Ներածութիւն
Ներկայացուող յօդուածում կատարւում է «Սասնայ ծռեր» էփոսի` 1919 թուականին գրառուած երկու պատումների համեմատական քննութիւն: Այս պատումները հնարաւորութիւն են տալիս խօսելու ինչպէս էփոսի տարբերակների առանձին խմբի`Սասնոյ պատումների, տիպաբանական առանձնայատկութիւնների այնպէս էլ` արդի էփոսագիտութեան համար կարեւոր այնպիսի խնդիրների մասին, ինչպիսիք են` գրագէտ եւ անգրագէտ ասացողների տարբերակների իւրայատկութիւնները բնագրերի տարբեր մակարդակներում, գրաւոր թեքստերի ազդեցութիւն, ասացող-ունկնդիր, պատումի ներկայացման միջավայր ու հասարակական-քաղաքական իրադրութեան յարաբերութիւն: Փորձ է արւում էփոսի այս տարբերակները քննել Հայաստանի առաջին հանրապետութեան, անկախ պետականութեան գոյութեան համատեքստում:
Ա. Պատումների գրառման հանգամանքները
Առաջին հանրապետութեան կարճատեւ գոյութեան ընթացքում, հասարակական-քաղաքական բարդ պայմաններում, թէեւ չենք կարող խօսել բանա-հաւաքչական, ի մասնաւորի, էփոսի գրառման համակարգուած ընթացքի մասին, սակայն ուսումնասիրութիւնները ցոյց են տալիս, որ 1919 թուականին էփոսի երեք պատում է գրառուել: Յայտնի հայագէտ Սենեքերիմ Տէր Յակոբեանի գրառած այս պատումներից երկուսը առաջին անգամ հրատարակուել են միայն 1999 թուականին «Սասնայ ծռեր» մատենաշարի Դ. հատորում (պատումներ Ա. եւ Բ.), մէկը դեռեւս անտիպ է:
Այս պատումները հրատարակութեան պատրաստող` բանագէտ Ա. Սահակեանը, մատենաշարի Դ. հատորի առաջաբանում սակաւ տուեալներով, մասամբ ենթադրաբար վերականգնում եւ ներկայացնում է դրանց գրառման պատմութիւնը: Այսպէս, ըստ Ս. Տէր Յակոբեանի, Մեսրոպ Մաշտոցի անուան Մատենադարանում պահուող ֆոնտի ձեռագրերի, 1919 թուականի Նոյեմբերի 12-ին Էջմիածին են բերուել ծագումով Սասունի Խուջարենք, Արծուիկ, Ճախրկանք գիւղերից եւ այդ ժամանակ Թալինի ու Աշտարակի գիւղերում ապրող`Օհան Գասպարեանը, Ղազար Տէր Մկրտչեանը եւ Թովմաս Արէյեանը: Առաջին երկու ասացողները պատմել են էփոսը, իսկ երրորդը` ոչ: Ա. Սահակեանը ենթադրում է, որ երրորդ ասացողը` Թովմաս Արէյեանը յայտնի բանասաց Թամօ Դաւթեանն է, ումից յետագայում` 1932-ին, մեծ դժուարութեամբ պատում է գրառել յայտնի բանագէտ Կարապետ Մելիք Օհանջանեանը:
Օհանի եւ Թամոյի պատումները էփոսի Սասնոյ տարբերակների խմբին են դասւում եւ կարեւոր նշանակութիւն ունեն այս տիպի պատումների ուսումնասիրութեան համար, քանի որ բանահաւաքների վկայութեամբ` Սասնոյ պատումների մեծ մասը սերում, կամ այս կամ այն կերպ առնչւում է Օհան Գասպարեանի եւ Թամօ Դաւթեանի պատումների հետ: Այդ առնչութիւնը նախ եւ առաջ արտայայտւում է էփոսը նրանցից լսելու հանգամանքով:
Արծուիկցի Օհան Գասպարեանը եղել է Թամօ Դաւթեանի մտերիմ ընկերը: Սակայն Օհանն ու Թամոն մտերմութեան եւ միմեանց պատումներին ծանօթ լինելու հանգամանքից անկախ, երկու առանձին վիպասանական ճիւղեր են ստեղծում. «Թալինի շրջանում վերաբնակուած, Սասնոյ տարբեր գիւղերից 1915-ին գաղթած տարեց ու միջին սերնդի վիպասացները, գրեթէ միաբերան նշում էին երկու աղբիւր`Սասնոյ Ճախրկան գիւղից Թամօ Դաւթեանին եւ Սասնոյ Արծուիկ գիւղից` Օհանին: …Օհանն ու Թամոն յաճախ են հիւր եղել միմեանց եւ քաջատեղեակ` մէկը միւսի վիպելու արուեստին»[1]Սասնա ծռեր, հատոր Գ., Երեւան, 1979, էջ 10:,– կարդում ենք էփոսի պատումների Գ. հատորի առաջաբանում:
Միւս պատումի ասացող Ղազար Տէր Մկրտչեանի մասին տուեալներ գրեթէ չկան: Նրա մասին յետագայում չեն յիշում այլ վիպասացներ: Պատումի փաստացի գեղարուեստական որակից ենթադրւում է, որ նա եղել է հոգեւորական եւ գրագէտ: Ընդ որում, ըստ պահպանուած ձեռագրերի նախ իր պատումը շարադրել է գրաւոր, ապա նրանից լսել ու գրառել է Սենեքերիմ Տէր Յակոբեանը:
Բ. Գրագէտ եւ անգրագէտ վիպասացներ
Համեմատելով անգրագէտ ասացող Օհանի եւ գրագէտ Ղազարի պատումները, տեսնում ենք մի շարք տարբերութիւններ, որոնք ընդհանրապէս բնորոշ են նմանատիպ այլ պատումների:
Ղազար Տէր Մկրտչեանի գրագիտութիւնն արտայայտւում է գրքային թեքստերից յայտնի մոտիֆների, արտայայտչամիջոցների կամայ թէ ակամայ օգտագործմամբ, էփիքակական պայմանականութիւնները պատմական տուեալներին համապատասխանեցման ձգտմամբ, ասացողի ակտիւ մեկնաբանական-վերլուծական միջամտութեամբ: Պատումում հանդիպում ենք գրքային-գրական բառեր, արտայայտութիւնների, յատուկ ժամանակաձեւերի կիրառութեան, նկարագրութիւնների, երկխօսութիւնների եւայլն: Սրան հակառակ Արծուիկցի Օհանի պատումն աչքի է ընկնում ժողովրդական մտածողութեամբ, բառ ու բանին հարազատութեամբ, Սասնոյ պատումներին բնորոշ սեղմութեամբ սակայն բանաձեւայնութեամբ:
Աւանդաբար հայ բանագիտութեան մէջ բարձր են գնահատուել, գրառուել, հրատարակուել եւ ուսումնասիրուել են էփոսի այն տարբերակները, որոնք ասուել են անգրագէտ ասացողների կողմից: Համարուել է, որ դրանք աւելի բարձր գեղարուեստական որակ ու արժէք ունեն, առաւել անխաթար են պահել նախնիներից աւանդուած վիպաստեղծման աւանդոյթները եւ դրանցում առաւել խորութեամբ են արտայայտուել ժողովրդական ստեղծագործութիւն լաւագոյն յատկանիշները:
Ըստ այսմ էլ` մասնագիտական գրականութեան մէջ շատ քիչ են ուսումնասիրուել գրագէտ ասացողներն ու նրանց պատումները, ընդհանրապէս բանաւոր ու գրական աւանդոյթների յարաբերութիւնները: Այս դէպքում համարուել է, որ էփոսի կամ այլ ստեղծագործութիւնների այն բոլոր տարբերակները, որոնք ներկայացւում են գրագէտ մարդկանց կողմից երկրորդական արժէք ունեն: Այս մասին բազմաթիւ փաստեր կարելի գտնել էփոսի գրառումների պատմութեան մէջ: Շատ դէպքերում բանահաւաքներն ուղղակի չէին գրառել այն պատումները, որոնք ասուել են գրագէտ մարդկանց կողմից: Եւ նոյնիսկ էփոսի պատումների ակադեմիական հրատարակութիւններում այդ պատումները հրատարակուել են ոչ ամբողջութեամբ` համարուելով ոչ արժէքաւոր:
Ըստ էփոսների յայտնի ուսումնասիրողներ Մ. Պերրի ու Ա. Լորդի տեսութեան, գրքային ու բանաւոր աւանդոյթների միջեւ հիմնական տարբերութիւնն այն է, որ անգրագէտ ասացողը մտածելու ու մշակելու ժամանակ չունի, իսկ գրագէտը, գրողը մշակում է կառուցում: Ասացողը ժամանակի բացակայութիւնը լրացնում է արդէն պատրաստի բանաձեւերի կիրառութեամբ: Ըստ այդմ էլ բանաւոր էփոսի հիմնական միաւորը ոչ թէ բառն է, այլ բանաձեւը, որը բնորոշւում է որպէս բառերի խումբ, որոնք պարբերաբար վիպասացների կողմից օգտագործւում են երգերի նմանատիպ հատուածներում որոշակի միջադէպի, գաղափարի կամ մոտիֆի արտայայտութեան համար[2]Տե՛ս, Лорд А.Б. Сказитель /пер. с англ. и коммент. Ю.А. Клейнера и Г.А. Левинтона/. Москва, 1994. С.142-158.:
Այս առանձնայատկութիւնները տեսանելի են ինչպէս գրագէտ մարդկանցից գրառուած մեր էփոսի մօտ մէկ տասնեակ պատումներում, այնպէս էլ Ղազար Տէր Մկրտչեանի պատումում: Այս պատումի առնչութեամբ խօսելով գրագէտ եւ անգրագէտ վիպասացների տարբերակների յարաբերութեան մասին` Ա. Սահակեանը նշում է. «Բոլոր կին վիպասացները եւ նաեւ տղամարդկանց մեծ մասը հեռու են պատմութեան իմացութիւնից, իսկ նրանք, ովքեր ի մոտոյ տեղեակ են պատմութեանը, խախտում են ժանրային առանձնայատկութիւնները: Պատմութեան եւ կրօնի մասին նրանց ճշգրիտ իմացութիւնները խանգարում են երեւակայութեան տրամաբանութեանը, խաթարում վիպաստեղծման երեւակայական կերպարային աշխարհը»[3]Սասնա ծռեր, հատոր Դ., Երևան, 1999, էջ 89::
Մասնակիօրէն համաձայնուելով վերոգրեալի հետ, պէտք է նշել սակայն, որ այս մօտեցումը ճիշդ է միայն այն դէպքում, երբ էփոսը սահմանւում է որպէս միայն բանաւոր ստեղծագործութիւն, ձեւաւորուած ամբողջապէս անգրագէտ միջավայրում, առանց որեւէ միջամտութեան կամ գրական ազդեցութեան: Սակայն, իրականում շատ դժուար է պնդել, որ նոյնիսկ անգրագէտ ասացողները գրաւոր որեւէ աղբիւրից ազդեցութիւն չեն կրել: Այդ ազդեցութիւնը կարող է յստակ տեսանելի չլինել, բայց այն մշտապէս առկայ է: Հարցը միայն այն է, թէ ե՞րբ է այն եղել, ի՞նչ վաղեմութիւն ունի:
Այս խնդիրներին անդրադարձներ կան ռուսական բանագիտութեան մէջ: Գրականախառը կամ գրագէտ ասացողների կողմից ասուած բիլինաները` ռուսական էփիկական երգերը, դիտարկւում են որպէս բանաւոր ու գրքային աւանդոյթների միջեւ գտնուող վիպական պատումի իւրայատուկ ձեւեր, որոնց ուսումնասիրութիւնը կարող է նոր ու արժէքաւոր բացայայտումների հնարաւորութիւն տալ. «Երգացանկի հարստացման տարածուած աղբիւրներից էր գիրքը: Ասացողական արուեստին տիրապետելը գրքով անհնար էր, բայց նա ով տիրապետում էր այդ արուեստին կարող էր դիմել գրքին նոր թեմաների համար: Սերպական, երգիչների պրակտիկայում գրաւոր աղբիւրները յայտնւում են դեռեւս 19-րդ դարավերջին: Նոյնը վերաբերում է եւ հիւսիսռուսական բիլինաների ասացողներին: Էփոսի գրքային աւանդոյթը Միջին ու Կենտրոնական Ասիայում գնում է ժամանակների խորքը: Ընդ որում, պէտք է առանձնացնել երկու տիպի գրքային աղբիւր. մէկը` բանաւոր էփիկական պատումների գրառումները կամ վերապատմումները, որոնք իւրացնելով ասացողը կարծես վերադարձնում է բանաւոր աւանդոյթին նրան պատկանող թեքստը, միւսը` գրական դիպաշարերը՝ իւրացնելով դրանք ասացողը հարստացնում է բանաւոր աւանդոյթը նոր դիպաշարերով»[4]Путилов Б., Эпическое сказительство: Типология и этническая специфика, Москва, 1997. С.71-72.Այս մասին տե´ս նաև … Continue reading, – գրում յայտնի բանագէտ Բ. Պուտիլովը:
Այսինքն բոլոր դէպքերում կարեւոր է ասացողի վերաբերմունքը, նաեւ ինչ չափով է օգտագործում գրքերում կարդացածը եւ նախնիներից լսածը: Մեր էփոսի դէպքում բաւական բազմազան պատկեր կարող ենք տեսնել:
«Սասնայ ծռեր»ի ասացողների մի մեծ խումբ գրագէտ է, ըստ այսմ էլ նրանց պատումների նկատմամբ խորհրդահայ էփոսագիտութեան մէջ հիմնականում վերապահ վերաբերմունք է եղել: Էփոսի գրառումների վաղ շրջանում գրագէտ են եղել Յակոբ Նրգեյեանը եւ Սարգիս Յակոբեանը: Գրաճանաչ, նաեւ էփոսին գրքերից ծանօթ ասացողներ կան յատկապէս 1970-ական թուականներին գրառուած պատումների դէպքում, Մշեցի Մարտիրոս Գրիգորեանը, Ապարանցի Երուանդ Յունանեանը եւ այլք:
Օրինակ, Երուանդ Յունանեանի պատումում տեսանելի է Յովհաննէս Թումանեանի «Սասունցի Դաւիթ» պոեմի ազդեցութիւնը. «Վէպը պատմում է շատ արագ, մեղմ, վարժ ու բանիմաց: Մէկ-մէկ, յատկապէս Դաւթի ճիւղի չափածոյ հատուածներում, զգացւում է Թումանեանի պոեմի ազդեցութիւնը»[5]Սասնա ծռեր, հատոր Գ., էջ 348:։
Սասունցի Սարգիս Սաֆարեանի եւ մի շարք այլ պատումներում նկատելի է համահաւաք բնագրի ազդեցութիւնը: Պատումի յառաջաբանում կարդում ենք. «Նրա պատումը շատ ընդարձակ է եւ զարմանալիօրէն շատ ամբողջական, լրիւ. գրեթէ յայտնի ոչ մի միջադէպ դուրս չի մնում նրա պատումից: Այս ամբողջականութեանը պէտք է վերաբերուել փոքր ինչ վերապահութեամբ. կարծում ենք, այն զերծ չէ համահաւաքի ազդեցութիւնից: Մանաւանդ, որ Սարգսի 10-12-ամեայ թոռը, որը ներկայ էր գրառմանը, նոյնպէս լաւ գիտէր վէպը եւ ասաց, որ իրենք ունեն վէպի համահաւաք ժողովածուն, եւ այն խիստ սիրուած գիրք է իրենց տանը»[6]Սասնա ծռեր, հատոր Դ., էջ 324:։
Նոր Բայազետցի Թորգոմ Սարգսեանի պատումի գրառողը վկայում է, որ ասացողը կարդացել է հիմնականում պատմական վէպեր, էփոսը լսել է հօրից, նաեւ ծանօթ է համահաւաք բնագրին, սակայն նրա պատումի վրայ բնաւ չի զգացւում գրքային ազդեցութիւն։ Սակայն, այդուհանդերձ, գրքային շերտեր նկատելի են: Օրինակ, երկուորեակների հայրը թուրք փաշա է, հերոսները հանդէս են գալիս, ոչ թէ Սասունի, այլ հայութեան անունից, կան գրքային արտայայտութիւններ եւ ոճեր (հատ. Գ, պատ. ԺԲ):
Գրաճանաչութիւնը այդքան էլ նկատելի չէ Ապարանցի Գեւորգ Պետրոսեանի պատումում, որը էփոսը լսել է հօրեղբօրից` յայտնի հեքիաթասաց Նիկողոս Մարգարեանից, նաեւ կարդացել է գրքերում, սակայն պատմում է միմիայն հօրեղբօրից լսածը (հատ. Գ. պատ. Ը):
Նոյն կերպ Մարտունեցի Մկրտիչ Աւետիսեանը «Սասնայ ծռերը» լսել է համագիւղացիներ Բժու Բաղդոյից եւ Նորսոյի Աւոյից, սակայն նաեւ կարդացել է գրքերում: Բայց բանահաւաքի խնդրանքով պատմել է միայն մեծերից լսածը (հատ. Գ. պատ. Ժ.):
Երբեմն գրագէտ ասացողները արհեստավարժ չլինելով խուսափել են էփոսը պատմելուց: Օրինակ, Ս. Աւագեանը խուսափել է պատմել, պատճառաբանելով, որ վաղուց չի պատմել, թէպէտ շատ է լսել երկրում, լսածն էլ մոռացել է: Ըստ գրառողների` առաւել հաճոյքով է պատմել Դաւթի հետ կապուած տեղավայրերի մասին աւանդութիւններ, որոնք ընկալել ու ներկայացրել է որպէս իրականութիւն: Արժէքաւոր են Ս. Աւագեանի պատմած երեք աւանդութիւնները Սասունցի Դաւթի դարի, Ձիթռոց քարի եւ Մսրայ Մելիքի հորի մասին[7]Տե՛ս, հատոր Դ., էջ 395, ծանոթագրութիւն:։
Ընդ որում, վիպաստեղծման փրոսեսում գրագէտ մարդկանց ներգրաւուածութիւնը չի բացառում նաեւ Մանուկ Աբեղեանը: Այսպէս խօսելով «Սասնայ ծռերի» առաջին ճիւղի հնագոյն միջուկի` Սանասարի եւ եղբօր պատմութեան էփոսում յայտնուելու ճանապարհների մասին` գիտնականը յղում է կատարում Թովմայ Արծրունու մի վկայութեանը, առ այն, որ խութեցիներն ու սասունցիները «գիտեն զսաղմոսն զհին թարգմանեալսն վարդապետացն հայոց, զօր հանապազ ի բերան ունին»[8]Թովմա վարդապետ Արծրունի, Պատմութիւն Տանն Արծրունեաց, դպրութիւն երկրորդ, գլուխ Է., էջ 152, … Continue reading, եւ գրում է. «Այս վկայութիւնից իմանում ենք, որ Խութայ լեռնեցիներն անգամ վաղուց ծանօթ են եղել Ս. Գրքին: Բայց մի ժողովուրդ, լեռնական, կիսավայրենի, ինչպիսին եղել են Խութայ բնակիչները Թովմայի ժամանակ, եթէ սաղմոսներն անգիր գիտէր, նա աւելի վաղ կարող էր այդ գրքի վիպական պատմուածքներին ծանօթ լինել: Եւ նա, առանց Խորենացու կամ Մար Աբասի եւս կարող էր ժողովրդական ստուգաբանութիւն անել եւ իր երկրի այս կամ այն աշխարհագրական անունը մօտեցնել Ս. Գրքի անուններին, մանաւանդ որ յատկապէս այս կողմերի հայ ժողովրդի մէջ գտնում ենք հնում մի առանձին սէր տեղական անունների ծագումը որեւէ զրոյցով բացատրելու: Ասել չի ուզիլ, ժողովրդի մէջ եւս նախ մի կարդացուոր կամ գաւառագիտուն է այդպիսի ստուգաբանութիւն անում, որ յետոյ իւրացնում է ռամիկը»[9]Աբեղյան Մ., հատոր Ա., Երեւան, 1966, էջ 382:։ Այդուհանդերձ, նոյնիսկ այս պարագայում հայագէտը չի կարողանում ճշգրտօրէն նշել, թէ ինչ հանգամանքներում է այս պատմութիւնը յարակցուել Դաւթի ճիւղին եւ կանգ է առնում «Տարօնի աղջիկ» աւանդավէպի` որպէս կապող ու բացակայող օղակի գոյութեան վրայ: Այդ աւանդավէպի քննութիւնը դուրս է մեր այս ուսումնասիրութեան սահմաններից. մեզ համար կարեւոր էր այն ընթացակարգը, որով գրքային որեւէ հատուած, տարր, կարող է դառնալ ժողովրդական, ապա ներթափանցել բանահիւսական ստեղծագործութիւն: Բոլոր պարագաներում էլ այդ ամէնը կատարւում է որեւէ գրագէտ մարդու միջոցով:
Մասամբ գրականութեան ազդեցութեամբ ստեղծուած Ղազար Տէր Մկրտչեանի եւ միւս պատումները արժէքաւոր են ու ուսումնասիրութեան համար նոր հեռանկարներ են բացում: Եւ գրական այս միջամտութիւնները բնոյթով չեն տարբերւում Աստուածաշնչից կամ միջնադարեան Ալեքսանդրի վէպից կատարուած ներթափանցումներից, որոնց նկատմամբ ուսումնասիրողները բացասական վերաբերմունք չունեն: Ընդ որում, անյայտ է, թէ ե՞րբ եւ ինչպէ՞ս են այդ հատուածները էփոս մտել` «Սասնայ ծռերի» կազմաւորման փուլում, թէ շատ աւելի ուշ, ասենք 17-18-րդ դարերում: Որեւէ ասացողի գիտակցական միջամտութեան արդի՞ւնք են, թէ հայ վիպական բանահիւսութեան նախորդ շրջանից եկող աւանդական տարր, որը յարակցուել է էփոսի կազմաւորման փուլում:
Պէտք է արձանագրել, որ պատումների համեմատական քննութիւնը ցոյց է տալիս, որ գրագէտ ասացողները կարողանում են համադրել բանաւոր լսած ու ընթերցած թեքստերը, առաձին ընդհանրական վիպական մոտիֆների միջոցով ստեղծում կապեր տարբեր դարաշրջանների գրաւոր ու բանաւոր թեքստերի միջեւ եւ դա անում այնպիսի վարպետութեամբ, որ պատումն առանձին թեմատիկ-գաղափարական կտորների չի բաժանւում եւ պահպանում է ամբողջականութիւնը: Նաեւ մէկ այլ առանձնայատկութիւն, որ կարեւոր է մեր ուսումնասիրութեան տեսանկիւնից. գրագէտ վիպասացների պատումներն աւելի զգայուն են ժամանակաշրջանի, հասարակական-պատմական տեղաշարժերի նկատմամբ, հետեւաբար դրանցում կարելի է տեսնել ժամանակի ու պատմութեան հետքերը, ունկնդիր միջավայրին պատումի բովանդակութիւնը հասկանալի դարձնելու միտումներ:
Գ. Գրառման ժամանակն ու պատումների բովանդակութիւնը
Ընդհանրապէս վիպասացումը ոչ մի կերպ չենք կարող յանգեցնել պատմական, առասպելական, գեղարուեստական կամ այլ բնոյթի տեղեկատուութեան սոսկական փոխանցմանը: Դա առանձին մշակութային համադրական ֆենոմեն է, որի կայացման գործում կարեւոր դերակատարութիւն ունի նաեւ ունկնդիր միջավայրը, գրեթէ միշտ տեսանելի է էփոսի ներկայացման ժամանակի հասարակական-քաղաքական իրադրութեան ազդեցութիւնը:
Էփոսագիտական գրականութեան մէջ վիպասացման անկումը յաճախ պայմանաւորում են համապատասխան լսարանի բացակայութեամբ[10]Ուշագրաւ է, որ Ռուսաստանի Եակուտիայի մարզում՝ արդէն մեր օրերում, ձգտելով վերականգնել … Continue reading: Բնականաբար լսարանը ժամանակի հետ անտարբեր է դառնում բանաւոր հերոսական պատումի նկատմամբ եւ յատկապէս նոր միջավայրում` Արեւելեան Հայաստանում: Այս դէպքում ասացողը կամ ընդհանրապէս տասնամեակներ շարունակ չի պատմում ոչինչ կամ ուղղակի փոփոխութիւններ է մտցնում պատումի մէջ` համապատասխանեցնելով այն լսարանի պահանջին ու ընկալումներին:
Օրինակ, Մարտունեցի Մելիք Գէորգեանի պատումում ծովը կոչւում է «Սեւանայ լիճ», իսկ վանքը` «Սեւանայ վանք» եւ գրառողի հարցին ի պատասխան վիպասացը նշում է` «Գուցէ համեմատութեան համար են ասել»[11]Սասնայ ծռեր, հատոր Գ., պատում ԺԱ., էջ 444:
Փոխւում են տեղանուններն ու գաղափարական առանցքը: Անհրաժեշտութիւն է առաջանում նոր ունկնդիրների համար մեկնաբանել, ծանօթագրել էփոսը: Այս անխուսափելի փոփոխութիւններն էլ ի վերջոյ յանգեցնում են էփիկական պատումի գաղափարական ամբողջականութեան խաթարմանը:
Այս տեսանկիւնից ուշագրաւ է Արարատի Շաղափ գիւղում շատախցի վիպասաց Ռաշօ Ջալոյեանից 1972 թուականին գրառուած «Սասնայ Տաւթի խեքաթ» կոչուող պատումը: Նախ, այն նոյն ասացողից գրառւում է երկրորդ անգամ: Պատումն առաջին անգամ 1933 թուականին գրառել է Կ. Մելիք Օհանջանեանը, եւ այն հրատարակել պատումների Ա. հատորում: 40-ամեայ ընդմիջումից յետոյ կան կառուցուածքային եւ մի շարք այլ փոփոխութիւններ: Եթէ առաջին դէպքում վիպասացը պատմում է երկու ճիւղ` Մհեր-Դաւիթ, ապա երկրորդ դէպքում աւելացել են առաջին եւ չորրորդ ճիւղերը: Բացի այս, սեղմուել է պատումը: Մենամարտի դրուագում նախ, եթէ առաջին պատումում Մելիքը երեք հարուած է հասցնում եւ թափ հաւաքելու համար գնում` Վեդի, Արտաշար ու Երեւան, ապա երկրորդ պատումում արդէն երկու հարուած է յիշատակւում, եւ Մելիքը թափ հաւաքելու համար գնում է Դարալագեազ ու Զանգեազուր: Եթէ առաջին դէպքում հարուածները զիջւում են առանց երկբայութեան` մօր ու Աստծոյ համար, ապա ուշ գրառուած պատումում ասացողը լրացում է կատարում.
Ըսաց. – Հայդը, – ըսաց, – դարբըմ
տուիմ քու խաթըր,
Մէկ էլ տուիմ աստծու խաթըր:
(Ամմեն պան, որ ախշըրքի մէջ կայ,
Որ մըկայ կ’ըծիծղան, կապուած է
Աստըծուց)[12]Սասնայ, ծռեր, հատոր Գ., պատում Դ, էջ 146:
(ընդգծումը մերն է` Հ.Հ.):
Վիպասացի լրացումն, ըստ մեզ, կարելի գաղափարական փոփոխութեան բացատրութիւն համարել: Եկել է մի ժամանակ, երբ ունկնդրին կամ գրառողին արդէն պէտք է բացատրել, թէ ինչու է էփոսում հերոսների կեանքի կարեւորագոյն դրուագներում գործում Աստուած, կամ ինչ է աստուածային զօրութիւնը: Բանահիւսական ստեղծագործութեան մէջ գրանցուած փոքրիկ նշում, որը լոյս է սփռում մեր ժողովրդի կեանքի խորհրդային շրջանում հաւատի, հոգեւոր-կրօնական երեւոյթների նկատմամբ եղած վերաբերմունքի վրայ:
Հաշուի առնելով էփոսի գրառման ժամանակի, միջավայրի ու բովանդակութեան որոշակի կապը` կարելի է քննել մոտիֆային այս նորութիւնները անկախ Հայաստանի գոյութեան համատեքստում:
Դ. Նոր դրուագներ, մոտիֆներ եւ գաղափարներ
Ընդհանրապէս Սասնայ պատումների հիմնական եւ ընդհանուր առանձնայատկութիւնը դրանց փոքր ծաւալն ու սեղմութիւնն է, հետեւաբար վիպական թեքստերի կարեւոր բնութագրիչների` հիպերմոտիֆների եւ մոտիֆների սակաւութիւնը: Շատ դժուար է առանձնացնել հիպերմոտիֆներ եւ նոյնիսկ մոտիֆներ, քանի որ այս միաւորների հիմնական յատկանիշներից մէկը` կրկնելիութիւնը չի պահպանւում, շատ են միայն մէկ պատումում հանդիպող բացառիկ դրուագները: Պատումների խաթարուած կառուցուածքի հետեւանքով տարտղնուած է մոտիֆային համակարգը, թոյլ արտայայտուած ու վերջնական ձեւաւորումից հեռու է կերպարային համակարգը: Այս ամէնի հետեւանքով, որոշ դէպքերում պատումների դիպաշարերը հատուածական են եւ որոշակի աւարտունութեան չհասած:
Այդուհանդերձ, նոյնիսկ այս վիճակում Սասնոյ պատումները մոտիֆային մակարդակում որոշակի իւրայատկութիւններ են դրսեւորում: Մասնաւորապէս Օհան Գասպարեանի պատումը համապատասխանում է Սասնոյ պատումների ընդհանուր բնութագիչներին` սեղմ է, չկայ աւանդական քառաճիւղ համակարգը, սակայն պատումն աչքի է ընկնում բանաձեւային կառոյցների կիրառութեամբ:
Այդ սեղմութեան մէջ, շատ աւանդական է` ընդունուած հիմնական մոտիֆաշարով եւ գեղարուեստական միջոցներով, բայց կան նոր դրուագներ: Օրինակ Մհերի զէնք ու զրահի մէջ յիշւում է թագը, որը այլ պատումներում չի հանդիպում: Նաեւ կռուից առաջ պողպատէ սեան մօտ ուժի փորձութեան յայտնի մոտիֆում սիւնը միայն այստեղ յիշւում է որպէս թագաւորական նշան: Այսինքն բացի ուժի փորձութիւնը սիւնը թերեւս կարող է ենթարկուել միայն թագաւորին.
-Դաւիթ, – ըսեց (ձին), – թագաւորի
նշանը էստեխն է:
Ըսեց. – Ի՞նչ է թագաւորի նշանը:
Ձին ըսեց. – Պողպատէ սուն կանուխ էստեղ,
Քաշէ թուր, զարկ[13]Սասնայ ծռեր, հատոր Դ., պատում Ա, էջ 106::
Այս մոտիֆները հետաքրքիր են նաեւ նրանով, որ Օհանից իր պատումը լսած մէկ այլ ասացողի` Չարքեազ Պօղոսեանի պատումում թէեւ առկայ է ռազմի պարագաների նկարագրութեան մոտիֆը, սակայն յիշատակութիւն չկայ թագի ու թագաւորական նշան սեան մասին: Ընդհանրապէս, թէեւ Սասնայ հերոսները բոլոր պատումներում էլ ընկալւում են որպէս թագաւորներ, սակայն ասացողների ու ունկնդիր գեղջկական միջավայրում նրանք հազուադէպ են ներկայացւում որպէս թագաւորներ` համապատասխան թագաւորական իշխանութեան նշաններով:
Կան այլ նոր մոտիֆներ, որոնք չեն հանդիպում միւս պատումներում կամ հազուադէպ են իրացւում: Օրինակ, «Որձ» ջրի յիշատակութիւն, որը կտրում անցնում է գետը, կամ առաջին ճիւղի բացակայութեամբ, Մհերը Մսըրից է գալիս Սասուն եւ կառուցում բերդը: Մհերի մահից յետոյ, Մելիքը մօրից խլում եւ գերում է Դաւթին: Դաւթի մայրն է ձիուն խորհուրդ տալիս Դաւթին կաթնաղբիւր տանել, կամ Դաւթին մենամարտի ժամանակ հրեշտակների փոխարէն օգնում է Սուրբ Սարգիսը, ապա Դաւիթը Մելիքին ոչ թէ կիսում է, այլ թօփուզով խփում ճակատին եւ սպանում: Դաւիթը սպանում է մելիքի զինուորներին, սակայն հարիւր հազար երիտասարդի ազատ է արձակում: Կռւում է Գամալիէ Սուլթիկի հետ, ոչ ոք չի յաղթում, բայց Սուլթիկը տարբեր կերպ փորձում է Դաւթին` շղթաներով, ջրի մէջ այրելով տաքացրած գութանի խոփով, ի վերջոյ Դաւթին սպանում է աղջիկը եւայլն:
Ղ. Տէր Մկրտչեանից գրառուած «Սասունցի Դաւիթ» պատումի վրայ զգացւում է մեր մատենագրութեան նաեւ Աստուածաշնչի որոշակի ազդեցութիւն: Էփոսի հերոսները` Մհերն ու Դաւիթն աչքի են ընկնում քաղաքական շրջահայեացութեամբ ու շինարարական ակտիւ գործունէութեամբ: Մասնաւորապէս Մեծ Մհերը Սասունում շատ բերդեր է կառուցում, որպէսզի «Արապներում հճում ի չաղ/էղնի մէջ ի շինած բերդերուն (արաբների յարձակման ժամանակ այնտեղ պատսպարուի)» եւ արաբների Հայաստան արշաւանքի ժամանակ Սասունը մնում է անվնաս: Ընդհանրապէս Սասուն եւ Հայաստան տարբերակումը շատ քիչ պատումներում է հանդիպում, իսկ այստեղ ասացողն առանձնացնում է այդ հասկացութիւնները: Մեծ Մհերի մահից յետոյ, քանի որ նրա եղբայր Ձենով Օհանը Մհերի պէս կտրիճ չէր, Մսրայ Մելիքը գրաւում եւ աւիրում է Սասունը: Այստեղ պառաւից իմանալով հօր զէնքի ու ձիու մասին, Դաւիթը զինուելով` մէկ ամսում երկիրը մաքրում է արաբներից, շինարարական գործունէութիւն ծաւալում, նոյնիսկ հրաման արձակում, որ վերաշինեն Սասունի բերդերը: Ինքն էլ մի նոր բերդ է կառուցում, ապա ջուրը բերդ հասցնում եւ ջաղաց կառուցում:
Դաւթին ենթարկւում են նոյնիսկ շրջակայ վայրերի արաբները: Ինչպէս նախորդ պատումում, այստեղ նոյնպէս տեսնում ենք թագաւորական իշխանութեան նշաններ` ռազմական-պաշտպանական նշանակութեան բերդերի կառուցում, թշնամու նկատմամբ արագ յաղթանակ, հրամանների ու օրէնքների սահմանում, բերդերի վերականգնում եւ այլն: Էփոսի պատումների մեծ մասում Սասնոյ բերդը կառուցում են երկուորեակ եղբայրները, սակայն այն չի գիտակցւում որպէս երկրի պաշտպանական միաւոր, էփոսի հերոսները հրովարտակներ չեն արձակում: Այս մոտիֆը պատումների մեծ մասում իրացւում է Մսրայ Մելիքի հետ կապուած:
Ապա պատմւում է Շէյխ Մուհամետտի, Դաւթի փախցրած աղջկայ, Մուհամետտի երկու որդիների` Մահմուտի եւ Նասսրետտինի, Մուհամետտի որդի Ապասի, նրա ոսկի մազերի եւ այն մասին, որ Դաւիթը այդ մազերից քնարի լարեր է պատրաստում: Սասունի անկախութիւնը դուր չի գալիս Մսրայ եւ Բաղդադի թագաւորին: Մրսայ թագաւորը հարկահաններ է ուղարկում` գերիներ տանելու եւ տասը տարուայ հարկը հաւաքելու համար: Յովանը աղ ու հացով դիմաւորում է Ալլին, Ուօլոին, Օսմանին: Դաւիթն այդ ժամանակ բերդ է վերականգնում, երբ լսում է հարկահանների մասին: Վերադառնում է, ինչպէս պատումների մեծ մասում, պատուհասում է հարկահաններին եւ կռուի հրաւիրում Մսրայ Մելիքին: Նաեւ բարկանում է, սպառնում պատժել Օհանին` ենթարկուելու համար: Ապա աղօթում է Մարութայ Սուրբ Աստուածածին եկեղեցում: Դաւթի աղօթքը գրական է իր արտայայտութեան կերպով.
Ու զըր թեւեր լենցուց դէպ էրկինք ու ասեց.
— Ով Թորգոմի, Արամի ու մըր պապերի Աստուած,
Տուր ըմ մանուկ թեւերուն զօրուտեն,
Ուար կառնամ կոտրըմ զքու սուրբ կրօնի նաեարնին,
Ուար դրած ան մէջ ուրանց մտքին`
Գօտորին ուար ք’անուան մկրտուած ժողովրդուն
Եւ բղծին զքու Սուրբ Տաճառին [14]Սասնայ ծռեր, հատոր Դ., էջ 121: ։
Ապա զգուշացնում է թշնամուն եւ ձիու հետ միասին մեծ կոտորած անում, ապա լսելով ծեր մարդուն` դադարեցնում է կոտորածը եւ նրա միջոցով կռուի հրաւիրում Մելիքին: Մելիքը քնած է լինում, նրան արթնացնում են վէզիրները: Նա Դաւթին հրաւիրում է նստել թագաւորական աթոռին եւ խոստանում իշխանաց իշխան դարձնել: Այս կոչումը, որ, ըստ միջնադարեան պատմագրութեան, տրւում էր հայ խոշոր նախարարիներին առաջին անգամ միայն այստեղ է հանդիպում, ինչը կրկին փաստում է, որ ասացողը լաւ ծանօթ է պատմութեանը: Դաւիթը սակայն չի խաբւում եւ կռուի են դուրս գալիս: Այստեղ էլ Մելիքի խօսքում տարբերակւում են թագաւոր եւ իշխան հասկացութիւնները: Մելիքը որպէս թագաւոր պահանջում է հարուածի իրաւունքն իրեն տալ: Սրան հակառակ մնացած պատումներում Դաւիթը հարուածը զիջում է Մելիքին նրա աւագութիւնը հաշուի առնելով, այլ ոչ թէ սոցիալական դիրքը: Մելիքը նոյնիսկ պահանջում է, որ Դաւիթը մէկ հարուած տայ, իսկ ինքը երեք.
Մելիք, դու զքու գուրզ զարկեցիր,
Ալ տոր իմո՞ւն ա, թա՞ չէ:
Մելիք ասեց. – Էն ի՞նչ օրէնք է,
Օր թագաւոր ու իշխան մէկ յարգի տէր էղնին:
Բետք է, օր թագաւոր էրգու-իրէք հաղ ալ եւել էղնի
Ու յարգ էղնի ուրան[15]Նոյն տեղում, էջ 124::
Ի տարբերութիւն պատումների մեծ մասի, որտեղ Դաւիթը երեք հարուածներից երկուսը զիջում է մօր ու Աստծուն, կամ մօր ու քրոջը, այստեղ զիջման մոտիֆը բացակայում է եւ Դաւիթը ընդամէնը մէկ հարուածով, Աստծոյ անունը տալով` սպաննում է Մելիքին: Ապա թագաւորի կանանց ու միւս գերիներին ազատ արձակում:
Դաւթին յաղթանակը նրան մեծ հռչակ է բերում: Ի տարբերութիւն էփոսի պատումների մեծ մասի, այստեղ Դաւիթն ընդարձակում է գաւառի սահմանները: Ապա Դաւիթը Սասունի հացի խնդիրը լուծելու համար, բարեկամանում է Հալէպի ամիրայի հետ եւ ամիրայի թոյլտւութեամբ բերդ է կառուցում Հալէպում:
Եթէ պատումների մեծ մասում Դաւիթը սահմանափակւում է վանքի վերաշինմամբ, այստեղ նա հիմնում է բերդեր տարբեր վայրերում, ջրամբար, ջրաղաց, ախոռներ, մսուրներ: Դաւթի շինարարական ընդարձակ գործունէութիւնը նաեւ որոշակի հակադրութեան մէջ է մտնում էփոսի կենտրոնական հերոսի աւանդական ընկալման հետ: Անխուսափելիօրէն փոխւում է Դաւթի` որպէս ծուռ-խենթ ընկալումը, նաեւ ամբողջանում նրա` որպէս հայրենիքի պաշտպանի, առաջնորդի նաեւ խաղաղ շինարարի կերպարը:
Դաւիթն ընդլայնում է Սասունի իշխանութեան սահմանները: Պատումում շեշտւում է Սասունի անկախութեան, ինքնուրոյն քաղաքական գործունէութեան, հարեւան երկրների հետ յարաբերութիւնների հանգամանքը, ինչը բնորոշ չէ այլ պատումների:
Այս պարագայում գուցէ կարող ենք մտածել անկախ իրականութեանը համապատասխան վիպասացի աշխարհահայեացքի ու պատումի գաղափարական առանցքի փոփոխութեան մասին: Այդ փոփոխութիւնն, ինչպէս տեսանք, արտայայտւում է անկախ պետականութեանը կամ էփոսի աշխարհին համապատասխան թագաւորական իշխանութեան պարագաների առկայութեամբ, Սասունցի Դաւթի ակտիւ շինարարական եւ ինքնուրոյն քաղաքական գործունէութեան մոտիֆներով, որոնք բնորոշ չեն էփոսի աւանդական մոտիֆաշարին թերեւս արտայայտում են վիպասացների եւ ունկնդիրների` հայոց պետականութեան վերականգնման, խաղաղ շինարար գործունէութեան, երկրի շէնացման երազանք-ցանկութիւնները:
↑1 | Սասնա ծռեր, հատոր Գ., Երեւան, 1979, էջ 10: |
---|---|
↑2 | Տե՛ս, Лорд А.Б. Сказитель /пер. с англ. и коммент. Ю.А. Клейнера и Г.А. Левинтона/. Москва, 1994. С.142-158. |
↑3 | Սասնա ծռեր, հատոր Դ., Երևան, 1999, էջ 89: |
↑4 | Путилов Б., Эпическое сказительство: Типология и этническая специфика, Москва, 1997. С.71-72.Այս մասին տե´ս նաև Неклюдов С., Новые материалы по монгольскому эпосу и проблемы развития народных повествовательных традиций // Советская Этнография, 1981, № 4. С. 121-122: Նոյնի՝ Героический эпос монгольских народов: Устные и литературные традиции, Москва, 1984. |
↑5 | Սասնա ծռեր, հատոր Գ., էջ 348: |
↑6 | Սասնա ծռեր, հատոր Դ., էջ 324: |
↑7 | Տե՛ս, հատոր Դ., էջ 395, ծանոթագրութիւն: |
↑8 | Թովմա վարդապետ Արծրունի, Պատմութիւն Տանն Արծրունեաց, դպրութիւն երկրորդ, գլուխ Է., էջ 152, Մատենագիրք Հայոց, հատ. ԺԱ., Ժ. դար, Անթիլիաս-Լիբանան, 2010: |
↑9 | Աբեղյան Մ., հատոր Ա., Երեւան, 1966, էջ 382: |
↑10 | Ուշագրաւ է, որ Ռուսաստանի Եակուտիայի մարզում՝ արդէն մեր օրերում, ձգտելով վերականգնել «Օլոնխօ» էփոսի վիպասացման աւանդոյթը ոչ միայն նոր թեմաներ, համապատասխան ուսուցում են տալիս ասացողներին, այլ նաեւ ապահովում համապատասխան լսարանով, առանց որի հնարավոր չէ վիպասացումը: |
↑11 | Սասնայ ծռեր, հատոր Գ., պատում ԺԱ., էջ 444 |
↑12 | Սասնայ, ծռեր, հատոր Գ., պատում Դ, էջ 146: |
↑13 | Սասնայ ծռեր, հատոր Դ., պատում Ա, էջ 106: |
↑14 | Սասնայ ծռեր, հատոր Դ., էջ 121: |
↑15 | Նոյն տեղում, էջ 124: |