Ռոբերտ Եսայեան
Ռոբերտ Եսայեան

ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹԻՒՆՆԵՐ

ԻՄ ՏՈՂԵՐՆ Է ՋՆՋՈՒՄ
ԵՐԿԻՐՆ ԻՐ ՊՏՈՅՏՈՎ

 

Ես գրում եմ իմ անունը հայեացքում անցորդների
եւ ինքս ապրում… ժամանակից դուրս:
Իմ եւ բառի միջեւ աղօթում է լռութիւնը,
որպէս խաչքար:
Եւ ամէն տողից
ցնցւում են հիմքերը տարածութեան:
Ոտնահետքս կայծակ է,
որից լուսաւորւում է ճակատն իմ ճանապարհի:
Հողի երազն է բարձրանում աստիճաններով ոգու:
Ես տէրն եմ յիշողութեան:
Ես աշխարհիս քայլն եմ…
Տարրալուծւում եմ տերեւներում գգուանքների:
Ըմպում եմ քո հայեացքից աւիշը տարածութեան:
Հոգիս լցւում է զնգոցով յոյսի:
Ամենամեծ որոնողը – Սէրն է:
Արեւի շողը հացի փշրանքի պէս
հալւում է լեզուիս տակ եւ ներսուզւում
արմատներում յիշատակի:
Անհեթեթութեան կէտը…
ես չեմ:
Մտքերս անընդհատ դատարկւում են
եւ հասնում սահմանին Անսահմանի,
որից այն կողմ… իր բանաստեղծութիւններն է գրում
Անյայտի ոգին,
որից այս կողմ… իմ տողերն է ջնջում
Երկիրն իր պտոյտով…

 

ԱՆՅԱՅՏԻ ԸՆԹԱՑՔԸ

 

Բառն եմ գիշերային, ասուպն եմ ոգու:
Կարմի՛ր էր
մրմուռն
անյայտութեան:
Դուռը նոր էր բացւում,
երբ տեսա՜յ ձնծաղիկն Անհունի:
Փնտռո՜ւմ էի պատուհանը ազատութեան,
փնտռում էի տողերիս շնչառութեա՜մբ:
Ես համբուրեցի
հորիզոնի ճիւղին պայթող բողբոջները
եւ ըմբոշխնեցի հա՜մը Անյայտի լոյսի:
Ուսերս գորովանք փնտռեցին
եւ գտան ճիւղերը ծառի,
որոնք համբուրում էին օդը՝
իրարից անկախ ու մեկուսի՜…
Աչքերս քնքշանք փնտռեցին
եւ գտան ստուերը լապտերի,
ուր բուսնող ծաղիկը երա՜զն էր ճանապարհորդի…
Երազի երկի՜նքն էր դատարկւում: Կեանքի
հո՛ւնը:
Ես ընդլայնւում եւ երփներանգւո՜ւմ էի
ներաշխարհում բառի:
Ես գգւում էի ակունքները լռութեան,
եւ ժայթքո՜ւմ էր ներսից յիշողութիւնը քարի:
Եւ մենակութեան շուրթերը համբուրում էին
ողկոյզները վայրկեանների
ոգու ծիրից թռած յափշտակութեա՜մբ:
Եւ ինչքան բերկրանք ապրեց հայեացքս
իր սէգ մերկութեամբ,
եւ ինչքան ցնծաց մարդն՝ ազատութեա՜մբ:
Դուռը նոր էր բացւում,
երբ տեսայ ձնծաղիկն Անհունի:
Եւ շուրթերիս վրայով հոգեվարքների
հողմերը անցա՜ն:
Բառն եմ գիշերային, ասուպն եմ ոգու:
Կարմի՛ր էր
մրմուռն
անյայտութեան: 

ԾԹ. Տարի, 2020 թիւ 4