Յովնան Մեծատուն թատրերգութենէն ձեռագիր էջ մը © Դերենիկ Դեմ իրճեանի տուն-թանգարան

ՅՈՎՆԱՆ ՄԵԾԱՏՈՒՆ ԹԱՏՐԵՐԳՈՒԹԻՒՆ ՉՈՐՍ ԱՐԱՐՈՎ

Գ. արար

Յովնանի սենեակը: Պատերի տակ անկարգ թափուած են պոխչաներ եւ այլ ճամբու իրեր:

ԽՈՐԷՆ (Մտնում է աջ կողմից` ձեռին մի կարճ դաշոյն, որ տնտղում է եւ ապա թաքցնում գօտկատեղում)։
Ա՜խ:
ՆՈՒՆՈՒՖԱՐ (Մտնում է նրա յետեւից):
Խորէ՛ն, ի՞նչ ես անում, թո՛ղ էդ դանակը, գնա՛ պահուիր տեղդ:
ԽՈՐԷՆ (Նունուֆարին գրկել փորձելով):
Կեանք տար Աստուած, թռցնէի քեզ:
ՆՈՒՆՈՒՖԱՐ (Ընկնում է Խորէնի թեւին):
Է՜հ, ի՞նչ թռցնել. մինակ ի՞նձ… էսքան ժողովուրդը կրակի մէջ է:
ԽՈՐԷՆ
Ժողովրդին ազատում չկա՜յ էլ: Պիտի ջարդուի: Դու ասա` քեզ ազատէի: Կարո՞ղ ես հետս փախչել:
ՆՈՒՆՈՒՖԱՐ
Է՜հ, Խորէն, թէ պիտի մեռնենք, հարազատների հետ մեռնենք:
ԽՈՐԷՆ (Ատամները կրճտելով)
Ի՞նչ անեմ, ի՞նչ անեմ: Կռիւ չէ` կռիւ մտնեմ: Մենակ ես չեմ` սարերն ընկնեմ: Ջա՜րդ է: Կռուող չկայ: Ես ձեռքերս կապած մէկ տղամարդ եմ: Քանի՜ կեանք պիտի ունենամ, որ կռուելով քեզ ազատեմ:
ՆՈՒՆՈՒՖԱՐ
Ամա՜ն, Խորէն, քեզ համար շատ եմ վախենում: Չհակառակե՜ս:
ԽՈՐԷՆ
Է՞հ, թողնեմ, որ տանե՞ն քեզ:
ՆՈՒՆՈՒՖԱՐ
Մի՛ վախենայ, ես քեզնից շուտ կը մեռնեմ:
ՀԵՐԻՔ (Մտնում է ներս):
Խորէ՛ն, ի սէ՛ր Աստծոյ, գնա՛ տեղդ պահուիր: Եկան հարցրին: Պէյին էլ ասել են, որ գնացել ես զինուորական ատեան:
ԽՈՐԷՆ
Ապա Նունուֆա՞րը:
ՀԵՐԻՔ
Ես հետն եմ: Գնա՛:
ԽՈՐԷՆ
Դո՞ւ… ես որ զարկուեմ, էլ դու ի՞նչ:
ՀԵՐԻՔ
Ես ճարը գիտեմ, գնա՛:
ԽՈՐԷՆ
Վա՜յ Խորէնի գլխին, որ ճարը դու ես:

     Խորէնը դուրս է ելնում աջից:

ՆՈՒՆՈՒՖԱՐ (Մօտենում է Հերիքին եւ կպչում նրան):
Ամա՜ն, քոյրի՛կ, պէյը չգա՞յ:
ՀԵՐԻՔ
Մի՛ վախենայ, ես հետդ եմ:
ՆՈՒՆՈՒՖԱՐ
Ա՜խ, ե՞րբ պիտի ազատուենք, չտեսնեմ ես էս բոլորը:
ՀԵՐԻՔ
Չես տեսնի… ես էնպէս կ՚անեմ, որ չես տեսնի:
ՆՈՒՆՈՒՖԱՐ
Հա՜, գիտեմ. առաջ դու մեռնես, ինձ թողնես մենակ… Գիտեմ` ինչ է միտքդ:
ՀԵՐԻՔ
Քո ի՞նչ գործն է: Քեզ ու Խորէնին կ՚ազատեմ:
ՆՈՒՆՈՒՖԱՐ
Չէ՛, չէ՛, քոյրի՛կ, ապա հայրի՞կը, մայրի՞կը, դո՞ւ… ի՞նչ ես ասում:
ՀԵՐԻՔ
Է՞, ի՞նչ է, պիտի երթաս պէյի՞ն…
ՆՈՒՆՈՒՖԱՐ
Չեմ երթայ, ինձ կը դեղեմ:
ՀԵՐԻՔ
Օգու՞տն ինչ: Ափսոս չէ՞ կեանքդ:
ՆՈՒՆՈՒՖԱՐ
Էդպէս լաւ է: Որ ինձ դեղեմ, գազանը վազ կը գայ ձեզնից: Ախր որ փախչեմ, կը չարանայ ու ձեզ կը կոտորի:
ՀԵՐԻՔ
Խենթ բաներ մի խօսիր, Նունուֆա՛ր: Գնա՛ կեանքդ ազատիր, ջհանդա՛մը մենք:
ՆՈՒՆՈՒՖԱՐ
Չէ՛, քոյրի՛կ, էսքան մարդը որ պիտի մեռնի, ես արժանի՞ եմ, որ կեանքս ազատեմ: (Ընկնելով Հերիքի գիրկը) Ես եղայ պատճառը, որ հայրիկին չարչարում են: Քոյրի՛կ, քեզ եմ ասում գաղտնիքս, պիտի երթամ պէյի մօտ եւ յետոյ կեանքիս վերջ տամ:
ՀԵՐԻՔ
Խե՛նթ, ափսոս չե՞ս, ապա ի՞նչ անի Խորէնը:
ՆՈՒՆՈՒՖԱՐ
Այ որ ես չփախչեմ ու պէյի մօտ մեռնեմ, էլ Խորէնին պէյը չի մեղադրի, ու, ո՞վ գիտի, ազատի: Ի՞նչ անեմ, քոյրի՛կ, ես պիտի մեռնեմ, որ դուք ազատուէք: (Յանկարծ փղձկալով) Ապա ի՞նչ անեմ, ի՞նչ անեմ: Միթէ՞ ես ուզում եմ էդ բանը: (Սարսափովնայում է Հերիքին): Քոյրի՛կ, իսկ եթէ էնպէս պատահի, որ չմեռնեմ… շո՛ւտ չմեռնեմ… Ա՜խ, Աստուա՛ծ, թռչուն դարձրու մեզ, թռցրու: Ի՞նչ ենք արել, ի՞նչ է մեր մեղքը…
ՀԵՐԻՔ
Մի՛ վախենայ, չեմ թողնի, որ տանջուես. ես գիտեմ անելիքս: Հանգի՛ստ կաց: (Ականջ դնելով) Ոտքի ձայն է: Գնանք:
Նունուֆարի մէջքը գրկած տանում է դէպի ձախ սենեակը: Մտնում են Յովնանը, նրա յետեւից` Նազէն:
ՆԱԶԷ
Հա՛, որտե՞ղ էիր: Բան դուրս եկա՞ւ:
ՅՈՎՆԱՆ
Պիտի մորթուենք: Պիտի մորթուենք անասունների պէս ու …
ՆԱԶԷ
Ամա՜ն, Յովնա՛ն, ժողովարան չէ, քարոզը թո՛ղ:
ՅՈՎՆԱՆ
Քարոզ չէ՛: Արդարութիւնը քարոզ չէ՛:
ՆԱԶԷ
Ջանը՛մ, ի՞նչ արդարութիւն, ի՞նչ բան:
ՅՈՎՆԱՆ
Ի՞նչ, աշխարհքի մեծերը մի օր դատի չպիտի՞ նայեն: Վերին ատեան չպիտի՞ լինի: Էլ ուրիշ նպատակ չէ՜, մէ՜կ նպատակ ունեմ. պիտի կեանքս ազատեմ, երթամ արդարութիւն պահանջեմ:
ՆԱԶԷ
Ամա՛ն, Աստծո՛ւ սիրուն, դու խելքդ կորցրել ես: Մեռնում ես` մեռիր: Արդարութիւն չկայ:
ՅՈՎՆԱՆ
Ի՞նչ, արդարութիւն չկա՞յ: Ատամներովս դուրս կը քաշեմ արդարութիւնը: Ո՞վ է այս ոճրի պատասխան տուողը: Պիտի գտնեմ: Այսպէս անիրաւուած մեռնել չեմ ուզում: (Լռութիւն): Արդարութիւն չկա՜յ: Չկա՞յ: Լա՛ւ: Ե՛ս եմ արդարութիւնը, դո՛ւ ես, ժողովո՛ւրդն է: Ու մի մարդ, մի շուն չպիտի՞ նայի մեր կողմը:
ՆԱԶԷ
Գիտէի՜, որ վերջներս մահն է: Պէյը… տեսա՞ւ քեզ:
ՅՈՎՆԱՆ
Պէյը… աղջկան ուզում է:
ՆԱԶԷ (Սարսափով)
Ուզո՜ւմ է… (Սրտատրոփ) Է՞հ, ի՞նչ պիտի անես:
ՅՈՎՆԱՆ
Ինչ պիտի անե՜մ… Ես ի՞նչ գիտեմ:
ՆԱԶԷ (Վեր թռչելով)
Վա՜յ, հո՜ղը գլխիս, ոնց թէ` ինչ գիտեմ: Աղջիկը պիտի տա՞ս:
ՅՈՎՆԱՆ (Խուլ)
Ես գործ ունեմ, նպատակ ունեմ:
ՆԱԶԷ
Գործերդ ու նպատակներդ քեզ թող, ես աղջիկն եմ ասում: Աղջիկը պիտի…Տէ՜ր Աստուած… աղջիկը պիտի տա՞ս…
ՅՈՎՆԱՆ
Վախենում եմ` տամ: (Բարկացած) Ե՜ս չպիտի տամ: Բայց… ո՞վ է իմանում… նեղը մնալ կայ: Նեղը որ մնամ, ի՞նչ պիտի անեմ: Մեռնել չեմ կարող: Դա՛տ ունեմ:
ՆԱԶԷ
Աստծու սիրուն, ինչե՜ր է խօսում… ի՞նչ դատ, ի՞նչ ես ասում:
ՅՈՎՆԱՆ
Դատ ունեմ մարդկութեան հետ: Աշխարհք պիտի դատի կանչեմ: Պիտի երթամ վերերը, վերին ատեանները, արդարութիւն պիտի պահանջեմ:
ՆԱԶԷ
Ջանը՛մ, ի՞նչ արդարութիւն, ի՞նչ բան: Արդարութիւն չկայ:
ՅՈՎՆԱՆ
Ուրիշ նպատակ չէ՜, մէ՛կ նպատակ ունեմ հիմա` կեանքս պիտի ազատեմ եւ երթամ արդարութիւն պահանջեմ: Ես մեռնել չեմ ուզում, արդարութիւն եմ ուզում:
ՆԱԶԷ
Ո՞վ է քեզ լսողը, ո՞վ է քեզ բանի տեղ դնողը… ա՜խ…
ՅՈՎՆԱՆ
Բկերը կը խրեմ ատամներս, դատի կը քաշեմ: Ատամներովս արդարութիւնը բերաններից դուրս կը հանեմ: Պէտք է չիմանա՞մ` ով է այս ոճրի արմատը: Այսպէս անիրաւուած մեռնե՞լ: Ո՞վ է ինձ լսողը… Աշխարհքի ականջները կը պատռեմ, լսել կը տամ:
ՆԱԶԷ
Դէ որ էդպէս է, թող տղադ էլ միտքդ հասկանայ: (Անցնում է ձախ սենեակը եւ մի փոքր անց դուրս է ելնում Խորէնի հետ): Ահա՛ դու, ահա՛ նա:
ԽՈՐԷՆ
Ինձ նայիր, հայրի՛կ, ասածդ մտքովդ չանցի: Էլ հերի՛ք եղաւ: Պէյին չեմ թողնի, որ Նունուֆարին մօտենայ: Ես է՛լ մարդ եմ…
ՅՈՎՆԱՆ (Դառն ծաղրով)
Դո՞ւ ես մարդ, ե՞ս եմ մարդ, սրա՞նք… (Ծիծաղ) Հը՛, հը՛, հը՛… մորթուելո՜ւ հաւեր. խոհարարը մի քանի օր խնայել է ձեզ` փլաւի համար: Մարդը վերջացա՜ւ, տղա՛ս, երէկ էինք մարդ: Շոր էր մարդը` վրաներիցս հանեցին: Ձգէ՛, ձգէ՛, մորթուող հաւի մտածելը շատ երկար չպիտի լինի:
ՆԱԶԷ
Դու խելքդ կորցրել ես:
ՅՈՎՆԱՆ
Չեմ կորցրել: Ես մեռնել չեմ ուզում:
ՆԱԶԷ
Մեռնել որ չես ուզում… ի՞նչ է, պատիւնե՞րս պիտի կորցնենք:
ՅՈՎՆԱՆ (Դառն)
Պատիւը թանկացա՜ւ… Աստծու ուտելու բան դառաւ պատիւը: Մսացունե՜ր… կարծում էք, թէ պատի՞ւ ունէք: Սա՞ է ձեր պատիւը: Դանակի տակ դրած ոչխարի պատիւը: Շա՜նը գցեցէք, թքել եմ վրան: Պատիւը էն ժամանակ էր, որ իմ ձեռս էր ուրիշին տալը կամ չտալը: Մենք պատիւ չունենք:
ՆԱԶԷ (Յանդիմանօրէն եւ գլուխը դառն շարժելով` դուրս է ելնում ձախից)
Հը՜մ, ա՛յ թէ ինչ մարդ ես դու:
ՅՈՎՆԱՆ
Ե՜ս… (Միջոց: Մեքենաբար վերցնում է Նարեկը, բայց փոխանակ կարդալու` ձեռքում բռնած նայում է սաքուին եւ խորասուզւում մտքերի մէջ: Հերիքը ներս է մտնում ձախից եւ կամաց մօտենալով Յովնանին, լուռ կանգնում է նրա դիմաց: Յովնանը` կարծես ինքն իրեն, մտախոհ, հասարակ, դառն) Այսօր` կեանքի գրկում, վայելքի սեղանի վրայ, պատկերդ` Աստծոյ պատկեր, շուրջդ` բարիք, բարեկամ, առողջ, պատուաւոր… ու վաղը` իբրեւ ոտնատակի դիակ… Կեանք եւ մահ – փո՜ւհ, այն փտած ոսկորը, այն հոտած գանկը, որ պիտի դառնայ մարդ… Եւ քեզ բօթում են այնտեղ… եւ ո՞վ կը կամենայ երթալ: Դեւեր եւ սադայէլնե՜ր…
ՀԵՐԻՔ
Ա՜խ, մեռնե՜լը…
ՅՈՎՆԱՆ
Մեռնե՜լը, մա՜հը: Աստուած ինքը դրել է մահի երկիւղը մեր մէջ, որ չմեռնենք: Իսկ սա մահ չէ, ոճիր է, խեղդամահ է` մարդու ձեռքով` բռնի, անիրաւ, յիմար: Մահը Աստծուց է սոսկալի, իսկ սա՞, մարդո՞ւցը` ամենասոսկալի: Ո՜ւ, ձեռս տուէք այս կեանքի իրաւունքը, ցոյց տամ` արդարութիւնը որն է:
ՀԵՐԻՔ
Հայրի՛կ, համբերի՜ր, Աստուած ողորմա՜ծ է:
ՅՈՎՆԱՆ
Ա՜խ, Հերի՛ք, այնպէս մի քար է եկել նստել սրտիս… Նունուֆա՜րը, իմ հարսը…
ՀԵՐԻՔ
Նունուֆարը ի՞նչ, հայրի՛կ:
ՅՈՎՆԱՆ
Պէյը ուզո՜ւմ է…
ՀԵՐԻՔ
Ամա՜ն, մեղք է Նունուֆարը, հայրիկ: Ի՞նչ անենք: Խեղճը անմեղ-անմեղ եկաւ մեր տունը թէ չէ… այդ փորձանքը: Կ՚ասես ես եմ անողը: Սրտիցս արիւն է կաթում, որ վրան եմ նայում:
ՅՈՎՆԱՆ
Ի՞նչ անեմ, ինչպէ՞ս անեմ, ի՞նչ ասեմ որդուս, խիղճս ինչպէ՞ս ծախեմ:
ՀԵՐԻՔ
Դէ, հայրի՛կ, վերջը վերջը դու ի՞նչ մեղաւոր ես. իրենք կը գան, իրենք կը խլեն, դու ի՞նչ անես:
ՅՈՎՆԱՆ
Ո՞վ գիտի, Հերի՛ք: Մարդ մեռնելուց առաջ գէշ բաներ կարող է անել: Վախենում եմ` խիղճս ծախեմ… Ախր ուզում եմ, որ ե՛ս չտամ աղջկան:
ՀԵՐԻՔ
Ամա՜ն, հայրի՜կ…
ՅՈՎՆԱՆ
Հորի մէջն ենք, ջուրն ենք ընկել, օձն ենք բռնել: Աստուած այնպէս մէկ փորձութիւն դրեց առջեւս, որից Ինքը խելքը կը կորցնէր: (Մտնում է Նունուֆարը ձախ դռնից: Նկատելով Յովնանին` ուզում է յետ դառնալ, բայց Յովնանը գնում է դէպի նա` ձեռները տարածած): Նունուֆա՜ր… (Գրկում է նրան: Նունուֆարը չոքում է Յովնանի առջեւ, յետոյ ընկնում ոտները: Յովնանը կռանում է, բարձրացնում նրան եւ վիզն ընկնելով` սկսում է անզուսպ հեկեկալ): Խելք սովորեցրու ինձ` ազատեմ քեզ… (Նունուֆարը նոյնպէս լաց է լինում): Նունուֆա՜ր, մատա՜ղ, ների՛ր ինձ:
ՆՈՒՆՈՒՖԱՐ (Զսպելով լացը)
Ի՞նչ ներեմ, հայրի՛կ, դու ի՞նչ ես անում, քո ձեռը ի՞նչ կայ:
ՅՈՎՆԱՆ
Ներիր ինձ, ախր քեզ է՛լ ազատել պէտք է…
ՆՈՒՆՈՒՖԱՐ (Տխուր, հանգիստ, անմեղ)
Հա՛, հայրի՛կ, ինչպէս որ գիտես, էնպէս էլ արա: Ազատի՛ր: Ի հարկէ, հնարքները դու գիտես:
ՅՈՎՆԱՆ (Բաց է թողնում Նունուֆարին եւ խորտակուած, մռայլ դուրս է ելնում աջ դռնից):
Ե՜ս, ի՞նչ անեմ ես…

     Լռութիւն:

ՆՈՒՆՈՒՖԱՐ
Քոյրի՛կ, ի՞նչ անբախտն ենք մենք: Երեւի Աստուած նրա համար է ստեղծել մեզ, որ աշխարհքին զոհ դառնանք:
ՀԵՐԻՔ
Է՜հ, ինչե՞ր ես ասում:
ՆՈՒՆՈՒՖԱՐ
Կը տեսնես, քոյրի՛կ, ե՛ս մէջտեղը զոհ կ՚երթամ: (Լռութիւն): Է՜հ, Աստուա՛ծ, Աստուա՛ծ, ի՞նչ տեսակ բան է… կ՚ասես երազում լինեմ: Ախր թէ նրա համար ենք մենք, որ զոհուենք, էլ ինչո՞ւ է Աստուած մեզ ստեղծում, որ մենք էլ ապրել ուզենանք… (Ինքնիրեն, խեղճ եւ մտախոհ) Ախր մեղք եմ, ջահել եմ…
ՀԵՐԻՔ
Դէ որ էդ գիտես, քեզ պիտի ազատես:
ՆՈՒՆՈՒՖԱՐ
Ո՛չ, քոյրի՛կ, ես զոհ եմ: Մենակ էն ասա, որ ես զոհուեմ` դուք ազատուէք: Հայրիկը հօ մեղքս գալիս է:
ՀԵՐԻՔ (Ականջ դնելով դրսի ոտնաձայնի)
Սպասիր, ո՞վ է:
Ֆայիկը ներս է մտնում դիմացից:
ՆՈՒՆՈՒՖԱՐ
Ամա՜ն, քոյրի՜կ…

     Նունուֆարը ձախից դուրս է գնում:

ՖԱՅԻԿ
Բարե՛ւ, օրիո՛րդ:
ՀԵՐԻՔ
Բարե՛ւ, ի՞նչ էք ուզում, պէ՛յ:
ՖԱՅԻԿ
Ներեցէք, օրիո՛րդ, որ եկայ: Քաղաքավարութեան ժամանակ չէր: Թէեւ իրար հետ խօսած չունենք, բայց խօսենք: Ձեր կեանքը վտանգի մէջ է:
ՀԵՐԻՔ
Ի՞նչ էք կամենում, պէ՛յ:
ՖԱՅԻԿ
Օրիո՛րդ, ես ձեզ պիտի պաշտպանեմ:
ՀԵՐԻՔ
Շնորհակալ եմ, պէ՛յ, ես պաշտպանութիւն չեմ ուզում:
ՖԱՅԻԿ
Ափսոս է ձեր ջահել կեանքը: Թողէք ձեզ պաշտպանեմ:
ՀԵՐԻՔ
Օգուտ չունի, պէ՛յ: Մեր դուռը մեծ է, գնացէ՛ք ձեր ճամբան:
ՖԱՅԻԿ
Ինչո՞ւ չէք ուզում, որ ձեզ պաշտպանեմ: Մենք մարդ չե՞նք, օրիո՛րդ…
ՀԵՐԻՔ
Չխօսենք, պէ՛յ…
ՖԱՅԻԿ (Պարզ)
Ինչո՞ւ չխօսենք, օրիո՛րդ…
ՀԵՐԻՔ
Է՜հ, պէ՛յ, ես մեռած եմ:
ՖԱՅԻԿ
Օրիո՛րդ, ի՞նչ էք ասում. այդ խօսքն ի՞նձ էք ասում:
ՀԵՐԻՔ
Ի՞նչ էք ուզում, պէ՛յ:
ՖԱՅԻԿ
է՜հ, օրիո՛րդ, ամօթ չէ՞, որ մի ազնիւ տղամարդ ձեզ պէս ջահել օրիորդից լսի այդ խօսքը, թէ ես մեռած եմ:
ՀԵՐԻՔ (Կտրուկ)
Ազնիւ տղամա՞րդ, ջահել օրիո՞րդ … սո՛ւս կացէք, բաւակա՛ն է, պէ՛յ…
ՖԱՅԻԿ (Հետաքրքրուած եւ մի փոքր վիրաւորուած)
Ինչո՞ւ, օրիո՛րդ…
ՀԵՐԻՔ (Յուզուած)
Ձե՞զ էք ասում` ազնիւ տղամարդ, ի՞նձ էք ասում` ջահել օրիորդ: Ո՞վ է ջահել օրիորդը: Ե՞ս: Ես փալասի կտոր եմ ձեր ոտքի տակ, հողին հաւասար: Ձեռքերի վրա՞յ են տանում ջահել օրիորդներին` վարդի փնջի պէս, թէ՞ վայրի ճամբաներին քաշ են տալիս: (Կտրուկ) Ջահել օրիորդ չկա՛յ:
ՖԱՅԻԿ
Կա՛յ, օրիո՛րդ, կա՛յ:
ՀԵՐԻՔ
Չկայ, ասում եմ ձեզ, ջահել օրիորդը ազնիւ տղամարդու համար էն դժուար սիրուն ծաղիկն է, որ բարձր քարափի մէջ է բուսած: Մի՛ խօսեցրէք ինձ: Մի՛ գրգռէք դատարկ խօսքերով` ջահել օրիո՜րդ, ազնիւ տղամա՜րդ: Ո՞ւր են էն ազնիւ ու քաջ երիտասարդները, որ կրակի պէս հասնեն, զարկեն-թռցնեն էս հազարաւոր ջահել օրիորդներին:
ՖԱՅԻԿ (Ոգեւորուելով)
Ե՛ս եմ այդ երիտասարդը: Պատիւս վկայ, ձեզ կը թռցնեմ կրակի պէս, եկէ՛ք…
ՀԵՐԻՔ (Վճռական ու բարկացած)
Կը գամ…
ՖԱՅԻԿ
Աստուա՛ծ վկայ, պատրաստ եմ, եկէ՛ք:
ՀԵՐԻՔ
— Գա՞մ… (Դառն) Շա՜տ ազնիւ էք: Ապա մի՞ւս ջահել օրիորդները, ապա էն հազարաւորնե՞րը…
ՖԱՅԻԿ (Դեռ ոգեւորուած)
Նրանք դժբախտ են, նրանք պիտի կորչեն… բայց գոնէ դո՛ւք, դո՛ւք ազատուեցէք. ափսոս է ձեր մատաղ կեանքը:
ՀԵՐԻՔ
Նրանք պիտի կորչե՞ն… հա՞, սա՞ է ձեր տղամարդկութիւնը: Դէ որ նրանք պիտի կորչեն, ես էլ թանկ բան չեմ, թող ես էլ կորչեմ:
ՖԱՅԻԿ (Կոտրուած)
Ափսո՜ս, ափսո՜ս, ափսո՜ս …

     Լռութիւն: Նազէն ներս է մտնում ձախ դռնից: Նայելով Հերիքին եւ Ֆայիկին` առանձին նշանակութիւն չի տալիս, մտերիմ հայեացքով մօտենում է Ֆայիկին:

ՆԱԶԷ
Տեսա՞ր, Ֆայի՛կ, տեսա՞ր, տղա՛ս` ինչ զուլում եկաւ գլխներիս:
ՖԱՅԻԿ
Հանը՛մ, օրիորդին ասում եմ, որ իրեն կ՚ազատեմ, չի համաձայնում:
ՆԱԶԷ (Տխուր)
Է՜, տղա՛ս, ի՞նչ պիտի ազատես: Նա կորած է: Գիտես` ինչ կրակի մէջ ենք:
ՖԱՅԻԿ (Աչքերը կախելով)
Մի՛ ասա, մ է՛րս, մի՛ ասա…
ՆԱԶԷ
Դու մ էր ունե՞ս: (Ֆայիկը լռում է): Եթէ դուք ամէնքդ մ էր ունենայիք, մէրերը էս օրին չէին լինի:
ՖԱՅԻԿ
Սիրտդ մի՛ կոտրիր, մ է՛րս: Աստուած մեծ է:
ՀԵՐԻՔ (Առաջ գալով, վճռական)
Պէ՛յ:
ՖԱՅԻԿ
Ի՞նչ կայ, օրիո՛րդ…
ՀԵՐԻՔ
Մէկ բան պիտի խնդրեմ: Լաւութի՞ւն էք ուզում անել` Նունուֆարին ու Խորէնին ազատեցէք:
ՖԱՅԻԿ
Դժուար է, օրիո՛րդ, շատ դժուար է:
ՀԵՐԻՔ
Ինչո՞ւ դժուարացաք…
ՖԱՅԻԿ
Օրիո՛րդ, նրանց որ ազատեմ, ես էլ հետները պիտի երթամ:
ՀԵՐԻՔ
Գնացէք, ի՞նչ կայ որ…
ՖԱՅԻԿ
Պէյը պիտի կատաղի ու վրէժը ձերոնցից հանի:
ՀԵՐԻՔ
Թող հանի: Դուք սրա՜նց ազատեցէք:
ՖԱՅԻԿ
Ասել է` ձեր ծնողներին զոհո՞ւմ էք:
ՀԵՐԻՔ
Ե՛ս կ՚ազատեմ:
ՖԱՅԻԿ
Չէք կարող: Մի՞թէ չգիտէք, որ չէք կարող: Եւ հաւատալո՞ւ բան է, որ անկեղծ էք ասում:
ՀԵՐԻՔ
Ի՞նչ անեմ: Ջահելները պիտի ազատուեն:
ՖԱՅԻԿ
Ապա դո՞ւք, օրիո՛րդ, դուք ջահել չէ՞ք:
ՀԵՐԻՔ
Ջհանդա՛մը ես, սրա՛նց ազատեցէք: Նունուֆարի առջեւ գէշ փորձանքներ կան: Նա մեռնել չի իմանում:
ՖԱՅԻԿ
Իսկ դուք իմանո՞ւմ էք:
ՀԵՐԻՔ (Ժպտալով)
Քիչ-քիչ, տեղը որ եկա՜ւ…
ՖԱՅԻԿ
Չգիտեմ ինչ ասեմ, օրիո՛րդ: Մէջս մի խենթ բան է պտոյտ գալիս… ճի՞շդ եմ անում… Ա՜խ, օրիորդ, դէ հասկացէք, ես էլ կեանքի ու մահի հետ խաղացող եմ: Բայց դուք ափսոս էք:
ՀԵՐԻՔ
Գնացէ՛ք, դուք տղամարդ չէք:
ՖԱՅԻԿ (Ազդուած)
Ես տղամարդ չե՞մ: Բանը որ էդտեղ հասնի, ես կրակի հետ թռչող եմ: Իմ էլ արիւնս մի քիչ խենթ է, հա՜…
ՀԵՐԻՔ
Օրիո՜րդը… (Ծնկի է գալիս): Նեղն ընկած օրիորդը էսպէս ծունկի ընկած բան խնդրի տղամարդուց ու նա չկատարի՞: Ապա՞: Էն զարկուած տղամարդկանցից մէկը ծպտունս լսէ՜ր, թէ ես իրենից բան եմ խնդրում, կրակի պէս կը թռչէր: (Արցունքը հազիւ զսպելով) Ողջ գիշերներ պատուհանիս տակ տղամարդիկ են ոտի վրայ չորացել` սպասելով, որ մի ժպիտս տեսնեն: Եւ նրանցից մէ՜կը չկայ, որ հասնի, գայ: Դրա համար էլ ապրել չեմ ուզում: Ու դուք էլ տղամարդ չէք:
ՖԱՅԻԿ
Էդպէ՞ս էք ուզում: Լա՛ւ, վե՛ր կացէք: Կ՚ազատեմ: Կ՚ազատեմ, յետոյ դուք գիտէք: Կ՚ուզէք` համակրեցէք ինձ, կ՚ուզէք` մոռացէք: Չուզեցի, ախպէ՛ր, էսպէս երջանկութիւնը: Ես էդ խօսքը վերցնողը չեմ: Ես տղամարդ եմ:
ՀԵՐԻՔ (Վեր է կենում)
Հա՛, էդտե՛ղ ազնիւ էք:
ՆԱԶԷ (Արտասուելով)
Հա՛, տղա՛ս, դու ազնիւ ես. մի էդ օտար աղջկան մեր տանից ազատեցէ՜ք, մի էդ զոյգը մուրազաչոր չմնա՜յ… (Համբուրում է Ֆայիկին): Մենք ջհանդա՛մը, մենք կորած ենք:
ՖԱՅԻԿ
Ձեզ էլ կ՚ազատէի, թէ օրիորդը թողնէր… սրանց ազատելով` ես, ո՞վ գիտէ, ուր կ՚ընկնեմ… է՜հ, սա էր օրիորդի ուզածը, թող էսպէս լինի: Կանչեցէ՛ք Նունուֆարին: Գնանք Խորէնի սենեակը, խօսենք:
ՀԵՐԻՔ (Ուրախ)
Հիմա՛…
ՆԱԶԷ
Աստուա՛ծ, Դո՛ւ հասնես:
ՀԵՐԻՔ (Անցնում է ձախ սենեակը: Շուտով այնտեղից լսւում են տրտունջի ձայներ)
Նունուֆա՜ր, գնա՜…
ՆՈՒՆՈՒՖԱՐ
Չեմ կարող, քոյրի՜կ, չեմ կարող…
ՆԱԶԷ (Դրան մօտ)
Աղջի՛կս, Ֆայիկը պիտի ազատի քեզ ու Խորէնին… (Խորէնը մտնում է դիմացից): Պատրաստուիր, տղա՛ս, պէյը քեզ ու Նունուֆարին պիտի փախցնի…
ԽՈՐԷՆ (Սաստիկ ուրախացած)
Ամա՜ն, պէ՛յ, պատուի՛դ սիրոյն…
ՆԱԶԷ (Նունուֆարին)
Դէ՛, աղջի՛կս, լսիր պէյին, գնացէք խորհուրդ արէք …
ՆՈՒՆՈՒՖԱՐ (Ներս գալով)
Չէ՛ , մայրի՛կ, ես ասի, որ չեմ երթայ:
ԽՈՐԷՆ
Ինչո՞ւ…
ՆԱԶԷ
Չես երթա՞յ, ինչո՞ւ:
ՆՈՒՆՈՒՖԱՐ
Դուք փորձանքը կ՚ընկնէք. չեմ երթայ, պիտի մնամ:
ԽՈՐԷՆ
Ի՞նչ է ասում…
ՆԱԶԷ
Ամա՛ն, որ հակառակուեցիր, ի՞նչ պիտի պատահի… ինչո՞ւ չես գնում:
ԽՈՐԷՆ (Զայրացած)
Չե՞ս ուզում… Ինչո՞ւ, պէյի շնի՞կն ես ուզում դառնալ:
ՆԱԶԷ
Ո՞վ գիտէ…
ՆՈՒՆՈՒՖԱՐ
Ախր հայրիկը, մայրիկը, Հերի՜քը… ինչպէ՞ս անեմ… չեմ կարող:
ԽՈՐԷՆ
Հայրիկ, մայրիկ չգիտեմ: Ե՛լ երթանք:
ՆՈՒՆՈՒՖԱՐ
Մի՛ զօրի, Խորէ՛ն, թող հանգիստ մեռնեմ:
ԽՈՐԷՆ (Գոռում է)
Զօրով կը տանեմ. կեանքի հարց է, ե՛լ:
ՖԱՅԻԿ (Մօտենալով Նունուֆարին)
Հանը՛մ, ինչո՞ւ էք յամառում, ելէք գնանք Խորէնի սենեակը, էնտեղից պիտի դուրս գանք: Աստուած մեծ է: Ելէ՛ք:
ՆՈՒՆՈՒՖԱՐ
Աստուա՜ծ, ի՞նչ անեմ…
ԽՈՐԷՆ
Ե՛լ, ի՞նչ պիտի անես:
ՆՈՒՆՈՒՖԱՐ
Չէ՛, Խորէ՛ն, չեմ գայ, ուզո՞ւմ ես` դու գնայ:
ԽՈՐԷՆ (Բարձրացնելով բռունցքը)
Ե՛լ, թէ չէ հիմ ա կը վերջացնեմ…
ՀԵՐԻՔ, ՖԱՅԻԿ (Առաջ գալով)
Խորէ՛ն…
ԽՈՐԷՆ (Նունուֆարին)
Գիտեմ` ինչ է միտքդ: (Քաշում է թեւից): Ե՛լ, ասում եմ քեզ:
ՆՈՒՆՈՒՖԱՐ (Թեւն ազատելով` փախչում է դէպի ձախ սենեակը):
Չեմ գայ, պիտի մնամ:
Նունուֆարը մտնում է ձախ սենեակը, Խորէնը` նրա յետեւից:
ԽՈՐԷՆ
Անզգա՛մ…
Խորէնը հետեւում է Նունուֆարին: Յովնանը ներս է մտնում դիմացի դռնից: Նա նկատել է Խորէնի այլայլմունքը:
ՅՈՎՆԱՆ
Հա՛, ի՞նչ կայ…
ՖԱՅԻԿ
Ոչինչ, Յովնան էֆէնտի, Նունուֆարին ու Խորէնին ուզում եմ փախցնել:
ՅՈՎՆԱՆ
Ուզում ես փախցնե՜լ…
ՆԱԶԷ (Բարկացած)
Օ՜ֆ, փախչեն թող, իրենք էլ ազատուեն, մենք էլ: (Դուրս է նայում ձախ դռնից): Խորէ՛ն, շո՛ւտ արա…

     Խորէնը ներս է մտնում ձախ դռնից: Լռութիւն:

ՅՈՎՆԱՆ
Հը՛, փախչու՜մ ես:
ՆԱԶԷ
Վա՞յ… տղադ, հարսդ իրենց կեանքն են ազատում. ուրախ չե՞ս:
ՅՈՎՆԱՆ
Լա՜ւ… (Լռութիւն): Փախչո՜ւմ էք, մեզ թողնում կրակի բերա՜նը… (Խորէնին) Ո՞վ է կեանքն ազատում, ե՞ս…
ԽՈՐԷՆ
Ե՛ս: Ի՞նչ կայ: Ամէն մարդ իր կեանքի մասին է մտածում:
ՅՈՎՆԱՆ
Ամէն մարդ իր կեանքի մասի՜ն է մտածում… (Դառն զզուանքով) Հը՛, հը՛, հը՛… տեսա՞ր ինչ աղբ է մարդը…
ԽՈՐԷՆ
Տեսայ, ի՞նչ կայ որ…
ՅՈՎՆԱՆ
Ապա ինձ խաչն էիք հանո՞ւմ… (Սպառնալով) Հը՜, ինձ նայիր, խելքդ գլուխդ հաւաքիր: Փախչել չկա՜յ:
ՖԱՅԻԿ
Է՜, Յովնան էֆէնտի, նրանց փախչելն էլ մի ազնուութիւն է, որ պիտի թոյլ տանք:
ՅՈՎՆԱՆ
Հազար ազնուութեան գիրք գրեցէք` ես մեռնել չեմ ուզում:
ՖԱՅԻԿ (Մի փոքր խիստ)
Չեղա՛ւ, դա ազնուութիւն չէ:
ՅՈՎՆԱՆ
Ազնուութի՜ւն… մի կողմ տար այդ փտած լաթն էլ: Մեզ` շներիս, գցէք դուրս, իսկ դուք վերը` տաք տեղերում, առանց մեզ հեշտ-հեշտ ազնուութի՜ւն անէք: Ապա մենք` շներս, չե՞նք ուզում ազնիւ լինել: Ձգիր, ձգիր, հնար ունես` ազնիւ ես: Եթէ մէկը պիտի մեռնի, որ միւսը ազնիւ լինի, թքել եմ այդ ազնուութեան վրայ: Փախչել չկայ:
ՆԱԶԷ
Ապա ինչպէ՞ս պիտի լինի, անխի՛ղճ:
ՅՈՎՆԱՆ
Ամէնքս մի-մի քիչ պիտի աղտոտուենք, ամէնքս միասին պիտի ազատուենք:
ՆԱԶԷ
Չի՞ լինի, որ դու մեռնես, ջահելներն ազատուեն: Աղբ կեանքը ինչի՞դ է պէտք:
ՅՈՎՆԱՆ
Թէ այս աղբ կեանքը պէտքական է, ամէնքի կեանքն էլ պէտքական է: Ես էլ պիտի ապրեմ, ճանճն էլ. ամէնքն էլ հաւասար պիտի ապրեն: (Դուրս գնալով դիմացի դռնից) Փախչել չկա՜յ:
ՆԱԶԷ
Հա՜, դէ է՛դ ասա, միտքդ հասկանանք: Տեսա՞ր, տեսա՞ր մարդը:
ՖԱՅԻԿ
Յետեւից մի ընկէք: Գնանք Խորէնի սենեակը, ես ուրիշ հնար գիտեմ:
ՆԱԶԷ
Ի՜նչ հնար, որդի՜, կը մատնէ, հնարը դժուարացաւ:
ԽՈՐԷՆ
Աստուած ողորմած է, գնանք: Էլ ձայներդ կտրեցէք` կասկած չլինի: Եւ լաւ կը լինի` Նունուֆարը մնայ կողքի սենեակում` իր աչքի առջեւ: Մենք գնանք, գնանք. ես դրա մարդ ասողին:
Խորէնը դուրս է գնում աջ դռնից: Մտնում են Հասան պէյը եւ Յովնանը դիմացի դռնից: Հասան պէյը գինով է:
ՅՈՎՆԱՆ (Առաջ գալով)
Բարո՛վ եկար, պէ՛յ, համմեցէ՛ք:
ՀԱՍԱՆ ՊԷՅ
Եկայ մի քիչ հանգստանալու եւ… (Նստելով) Է՜հ, ի՞նչ կայ:
ՅՈՎՆԱՆ
Ողջութի՛ւնդ, ինչպէ՞ս են ճամբաները:
ՀԱՍԱՆ ՊԷՅ
Գէշ են, աւազակները կողոպտում, սպանում են… անիծածները:
ՅՈՎՆԱՆ
Ասել է` վտանգաւո՞ր է:
ՀԱՍԱՆ ՊԷՅ (Հարբածի ցրուածութեամբ)
Ո՛չ:
ՅՈՎՆԱՆ
Ո՞չ: Անվտա՞նգ է:
ՀԱՍԱՆ ՊԷՅ
Ո՛չ:
ՅՈՎՆԱՆ
Չեմ հասկանում, պէ՛յ:
ՀԱՍԱՆ ՊԷՅ (Գինովի ծիծաղով)
Հարսդ գեղեցիկ է: Ես ի՞նչ անեմ: (Աչքերը դարձնելով դէպի ձախ դուռը) Մի քոնեակ խմենք:
ՅՈՎՆԱՆ (Ծափ տալով` կանչում է ծառային)
Տղա՛յ, Սերո՛բ: (Աջ դռնից մտնում է ծառան): Քոնեակ եւ մ էզէ բեր: (Ծառան դուրս է ելնում): Ինչպէս երեւում է, պէ՛յ, մեր վիճակը գէշ է լինելու:
ՀԱՍԱՆ ՊԷՅ (Որ լաւ չէր լսում)
Նունուֆա՞րը, է՜հ, ո՜չ, ո՞վ ասաւ:
Ծառան ներս է բերում քոնեակ եւ մ էզէ, լցնում է բաժակները եւ հեռանում:
ՅՈՎՆԱՆ
Համմեցէ՛ք, պէ՛յ, անո՛ւշ արա:
ՀԱՍԱՆ ՊԷՅ (Խմում է քոնեակը եւ վեր կենալով` մօտենում է ձախ դրանը):
Աղունակը լո՜ւռ է:

     Հասան պէյը դարձեալ դառնում է իր տեղը, նստում եւ, յենուելով մութաքային, արբշիռ ու անտարբեր նայում է Յովնանին, լռում:

ՅՈՎՆԱՆ
Հասա՛ն պէյ, պարզն ասա, ինչպէ՞ս պիտի ճամբայ ընկնենք:
ՀԱՍԱՆ ՊԷՅ
Ապահով:
ՅՈՎՆԱՆ
Ո՞ւմ պաշտպանութեամբ:
ՀԱՍԱՆ ՊԷՅ
Զինուորների…
ՅՈՎՆԱՆ
Ապա ասիր, որ աւազակները սպանում են ամէնքին:
ՀԱՍԱՆ ՊԷՅ
Այո՛, սպանում են:
ՅՈՎՆԱՆ
Էլ ի՞նչ ապահովութիւն, երբ սպանում են:
ՀԱՍԱՆ ՊԷՅ
Յովնա՛ն էֆէնտի, մեր բարեկամութեան սիրուն լինի, գնա՛ Նունուֆարին համոզիր` վեր կենայ մէկ, իր կամքով, էնպէս անուշ քովս մտնի:
ՅՈՎՆԱՆ
Հը՜մ… Ասել է` մի ճանճի չափ էլ կարեւոր չեմ ես: Մարդը այսքա՜ն չնչին: Հա՛, հա՛, հա՛: Եւ մէկն ասի, թէ ի՞նչ է իմ ուզածը. մի բան, որ իսկի էլ քեզ պէտք չէ: Մի չնչին բան, մի ողորմելի փշրանք, որ ձեռքիցդ վայր է ընկնում ու չես նկատում: Մարդը այսքան էժա՜ն, էդ չնչին բանն այսքան թա՜նկ… Շա՜ն կեանք:
ՀԱՍԱՆ ՊԷՅ
Է՜հ, քէֆս կոտրում ես. ախր քէֆը երկու րոպէ չունի, մէկ րոպէ ունի: Խօսեցիր` կը թռչի: Մի՛ ձանձրացնի, գնա՛:
ՅՈՎՆԱՆ
Հէնց այդ չձանձրացնելն էլ մի քէֆ է, պէ՛յ: Այն ո՞ր մարդու կտորը իրեն արժանի կը համարի ուրիշին ձանձրացնելը: Ես էլ եմ ուզում` չձանձրացնեմ, բայց կեանքս իմ ձեռին չէ, քո ձեռին է … ինչպէ՞ս չձանձրացնեմ: Ապա կեա՜նքս:
ՀԱՍԱՆ ՊԷՅ (Գոռալով)
Ջհանդա՛մը կեանքդ: Ես քէֆ ունեմ անելիք: Գնա՛, կանչի՛ր:
ՅՈՎՆԱՆ
Դու չես մեղաւորը, այլ էն շուն Աստուածը, որ ձեզ ստեղծել է: (Այլայլուած անցնում է դէպի ձախակողմեան դուռը: Յետոյ արագ մօտենում է քոնեակի շշին, խլելով շիշը` տանում է բերանը եւ ամբողջովին խմում: Ապա շիշը ձեռին կանգնում է եւ վայրենի, արբշիռ հայեացքովնայում մի անորոշ կէտի` խօսելով ինքնիրեն` խռպոտ ձայնով ու յուսահատ դառնութեամբ): Մարդո՞ւ ձեռը մարդն ընկնի… Դէ ասել է` ջուրը տարա՜ւ…
ՀԱՍԱՆ ՊԷՅ
Վերջը պիտի բերես, աւելի լաւ է շուտ բեր:
ՅՈՎՆԱՆ
Է՜հ, թռա՜ւ թռչունը ձեռքէս: Տանուլ տուի խաղիս քարերը: (Գնում է դէպի ձախ դուռը): Նունուֆա՛ր… (Մազերը փետելով) Է՜… ընկած շուն:
ՀԱՍԱՆ ՊԷՅ
Վնաս չունի, Յովնա՛ն էֆէնտի, մարդ է, կը պատահի:
ՅՈՎՆԱՆ (Մտնում է ձախ սենեակը եւ մի փոքր յետոյ ներս է գալիս` Նունուֆարի հետ կիսաձայն խօսելով, դառն հեգնանքով)
Արի, աղջի՛կս, արի համոզիր պէյին, որ մեզ ազատի:
ՆՈՒՆՈՒՖԱՐ (Մի քայլ անելով` յանկարծ ցնցւում է եւ կանգ առնում)
Ա՜խ….
ՅՈՎՆԱՆ
Ուրիշ ճար չկայ: Էլ ես ոչինչ եմ:
ՆՈՒՆՈՒՖԱՐ
(Ընկնելով Յովնանի թեւերի վրայ եւ հեծկլտալով)
Ապա ե՜ս, ապա ե՜ս…
ՅՈՎՆԱՆ
Վերջը կը մաքրուենք` դու էլ, ես էլ… Գնա՛, մատա՜ղ: (Նունուֆարը շարժում է անում առաջ, բայց նորից մեխւում է տեղում)
Հիմի էլ քո ձեռի՞ն պիտի նայեմ: Ա՜խ, ա՜խ: Գնա՛:
ՆՈՒՆՈՒՖԱՐ
Կ՚երթամ, հայրի՛կ, կ՚երթամ, թո՛ղ:
ՅՈՎՆԱՆ
Հա՛, աղջի՛կս, գնա՛. մէկ ժողովրդի կտակ կատարած կը լինես: Գնա՛: Ուխտ կայ սրա մէջ, գնա՛ կատարիր:
ՆՈՒՆՈՒՖԱՐ (Վարանելով)
Օ՜ֆ… հայրի՜կ…
ՅՈՎՆԱՆ (Ջղայնանալով)
Հայրի՛կ չէ, շո՛ւն ասա… (Աղաչելով) Գնա՛, զաւա՜կս, գնա՛… (Ատամները կրճտելով` չար ու պաղատագին) Գնա՛… (Զայրանալով) Ե՞ս պիտի մենակ աղտոտուեմ, մի քիչ էլ դուք աղտոտուեցէք, շնե՜ր:

     Յովնանը դուրս է ելնում դիմացի դռնից: Նունուֆարը, աչքերը գետնին, ուրուականի պէս, կանգնած է: Լռութիւն:

ՀԱՍԱՆ ՊԷՅ
Արի, գեղեցի՜կս, արի, տխո՜ւրս: Ե՞րբ պիտի դէմքդ ժպտայ:
ՆՈՒՆՈՒՖԱՐ (Լռութիւն։ Դողում է եւ վայր չընկնելու համար բռնում է պատը)
Պէ՜յ, շնորհ արա, սպանել տուր ինձ:
ՀԱՍԱՆ ՊԷՅ
Փերի՜, ինչո՜ւ պիտի սպանել տամ քեզ: Տանս թագուհին ես լինելու:
ՆՈՒՆՈՒՖԱՐ
Պէ՜յ, եթէ քոյր ունես, նրա սիրուն աղաչում եմ քեզ, ազատիր մերոնց կեանքը:
ՀԱՍԱՆ ՊԷՅ
Որ ազատեմ, կինս կը լինե՞ս:
ՆՈՒՆՈՒՖԱՐ (Հազիւ է զսպում լացը)
Օ՜ֆ…
ՀԱՍԱՆ ՊԷՅ
Կը լինե՞ս, փերի՜. ասա, որ ազատեմ ձերոնց:
ՆՈՒՆՈՒՖԱՐ
Կը լինեմ, մենակ աղաչում եմ քեզ, պէ՛յ, որ մերոնց հետդ տանես: (Հեկեկալով) Տեսնո՞ւմ ես, ջահել կեանքս զոհեցի:
ՀԱՍԱՆ ՊԷՅ
Լա՛ւ, լա՛ւ, քեզ համար կ՚անեմ: Հեշտ է, մի բան կը լինի: (Հմայուած Նունուֆարի լացով) Օխա՜յ, ի՜նչ անուշ է գեղեցկուհու լացը: Չէ՛, սիրում եմ քեզ, գազե՛լս: Դէ պատրաստուիր, հիմի կառքը կը գայ: (Կանչելով ծառային) Չաւո՛ւշ:
ՉԱՒՈՒՇ (Դիմացի դռնից մտնելով)
Պէ՞յ:
ՀԱՍԱՆ ՊԷՅ
Կառքը եկա՞ւ:
ՉԱՒՈՒՇ
Կառքը պատրաստ է, կանչե՞մ:
ՀԱՍԱՆ ՊԷՅ
Այո՛: Ֆայիկ պէյն ո՞ւր է:
ՉԱՒՈՒՇ
Դուրսն է, սպասում է:
ՀԱՍԱՆ ՊԷՅ
Կանչի՛ր եւ կառքը մօտեցրու դրանը:
Դրսից լսւում է ամբոխի աղմուկ:
ՉԱՒՈՒՇ
Իսկոյն, պէ՛յ:
ՀԱՍԱՆ ՊԷՅ
Ի՞նչ կայ, ի՞նչ է:
ՉԱՒՈՒՇ
Ժողովուրդն է, անհանգիստ է:
Չաւուշը դուրս է գնում, ներս է մտնում Ֆայիկը:
ՀԱՍԱՆ ՊԷՅ
Լսի՛ր, Ֆայի՛կ պէյ, Նունուֆարի խնդիրքով պատուիրում եմ քեզ, որ Յովնան էֆէնտու հետ լինես մինչեւ Միջագետք եւ ճամբին կեանքերը պաշտպանես: Ես ու Նունուֆարը այս րոպէիս պիտի ճամբայ ընկնենք:
ՖԱՅԻԿ (Պաշտօնական)
Լսո՛ւմ եմ, պէ՛յ:

     Ֆայիկը դուրս է շտապում դիմացի դռնից: Դրսից լսւում է ձիերի բոժոժների ձայնը: Ներս են մտնում Նազէն, Հերիքը, Խորէնը, Յովնանը:

ՀԱՍԱՆ ՊԷՅ
Է՜հ, Յովնա՛ն էֆէնտի, ես ու Նունուֆարը ճամբայ պիտի ընկնենք: Ֆայիկ պէյը կը գայ ձեզ հետ եւ ձեզ կը պաշտպանի: (Խորէնին) Բախտդ չբանեց, տղա՛ս: Խոհեմ եղիր եւ կեանքդ ազատիր:
ՆԱԶԷ
Ո՞ւր պիտի տանէք աղջկան: Աղջիկը չի գայ:
ՀԱՍԱՆ ՊԷՅ
Աղջիկն ինքը կամեցաւ:
ԽՈՐԷՆ
Ես թոյլ չեմ տայ, որ Նունուֆարը գայ:
ՀԱՍԱՆ ՊԷՅ
Այս կանանց եմ խնայում, թէ չէ՜… շատ յանդուգն ես:
ԽՈՐԷՆ
Չէ՛, պէ՛յ, ես չե՛մ թողնի:
ՀԱՍԱՆ ՊԷՅ
Կեանքդ ափսոս է, տե՜ս:
ՖԱՅԻԿ (Մէջ ընկնելով, Խորէնին)
Եղբա՛յրս, թո՛ղ, զգո՜յշ խօսիր: Եղածը եղած է:
ԽՈՐԷՆ
Թող կորչի-գնայ, աղջիկ չկայ:
ՖԱՅԻԿ
Գնանք միւս սենեակը, քեզ բան պիտի ասեմ: (Նազէին եւ Հերիքին) Հանըմնե՛ր, տարէ՛ք:

     Ֆայիկը հասկացնում է, որ Խորէնին վտանգ է սպառնում: Հերիքը սարսափած գնում է Խորէնի կողմը:

ԽՈՐԷՆ
Ո՛չ, ես կենդանի դուրս չեմ գայ, ես մեռած չեմ: Լրբութիւնն էլ չափ ունի:
ՅՈՎՆԱՆ
Խորէ՛ն…
ՀԱՍԱՆ ՊԷՅ (Դուրս ելնելով)
Ես քեզ հիմի ցոյց կը տամ:
ՆՈՒՆՈՒՖԱՐ (Վազում է դէպի Խորէնը):
Ամա՜ն, ի՞նչ ես անում:
ԽՈՐԷՆ (Բռնում է Նունուֆարին): Լի՛րբ, անզգա՛մ…
ՖԱՅԻԿ
Բա՛ց թող…
ՀԵՐԻՔ
Խորէ՛ն…
ԽՈՐԷՆ
Թողէք վերջացնեմ անառակին…
ՆՈՒՆՈՒՖԱՐ
Խորէ՜ն, ամա՜ն, քեզ կը սպանե՜ն…
ԽՈՐԷՆ
Չերթա՛ս, հոգի՛դ կը հանեմ:
ՆԱԶԷ (Յովնանին)
Ի՞նչ ես պապանձուել: Տղայիդ պիտի սպանեն:
ՆՈՒՆՈՒՖԱՐ (Ազատուելով Խորէնից եւ վազելով դէպի Յովնանը)
Հայրի՜կ, Խորէնին պիտի սպանեն…
ՀԱՍԱՆ ՊԷՅ (Ներս է մտնում` խօսելով մի զապտիայի հետ, որ սկսում է խէթ-խէթ նայել Խորէնին)
Կեանքդ խնայելու համար քեզ ձերբակալում եմ: (Զապտիային) Բռնի՛ր սրան: (Զապտիան բռնում է Խորէնին: Դրսից լսւում է ամբոխի աղաղակը, որ մօտենում է: Նունուֆարին) Գնա՛նք:
ՆՈՒՆՈՒՖԱՐ (Նազէին)
Ամա՜ն, մայրի՜կ, ազատի՜ր ինձ… չեմ կարող, չեմ կարող, ես տէր չունեմ:
ՆԱԶԷ (Յովնանի վրայ յարձակուելով, բռունցքը սեղմած)
Դէ՜, քո մարդ լինելիքը կ՚անիծեմ ես: (Պաշտպանելովնունուֆարին) Մարդ չմօտենա՜յ…
ՀԱՍԱՆ ՊԷՅ (Զապտիաներին, որ այդ ժամանակ ներս են նայում)
Եկէք այս պառաւին եւ այս տղային քաշեցէք, սրանք իրենց օգուտը չեն հասկանում:
Զապտիաները առաջ են գալիս եւ բռնում Նազէին ու Խորէնին: Նազէին քաշում են դէպի ձախ սենեակը:
ՆԱԶԷ (Դիմադրելով)
Թո՛ղ, անօրէ՜ն…
ՀԱՍԱՆ ՊԷՅ (Յովնանին)
Եթէ Նունուֆարը իր կամքով չգայ, չեմ տանի: Մնացածը դու գիտես:

     Լռութիւն:

ԽՈՐԷՆ
Ամէնքդ էլ ինձ թողիք: Վա՜յ գլխիս, էլ ինչո՞ւ եմ ապրում: (Պոկւում է զապտիաների ձեռից եւ յանկարծ հանելով դաշոյնը` յարձակւում է Հասան պէյի վրայ): Կորի՛ր, գազա՛ն:
ԶԱՊՏԻԱ
Վա՛յ, անհաւա՛տ:

     Զապտիան դաշոյնը խրում է Խորէնի մէջքը: Խորէնն ընկնում է: Ընդհանուր ճիչ եւ սարսափ: Նունուֆարը վազում է, ընկնում Խորէնի դիակի վրայ:

ՆԱԶԷ (Ճիգ է անում դուրս գալու, դիպչում է ձախ դրանը: Լսւում է նրա մաքառումը ներսից)
Շնե՜ր, շնե՜ր…
ՀԱՍԱՆ ՊԷՅ (Զապտիաներին)
Դո՛ւրս գնացէք: (Յովնանին` բարձր, սպառնալի ձայնով) Իր կամքով կը գայ, թող գայ, եթէ` ոչ… չեմ տանի:
Հասան պէյը դուրս է ելնում դիմացի դռնից:
ՆԱԶԷ (Ներս պրծնելով ձախ դռնից)
Շնե՜ր… (Ընկնում է Խորէնի դիակի վրայ) — Օ՜ֆ, չորանար մօրդ մէջքը…

     Լռութիւն: Ներս է մտնում Մարէն ձախ դռնից, երերալով որոնում է Յովնանին: Նունուֆարը եւ Հերիքը մօտենում են Մարէին: Ճնշող լռութիւն:

ՄԱՐԷ
Յովնա՞ն:
ՀԱՅԿ (Դուրս վազելով ձախ դռնից եւ մօտենալով Խորէնի դիակին)
Վա՞յ, հօրեղբայրն ինչո՞ւ է պառկել: (Ֆայիկը յետ է քաշում Հայկին: Մօտենալով Մարէին) Մարէ՛, պիտի երթանք:
ՄԱՐԷ
Մնա՞նք:
ՀԱՅԿ
Պիտի երթանք:
ՄԱՐԷ (Խիստ)
Ի՞նչ ես ասում, չեմ հասկանում:
ՀԱՅԿ (Բարձր)
Պիտի երթանք, Մարէ՛:
ՄԱՐԷ
Պիտի երթա՞նք… հա՞… պիտի երթա՞նք… (Օդի մէջ նայելով) Յովնա՞ն:
ՆԱԶԷ (Ուշքի գալով եւ դառնալով Յովնանին)
Հիմի գնա, ապրիր ջահելիդ արիւնով, խայի՜ն: Աստուա՛ծ անի քո դատաստանը:
ՅՈՎՆԱՆ
Հա՛, պիտի ապրեմ…(Լռութիւն: Բռունցքը սեղմած մօտենալովնազէին) Է՜հ, ինձ նայիր: Շան պէս պիտի դատի քաշեմ քո Աստծուն: Պիտի ապրեմ, ապա՞: Կատաղած շո՛ւն ասա, խայի՛ն մի ասա:
ՀԱՍԱՆ ՊԷՅ (Ներս է մտնում դիմացի դռնից)
Դէ՛, կառքն սպասում է: (Ցոյց տալով Մարէին) Քիչ մարդ նստեցէք, տեղ չկայ: Դէ ես գնացի:
Նունուֆարը, Հերիքը հեծկլտում են:
ՄԱՐԷ (Խարխափելով)
Հա՜, բալանե՜րս, չերթա՜ք:

     Յովնանը, ջղաձգօրէն հեկեկալով, համբուրում է Մարէի ձեռներն ու ընկնում ոտները: Մնացածները լուռ գրկում են Մարէին եւ համբուրում: Յետոյ բոլորը յետ են գնում:

ՀԱՍԱՆ ՊԷՅ (Դռներից առաջ գալով դէպի Նունուֆարը)
Դէ՛, աղջի՛կս, ժամանակն է:
ՀԵՐԻՔ (Բռնում է Նունուֆարի ձեռքը)
Ես էլ կը գամ հետդ, Նունուֆա՛ր:
ՖԱՅԻԿ (Հերիքին)
Օրիո՛րդ, Աստծո՛ւ սիրուն:
ՀԵՐԻՔ
Չէ,՛ պիտի երթամ:
ՖԱՅԻԿ
Մի՛ գնա, օրիո՛րդ:
ՀԵՐԻՔ
Ո՛չ, պէ՛յ, ես կ՚երթամ, դուք մնացէք, ծնողքս ազատեցէք:
ՀԱՍԱՆ ՊԷՅ (Քաշում է Նունուֆարին)
— Գնա՛նք, աղջի՛կս:

     Նունուֆարը հեկեկալով գնում է Հասան պէյի յետեւից: Աղմուկը սաստկանում է: Լսւում է հրացանի ձայն:

ՅՈՎՆԱՆ
Կեցէ՛ք, առաջ ես պիտի գնամ… (Գնում է Հասան պէյի յետեւից): Մեծ զոհը` ե՜ս…
ՆԱԶԷ (Նրա յետեւից)
Որդի՜ ուրացող, Աստուա՜ծ ուրացող…
ՀԵՐԻՔ (Նունուֆարին բռնելով)
Ես հետդ եմ, մի՛ վախենայ:
ՖԱՅԻԿ (Հերիքին)
Աղաչում եմ, օրիո՜րդ:
ՀԵՐԻՔ (Դրան մօտ Ֆայիկին)
Ծնողքս հասցրէք Միջագետք եւ այն ժամանա՜կ….
ՖԱՅԻԿ (Սաստիկ յուզուած եւ հետաքրքրուած)
Այն ժամանա՞կ… Այն ժամանա՞կ… (Հերիքն անհասկանալի նշան է անում ձեռով եւ շտապ դուրս է ելնում` թողնելով Ֆայիկին հոգեկան մեծ խռովքի մէջ): Է՜հ, անէ՛ծք էս անողին…

     Ֆայիկն ուզում է վազել Հերիքի յետեւից, բայց զսպելով իրեն` յետ է գալիս եւ զապտիային ձեռովնշան է անում, որ բաց թողնի Նազէին ու դուրս գայ: Զապտիան հնազանդւում է եւ դուրս գնում:

ՆԱԶԷ (Ազատուելով զապտիայի ձեռից` վազում է դուրս)
Աղջիկնե՜րս… աղջիկնե՜րս… (Ներս է մտնում զապտիան): Փախա՞ւ, մինա՞կ փախաւ: (Դուրս ելնելով) Թողեց աղջկան, թողեց թոռանը:
ԶԱՊՏԻԱ
Զուր ես գնում, կառքը փախաւ: Չորս հոգով գնացին:
ԵՐԿՐՈՐԴ ԶԱՊՏԻԱ
Զո՜ւր է, գնացի՜ն:
ՆԱԶԷ (Քշելով նրանց` դուրս է վազում)
Կեցէ՛ք, աղջիկնե՜րս…
ՖԱՅԻԿ (Գրկելով Հայկին)
Արի, տղա՛ս, արի:
ՀԱՅԿ
Մեծ Մարէ՜ն, մեծ Մարէ՜ն:

     Ֆայիկը, որի ուշքը Հերիքի կողմն էր, չի լսում Հայկին եւ դուրս է տանում նրան: Լռութիւն: Լսւում է ձիերի բոժոժների ձայնը: Մարէն խարխափելով եւ դողահար գնում է դէպի դռները, ապա յետ դառնալով` որոնում է գնացողներին:

ՄԱՐԷ (Ականջ է դնում եւ խօսում ինքնիրեն)
Պիտի երթա՞նք… Հա՜, պիտի երթա՜նք… (Լռութիւն: Յանկարծ ծնկներն է ծեծում: Խռպոտ, չարագոյժ ձայնով) Սեւ հաւը կանչե՜ց տանս վրայ:

Վարագոյր

Դ. արար

     Միջագետք: Մի վայրի, դաժան կայան անապատի մէջ: Հեռւում երեւում են պղնձագոյն մեռելատիպ բլուրներ` տխրաշուք եւ ամայի: Գերի ամբոխն է կուտակուած աւազի վրայ: Նրանք մերկ են, սովալլուկ, ոտաբոպիկ եւ նման են խելագարների կամ դիմակ հագած կմախքների: Նրանք նստած են, թափուած իրար վրայ եւ քարացած: Դէպի աջ նստած է Նազէն` խստադէմ: Մի քիչ հեռու փորի վրայ պառկած է Աբրօն: Մէջտեղում` իրար կողքի, նստած են Ջնդօն, Սահակը, Եղօն եւ Զարդարը: Դէպի ձախ` փշերի վրայ, սարքած է մի վրան` դուռը կիսով դէպի աջ, որ փակ է:

ՀԻՒԱՆԴ ԿԻՆ
Տղաս մեռա՜ւ, քովէս հեռացէ՜ք:
ԵՂՕ
Իմացա՞ք` ինչ ասին զապտիաները. վաղը ջարդ է:

     Լռութիւն:

ՀԻՒԱՆԴ ԿԻՆ
Աստծո՜ւ սիրուն, տղաս մեռա՜ւ, հեռացէ՜ք …

     Լռութիւն:

ՍԱՀԱԿ
— Վաղը պիտի ջարդե՞ն: (Լռութիւն): Օ՜ֆ, թէ վաղը ջարդեն, ո՞վ է տէրս:
ՋՆԴՕ
Շները…
ՍԱՀԱԿ
Սուտ չէ, օ՜ֆ….
ԵՂՕ
— Հայ-հա՜յ, շունը քե՞զ պիտի լայեղ անէր… լաւ մսերը թողած:
ԶԱՐԴԱՐ
Տասնինը մարդ նոր հաշուեցի: Ջրի հետ եկան հասան մեզ` Արաբիա:
ՋՆԴՕ
Վաղը ջարդ է, դուք նստել մեռե՞լ էք հաշւում: Էգուցուայ ջարդէ’ն տեսնենք քանի մարդ պիտի հաշուէք:
ՍԱՀԱԿ
Ջարդը չսկսած` ես կը մեռնեմ:
ՋՆԴՕ
Թանկ բան չէիր. տես` ճամբան քանիսներն ընկան:
ՍԱՀԱԿ
Մարդու պէս չես խօսում:
ՋՆԴՕ
Աստուած շա՞տ է մարդու պէս խօսում: Շուն ենք, դէ՜: (Յանկարծ բորբոքուելով) Դո՞ւ ես քեզ մարդ ասում. աղջիկդ չխնայեցիր:
ՍԱՀԱԿ
Ե՞ս ծախեցի, Յովնանը ծախեց:
ԵՂՕ
Մէկ է, կեղծաւո՜ր, ջարդը որ սկսաւ, Յովնանի հետ աղջիկ պիտի ծախէք:
ՍԱՀԱԿ
Յովնանն ո՞ւմ շունն է: Աղջիկս ձեռքէս առաւ, ծախեց: Գիտենայի` ես կը ծախէի:
ՋՆԴՕ
Լա՜ւ խաբեց Հասան պէյը ձեզ: Տե՛ղն է, խայիննե՛ր:
ԵՂՕ
Յոյսները Ֆայիկն է:
ՋՆԴՈՅ
Ֆայիկին բռնել են: Էլ Ֆայիկը չի գայ:
ՍԱՀԱԿ (Նստում է եւ մի քիչ յետոյ սկսում նուալ)
Աստծո՜ւ սիրուն, մի փշուր հա՜ց, մեռա՜յ…
ՋՆԴՕ
— Սատկի՛ր, չկա՛յ:
ՍԱՀԱԿ
— Ինչի՞ ես ասում` սատկիր. քեզ ի՞նչ եմ արել:
ՋՆԴՕ (Բորբոքուելով)
— Շո՛ւն, հացս չգողացա՞ր:
ՍԱՀԱԿ
— Ձեռս չորանայ, թէ հաց եմ վերցրել:
ՋՆԴՕ
Պիտի ճաթեմ, Աստուա՛ծ, Աստուա՛ծ… (Յանկարծ ընկնելով Սահակի վրայ) Ծոցդ բա՛ց… (Սահակն աշխատում է խուսափել: Ջնդօն բռնում է Սահակին եւ ծոցը քրքրում): Ծոցդ բա՛ց…
ԵՂՕ (Ընկնելով Սահակի վրայ)
Հացը տո՛ւր…
ԶԱՐԴԱՐ
Հա՛ցը:
ՋՆԴՕ (Սահակի մօտից հանում է մի կտոր սեւ հաց):
Ահա՛:
ԶԱՐԴԱՐ (Քաշելով Ջնդոյին)
Ո՞ւր ես տանում, ի՛նձ տուր:

     Զարդարը խլում է հացը Ջնդոյի ձեռքից: Ջնդօն, հրելով Զարդարին, հացը ձեռքից հետ է խլում, դնում բերանը եւ ուտում:

ՋՆԴՕ
Շուն, ո՞ւմ հացն ես խլում:

     Սահակը խփում է Ջնդոյին եւ մի փոքրիկ փշուր յետ խլելով` ինքն էլ է սկսում ուտել: Յովնանը մտնում է դիմացից: Նա ցնցոտիների մէջ է, բոպիկ, մազերը խռիւ, մօրուքով: Տանջուած, վայրի տեսք ունի: Կիսախելագարի է նման: Խօսում է մէ՛կ ինքնիրեն, մէ՛կ ուրիշների հետ` ոտնաթաթերի ծայրով առաջ գալով:

ՅՈՎՆԱՆ
Պօ՛, պօ՛, պօ՛, պօ՛, պօ՜… ինչքան մա՜րդ, ինչքան մա՜րդ… Էհէ՜յ, թմբո՜ւկ զարկէք Յովնան Մեծատունի հարսանիքին, սեղա՜ն գցեցէք: Տղանե՜ր, բաշխեցէ՜ք աղքատների բաժինը: Ծա՛փ տուէք, քեմանի՛ զարկէք: Դաւիթ մարգարէի պէս պիտի պարեմ… (Պարում է եւ երգում): Ինչքան մա՜րդ, ինչքան մա՜րդ…
ՀԵՐԻՔ (Մտնում է աջ կողմից: Նրան հետեւում է Աբրօն, որ լուռ դիտում է Յովնանին)
Հայրի՞կ…
ՅՈՎՆԱՆ (Դադարելով պարելուց)
Վա՞յ, պարս աւրեցիր: (Ցոյց տալով Հերիքին) Ահա՛ Յովնան Մեծատունի աղջիկը: Ե՛կ, Հերի՛ք, հօ՞րդ ես փնտռում:

Հայրդ միլիոն անգամ մեռաւ:

ՀԵՐԻՔ
Հայրի՛կ, նստիր հանգստացիր:
ՅՈՎՆԱՆ
Թո՛ղ, ես հարսանիք եմ անում: (Պարում է եւ երգում): Ինչքան մա՜րդ, ինչքան մա՜րդ… (Կանգ է առնում, խօսում ինքնիրեն): Աստուած` անարդար, մարդն` արդարացի: (Նայում է չորս կողմը, ուր նստած կամ պառկած են անտարբեր ու բութ մարդիկ): Հա՜, ասուել է` մեռէ՜ք, մեռէ՜ք, այդպէ՜ս: Մեռաւ մարդկութիւնը, եւ ես թաղեցի: Հոգոցն հանգուցելոց: (Նստում է աւազի վրայ եւ վերցնելով մի բուռ աւազ` սկսում է մաղել ու խօսել ինքնիրեն): Մեռա՜ւ… խիղճն էլ, օրէնքն էլ թաղեցի, քարը դրի վրան… Հոգոցն հանգուցելոց: Մնացել եմ ես: Բայց ասենք` ես էլ եմ մեռած: (Միջոց): Հը՜մ, մրջիւնի մէկը` Յովնան կոչեցեալ, ճամբայ էր ելել, Աստծու հետ յաւիտեան քայլել էր ուզում: Ոտանաւոր էր սարքում. «Շաւիղ աստուածային, Յովնան առաքելացեալ, մարդ աստուածացեալ»: Հա՛, հա՛, հա՛, մա՞րդ… փտած կտո՜ր… որտեղից կ՚ուզես` բռնի՛ր, կը պատռուի՜… Աղբ են` մարդն էլ, առաքինութիւնն էլ: Վաղը ջարդ է, ու Յովնան աղբը կ՚երթայ աղբանոց: (Լռութիւն): Թէ սա է արդարութիւնը, Աստուած չեմ ճանաչում: (Դադարելով աւազի հետ խաղալուց) Աստուած` անարդար, մարդն` արդարացի: Օ՜ֆ, ի՜նչ երկար քաշեց այս մահը:
ՆԱԶԷ
Շա՜տ պիտի ապրես: Կեանքդ որդունք պիտի դառնայ` միսդ ուտի:
ՅՈՎՆԱՆ (Հասարակ եւ արհամարհական)
Դու հասկանալիք չունես, դու լռի՛ր: (Աւազի հետ է խաղում: Յանկարծ վեր է թռչում): Հերիքն ո՞ւր է, Հերիքը չկա՞յ: (Տեսնելով Հերիքին` մի բեռան մօտ պառկած) Հա՛, Հերիքն այստեղ է: (Լռութիւն: Ինքնիրեն) Հասան պէյը չեկա՜ւ: Հասան պէյը մնաց ճամբին: Իսկ վաղը ջարդ է:
ՆԱԶԷ
«Հասան պէյը չեկա՜ւ»: Չես՞ կարող` հիմի էլ աղջիկդ ծախիր: Կախուիր էդ գազանի փէշից, տեսնեմ վաղը սատկածդ պիտի ազատուե՞ս:
ՅՈՎՆԱՆ
Աստուած տուեց այդ փէշն ու ինքը հեռացաւ:
ՆԱԶԷ
Յոյսդ Հասան պէյն է: Ո՞նց չէ, կը գայ ու գլուխդ կ՚ազատի: Հո՛ղը գլխիդ:
ՅՈՎՆԱՆ
Հասան պէյը էլի մարդ է: Քեզ պէս տմարդի չէ: Հասան պէյը շներին հաց նետել գիտի: Դու փուշ ես ու անապատ:
ԱԲՐՕ (Որ միշտ անխօս պառկած էր փորի վրայ ու դիտում էր այս բոլորը, յանկարծ ինչ-որ բան նկատելով ձախակողմում` վեր է կենում ու զգոյշ մօտենում Հերիքին)
Հերի՛ք, փախի՜ր, Հասան պէյը եկաւ:
ՀԵՐԻՔ (Վախեցած)
— Հասան պէ՞յը…

     Հերիքն աննկատելի անցնում է աջ կողմը: Նրան հետեւում է Աբրօն: Յովնանը վեր է կենում եւ դողդողալով մօտենում Նազէին: Սովից տատանւում է:

ՅՈՎՆԱՆ
Ա՜խ, քա՜ղցը, այս մարմի՜նը, որից չեմ ազատւում… (Նազէին` հասարակ ձայնով) Մի քիչ հաց չունե՞ս…
ՆԱԶԷ
Ցա՛ւս կեր. տղի հացը քեզ տամ, տղէն մե՞ռնի:
ՅՈՎՆԱՆ
Տղէն որ չմեռնի, ես պիտի մեռնեմ:
ՆԱԶԷ
Մեռի՛ր: Մէկ է` վաղը պիտի մորթեն:
ՅՈՎՆԱՆ
Պիտի մորթեն, պիտի նետեն աղբանոցները, եւ մէկը չպիտի ասի, թէ սա մարդ էր:
ՆԱԶԷ
Սո՛ւս. ի՞նչ մարդ ես դու: Դու ջահելներիդ արիւնով ապրող անասուն ես:
ՅՈՎՆԱՆ
Ե՜ս եմ իսկական մարդը: Մի Յովնա՜ն, մի ամբողջ մարդկութի՜ւն:
ՆԱԶԷ
«Իսկական մարդը»: Տեսա՞ր` գլխիդ եկածը: Ժողովո՜ւրդ էիր ազատում:
ՅՈՎՆԱՆ
Ես էլ մի ժողովուրդ եմ. մինչեւ մի Յովնանի հոգսը չհոգացուի, ժողովուրդ չկա՜յ:
ՆԱԶԷ
Ամօ՛թ ունեցիր. տե՛ս, մէկ մարդ ես, հազար մարդու իրաւունք ես գոռում: Սպասի՜ր, վաղը հոգսդ կը հոգան, երբ ջարդ կ՚անեն: Ա՜խ, ո՞ւր էր…
ՅՈՎՆԱՆ
Սո՛ւս, ի՞նչ իրաւունք ունի մարդ մարդու վրայ: Գիտե՞ս` ինչ ասել է մէկ մարդու կեանք…
ՆԱԶԷ
«Մէկ մարդու կեա՜նք»: Ապա Մարէդ հա՞ւ էր, տղադ հա՞ւ էր, հարսդ հա՞ւ էր, որ մորթել տուիր: (Զզուանքով եւ սպառնալից) Ը՜, կեղծաւո՜ր…
ՅՈՎՆԱՆ (Խորտակուած)
Ասա՛, ասա՛, կե՛ր մարմինս ու հոգիս: (Սարսափած) Ե՜ս, ե՜ս… ես սպանեցի որդուս, ես ձգեցի մօրս, ես ծախեցի հարսիս… (Մազերը փետելով) Շնե՜ր, ինչպէ՜ս աղտոտուեցի ձեզ ու ինձ համար: Հիմի ի՞նչը պիտի մաքրի ինձ: Ինչո՞ւ ընկայ, եթէ չպիտի բարձրանամ. չմաքրուած` ինչպէ՞ս մեռնեմ:
ՆԱԶԷ
Թո՛ղ պոռնիկ լացդ, գնա՛ մեռիր: Կոյր աչքովդ տես` ինչպէս են ուրիշները նահատակւում:
ՅՈՎՆԱՆ
Ես նահատակի չափ վախկոտ չեմ, որ մեռնեմ: Ես քաջ եմ, ուզում եմ` ապրեմ, ոճրի վերջը տեսնեմ:
ՆԱԶԷ
Դու հոգիդ կորցրած անպատիւ մարդ ես, դրա համար չես մեռնում:
ՅՈՎՆԱՆ
Չեմ կորցրել, անխի՛ղճ: Ասա` ցեխի մէջ կորած որդունք եմ, բայց խիղճս չեմ կորցրել: Հարազատ եմ կորցրել, ժողովուրդ եմ կորցրել: Այս մեռելների ժողովուրդը կը թողնի՞, որ մեռնեմ: Հա՛ց տուր:
ՆԱԶԷ
— Սատկի՛ր, չկա՛յ:
ՅՈՎՆԱՆ (Լացով)
Աշխարհքի՜ աղքատներ, ողորմութի՜ւն արէք Մեծատուն Յովնանին: Սովա՛ծ շներ, ինչպէս չէ՞ք սատկում… (Գլուխը ծեծելով) Վա՜խ, Յովնա՜ն, Յովնա՜ն, Յովնա՜ն, ի՞նչ եմ դառել ես, ի՞նչ եմ դառել ես: Խի՜ղճ ունեցիր մի քիչ, անխի՛ղճ. ես է՜լ մի ժամանակ մարդ էի, իմ երեսին է՜լ Աստծու պատկեր կար: Հիմի էլ, որ ոտնատակի ցեխ եմ, էլի՜, էլի՜ մի բան եմ: Կատաղա՜ծ Աստուած, հանդարտուի՜ր մի քիչ: Մի՞թէ յետին մի գութ չպիտի պահած լինես ինձ համար: Լսելիքիդ մի կողմը չպէ՞տք է բաց լինի` լսելու իմ գանգատները… Ի՞նչ եմ դառել ես, ի՞նչ եմ դառել ես: Դա՛տ արա ինձ, Աստուա՛ծ: Ե՛կ` ես դատ անեմ քեզ: Չէ՞ որ իմ ձեռքը քո ձեռքն էր: Չէ՜ որ` եթէ ե՛ս կամեցայ, դո՛ւ կամեցար: Չէ՛ որ` վե՜րջը, վե՜րջը ես արդար եմ:
ՆԱԶԷ
Գոնէ մի՛ կատաղեցնի ինձ, թո՛ղ անօրէն խօսքերդ:
ՅՈՎՆԱՆ
Պիտի խօսեմ: (Գոռում է): Պիտի գոռամ: Ես արդար եմ:
ՆԱԶԷ
Արդարը իր հարազատներին չէր սպանի:
ՅՈՎՆԱՆ (Լալահառաչ)
Ե՛ս չարի, Աստուա՛ծ արեց: Եթէ չուզէր, կը բռնէր ձեռս: Կեանքի կամքն էլ նա է, կարողն էլ նա է, սէրն էլ նա է, երկիւղն էլ նա է: Ճշմարիտն եմ ասում, ես արդար եմ, քանի որ ես Աստուած չեմ:
ՆԱԶԷ (Ցատկելով տեղից` յարձակւում է Յովնանի վրայ եւ նրան քշում):
Կորի՛ր, անզգա՛մ մարդ:
ՅՈՎՆԱՆ (Լալահառաչ)
Ո՞ւր կորչեմ, ես ամէն տեղ էլ կորած եմ:
ՀԻՒԱՆԴ ԿԻՆ (Լացով)
Տղաս մեռա՜ւ, հեռացէ՜ք քովէս, Աստծո՜ւ սիրուն:
ՅՈՎՆԱՆ
Սո՜ւտ է լացդ` իմիս պէս: Քանի՞ հաւ ես մորթել ձեռքովդ: Նրանք էլ քեզ նման գոռում էին` Աստծո՜ւ սիրուն: Ազգե՛ր ու ցեղե՛ր, իրար էք մորթում ու գոռում` Աստծո՜ւ սիրուն: Յիմարնե՜ր… ի՞նչ հողը տայ Աստուած գլխին: (Ուղղուելովնստած տեղում եւ ձեռքի աւազը թափ տալով) Է՜հ, Աստուա՛ծ, Դու էլ չգիտես` ինչ անես: Թո՜ղ, քո բանը չէ աշխարհ կառավարելը: (Վեր կենալով ու մի քայլ փոխելով) Օ՜ֆ, խելքս պիտի կորցնեմ:

     Յովնանը յանկարծ մօտենում է Հայկին եւ նրա գլխատակից հացը խլում: Նազէն, վեր ցատկելով եւ Յովնանին խփելով, խլում է հացը ձեռից:

ՆԱԶԷ
Ցա՛ւս կեր:
ՅՈՎՆԱՆ (Բռունցքները դէպի երկինք ուղղած, խելագար կատաղութեամբ)
Է-հէ՜, դո՛ւրս կորիր այդտեղից, դո՛ւրս կորիր այդտեղից: Վռնտեցէ՛ք դրան, թող չքանայ այդ ցնդածը:
ՀԵՐԻՔ (Առաջ գալով դէպի հայրը)
Հայրի՜կ, հայրի՜կ…
ՅՈՎՆԱՆ (Լացով)
Աստուած կատաղել է , Հերի՜ք: Աստուած խենթացել է, Հերի՜ք:
ՀԵՐԻՔ
— Երթանք, հայրի՛կ, ես հաց կը գտնեմ:
ՅՈՎՆԱՆ
Մա՜հ գտիր… երկա՜ր քաշեց այս մահը: (Մօտենալով Հայկին) Ներիր, տղա՜ս, ձեր Յովնանը վաղուց գետնի տակն է: (Յովնանը հեռանում է դէպի աջ: Հերիքը հետեւում է նրան: Նազէն եւ միւսները պառկում են: Լռութիւն ամէնուրեք: Ձախակողմից երեւում են Հասան պէյի հիւրերը` զանազան պաշտօնեաներ եւ անձեր, որոնք զբօսնելով գալիս են դէպի վրանը):
Ա. ՀԻՒՐ
Անհամութիւն արեց Ֆայիկը: Յովնանի հարսին ու աղջկան փախցրեց:
ՀԻՒՐԵՐ
Փախցրե՞ց: Յետո՞յ:
Ա. ՀԻՒՐ
Յետոյ ի՞նչ: Բռնուեց: Հասան պէյը զինուորական դատի տուեց, յետ ճամբեց: Ամբաստանել էր, թէ դաւաճան է, ճամբին կարաւանից գերիներ է փախցրել: Պատճառը, ի հարկէ, ուրիշ էր, ուզում էր աղջիկը ձեռից խլել:
Բ. ՀԻՒՐ
Բա ի՞նչ եղան Յովնանի հարսն ու աղջիկը:
Գ. ՀԻՒՐ
Հարսը իրեն դեղեց` մեռաւ, իսկ աղջիկը փախած է: Չկայ: Հնարաւոր է` հօր հետ եկած կը լինի: Ախր ճամբին կարաւանը խառնուեց:
Բ. ՀԻՒՐ
Հօր հե՞տ… սիրո՞ւն է:
Գ. ՀԻՒՐ
Շա՜տ սիրուն է:
Բ. ՀԻՒՐ
Ասում են` հարսն էլ շատ սիրուն էր:
Ա. ՀԻՒՐ
Երկնքի կտոր:
Բ. ՀԻՒՐ (Նկատելով Յովնանին` մօտենում է)
Դո՞ւ ես Յովնանը:
ՅՈՎՆԱՆ (Աւազի հետ խաղալով, հայեացքը գետնին)
Ես եմ: (Աւազը վերցնում է, մատների արանքով թափում: Ուղղուելով) Ես եմ Յովնան Մեծատունը, ժամանակով պարէի խաղում ոսկիներիս վրայ, հիմի ոսկիներս աւազ են դարձել:
Բ. ՀԻՒՐ
Էս խենթի մէջ ճշմարտութիւն կայ:
Գ. ՀԻՒՐ
Եթէ ճշմարտութիւնը խենթութիւն է, ասածդ ճշմարիտ է:
ՅՈՎՆԱՆ
Ամէն բան ճշմարիտ է:
Բ. ՀԻՒՐ
Դու է՛ն ասա, աղջիկ ունե՞ս:
ՅՈՎՆԱՆ
Երբ մարդ էի, ունէի: Հիմի մարդու անուն եմ:
Ա. ՀԻՒՐ
Հոգ մի՛ անի, Աստուած մեծ է:
ՅՈՎՆԱՆ
Աստուած մեռաւ, եւ ես նրան թաղեցի: Ահա Աստուած ինձ դատի է կանչում: Ո՞ւմ ես դատի կանչում… Յովնանի՞ն… Ես Յովնանի մոխիրն եմ:
Գ. ՀԻՒՐ
Ի՞նչ ես դուրս տալիս:
ՅՈՎՆԱՆ (Հայեացքը երկնքին)
Ի՞նձ ես դատում: Դու քե՛զ ես դատում: Դո՛ւ սպանեցիր զաւակիս: Ի՞նչ ես խէթ-խէթ նայում, մի՛ մօտենայ, թէ չէ եթէ Յովնանի ձեռն ընկնե՜ս…
Ա. ՀԻՒՐ (Խփելով Յովնանի գլխին)
Դէ՜…
ՅՈՎՆԱՆ
Զար՛կ, զա՛րկ Յովնանի գլխին. դա Աստծու ձեռն է:
Բ. ՀԻՒՐ
Թողէք, ջանը՛մ, խենթ է:
ՅՈՎՆԱՆ
Հազար խելք եմ մաշել, մինչեւ որ խենթացել եմ: (Հիւրերը ծիծաղում են): Ինձ ո՞ւր էք խփում, գնացէք աշխարհքն այսպէս ստեղծողին խփեցէք: Ես մեռելաթաղ եմ: Դուք մեռցրէք` ես թաղեմ: Չմեռցնէք էլ` վնաս չունի, քանի որ ամէն բան մեռած է: Ես թաղեցի պրծայ, ես թեթեւ եմ, պար եմ խաղում:
Ա. ՀԻՒՐ
Գլո՞ւխդ է աւելի թեթեւ, թէ՞ ոտներդ:
ՅՈՎՆԱՆ
Երկուսն էլ թեթեւ են:
Ա. ՀԻՒՐ
Ի՞նչիցն է:
ՅՈՎՆԱՆ
Բեռս կողոպտել են, շորե՜րս…
Ա. ՀԻՒՐ
— Շորե՞րդ:
ՅՈՎՆԱՆ
Աշխարհքի հոգսե՜րը… Ես էլ էի հագել պատիւ, ազնուութիւն, սրբութիւն: Աւազակները հանեցին վրայիցս: Հիմի վերից վար մաքուր եմ:
ՀԻՒՐԵՐ (Ծիծաղելով)
Հա՞:
ՅՈՎՆԱՆ
Մերկ եմ, պէյեր, մօրո՜ւթ մերկ: Թեթեւ եմ քամու պէս:
ՀԻՒՐԵՐ (Ծիծաղելով)
Դրա համար էլ քէ՞ֆ ես անում:
ՅՈՎՆԱՆ
Քէֆ եմ անում: Դուք էլ քէֆ արէք, վառեցէք, վերջացրէք աշխարհքը: Էս մէկը չեղաւ, նորը շինենք:
Գ. ՀԻՒՐ
Դու է՞լ պիտի աշխարհք շինես:
ՅՈՎՆԱՆ
Ե՛ս էլ: Դրա համար եմ ուզում կենդանի մնամ: (Աղաչանքով) Ազնի՜ւ պէյեր, ինձ ընդունեցէք ձեր այս պոռնկանոցի ծառայ: Սրանից ազնիւ տեղ աշխարհքում չկայ:
ՀԻՒՐԵՐ
Օհօ՜…
Ա. ՀԻՒՐ
Որ ընդունենք, ի՞նչ կ’անես:
ՅՈՎՆԱՆ
Ամէ՜ն բան, ամէնքիդ կը ծառայեմ, կը զուարճացնեմ:
Ա. ՀԻՒՐ
Կը զուարճացնե՞ս, կարող ե՞ս:
ՅՈՎՆԱՆ
Ի՞նչ անեմ, որ չզուարճացնեմ: Էլ ոչինչ չունեմ կորցնելու: Մի աշխարհք ունէի, թաղեցի, պրծաւ-գնաց: (Յուզուելով) Ամէնքիդ կը զուարճացնեմ, ամէնքիդ կը սիրեմ, ամէն բան կ’անեմ: Չէ՞ որ ես ատելութիւնն էլ կորցրել եմ: Ես ամէն բան եմ կորցրել: Պէյե՜ր, ինձ կեանքն է պէտք, ձեր սէրն ու ատելութիւնը` ձե՜զ: Կեա՛նքս տուէք ինձ:
Գ. ՀԻՒՐ
Դէ գնա՛ աղջիկդ բեր:
ՅՈՎՆԱՆ
Աղջիկս բերե՞մ: Լա՛ւ: (Ուզում է վեր կենալ, բայց միտքը փոխում է): Չէ՛, լաւ է պահեմ` Ֆայիկին տամ. Ֆայիկը լաւ տղայ է… Ասենք` նրա ազնուութիւնից ի՞նչ օգուտ: Կը պահեմ Հասան պէյի համար: Թէ Հասան պէյն էլ չգայ ու… Չէ՛, ձե՛զ տամ, նաղտը դուք էք: Հաշիւը կարծեմ շիտակ է:

     Յովնանն ուզում է վեր կենալ: Հիւրերը ծիծաղում են:

Գ. ՀԻՒՐ
Չէ՜, հաշիւը խառնեցիր:
ՅՈՎՆԱՆ
Չխառնեցի՜: (Ձախակողմից երեւում է Հասան պէյը` մի քանի պաշտօնեայի հետ: Նա եւ իր ընկերները մի փոքր գինով են: Յովնանը վեր է կենում ու կուզէկուզ մօտենում Հասան պէյին): Հասա՛ն պէյ, Հասա՛ն պէյ, ի՞նչ բաներ կան աշխարհքում:
ՀԱՍԱՆ ՊԷՅ
Յովնան էֆէնտի՞, դո՞ւ ես, չճանաչեցի:
ՅՈՎՆԱՆ
Ե՜ս եմ, պէ՛յ, ո՜ւր ենք հասել, ի՜նչ խորունկ աշխարհք է:
ՀԱՍԱՆ ՊԷՅ
Աստծու գործն է: Մեր ձեռը ոչինչ չկայ:

     Հասան պէյը ուզում է մտնել վրանը:

ՅՈՎՆԱՆ
Հասա՛ն պէյ, խոստո՛ւմդ…
ՀԱՍԱՆ ՊԷՅ
Ի՞նչ խոստում:
ՅՈՎՆԱՆ
Աղջիկս պիտի առնէիր: Խօսք ես տուել:
ՀԱՍԱՆ ՊԷՅ
Հա՞, ո՞ւր է, մօ՞տդ է, բե՛ր:
ՅՈՎՆԱՆ
Ազատուեցի՜, ազատուեցի՜:

     Յովնանը վազում է դէպի աջ կողմը` Հերիքին որոնելու: Աջ կողմում ոչ ոք չկայ, բացի Նազէից, Ջնդոյից եւ Զարդարից, որ պառկած քնած են: Յովնանը վազում է դէպի ձախ եւ կորչում վրանի յետեւում:

ՀԱՍԱՆ ՊԷՅ
Է՛հ, ամէն ժամ իր ուրախութիւնն ունի: Համեցէք, պէյե՛ր, նստեցէք քէֆ անենք:

     Հիւրերը նշանացի շնորհակալութիւն են յայտնում եւ նստում վրանի բարձերին:

Բ. ՀԻՒՐ
Ինչպէս տեսնում եմ` միշտ քէֆի մէջ էք:
Դ. ՀԻՒՐ
Լա՜ւ կարաւանով եկանք:
Բ. ՀԻՒՐ
Է՜հ, քէֆից չէ՞ք յոգնում:
Դ. ՀԻՒՐ
Է՛, էֆէնտի՛, որ յոգնում ենք` քէֆ ենք անում, որ հանգստանանք:
ՀԱՍԱՆ ՊԷՅ
Ընկել ենք քէֆի ծովն ու լողում ենք, ի՞նչ յոգնել: (Քոնեակ վերցնելով եւ հրամցնելով հիւրերին) Քոնեակ վերցրէք, էֆէնտինե՛ր, խիղճս տանջում է: Չզարմանաք, Աստուա՛ծ վկայ, ինչ որ ճիշդ է, ճիշդ է: Վախենում եմ, որ այս քէֆի մէջ մեղք ու անէծք լինի… Զօրում են, ախպէ՛րս, զօրում են… քէ՛ֆ պիտի անես:
Բ. ՀԻՒՐ
Է՛հ, շատ էլ, բայց Աստուած վկայ, ճշմարիտն եմ ասում, խղճմտանքս ասում է, որ խիստ ենք վարւում գերիների հետ:
ՀԱՍԱՆ ՊԷՅ
Զօրում են, ասում եմ, զօրում: Ո՞վ է խիստ վարւում: Ե՞ս ինչ ունեմ մէջը: Ես ո՞վ… Նստած էինք միամիտ, եկան մի օր, ասին` իրաւունք է, արէք ինչ որ սրտներդ ուզում է: Ահա ձեզ կայք, բարիք, ոսկի, աղջիկներ: Բա՜… վա՜յ ձեր հօր գերեզմանը: Սրտին կ’ասե՞ն, թէ ինչ ես ուզում: Մարդ կը դիմանա՞յ:
ՀԻՒՐԵՐ
Դժուար է:
ՀԱՍԱՆ ՊԷՅ
Հասկանո՞ւմ էք, ասում են` իրաւունք է, քէֆ արէք, ոնց որ ուզէք` անսա՜նձ, անվե՜րջ… Մէկ էլ տեսար` շուրջդ կրակների պէս բոցկլտացին գեղուհիներ` մէկը ոսկեհեր հրդեհ, մէկը մրայօն գիշեր, մէկը կապտաչեայ ծով… Վերջացա՞ւ, էլի կան գեղուհիներ… նորի՜ց գեղուհիներ, նորի՜ց գեղուհիներ…
ՀԻՒՐԵՐ
Խենթացնո՜ղ բան:
ՀԱՍԱՆ ՊԷՅ
Հա՜… եւ կրքի ծով, կրակի հեղեղ, ջեննեթ, ջեհենեմ… Աչքերդ շաղւում են, միտքդ մոռանում է ամէն բան, կեանքը դառնում է մէկ վայրկեան: (Քոնեակ վերցնելով) Քէ՛ֆ արէք, մէկ վայրկեան է կեանքը, մնացածը փուճ է ու մոռացում: Սա հեքիաթ է, իրականութիւն չէ: Հրաշք է, որ հեքիաթի մէջ է լինում: Հրաշք է, բայց ահա առջեւդ է, կատարւում է: Հաշուէք` աղջիկնե՜ր, աղջիկնե՜ր, աղջիկնե՜ր… Այս տեսակ հրաշք մի անգամ եղաւ: Էլ չի լինելու ո՛չ մեր կեանքում, ո՛չ աշխարհքի կեանքում: Սիրտդ ինչպէ՞ս դիմանայ: Առիթ է, էֆէնտինե՛ր, առիթը բաց մի՛ թողէք, կեանքը մէկ անգամ է, երկու չէ՜: Քէ՛ֆ արէք, ածողներին կանչեցէք ներս: (Ներս են մտնում արաբական երաժիշտներ` սրնգահար, դափ ածողներ, եւ սկսում են նուագել): Խմե՜մ, խմե՜մ, խմե՜մ ու չյագենամ: Բերէ՜ք…
ՀԻՒՐԵՐ
— Ի՞նչ բերենք, բէ՛յ:
ՀԱՍԱՆ ՊԷՅ
Բերե՜ք, «չգիտեմ ինչ» բերէք: Չգիտեմ` ինչ եմ ուզում: Բերէ՜ք, աշխա՜րհք բերէք` գցեմ ոտներիս տակ:
Բ. ՀԻՒՐ
Սրա մէջ փորձանք կայ:
ՀԱՍԱՆ ՊԷՅ
Իմ քէֆն է մարդու իրաւունքը… ինչ ուզեմ` կ’անեմ: Բերէ՜ք:
ՀԻՒՐԵՐ (Վախեցած)
— Է՞:
ՀԱՍԱՆ
ՊԷՅ (Մոլուցքի մէջ)
Աստուած պար կը խաղացնեմ: Բերէ՜ք:
Բ. ՀԻՒՐ
Մեղք ու անէծք կայ սրա մէջ, Աստուա՛ծ վկայ:
ՀԱՍԱՆ ՊԷՅ
Մեղք ու անէծքը նրանց, ովքեր իմ սանձը բաց թողին: Իմ քէֆն է հիմա… Քշում եմ ձիերս… փախէ՜ք… (Հիւրերի ակնածանքը նկատելով) Հա՛, վախենո՞ւմ էք: (Ծիծաղում է): Հա՛, հա՛, հա՛, Աստուած պարել կը տամ: Ապա՜: Աստուած մարդուն եղանք չտայ, որ գետինը բռնի, որ տուեց` վա՛յ դիմացիններին: (Վերցնում է գինու շիշը եւ պարպում): Պիտի խմեմ, խմեմ այս խենթ քէֆի գինին:
ՀԻՒՐԵՐ
Կը վնասուես, պէ՛յ:
ՀԱՍԱՆ ՊԷՅ (Երերալով եւ դէմքը ծամածռելով, վայր ընկնելու պէս)
Վնասուած եմ, հալուած եմ, ծերուած այս թոյնից:
ՀԻՒՐԵՐ (Վրայ վազելով` բռնում են նրան):
Պէ՛յ, վա՞տ ես, հանգստացիր:
ՀԱՍԱՆ ՊԷՅ (Խեղդուած, խռպոտ եւ դառն)
Անէծք` ով ինձ իրաւունք տուեց: Պիտի խեղդուեմ այս կրքի ծովի մէջ: Մի ճար արէք, ազատեցէք:
ՀԻՒՐԵՐ
Նստիր, պէ՛յ: (Նստեցնում են թախտին): Հանգստացիր:
ՀԱՍԱՆ ՊԷՅ (Խռպոտ,վայրենի ծիծաղով)
Ճա՜ր արէք: Ո՞վ կարող է ճար անել ինձ, ես եմ իմ թշնամին:
ՀԻՒՐԵՐ
Ջանդ խնայիր, պէ՛յ:
ՀԱՍԱՆ ՊԷՅ
Չեմ մեռնի: Քաղցր է անսահման քէֆը… քաշո՜ւմ է, քաշո՜ւմ է, քաշո՜ւմ: Դու էլ գնում ես ու խեղդւում: Քանի խմում եմ սիրոյ կրակը, սիրտս աւելի՜-աւելի է կատաղում: Մէկ գեղուհին կրակ է, շատ գեղուհիները` հրդեհ: Հրդեհ գցեմ, հրդեհ գցեմ, գեղուհինե՜ր, որ սիրտս վառուի ու կատաղի:
ՀԻՒՐԵՐ (Զուարճանալով)
— Այ-հա՜յ, լա՜ւ ասիր:

     Ձախից ներս են գալիս նուագածուներ` սրնգահար եւ դափ ածողներ: Նուագում են:

ՀԱՍԱՆ ՊԷՅ (Ձեռը գցում է կոնեակի շշին ու խփում յատակին)
Բերէ՜ք, գեղուհինե՜ր բերէք, գեղուհիների հրդեհ պիտի գցեմ: Չաւո՜ւշ: (Չաւուշը ներս է գալիս): Գնա՛ գեղուհիներին բեր: Միւսներին էլ կանչիր` գնան կարաւանի մէջ որոնեն:

Չաւուշը գնում է: Ձախից առաջ է գալիս Հերիքը, որի յետեւից վազում է Յովնանը:

ՀԵՐԻՔ/ՅՈՎՆԱՆին
Հայրի՛կ, հայրի՛կ, թո՛ղ, Աստծու՛ սիրուն, թո՛ղ:
ՅՈՎՆԱՆ
Գնա՛:
ՀԵՐԻՔ
Հայրի՛կ, պոռնկանո՞ց գնամ:
ՅՈՎՆԱՆ
Պոռնկանոց չկայ: Աշխարհքը պոռնկանոց է: Գնա՛, որ ազատուենք:
ՀԵՐԻՔ (Դառնագին արցունքները խեղդելով)
Օ՜ֆ, պոռնկանոց գնամ, որ ազատուէ՞ք: Դո՛ւք ազատուէք: Ապա ես չպիտի՞ ազատուեմ, ի՞նչ եմ ես, շո՛ւն եմ:
ՅՈՎՆԱՆ
Գնա՛, ի՞նչդ պիտի կորցնես, որ վախենում ես… կեա՞նքդ, պատի՞ւդ… Մոռացի՛ր, սեւ փարա չարժեն:
ՆԱԶԷ (Պառկած տեղից կիսով չափ բարձրանալով` նորից ընկնելում է գետնին ու ճանկռոտում աւազը)
Ամա՜ն, ազատեցէ՜ք: (Մի կողմ մրափող Ջնդոյին եւ Զարդարին)։ Դուք Աստուած չունէ՞ք, դուք մարդ չէ՞ք:
ՋՆԴՕ (Զարթնելով` վեր է կենում եւ մօտենում Նազէին): Հա՛, ի՞նչ կայ:
ՆԱԶԷ
Հիմի էլ աղջիկն է ղրկում պոռնկանոց:
ՋՆԴՕ (Հեռանալով իր տեղը`պառկում է)
Ը՜, ես էլ ասի` բան է ասում:
ԶԱՐԴԱՐ (Որ զարթնել էր միայն եւ դիտում էր)
Ա՜խ, էս աղտոտ կեանքն ինչո՞ւ էսքան անուշացաւ:
ՋՆԴՕ (Յովնանին)
Գո՛ղ շուն, ուզում ես ծլկե՞լ:
ՅՈՎՆԱՆ
Գնա՛ մեռելդ թաղիր: (Հերիքի թեւից ձգելով)։ Գնանք:
ՀԵՐԻՔ
Հայրի՛կ, տե՛ս, էնպէս բան կ՚անեմ, որ անձդ փորձանքի կը գայ: Մե՛ղք ես, թո՛ղ:
ՅՈՎՆԱՆ
Գնանք, ասում եմ: (Հերիքը դիմադրում է: Յովնանը կանչում է զապտիաներին): Եկէք սրան տարէք, սա հոգիս հանեց:

     Զապտիաները մօտենում են եւ բռնում Հերիքին: Նազէն, վեր թռչելով, մօտենում է, որ օգնի Հերիքին:

ՆԱԶԷ
Թողէ՛ք:
ՅՈՎՆԱՆ (Նազէին)
Քաշուի՛ր, անզգա՛մ:

     Զապտիաներից մէկը բռնում է Նազէին, միւսը Յովնանի յետ քաշում է Հերիքին դէպի վրանը: Հերիքը դիմադրում է, բայց նրան տանում են վրանը:

ՆԱԶԷ
Ամա՜ն, օգնեցէ՜ք, տարա՜ւ, էս մէ՜կն էլ տարաւ:

     Նազէն գնում է Հերիքի յետեւից, բայց զապտիան նրան յետ է մղում: Նազէն ընկնում է երեսի վրայ եւ մնում այդ դիրքում:

ՋՆԴՕ
Սրանք իրենց կեանքն ազատեցին, մենք մնացինք դրսի շուն: Մի կտոր հաց տային, մնացածը` ջհանդամը:
ԶԱՊՏԻԱ (Պառկածներին)
Դէ՛ , քաշուեցէ՛ք:

     Նազէն, Ջնդօն եւ Զարդարը քաշւում են դէպի աջ եւ դուրս ելնում:

ՅՈՎՆԱՆ (Վրանում)
Ահա՛, Հասա՛ն պէյ, ահա՛ քո պահուստը:
ՀԱՍԱՆ ՊԷՅ (Զննելով Հերիքին)
Ուշացել ես, Յովնա՛ն էֆէնտի, թառամել է վարդը:
ՅՈՎՆԱՆ (Սարսափած)
Ուշացե՜լ եմ… կեանքի՜ց ուշացել եմ:
Բ. ՀԻՒՐ (Ուզելով օգնել Յովնանին)
Տա՛ր աղջիկը, տա՛ր:
ՅՈՎՆԱՆ
Ամէն բան այսպէս փտա՞ծ պիտի լինի: Ինչ բանի ձեռ եմ գցում, չոթռում է, պատռւում: Ի՞նչ ծախեմ հիմի, ի՞նչը գին ունի, որ ծախեմ: Աստուած փարայ չարժէ:
Բ. ՀԻՒՐ
Տա՛ր սրան, տա՛ր:
Ա. ՀԻՒՐ
Չէ՛, սպասի՛ր, կարծեմ` գէշը չէ: Բեր, ես կ՚առնեմ:
ՅՈՎՆԱՆ
— (Ուրախացած) Հա՞, բերե՞մ: Կ՚ազատե՞ս:
Ա. ՀԻՒՐ (Միւսներին աչքով անելով)
Կ՚ազատեմ:
ՅՈՎՆԱՆ
Դէ՛, աղջի՛կս, գնա՛: Կ՚ազատի:
ՀԵՐԻՔ (Ընդդիմանալով)
Թո՛ղ հայրիկ: Տե՛ս, խաբում է, չի ազատի, թո՛ղ:
ՅՈՎՆԱՆ
Գնա՛:
ՀԵՐԻՔ
Ա՜խ, հայրի՛կ, ի՞նչ ես դառել: Մեղք ես, թո՛ղ:
Ա. ՀԻՒՐ (Զապտիային)
Տար այս աղջիկը միւսների մօտ: (Զապտիան Հերիքին զօրով տանում է դէպի ձախ: Յովնանին) Դէ՛, դու էլ քաշուիր:
ՅՈՎՆԱՆ
Պէ՜յ… (Զապտիան Յովնանին հրում է դուրս: Սա ընդդիմանում է): Պէյե՜ր, պէյե՜ր… գեղեցիկ աղջիկներ կը բերեմ ձեզ համար…
Գ. ՀԻՒՐ (Առաջ գալով)
Կարո՞ղ ես…
ՅՈՎՆԱՆ
Արար աշխարհք կը հաւաքեմ, կը բերեմ: Խնայեցէ՜ք խեղճ ծերուկիս:
ՀԻՒՐԵՐ
Դէ՜ գնա՛ բեր:
ՅՈՎՆԱՆ
Հա՜, բախտս բանեց: (Վազում է դէպի դուրս): Ա՛յդ ասէք, դա ի՛մ բանն է:
ՉԱՒՈՒՇ
(Զապտիային) Վրանի թեւը իջեցնենք, արեւը թեքուեց:Երկուսով իջեցնում են վրանի թեւն այնպէս, որ այլեւս ոչինչ չի երեւում: Միայն երբեմն լսւում է սրնգահարի եւ դափ ածողի նուագը: Գերիները կամաց-կամաց վերադառնում են իրենց նախկին տեղը: Երեւում է Յովնանը, նրա յետեւից` Նազէն, Ջնդօն, Զարդարը, Եղօն, Սահակը:
ՆԱԶԷ (Յովնանին)
Տարա՞ր, շո՛ւն, տարա՞ր, կշտացա՞ր:
ՅՈՎՆԱՆ
Տարայ եւ էլի կը տանեմ:
ՆԱԶԷ
Կը տանե՜ս, շո՛ւն, կը տանե՜ս:
ՅՈՎՆԱՆ
Կը տանեմ ու կը բարձրանամ:
ՆԱԶԷ
Դո՞ւ, շո՛ւն, դո՞ւ պիտի բարձրանաս…
ՅՈՎՆԱՆ
Շատ պիտի բարձրանամ: Ամէնքից վեր պիտի նստեմ: Ապա ինչո՞ւ ընկայ, որ չպիտի բարձրանամ: Կեցիր` գնամ դատի՜…
ՆԱԶԷ
Կը գնա՜ս… սատկածդ պիտի տեսնեմ էգուց… կը գնա՜ս…
ՅՈՎՆԱՆ
Աստուած երկնքից վար կ՚իջեցնեմ, դատի կը քաշեմ: Ինձ նայի՛ր. ամէն բան ծախեցի, քեզ էլ կը ծախեմ, կը բարձրանա՜մ:
ՆԱԶԷ
(Ձայնը ատամների մէջ խեղդելով, չար) Կը ծախե՜ս, ամէ՛ն բան կը ծախես:
ՅՈՎՆԱՆ
Աստուա՛ծ կը ծախեմ, կը բարձրանամ: (Որոնելով գերիների մէջ) Բերէ՛ք, ո՞ւր են աղջիկները: Վերեւում ուզում են:
ԲՈԼՈՐԸ (Խլրտում)
Դէ՜… Դէ՜… մարդ չե՞ս, ազնուութիւն չունե՞ս:
ՅՈՎՆԱՆ
Թքեցէ՛ք, ոչնչացրէ՛ք… Էլ չկայ հին մարդկութիւնը, մեռա՜ւ, փտե՜ց: Բերէ՛ք աղջիկները: Տեսէք` սրբութիւն չկա՜յ, փտե՜ց: Տեսէք՝ ի՜նչ քէֆ է չորս դին: Թաղում են աշխարհը: (Վրանից լսւում են ծափի, սրնգի, դափի ձայներ` հռհռոցի հետ): Թաղեցէ՜ք, այդպէ՜ս թաղեցէք ամէն ինչ… դուք` այդտեղ, սրանք` այստեղ: Ոչինչ չմնաց, մէկ էք բոլորդ` աղա, ծառայ, մաքուր, աղտոտ, խորթ, հարազատ… բոլորդ էլ ինձ պէս էք` խնճոյքից վռնտուած կամ խնճոյքից վռնտուելիք քոսոտ շուն: Հա՛, հա՛, հա՛, հա՛: Վե՛րջ, վե՛րջ, վե՛րջ… Բերէ՛ք աղջիկները:
ՁԱՅՆԵՐ
Աստուած անիծի քեզ:
ՅՈՎՆԱՆ (Պարելով այս ու այն կողմ է վազում, պրպտում: Ապա կանգ է առնում):
Ազնուութի՞ւն էք պահում: Վերջացրէ՛ք: Ի՞նչ էք կորցնելու: Ոչի՛նչ, ոչի՛նչ, ոչի՛նչ: Եկէք ինձ հետ, ես նոր աշխարհք եմ գտել, նոր մարդկութիւն, նոր Աստուած: Եկէք գնանք նրա մօտ, եւ դուք կը տեսնէք արդարութիւնը` կայծակ ու փոթորիկ:
ԵՂՕ
Էդպիսի Աստուած չկայ:
ՅՈՎՆԱՆ
Լինել կը տամ, մէջը կ՚անիծեմ:
ՋՆԴՕ
Գնա քեզ պէս խենթերին ճանաչել տուր էդ Աստուածդ:
ՅՈՎՆԱՆ
Այն ժամանակ` սատկեցէք… մէկի տեղ` միլիոն: Իմ Աստուածը չկա՞յ, ապա ո՞վ պիտի ասի, որ Յովնանն արդար էր: (Լացակումելով) Նա՛ պիտի ասի, որ ես արդար եմ: Հա՛, հա՛… թէ չէ ձեր Աստուածն ու արդարութիւնը դէն ածելու աղբ են:
ՁԱՅՆԵՐ
Դէ՜…
ՋՆԴՕ
Դու ի՞նչ շուն ես` Աստծու դէմ հաջում ես:
ՅՈՎՆԱՆ
Սատկելի՛քդ սատկիր: Տեսանք` ուր հասցրեց ձեր Աստուածը: (Ցոյց տալով ամբոխը) Ահա՛, կերէ՛ք ձեր Աստուածը:
ՁԱՅՆԵՐ
Դէ հերի՛ք եղաւ, անզգա՛մ:

     Ամբոխը վեր է կենում եւ հաւաքւում Յովնանի շուրջը:

ՋՆԴՕ
Ինչո՞ւ ես կատաղել, ինչո՞ւ ես հայհոյում:
ՅՈՎՆԱՆ
Շան պէս կը բռնեմ քո այդ Աստծու բկից ու կը խեղդեմ:
ՋՆԴՕ
Ծօ՛, զարկէ՛ք էս շանը: (Վերցնելով մի քար եւ յարձակուելով Յովնանի վրայ) Անհաւա՛տ մարդ:
ՆԱԶԷ
Ամա՛ն, զարկէ՛ք, ազատեցէ՛ք ինձ էդ Աստծու ցասումից:
ՅՈՎՆԱՆ
Աստուած` անարդար, մարդն` արդարացի: (Ամբոխը քարեր է նետում եւ յարձակւում Յովնանի վրայ, որ յետ-յետ է գնում): Չէք մեռցնի, բոլորդ կը մեռնէք, ես կը մնամ:
ԶԱՐԴԱՐ
Թողէ՛ք, խենթ է:
ՋՆԴՕ
Զարկէ՛ք:
ՅՈՎՆԱՆ
Ո՞ւմ էք քարկոծում, ձե՜զ էք քարկոծում, ձեր անարդար Աստծո՜ւն, ողորմելինե՛ր:

     Վրանից անհանգիստ ձայներ են լսւում: Լսւում է ատրճանակի կրակոց: Ամբոխը քարերը վայր է թափում եւ կարկամում: Ձախ կողմից ջարդարարներն ու գերիները լցւում է վրան:

ՁԱՅՆԵՐ (Ձախից)
Բռնեցէ՛ք, բռնեցէ՛ք:

     Ներս է ընկնում Հերիքը` ատրճանակը ձեռքին: Նա կատաղի աչքեր ունի, հերարձակ է, զգեստը պատառոտած:

ՆԱԶԷ (Դէմ վազելով)
Ամա՜ն, ի՞նչ է…
ՀԵՐԻՔ (Խուլ)
Բան չկայ… (Շփոթուած է, տեղ է որոնում բեռների մէջ) Զարկի շանը:
ՆԱԶԷ
Պէյի՞ն:
ՀԵՐԻՔ
Զարկի՛…

     րիքը շփոթուած դես ու դէն է նայում, ուզում է մտնել մի բեռան տակ: Ատրճանակը վայր է գցում:

ՅՈՎՆԱՆ (Քշելով Հերիքին)
Հեռացի՛ր մեզանից:
ՋՆԴՕ (Արգելելով Հերիքին)
Կորի՛ր, անզգա՛մ:
ՍԱՀԱԿ, ԶԱՐԴԱՐ, ԵՂՕ
— Գնա՛, հեռացի՛ր…
Ա. ԶԱՊՏԻԱ (Աջ կողմից ներս մտնելով եւ հեռւում` խմբերի մէջ որոնելով) Ո՞ւր է շան աղջիկը:
Բ. ԶԱՊՏԻԱ
— Էստե՛ղ փախաւ:

     Ա. Զապտիան վազում է նրա յետեւից, ջարդարար ամբոխ է լցւում աջ կողմից: Բ. Զապտիան մօտենում է Նազէին:

ՆԱԶԷ (Իրեն մօտեցող Բ. Զապտիային)
Էստեղ աղջիկ չկա՛յ:
Ա. ԶԱՊՏԻԱ (Հրելովնազէին)
— Սուտ էլ ես խօսո՞ւմ, անզգա՛մ… Ասին, որ էստեղ է… (Ամբոխին) Պէյին զարկող աղջկայ հօրը բռնեցէք:
ՋՆԴՕ
Էստեղ է:
ԱԲՐՕ (Հրելով Ջնդոյին)
Ձէնդ կտրի՛ր, շո՛ւն:

     Ամբոխը խառնւում է, որոնում են Յովնանին ու Նազէին:

ԱՄԲՈԽԻՑ ՄԷԿԸ (Դուրս քաշելով ամբոխի միջից Հերիքին)
Ա՛յ` որտեղ է, արի՛, ցո՛յց տուր ծնողքդ:
ԵՐԿՐՈՐԴԸ ԱՄԲՈԽԻՑ (Մօտենալով Յովնանին)
Դո՞ւ ես աղջկայ հայրը:
ՅՈՎՆԱՆ
Ո՛չ:
ԵՐՐՈՐԴԸ ԱՄԲՈԽԻՑ
Դո՛ւ ես: (Մտածելով) Ապա ո՞վ է սրա հայրը:
ԱԲՐՕ (Առաջ գալով)
Ե՛ս եմ…
ՉՈՐՐՈՐԴԸ ԱՄԲՈԽԻՑ
Թէ դու Յովնանն ես, Յովնանը թոռ ունի, ո՞ւր է թոռը: (Յովնանին) Ո՞ւր է Յովնանի թոռը:
ՅՈՎՆԱՆ (Ցոյց է տալիս Նազէի յետեւը թաքնուած Հայկին)
Ահա՛, այստե՛ղ է:
ԱՄԲՈԽԻՑ ՄԷԿԸ (Նազէի յետեւում թաքնուած Հայկին նկատելով)։
Ահա՛ տղան, բռնեցէ՛ք:
ԵՐԿՐՈՐԴԸ ԱՄԲՈԽԻՑ (Բռնում է Հայկին)
Զարկէ՛ք տղին:
ՀԱՅԿ (Ճչում է)
Մարէ՜…
ՋՆԴՕ (Որ չի կարողանում ճեղքել ամբոխը)
Աղա՛ զապտիա, ես ցոյց կը տամ իսկական հօրը:
ՅՈՎՆԱՆ (Բռնելով Ջնդոյին, որ առաջ չգնայ)
Կա՛ց:
Ա. ԶԱՊՏԻԱ (Նազէին)
Դո՞ւ ես աղջկան մայրը:
ՆԱԶԷ (Խիստ)
Ե՛ս եմ…. տղին ձեռ չտաք. ճամբին գտած որբ է, իմը չէ՛….
ԱՄԲՈԽԻՑ ՄԷԿԸ
Չորսին էլ մէջտեղ բերէք:

     Աբրոյին, Նազէին, Հերիքին եւ Հայկին քշում են առաջ: Հերիքը դիմադրում է, իսկ Նազէն աշխատում է իրենից պոկել Հայկին, որ սարսափած կպչում է նրան:

ԱՄԲՈԽԻՑ ՄԷԿԸ
Տարէ՛ք:
ԱՄԲՈԽԻՑ ԵՐԿՐՈՐԴԸ
Զարկէ՛ք:

     Լսւում են ատրճանակի ձայներ, եւ աղմուկը յանկարծ դադարում է: Լռութիւն:

ՅՈՎՆԱՆ (Այլայլուած փետում է մազերը, յետոյ փորձում ամբոխի կողմը անցնել, բայց սարսափահար կանգ է առնում) — Կացէ՛ք, կացէ՛ք, ե՛ս եմ հայրը…

     Յովնանը յետ է նայում:

ՋՆԴՕ (Բռնել է Ա. Զապտիայի ձեռքից եւ քաշում է դէպի Յովնանը)
Ա՛յ, սա՛ է այն անզգամի հայրը:Ամբոխ է խմբւում Յովնանի դէմ: Յովնանը սարսափահար նայում է զապտիային եւ Ջնդոյին:
ՅՈՎՆԱՆ
Դուք խենթացած Աստուած էք:
Ա. ԶԱՊՏԻԱ (Ամբոխին)
Մի կո՛ղմ քաշուէք…
Բ. ԶԱՊՏԻԱ (Ամբոխին քշում է մի կողմ եւ բացում մի շրջան, որում փռուած են անշունչ Նազէն, Հայկը, Հերիքը եւ Աբրօն: Դիմելով Յովնանին)
Դու սրանցը չե՞ս, անասո՛ւն:
ՅՈՎՆԱՆ (Սարսափած նայելով դիակներին)
Ե՜ս… (Կարկամում է եւ խելագար մոլուցքով չոքում Աբրոյի դիակի առջեւ: Ցոյց տալով դիակը) — Ահա այս մարդը դո՛ւ ես, Աստուա՛ծ… Քո արդարութեան առջեւ ես հող եմ եւ մոխիր…

Յովնանը կաթուածահար ընկնում է Աբրոյի դիակի վրայ:

Վարագոյր

Բնագիրը վերծանեց եւ հրատարակութեան պատրաստեց՝ Կարինէ Ռաֆայէլեան

ԾԸ. ՏԱՐԻ, 2019 ԹԻՒ 1