Վահան Իշխանեան

ՄԻՇԷԼԻՆ

—Լսի, էստեղ ով Սովետից է, ռուսի տեղ են դնում, — ասում է Կատեան։
     Ճիշտ է ասում, բայց ես կ՚ասէի ուրիշ բան, Կատեան ինքը ռուս է, ինչպէ՞ս է նկատել։ Իսկ գուցէ թաթա՞ր է, Կազանի կողմերից է։ Մէկ է, ռուսի նման է։
     Մոնթրէալի համալսարանում ֆրանսիզասիոնի աւարտական չորրորդ դասարանից է Կատեան, ես՝ երկրորդից, յետ եմ մնում, վատ եմ սովորում, յետ եմ մնում, ու քարտուղարութիւնը ինձ կցել է Կատեային, որ ֆրանսերէն խօսենք։ Արաբին արաբի հետ են կցում, պարսիկին՝ պարսիկի, իսկ ինձ էլ՝ ռուսի։ Տեղեկացնեմ, որ ես հայ եմ։ Բայց արի ես չորոշեմ։ Հայրս մի քառատող էր գրել, որի վերջին տողն էր привет тебе черный Иван, совсем русский наш Ереван (Ողջոյն քեզ սեւ Իվան, լրիւ ռուս մեր Երեւան)։ Մոնթրէալում պարզեցի, որ ես իրօք Չոռնիյ[1]«Չորնիյ» կը նշանակէ «սեւ»։ Իվանն եմ։
     «Բայց դու խօսում ես ֆրանսերէն», մի ժամ իրար հետ ֆրանսերէն ջարդելուց յետոյ եզրակացրեց Կատեան, եւ երեւի որոշեց, որ իր միսիան աւարտուել է։ Ես ու Կատեան ընդամէնը մի օր ֆրանսերէն խօսեցինք, յետոյ երեք շաբաթ միջանցքում իրար տեսնում, մի ժամ ռուսերէն էինք խօսում։ Ռուսերէնս բացուեց, ֆրանսերէնը լռուեց։ Բայց որոշ մտքեր կարողանում եմ արտայայտել, օրինակ՝ դպրոցն աւարտել:
     «Դպրոցում ինչ էիք երազում դառնալ», — հարցնում է Ամիրը, մեր երկրորդ կուրսի պրոֆեսորը, որ մենք պատասխանելով կարողանանք ֆրանսերէնի անցեալ ժամանակի փասէ կոմպոզէն օգտագործել։
     Թարէքը բժիշկ էր երազել, երազանքը կատարել է, մանկաբոյժ է։ Ուրեմն, Սիրիան մի երկիր էր, ուր երազանքները կատարւում են։ Բայց պատերազմի պատճառով իրականութիւն դարձած երազանքը փլուզուել է, Հալէպը թողել է ու հիմա, Մոնթրէալում ինքն էլ, կինն էլ, որ մաշկաբոյժ է, էլ երբեք բժիշկ չեն աշխատելու։ Կանադական ստանդարտներով եթէ ուզեն բժիշկ վերապատրաստուել, մի հինգ տարի կ՚անցնի, բայց իրենք մեծ են՝ 47 տարեկան, au revoir բժշկութիւն։
     Թարէք, Մոնթրէալն ես աւելի սիրո՞ւմ, թէ՞ Հալէպը։ Հալէպը, կարօտալի ժպիտով ասում է Թարէքը, ի հարկէ Հալէպը։ Հալէպը կատարել էր մանկութեան երազանքը, իսկ Մոնթրէալը խլել։
     Դինը երազել է կոնտաբըլ դառնալ, երազելն ու դառնալը մէկ է եղել, քանի որ 22 տարեկան է, խմբի ամենակրտսերը, ու Մոնթրէալում հաշուապահ աշխատելու համար ֆրանսերէնն էր պակասում, էն էլ ուսանելու երրորդ ամսում արդէն չռթում է։
     Միխալիսը՝ օդաչու, բայց չստացուեց, սպորտի մարզիչ է դարձել, չնայած երեւի էդքան էլ հեռու չեն իրարից։ Կանադայում գործ կը գտնի՝ սպորտ ինստրուկտորի։
     Մարվինի երազանքն էլ է կատարուել՝ բուժակ է երազել, բուժակ էլ դարձել է։ Ոչ միայն ինքը, մեր խմբի միւս երկու ֆիլիպինցիներն էլ՝ Միշէլն ու Դանինը բուժքոյր են։
     Հերթը ինձ հասաւ, je…. Je rêvais de finir l’école երազում էի դպրոցը աւարտեմ։
     Ամիրը լաւ չհասկացաւ՝ այսի՞նքն։ Այսինքն, որ էլ չսովորեմ, քննութիւն չտամ։ Բայց չստացուեց, հայրս պարտադրեց, որ սովորեմ էլի, ինքը պատերազմից Աստծոյ կամքով էր ողջ մնացել, ու դարձել էր մոլի հաւատացեալ, բայց իմ ճակատագիրը չէր ուզում Աստծուն վստահէր եւ սարսափում էր, որ յանկարծ ինձ էլ բանակ չտանեն, իսկ էն ժամանակ համալսարան ընդունուողներին բանակ չէին տանում, ու դպրոցի վերջին տարիներին յիշեց, որ տղայ ունի, դաս անելու խաթէր տանում էր ռեստորան, տարբեր դասախօսների մօտ պարապելու տուեց: Մայան հայոց լեզուի քերականութիւն եւ հայ գրականութիւն էր պարապում, սովորեցի, Ամալեան՝ անգլերէն, չսովորեցի, բայց հօրս ուզած տեղը ընդունուեցի՝ Բանասիրական ֆակուլտետ, որտեղ աւելի մանրամասն էին բացատրում, էն ինչ Մայան սովորեցրել էր: Խօսքի՝ խօսքը ունենում է մասեր՝ խօսքի մասեր, նրանցով զբաղուող քերականութիւնը կոչւում է ձեւաբանութիւն, բայը խօսքի մաս է, նա կարողանում է դէմք ստանալ եւ խոնարհուել, եւ հիմա ֆրանսերէնի դասին, որ պրոֆեսորը գրատախտակին մի բայ է գրում, ապա կողքը նոյն բայը ուրիշ վերջաւորութեամբ, հասկանում եմ թէ ինչից է՝ բայերը դիմափոխուելու ու խոնարհուելու յատկութիւն ունեն, յամենայնդէպս հնդեւրոպական լեզուներում։
     Բայց էլի, որ աւարտեցի համալսարանը, վճռել էի, որ էլ երբեք չեմ սովորելու։ Չեմ սովորելու, որ ինձ դաս չհարցնեն, որ քննութիւն չտամ, որ ամէն քննութիւնից առաջ սիրտս արագ չխփի։ Չստացուեց, հիմա էլ էկել ֆրանսերէնի դասերի եմ, պիտի քննութիւն տամ, ստիպուած, Քուէբեկը պահանջում է ինտեգրման համար ֆրանսերէն իմանալ։ Չիմացա՞ր, Քաքը, որ կառավարութիւն է կազմել, յայտարարել է, թէ ով 3 տարում ֆրանսերէն չսովորի երկրից սիկտիր են անելու։ Քաքը՝ Coalition pour l’Avenir du Quebec, CAQ: Որ ես էլ տեստը չկարամ յանձնեմ, ինչքան էլ արդարութիւն պահանջեմ, ասեմ՝ խի դուք, որ էկաք լռուաք, բնիկների լեզուները սովորեցի՞ք, հըլը իրոկեզների լեզուի տեստ յանձնի, նոր ինձնից ֆրանսերէնի քննութիւն վերցրա, չէ, չի ստացուի, որ փող ունենայի, դատարանում գուցէ Քաքին յաղթէի, բայց չունեմ, միակ ելքը 50 անց զառամող ուղեղիս պատերին ֆրանսերէնը ծեփելն է, էն էլ չի ստացւում, մամա ջան, չի ստացւում։
     Ճիշդ, դպրոցը վերադարձել է, Ամիրի հայեացքից սիրտս կծկւում է, էնպէս ինչպէս էն ժամանակ, երբ այն փոքր տղան, նստարանի առաջ նստած հէնց թւում էր թէ ուսուցիչը հիմա իրեն պիտի դաս հարցնի, սիրտը կծկւում էր, ճիշդ նոյն ձեւով։ Մանկութեան անջնջելի յիշողութիւնը՝ դպրոց ոտք դնելուց նոր զգացողութիւն ես ճանաչում՝ սրտի կծկումները։
     Կարծում էի, թէ տարիները հեռացրել են մեզ իրարից՝ էն խեղճին մենակ թողել 45 տարի հեռւում։ Չէ, հէնց նեղն ընկայ, հէնց Ամիրի արիական հայեացքը հագաւ ինձ, յիշեցի նեղութեան մէջ մնացած էն տղային, յիշեցի ու կարեկցեցի, ու որ ուզում եմ ձեռք մեկնեմ, ձեռքս դնեմ գլխին, շոյեմ, էն միակը լինեմ, որ հասկանում է իրեն, ասեմ մի մտածի, դու մեղք չունես, որ սիրտդ կծկւում է, կծկողը դու չես, այլ նրանք, ճզմողը նրանք են, չէ, չի արձագանգում, նեղացել է, որ այսքան տարի մենակ էի թողել, ինչի՞ չես լսում։ Ի՞նչ լսեմ, ասում է, դու դաւաճանել ես ինձ, երբեք չես պաշտպանել, քո բոլոր գրութիւններում ես չկամ, ինձ մոռացութեան ես մատնել, իմ տառապանքները կարծես չեն էլ եղել։ Չէ, եղել են, ես դրանց հետ ապրել եմ։ Հա, կարող ա ապրել ես, բայց զզուել ես դրանցից, ու միշտ ուզել ես թաքցնես։ Լաւ, գուցէ ճիշդ ես ասում, թոյլ կը տա՞ս ուղղեմ սխալս։ Էլ ինչ ուղղես, բիձցել ես, նոր պիտի ուղղե՞ս։ Լաւ է ուշ քան երբեք։
     — Վահան, իսկ ռուսերէն ինչպէս կը լինի ours, — հարցնում է Ամմիրը։ Իմացանք ինչպէս է ours-ը տագալոկերէն, հինդու, արաբերէն, յունարէն, իսպաներէն, մնաց ռուսերէնը։ медведь: Գուցէ հայ ժողովրդի համար շահաւէ՞տ է, որ ինձ ռուսի տեղ են դրել, թէ չէ որ ճիշդը իմանային, դուրս կը գար, թէ սուտ են ասում, որ հայ ժողովուրդը տաղանդաւոր է։
     Այո, եթէ մեր ֆրանսերէնի կուրսով որոշէին, թէ աշխարհի ամենադեբիլ ժողովուրդը որն է, հայերը առաջին տեղը կը բռնէին։ Ամենավատը ես եմ սովորում, տեստեր լուծելուց նախավերջին գնահատականից 3-4 բալ ցածր եմ ստանում։ Իսկ ամենախելօք ժողովրդի տեղը ֆիլիպինցիները կը բռնէին, ամենաընդունակներն են՝ Դինը, Միշէլը, Դանան, Իենը, Մարվինը։ Մինչեւ դասերի գալը ես գոնէ մի քանի ֆրանսերէն բառ գիտէի, Եւուլկէն էր սովորացրել՝ անքուլէ, բեզէ, էլ՞, ու վսյո։ Դինը սկի ֆրանսերէն բառ չգիտէր, հիմա Դինը ֆրանսերէն ժարիտ է անում, մի երկու տարի յետոյ քուէբեկուաներից էլ լաւ կը խօսի։
     Բայց Դինի լեզուների իմացութիւնը տագալոկով, անգլերէնով ու ֆրանսերէնով չի պրծնում։ Վահան, բլեած սուկա ի՞նչ է նշանակում։ Բոզ, քած։ Իսկ դաւայ դաւայ ի՞նչ է նշանակում։ Վազի վազի։ Իսկ ռուսերէն բարեւ ո՞նց կը լինի, զդռաստվոյտէ։ Չէ, դժուար է։ Թէ ուզում ես հեշտ լինի, ասա պրիվէտ։ Ուրախացաւ, ամէն առաւօտ հէնց ինձ տեսնում է, ռուսական զինուորականի ժեստով ձեռքը ճակատին պատուոյ նշան է անում ու ասում՝ պրիվէտ։ Պրիվէտ Դին ջան, որ դու չգիտես, որ հայը ռուսը չի, նորմալ ա, բայց որ Գէյտանը չգիտի, էնքան էլ չի սազում։ Գէյտանը իմ ֆրանսերէնի առաջին կուրսի պրոֆեսորն է։
     Վահան, քո ֆրանսերէնի արտասանութիւնը շատ լաւ է, ուրեմն, ռուսերէնի արտասանութիւնը ֆրանսերէնին մօտ է։ Ոչ մի շարժում, բառեր եմ փնտռում, որ բացատրեմ, որ իմը ռուսերէնը չի, բայց Գէյտանը արդէն բացատրում է երրորդ խմբի բայերի ներկայ ժամանակը։
     Գէյտանը Քուէբեկ է, Նարեկը ասում է որ բոլոր Գէյտանները 60 անց են, ջահել Գեյտան չես գտնի, մեր Գէյտանն էլ, ով առաջինը բացեց ֆրանսերէնի դռներն առաջս ու երկու ամիս շարունակ ֆրանսերէնից բռնուելու առաջին բառերը տուեց, 60 անց կը լինի՝ սպիտակ ու փոքրիկ։ Լուսապատկերին ցոյց է տալիս իր դպրոցական խմբակային լուսանկարը ՝ կարո՞ղ էք ինձ գտնել, չկարողացանք, ինքը ցոյց տուեց։ Եթէ իմ 30 հոգիանոց դասարանի նկարը ցոյց տայի, գոնէ կը բացառէին որ աղջիկներից ոչ մէկը չեմ։ Իսկ Գէյտանի դասարանի լուսանկարում բացառելու բան չկար, բոլորը տղաներ են։ Գէյտան, ինչո՞ւ են բոլորը տղաներ։ Քանի որ մեր ժամանակ տղաներն առանձին էին սովորում, աղջիկներն՝ առանձին։ Հա, ենթադրում եմ, բայց հարցը տալիս եմ, որ համ ֆրանսերէն խօսեմ, համ էլ հպարտանամ Սովետով, որ ոչ միայն իմ դասարանում, այլեւ Գէյտանի թայ եղբօրս ու Գէյտանից էլ մեծ քրոջս սովորելու ժամանակ դպրոցներում աղջիկ տղայ իրար հետ դասի են նստել։ Գէյտանը 60ականների վերջերին է սովորել, Կանադայո՞ւմ, այս պրադվինտուի երկրո՞ւմ տղաները առանձին, աղջիկները առանձի՞ն։
     Իսկ Ռուսաստանում ինչպէ՞ս էր։ Հարցրու Գէյտան, հարցրու, որ ասեմ՝ չէ, Ռուսաստանում աղջիկ տղայ իրար կողք էին նստում։ Ճիշդ է, Ստալինը սոցիալիզմի ձեռքբերումները մի պահ աւերեց՝ աղջիկներին ու տղաներին առանձնացրեց, բայց յետոյ, կրկին սոցիալիզմը յաղթեց, ու խառնեցին կրկին սեռերին մի դասարանում։
     Մամաս որ դպրոց է ընդունուել, դասարաններում սեռերը խառն են եղել, յետոյ աղջիկ տղայ բաժանել են, յետոյ կրկին խառնել։ Բայց դա 1940ական թուերն էր։
     Une pomme, պայուսակից հանում է Գէյտանը խնձորը: Մարվին, տագալոկով ինչպէս կլինի, Հաֆ Հաֆ֊ին` աղաբ, Միխալիսին, գղեկ, ինձ` ղուսի։ яблоко։
     Որն է ձեր ազգային կերակուրը։ Կերակուրի անունը ոչինչ չի ասի, բառերը հնչիւններից են, իսկ հնչիւնները ոչ թէ երեւում են, այլ լսւում, ուրեմն, ազգային կերակուրը ցոյց տալու համար ոչ թէ պէտք է ձայն հանել՝ քեաբաբ, այլ քեաբաբի նկարը ցոյց տալ, յետոյ ասել՝ սա քեաբաբ է։ Ուսանողները հերթով մօտենում են համակարգչին, գուգլով գտնում կերակուրի նկարը ու լուսապատկերով ցոյց տալիս պաստառին։ Ըհը, լաւ հնարաւորութիւն է, որ էնպիսի կերակուր ցոյց տամ որ երեւայ ռուս չեմ։ Քեաբա՞բը, հա, իսկը, ով չգիտի որ քեաբաբը արեւելեան է, իսկ ռուսները հիւսիսային։ էհ, չհասցրի, Թարէքը քեաբաբը գցեց էկրանին, որպէս սիրիական ուտելիք։
     Տոլմա՞ն, ի հարկէ, ադրբեջանցի խմբում չկար, որ տոլման ցոյց տար, ուրեմն տոլման հաստատ իմն է, ու որ հերթը ինձ հասաւ, հպարտ քայլերով համակարգչին էի մօտենում, որ գուգլով սըրչեմ t o l m a, մէկ էլ Գէյտանը գցուեց, ինձ մի կողմ հրեց, համակարգչի դիմացը փակեց, գուգլեց ու պաստառին գցեց Բերեոզաների պատկերը։ Ահա, Վահանենք այս ծառից հիւթ են ստանում, ինչպէս քուէբեկուաները Էղաբլն են քամում։ Ce n’est pas arménien, քրթմնջացի, բայց ինձ ոչ ոք չէր լսում։ Ես ռուս եմ, ինչպէս Ջէկ Լեմոնը «Ջազում միայն աղջիկները» ֆիլմում ասում էր՝ ես կին եմ։
     Բայց ճաշերի թեման շարունակւում է, Գէյտանը տոպրակը պարզում է, ուսանողը հանում է ծալուած թերթիկը, բացում եւ վրան գրուած երկրի անունը կարդում, ապա այդ երկրի երեք ճաշատեսակի անուն ասում։ Թարսի պէս, թէ բարեբախտաբար ինձ ընկաւ Ռուսաստանը, ու շարեցի իրար յետեւից՝ պելմենի, սալեանկա, ուխա։ Այսպիսով փարատուեցին այն բոլոր կասկածները, թէ հայը ռուս չի։ Լսարանը ծափերից թնդաց, իսկ Սառայի հիացական հայեացքից սիրտս ճմլուեց, բայց ոչ թէ դէպի էն ուղղութեամբ, ուր ուսուցիչների հայեացքներն են ճմլում, ճիշդ հակառակը, էնպէս, որ մի երեսուն ռուսական ճաշ էլ կը թուարկէի, որ ճմլուէր։
     Սառան մեր խմբում ինձ ամենասիրելին է, չէ, ոչ թէ որ գեղեցկուհի է, այլ որ ռուսերէն է խօսում, միակը մեր խմբում։
     Սառա, Սուդանում կռիւները շարունակւո՞ւմ են, չէ կարծես, բայց շատ խառն է հարաւային Սուդանում։ Նրանք ի՞նչ ժողովուրդ են։ Շատ մեղք են։ Այո, բայց արաբախօ՞ս են։ Չէ, իրենց լեզուն ունեն, մեզ ատում են ահաւոր, պատկերացրու՝ ինձ կ՚անուանեն սպիտակ, որ ընկնենք մօտները չենք պրծնի, բայց այ դու, որ իսկականից սպիտակ ես, գնաս, նորմալ կ՚ընդունեն։ Էստեղ Մոնթրէալում կա՞յ այդ ժողովրդից։ Այո, կան, բայց այստեղ նոյն ձեւով չեն մեզ վերաբերւում, շատ նորմալ են հետներս։
     Սառայի եղբայրը ամուսնացել, լռուել է Ռուսաստանում՝ Ռեազանում, ինքն էլ եղբօր մօտ մի քանի տարի ապրել է, ընդունուել է բժշկական, յետոյ Սուդանում շարունակել ուսումը։
     Երբ առաջին օրը եկաւ մեր կուրս, մամուլի ասուլիսին ասեց, որ ամուսնացած է, ունի մի զաւակ։ Այսպէս է, նոր էթուդիանին բոլորը տարբեր հարցեր են տալիս։ Բայց դրանով չի աւարտւում, ու յաջորդ դասերին նոյն հարցին պիտի էլի պատասխանես, Je suis journaliste, je suis marié, j’ai 54 ans, je suis arménien, je viens d’Arménie։ Պրակտիկա է, որ յիշողութիւնդ մարզուի։ Ուրեմն, երկու շաբաթ անց Սառային կրկին հարցրին՝ դու ամուսնացա՞ծ ես։ Էս անգամ ասեց՝ Je suis célibataire։ Ծիծաղ։ Սառան տխուր շուրջը նայեց ու անգլերէն գոռաց՝ ամուսինս չի կարող գալ Կանադա, եթէ նոյնիսկ թոյլ տան երկու տարի անց նոր կը կարողանայ, այս ընթացքում ես չգիտեմ ինչ կը լինի մեր հետ, ինքը կը սպասի՞ թէ չէ։ Անգլերէնը արգելուած է, մենք եկել ենք ֆրանսերէն սովորելու, անգլերէնը խանգարում է։ Բայց Սառան միակն է խմբում, որ իր յուզիչ խօսքով անգլերէնը լեգալացրել է, եւ ցոյց տուել, որ լեզու սովորելուց աւելի կարեւոր բաներ կան աշխարհում, օրինակ այն որ միայնակ կինը երեխայի հետ օտար երկրում չի կարողանում օրը կարգաւորել որ մի երկու կոպեկ էլ աշխատի ու սոված չմնան։
     Գէյտանը գիտէր, որ հայ հասկացութիւն գոյութիւն ունի: Առաջին օրը, երբ իմացաւ հայ եմ՝ օ՜, Շառլ Ազնաւուր ասեց, ու որ դասի ժամանակ յաճախ Շառլ Ազնաւուր էր դնում՝ լսէք, Ազնաւուրը ամենամաքուր ֆրանսերէնն է երգում, Ազնաւուրով կարող էք ֆրանսերէն սովորել, նայում էր ինձ։ Բայց թէ ինչ է հայը, ազգութի՞ւն, հաստատ չէ, ինչպէս կարող է հայը ազգութիւն լինել, քանի որ ռուս է, խասեա՞թ, բայց ինչ խասեաթ, մասնագիտութի՞ւն՝ երգի՞չ, բայց էս մէկը երգիչ չի, ասել է Je suis journaliste։ Այս հարցերը Գէյտանը ինքն իրեն տալի՞ս էր: Ոչ, նա անկեղծ մարդ է, եթէ հարցեր լինէր, ինձ կը տար՝ Վահան հայը ի՞նչ։ Չէ, հարց չտուեց, բայց վերջին օրը տուեց։
     Աւարտական ցերեկոյթ է, միացրել ենք սեղանները, պիցցայով ու կոկա կոլայով նշում ենք աւարտելը։ Ու երաժշտութիւնը, էլ դաս չի, որ Սելին Դիոն լսենք ու որսանք էն ֆրանսերէն բառերը որոնք սովորել ենք, ամէն մէկդ ձեր լեզուով երաժշտութիւն դրէք։ Ամենաշատը կ՚ուզէի հասկանալ Մոնայի դրած Ֆիդելին նուիրուած երգը, ես գիտէի թէ հայիթցիները ֆրանսախօս են, ֆրանսիացի քեասար, բայց ինչպէս հայը ռուս չի, այնպէս էլ հայիթցին ֆրանսիացի չի, լեզու ունեն՝ կրէօլերէն։ Տարօրինակ լեզու, ֆրանսերէ՞ն, միայն ժ-երն են յիշեցնում ֆրանսերէնը։ Իսկ գուցէ ֆրանսերէ՞ն է, ես եմ որ դեռ ֆրանսերէնը չեմ իւրացրել որ կրէօլերէնը հասկանամ։ Բայց եթէ ֆրանսերէնն է, Մոնան ի՞նչ գործ ունի ֆրանսերէնի կուրսերին, ու էն էլ ասեմ, որ նոր բառերի ու նոր քերական ձեւերի վրայ տանջւում է էնպէս ինչպէս ես։ Եւուլկէն կ՚իմանայ, Երեւանից եկել, ինձ էլ յետեւից բերել, Քուէբեկում ֆրանսերէն է սովորեցնում։ Եւուլկա, կրէօլերէնը ֆրանսերէ՞ն է։ Չէ։ Բայց ֆրանսերէնից չի առաջացե՞լ։
Ֆրանսերէն էլ, ուրիշ լեզուներ էլ, լեզուների խառնուրդ է։ Հա՞ որ, հայրս վստահ էր որ երկու լեզուի խառնուրդից նոր լեզու չի առաջանում, բայց որ մէկը լեզուն կորցնում, ուրիշ ազգի լեզուով է խօսում, նրա ազգը փոխւում է։ Ուրեմն, ըստ հօրս, եթէ հայը ռուսերէն խօսելով դառնում է սեւ Իվան, ապա հայիթցին էն գլխից սեւ Ժանն է։ Սեւ սպիտակը, Իվանն ու Ժանը չգիտեմ, փաստն էն է որ Մոնան ու ես մեզ կոտորում ենք, որ Քուէբեկին ինտեգրուենք։
     Գէյտանը պիցցայով էնպէս է տարուել, որ էլ համակարգչի դիմացս չի փակի, որ Ալլա Պուգաչովա դնի։ Հիմա, վերջին օրով ճիշդ պահն է ցոյց տալու համար, որ հայը ռուսը չի, հայերէնն էլ ռուսերէնը չի։ Բայց ինչպէ՞ս։ Ուզբէ՞կ դնեմ։ Չէ, գտայ, Գէյտանը գիտի որ Շառլ Ազնաւուրը հայ է, բայց չգիտի որ ռուս չի, ուրեմն, Շառլ Ազնաւուրի Լա բոհեմը Պերճ Թուրաբեանի հայերէն կատարմամբ՝ «ես նկարիչ էի, որ փնտռում էր բախտը, իսկ դու բնորդուհի, դա բոհեմն էր, մեր բոհեմը»։
     Գէյտանը մէկ էլ պիցցան թողեց, վեր կացաւ, ձեռքը բարձրացրել թափահարում է՝ մի խօսէք, սպասէք, լսեմ, ուշադիր մօտեցել է պաս-տառին, լսում է, այո, գիտի, Լա բոհեմն է, յստակ, բայց ֆրանսերէն չի, բայց ինչերէ՞ն է, ռուսերէ՞ն, չէ, սա ռուսերէն չի, ինքը հաստատ լսել է ռուսերէն։ Մօտենում է՝ մօտիկից լսում, հեռանում է, հեռուից լսում, ձեռքը տանում ականջին, որ աւելի լաւ լսի, այս անծանօթ լեզուով սիրելի երգից չի կարողանում պոկուել, երգը աւարտուել է, ինքը կանգնած մնացել, մի քանի վայրկեան անցաւ, լռութիւն, մօտեցաւ ինձ՝ Վահան, հայերէնը ռուսերէնը չի՞։
     Չէ, ուրիշ լեզու է։
     Կրեցի վերջը։
     Խորխէին էլ կրեցի՝ իմ շնորհանդէսի թեման է՝ révolution tranquille, Եւուլկէն հայերէն տեքստս թարգմանել է ֆրանսերէն, պատին գցում եմ թաւշեայ յեղափոխութեան լուսնակարներն ու բացատրում, թէ Նիկոլը ինչպէս միայնակ յեղափոխութիւն արեց։
     Շնորհահանդէսս Միխալիսի, Մանսուրի, Խալեդի ու Իենի խաթեր էր, չորսը, ովքեր գիտէին Հայաստանը Ռուսաստանը չի, հայը ռուսը չի եւ որ Հայաստանում մարդիկ հէնց փողոց են փակել, իշխանութիւնը փլուել է։
     Միխալիսը յոյն է, գիտի: Վահան, ձեր մօտ ինչ է կատարւում։ Յեղափոխութիւն, ուրախ ասում եմ։ Միխալիսը թերահաւատ է. Ամերիկան չի խառնո՞ւմ: Չէ, յեղափոխութեան մէջ որեւէ աշխարհաքաղաքական ենթատեքստ պէտք չէ փնտռել։ Մանսուրը պարսիկ է: Վահան, էս ինչ են անում Երեւանում։ Յեղափոխութիւն։ Մանսուրը ուրախ ժպտում է, ապրէք, վերջը դուք կարողացաք։ Խալետն էլ սիրիացի է, արա՞բ, չէ, սիրիացի, ես սիրիացի եմ, նա էլ գիտի հայը ինչ է: Վահան, Հայաստանը դեռ Ռուսաստանի գաղո՞ւթն է։ Ոչ, Խալետ ջան, ռազմավարական դաշնակիցը։ Բայց Իենը, ֆիլիպինցի է, ամենաշատը գիտի Հայաստանի մասին, որովհետեւ երբ Ամիրը հարցրեց, ինչ ես ծխում, ասի Արարատ, Իենը հետեւից ասեց՝ Վահան, Արարատը սար է, չէ՞։ Օui: Սո՞ւրբ: Oui։
     Խորխէն նայում էր պաստառի յեղափոխական դէմքերին, համարեա կոլումբացիներ են, չէ, շէկ չեն, չէ, ռուս չեն, շշմել է: Վահան, ես գիտէի հայը ռուս է, բայց որ յեղափոխութեան մասին պատմեցիր, հասկացայ որ ռուս չի, ճիշդ եմ հասկացե՞լ։ Հա, Խորխէ ջան, ճիշդ ես հասկացել։
     Երեք օր Խորխէն երկու բանով էր ապրում՝ Կոլումբիայի ֆուտբոլի հաւաքականի յաղթանակով ու Հայաստանի յեղափոխութեամբ, ում հանդիպէր ինձ քաշում էր ու ասում գիտե՞ս Հայաստանը, հա՞, իսկ գիտէիր, որ Հայաստանը Ռուսաստանը չի, իսկ գիտէի՞ր որ Հայաստանում խաղաղ յեղափոխութիւն են արել, երկու շաբաթ փողոցը փակել են, իշխանութիւնը վերցրել են։ Բա, էրէկ էնքան խմեցինք։ Մեր յեղափոխութեան համա՞ր։ Որ Կոլումբիան կրեց։
     Չորրորդ օրը բարձրանում եմ լսարան, Խորխէն տխուր կանգնած հեռախօսի մէջ է նայում։ Խորխէ, շատ ես տխրե՞լ որ Կոլումբիան կրուեց։ Չէ հա, թքած ֆուտբոլի վրայ, նայի՝ ցոյց է տալիս հեռախօսի մ էջ ծաղրանկարը. Կոլումբիայի հաւաքականի տարազով պատանին թեւի տակ գնդակը զարմացած նայում է կնոջը, իսկ կինը ջղային խօսում է՝ բերանից դուրս եկող պալոնի մէջ տեքստը՝ հազարաւոր երեխաներ շոր չունեն, որ դպրոց գնան, դու քո յիմար ֆուտբոլի դարդին ես։ Այ, տես կինը ինչ ճիշդ բաներ է, ասում, ի՞նչ ֆուտբոլ, մեզ յեղափոխութիւն է պէտք։
     Բայց Ամիրին կրել չկարողացայ, ինչպէս կրես մէկին, ով հիանալի գիտի, որ հայը ռուս չի, բայց ռուսի տեղ է սաղացնում։
     Այո, Գէյտանը, ասենք, Հայաստանից 12 հազար քմ հեռու Քուէբեկ գիւղում է մեծացել, հայ ու ռուս չի ջոկում, բայց Ամի՞րը ինչպէս պիտի չջոկէր, քթի տակ, Իրանում է ծնուել, լեզուաբան, Սորբոնում Ph.D.-ի է պաշտպանել, նա էլ հօ գիտի՞ որ հայը ոչ թէ ռուսից, այլ պարսիկից է առաջացել, վայ կը ներէք, որ հայը աւելի շատ պարսիկ է, քան ռուս, վայ էլի կը ներէք, որ հայը առանձին ժողովուրդ է, որ հայերէնը հնդեւրոպական առանձին ճիւղ է, նա ինչի՞ է ինձ հարցնում՝ Վահան ռուսերէն ոնց կը լինի l’amour։ Թէ՞ հայերէն, վերջը ուժ գտայ մէջս հարցրեցի: Չէ, ռուսերէն։ любовь։ Ամիրը հասել էր արդէն լսարանի կենտրոն ու պատրաստւում էր Սեան Պինին հարցնել, թէ չինարէն ոնց կը լինի l’amour, մէկ էլ շրջուեց, ու էլի ինձ հարցրեց ՝ իսկ հայերէ՞ն։ Քաք, ինչպէս ձեր Քուէբէկի կառավարութիւնը կազմած կուսակցութեան անունն է, այդպէս գուցէ յիշէք։
     Էհ, Վահան մեծ ենք, մեծ, ինչ արած, ասում է Թարէքը տխուր տխուր, չենք կարողանում լեզու սովորել, մենք երկուսս ենք կտրուել ամբողջ խմբից, ու չենք փոխադրուել յաջորդ՝ երրորդ կուրս։ Հա, Թարէք ջան, ինչ արած, բայց դու ինձնից ընդունակ ես, կը սովորես, գործ կը ճարես, կ՚աշխատես։ Բա ես ի՞նչ անեմ։ Վահան, կը գա՞ս դուրս։ Միշէլն է, լսարանից միջանցք եմ դուրս գալիս։
     Իսկ ես շատ կը տխրեմ առանց քեզ, ասում է Միշէլը, եւ նուիրում պղնձափայլ թերմոսը՝ Université de Montréal մակագրութեամբ։ Միշէլ, իմ կեանքի ամենաթանկագին նուէրն եմ ստանում։ Եթէ հարցնէին թէ յաջորդ կեանքում ինչ ազգ կ՚ուզէիր ծնուել, հաստատ կ՚ասեմ ֆիլիպինցի։ Շատ եմ ուզում ես էլ քեզ նուէր անեմ, բայց ի՞նչ, մտածեմ հըլը։

ԾԸ. ՏԱՐԻ, 2019 ԹԻՒ 1

References
1 «Չորնիյ» կը նշանակէ «սեւ»։

Your email address will not be published. Required fields are marked *