ՄԱՇՏՈՑԵԱՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ
Գէորգ Տէր Վարդանեան

ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ՀԱՅ ԿՐԹԱԿԱՆ ԵՒ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՄԻՈՒԹԻՒՆԻՑ ՄԱՇՏՈՑԵԱՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ՍՏԱՑԱԾ ՁԵՌԱԳՐԵՐ*

Այսչափ ճոխ նուէր՝ ձեռագրերի մեծ քանակի նուիրատւութիւն սրանից առաջ ստացել ենք տասնհինգ տարի առաջ՝ 2003 թ., երբ Նոր Ջուղայեցի բանասէր Լեւոն Մինասեանն իր կեանքի ընթացքում հաւաքած ձեռագրական նիւթերը՝ մօտ 50 միաւոր նուիրեց Մաշտոցեան Մատենադարանին։ Նրա նուիրած ձեռագրերի մէջ կային նաեւ օտարալեզու միաւորներ, ասենք՝ պարսկերէն հմայիլիներ։ Չեմ ասում, թէ դրանք սակաւարժէք էին, բայց այսօրուայ մեր հանդիսութեան նիւթ նուիրատւութիւնը զուտ հայերէն է եւ առաւելապէս՝ միջնադարեան ձեռագրերի արժէքաւոր եւ մեծաքանակ խումբ է։
     Այսպիսով ուրեմն, Համազգային միութիւնից, կից թուարկում-ցանկով[1]Այդ ցանկի մէջ որոշ թիւրընկալումներ կային. ձեռագրերը սովորական ձեւով ախտահանել-մաքրելուց յետոյ մանրամասն … Continue readingհանդերձ, ստացել ենք 27 ձեռագիր եւ մէկ փոքրիկ ձեռագրացուցակ, որոնք մեր հաւաքածուների մէջ են մուծուել այսպէս՝

  1. Հայերէն ձեռագրերի հիմնական հաւաքածու՝ Հմր 11319-11343 – 25 միաւոր[2]Ստորեւ Հմր համառօտում-ցուցիչով գրում ենք Մաշտոցեան Մատենադարանում ձեռագրերի ստացած համարները (թիւերը), … Continue reading։
  2. Հայերէն նոր ձեռագրերի հաւաքածու՝ Հմր 472-473 – 2 միաւոր.
  3. Անտիպ ձեռագրացուցակների հաւաքածու՝ Հմր 182 – 1 միաւոր։

     Հնագոյն ձեռագիրը 1430 թ. Աղթամարում Թումա գրչի ձեռքով գրուած Մանրուսմունքը կամ Կացրդարանն է (Հմր 11342), նորագոյնները` Ի. դարի երկու ձեռագիր (Հայերէն նոր Հմրք 472-473)։
     Ժամանակագրօրէն երկրորդը 1489 թ. Ռշտունիքի Շատուան գիւղում գրուած՝ Սարգիս Շնորհալու «Մեկնութիւն կաթուղիկեայ թղթոց» երկի հսկաածաւալ ձեռագիրն է (Հմր 11320), երրորդը ԺԵ. դարի Գանձարան է (Հմր 11323), յետոյ գալիս է 1574 թ. մի Աւետարան (Հմր 11324), 1663 թ. մի Սաղմոսարան (Հմր 11339), 1666 եւ 1685 թթ. երկու Ժողովածու (Հմրք 11333, 11336), ԺԷ. դարի մի Յայսմաւուրք (Հմր 11319), նոյն ԺԷ. դարի երեք ձեռագիր՝ մէկը Աւետարան (Հմր 11326), միւսը՝ Պատմութիւն Յովասափու (Հմր 11338), երրորդը՝ Ժողովածու (Հմր 11340), ապա՝ 1724 եւ 1759 թթ. Ժողովածուներ (Հմրք 11335, 11337), 1773 թ. մի Հմայիլ (Հմր 11343), 1798 թ. մի «Ներածութիւն աստուածաբանութեան» (Հմր 11332), 1800 թ.՝ Տէ լա Լաենտի հեղինակի Աստղաբաշխութիւնը (Հմր 11321) եւ նոյն թուականի մի Եռանկիւնաչափութիւն (Հմր 11322), ԺԸ. դարի՝ տարաբնոյթ նիւթերի չորս ձեռագիր (Հմրք 11325, 11329, 11334, 11341), 1808 թ. մի Ճառընտիր (Հմր 11331), Մխիթարեան միաբան Մկրտիչ Աւգերեան վարդապետի «Տրամախօսութիւն» երկի 1819 թ. գրուած մի օրինակ (Հմր 11330), ԺԹ. դ. երկու ձեռագիր, որոնցից մէկը Քարոզգիրք է (Հմր 11328), միւսը` «Վասն զարմանալեաց Նոր Աշխարհին, որ ասի Եէնի Տիւնեա» (այսինքն` Ամերիկայի. Հմր 11327), ի վերջոյ` Հայերէն նոր ձեռագրերի հաւաքածուի մէջ գրանցուած՝ Ի. դարին վերաբերող երկու ձեռագրերը (համարները տես վերը) երաժշտական բնոյթի են՝ Շարականք եւ Գանձք։
     Ամենահինը՝ 1430 թ. Աղթամարում Թումա գրչի ձեռքով գրուած Մանրուսմունքը, բաւական վնասուած է՝ թերի է թէʹ սկզբից եւ թէʹ վերջից, բայց բարեբախաբար յիշատակարանը, որ բացարձակ նորութիւն է եւ գիտական որեւէ տեսակի հրապարակման մէջ անգամ յիշատակուած չէ, գրեթէ ամբողջական է եւ ժամանակի պատմական իրադարձութիւնների մասին կարեւոր տեղեկութիւններ է հաղորդում. ահա` «Յամի Պ. եւ ՀԹ. (1430) թվականութեան հայկազեան տումարիս գծագրեաւ եղանակաւոր տառս Կըցըրդարան յաստուածախնամ կղզիս Աղթամար, ընդ հովանեաւ Սուրբ Խաչի եւ Սուրբ Փրկչի, ձեռամբ անարհեստ գրչի Թումայի, ի խնդոյ ոսումնասէր եւ լուսամիտ կրաւնաւորի Թումայի… ի յամենեւին դառն եւ յանբարի ժամանակիս, յորում ամի շարժեցաւ թագաւորն արեւելից Ամիրզայ Շահռուխն՝ որդի Լանկ Թամուրին, անթիւ զաւրաւք, եւ եկն ի վերայ չար բըռնաւորին Ամիրզայ Սքան|119ա|դարին, որ էր ազգաւ թ[ուրք՞ եւ] /// տիրէր Թաւրիզոյ, բայց /// [սա էր յոյժ խռո]վարար եւ աւերիչ աշխարհի [եւ] /// նա եկեալ ի վերայ սորա, յաղթեաց սմա, եւ զզաւրս սորա ի սուր եւ ի գերութիւն առեալ, եւ ինքն Սքանդարն սակաւ արամբք մազապուրծ փախստական եղեալ ի ձեռաց նոցա։ Եւ այս տարի մի է բովանդակ, որր աշխարհս Հայոց աւերակ է, եւ տէր Դաւիթ կաթողիկոսն ի Վանայ բերթն ի |119բ| /// եւ է եւս չէ ելեալ /// ումն հա /// անացս։ [Արդ], յայսմ դառնութեան ժամանակիս գծագրեցաւ տառս ի խնդրոյ սրբասէր կրաւնաւորին Թումայի, վասն որոյ աղաչեմ զհանդիպողքդ սմա լի բերանով եւ ուղիղ մտաւք Աստուած ողորմի ասել Թումայ կրաւնաւորին եւ ծնաւղացն իւրոց եւ եղբարցն, եւ մեղաւոր Թումայ գծողին եւ իւր ծնաւղացն. եւ ձեզ ողորմեսցի Քրիստոս Աստուած, մեաւք հանդերձ. ամէն»։
     Դեռ պէտք է պարզենք, թէ այս Թումա գրիչը յայտնի եւ արդիւնաշատ Թումա Մինասե՞նցն է, թէ՞ ԺԵ. դարում Աղթամարում գործած մի այլ Թումա գրիչ, եւ աւելին՝ այս ձեռագիրը կարեւոր միաւոր է նաեւ երաժշտական Մանրուսմունք ժողովածուի ուսումնասիրութեան համար։
 

Ժողովածոյ Չինքոթ քաղաք ԺԷ. դար Գրիչներ՝ Մկրտիչ քհնյ. եւ Խօջասար

 Ընդհանրապէս անարժէք ձեռագիր չկայ. հին թէ նոր՝ բոլոր ձեռագրերն արժէքաւոր են եւ շուտ կամ ուշ գիտութեանն անպայման առնուազն մի կարեւոր տեղեկութիւն տալիս են։ Այդպէս արժէքաւոր են նաեւ ներկայ ձեռագրախմբի անխտիր բոլոր միաւորները, բայց ուշադրութիւն եմ հրաւիրում սրանցից ամենաանկարեւոր թուացողի՝ համառօտ կամ փոքրիկ ձեռագրացուցակի վրայ, որի իմ պատրաստած նկարագրութիւնը հետեւեալն է. «Անտիպ ձեռանգրացուցակ 182. [Ցուցակ Թաւրիզեցի ճարտ[արագէտ] Էմիլ Յակոբեանի երեք ձեռագրերի, կազմեց Հայկ Աճէմեան], 30 Յուլիս 1960։ 21 թերթ` բ. երեսները չգրուած, թուղթ, 20,2×12,7. միասիւն, սեւ մատիտով շղագիր, 19 տող։
     Ցուցակի առաջին էջին (1ա) տիտղոսաթերթն է, ուր Հայկ Աճէմեանը բացատրում է, որ սա իր կազմած՝ «Ցուցակ հայերէն հին ձեռագրաց Թաւրիզի, այլ վայրերի եւ մասնաւոր անձանց. 1921-1960, աշխատասիրեց Հայկ Աճէմեան» գործի «թիւ 81, 82 եւ 83»` Էմիլ Յակոբեանին պատկանող ձեռագրերի նկարագրութիւնն է, որ արտագրել է իր նոյն գործի 371-379 էջերից։ Առաջին ձեռագիրը (2ա-4ա) Համազգայինից մեր ստացած ցանկի 13րդ, Մաշտոցեան Մատենադարանի Հայերէն ձեռագրերի հիմնական հաւաքածուի 11323 համարն ստացած՝ ԺԵ. դարի Գանձարանն է, որի նկարագրութեան վերջում կայ այս. «Ձեռագիրը պատկանում է թաւրիզաբնակ Մելքոն Յակոբեանին» (4ա), երկրորդը (5ա-12ա) Համազգայինի ցանկի 10րդ եւ մեր նոյն հաւաքածուում 11319 համարն ստացած՝ ԺԷ. դարի Յայսմաւուրքն է, որի մասին, ասելով թէ Մեսրոպ վարդապետ Մաքսուդեանն այն նկարագրել է Ագուլիսում, Հայկ Աճէմեանն աւելացրել է, որ ինքն էլ վերստին նկարագրել է՝ «30 մայիսի 1922 թ., Թաւրիզ»ում։ Երրորդը (14ա-21ա) Համազգայինի ցանկի 9րդ եւ մեր 11320 համարն ստացած՝ Ռշտունիքի Շատուան գիւղում 1489 թ. գրուած՝ Սարգիս Շնորհալիի Մեկնութիւն Կաթողիկեայ թղթոց» ձեռա­գիրն է (գրիչ՝ Ատոմ քհյ, օգնական գրիչ՝ Յովհանէս, ստացող՝ տէր Հայրապետ), որ Հայկ Աճէմեանը համարել է «Ճառընտիր» եւ որի վերջում նոյնպէս կայ՝ «Ձեռագիրը պատկա­նում է թաւրիզաբնակ Մելքոն Յակոբեանին։ Ցուցակագրեցի 3 յունիսի 1922 թ., Թաւրիզ, Հայկ Աճէմեան»։
   

Աւետարան Խոչնդիք գիւղ (Եկեղեաց գաւառ) 1574թ. Գրիչ, ծաղկող՝ Մկրտիչ Երէց

Փաստօրէն այս ցուցակում նկարագրուած են Համազգայինից մեր ստացած միայն այն երեք ձեռագրերը, որոնք Ագուլիսի Սուրբ Թովմա առաքեալի վանքից տարուել են Թաւրիզ, ուր եղել են գոնէ 1922 թուականին եւ այդ ժամանակ անյայտ հանգամանքներում դարձել են Մելքոն Յակոբեա­նի սեփականութիւնը, իսկ 1960 թ. պատկանել են նրա ճարտարագէտ որդի Էմիլ Յակոբեանին, որից Մաշտոցեան Մատենադարանը տարիներ առաջ նուէր է ստացել ձեռագրական որոշ մանր նիւթեր։ Ըստ ամենայնի ենթադրելի է, որ այս ձեռագրերը Թաւրիզից Բէյրութ են տարուել 1960 թուականից յետոյ։
     Այստեղ նախ միջանկեալ նկատեմ, որ մեզ համար կարեւոր նորութիւն էր նաեւ այն փաստը, որ Հայկ Աճէմեանն ինչ որ ժամանակ կազմել է` «Ցուցակ հայերէն հին ձեռագրաց Թաւրիզի, այլ վայրերի եւ մասնաւոր անձանց. 1921-1960» խորագրով մի աշխատութիւն, որ արժէ անպայման փնտրել եւ բերել Մաշտոցեան Մատենադարան, որովհետեւ նրա օգնութեամբ հնարաւոր է լինելու պարզել շատ ձեռագրերի տարբեր տեղաշարժեր եւ ընդհանրապէս ձեռագրագիտական շատ հարցեր։
     Խնդիրը դիտարկենք պատմական տեսանկիւնից. Ագուլիսի Սուրբ Թովմա առաքեալի վանքի ձեռագրերի մասին առաջինը 1901ին գրել եւ 5 ձեռագրի յիշատակարան տպագրել ու ռուսերէնի է թարգմանել Թիֆլիսի երկրորդ իգական գիմնազիայի եւ Ս. Աննայի հաստատութեան ուսուցիչ Յարութիւն Թումանեանցը, երկրորդը 1904ին եղել է ազգագրագէտ Երուանդ Լալայեանը, որ քաղել է ձեռագրերի յիշատակարանների սոսկ «էական» մասերը, երրորդն արդէն Սուրբ Էջմիածնի միաբան Մեսրոպ վարդապետ Մաքսուդեանն էր, որի՝ 1906-7 թթ. արած աւելի կանոնաւոր եւ առաւել բաւարարող նկարագրութիւնների միայն մի մասը տպագրուել է նկարագրելուց մի հնգամեակ անց, սակայն այդ թերի տպագրութիւնն անգամ տեւել է եւս մի հնգամեակ. «Արարատ» ամսագրի 1911 եւ 1914-1915 թթ. համարներում շարունակական 13 մաս-յօդուածաշարով տպագրել է ընդամէնը 29 ձեռագրի նկարագրութիւն։ Ես գտել եմ Մաքսուդեանի նկարագրութիւնների անտիպ մնացած մասը, համադրել Յարութիւն Թումանեանի եւ Երուանդ Լալայեանի արածների հետ եւ տպագրութեան պատրաստել Թովմա առաքեալի վանքի եւ Ագուլիսի եկեղեցիների մօտ 90 ձեռագրի նկարագրութիւն։
   

ՄԱՇՏՈՑԵԱՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ
Ժողովածոյ ԺԷ դար Գրիչը եւ ծաղկողը՝ անյայտ

Յայտնի է, որ 1919 թ. դեկտեմբերի վերջին թուրքերի կազմակերպած կոտորածի հետեւանքով Ագուլիսն աւերուեց, քաղաքում առկայ ձեռագրերը ցանուցիր եղան. ներկայիս տուեալներով ասածս 90 ձեռագրից 8ը Մաշտոցեան Մատենադարանում են (սրանցից մէկը 1972 թուականին, Մատենադարանի նախկին փոխտնօրէն՝ հանգուցեալ Բաբկէն Չուգասզեանի ձեռքով, նուէր ենք ստացել Սան Ֆրանցիսկոյից՝ Ջորջ Մարտիկեանից), 3ը` Վենետիկում, Յարութիւն Քիւրտեան հաւաքածուում են (1940ականներին գնել է Թաւրիզում), մէկական` Գերմանիայում, Վիեննայի Մխիթարեան մատենադարանում եւ Յարութիւն Հազարեան հաւաքածուի Մատենադարան չեկած միաւորների մէջ։ Շատ հետաքրքիր է 1358 թ. Զաքարիա Աղթամարցու նկարազարդած Աւետարանի ճակատագիրը. սրա հիմնական մասը Իռլանդիայի Դուբլին քաղաքի Չեստէր Բիտի թանգարանում է, 2 թերթ` Խորվաթիայի մայրաքաղաք Զագրէբում, 1 թերթ` Փարիզում՝ Մոն-Սէն Միշէլի ձեռագրական թանգարանում։
     Այսպիսով ուրեմն՝ մինչեւ վերջերս Ագուլիսի 90 ձեռագրերից անյայտ էր 66ի տեղը, այժմ սրանցից 3ը եւս եկան Մատենադարան, անյայտ մնաց 63ի տեղը։ Ինձ կներէʹք, եթէ ասեմ, որ ձեռագրական այս ճոխ հաւաքածուի մէջ ինձ համար ամէնանուիրականը հէնց այդ երեք ձեռագրերն են, եւ որ շատ կուզենայի, որ մնացեալ 63ը եւս աստիճանաբար յայտնաբերուէին եւ գային Մատենադարան։ Աւելացնեմ, որ իմ ունեցած նկարագրութիւնների համեմատ Ագուլիսի այս ձեռագրերը հետագայ տարիներին կորուստներ են կրել՝ որոշ թերթեր կամ պրակներ այժմ պակասում են, այսինքն՝ նրանց արժէքները որոշ չափով բացայայտւում են նաեւ 20րդ դարի սկզբներին արուած նկարագրութիւնների շնորհիւ։
     Ագուլիսի կորսուած եւ մասամբ փրկուած ձեռագրերի իմ պատրաստած ցուցակի նման եւ նրա հետ տպագրելիք մի մասն է նաեւ Դարաշամբի կամ Շամբի Սուրբ Ստեփանոս Նախավկայի վանքի ձեռագրացուցակը, որի նկարագրութիւնները 1904 թուականին արել է պատմաբան-հնագէտ Սմբատ Տէր-Աւետիսեանը. այս հաւաքածուի ճակատագիրը մի փոքր աւելի լաւ է դասաւորուել. 124 ձեռագրերի մեծ մասը, Թաւրիզում նոյն Հայկ Աճէմեանի ձեռքի տակով անցնելով, ճանապարհներին թերթերի կամ պրակների որոշ կորուստներ կրելով, 1922ին եկել է Էջմիածին եւ այժմ այստեղ՝ Մաշտոցեան Մատենադարանում է. սակայն սրանցից 48ի ներկայ տեղը եւս առայժմ անյայտ է։ Յիշենք, որ նշանաւոր «Կնիք հաւատոյ» ժողովածուի լաւագոյն եւ առաւել ամբողջական ձեռագիրը ժամանակին Կարապետ եպիսկոպոս Տէր-Մկրտչեանը յայտնաբերել է նոյն Դարաշամբի Սուրբ Ստեփանոս վանքում։
     Եզրակացնեմ. 2015 թուականին տպագրել եմ մեր ձեռագրական կորուստներին վերաբերող մի գիրք, որի մէջ, զանազան ելակէտեր հիմք ընդունելով՝ հաշուել եմ, որ եղեռնի տարիներին հիմնականում Արեւմտեան Հայաստանում մեր կրած ձեռագրական կորուստները եղել են մօտաւորապէս 62.500 միաւոր, այսինքն՝ ներկայումս ամբողջ աշխարհում պահպանուած հայերէն 31.000 ձեռագրերի քանակի կրկնակիից աւելին կորսուել է։ Տայ Աստուած, որ այդ կորուստները ժամանակ առ ժամանակ, այսօրուայ մեր խօսակցութեան նիւթ ձեռագրերի նման, կարգով յայտնաբերուեն եւ մէջտեղ գան։
     Աւարտեմ Համազգայինին ուղղուած շնորհակալութեամբ, որ ձեռագրերի այս արժէքաւոր հաւաքածուն ժողովելով եւ խնամքով պահպանելով, բերեցին իր պատկան տեղը՝ Մաշտոցեան Մատենադարան, որտեղ նրանք թէʹ լաւ պահպանուելու են եւ թէʹ լաւագոյն ձեւով ուսումնասիրուեն, այսինքն՝ ծառայելու են իրենց բուն նպատակին։

*Ձեռագրերի յանձնման հանդիսաւոր արարողութեան ժամանակ՝ 2018 թ. մայիսի 17-ին ասուած խօսք, որ սկսուել է այսպէս՝ «Համառօտաբան լինելու եւ կարեւոր հանգամանքներ չմոռանալու նպատակով գրաւոր խօսք եմ պատրաստել, ուստի՝ կարդում եմ»։

ԾԷ. ՏԱՐԻ, 2018 ԹԻՒ 3

References
1 Այդ ցանկի մէջ որոշ թիւրընկալումներ կային. ձեռագրերը սովորական ձեւով ախտահանել-մաքրելուց յետոյ մանրամասն մշակել եւ վերստին քարտագրել-նկարագրել ենք. այս շարադրանքի մէջ ձեռագրերը ներկայացուած են ճշգրտուած տուեալներով։
2 Ստորեւ Հմր համառօտում-ցուցիչով գրում ենք Մաշտոցեան Մատենադարանում ձեռագրերի ստացած համարները (թիւերը), որպէսզի, այս յօդուածը կարդալուց յետոյ, հետաքրքրուողները ցանկութեան դէպքում կարողանան տեսնել նաեւ ձեռագրերը։