Արքմենիկ Նիկողոսեան

ՀԵՆՐԻԿ ԷԴՈՅԵԱՆԻ ՅԵՏԳՐՈՒԹԻՒՆԸ

Երբ 2001 թուականին լոյս տեսաւ Յետգրութիւն ժողովածուն, որն իր բնոյթով ընտրանի էր եւ ամբողջացնում էր Հենրիկ Էդոյեանի բանաստեղծական նկարագիրը, թւում էր՝ նա «փակում» է իր հաշիւները բանաստեղծութեան հետ, յամենայնդէպս՝ սեփական ստեղծաբանական տարածութեան ամփոփում էր դա ենթադրում: Մանաւանդ, իմ կարծիքով, նոյնիսկ գրութենական գոյութեան պարագային գրողի այսպէս ասած` յետ-ընտրանիական ժամանակը զարգացում` առաջընթացի տեսքով, երբեք չի ամրագրում: Պարտադիր օրինաչափութեամբ, ընտրանի հրատարակելուց յետոյ գրողը ստեղծում է գոյաւորուած անհատական գեղարուեստական-ստեղծաբանական տարածութեանը նրբագծեր յաւելող գրականութիւն: Այլ խօսքով, յետ-ընտրանիական ստեղծագործական ժամանակը հրաժեշտի ժամանակ է, որը տարբեր գրողների մօտ տարբեր ձեւերով կարող է արտայայտուել: Ստեղծաբանական եւ վերն ասուածի առումով չափազանց խօսուն ու հետաքրքիր է նաեւ Էդոյեանի ժողովածուի վերնագիրը. յետգրութիւնը ոչ թէ տուեալ գրքի պոետիկ տարածութեան ու համակարգի, այլ յետագայում գրուելիք բանաստեղծութիւնների ընդհանուր տարազումն է: Այս առումով, Էդոյեանի ընտրանիին յաջորդած գրքերի` Երեք օր առանց ժամանակի (2005), Փողոցի բաժանուող մասում (2007), Կանգ առ, ես այստեղ եմ (2012), Յենման կէտ (2015) խորագրերը ոչ թէ վերնագրեր են, այլ` ենթավերնագրեր: Այսինքն` յետ-ընտրանիական ժամանակի ցանկացած ժողովածու Էդոյեանի պոէտական համակարգում յետգրութեան արժէք ունի:
     Այնուամենայնիւ, նոյնիսկ այս պարագային, Յետգրութիւնից յետոյ Էդոյեանի նախանձելի ստեղծագործականութիւնը իւրայատուկ հանգամանք է եւ արժանի մասնաւոր ուշադրութեան: Նախ, այդ ժողովածուներում ոչինչ չէր գուժում ստեղծագործական նահանջ, այլ, ընդհակառակը, երեւանւում էր իւրօրինակ մի ներուժ, որի նպատակը, թերեւս, արդի գրաբանական դաշտի արժէքայնութեան ապահովումն էր: Բանաստեղծական արուեստի որոշակի նահանջի, խօսքի հասարակացման եւ ինչ-որ առումով՝ արժեզրկման, բանաստեղծութեան հանդէպ դրսեւորուող անլուրջ մօտեցումների, հեղինակութիւնների հեռանալու եւ նոր հեղինակութիւնների չգոյութեան պայմաններում Էդոյեանի բանաստեղծումը, հակուած եմ մտածելու, յետ-ընտրանիական շրջանում աւելի շատ այդ մտահոգութիւններով պայմանաւորուած քայլ էր, քան սեփական բանաստեղծական անուան իւրացում:
     Հենրիկ Էդոյեանի նոր՝ Լոյսը ձախ կողմից ժողովածուն վերն ուրուագրուած մասնայատկութիւնների ծիրում է: Այս եւ նախորդ ժողովածուների առումով, եթէ անգամ դա նրբագծերի յաւելման գրականութիւն է, ապա գործ ունենք չափազանց էական նրբագծերի հետ, որոնք թանձրականացնում են էութային շատ երեւոյթներ: Յետ-ընտրանիական ժամանակում Էդոյեանի պոեզիան ակնյայտօրէն ձեռք է բերել նոր որակներ:
     Մասնաւորապէս՝ Լոյսը ձախ կողմից ժողովածուն մի կողմից յատկանշւում է Էդոյեանի բանաստեղծութեանը բնորոշ դրամատիկ ապրումների առատ ու չներփակուող հոսքով.

Դու ուշացել ես, գնացքներն արդէն
մեկնել են կայարանից, բայց դեռ չեն հասել
յաջորդ կայարան: Միեւնոյն չէ՞
արդեօք՝որքան ես ուշացել…

     Միւս կողմից՝ ժամանակային կոնկրետ նշաններ, հրապարակախօսական տարրեր.

Էկրաններին քաղաքական
գործիչներ են յայտնւում
երկդիմի կեցուածքներով,
եւ բանաստեղծներ, որոնք
եռանդով
ճգնում են յայտնի դառնալ…

     Աւելին, բեռնաւորուելով կենսական ու բանաստեղծական հարուստ փորձով՝ Էդոյեանի բանաստեղծութիւնը վերածուել է իւրօրինակ աղօթքի, մանաւանդ՝ մեր ժամանակների հոգեւոր կորուստների համապատկերին.

Դրաման մե՛զ համար է, մեր կեանքի
զիկզակների, վէպը՝ պատմութեան
եւ
ժամանակի,
բայց Աստուած նախընտրում է քնարերգութիւնը:

     Այս բնորոշումը, ընդհանրապէս, էութային է Էդոյեանի Լոյսը ձախ կողմից ժողովածուի պարագծում. այն ենթադրում է մի կողմից՝ ընդհանուր գրաբանական դաշտի գնահատում, ընդ որում՝ յոռետեսական խորքով, միւս կողմից՝ սեփական բանաստեղծութեան յաւակնութիւնները: Ու պատահական չէ բանաստեղծների, ըստ ամենայնի՝ Աստծոյ նախընտրած քնարերգութիւն ստեղծող բանաստեղծների, յիշատակումը ժողովածուի ամբողջ հատոյթում՝ Էլիոթ, Թրակլ, Ռիլկէ, Մեծարենց, եւ կրկին ոչ պատահականութիւնը իր ժամանակակիցներից միայն Յովհաննէս Գրիգորեանի անուան յիշատակումը:
     Վերջին պոետները հեռացան,– յոռետեսական երանգով նշագրում է Էդոյեանը, թէպէտ միւս կողմից՝ դա պէտք է ընկալել ու գնահատել իբրեւ մարտահրաւէր նոր սերնդի համար: Եւ ընդհանրապէս, Հենրիկ Էդոյեանի յետ-ընտրանիական ժամանակը, ի մասնաւորի՝ Լոյսը ձախ կողմից ժողովածուն, մարտահրաւէր է արդի հայ բանաստեղծութեանը:

ԾԸ. Տարի, Թիւ 1

յաջորդ
ԳԱՐՄԷՆ