոյն սկիզբը եղաւ
ասա, որ ինձ կերան
ասա, որ ես չկամ
ասա թող ինձ քեզ մօտ թողնի, մա
ասա թող ես դառնամ պստլիկ շարժուն մեղու
բզզամ ու չերեւամ
բզզամ ու չերեւամ
բզզամ ու չերեւամ

ԾԶ. Տարի, 2017 թիւ 4

Your email address will not be published. Required fields are marked *