Ինձանից է սկսւում այս քարը. իսկ այս ծաղի՞կը, այս փուշը, այս երկինքը, այս օձը, այս… Իսկ ե՞ս ինչից եմ սկսւում։
Մուհամէդը եկաւ՝ բարեւ Սուրէն։ Սուրէնը էլի Սուրէնն էր։ Մուհամէդն ասաց՝ լաւ ցուլեր ունես, մէկը կը տա՞ս, տանեմ՝ մորթեմ։ Սուրէնը նայեց առանց կասկածի՝ քեզ փէշքէշ, որն ուզում ես։ Մուհամէդը մտաւ գոմ, բոլորն ուզեց, առաջն առաւ, որ տանի։ Սուրէնը ուշքի եկաւ, կանգնեց Մուհամէդի առաջ, որ նա տեսնի Սուրէնին, հասկանայ, որ Սուրէնն է էլի, ինքն էլ՝ Մուհամէդը լինի։ Մուհամէդը գնդակն արձակեց, որովհետեւ Մուհամէդն էր։
Եւ արեւի շողերը թպրտացին արեան մէջ, մճճուեցին։ Մալխասանց Սուրէնը, ասում են, մինչեւ հիմա էլ նման է ճիւղը կորցրած հաւքի, որ չգիտէ՝ ուր իջնի, թեւին է տալիս անընդհատ, աչքերում՝ արեան մէջ թպրտացող Հայկանոյշի, Հայասէրի, Սուրէնի, Էմմայի պատկերները։ Էդ գիշեր Ղաշխա խութի հանգստարանից մեռելները մէկ-մէկ վեր կացան քնից՝ ծեր թէ ջահել, գիւղում ուրիշ ոչ մէկը չկար, զէնք առան։
Տեսնես ինչ մտքով է ամէն օր Մեծ քարի վրայ իջնում երկինքներ կտրած-եկած հսկայ աստղը։ Ո՞վ կ՚ասի։ Գուցէ այն տղանե՞րը, որ գիշերը աստղերի թեւով թռչում են։ Մեծ քարը երբեք չի փոխւում՝ երբ էլ նայես՝ ինքը Մեծ քարն է։
***
Ճանապարհը յուշարար է։ Ճանապարհը ասում է՝ դուք չէք գնում, երբ հեռանում էք։ Ինչպէս կարող էք ձեր սիրտը դէն նետել, մի կողմ թողնել ապրած օրերի յուշը, ծննդավայրի առաջին սիրոյ ճամբան, ձեր հարազատների շիրիմների վրայ վեր ու վար ճախրող հրեշտակներին ու հեռանալ, սփռուել։ Դուք պարզապէս մասնատում էք ձեզ, բաժան-բաժան էք անում, քաղցրութեամբ դիւթող թոյնի թմբիրներով տրւում էք թուացեալ «դրախտ»ին ու անարթնանալի, անարթնանալի մշուշով խորը քնում էք։ Դուք չէք գնում, երբ որ գնում էք։
***
Ամէն ինչ աշխարհում խառնուելուց առաջ, խառնուեց Գէոյի մէջ, ծիծաղն ու լացը իրենց տեղերը փոխեցին։ Ասին՝ Գէօ, տղայ ունեցար, ծիծաղեց, յետոյ զգուշաբար իբր, ասին՝ Գէօ, կինդ ծննդի ժամանակ չփրկուեց։ Հրամանատարի տուած բենզինը չի հերիքել, որ շրջկենտրոնի ծննդատուն հասցնեն։ Չի փրկուել, ծնունդը ծանր էր։ Գէոն ծիծաղի միջից ճչաց։ Դա էր։ Ներսում ինչ-որ բան կոտրուեց։ Հիմա, երբ զոհուած ընկերոջ դիակի մօտ արտասուքոտւում են տղաները, ինքն սկսում է բարձրաձայն ծիծաղել։ Բոլորը հասկանում են, ճանաչում են, սիրում են ու ցաւի միջից ժպտում ներողամտաբար։ Մեր Գէոն է։
Քերծ Գէօ են կնքել ընկերները։ Ուսերին տանկ են դրել՝ պահել է։ Առանց չափազանցութեան։ Կ՚անի։ Ես գիտեմ նրան, տեսել եմ, հաւատում եմ։
***
Արկը դիպել է ծառին, եւ մեղուատունը փչակի մէջ աւերուել է, գարնանային անդրանիկ ծաղկանց մեղրը հոսում է ճեղքուած ծառուբունն ի վար, հողին է կաթկթում։ Արեւի շողերը հողին դեռ չհասած կաթիլների մէջ ինչ-որ պատկերներ են ուզում տեղադրել, չի ստացւում։ Մեղուափչակն աչքի տակով հսկող-պահող անտառապահը վաղուց չկայ։ Օրերը ծանր ջաղացքարերի պէս՝ անհատիկ ու անլոյս, իրար ուտում են։ Իբրեւ օրեր են իրենք էլ, բայց օրեր են։
***
Մենք նորից սկսուեցինք մեզանից։ Եւ աւազանը օծուած է, ձկները վար ու վեր են թռչկոտում Կարկառի ջրերում, Կապուտանում, Զնգանագետում ու Թարթառում, Խաչենագետում… Արցախում օդը մաքուր է, այնքան, որ երկնի ամենավերին գմբէթում հնչող զանգի ղօղանջները, ասես ուղիղ ականջիդ տակ, զրնգում են կապոյտ-կապոյտ. «Հայր մեր, որ յերկինս ես, սուրբ եղիցի անուն Քո…»:
Ժամացոյցները ստուգում ենք տղաների հետ, պարզւում է, որ ուշանալու վախից մօտ տասնհինգ րոպէ էլ շուտ եմ եկել։ Մեր հայեացքը վերջապէս պոկւում է Կարկառի քարագուռ ջրերից, ուր մեր մանկութիւններն էին անհոգ լողանում ու վախուորած թռչունների պէս քարափներին կուչ եկած աղջնակներին ջուր ցօղում։ Կտրուկ շրջադարձով, որ մեզ ներսից մաշող զգացմունքները միանգամից թօթափենք, մեկնում ենք դիրքերը։ Իսկ այս անգամ դրանք աւելի մօտիկ են։ Հինաւուրց հայկական Շուշին մեզ սպասում է։ Շուշին, որ քանի ամիս է արդէն հայի ոտք չի տեսնում։ Տեսնես թաքցուած գրքի պատը հօ՞ չի աւերուել։ Պատկերացնում է՞ք՝ Շուշիում յանկարծ մեզ դիմաւորի Գէորգ Մարզպետունին՝ իր զօրքով, ուր զինուորեալ են եւ ինքը՝ Մուրացանը, եւ Րաֆֆին, Պռօշեանը, Աճառեանը, Աղայեանը։ Ծիծեռնակը բոյն էր շինում, եւ շինում էր, եւ երգում… Բայց այս անգամ վերադարձին Բոյնն աւերակ էր գտել։ Յիշեցի իմ գրականութեան երջանկայիշատակ ուսուցչուհի Արշալոյս Աւետիսեանին, նրան եւ ամուսնուն թուրքերը գազանաբար սպանեցին Հին Թաղլարի ծմակում, յիշեցի եւ նրա խօսքը. «Դասը մնում է նոյնը, լաւ չէք սովորել»։ Եւ քանի տարի է՝ նոյնն է մնում։
***
Մեր ասպետ լինելը թուրքի համար հէչ բան է։ Մեր ասպետութիւնը թշնամին թուլութեան է վերագրում եւ մեր ետեւից գալիս է՜, քանի տարի. ճիշդ է ասուած՝ մինչեւ որ չկանգնենք, մի լաւ ծեծ չտանք ու շան լափը գլխին չթափենք՝ գալու է։ Ինքն իրեն ոչ մի անգամ ետ չի դառնալու, ձեռքն էլ հալալ աշխատանքի սովոր չէ, որ կարօտի, գործը ձգի, գալու է, օձի պոչին խփելով՝ բանի չես հասնի. պիտի մէջքը կոտրես։ Եթէ չես կոտրել՝ գալու է։ Անապատի գուրզա տեսե՞լ ես, տաք աւազներից ցնդած եւ հարբած, կտրուած գլխի տեղ նորն է բուսնում, մէկի տեղ՝ տասնմէկը։ Պիտի մէջքը ջարդել։ Մէջքը։ Մէջքը։ Թշնամուն սպանելը քիչ է։ Թշնամուն պիտի ոչնչացնել։ Հասկացա՞ր։ Ամենալաւ ասպետութիւնը էն է, որ այս ամէնը լաւ իմանաս։ Որ մեռնեմ, հարիւր եւ հազար տարի յետոյ ինձանից ոսկոր էլ որ չմնայ, այս խօսքերը կը մնան։ Կը յիշուեն։
Մարդ դարեր շարունակ ինքն իրեն ստեղծում է։ Եւ երբ ձեռք են տալիս նրա ինքնասիրութեանը, մենամարտի է հրաւիրում ու… թէ տղամարդ ես՝ ցոյց տուր. կարեւորւում է ասպետութիւնը։ Իսկ թուրքի մօտ այդպէս չէ, ինչ մենամարտ, ինչ բան, ոտքերդ կ՚ընկնի, հազար անգամ ներողութիւն կ՚ասի, պուլուլներդ կը պաչի, բայց հենց որ յարմար առիթը գտաւ՝ թիկունքդ կեռ եաթաղան կը խրի ստորաբար։ Թուրքը միայն չյայտարարուած կռւում է յաղթում։ Նրա զէնքը շողոքորթութիւնն ու խարդախութիւնն է։ Այդպէս էլ աճում, բազմանում է արագ, ոնց որ սունկը՝ անձրեւից յետոյ։ Նենգ է։ Եւ սա մեր դժբախտութիւնն է։
***
Հետեւակայիններն աւելի շուտ էին հաւաքուել։ Բոլորս սպասում էինք հրամանի։ Անբացատրելի մի խաղաղութիւն կար բոլորի դէմքին, եւ վճռականութիւն կարելի էր տեսնել իւրաքանչիւրի հայեացքում։ Նայում եմ իմ տանկի համարաթուերին, դրանք էլ աւելի յստակ են ասես, մարտի տրամադրող։ Անցեալ գիշերուայ մեր մարտական առաջադրանքը լաւ կատարեցինք. Բադարայից վերեւ՝ Կարագէօվա բարձունքի վրայ, թուրքերը դիրքաւորուել եւ խփում էին, ոչնչացրինք, հողին հաւասարեցրինք նրանց զրահամեքենան եւ շտապ վերադարձանք Խոջալու, ուր էլ մեզ ասացին՝ Շուշին վերցնում ենք… Շուշին։ Որ ճակատ էլ մեկնում էինք, բոլորիս մէջ այն զգացումը կար, թէ այս ամէնը նրա համար է, որ մի օր Շուշին ազատագրենք։ Դա մեր յաղթանակի նախշը կը լինի։ Յետոյ՝ Շուշիի մասին լսում ենք թէ չէ, յոգնութիւն, տանջանք, անքուն գիշերներ… կորչումեւանհետանում են։ Պատկերացնու՞մ էք՝ երկու ժամով գալիս էի Ստեփանակերտ՝ չէի կարողանում լոյսի տակ մօրս, կնոջս տեսնէի, նորածին երեխաս արդէն ութ ամսական էր դառնում, բայց դեռ երեսը չէի տեսել արեւի տակ, մէկ մոմ էի վառում, մէկ ճրագին էի մօտ պահում։ Գրադի կայանքը մի կողմից, նշանառուները մի կողմից…Որն ասեմ, հենց նկուղից փորձում էի դուրս գալ՝ խփում էին։ Մտածում էինք՝ մեռնել է, թող ռազմի դաշտում մեռնենք։
Հիմա ժամը եկել է։ Վերջապէս հրաման տրուեց, որ հետեւակայիններին զուգահեռ պիտի գնանք եւ դիրքաւորուենք Երեք վիշկայի մօտ։ Օպերացիան կազմակերպւում է բոլոր հանգամանքների ու իրավիճակների ստոյգ ուսումնասիրութեամբ։ Ջանհասանի մօտ Սէյրանի զօրքը լաւ ջարդ է տուել ազերիներին, յետոյ եկել-հասել է Շուշիի մօտերքը։ Բայց զոհեր էլ եղան։ Այնտեղով, որտեղով իրենք՝ թուրքերն էին պատրաստւում յարձակուել Ստեփանակերտի վրայ եւ ահագին ուժ էին կենտրոնացրել, մերոնք շարժվել են, որ Շուշիի մուտքի մօտ թշնամուն անակնկալի բերեն, մանաւանդ, որ վերջինս չէր էլ պատկերացնում, թէ նման հարուած կարող է ստանալ պարիսպների կողմից, Քարին տակի ու Տիզկանց քերծի թեւից, ուղղակի՝ քաղաք մտնող մայրուղուց։ Խոստովանենք, որ նրանց տեխուժն ու ռազմամթերքը քառակի մեծ էր։ Դեռ դրանից մի շաբաթ շուտ պիտի մերոնք ձեռնամուխ լինէին քաղաքի ազատագրմանը, բայց Կոմանդոսը հրաման էր տուել՝ չվռազել, ամրացնել դիրքերն ու սպասել պատեհ պահի։ Ասենք, որ Շուշիի օպերացիան մեր հայ ռազմական գործի պսակներից մէկը եղաւ։ Յարձակման ենք անցել չորս հիմնական ուղղութիւններով՝ Հիւսիսային («26»ի), Արեւելեան (Շօշի), Հարաւային (Լաչինի), Հիւսիս-արեւմտեան (Ջանհասան-Քէօսալարի)։ Եւ սա էլ եղաւ բախտորոշ։ Երեւի աշխարհի ոչ մի զինուոր իր գրոհի մէջ այդքան սէր, հաւատ, կարօտ չի դրել, ինչպէս մենք։ Վաղ առաւօտեան դեռ լոյսը չբացուած, Ասկոլկան բերդի կողմից ճեղքել-մտել եւ հեռակապով միացել է Կոմանդոսին. «Նստած եմ Շուշուայ բերդի պատին եւ սպասում եմ տղաների բարձրանալուն, մինչեւ մի քանի րոպէն մտնում եմ քաղաք»։
Եթէ մեր հողը փրկելը մեր սուրբ պատիւն է, ապա Շուշիի ազատագրումը նաեւ մեր պատուի պատիւը պահելու խնդիր է։
Մեր զրահամեքենան Քարահանքի սալերը ճանկռոտելով բարձրանում էր, ականազերծողները երկու հոգի էին, գնում էին առջեւից։ Հետեւակայինները գրոհով առաջ էին անցնում։ Յանկարծ նրանց մէջ նկատեցի մազերը գզգզուած ու տարօրինակ շարժումներով մի կնոջ։ Ճանաչեցի, Մազի կամրջի վրայ մօտեցել է, թէ. «Բալա, մատաղ ինի աքան քեզ, Սաւադիս չե՞ս տեսել»։ Սաւադը զոհուել է Դրմբոնի մօտ, բերել են, ինքն էլ թաղմանը մասնակցել է, բայց… մի քանի օր յետոյ «միտքը մթնուել է»։ Մի կին, որ մօտ էր նրան, թեւը մտաւ, թէ՝ գնանք, Հեղուշ, գնանք տուն, գալու է Սաւադը։ Եւ, ահա, նորից է խառնուել հետեւակայիններին։ Մեր զրահամեքենան դժուար էր բարձրանում, բայց տղաները՝ Աշոտը, Շահէնը եւ ես տեղանքը ոչ թէ լաւ, շատ լաւ գիտէինք։ Մեր պորտն էդ քարերի վրայ է կտրուել։ Հենց հասանք Երեք վիշկայի մօտ, հրաման եկաւ, որ յապաղել չի կարելի, պիտի առաջ անցնենք առանց ականազերծողների. թշնամին մեր յառաջխաղացումը՝ այդքան ճակատ-ճակատի, սկզբում դիտում էր «դիւերսիոն» քայլ, բայց յետոյ փորձում է ուշքի գալ… Չպիտի թողնել, որ ուշքի գայ։ Պիտի խփել եւ օղակի մէջ առնել բոլոր կողմերից։ Դիքը յաղթահարեցինք։ Ահա եւ քարաբլուրների եւ բետոնէ հիւսուածքներով դիմափակուած խրամատներն ազերիների։ Կտրուկ, մեր առջեւով, փորձում էր անցնել թուրքական «ԲՄՊ» մակնիշի մի մեքենայ։
Նշան ենք բռնում։ Խփուելուն պէս սկսում է վառուել։ Սա ոգեւորում է բոլորիս՝ առաջին գրոհը սկսւում է այստեղից։ Մայիսութեան մեր անդրանիկ հարուածը, կարծում ենք, արտակարգ գեղեցիկ էր։ Մանաւանդ՝ տեսնում էինք, որ ներքեւից մեզ առաջնորդում է եւ Ստեփանակերտի հայեացքը, նոյնիսկ թուաց, թէ լսում ենք մարդկանց բացականչութիւնները մեզ քաջալերող։ Բայց իրականում աղմուկն այնքան էր մեծ, որ դրսից ոչինչ լսել հնարաւոր չէր։ Իրարով անցած թուրքերը ոչ այն է՝ ուժերի վերատեղաբաշխում էին կատարում, ոչ այն է՝ «դիմաւորում» էին մեզ… Եւ ահա, յայտնւում է նրանց զրահամեքենան, կարծես ուզում էր մեզ չտեսնելուն տալով՝ կտրելեւանցնել ճանապարհը, որտեղով նրանք ուղի էին բացել դէպի Ջանհասանի դիրքերը։ Բայց մեր արկը բեկորային է, ինչ պիտի անի դա հսկայ զրահամեքենային։ Այնուամենայնիւ՝ պիտի փորձենք։ Տղաներն, ատամներով շուրթները կծած՝ կրակում են, խօսելու պահ ու անհրաժեշտութիւն էլ չկայ։ Եւ հնարամտութիւնը, որ վայրկենապէս ճառագեց Շահէնի ուղեղում, իր փայլուն արդիւնքը տուեց. արկը պայթելով զգալի թեքութեան վրայ սլացող զրահամեքենայի թրթուրների տակ՝ ցնցեց ու գլորեց դէպի ձորը։
***
Այդ ակնթարթում՝ ծխի, վառօդահոտի, կրակների մէջ արդէն յաղթանակի անխառն բուրմունք էինք ըմբոշխնում։ Բայց ազերիների նռնականետերը, գնդացիրները ճարճատում էին անդադար, խփում էին ականանետերով։ Դրան գումարուել էին եւ գրադի կայանքներից հեռահար զարկերը Ստեփանակերտի վրայ։ Անպատասխան չմնացին՝ համազօր հարուածներ գնացին դէպի Աղդամի կենտրոնական մասերը։ Ամէն ինչ հաշուարկուած էր, մազաչափ խախտում անգամ չէր կարող լինել։ Իւրաքանչիւր զինուոր, մէկն էլ՝ ես, անյաղթելի էինք զգում մեզ եւ ոգեւորող հանգամանքները շատ էին։ Նախ՝ մենք կռւում էինք մեր հողի ուղիղ, չմիջնորդաւորուած ու տաք շնչառութիւնը ամէն րոպէ զգալով մեր թիկունքին, ապա իւրաքանչիւրը հաւատում էր մեր յաղթանակին, որին անասելի թափ էր հաղորդում Կոմանդոսի ներկայութիւնը՝ ամէն մի ձեռնարկման մէջ։ Եւ մեր անխոցելիութեան մասին մեր ներքին լեգենդն ունէինք արդէն, որ գալիս էր հրամանատարի ճշգրիտ հաշուարկուած տեղաբաշխումներից ու ամէն մի զինուորի մի մազի համար անգամ ունեցած ցաւից. այս յատկանիշով թւում է, հպարտանալ կարող է աշխարհի ամենամեծ զօրավարն անգամ։
Եւ թող ների Կոմանդոսը, նրա ազգուտակից ոչ-ոքի չգիտեմ, բայց քաջատեղեակ լինելով մեր պատմավէպերին, որոնցից մէկն էլ ինձ հետ անցնում է արցախեան պատերազմի բոլոր ճանապարհները՝ «Գէորգ Մարզպետունի»ն, կարող եմ ասել, որ զինուորի հանդէպ մեր գլխաւոր հրամանատարի այդ արքայական վերաբերմունքն ու ասպետութիւնը գալիս է աւելի վաղնջական ժամանակներից, երբ զօրավարը դեռեւս Մեծն Տիգրանն էր։
ԱյսպԷս, ուրեմն։ Սկսուել էր մի անզիջում ճակատամարտ։ Շուշիի կռիւը։ Ճիշդն ասած, երբ խաղաղ օրերին էի այցելում մեր այդ հինաւուրց քաղաքը եւ տեսնում հայկական թաղամասերում վեր խոյացած աւերակ պատերի ծխաթակ ու թռուահակ վիճակը, սիրտս մղկտում էր եւ չէր կարողանում ներել քսան թվականի մեր այդապատկեր «բոլշեւիկութիւն»ը։ Հիմա մեր ասելիքի պահն է։ Իսահակեանը, որին շատ եմ սիրում, երազել է՝ լինել զինուոր հասարակ ու կռուել-ընկնել Անիի պարիսպների տակ։ Տատս նրա մասին միշտ լաւ էր խօսում, վերջում էլ աւելացնելով՝ շուշեցու փեսայ է։ Հիմա մենք Անիի փոքր քրոջ՝ Շուշիի պարիսպների տակ ենք։ Ռադիոկապով մեզ յայտնում են՝ առաջանալ։
Տեղանքը սանրելով՝ գնում ենք։ Առաջին վիրաւորներին ու զոհերին մերոնք արագօրէն հանում են մարտադաշտից։ Ամենավտանգաւորը ճանապարհի շրջադարձերն էին, քանի որ բլուրների ետեւում դարան էին մտնում թշնամու դիրքայինները։ Շուշի մտնող նախավերջին բլրակեռմանին ենք հասել։ Առաջին ճեղքումը փաստօրէն, մայրուղու կողմից, կատարեց մեր զրահամեքենան։ Ձախ թեւի վրա վառւում են «դուքանչի» Նազիմի խանութները։ Մեր զրահամեքենան պիտի մայրուղուց դուրս գար, ճիշդն ասած, կանգնէր բարձրութեան վրայ, բայց հրաման եղաւ, որ գնանք ուղիղ։ Ապա յայտնուեց հեռախօսակապով, որ դէպի մեզ եկող զրահամեքենան (լրիւ կանաչով էր ներկուած, չէինք տեսնում, դեհ մայիս էր, հանդերն էլ կանաչապատուած) թշնամունն է։
Անակնկալի եկանք։ Եկաւ, կանգնեց հարիւր մետրի վրայ, ձորակում, շրջուեց եւ հրանօթն ուղղեց մեզ վրայ, իսկ նրան «ուղեկցող» հետեւակայինների ու մերոնց միջեւ մի անհաւասար կռիւ էր սկսուել։ Ռազմի դաշտում, երբ կռւում էինք համեմատաբար հարթ տարածքներում, սովոր էինք «սնուել» թշնամուց առգրաւուած զինամթերքով, բայց այստեղ հաշիւները փոխուեցին։ Բեկորային արկով խփել այսպիսի զրահամեքենայի, դա միեւնոյն է, թէ մատնաքարերով խաղի մէջ մտնես։ Նրանց զարկը մեր զրահամեքենայի կողին դիպաւ. դիտանցքը ծխով լցուել էր, ոչ լսում էինք, ոչ տեսնում։ Մերոնց հետ կապը կտրուեց։ Շահէնը ասաց՝ չեմ տեսնում, ինչ անենք։ Մեր մեքենայի տեսասանդղակը ջարդուել-ընկել էր։ Շահէնն ասաց. «Տեսողութիւն չկայ, ոչինչ չեմ տեսնում»։ Աշոտն առանց խօսելու, մտոցի ծածկադռնակը բացեց, որ գոնէ վերեւից տեսնենք։ Այդպէս էլ անում ենք։ Պահեստային միակ ծանր արկը էլ ո՞ր օրուայ համար պիտի պահենք։ Շահէնը նշան է բռնում։ Նրանց զրահամեքենան մեր հարուածից պայթեց։ Վառւում է արդէն։ Մերոնք գրոհով մտնում են Շուշի։ Մեր զրահամեքենայի մէջ էլ է կրակ բռնկուել։
Մէկս մէկիս յորդորում ենք՝ դուրս գալ, դիրքաւորուել ու կռիւը շարունակել աւտոմատներով։ Բայց ծուխը, կրակը, աղմուկը խառնուել էին իրար։ «Տղերք, դուրս եկա՞ք»։ Ձայն չկայ։ Մտածում եմ, որ տղերքը մեքենայից դուրս են եկել։ Մի կերպ ես էլ դուրս եմ գալիս ու կանչում եմ «Աշոտ, Շահէն, ո՞ւր էք»։ Ու փորձում եմ քայլել՝ արկի բեկորները մարմնիս մէջ, արնաթաթախ։ Միւս թեւից երեւում է մէկը։ Աղօտ, մշուշի մէջ։ Կարծում եմ Շահէնն է, իսկ Աշոտը պիտի աւելի շուտ դուրս եկած լինէր։ Փոքր-ինչ գոհունակութեամբ, որ տղաներին բան չի եղել, քայլում եմ։ Յանկարծ մերոնցից մէկը, բռնելով ձեռքս, գրեթէ ինձ շպրտում է քարաբլրի ետեւը. դա փրկում է ինձ։ Յետոյ իմացանք, որ Աշոտին խփել են, իմ ետեւից նա էր գալիս։ Միայն յաջորդ օրն ենք նրան կարողանում հանել այդտեղից։ Իսկ Շահէնը, որին արկի բեկորը դիպել էր հենց զրահամեքենայի մտոցի մէջ, վառուել էր ամբողջովին, նրանից մնացել էին միայն մասունքներ։
***
Այնքան ծանր է՝ երբ ընկերդ կողքիդ ընկնում է եւ դու մնում ես կենդանի, կարծես վատ ես զգում նրա համար, որ դու էլ չես ընկել։ Վէրքերից բացի, նաեւ ուղեղի ցնցում էի ստացել։ Յաջորդ օրը աչքերս բացեցի եւ տեսայ, որ Ստեփանակերտի հոսպիտալում եմ, այն տեղաբաշխուած էր կառավարական շէնքի նկուղում։ Շօշափեցի ինքս ինձ. ձեռքերս, ոտքերս տեղն էին, ամբողջովին վիրակապերի մէջ էր մարմինս, բայց… շարժւում եմ՝ ինքս ինձ սրտապնդելով, կարծես թէ ոչինչ չի եղել։ Պահանջում եմ շորերս, բերում է քոյրը, բայց որին ձեռք եմ տալիս, ձեռքիցս թափւում է, ծուխն ու կրակը շատ էին թակել, նաեւ արիւնով էին ներծծուած։ Դրանք բերելով՝ քոյրն ուզում էր ասել, որ շորեր չկան՝ ուրեմն պիտի մնալ։ Բայց ես ոնց կարող էի չմտնել Շուշի՝ մեր զօրքերի, մեր տղաների հետ՝ քանի դեռ բերանումս շունչ կայ։ Ստիպուած էին լսել իմ խնդրանքն ու յորդորը։ Մեքենայով հասայ Մազի կամուրջ, այնտեղից էլ ռազմամթերք տանող մեքենաների թափքում տղաներն ինձ հասցրին Շուշի։ Ամենածանրը մեր զրահամեքենան, ընկերներիս արիւնը տեսնելն էր։ Ծնկներս ծալուեցին, դեռ ծուխ էր բարձրանում, իսկ Աշոտի դիակն ու Շահէնի մարմնի մասունքները նոր էին տեղափոխուել Ստեփանակերտ։ Աշոտի մարմնի վրայ թուրքական ռազմական ուղղաթիռների երեսունեօթից աւելի գնդակահետքեր էին մնացել։ Չգիտեմ, չէի լացում, մռնչում էի, ճանկռոտում էի քարերն ու զրահամեքենայի թրթուրները, կանչում էի՝ Աշոտ, Շահէն ու թւում էր, թէ զրահամեքենան պիտի նրանց փոխարէն պատասխան տայ, ինքն է մնացել ու ես։ Ու ցաւի մէջ, կրակի մէջ, արեան ու վէրքերի մէջ… յաղթանակի բոյրը, մայիսիննեան բուրմունքների յաղթանակը։ Ասում եմ՝ տղերք, ինձ էլ տարէք, ուզում եմ ազատագրուած Շուշիում լինել։
Բարձրանում ենք։ Պարիսպների մօտ մեզ ընդառաջ է գալիս Երկաթ Աւետը, ասում է. «Յակոբի դիակն է այստեղ, գիտեմ, որ հարեւաններ էք, պիտի…»։ Իսկ Վարդի աքան ու մայրս սպասում են, որ պիտի տուն գնամ Յակոբի հետ։
***
Գարուն է իբր, բայց գարուն է։ Ծաղկած ծառերի ճերմակի մէջ, ուր նայում եմ, ասես աչքերիս առաջ սպիտակին է տալիս մեր զրահամեքենայի համարանիշը. «Տ-72, 442»։ Իմ ու Շահէնի, Աշոտի քայլերով փորձեցի Շուշի մտնել։ Դա մեր պահանջ-պատգամն էր. «Մեզնից ով կենդանի մնայ, բոլորի քայլերով ազատագրուած Շուշիում քայլի»։ Այդպէս էլ արեցի։ Որքա՜ն վեհ է հայոց հողը մեր ոտքերի տակ։
***
Ուզում էի տեսնել Ղազանչեցոց եկեղեցին, որի խաչի վրայ թուրքերը անհաշիւ գնդակների հետքեր էին թողել, բայց խաչը էլի կանգուն էր մնացել։ Ստիպուած բարձրացել, խաչը պոկել են։ Ասում են՝ թուրքերը եօթ օր ու գիշեր ճգնել են, որ խաչը հանեն, չեն կարողացել, ստիպուած վերամբարձ կռունկ են բերել, մի կերպ հանել՝ գմբէթի հետ։ Խաչն իջեցնողն էլ, դրանից յետոյ, հինգ րոպէ չանցած, տեղնուտեղը սիրտը բռնել-մեռել է։ Իսկ երբ մերոնք ազատագրեցին Շուշին, հրաշք ու զարմանք էր պատել բոլորին. առանց զանգ ու լեզուակի Ղազանչեցոց եկեղեցուց (երկնքից էին գալիս) սկսեցին արեւազիլ ղօղանջներ հնչել երկար ու ձիգ՝ տարածուել հայոց աշխարհով մէկ։ Ոչ ոք չէր իմանում շուշեցի Արսէն ապօր այդ օրուայ համար փայփայանքով պահած-պահպանած զանգի մասին։ Աստծոյ բարի օրհնանքն է, երեսները խաչակնքելով, ասում էին մարդիկ։ Զոհուած ընկերներիս հոգու հանգստեան համար եկեղեցու մուտքի մեծ քարին մոմեր եմ վառում։ Ով գիտէ, հիմա նրանք հրեշտակի թեւերով ճախրում երկնքում եւ հետեւում են մեր ամէն քայլին, մեզ հետ ապրում բերկրութիւնը ազատագրուած Շուշիի։ Մուշեղանց տանը հասնելուն պէս, նկատում եմ, որ արկի հարուածից տան պատը փլուել է եւ տանիքի կէսը նստել է հողի վրայ։ Գտնելով ընկերոջս նշած պատը, սկսում եմ քարերը ետ տանել. նախ մի լուսանկար է գտնւում փոշու եւ քարերի մէջ, քիչ յետոյ յայտնւում է կաշուեպատ մի գիրք՝ ձեռագիր էջերով՝ իմ փնտռածը։ Փոշին ու ցեխը մաքրում եմ թեւքովս, բացում առաջին էջը, հազիւ ընթերցում եմ «Աւետիք Բահատրեան» անունը, հեղինակն է, իսկ աւելի ներքեւ գրված է. «Գիրք եւ որդի՝ Մուշեղ Աբրահամեանի»։ Մուշեղին ով չգիտէր։ Ուրեմն՝ գիրքը որդեգրել էր… Մուշեղ Աբրահամեանը։
(Հատուած՝ «Քրիստոսի ծաղիկներ» ասք-պոէմէն)