Հալէպ
Սպարտակ Ղարաբաղցեան

ԱՆՍՈՒՏ ՀԵՔԻԱԹ

Հալէպի հի՛ն, նեղլիկ փողոցներով թափառելիս ակամայից դառնում ես հինաւուրց զարմանահրաշ քաղաքի մի մասնիկը: Դարերի ոտնահետքերից մաշուած սալաքարեր…փութկոտ քայլերով այստեղով անցել են վանականներ, աղօթատեղի շտապող հաւատացեալներ, վաճառականներ, վաշխառուներ, գանձագողեր արհեստաւորներ, պարզ ու շիտակ ուխտաւորներ…
     Նեղլիկ փողոցը արահետի է նման, ուր խորհրդաւոր հազարամեայ մի ձայն ականջիս թաքուն շշնջում է. «Այստեղ քո նախնեաց ոտնահետքերն էլ կան, դու այստեղ օտար չես…»։ Յետոյ հեքիաթացած մի Ալեհեր Ծերունի ինձ թեւանցուկ արած հեքիաթ է պատմում, ԱՆՍՈՒՏ մի հեքիաթ… Իսկական հեքիաթները Անսուտ են իրօք… Սուտը ներկան է, ու մեր ամբողջ կեանքը իրականութիւնը ստից, կեղծիքից մաքրելու առաքելութիւնն է, մաքրուելու կռիւը…
     …Հալէպի համն ու հոտը աղմուկն է, ժխորը հազար երանգ կանչերից ու ձայներից հիւսուած արեւելքի մեղեդին…
     Գիւղացի վաճառականները  այնքան ներդաշնակ են այս փողոցներին, որ թւում է, թէ լուսաբացից առաջ նրանք դուրս են գալիս քաղաքի հինաւուրց պարիսպների ճեղքերից ու կէսօրին աննկատ անէանում, հալւում անհետանում, յաջորդ օրը՝ ծեքծեքին կրկին յարութեան առնելու պայմանով…
     …Լուսադէմին փողոցներում առաջինը աննկատ յայտնուած ձկնավաճառի տասներկուամեայ օգնականի զիլ ձայնն է. «…Ձո՛ւկ, ձո՛ւկ,.. Եփրատի թարմ ձո՛ւկ…» Սա մինչեւ կէսօր իր ապրանքը թէ չվաճառի, Հալէպի տապն ու շոգը կը փճացնեն ամէն ինչ… Քիչ անց արեւհար դէմքերով մրգավաճառներն են յայտնւում, յետոյ կաթ ու մածուն ծախող գիւղացիները… Որպէս կանոն, այս էլ քանի՛ հազար տարի սրանք հետները իրենց ապագայ փոխարինողներին են բերում՝ 10-12 տարեկան արու զաւակներին ու այս տղեկների զիլ կանչերն են ազդարարում նրանց մուտքը քաղաք…
     Նրանք մէկիկ-մէկիկ անգիր գիտեն իրենց յաճախորդներին.
     Հրե՛ն, մրգավաճառներից մէկն արդէն թակում է դարպասի դռնակը: Այն կողմից ծանօթ յաճախորդի ձայնն է:
     – Վաչէ՛, դարպասը բաց, Ապու Սայիտն է, ներս առ…
     Երկու-երեք դարպաս այն կողմ կաթնավաճառ Ապու Ասատի յաճախորդ՝ քիլիսցի Գէորգի տունն է, բայց արդէն քանի՛ օր է, Ապու Ասատըչ կայ…
     Քիլիսցի Գէորգի թոռը՝ Գէորգը ստիպուած Կարոյի խանութից է կաթ ու մածունը բերում…Պապը մածնաբրդոշից 2-3 դգալ բերանը տանելուց յետոյ ափսէն մի կողմ հրելով ասել էր.
     – Աս Ապու Ասատի մածունը չէ…
     – Ի՞նչ տարբերութիւն մեծ հայրիկ, Կարոյի խանութի մածունն էլ նոյնը չէ՞, նոյն գիւղաց ի՞նչի բերեր…Անպայման փողոցէ՞ն պիտի առնեմ մածունդ,-նեղսրտել էր թոռը:
     …Շաբաթ անց.վերջապէս թակեցին քիլիսցի Գէորգի դարպասը: Ամենաշատը թոռն էր ուրախացել, որ վերջապէս Ապու Ասատը եկաւ: Բայց երբ բացել էր դուռը, Ապու Ասատի փոխարէն 12 տարեկան մի արաբ գիւղացի էր կանգնել նրա առաջ.
     – Ապու Ասատի թոռն եմ, մածունը հայրս է ղրկել,-ասել էր գիւղացուն յատուկ շիտակութեամբ ու մածնով դոյլը մեկնել Գէորգին:
     – Ապու Ասատն ո՞ւր է,-ձայնին մէջ տագնապ ու կասկածանքով հարցրել էր Գէորգը…
     – Կեանքը ձեզ, մահացաւ,-պատասխանել էր կաթնավաճառի թոռն ու հեռացել…
     – Կեցի՛ր, դրամդ տամ,-ետեւից կանչել էր Գէորգը…
     – Հայրս ասաց դրամ չառնեմ…
     …Տխրեցին, որ Ապու Ասատը չկայ, բայց եւ ուրախացան, որ վերջապէս քիլիսցի Գէորգին կաթ ու մածուն բերողը կայ այլեւս…
     Այս անգամ էլ,սակայն,նոյնըկատարուեց.2-3 դգալ համտեսելուց յետոյ քիլիսցի Գէորգը ասել էր.
     – Աս Ապու Ասատի մածունը չէ…
     …Ապու Ասատը քիլիսցի Գէորգի զրուցըներն էր նաեւ…Զրոյցի կարիք ունէր քիլիսցի Գէորգը, Ապու Ասատի անարատ կաթ ու մածնի պէս՝ ԽՕՍՔԻ…

31.01.2018թ.

 

ԾԷ. ՏԱՐԻ, 2018 ԹԻՒ 2