Դերենիկ Դեմիրճեանի ստեղծագործութիւնը դեռեւս խորհրդային տարիներին հանգամանօրէն ուսումնասիրուել, հրատարակուել եւ բազմիցս վերահրատարակուել է: Ակադեմական հրատարակութիւնը կազմում է 14 ստուար հատոր: Թւում է, թէ ոչինչ պէտք չէ վրիպած լինէր մասնագէտների ուշադրութիւնից: Բայց Գրականութեան եւ արուեստի թանգարանի (ԳԱԹ) մասնաճիւղ Դերենիկ Դեմիրճեանի տուն-թանգարանը ղեկավարելու մեր երկարամեայ գործունէութեան ընթացքում ոչ քիչ առիթներ ենք ունեցել համոզուելու հակառակում: Նախորդիւ դասականի արխիւից եւ մասնաւոր անձանց մօտ պահպանուած նիւթերից ի մի ենք բերել եւ հրատարակել դեմիրճեանական չափազանց ուշագրաւ մասունքներ` բանաստեղծութիւններ, նամակ, հեքիաթ, խոհագրութիւն: Մէկ տարի առաջ բարեբախտութիւն ունեցանք Գրականութեան եւ արուեստի թանգարանում պահպանուող Դերենիկ Դեմիրճեանի ֆոնտից (ԴՖ) գտնել մինչ օրս անտիպ Յովնան Մեծատուն թատրերգութեան բնագիրը` բաղկացած ձեռագիր եւ մեքենագիր պատառիկներից[1]Այդ նիւթերը պահպանւում են ԳԱԹ-ում, ԴՖ թիւ 500-507:։ Ընթերցողին առաջին անգամ ներկայացուող այս թատրերգութիւնը մենք՝ վերծանել, խմբագրել եւ համակարգել ենք հէնց այդ տարբերակների հիման վրայ:
Տարիներ շարունակ Դերենիկ Դեմիրճեանի տուն-թանգարան են եկել գրականագէտներ, թատերագէտներ, ասպիրանտներ, ուսանողներ, որոնք փնտռում էին գրողի Յովնան Մեծատունը յօդուած, ատենախօսութիւն գրելու կամ պարզապէս ընթերցելու նպատակով: Մեծ է եղել նրանց հիասթափութիւնը, երբ տեղեկացել են, որ անգամ գրողի մասունքները պահպանող յարկի ներքոյ չկայ թատրերգութեան որեւէ հրատարակութիւն: Մեր բազմաթիւ փնտռտուքները հայաստանեան գրապահոցներում մնում էին անարդիւնք. այդ ստեղծագործութեան տպագիր եւ ոչ մի օրինակ հնարաւոր չեղաւ գտնել: Ամենահաւաստի տեղեկատուութիւնը զետեղուած է ՀՀ գրադարանների ելեկտրոնային ցուցակում, որում միայն մի ծանուցում կայ, թէ 2017 թուականին եղել է առաջարկութիւն` հրատարակելու Յովնան Մեծատունը, եթէ գտնուի հովանաւոր: Ասենք, որ այդ առաջարկութիւնն արուել է մեր կողմից` թատրերգութեան պատառիկները վերծանելու այն փուլում, երբ հասկացել ենք, որ թէեւ ֆոնտային նիւթը բաղկացած է առանձին կտորներից, բայց ընդհանուր առմամբ հնարաւոր է ամբողջացնել եւ ընթերցողին մատուցել աւարտուն երկ:
Պարզաբանենք նաեւ, թէ ինչու աւելի շուտ` մեր գործունէութեան նախորդ տարիներին, չէինք որոնել այս գործը գրողի ֆոնտում: Բանն այն է, որ Դերենիկ Դեմիրճեանի տուն-թանգարանը հիմնականում զբաղւում է գրողի յուշային տունը պահպանելու, հանրահռչակելու, ցուցադրութիւն կազմակերպելու, նոր ցուցանմուշներ ձեռք բերելու, ինչպէս եւ ժամանակակից գրականութեան կարեւոր դրսեւորումներն արժեւորելու գործառոյթով, ուստի ԳԱԹ-ի աշխատակիցների կողմից մշակուած արխիւային նիւթերի ողջ ծաւալը հանգամանօրէն պրպտելու առիթը չէր ներկայացել, մանաւանդ որ մեզ այցելող մասնագէտները հաստատապէս վկայում էին, թէ Յովնան Մեծատուն երկի բոլոր փնտռտուքներն իրենց տարել են փակուղի, եւ միակ յոյսը մնացել է գրողի տուն-թանգարանը: Այս տեղեկութիւնն էլ հիմք էր տալիս տարիներ շարունակ մտածել, որ անդառնալիօրէն կորած է Դերենիկ Դեմիրճեանի թատերգական ժանրի այդ նմոյշը, որի մասին, ի զարմանս մեզ, կային մի շարք հանգամանալից վերլուծութիւններ տարբեր գիտնականների աշխատութիւններում եւ յիշատակումներ Դեմիրճեանի նամականիում: Նոյնիսկ որոշ մասնագէտներ մեզ փորձել են հակադրուել այս բոլոր տարիների ընթացքում, երբ մենք յայտարարել ենք, թէ Յովնան Մեծատունը անտիպ ստեղծագործութիւն է: Քանի որ վերլուծութիւններն այդ թատրերգութեան մասին բաւական հանգամանալից են ու ստուարածաւալ, եւ քանի որ մարդիկ, դրանք կարդալով, ձեռք են բերել որոշակի պատկերացում երկի վերաբերեալ, ունեցել են այն պատրանքը, թէ կարդացել են հէնց հեղինակային թեքսթը: Նաեւ կար գրողի նամակներում յիշատակուող այն փաստը, որ Վարդան Աճէմեանը 1933 թուականին փորձ է արել բեմադրել Յովնան Մեծատունը Առաջին պետական (յետագայում` 1937ին, վերանուանուած Գ. Սունդուկեանի անուան պետական) թատրոնում. չի բացառւում, որ թատրերգութեան նիւթը եւ դրան առնչուող մանրամասները հանրայնացուել են հէնց թատերական գործիչների միջոցով: Եւ երբ թատրերգութեան մասին որոշակի պատկերացում ունեցող անձանցից մենք փորձում էինք պարզել, թէ յատկապէս որտե՞ղ, ո՞ր հատորում, ո՞ր թուականին են կարդացել այն, կարկամում էին ու ստիպուած լինում զարմանքով խոստովանել, որ իրենք, այո՛, ունեն որոշակի պատկերացում գործին մասին, գիտեն անգամ նիւթը, որը ցնցող է, սակայն չեն յիշում, թէ որտե՛ղ եւ ե՛րբ են այն կարդացել: Մեզ մնում էր նրանց յուշել, որ իրենք կարող են կարդացած լինել դրա վերլուծութիւնը Հրայր Մուրադեանի Դերենիկ Դեմիրճեան[2]Մուրադեան, Հրայր. Դերենիկ Դեմիրճեան, Երեւան, ՀՍՍՌ ԳԱ. հրատ., 1961թ.:, Արծուի Յունանեանի Դերենիկ Դեմիրճեանի դրամատուրգիան[3]Յունանեան, Արծուի. Դերենիկ Դեմիրճեանի դրամատուրգիան, Երեւան, «Սովետական գրող» հը-րատ., 1988թ.:, Հրանտ Թամրազեանի Դերենիկ Դեմիրճեան[4]Թամրազեան, Հրանտ. Դերենիկ Դեմիրճեան, Երեւան, «Սովետական գրող» հրատ., 1977թ.:, ՀՍՍՀ ԳԱ Դերենիկ Դեմիրճեանի ստեղծագործութիւնը[5]Դերենիկ Դեմիրճեանի ստեղծագործութիւնը, Երեւան, ՀՍՍՀ ԳԱ. հրատ., 1980թ.: աշխատութիւններում եւ կամ որոշակի տեղեկութիւն ձեռք բերած լինել 1930ականներին Սունդուկեանի թատրոնին մօտ կանգնած անձանցից:
Փորձենք հասկանալ, թէ ինչը կարող էր պատճառ դառնալ, որ Դերենիկ Դեմիրճեանի տպագրուած երկերի ցանկից դուրս մնայ այնպիսի ծաւալուն եւ մասնագիտական շրջանակում յայտնի երկ, ինչպիսին է Յովնան Մեծատուն թատրերգութիւնը: Բանն այն է, որ այս երկում, առաջին անգամը լինելով, գրողը բացայայտ ու առանց պայմանականութիւնների անդրադառնում է 1915ին հայ ժողովրդին պատուհասած մեծագոյն աղէտին` Հայոց ցեղասպանութեանը: Մենք մի ընդարձակ գրականագիտական ուսումնասիրութիւն ենք պատրաստել` նուիրուած Դերենիկ Դեմիրճեանի Ցեղասպանութեան թեմայով գրուած ստեղծագործութիւններին: Այն ներկայացուել է 2017 թուականին կայացած` Դերենիկ Դեմիրճեանի 140ամեակին նուիրուած գիտաժողովի ժամանակ եւ հրատա-րակուել «Հայկազեան հայագիտական հանդէս»ի նոյն տարուայ համարում: Այդ նիւթի մէջ, սակայն, մենք անդրադարձել ու վեր ենք հանել այն ճշմարտութիւնը, որ Դեմիրճեանը, կաշկանդուած իր ապրած ժամանակի եւ խորհրդային գաղափարախօսութեան պարտադրանքներով, Ցեղասպանութիւն երեւոյթին անդրադարձել է իր թեքսթի ենթաշերտերում` բուն ասելիքը թողնելով տողատակերում: Հէնց դրա շնորհիւ էլ այդ գործերը` «Աւելորդը», «Ժպիտը», «Աստծոյ տանը»։ «Գիրք ծաղկանցը» ունեցել են ընթերցողին հասնելու եւ հանրահռչակուելու հնարաւորութիւնը: Իսկ 1918-1919 թուականներին Հայոց ցեղասպանութեան վէրքի թարմ ազդեցութեամբ գրուած Յովնան Մեծատունը մատնուել է մոռացումի: Այստեղ գրողը մեր ազգային ողբերգութեանն այնպիսի շեշտադրումներ է հաղորդել, որ դրանք չէին կարող գոհացնել ո՛չ խորհրդային գաղափարախօսութեան քարոզն անող ղեկավարներին, ո՛չ հայ ազգայնականներին, ո՛չ էլ, բնականաբար, Ցեղասպանութիւնն առ այսօր ժխտող-բացառող թուրք արնախումներին:
Աւելին, Դերենիկ Դեմիրճեանի գրականութեան փայլուն գիտակ, խորհրդային գրականագէտ Հրայր Մուրադեանը պարտադրուած էր Յովնան Մեծատունի իր վերլուծականում յայտնել այսպիսի տեսակէտ. «Դեմիրճեանն անկարող է եղել բարձրացուած թեմայի մէջ գտնել վեհն ու հերոսականը: Պատկերուող դէպքերի ահաւորութիւնը ընկճել է հեղինակին, զրկել լուսաւորն ու մարդկայինը տեսնելու կարողութիւնից: Պատահական չէ, որ տրամայի հերոսները բոլորը` դրական թէ բացասական, կործանւում են: Չկայ մէկը, որի մէջ հեղինակը կամենար շեշտել վաղուայ հեռանկարը: Բացակայում է փրկաւէտ հաւատն այն բանի, որ կայծակնահար խորտակ-ւած կաղնու արմատից վաղը ընձիւղներ են դուրս գալու` պարզուելով լոյսին եւ արեւին, իրենցով կենդանացնելու եւ շէնացնելու ժամանակաւորապէս ամայացած երկիրը[6]Մուրադեան, Հրայր. Դերենիկ Դեմիրճեան, Երեւան, ՀՍՍՌ ԳԱ. հրատ., 1961, էջ 126-127:»:
Բարեբախտաբար, այսօր փոխուել են մտածողութիւնն ու իրավիճակը, եւ մեզ ոչինչ չի խանգարում բարձրաձայնել հայ ազգի ճակատագրին առնչուող անցքերի իսկութիւնը: Այս տեսանկիւնից ելնելով` վստահեցնում ենք, որ Դեմիրճեանն իր տաղանդի ողջ ուժով, իր անաչառ գրչի բացառիկ վարպետութեամբ երեւակայել է մեզ համար ցաւագին մի թեմա:
Ի՞նչ եւ ինչպէ՞ս էր գրում Դեմիրճեանն իր ժողովրդի բնաջնջման փաստի մասին:
Արեւմտեան Հայաստանի քաղաքներից մէկում (հեղինակը չի յստակեցնում քաղաքի անունը) հայ մեծահարուստ Յովնանը ամուսնացնում է որդուն` Խորէնին: Հարսանիքը բազմամարդ է, ճոխ, ուրախ: Գինովցած Յովնանը որոշում է իրեն չլսուած, չտեսըւած մոլութիւն թոյլ տալ. ծառային ապսպրում է բերել իր պահած ոսկու պարկը, թափել այն յատակին, ապա իր գեղեցկուհի հարսին` Նունուֆարին, պարի է կանչում հէնց ոսկիների վրայ: Մարդիկ ապշած են, շլացած, ոմանք էլ` նախանձով լի: Յովնանի կինը` Նազէն, վախով է արձագանգում այդ տեսարանին, յորդորում ամուսնուն զգօն լինել, սակայն վերջինս հեգնում է կնոջն ու շարունակում իր պարը: Առանձին մեծարման է արժանանում Յովնանի կոյր, զառամեալ մայրը` Մարէն, եւ մեծարումի այդ ծէսը խորին պատկառանք է ծնում հիւրերի շրջանում: Յանկարծ պայծառ երկնքում ճայթում է որոտը. ներս է մտնում թուրք բարձրաստիճան պաշտօնեայ Հասան պէյն ու գայթակղւում Յովնանի հարսի գեղեցկութեամբ: Ապա մի կողմ է տանում Յովնանին, յայտնում, որ պատերազմական իրադրութիւնից դրդուած` հրաման է իջեցուել տեղահանելու քաղաքի ողջ բնակչութիւնը: Յովնանը, վստահ իր ուժերի եւ հեղինակութեան վրայ, փորձում է հակադրուել համընդհանուր հրամանին. ոչ միայն Հասան պէյի, այլեւ աւելի բարձր պաշտօնեայի` Վալի փաշայի հետ բանակցելով, նա փորձում է հասնել համաքաղաքացիների կամ գոնէ իր անձի համար հարցի խելամիտ լուծման: Բայց ապարդիւն: Հասան պէյի պահանջը մէկն է` իրեն տալ գեղեցկուհի հարսին, որի դիմաց, ըստ էութեան, ինքը անպարկեշտօրէն ոչինչ էլ չի խոստանում Յովնանին: Յովնանը, սահմըռկեցուցիչ մորթապաշտութեամբ, համաձայնում է այդ պայմանին: Սակայն հակադրւում է որդին` Խորէնը, որը սպաննւում է հօր աչքի առաջ:
Դեմիրճեանը մշտապէս կարեւորել է մարդու խնդիրը: Նրա համար գոյութիւն չունի ազգային խտրականութիւն: Ուստի եւ իր թատրերգութեամբ հանդէս է բերում մարդկային բարձր յատկանիշներով օժտուած թուրք սպային` Ֆայիկին: Նա, որ վաղուց սիրահարուած է Յովնանի դըստերը` Հերիքին, իր անձը վտանգելու գնով փորձում է փրկել վերջինիս եւ նորահարս Նունուֆարին: Ապարդիւն է, սակայն, այդ ջանքը: Ֆայիկին բանադրում է Հասան պէյը` որակելով իբրեւ դաւաճան, Նունուֆարն ինքնասպան է լինում, Հերիքը փախչում եւ փորձում է թաքնուել գաղթականների կարաւանում:
Վերջին` Դ. արարում, գրողը ցոյց է տալիս տեղահանուած հայութեանը Միջագետքի մի կորսուած վայրում: Վարպետօրէն կառուցուած երկխօսութիւնների եւ թատերական տեսարանների նկարագրութիւնների միջոցով Դեմիրճեանն ստեղծում է ժամանակի սահմռկեցուցիչ համապատկերը: Յովնանը` նախկին յարգուած մեծատունը, ցնցոտիների մէջ է, խոշտանգուած, խելագարի անհաւասարակշռութեամբ, մի փշուր հացի համար` պատրաստ մեծագոյն ստորութեան: Նա իր զառանցանքներում անվերջ յիշատակում ու դատի է կանչում Աստծուն, որովհետեւ, ըստ իր փիլիսոփայութեան, ամէն բան հէնց Բարձրեալի կամքով է կատարւում` թէ՛ հարսին ու աղջկան Հասան պէյի սանձարձակ կրքերի սպասարկուն դարձնելու իր քայլը, թէ՛ այնքան մեծարուած Մարէին լքելը, թէ՛ որդու մահուան պատճառ դառնալը, թէ՛ իր գործած միւս այլանդակութիւնները: Այս ամէնի մէջ Յովնանը մէկ մեղաւոր է ճանաչում եւ փափաքում անել նրա դատը. այդ մեղաւորն Աստուած է:
Թատրերգութիւնը աւարտւում է անսպասելի լուծումով. սանձարձակ Հասան պէյի վրան քշուած Հերիքը` մանկամարդ, անփորձ այդ աղջիկը, ատրճանակի կրակոցով վերջ է դնում գազանի կեանքին, որից յետոյ սպաննւում են թէ՛ ինքը, թէ՛ իր ընտանիքի անդամները:
Թատրերգութիւնը ունի ցնցող վերջաբան. բարոյականութիւն, մարդկայնութիւն կորցրած հասարակութեան վարկը փրկում է մինչեւ պատերազմն ու գաղթը բոլորից անտեսուած, չքաւոր, տնանկ Աբրօն: Նա իր վեհանձն քայլով (թուրք ջարդարարներին ներկայանում է որպէս Հասան պէյին սպաննած Հերիքի հայր եւ ընդունում Յովնանի բաժին մահը) ստիպում է դարձի գալ անգամ բարոյազուրկ, անասնացած Յովնանին: Այս մասին Արծուի Յունանեանի գրքում կարդում ենք. «Աշխարհում, այնուամենայնիւ, կայ մարդկայնութիւն եւ այլասիրութիւն, ու չի կարելի բոլորովին չհաւատալ բանական արարածին ու նրա արդարութեանը, բարու եւ գեղեցիկի յաղթանակին: Իր որքան անսպասելի, նոյնքան էլ բացառիկ ու գերազնիւ քայլով ցեղասպանութեան գեհէնն ընկած Աբրօն կարողանում է բացասական հերոսի քստմնելի արարքներով եւ մռայլ բանդագուշանքով հողին հաւասարեցուած ու աղբ հռչակուած մարդուն նորից բարձրացնել, սրբացնել ու դնել իրեն արժանի բարձրութեան վրայ: Եւ այդ արդար նահատակի ազնիւ արիւնով հաստատուած ճշմարտութեան անհերքելիութեան առջեւ անզօր, Յովնանը չոքում է բանական էակին վեհացրած, աստուածացրած հրաշք անձնաւորութեան դիակի առջեւ ու արտաբերում փիեսը վերջաւորող խորհախորհուրդ ու սարսուռ ազդող խօսքերը. («Ահա այս մարդը դու ես, Աստուած: Քո արդարութեան առջեւ ես հող եմ եւ մոխիր…») եւ կաթուածահար ընկնում իր մեծ համաքաղաքացու անշնչացած մարմնի վրայ[7]Յունանեան, Արծուի. Դերենիկ Դեմիրճեանի դրամատուրգիան, Երեւան, «Սովետական գրող» հրատ., 1988թ., էջ 120-121:»:
Թատրերգութեան ողջ ընթացքում ոչնչով աչքի չընկնող հերոսը` Աբրօն, դառնում է մարդկային բարձր չափանիշները շեփորող, դրանք համաժամանակեայ կտրուածքով արժեւորող գրական կերպարը, որի նմանների վրայ է միշտ յենուել գրող Դերենիկ
Դեմիրճեանը` նրանց վարքը դարձնելով իր գաղափարախօսութեան առանցք բոլոր ստեղծագործութիւններում: Այսօրինակ կերպարների մասին իր դիտարկումն ունի գրականագէտ Վահագն Մկրտչեանը: «Իսկական բարեգործների բացայայտումը եւ նրանց զարգացման ու յաղթանակների բարդ գործընթացի նկարագրութիւնը` կապակցուած բազմաբնոյթ խառնուածքների եւ հայեացքների, հասարակական-կենցաղային բախումների հետ, գրականութեան մեծագոյն բարոյական խնդիրն է, որին Դեմիրճեանը յատկացնում էր կարեւոր տեղ արուեստում: Նրա հայեացքի կենսականութիւնն ու խորաթափանցութիւնն արտայայտւում են այն բանում, որ նրա գրական կերպարներում ի մի բերուած բարոյական չափանիշները կտրուած չեն այն հասարակական միջավայրի վերլուծութիւնից, որում ապրում, գործում են իրենք[8]Մկրտչեան, Վահագն. Դերենիկ Դեմիրճեան, Երեւան, «Սովետական գրող» հրատ., 1982թ., էջ 321-322: Գիրքը ռուսերեն է, քաղուածքի … Continue reading»,- գրել է նա:
Դեմիրճեանին դեռեւս «Աւելորդը» պատմուածքից հետապնդել է անօգնական, թոյլ մարդուն սատարելու, վտանգի մէջ չլքելու, նրան մարդկային բարձր որակներ վերագրելու թեման:
«Աւելորդը» պատմուածքի առընչութեամբ Հրայր Մուրադեանի գրած այս դատողութիւնները միանգամայն համադրելի են Յովնան Մեծատունի մէջ Ցեղասպանութեան զոհ դարձած հերոսների համար. «Պատերազմի բազմահազար զոհերը յիշեցնում էին մարդու մասին, ազդարարում էին կեանքի հանդէպ մարդու իրաւունքը: Եւ Դեմիրճեանը հանդէս է գալիս մարդու այդ իրաւունքի պաշտպանութեամբ, քանի որ պատերազմը եկել էր խափանելու մարդկային բնականոն կեցութիւնը, խարխլելու այդ կեցութեան հիմքերը, մարդկութեանը բերելու անհուն տառապանքներ, զրկանքներ, մահ ու աւեր: Դեմիրճեանի ելակէտը այս խնդրում հետեւեալն է. կեանքի իրաւունքը անկապտելի է ամէնքի համար: Ոչ լիարժէք մարդիկ չկան կեանքում[9]Մուրադեան, Հրայր. Դերենիկ Դեմիրճեան, Երեւան, ՀՍՍՌ ԳԱ. հրատ., 1961, էջ 145:»:
Սա նաեւ ունէր անձնական պատճառներ: Դերենիկ Դեմիրճեանն ունեցել է հօրաքոյր` Սրբուհի անունով, ի պատիւ որի այդ անունն է կրել նաեւ նրա միջնեկ քոյրը` Սրբուհին: Վերջինս եղել է «Աւելորդը» պատմուածքի նախատիպը: Սա պատահական բան չէր. չէ՞ որ Դեմիրճեանները եւս Հայոց ցեղասպանութեան իրեղէն վտանգն զգալով` Արտահանից տեղափոխուել էին Թիֆլիս, ապա` Երեւան: Ցաքուցրիւ պատմութիւններից յայտնի են տարատեսակ մանրամասնութիւններ, որոնք վկայում են, որ այդ ընտանիքն ունեցել է իր բաժին կորուստներն այդ տեղափոխութեան ընթացքում: Իսկ կեանքի երկրորդ հատուածում Դեմիրճեանն ունէր մէկ այլ անձնական վիշտ. նրա եւ Մարիամ Կանայեանի որդին` Վիգէնը, մտագար էր, եւ երբ մահանում էր գրողը, չափազանց մտահոգ էր իր զաւակի` նորօրեայ այդ «աւելորդի» ճակատագրով: Այդ պատճառով էլ թախանձագին խնդրանքով բազմիցս դիմել է ազգականներին, որպէսզի իր մահից յետոյ անտէր ու անխնամ չթողնեն հիւանդ զաւակին: Ասել է թէ` Դեմիրճեանին խորթ չէր «աւելորդի» ցաւը սեփական մաշկով զգալու ողբերգութիւնը:
Առհասարակ, Դերենիկ Դեմիրճեանի գրականութիւնը գերազանցապէս սնուել է իրապատում նիւթից` հիմքում ունենալով գրական հերոսների ճշգրիտ նախատիպեր: Այսօր դժուար է նրա բոլոր երկերում գտնել այդ շօշափելի կապը, սակայն եղած տեղեկութիւնները բաւարար են` պնդելու համար, որ այդ կապը յստակ է, անքննելի:
Մեր շարադրանքում մենք խուսափեցինք քաղուածքներ անել Յովնան Մեծատունէն, քանի որ «Բագին»ի այս եւ յաջորդ համարներում հնարաւոր է կարդալ թատրերգութիւնն ամբողջութեամբ` դառնալով այս բացառիկ երկի առաջին ընթերցողը:
Եւ այնուամենայնիւ, եթէ կը գտնուի որեւէ մէկը, որն իսկապէս կը մատնանշի Յովնան Մեծատուն թատրերգութեան երբեւէ հրատարակուած լինելու մասին մի որոշակի աղբիւր, ապա մենք խորապէս երախտապարտ կը լինենք նրան: Բանն այն է, որ նախորդիւ արդէն ունեցել ենք նման փորձառութիւն. երեք տարի առաջ վերահրատարակել ենք 1944 թուականին տպագրուած եւ այդուհետ մոռացուած «Արջուկ-լրջուկ» հեքիաթը, եւ այսօր Դերենիկ Դեմիրճեանի տուն-թանգարանի ֆոնտում պահպանւում են ինչպէս առաջին, այնպէս էլ վերջին հրատարակութիւնների օրինակները: Մեզ համար չափազանց կարեւոր է Դերենիկ Դեմիրճեանի թանգարանում պահպանել ոչ միայն ցուցանմուշներ, այլեւ գրողի կեանքին եւ ստեղծագործութեանը վերաբերող յուշ-տեղեկոյթներ: Այնպէս որ, դեռեւս չենք կորցնում մեր յոյսը, թէ որեւէ կերպ կը ստանանք նոր տեղեկատուութիւն Յովնան Մեծատուն թատրերգութեան անցած մէկդարեայ առեղծուածային ճանապարհի մասին:
↑1 | Այդ նիւթերը պահպանւում են ԳԱԹ-ում, ԴՖ թիւ 500-507: |
---|---|
↑2 | Մուրադեան, Հրայր. Դերենիկ Դեմիրճեան, Երեւան, ՀՍՍՌ ԳԱ. հրատ., 1961թ.: |
↑3 | Յունանեան, Արծուի. Դերենիկ Դեմիրճեանի դրամատուրգիան, Երեւան, «Սովետական գրող» հը-րատ., 1988թ.: |
↑4 | Թամրազեան, Հրանտ. Դերենիկ Դեմիրճեան, Երեւան, «Սովետական գրող» հրատ., 1977թ.: |
↑5 | Դերենիկ Դեմիրճեանի ստեղծագործութիւնը, Երեւան, ՀՍՍՀ ԳԱ. հրատ., 1980թ.: |
↑6 | Մուրադեան, Հրայր. Դերենիկ Դեմիրճեան, Երեւան, ՀՍՍՌ ԳԱ. հրատ., 1961, էջ 126-127: |
↑7 | Յունանեան, Արծուի. Դերենիկ Դեմիրճեանի դրամատուրգիան, Երեւան, «Սովետական գրող» հրատ., 1988թ., էջ 120-121: |
↑8 | Մկրտչեան, Վահագն. Դերենիկ Դեմիրճեան, Երեւան, «Սովետական գրող» հրատ., 1982թ., էջ 321-322: Գիրքը ռուսերեն է, քաղուածքի թարգմանութիւնը մերն է: |
↑9 | Մուրադեան, Հրայր. Դերենիկ Դեմիրճեան, Երեւան, ՀՍՍՌ ԳԱ. հրատ., 1961, էջ 145: |