ՏՈՒՆԸ չորսսենեականոց էր՝ հիւրասենեակը, երեխաների սենեակը, տատիկի սենեակը եւ հօրս սենեակը։ Մեզ բոլորիս քնելու տեղաւորելուց յետոյ մայրս տեղափոխւում էր հօրս մօտ։ Տունն այնպէս էր նախագծուած, որ հօրս սենեակ հնարաւոր չէր մտնել միւս սենեակների միջով․ այն առանձին մուտք ունէր։ Մօրս հեռանալն ուղեկցւում էր տախտակների ճռճռոցով։ Վարսենիկ տատի կամ պարզապէս «բաբոյի» (բաբուշկա՝ տատիկ բառը՝ հայկական ոճով) սենեակը նոյնպէս առանձին մուտք ունէր։ Այսպէս միմեանց թշնամի մօրս եւ տատիս միջեւ փոխզիջում էր ձեռք բերուել, ինչպէս նաեւ բաւարարուել էր հօրս մենակեցութեան պահանջը։ Հօրս անհրաժեշտ էր օրը առնուազն մի քանի ժամ մենակ մնալ։ Նրան հետաքրքրում էին գրքերը, լուսանկարները, երաժշտութիւնը, դրոշմանիշները եւ սեփական եղունգները․ կտրուած՝ դրանք հաւաքւում էին լուցկու տուփի մէջ։ Սենեակի ամբողջ պարագիծը զբաղեցուած էր առաստաղին դէմ առնող գրադարակներով, սենեակի մէջտեղում մահճակալն էր, դրանից աջ՝ ձայնարկիչը, ձախ կողմում՝ սեղանը, վրան՝ լուսանկարչական աշխատանոց, խորքում՝ դարակաշար, այդ ամբողջ խառնակոյտի միջեւ նեղ անցուղի էր՝ տեղաշարժուելու համար։ Վերեւի դարակներից մէկի վրայ՝ գրքերի կազմերին յենուած դրուած էր մի փոքրիկ սրուակ, որի վրայ հակիրճ ու սպառնալից նշուած էր․ «Թոյն»։ Սրուակն ամբողջապէս գրաւել էր երեւակայութիւնս։ Ես պատկերացնում էի դրա ազդեցութիւնը մարդու, մարդու մաշկի, աչքերի վրայ։ Ես մտածում էի, որ թոյն խմելով մարդն անմիջապէս պէտք է ծածկուի բշտիկներով, աչքերից պէտք է հոսի արնաշաղախ, պղտոր լորձ, իսկ թունաւորուածն ինքը արձակի անմարդկային ձայներ։ Հայրս անտեսում էր դրա վերաբերեալ իմ հարցադրումները, ստիպուած էի ինքս իմ հարցերի պատասխանը գտնել։ Հօրս սենեակն ինձ լցնում էր համր թրթիռով։ Ենթադրում էի, որ այդ սենեակում ինչ-որ գաղտնիք է թաքնուած։ Տունը պարսպուած էր բարձր ցանկապատով, որը կառուցուած էր կրային ծագման խորանարդներից։ Ցանկապատի երկայնքով աճում էին նռան, ծիրանի, թթի ծառեր, կենտրոնական մասին մօտիկ՝ երկու թզենի եւ մէկ խնձորենի։ Թզենու մէջ վարսել էին հսկայական մեխեր ու սեպեր։ «Ծառը երկաթ է սիրում», — բացականչում էր Սերգէյ պապս ու շիկնում էր բոսորագոյն կարմիրով։ Թզենին կանաչ պտուղներ էր տալիս, ներսում՝ մածուցիկ, կպչուն կաթ։ Օգոստոսին հասած թզենիներից ոսկի ու մեղր էր ծորում, դրանք թափւում էին գետնին եւ փտում՝ սատկած սերմնաքաղների նման ժամանակի հետ սեւանալով։ Մենք դէսուդէն էինք վազում եւ սահում էինք թափուած պտուղների վրայով՝ պտղի քուսպը խառնելով չոր հողին։ Նախկին աղբահորի տեղում տնկած նռնենիները խիտ թփակալել էին եւ անհաւատալի չափսերի (առնուազն՝ երեխայի գլխի չափ) պտուղներ էին տուել։ Նռան ալ կարմիր գլուխը պսակւում էր արքայական թագով, որի միջից վեր էր ընձիւղւում շագանակագոյն մազմզուկների փունջը։

    Ամառուայ վերջին թթենիները ծածկւում էին թխաթոյր, մանուշակագոյն, սեւ ելունդաւոր պտուղներով։ Թւում էր, բզէզները թանձրահոծ պատել էին ճիւղերը։ Ծառը դողում էր, տերեւների մէջ յածում էր տաք քամին։ Երբեմն թթերը մեզ համար որպէս վրէժի գործիք էին ծառայում․ բաւական էր նետել դրանք նեղացնողներիդ վրայ, եւ վրէժդ կարելի էր լուծուած համարել։ Յաճախ յայտնւում էր նեղացնողի մայրը եւ ցանկապատի միւս կողմից սկսում էր աշխարհքով մէկ ամբողջ կոկորդով ճչալ փչացած հագուստի, անլուանալի բծերի, մեր անամօթութեան մասին։ Երբ հասնում էին թթի պտուղները, բաբոն, կուզը դուրս գցած, ժպտալով ու գլուխը թափ տալով, հին ծածկոցը ձեռքին վազում էր ծառի մօտ, որը ես ու քոյրս՝ Նատաշան, փռում էինք ծառի տակ, իսկ յետոյ բարձրանում էինք ծառը եւ թափ էինք տալիս մանր ճիւղերը։ Վարսենիկ տատը նստում էր ներքեւում՝ ծածկոցից մի փոքր հեռու եւ ջինջ ուժեղ արեւից կկոցելով աչքերը՝ ժամանակ առ ժամանակ նայում էր մեզ։ Թափ տալուց յոգնելով՝ ես ու Նատաշան նստոտում էինք աւելի հաստ ճիւղերի վրայ եւ անցնում էինք թութ ուտելուն։ Բաց մանուշակագոյն հիւթը հոսում էր մեր այտերի, փորի եւ ոտքերի վրայով։ Մենք ուտում էինք եւ ծամածռութիւններ էինք անում, ինչը վկայում էր մեզ բաժին հասած երջանկութեան մասին։ Նատաշան Մաուգլիին էր նման․ մէջքը պատուած էր սեւ, հարթ աղուամազով, գլխից իջնում եւ ուսերին ալիքւում էին թուխ, կպրանման մազերը, աչքերում սեւին էին տալիս խաղացկուն բիբերը։ Նատաշան իմ պաշտպանն էր ու ծեծում էր ինձ ծեծողներին։ Տղերքը նրա հետ հաշուի էին նստում՝ ինչպէս առաջնորդի հետ կը նստէին։ Բոլոր սատկած կատուներին ինքն անձամբ էր զննում։ Նատաշան կարողանում էր պոչից բռնել ու բարձրացնել սատկած առնէտին, Նատաշան անվրէպ հարուածում էր պարսատիկով, Նատաշան կարողանում էր առանցքակալներից ինքնագլդոր պատրաստել եւ ցած իջնել ասֆալտապատ բլրակից։ Նատաշան իմ գլխաւոր փաստարկն էր բակային վէճերի ժամանակ։
    Սաղարթի միջից տեղ-տեղ երեւում էին կապոյտ երկնքի պատառիկները, մենք ագահօրէն ներշնչում էինք տաք օդը, կեանքը խոստանում էր մշտապէս ուրախ լինել։ Բաբոն սկսում էր գոռալ մեզ վրայ, երբ մենք, իր կարծիքով, մի փոքր աւելի երկար էինք նստած մնում թթենու վրայ։ Այդ ժամանակ, կտրուկ փոխելով մեր դիրքերը, կառչելով ճիւղերից եւ ջղաձգօրէն ցնցուելով, ասես կատարելով անյայտ վայրենիների ծիսական պարը, մենք անցնում էինք ծառը թափահարելուն։ Թթերը պոկւում էին եւ մանուշակագոյն տարափի նման ծածկում փռուածքը։ Որոշ պտուղներ հարուածից ջարդուտրոր էին լինում՝ հիւթը ցայտեցնելով չորս կողմը․ դրանք խփուած զինուորների նման ընկնում էին իրենց հիւթի ցայտումից առաջացած բծի կողքին։ Արդիւնքում, երբ միայն ծառն էր ցնցւում ու արդէն ոչինչ չէր թափւում, բաբոն բղաւում էր «Հերի՛ք ա»։ Մենք ծառից ցած էինք ցատկում եւ բաբոյի հետ բռնում էինք ծածկոցի ծայրերից, որպէսզի թութը գլորուի դէպի ծածկոցի կենտրոնը։ Իսկ երբ ծածկոցի մէջտեղում կապտին էր տալիս պտուղների կոյտը, բաբոն ծածկոցի եզրերը օձաձեւ փաթաթում էր, բռնում կառչուն ձեռքերով, պոկում էր գետնից ու շորորալով տանում էր դեպի բակի իր հատուածը, որպէսզի այնտեղ արդէն տեսակաւորի բերքը։ Մենք բաբոյին շատ էինք սիրում։
    Հօրեղբօրս որդին՝ Արմէնը, մեզ մօտ հիւր էր։ Տանը ես էի, մայրս ու նա։ Հայրս փոստատար էր աշխատում գնացքում եւ երթաշրջանի էր, բաբոն դստեր մօտ էր՝ Երեւանում։ Ողջ օրը մենք բակում էինք լինում, իսկ երեկոյեան նստում էինք հօրս սենեակում եւ ձայնապնակ էինք լսում։ Ինձ դուր էր գալիս Լէոնտեւի «Դելտապլանը» եւ մէկ այլ երգ երկու վրացիների ու մի ինչ-որ սափորի մասին։ Արմէնը նիհար էր եւ թուխ։ Վզին ճերմակին էր տալիս մաշկային վիտիլիգօ հիւանդութիւնից մնացած բիծը։ Այն ինձ շատ էր դուր գալիս։ Այդ բիծն էր Արմէնին Արմէն՝ իմ եղբայր դարձնողը։ Եթէ այդ բիծն անհետանար, ես կը փոխէի նրա մասին կարծիքս, նա արդէն ուրիշ կը լինէր։ Բիծը խորհրդաւորութիւն էր հաղորդում, մեծ հետաքրքրութիւն էր առաջացնում իր տեսակի նկատմամբ։ «Սա անբուժելի հիւանդութիւն է»,— ասում էր նա, եւ նրա աչքերում կայծկլտում էին դատապարտուած լինելու նուաղած կրակները։ Ես հպարտանում էի եղբօրովս, նրա առնականութեամբ ու նրան գաղտնի նախանձում էի։ Նախանձում էի նրա՝ գիտութեան կողմից չբացայայտուած, անբուժելի հիւանդութեանը, որը նա կրում էր որպէս ծանր բեռ։ Այդ ամենից բացի Արմէնը լաւ կռւում էր, եւ դա անվերապահօրեն ապահովում էր նրա հեղինակութիւնը։
    Մայրս հիւրասենեակում էր։ Յետոյ նա մեզ կանչեց ընթրելու։ Մենք նստած ուտում էինք։ Արմէնը միշտ վատ էր ուտում, եւ դրա համար մայրը ծեծում էր նրան։ Ես, ընդհակառակը, շատակերութեամբ էի տառապում։ Ինձ մի ժամանակ համոզել էին, թէ ուտելիքը աւելացնում է ուժդ, թէ շատ ուտող մարդն անսահման ուժի տէր է։ Ես հաւատացել էի դրան ու փորձում էի չհրաժարուել ուժն աւելացնելու այդ մեթոդաբանութիւնից։ Ստամոքսս հնացած թումբանի նման փքուած էր։
    Յանկարծ պատուհանից դուրս աղմուկ լսուեց։ Ամբոխը վազում էր, ճիչեր արձակում, ինչ-որ մէկը երկու անգամ սաստիկ բարձր արտաբերեց՝ «ա՜խ»․ մեր ականջներին հասաւ ինչ-որ մէկի՝ խռխռոցին խառնուած սարսափազդու ճղաւոցը։
    Մայրս տեղից վեր թռաւ, վազեց փողոց, մէկ վայրկեան անց վերադարձաւ, վախեցած հաւի նման սկսեց թռչկոտել սենեակում, խփել ազդրերին։ «Վա՛յ, վա՛յ։ Սպանո՛ւմ են։ Սպանո՛ւմ են։ Վա՛յ»։ Ես ու եղբայրս անշարժ նստած էինք։ Զազրելի մի բան՝ մինչ այս պահն անծանօթ, սկսեց բարձրանալ դէպի կոկորդս, տարածուել վզովս, ներհոսել գանգատուփիս մէջ։ Ես ընկայ ընդարմութեան մէջ, թէեւ իրական վախ չէի զգում։ «Աստուա՛ծ իմ։ Աստուա՛ծ իմ», աղիողորմ բացականչում էր մայրս։ Շուտով նա դուրս եկաւ ննջասենեակից՝ կրծքին սեղմած մաքուր սաւան, լարան, վիրակապեր եւ մկրատ։ Մի պահ քարացաւ հիւրասենեակի մէջտեղում, յետոյ մօտեցաւ ինձ, բռնեց ձեռքիցս ու դուրս բերեց սեղանի մօտից։ Միշտ քմահաճ ու յամառ՝ այդ պահին ես հնազանդուեցի՝ ինձ պատած նոր զգացումով կաշկանդուած։
    –- Օգնել է պէտք,— ասաց նա ինձ անծանօթ ձայնով։— Իսկ դու, Արմէնչիկ, տեղդ նստի՛ր ու սպասի՛ր։
    Մենք փողոց դուրս եկանք ու շարժուեցինք դէպի տրամվայի կանգառը։ Լուսապսակով շրջանակուած լուսինը գլորւում էր աստղազարդ երկնքով։ Ես տեսայ, թէ ինչպէս սեւ տաբատով տղամարդը փորձում էր սողալ՝ ջղաձգօրէն հերթով բարձրացնելով ու գետնին դնելով ոտքերը եւ խեղդուողի նման թափահարելով ձեռքերը։
    Մայրս արագացրեց քայրերը, ես հազիւ էի հասնում նրա յետեւից։ Երիտասարդ ու թխամաշկ, նիհար, քարացած ծնօտով՝ նա փռուել էր տաք ասֆալտին ու ջղակծկւում էր ցաւից ու սարսափից։ Նրա մէջքը ծակուած էր առնուազն տասը տեղից։ Հարուածների տեղերը տեղ-տեղ նմանւում էին ձագարափոսերի, այլ տեղեր՝ էլիպսների կամ երկար ճեղքերի։ Ձագարափոսերում եւ էլիպսներում արիւնը սկզբում լցւում էր «խառնարանը» եւ յետոյ միայն յորդում լիքը լցուած սեւացող լճակներից։ Ճեղքերից այն պարզապէս հոսում էր։ Արեան շիթերը ծորում էին կողերից ընդարձակ, լամինային հոսքերով եւ հաւաքւում էին ասֆալտին մի քանի արագ մակարդուող լճակներում։ Ականջի յետեւից բարակ շիթով, շատրուանի նման զարկահոսում էր արիւնը։ Լուսինն արտացոլւում էր լաքի պէս փայլող արեան լճակներում։ Տաք հանքաձիւթին խառնուած արեան հոտը զոհաբերութեան ծխի նման տարածւում եւ սողոսկում էր ռունգերի մէջ։
    Մահը շրջանաձեւ օղակում էր նրան, ակնդէտ հետեւում էր նրան։ Դատարկութիւնն արդէն սեւ ջրով էր լցնում նրա ակնակապիճները, խամրած, ապակեայ ակնագնդերը պտտւում էին ակնակապիճներում, ասես փորձում էր հասկանալ կատարուածը, գէթ ինչ-որ իմաստ հաղորդել իր մարմնի բռնի մահացմանը, մինչեւ որ ինչ-որ պահի մեր հայեացքները հանդիպեցին։ Ես կանգնած էի մահացողից մի քանի քայլ հեռաւորութեան վրայ եւ նայում էի նրան հետաքրքրասէր մանկութեան ողջ անյագութեամբ։ Հնարաւոր է, որ հոգեվարքը հանգիստ դիտող երեխայի տեսքը հանգստացրեց նրան, քանզի մի պահ նա դադարեց գալարուել եւ աչքերը դադարեցին պտտուել։ Մենք նայում էինք միմեանց, ինչպէս վաղուցուայ ծանօթներ, ինչպէս միմեանց աչքերին կը նայեն երկար ժամանակ իրարից հեռու ապրած եւ ծերութեան տարիներին կրկին հանդիպած երկուորեակները։ Ժամանակը կանգ էր առել, մենք ասես աներեւութացել էինք արտաքին աշխարհից։ Երեւում էր, թէ ինչպէս էր մարող կեանքի ըմբռնումը հասնում նրա գիտակցութեանը, թէ ինչպէս էր այն սօսնձւում նրա մտքերին, գիտակցութիւնը ծածկում անգոյութեան սեւ սաւանով։ Մահացողի շարժումները կորցրին դիմադրութեան սաստկութիւնը. դրանք կտրուկից վերածուեցին անաշխոյժ ջղակծկումների։ Պայքարը հանգուցալուծւում էր։ Նրա բերանը սկսեց բացուել, աչքերը գիշերուայ խաւարի պէս խամրում էին, գլուխը թեթեւակի ցնցւում էր, դէմքը միանգամից սմքեց, ասես դրանից քաշել-հանել էին օդը։
    Մայրս կանգնած էր օսլայած սաւաններով եւ լարած տիկնիկի նման կիսապտոյտ էր կատարում։ Նա օգնութեան կարիք ունէր, սակայն ամբողջ փողոցը նախընտրում էր դուրս չգալ իրենց տներից՝ տեսարանը դիտելով իրենց պատուհաններից, դռների արանքից ծիկրակելով, գլուխները ցանկապատներից դուրս ցցելով։ Սպանուածի շուրջը խմբուել էին մարդասպանի յանցակիցները՝ սրուած դէմքերով, (մարդասպանները հազուադեպ են գէր լինում), դուրս ցցուած ադամախնձորով ու սղալած մազերով մարդասպանը, մայրս՝ սաւաններով եւ ես՝ բինտ ու մկրատով։ Իրարանցումը մեծանում էր, մայրս որոշեց մօտենալ օգնութիւն ցոյց տալու համար եւ մի քանի վստահ քայլ կատարեց ընկածի ուղղութեամբ։ Յանկարծ, ասես գետնի տակից, մեր առաջ յայտնուեց մի գաճաճ, թուխ, կծու կերպար՝ չար հայեացքով։ Նա ձեռքի մէջ ամուր բռնած պահում էր արնաշաղախ դանակը։ Մարդասպանը գնչուի էր նման։
    — Փախի՛ր այստեղից, յիմա՛ր, թէ չէ կը պառկես սրա կողքին, որդիդ էլ՝ հետը,—բերանը փրփուր կտրած ֆշշացրեց «գնչուն»՝ թափահարելով արիւնոտ դանակը։
    Մայրս հառաչեց՝ «Վա՛յ, վա՛յ, վա՛յ» ու ինձ թեւի տակ առնելով՝ սլացաւ տան ուղղութեամբ։ Ես շրջուեցի։ Գնչուն կռացաւ վիրաւորի վրայ ու մի քանի վճռական հարուած հասցրեց վզին։ Թեթեւ չպպոցով երկու կարճ հարուածի, խուլ արտաշնչման եւ ջղայնացած թքելու ձայները հասան ականջներիս։ Գետնին պառկածի ոտքերը երկու անգամ այս ու այն կողմ ճոճուեցին եւ անշարժացան։
    Մայրս քթի տակ ինչ-որ բան քրթմնջաց եւ արագացրեց քայլերը։ Ես զգում էի, թէ ինչպէս էր նրա հոգու մէջ սողոսկում վախը։ Ձեռքերը քրտնել էին ու դարձել կպչուն, նա մերթ ընդ մերթ հայեացքն ուղղում էր ինձ եւ տարուբերում էր գլուխը, ասես ուզում էր ինքն իրեն համոզել, որ որդուն ոչինչ չի պատահել։
    Այժմ, երբ նրա բուժելու պաթոսն անցել էր, նա հասկանում էր, որ մազ էր մնում ինքը մեռնէր եւ մահուան հասցնէր իր որդուն։ «Յիմարութիւն, յիմարութիւն»,— ասում էր նրա փութկոտ, ջղագրգիռ մարմինը,— «Սի՛լվա, դու ապուշ ես, մի՞թէ կարելի է այսպէս»,— կրկնում էր ինձ ոտքից գլուխ զննող սեւեռուն մայրական հայեացքը։
    Արմէնը նստած էր գետնին՝ դաշնամուրի մօտ եւ թերթում էր նկարազարդ հաստափոր մի գիրք։ Նա վախեցած էր, նրա թխութիւնը գորշով էր ներկուել․ երեխաները միշտ հասկանում են, թէ ինչ է կատարւում պատուհանից դուրս։ Երբ մենք ներս մտանք, նա տեղից վեր ցատկեց եւ սկսեց ինչ-որ անկապ բան բլբլալ, հաւանաբար՝ սարսափից։
    Քնելուց առաջ սովորականի նման ինձ համար չկարդացին։ Հեռուստացոյցը միացուած էր, ես պառկած էի մօրս կողքին եւ սպանուածին էի յիշում։ Ես նոյնիսկ չէի խղճում նրան, դեռ մարդկանց կարեկցելու ունակութիւն ձեռք չէի բերել, ինձ տիրում էր նոր իմացութեան բերկրանքը, ասֆալտի վրայ խանձուած արեան հոտը հոգիս խռովում էր խորհրդաւոր յոյզերով։
    Ես մի բան հասկացայ։ Հասկացայ, որ սպանութիւնը հնարաւոր բան է։ Արմէնը կողքի անկողնում ֆսսացնում էր, նրա բերանը կիսաբաց էր։ Այդ բաց բերանն ինձ սպանուածին էր յիշեցնում։ Մենք բոլորս մեռնելու ենք, յանկարծ հասկացայ ես։ Մեռնելու է բաբոն, մայրս, հայրս, մեռնելու է քոյրս՝ Նատաշան, Նադեան, եղբայրս՝ Արմէնը, եւ ես նոյնպէս մեռնելու եմ, եւ ոչ ոք չգիտի՝ որտեղ, երբ եւ ինչպէս դա տեղի կ՚ունենայ։
    — Մայրիկ, իսկ ես մեռնելո՞ւ եմ։
    — Ի՞նչ… Դու… Ո՛չ, տղաս, ի՞նչ ես խօսում…ի՞նչ ես խօսում… Մի՛ մտածիր այդ մասին… Քնի՛ր… Աստուա՛ծ իմ։
    Այդ պատասխանը միայն ամրապնդեց բացայայտմանս ճշմարտացիութիւնը։ Ես վերմակով ծածկուեցի ու կծեցի բռունցքս։ Այդպէս ես հասունացայ։ 

Ռուսերէնէ թարգմանեց
ԼՈՒՍԻՆԷ ՂԱԼՈՒՄԵԱՆԸ

Your email address will not be published. Required fields are marked *