Նկարը՝ Արմէն Վահրամեանի

ՏԱՏԻԿԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ

ՁՄՐԱՆԸ արեւը ծիկ է անում եւ փախչում: Ձմեռը լուսնի տարերքն է: Տարուայ վերջի ու սկզբի եղանակին ապրելու ժամանակը կարճ է, արագ է մթնում, իսկ եթէ տարին սովորականից աւելի ցուրտ է, երկիրը կէս մարդու նման է ապրում: Օրը, տարուայ վերջին ժամերն էր ապրում, մարդիկ՝ օրուայ: Շտապում էին: Աշխարհի վերջը չէր, բայց Ամանորը պէտք է կարգին, մարդաւարի դիմաւորէին: Րոպէ առ րոպէ խանութների դատարկուող ցուցափեղկերի, ձիւնացեխոտ փողոցներում շարուած մսի եւ մրգատեսականու պակասող հերթերի հետ մարող լոյսը, մարդկանց հետ տեղաւորւում էր բնակարաններ, այնտեղից լոյս ցօղելով մթով ընկած փողոցների վրայ: Տարուայ վերջին օրը իւրաքանչիւրի հաշուետուութիւնն է, որ հաւաքւում մէկտեղւում եւ դառնում է ամփոփում: Բոլորը մտովի կամ՝ ոչ, փորձում են ի մի բերել անցնող տարուայ անցուդարձը, արած չարածը, աւարտել կիսատ թողած գործերը, մարել կամ փորձել ստանալ պարտքերը: Տարուայ վերջին օրը միշտ անհանգիստ է բայց՝ անշառ:
    Ցուրտ էր, բայց փողոցի շնչառութիւնը տրամադրող էր: Նոյնիսկ թափառական ցնորած շներն էին ալարկոտ շրջում եւ ցուրտը վտանգաւոր չէր: Մարդկանց մտահոգ դէմքներին թաքնուած լաւ տրամադրութիւն կար, իրար շնորհաւորում էին գալիք տարուայ առիթով, մաղթանքներում չմոռանալով անցածի բոլոր անյաջողութիւնները թողնել սմքած օրացոյցի պոկուած թերթերին: Կրկին սեղան էին գցում, զարդարում էին տունը, լողանում, յարդարւում, պատրաստւում հրաշքի սպասումով: Մարդը ինքն իրեն խաբելու յատուկութիւն ունի, յոյսն է: Առանց դրա  չի կարող, իսկ չի կարող որովհետեւ հնարաւոր չէ: Ցրտին, մթին, սովին, աղքատութեանը, ամէն ինչին մարդը կը դիմանայ, բայց առանց յոյսի՝ երբեք: Աստծոյ եւ մարդու կապը յոյսն է: Աստուած ստեղծեց մարդուն յոյսով, մարդը մնացել է Աստծոյ յոյսին:
    Սօսը իր ծանրաքարշ մեքենայով անցնում էր խանութից խանութ եւ հաւաքում էր տարուայ ընթացքում գոյացած պարտքերը: Ընդհանարապէս դա պարտքերը հաւաքելու լաւագոյն ժամանակն է: Ունեւոր-չունեւոր առեւտուր է անում եւ դրամի շրջանառութեան աշխուժութիւնը թոյլ է տալիս խանութպաներին մարել կուտակած պարտքերը:
    – Էսա, ախպեր.– Սօսին  մեկնելով դրամների տրցակը, ասաց Սաքոն, – էլ պարտք – պահանջ չունենք իրարից, մինչեւ մի բաժակ հետս չխմես, չեմ թողնելու գնաս:
    – Աւտոյով եմ, – փորձեց հրաժարուել Սօսը,– դեռ մի քանի տեղ պէտք է մտնեմ, յետոյ էլ ճանապարհին  Լուսաւանում գործ ունեմ: Միայն դու չես պարտք, ես էլ պարտքեր ունեմ, պէտք է փակեմ:
    – Մի բաժակ խմենք, որ մեզնից տարին խռով չեթայ, գալացողին էլ պատուով դիմաւորենք, չնեղանա,– ասաց Սաքոն եւ արագ-արագ լցրեց բաժակները:
    Սօսը, որ մինչ այդ արդէն մի երկու տեղ էլ նոյն պատմութեան մէջ էր ընկել առանց դիմադրութեան ձեռքը վերցրեց օղիով լի բաժակը, – գործերին յաջողութիւն, – ասաց  ու գլուխը  ձգեց վեր, – Էհ, Աստուած ջան, շատ չհամարես:. Մի շնչով  կլլեց  օղին եւ ու արագ դուրս եկաւ խանութից:
    Իջնում էր մութը, սակայն  փողոցում մարդկանց ակտիւութիւնը չէր դադարում: Մարդիկ շտապում էին: Սօսն էլ էր շտապում: Մեքենայում ամանորի սեղանի պակաս պռատ ապրանքներն էին, որ կէս ժամը մէկ կինը զանգահարում թելադրում էր֊: Դեռ չեր հասցրել  միացնել մեքենայի շարժիչը նորից հնչեց  հեռախօսի զանգը:Կինն էր:  Այս անգամ փոխանցում էր երեխաների պահանջը, եղեւնի էին ուզում: Որքան էլ Սօսը յորդորել էր երեխաներին բացատրել, որ այդ տարի տօնածառ չեն դնելու, որովհետեւ  տատիի մահուան առաջին տարին է  եւ սխալ է տունը զարդարելը, երեխաները անդրդուելի էին մնացել:  «Բակում կը դնենք, տնից դուրս», – ասել էր կինը, «ամանորը երեխաներինն է, նրանք մեղաւոր չեն….»:  «Ոչ ոք մեղաւոր չէ», – ասել էր Սօսը, յետոյ յանձնուել,– «Լաւ,  հասնեմ քաղաք, եթէ դեռ վաճառողներ լինեն, կը բերեմ, բայց պայմանով՝ տուն չեմ մտցնելու»:
    Ցուրտը թեթեւ նահանջեց տեղը զիջելով  ձիւնի փաթիլներին: Միշտ այդպէս է, ձիւնը ջերմացնում է:  Մայրուղով անկանոն սլացող  եւ սրահից դուրս յորդող  արեւելեան կլկլոցներով երաժշտութեան ցկցկոցն ու տեղի անտեղի ձայնային  ազդանշաններ արձակող աւտոմեքենան  կտրուկ արգելակեց սոճիների ցանցառոտ անտառակի մօտ: Սօսը աւտոմեքենայի բեռնախցիկից վերցրեց կացինն ու ուղղութիւն վերցրեց դէպի սոճիները: Նա  չնկատեց էլ  անտառակի վերջից  սկսուող գերեզմանատանը շիրիմներից մէկի մօտ  մլմլացող մոմի ճրագը եւ տապանաքարին ծնկած թեթեւ հագնուած կնոջը:  Մինչեւ ծնկները խրուելով ձիւնի մէջ Սօսը մօտեցաւ մատղաշ Սօսիներից մէկին եւ սկսեց կացնահարել բունը: 
    Միայն աւարը աւտոմեքենայի բեռնահարթակին կապելուց յետոյ, երբ արդեն պատրաստւում էր  նստել մեքենան,  Սօսը նկատեց մայրուղու  եզրին ասես երկնքից յայտնուած  ծեր կնոջը:
    Սօսը նայեց կողքերը, թափ տուեց վրայի ձիւնը  եւ զարմացած հարցրեց
    – էս ժամին էս չոլերում ինչ ես անում:
    – Տուն, – ձեռքով անորոշ ցոյց տուեց անծանօթը, յետոյ ձեռքերով գրկելով մարմինը, դողացող ձայնով  դիմեց Սօսին, – կը տանե՞ս:
    – Նստի տատի, տաքսի չեմ բայց կը տանեմ, – ասաց ու բացեց աւտոմեքենայի դուռը, – արագ արի, ուշանում եմ: 
    Սօսը վարում էր մեքենան եւ դիմապակու հայելու միջից  տնտղում   անծանօթ ուղեւորին:
    – Տատի, դու տղայ, աղջիկ, հարս, թոռներ  չունե՞ս, որ էս ազիզ օրով մնացել ես փողոցում  ու էն էլ սենց ցրտին:
    – Տղաս էր կանչել, ամէն անգամ կանչում է…. դու եկար – ասաց  անծանօթը, – ծառը ինչի՞ կտրեցիր:
    – Տատ, որտեղ է տունդ, – հարցրեց Սօսը,-երեխեքը տօնածառ էին ուզել, մինչեւ հասնեմ քաղաք ուշ կը լինէր, աչքս տեսաւ, կտրեցի,մեծ բան չի: Տունդ որտեղ է՞: 
    Կինը նորից ձեռքով անորոշ ցոյց տուեց եւ ուսերը վերուվար արեց:
    – Զարդարելու ես հա՞, տա՞նը:
    – Շատ գիտե՞մ, – դժգոհեց Սօսը,– երեխեքն են կպել, թէ՝  տօնածառ ենք ուզում:
    – Երեխեքին պէտք չի մերժել, նրանք մեղաւոր չեն…: 
    Սօսը դիմապակու հայելուց  զարմացած  նայեց շալի մէջ փաթաթուած դողացող կնոջը:
    – Ծառն էլ մեղաւոր չէր, բայց կտրեցիր – շարունակեց կինը,– ոչ ոք մեղաւոր չի:
    – Ինչ ե՞ս խօսում, մեղաւոր ա, մեղաւոր չի, դու  աւելի լաւ ա ասա՝ տունդ որտեղ ա: 
    Անծանօթուհին նորից ձեռքով անորոշ ցոյց տուեց դիմացը ու կրկին ուսերը վերուվար արեց:
    – Ես պէտք ա էս գիւղ մտնեմ, էստեղ մի քանի րոպէի գործ ունեմ, բայց մի մտածի մինչեւ տուն կը հասցնեմ: Կարող ա՞ էս գիւղից ես:
    – Չէ,– ասաց կինը, – ոչ ոք էս աշխարհում չգիտի իր  տան տեղը, Մարին էլ  չգիտի:
    – Մօրս անունն էլ էր Մարի, – ասաց Սօսը:
    – Գիտեմ, ասաց կինը:
    – Գիտե՞ս,– զարմացաւ Սօսը,– որտեղի՞ց գիտես:
    – Չեմ յիշում:
    – Ոնց է՞, որ գիտես բայց չես յիշում,– ձայնը գլուխը գցեց Սօսը, -դու ո՞վ ես:
    – Մարին եմ:
    – Աստուած իմ,– փնչացրեց Սօսը, – հասկացայ քո անունն էլ է Մարի, մօրս որտեղից գիտ՞ես:
    – Գիտեմ, – տարօրինակ պատասխանեց կինը, – դու ինձ չես ճանաչո՞ւմ: 
    Սօսը զարմացած էր,ով է՞ այս կինը, ինքն իրեն մտմտում էր եւ աչքը չէր կտրում դիմապակու հայելիից:
    –
Չէ, – ասաց, – չեմ ճանաչում, որտեղի՞ց  պէտք ա ճանաչեմ:
    –
Ես երգչուհի եմ – ասաց կինը,– կ՛ուզե՞ս քեզ համար երգեմ:
    – Սպասի, հասանք, – ասաց Սօսը եւ աւտոմեքենան արգելակեց գիւղի կենտրոնի խանութի մօտ, որտեղ տղամարդիկ հաւաքուել էին խորովածի մանղալի շուրջ եւ հին տարուն  էին ճանապարում:
    –
 Կարճ գործ ունեմ, վերջացնեմ քեզ տուն կը հասցնեմ, դու միայն յիշիր որտեղ էր տունդ, եղա՞ւ:
    Սօսը անջատեց շարժիչը, բացեց աւտոմեքենայի դուռը եւ այն է ուզում էր ուրս գալ, լսուեց Մարիի ձայնը.
    – Սօսօ, սոված եմ….
    Սօսը, որ  դեռ կիսով ամտոմեքենայի մէջ էր, ասես քարացաւ: Մայրն էր նրան այդպէս կանչում եւ այնքան հարազատ էր ձայնը, որ Սօսին թուաց մօր ձայնն է: Նա բացեց աւտոմեքենայի  բեռնախցիկի դուռը, կնոջ պատուիրած ուտեստներից  մի քանի բան առանձնացրեց եւ տեղափոխեց Մարիի մօտ:
    – Կե՛ր, ես շուտով կը գամ:
    Մարին դողդոջուն  բռնեց Սօսի ձեռքը եւ շշուկով հարցրեց․
    – Սօսօ, շուտ կը գաս, չէ՞, – յետոյ էլ աւելացրեց,– տուն հասնենք, մութ ա:
    Սօսը մի պահ, միայն մի պահ ոտքը կախ գցեց, ինչ որ բան  մտմտաց, յետոյ  մօտեցաւ հաւաքուած տղամարդկանց, ձեռքով բարեւեց եւ գրկախառնուեց Կարոյի հետ: Երեւում էր, Կարոն  տղամարդկանց մօտ մեծ յարգանք էր վայելում եւ նրա ոչ մի խօսք չէր քննարկւում: Կարոն թէ պոյով եւ թէ քաշով գերազանցում էր միւսներին: Թաւ պեխերի տակ պահ տուած ժպիտը եւ վարդագոյն թշերը մատնում էին Կարոյի լաւ տրամադրութիւնը:Նրա տրամադրութիւնը  աւելի բարձրացաւ երբ տեսաւ Սօսին:  
    – Եղա՞ւ, բերել ե՞ս – հարցրեց Կարոն:
    – Ես հօ եուբկով ման եկողներից չեմ Կարո ջան, խոստացել էի չէ՞,– ինքն իրենից գոհ ասաց Սօսը եւ ձեռքը տարաւ ծոցագրպանը եւ հանելով փաթեթով փողը տուեց Կարոյին.
    Ուրախութեամբ ծախսես ախպերս:
    –
Ջանդ՝ սաղ,– թաւ պեխերի տակ ժպտաց Կարոն եւ շրջուելով համագիւղացիների կողմը դիմեց նրանց,- հլը մի լաւ կտոր քաշեք շշից, մեր ախպորը շնորհաւորենք,– ու  մի կողմում կանգնած երաժիշտներին հրամայեց,- մի հատ տուշի մեր ախպոր պատուին:
    Երաժիշտութեան տակ Կարոն ու Սարոն դատարկեցին բաժակները, մի կտոր միս քշեցին շամփուրի վրայից կիսեցին, փաթաթեցին լաւաշով եւ սկսեցին ուտել:
    – Մենակ չե՞ս,– նայելով աւտոմեքենայի կողմը, Սօսին դիմեց Կարոն:
    – Ճանբին  կանգնած դողում էր, մօրս թայ կին  ա, անունն էլ Մարի, պատկերացնում ե՞ս:  Ասի վերցնեմ տուն հասցնեմ, էն էլ տարօրինակ մէկը դուրս եկաւ, չեմ հասկանում  իրօք յիշողութիւնը կորցրել է՞, թէ՞ տեղ չունի գնալու, ձեւեր ա թափում, – ասաց Սօսը:
    Կարոն մատը տնկեց թէ.
    – Արա դու փորձանք ես, էս ազիզ օրով էս ինչ վոյաժներ ես անում, – ասաց ու մօտեցաւ մեքենային, բացեց դուռը ու կռացած կէս մարմնով մտաւ աւտոմեքենայի մէջ:
    – Բարի օր մօրքուր, 
    Կինը գլխով անտարբեր բարեւեց եւ շարունակեց ուտել: Կարոն շրջուեց տղաների կողմը ու թէ «հլը էդ խորովածից մի բրդուճ սարքեք տատիի համար, կոլայով բանով…շուտ արեք»:
    Տատ որտեղից ե՞ս, գիւղից ե՞ս, քաղաքից ե՞ս…
    Կինը սառած  աչքերով վախւորած նայեց Կարոյին ու շարունակեց ծամել.
    – Սօսոն կը տանի, – ասաց կինը:
    – Հա կտանեմ, որ վերցրել եմ կտանեմ, բայց տանդ տեղը ասա, որ տանեմ,– մէջ ընկաւ Սօսը, – յետոյ մունաթով աւելացրեց, – ընենց էլ Սօսո ա ասում, ոնց որ ողորմածիկ մերս ըլնի:
    Խօսակցութեան վրայ աւտոմեքենային մօտեցան  հաւաքուած տղաները եւ հերթով զննելով տատիին, գլուխները օրօրելով, ուսերը թափ տալով հեռացան, մէկը միւսին ասելով, որ անծանօթ է, էս կողմերից չի, չեն ճանաչում:
    Կարոն մի կողմ  քաշեց Սօսին.
    – Դու հասկանում ե՞ս ինչ քաքի մէջ ես հիմա, էս ցնդածը ոչ տուն տանելու ա, ոչ էլ տուն ունի, որ իրա տանես:
    – Դէ, խղճիս վրայ ազդեց, ոնց որ գերեզմանոց էր եկել, դողացնում էր, ասի վերցնեմ էս կողմերից կլինի,– արդարացաւ Սօսը:
    – Արա, դու հո սարսաղ չես, ինչ գերեզմանոոոոոց, դու գերեզմանոց խի՞ ես գնացել, – զարմացաւ Կարոն,- արա, դու  ոնց անխելք եղել ես, տենց անխելք էլ ապրում ես: Հիմա ի՞նչ ես անելու:
    – Տանեմ քաղմաս, յանձնեմ, երեւի:
    – Վախ, հօրս արեւ, – ձեռքերը փոշման կողքերին խբեց Կարոն,– էս ազիզ օրով, որ մտար քաղմաս, էնքան կը հարցաքննեն, որ միւս տարի եթէ տուն հասնես  մատաղ պտի անես:
    – Բա հիմա ի՞նչ անեմ, մեծ ախպեր,  գիտես, մամայի առաջին տարին  ա, լիքը մարդ ա գալու…
    –
Գնա՛ գլուխդ պատին տուր, որ էլ սենց շաշութիւն չանես: Գիւղից որ դուրս գաս, կը մտնես կողքի  գիւղը, խանութի  ներքեւի փողոցով կ՛իջնես, կը թեքուես ձախ մի խաչմերուկ կ՛անցնես, երկրորդն էլ կ՛անցնես երրորդից աջ կ՛անես, ոստիկանութեան պունկտն ա, կ՛իջեցնես ու կ՛երթաս: Թող իրենք իրենց համար պարզեն, ով ա՞, որտեղից ա՞, – խորհուրդ տուեց Կարոն: 

 *     *    *

Սօսը վարում էր աւտոմեքենան եւ աչքը չէր կտրում դիմապակու հայելիից:  
    Մարին գլուխը յենած դրան պատաուհանի ապակուն քթի տակ ինչ որ երգ սկսեց դնդնալ, որ Սօսին ծանօթ թուաց:
    – Մարի ինչ ես երգում, – հարցրեց Սօսը:
    Մարին ձայնը հանդարտ բարձրացրեց, բարձրացրեց եւ երգի զուլալ հնչիւնները լցուեցին աւտոմեքենայի մէջ: Սօսը երգից յանկարծակի եկած այնպէս կտրուկ արգելակեց աւտոմեքենան, որ թուաց,  ուր որ է մեքենան շրջուելու է: Սօսը գլխով  հարուածեց դիմապակուն եւ մի քանի վայրկեան գլուխը ղեկին դրած  քարացել էր: Մարին էլ լռեց, լսւում էր միայն աւտոմեքենայի շարժիչի շնչառութիւնը: Քիչ անց ուշքի գալուց յետոյ Սօսը գլուխը յենած ղեկին, խօսեց.
    – Մերս էր երգում:
    – Ես էի երգում,– ասաց Մարին,– մինուճարիս էի մեծացնում,  օրօրոցից: 
    – Օրոցքից եմ լսել, – ասաց Սօսը,– որտեղ  ա՞ հմա մինուճարդ:
    – Սօսո՞ն:
    – Անունը Սօսօ էր հա՞:
    – Ղարաբաղում  պիռատ էին ասում, հետախոյզ էր ՍօՍոս:
    – Է՞ր…հիմա որտեղ ա՞:
    – Արդէն կարեւոր չի, տեղ ա հասել  ու ինձ ա սպասում:

    – Ղարաբաղում զոհուե՞ց, թէ՞ ստեղ սպանեցին:
    – Երեւի յոգնել էր, օրորոցայինից իսկ ես շարունակ  երգում էի, չէի զգում, որ մեծացել է, գնաց Ղարաբաղ…, սիրտը կռիւ էր ուզում ու գնաց: 
    Սօսը միացրեց մեքենայի շարժիչը եւ շարունակեց վարել:
    – Պէտք էր, գնաց մի մեղադրի, հերոս ես ծնել,– ասաց Սօսը:
    – Իսկ դո՞ւ…,– հարցրեց Մարին,– դու չուզեցի՞ր, թէ՞ Մարին չթողեց:
    – Ես Ռուսաստանում էի:
    – Իսկ Մարի՞ն։
    – Մարին ի՞նչ։
    – Մարիի սրտով էր քո Ռուսաստանում լինելը, ինքն ասում էր մնայ, ասում էր չգաս,  չէ՞:
    – Աստուած իմ, – դէմքի քրտինքը ձեռքով սրբեց Սօսը եւ համարեա ճչաց,-ով ե՞ս դու, Մարին ե՞ս, դու որտեղից ամէն ինչ գիտես: 
    – Մայրերը ամէն ինչ գիտեն:
    – Ի՞նչ, – սարսափեց Սօսը, – դու մահացել ես, դու չկաս, ես այս էս ձեռքերով եմ թաղել քեզ, – յետոյ շփոթուած իր խօսքից ուղղեց,- մօրս:   Ով ե՞ս դու…. էլի չգիտե՞ս,  չես յիշու՞մ:
    – Ես Մարին չեմ, Սօսոն էր ինձ Մարի ասում:
    Այդ դէպքում դու ով ե՞ս, որտեղ ե՞ս ապրում, ասա: Դու հօ ցերկուայ երազ չես, – խելագարի պէս բղաւեց Սօսը եւ ոստիկանութեան մօտ արգելակեց մեքենան:
    – Հասանք,  իջի՛ր, – հրամայեց Սօսը,– կը մտնես ներս ու կը դիմաւորես նոր տարին: Քո տունն է, չամաչես,-ասաց Սօսը եւ իջաւ բացեց աւտոմեքենայի դուռը: Մարին ծանր դուրս եկաւ աւտոմեքենայից նայեց Սօսի աչքերի մէջ.
    – Զգոյշ կը գնաս, երեխեքը տօնածառին են սպասում:
    Սօսը ոչինչ չասաց, միայն գլուխը օրօրեց, նստեց մեքենան եւ շարժուեց տեղից չդադարելով նայել  դիմապակու հայլու մէջից:
    Դրսում առատ ձիւն էր գալիս, իսկական ամանորի գիշեր էր:  Մարին  փաթաթուած շալի մէջ եւ ձեռքերով գրկած մարմինը կանգնած էր դատարկ մութ փողոցում: Դիմացը ոստիկանութեան փակ բաժանմունքն էր: Սօսը շրջադարձ կատարեց, մօտենալով   Մարիին արգելակեց մեքենան:
    – Նստի՛ր, – պատուհանից դիմեց Մարիին:
    Մարին չպատասխանեց, նա սառած աչքերով նայում էր ինչ որ կէտի ու կարծես չէր նկատել Սօսին: 
    – Մարի, – նորից դիմեց Սօսը,– նստի՛ր: 
    Մարին դողում էր ցրտից ու չէր կարողանում խօսել, միայն հասցրեց հազիւ լսելի արտասանել մի քանի բառ.
    – Դու ով ե՞ս, հեռու ինձանից, ասաց ու ձեռքերով հրեց Սօսին։
    – Սօսոն եմ, ինչ շուտ մոռացար…Սօսոոն եմ Մարի:
    – Չէ, դու Սօսոնն չես, իմ Սօսոն քո պէս չէր:
    – Մարին էլ քո երգն էր երգում բայց քեզ նման  չէր, – ասաց Սօսը,– դա կարեւոր չի, նստի՛ր։  
    Սօսը դուրս եկաւ աւտոմեքենայից,մօտեցաւ  բացեց աւտոմեքենայի դուռը եւ Մարիին օգնեց՝ համարեա հրելով նստացրեց աւտոմեքենան:
    Աւտոմեքենայի մէջ երբ արդէն հեռուից երեւում էին քաղաքի լոյսերը, հնչեց Սօսի հեռախօսի զանգը: Կինն էր.
    – Ինչ եղա՞ր, երեխեքը տօնածառին են  սպասում, չեն հասցնի զարդարել:
    – Գալիս ենք, – ասաց Սօսը եւ անջատեց հեռախօսը:

 

 *    *     * 

Ամանորի գիշերը միշտ հեքիաթային է, յատկապէս փոքրիկների համար: Փոքրիկ Արենն ու Կարինէն Սօսի  հետ զարդարում էին տան  դիմաց արդէն կանգնած սոճին:  
    – Պապ, այ պապ իսկ նոր տատիկի անունը ի՞նչ է, – հարցրեց Արենը:
    – Կարող էք Մարիով դիմել, նա մեր տատիկն է, – պատասխանեց Սօսը եւ հայեցաքը գցեց տան պատուհանին: Պատուհանի միւս կողմից ժպիտն ու թախիծը դէմքին խառնուած նրանց  էր նայում Մարին:

ԿԱ. տարի, 2022 թիւ 4