ՋՈՆ ԱՓԴԱՅՔԸ ԵՒ ՀԱՅԵՐԸ

ՋՈՆ Հոյեր Ափդայքը (1932–2009) դժուար թէ կարիք ունի ներկայացման: Մինչդեռ աշխարհահռչակ այս ամերիկացի գրողի շփումները հայութեան հետ արժանի են ուսումնասիրութեան եւ ներկայացման[1]Յօդուածի ռուսերէն տարբերակը տե՛ս Литературная Армения, 2, 2021, էջ 169-174։ Անգլերէն տարբերակը տե՛ս Artsvi Bakhchinyan, “John … Continue reading:
    Սոյն թեմային (մասնաւորապէս՝ հայկական թեման Ափդայքի ստեղծագործութեան մէջ) ցայժմ անդրադարձել է Արա Պալեօզեանը[2]Տե՛ս Armenia Observed, edited by Ara Baliozian, New York, Ararat Press, 1979, p. 149-151։։

 

ՓԱՐԱՋԱՆՈՎ

1964ին Ափդայքը եւ կինը՝ Մէրի Ափդայքը, ԱՄՆ Պետդեպարտամենտի անունից ուղեւորուել են Խորհրդային Միութիւն՝ լինելով մի քանի քաղաքում, նաեւ՝ Երեւանում:  
    Կիեւում նա այցելել է կինոբեմադրիչ Սերգէյ Փարաջանովին (1924–1990)։ Մանրամասն տեղեկութիւններ չկան, թէ ինչ հանգամանքներում են նրանք հանդիպել, սակայն ջերմ վերաբերմունք են ունեցել միմեանց հանդէպ։ Նաեւ նկարչական շնորհքով օժտուած Ափդայքը Փարաջանովին է նուիրել իր գծանկար ինքնադիմանկարը, որը մակագրել է այսպէս՝

Ջոն Ափդայքի
ինքնանկարն
իմ ամենաբարի ընկեր
Սերգէյ Փարաջանովի համար:

    Փարաջանովը պատասխանել է՝ Ափդայքի ինքնանկարը կոլաժի վերածելով (ինչպէս նա սիրել է վարուել իր նշանաւոր երկրպագուներից ստացած մասունքների, օրինակ՝ Ֆեդերիկօ Ֆելինիի նամակի հետ): Այսօր այս կոլաժը ցուցադրւում է Երեւանի Սերգէյ Փարաջանովի թանգարանում: 
    Ի դէպ, Փարաջանովի բարեկամ Միխայիլ Վարդանովի որդին՝ Մարտիրոս Վարդանովը, հետեւեալն է գրել.

Ես բախտ եմ ունեցել միառժամանակով հանդիպել Ջոն Ափդայքին՝ նրա մահից քիչ ժամանակ առաջ. մենք խօսեցինք Սերգէյ Փարաջանովին նրա կատարած այցի եւ իմ «Փարաջանով. վերջին գարունը» ֆիլմի մասին: Աւելի ուշ ես գրեցի այդ օրուայ մասին եւ նոյնիսկ առաջարկեցին այն ընդգրկել Ափդայքի մասին յիշողութիւնների գրքում, բայց այն ժամանակ կարծում էի, թէ դա տեղին չէ, քանի որ ես միայն մէկ անգամ եւ կարճ ժամանակ էի հանդիպել նրան: Ես վերջերս նորից կարդացի այն եւ գուցէ որոշեմ հրապարակել այստեղ կամ այլուր, երբ հնարաւորութիւն ունենամ պատշաճ կերպով անդրադառնալու այդ օրուան[3]Տես https://parajanov.com/updike/:

    Այդ յուշագրութիւնը տակաւին չի հրատարակուել:
    Երբ 1973ին Փարաջանովը բանտարկուել է, Ջոն Ափդայքը միացել է հայազգի կինոբեմադրիչին ազատելու համար սկսուած միջազգային արշաւին՝ Ֆրանսուազ Սագանի, Ժան-Լիւկ Գոդարի, Ֆրանսուա Տրիւֆոյի, Լուիս Բունուէլի, Ֆեդերիկօ Ֆելինիի, Միքելանջելօ Անտոնիոնիի, Անդրէյ Տարկովսկու, Լուի Արագոնի եւ այլոց հետ: Ի դէպ, Ռոն Հոլոուէյի «Փարաջանով. Ռեքուիէմ» վաւերագրական ֆիլմում (1994, Գերմանիա-ԱՄՆ) ընդգրկուած արխիւային դրուագներից մէկում Փարաջանովը խօսում է Ափդայքի՝ իրեն բանտից ազատելու արշաւին միացած լինելու մասին։ Ինքը՝ գրողը, Ջոն Ափդայք հանրագիտարանի հեղինակ Ջէք դէ Բելիսին ուղղուած նամակում Փարաջանովին նկարագրել է որպէս «մի կենդանի հաղորդալար հին բարի ԽՍՀՄում մեկուսացուածների մէջ»[4] Jack De Bellis, The John Updike Encyclopedia, Westport (CT), Greenwood Publishing Group, 2000, p. 69.։ 

 

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Վերադառնալով Ափդայքի՝ ԽՍՀՄ այցին, նշենք, որ Ջոն Սթէյնբէքից յետոյ նա երկրորդ ականաւոր ամերիկացի գրողն էր (Սարոյեանին չհաշուած), որը 1960ականներին այցելեց Խորհրդային Հայաստան (երրորդը եղաւ Արթուր Միլերը):
    Երբ Գրական թերթը 1964ի մարտի 13ի համարում լոյս ընծայեց Ջոն Ափդայքի «Կախարդը կը խփի՞ մայրիկին» պատմուածքը՝ Արմեն Յովհաննիսեանի՝ ռուսերէնից կատարած թարգմանութեամբ, հազիւ թէ այդ ժամանակ որեւէ մէկն իմանար, որ այդ տարի ամերիկացի գրողը կը հիւրընկալուի Հայաստանում։ Նոյն Գրական թերթը 1964ի նոյեմբերի 13ին «Հայաստանը հրաշալի է» վերնագրի ներքոյ գրեց.

Վերջերս Երեւանում էր գտնւում ամերիկեան նշանաւոր գրող Ջոն Ապդայկը (sic)։ Նա ծանօթացաւ Հայաստանի մի շարք տեսարժան վայրերին, դիտեց Երեւանի նորակառոյցները, եղաւ ՍՍՌՄ ժողովրդական նկարիչ Մարտիրոս Սարեանի արուեստանոցում։
    Ջոն Ապդայկին ընդունեց Հայաստանի գրողների միութեան առաջին քարտուղար Էդ. Թոփչեանը։ Զրոյցին ներկայ էին նաեւ մի շարք սովետահայ գրողներ։ Հայաստանի գրողների հետ ունեցած զրոյցները, հայկական հին հոյակապ յուշարձաններին ծանօթանալը, ասաց Ապդայկը, հնարաւորութիւն ընձեռեցին խորամուխ լինելու հայկական հին կուլտուրային, հայ ժողովրդի պատմութեանը։ Ուրախութեամբ իմացայ, որ հայ գրողները քաջատեղեակ են ամերիկեան գրականութեանը, եւ միաժամանակ ամօթ զգացի, որ ես շատ քիչ բան գիտէի հայ հարուստ գրականութեան մասին։
    – Հայաստանի անզուգական գեղեցկութիւնը, զգայուն, ապշեցուցիչ աստիճան հիւրընկալ մարդկանց կերպարը ընդմիշտ կը մնայ իմ յիշողութեան մէջ,– վերջում յայտարարեց Ջոն Ապդայկը»։

 

Ինչպէս նշուեց մէջբերման մէջ, Երեւանում Ջոն Ափդայքն այցելել է Մարտիրոս Սարեանի արուեստանոցը: Այժմ Սարեանի տուն-թանգարանի մշտական ցուցահանդէսում տեղ է գտել Ափդայքի նամակը, որից տեղեկանում ենք, որ չնայած ամերիկացի գրողը չի հանդիպել հայ մեծ նկարչին, սակայն վայելել է նրա արուեստը: Ստորեւ թարգմանաբար ներկայացնում ենք նամակի տեքստը՝ Սարեանի տուն-թանգարանի սիրայօժար թոյլտուութեամբ.

Նոյեմբերի 5
Յարգելի պարոն Սարեան.
    Ես եւ կինս ցանկանում ենք շնորհակալութիւն յայտնել ձեր բարութեան համար, որ թոյլ տուեցիք մեզ այսօր այցելել ձեր գեղեցիկ տունը եւ արուեստանոցը. մենք իրապէս ցաւում ենք, որ ձեր առողջութիւնը եւ ձեր կնոջ համար ձեր անհանգստութիւնը խանգարեցին մեր հանդիպմանը: Մենք երկուսս էլ մեծ բաւականութիւն ստացանք՝ դիտելով ձեր կենսուրախ եւ հզօր նկարները, որոնց մասին յիշողութիւնն արդեն դարձել է այս գեղեցիկ երկիր մեր այցի մի մասը: Մաղթում ենք թէ՛ ձեզ, թէ՛ ձեր կնոջը առողջութիւն եւ նորից շնորհակալութիւն ենք յայտնում ձեր հիւրընկալութեան համար:

Շատ անկեղծօրէն՝
Ջոն Ափդայք եւ Մէրի Ափդայք»։

    Ափդայքի՝ Հայաստան կատարած ուղեւորութեան ամենից կարեւոր պահն այն է, որ նա գրել է «Երեւան» բանաստեղծութիւնը՝ այդպիսով իր հարուստ գրական ժառանգութեան մէջ աւելացնելով մի փոքրիկ, բայց բաւական հմայիչ հայկական մոտիւ: Թէեւ խորհրդային չորս այլ քաղաք՝ Մոսկուան, Լենինգրադը (այժմ՝ Սանկտ Պետերբուրգ), Կիեւը եւ Թբիլիսին, նոյնպէս «արտօնեալ» եղան՝ անմահանալու Ափդայքի պոէզիայում: Այդ կարճ բանաստեղծութիւնները տպագրուել են նախ Նիւ Եորքեր շաբաթահանդէսում (1965 թ. մայիսի 29, էջ 34)՝ «Փոստային բացիկներ խորհրդային քաղաքներից» խորագրի ներքոյ եւ այնուհետեւ ընդգրկուել են Միջնակէտ եւ այլ բանաստեղծութիւններ գրքում (Նիւ Եորք, 1969)[5]John Updike, Midpoint and Other Poems, New York, Alfred A. Knopf, 1969.։ Աւելի ուշ այս շարքը ներառուեց Ջոն Ափդայքի Բանաստեղծութիւնների ընտրանի. 1953-1993 ժողովածուում (Նիւ Եորք, 1995)[6]John Updike, Collected Poems, 1953-1993, New York, Alfred A. Knopf, 1995.
    Ափդայքի մասին մենագրութեան հեղինակ Դ. Քուէնթին Միլէրի վկայութեամբ՝ նրա մրցակիցներից ամերիկացի գրող Ջոն Չիւէրը «Փոստային բացիկներ…»ը բնութագրել է որպէս «ինչ-որ տխմար բանաստեղծութիւններ Ռուսաստանի քաղաքների մասին»[7]D. Quentin Miller, John Updike and the Cold War: Drawing the Iron Curtain, Columbia (MO) and London, University of Missouri Press, 2001, p. 114.: Մինչդեռ իր՝ Միլերի կարծիքը շատ աւելի մասնագիտական եւ ուշագրաւ է.

Այս բանաստեղծութիւնները ծառայում են որպէս Արեւմուտքի եւ Արեւելքի զգայութիւնների միջեւ եղած տարբերութիւնների ու նմանութիւնների լրացուցիչ պատկերազարդումներ… «Թբիլիսի» բանաստեղծութեան մէջ վրացի բանաստեղծները պարծենում են, որ իրենց լեզուն «աւելի հին է, քան լեռները»… Իսկ «Երեւան»ում (տուֆ քարն է) «…ծառազարդ ուղիներին դառնում հիմք,/ Որոնք ետին, մութ խորշերից պատմութեան/ Տանում են դեպ սրերից զերծ վառ գալիք»: Սակայն այս բանաստեղծութիւններում կան նաեւ Արեւելքի իրողութիւններն Արեւմուտքին կապող այլ առնչութիւններ եւ արձագանքներ: Ափդայքը երկու աշխարհները շաղկապում է «Բացիկներ խորհրդային քաղաքներից» շարքի վերջին բանաստեղծութեան՝ «Երեւանի» վերջին քառատողում….[8]Idem, p. 114-115,:

    Ափդայքի «Երեւան» բանաստեղծութիւնը երկու անգամ արեւմտահայերէն թարգմանութեամբ հրատարակուել է Բոստոնի Պայքար հանդէսում (1965) եւ Բէյրութի Սփիւռք շաբաթաթերթում (1971)[9]Իսպաներէն թարգմանութիւնն էլ հրատարակուել է Վարդան Մատթէոսեանի կողմից։ Տե՛ս Vartan Matiossian, “Mosaico de tiempos y … Continue reading: Բանաստեղծութեան արեւելահայերէն թարգմանութիւնը կատարել եմ ես եւ տպագրել մամուլում 1994-ին[10]Տե՛ս Ջոն Ափդայք, «Երեւան», Հայրենիքի ձայն, 21-27 Ապրիլ 1994:, որը ներկայացնում եմ ստորեւ.

 

ՋՈՆ ԱՓԴԱՅՔ

ԵՐԵՒԱՆ

Հայաստանը՝ Ասիայի որբը տնանկ,
Վերջապէս աստ կառուցել է ամրակուռ
Իր ապաստանը՝ թուրքերին հակառակ,
Տուֆ անունով հրաբուխի քար կակուղ։

Տաշւում է այն ու քանդակւում դիւրութեամբ,
Եւ ծառազարդ ուղիներին դառնում հիմք,
Որոնք ետին, մութ խորշերից պատմութեան
Տանում են դէպ սրերից զերծ վառ գալիք։

Հիւրանոցը վարդագոյն է, վառվռուն,
Հրապարակի դիմաց։ Խանձւում են ահա
Լեռները, որ բարձր սիւներ են կրում
Եւ ուժ կորզում սիրով լճից Սեւանայ։

Տեսանելի, բայց եւ անհաս, որպէս ամպ,
Արարատն է ծփում՝ խղճի մի փարոս,
Զի այստեղ, ուր Նոյ նահապետն իջաւ ափ,
Հին Արեւմուտքն է սկսւում բարբարոս։

    Հրապարակմանս կտրօնի պատճէնն ուղարկեցի Ջոն Ափդայքի հասցէով, որը վերադարձաւ ինձ՝ վերածուած գեղեցիկ մասունքի, քանի որ կրում է Ափդայքի հետեւեալ գրութիւնը.


    Արծուի Բախչինեանին.
        Շնորհակալ եմ բանաստեղծութեանս սիրառատ թարգմանութեան համար:
    Լաւագոյն մաղթանքներ
    Ջոն Ափդայք
    8/27/95։


ՀԱՅԱՍՏԱՆԵԱՆ ՏՊԱՒՈՐՈՒԹԻՒՆՆԵՐԸ

ԽՍՀՄից վերադառնալուց յետոյ Ափդայքն իր Բեխ, մի գիրք վէպում (1970) գեղարուեստօրէն ​​նկարագրել է իր ճանապարհորդութիւնը: Վէպի հերոս Հենրի Բեխը հրէական ծագումով միջին տարիքի ամերիկացի գրող է, որը կառավարութեան հովանաւորութեամբ կնոջ՝ Քէյթի եւ Ռէյնոլդս ազգանունով ամերիկացի մի զոյգի հետ ուղեւորութիւն է կատարում Երկաթէ վարագոյրի երկրներ, լինում է նաեւ Հայաստանում: 
    Ստորեւ թարգմանաբար ներկայացնում ենք վէպի՝ Հայաստանին վերաբերող հատուածը[11]Վերցրել ենք Արա Պալեօզեանի խմբագրած հատորից (Armenia Observed, p. 150)։.

«Նոյ. 4 [1964] Զուարթնոց։ Հայկական տաճար։ Հին ոսկորներ՝ ոսկեայ երիզների մէջ։ Մեր ուղեկիցն ունի թուլացած ձեռք, պատերազմի գրառում, սիրալիր ժպիտ, ծաւալուն վէպ է գրում 1905 թուականի ապստամբութեան մասին։ Նոր քաղաք՝ վարդագոյն եւ եասամանագոյն քար, հինը՝ կուտակուած ասիական կոպիճ։ Այստեղով Հնդկաստան անցնող Ալեքսանդրի պալատի աւերակներ։ Սքանչելի մի կիրճ։

Նոյ. 5։ Սեւանայ լիճ, մռայլ, գորշ, ծծմբային լողափ, վեց ոտնաչափ իջած լիճ՝ ոռոգելու համար հողը։ Չոր եւ վարդագոյն հող։ Վերադառնալով հիւրանոց՝ մի մարդ ինձ կանգնեցրեց ընդունարանում, ճանաչեց ինձ, եկել է Ֆրէզնոյից՝ ազգականներին այցելութեան, ասաց, որ չի կարողացել աւարտել «Ընտրեալը»[12]Բեխի երեւակայական վէպը (տե՛ս անդ, էջ 151)։, ինքնագիր խնդրեց։ Ընթրիք հայ գիտաերեւակայական գրողների հետ, Քէյթն իր տարերքի մէջ է, ուզում են իմանալ, թէ ճանաչում եմ Ռէյ Բրէդբէրիին, Մարշալ Մքլահանին, Վանս Փաքարդին, Միթչել Վիլսոնին։ Չեմ ճանաչում։ Օ՜հ։ Ասացի, որ ճանաչում եմ Նորման Պոդհորեցին, եւ ինձ հարցրին, թէ նա՞ է գրել «Մերկ եւ մեռածը»։

Նոյ. 6։ Երկարատեւ ուղեւորութիւն դէպի «գործող» վանք։ Այնտեղ երկու վանական են ապրում։ Մատուռը կառուցուած է պինդ քարից, թփերը լեցուն են կտորի փոքր ծուէններով, մարդիկ ցանկութիւն են պահում։ Քէյթը վերցնում է իմ թաշկինակը, մի կտոր պատռում, կապում է թփին, ցանկութիւն է պահում։ Շառագունում է, երբ ես զարմանք եմ ցոյց տալիս։ Գետինը կեղտոտուած է զոհաբերուած ոսկորներով։ Բակում մի խումբ գիւղացիներ ծիսական սեղան են բացել՝ նշելու տղայ զաւակի ծնունդը։ Պնդում են, որ միանանք իրենց. Ռէյնոլդսները ցնծում են. ամերիկեան դիւանագէտների համար դժուար է այս իսկական մարդկանց հետ շփուելը։ Խորամանկ հոգեւորական՝ մօրուքի մէջ ոսկեայ ժանիքներով։ Բոլոր հայերը կրում են սպորտային կօշիկներ, ինչպէս Սարոյեանի կերպարները։ Ճանճեր՝ գինու մէջ, գառան մսի տաք կտորներ, օրհնանքներ, կենացներ մեր քրքջացող, կլոր ծնկներով, ելակագույն-շիկագույն Էլեն Ռ.-ի պատուին։ Հեռանալիս տեսանք իսկական վանականին, որը քայլում էր կիսաքանդ եզրապատի երկայնքով։ Անսպասելիօրէն երիտասարդ։ Գունատ, անարտայայտիչ, շատ հեռաւոր։ Լրտե՞ս է։ Չոր երկրները լավագոյն սրբերն են ծնում։ Ռէյնոլդսները կուշտ են ժողովրդական խնջոյքի էֆեկտներից, փակւում են հիւրանոցում, մինչ ես ու Քէյթը, որպէս կոփուած մեղսագործներ, երկաթէ ստամոքսներ, ճաշի ենք գնում ճերմակահեր արուեստագէտի հետ, որը նկարում է գրաւիչ դէմքեր, նշաձեւ աչքեր, մարդակերպ մրգեր եւ այլն»։

    Չի բացառւում, որ այս ճերմակահեր նկարչի մասին գրելիս Ափդայքը նկատի է ունեցել Մարտիրոս Սարեանին, որը յայտնի է իր պատկերած գրաւիչ դէմքերով, նշաձեւ (Ափդայքի գործածած sloe բառը կարելի է թարգմանել նաեւ թուխ) եւ մրգերով…  
    Ի դէպ, 1971 թ. իր իսկ հերոսի՝ Բեխի կողմից իբր կատարուած ինքնահարցազրոյցում Ափդայքը մեկնաբանել է, որ իր այդ վէպում նա ուզում էր գրել «մի գրողի մասին, որը հրեայ է, նոյն անխուսափելիութեամբ, որ ​​գորգավաճառը պիտի հայ լինի»[13]Jack De Bellis (editor), John Updike: The Critical Responses to the Rabbit Saga, Westport (Ct.), Praeger, 2005, p. 68.:

 

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՅԼ ՅԻՇԱՏԱԿՈՒՄՆԵՐ

    Ջոն Ափդայքը որոշ չափով ծանօթ է եղել հայ պոէզիային։ Ինչպէս Վիլեամ Սարոյեանը եւ Ռոբերտ Փէն Ուորէնը, նա եւս բարձր է գնահատել հայ միջնադարեան հայրենների ժողովածուն՝ անգլիագիր հայ բանաստեղծուհի եւ թարգմանչուհի Դայանա Տէր-Յովհաննիսեանի թարգմանութեամբ (վերնագրուած «Նստի՛ր կողքս ու լսի՛ր Քուչակ»)[14]Come Sit Beside Me and Listen to Kouchag: Medieval Armenian Poems of Nahabed Kouchag, translated by Diana Der Hovanessian, New York, Ashod Press, 1984.։ Ըստ նրա՝ այդ հատորը «արժէքաւոր գիտական ծառայութիւն է մատուցում։ Թարգմանութիւնները նրբագեղ են եւ յուզիչ»[15]Translation Review, vol. 17-22, 1985, p. 20.։ 
    Ափդայքի Էս վեպի (1988) հերոսներից է Արհաթ անունով մի սուրբ մարդ, իսկական անունով՝ Արթուր Սթայմեթս, որը հմուտ է հինդուիստական կրօնին ու սանսկրիտին, բայց իրականում կէս հրեայ, կէս հայ է` Ուոթերթաունից (Մասաչուսեթս), որը 15 տարի ապրել է Հնդկաստանում[16]De Bellis, The John Updike Encyclopedia, p. 32.: Ինչպէս Ափդայքի գործերից շատերի, այս մէկի գործողութիւնները եւս կատարւում են Նոր Անգլիա նահանգում, իսկ Ուոթերթաունը պատահաբար չի ընտրուած, դա նահանգի առաւել հայաբնակ քաղաքներից է (որի անունը հայերը կատակով թարգմանում են Ջրաշէն): Ի դէպ, նշենք, որ Դէյվիդ Ֆոսթէր Ուոլեսի Անսահման կատակ վէպում եւս (1996) Ուոթերթաունը յիշատակւում է հայկական առնչութեամբ։
    Ինչ վերաբերում է իր հերոսին մօր կողմից կէս հայկական ծագում վերագրելուն, ապա ենթադրւում է, որ Ափդայքը ներշնչուել է միստիկ Գէորգի Գուրջիեւից, որի գրութիւններին նա ծանօթ էր: Իր Նապաստակը հարուստ է յայտնի վէպի (1981) հերոսուհիներից Մելանին ուսումնասիրել է Գուրջիեւին։ Մելանիի ընկերը՝ Նելսոնը, ծաղրում է վերջինիս հետաքրքրութիւնները, սակայն հերոսուհին նրան նոյնպէս խորհուրդ է տալիս Գուրջիեւ կարդալ։ Ըստ Ափդայքի ստեղծագործութեան ուսումնասիրող Մէրի Օ’Քոնէլի՝ որոշակի առնչութիւններ են առկայ Մելանիի կերպարի եւ Գիւրջիեւի միջեւ[17]Տե՛ս Mary O’Connell, Updike and the Patriarchal Dilemma: Masculinity in the Rabbit Novels, Carbondale (IL), SIU Press, 1996, p. 199-200։:
    1996 թ.ին Նիւ Եորքերը (հոկտեմբերի 14) հրատարակել է Ափդայքի մի ակնարկը, որտեղ յիշւում են 1912-ին «Տիտանիկ» նաւի խորտակումը ու որ փրկուածների մէջ եղել են «վախկոտ մարդիկ… երբեմն՝ կանանց հագուստով, տարբեր կերպով յիշուած որպէս իտալացի, ճապոնացի, հայ եւ ֆիլիպինցի»[18]John Updike, “It Was Sad”, The New Yorker, October 14, 1996 (հմմտ. Filipinas Magazine, 1996, p. 10)։: Սակայն այդ ակնարկը ինձ տակաւին չի հանդիպել։
    Հայկականի հատուկենտ յիշատակումներ կան Ափդայքի Դէպի ժամանակի աւարտր (1997) ֆանտաստիկ վէպում, որի հերոս Բենը խորանում է Փոքր Ասիայի պատմութեան մէջ, տեղեկանում, որ «տարածաշրջանի հայերը հաւատարիմ մնացին քրիստոնէութեանը, բայց Առաջին աշխարհամարտի տարիներին վայրագօրէն մորթուեցին»[19]John Updike, Toward the End of Time, New York, Alfred A. Knopf, 1997, p. 125.: Իսկ գրողի 22րդ՝ Ահաբեկիչ վէպում (2006), մէկ անգամ յիշատակւում է Հայաստանը։ Հերոսներից մէկն ասում է. «Նրանք ուզում են արեւելեան գորգեր, կարծես լիբանանցիները Հայաստանից են, Իրանից»((John Updike, Terrorist, New York, Alfred A. Knopf, 2006, p. 150.)):

Վերջում կը ցանկանայի նշել, որ չնայած այս կապերին, հայ ընթերցող լայն հանրութեան համար Ջոն Ափդայքը շարունակում է մնալ անյայտ գրող: Մի քանի պատմուածք թարգմանաբար հրատարակուել են պարբերականներում եւ ժողովածուներում, առանձին գրքով ցայժմ լոյս է տեսել միայն Էս հատորը (թարգմանուած՝ «U.», Երեւան, «Անտարես», 2021), ուստիեւ Ափդայքի հիմնական ստեղծագործութիւնները տակաւին սպասում են իրենց հայերէն թարգմանիչներին…

ԿԱ. տարի, 2022 թիւ 4

References
1 Յօդուածի ռուսերէն տարբերակը տե՛ս Литературная Армения, 2, 2021, էջ 169-174։ Անգլերէն տարբերակը տե՛ս Artsvi Bakhchinyan, “John Updike (1932-2009) and the Armenians”, Հայկազեան հայագիտական հանդէս, թ. 42/2, 2022, էջ 569-574։
2 Տե՛ս Armenia Observed, edited by Ara Baliozian, New York, Ararat Press, 1979, p. 149-151։
3 Տես https://parajanov.com/updike/
4  Jack De Bellis, The John Updike Encyclopedia, Westport (CT), Greenwood Publishing Group, 2000, p. 69.
5 John Updike, Midpoint and Other Poems, New York, Alfred A. Knopf, 1969.
6 John Updike, Collected Poems, 1953-1993, New York, Alfred A. Knopf, 1995.
7 D. Quentin Miller, John Updike and the Cold War: Drawing the Iron Curtain, Columbia (MO) and London, University of Missouri Press, 2001, p. 114.
8 Idem, p. 114-115,
9 Իսպաներէն թարգմանութիւնն էլ հրատարակուել է Վարդան Մատթէոսեանի կողմից։ Տե՛ս Vartan Matiossian, “Mosaico de tiempos y percepciones”, La Prensa, 19 de febrero de 1989։
10 Տե՛ս Ջոն Ափդայք, «Երեւան», Հայրենիքի ձայն, 21-27 Ապրիլ 1994:
11 Վերցրել ենք Արա Պալեօզեանի խմբագրած հատորից (Armenia Observed, p. 150)։
12 Բեխի երեւակայական վէպը (տե՛ս անդ, էջ 151)։
13 Jack De Bellis (editor), John Updike: The Critical Responses to the Rabbit Saga, Westport (Ct.), Praeger, 2005, p. 68.
14 Come Sit Beside Me and Listen to Kouchag: Medieval Armenian Poems of Nahabed Kouchag, translated by Diana Der Hovanessian, New York, Ashod Press, 1984.
15 Translation Review, vol. 17-22, 1985, p. 20.
16 De Bellis, The John Updike Encyclopedia, p. 32.
17 Տե՛ս Mary O’Connell, Updike and the Patriarchal Dilemma: Masculinity in the Rabbit Novels, Carbondale (IL), SIU Press, 1996, p. 199-200։
18 John Updike, “It Was Sad”, The New Yorker, October 14, 1996 (հմմտ. Filipinas Magazine, 1996, p. 10)։
19 John Updike, Toward the End of Time, New York, Alfred A. Knopf, 1997, p. 125.

Your email address will not be published. Required fields are marked *