Վահան Իշխանեան

ԱԿՈՒԱՐԻՈՒՄԻ ՁՈՒԿԸ ԴԱՌԸ ԾՈՎՈՒՄ

Զրոյցը Մոնթրէալի L’AMÈRE À BOIRE PUBում։
Դաւիթ Մանդէլի Պետրոգրադի աշխատաւորները 1917 թուի յեղափոխութիւններում գրքի շնորհանդէսի ժամանակ է։

    ԱՅՈ, սոցիալիզմի ժամանակ մարդիկ հարստութեան յետեւից չէին վազում, նրանց այլ բաներ էին հետաքրքրում,- ասում է Լիւդմիլան։

    – Բայց Սովետը սոցիալիստական չէր,- առաջին անգամ միջամտեց Եւան։

    Լիւդմիլան հարցական նայեց։

    – Այո, սոցիալիզմի արդիւնքը պիտի լինէր իշխող դասակարգի վերացումը։ Պետութիւնը ստեղծուել ա իշխող դասակարգի շահերը պարտադրելու համար, ուրեմն, սոցիալիզմի արդիւնքում վերանում է նաեւ պետութիւնը։ Մարքսիզմն է ասում, որ երբ դասակարգերը վերանում են, ժողովրդավարութիւնը այնքան է խորանում, մասսաների մասնակցութիւնը այնքան է շատանում, որ ինքնըստինքեան պետութեան կարիք էլ չի լինում։ Հոկտեմբերեան յեղափոխութեան առաջնորդները յոյս ունէին, թէ պրոլետարական յեղափոխութիւնը կը յաղթի ամբողջ աշխարհում, բայց չեղաւ։ Հակառակը՝ պետութիւնը սկսեցին աւելի հզօրացնել, որ պաշտպանի նոր իշխող դասակարգի շահերը,- Եւան նոր էր գրել կուրսային աշխատանքը՝ Սովետական պետութեան բնոյթը թեմայով։

    – Էդ իշխող դասակարգին ոնց կոչենք, հօ կապիտալիստ չէին։

    – Կրոնրոդը անուանում է սոցիոօլիգարխիա։

    – Կապիտալիստական աշխարհը չէր հանդուրժում աշխատաւորների երկիր,- ասում եմ ես,- եթէ Սովետը լուսնի վրայ լինէր, գուցէ պետութիւնը վերանար, բայց լուսնի վրայ չէր, ամբողջ աշխարհը պետութիւններ են, հնարաւո՞ր էր շրջապատուած պետութիւններով վերացնել պետութիւնը։ Հնարաւո՞ր է պետութիւնը վերանայ առանձին վերցուած մի պետութեան մէջ։

    – Ի հարկէ, Փարիզեան կոմունան։

    – Բայց արիւնի մէջ խեղդեցին, սպանեցին բոլորին ու դեռ տարիներ անց բռնում սպանում էին։

    Այստե՛ղ են խմբերով բերել
    Ու հպել պատին։
    Սուլել են գնդակները—
    Դիպել են—
    Աչքերին,
    Քունքերին,
    Ճակատին։
    Ծակել են մարմինները,
    Մսերից անցել—
    Ու փորել են պատը։
    Սուլել են անընդհա՛տ, անընդհա՛տ։
    Կուտակուել է մինչեւ
    Հենց այս պատի առջեւ
    Դիակների մի պատ։
    Բարձրացրել են ձեռքերը վեր,
    Ծալել են ձեռքերը կրծքերին։ 
    Սեղմել են մարմիններն իրենց,—
    Տեսնո՞ւմ ես՝ այս քարի՛ն։ 
    Զայրոյթից պայթող աչքերով 
    Թքել են թշնամու երեսին։
    Որպէս կարմիր դրօշ՝
    Բարձրացրել է զաւակին մի կին։
    Ու ո՛չ սարսափ, ո՛չ ահ։
    Որպէս սամում—
    Ոռնացել են դէմքին թշնամու՝ 
    vive la Commune[1]Եղիշե Չարենց, «Կոմունարների պատը Փարիզում», 1925։

    – Պարտութիւնը չի նշանակում, թէ հնարաւոր չէր։ Մարքսը նկարագրում է, թէ ոնց Փարիզեան կոմունան վերացրեց պետութեան ճնշման ապարատներից երկու բան՝ բանակն ու ոստիկանութիւնը, ամբողջ ժողովուրդը դարձաւ բանակ, բայց ժամանակ չունեցան արտադրութեան միջոցները դարձնել համայնական, այսինքն մասնաւոր սեփականութիւնը չվերացաւ, բուրժուազիան մնաց իր դիրքերում։ Բայց Զապատիստները ոնց են վերացրել պետութիւնը,-  ասում է Եւան։

Հիմնն այդ գնդեր է հանում գրոհի ու տանում է մարտ,
Բարիկադներին կռուի են ելել ստրուկն ու տէրը…
Կոմունան ընկաւ… Ու Պեր -Լաշէզում մեռնում են հպարտ
Աշխարհի մի բուռ կոմունիստները[2]Վահագն Դաւթեան, «Կոմունիստները», Երկեր 2 հատորով, հ. 1, Երեւան, Սովետական գրող, 1985։։

    – Լաւ չգիտեմ, պիտի գնամ Մեքսիկա տեսնեմ։ Կապիտալիստներն էլ վախենում էին, թէ սոցիալիզմը կը տարածուի կը գայ, իրանց ձեռից ամբողջ ունեցուածքը կը խլեն, հոկտեմբերեան յեղափոխութեան նպատակն էլ դա չէ՞ր։ Ուրեմն, պիտի ամէն ինչ անէին, որ վերացնէին։ Ուրեմն, Սովետը պիտի՞ պաշտպանուէր։ Սովետական ռեպրեսիաների մէջ կարելի է տեսնել նաեւ կապիտալիստական աշխարհի մեղքը, որ չէր հանդուրժում այլ տիպի աշխարհ։

    – Ճիշդ չի սովետական սոցիալիզմի ձախողումը բացատրել միայն կապիտալիստական աշխարհի սպառնալիքով: Մարքսի նկարագրած ոչ մի պայման չկար Ռուսաստանում, իսկ զոռբայութեամբ սոցիալիզմ կառուցելը պէտք ա բերէր տեռորի ու յետոյ էլ ուժեղ պետութեան:

    – Դէ բանուորներին ու գիւղացիներին համոզէին որ չէ, սպասէք, Ռուսաստանում հնարաւոր չի կառուցել սոցիալիզմ, տանջուէք մինչեւ ձեր սերունդների ժամանակը գայ։ Պետութիւնն էլ ասենք վերացնում էին, պէտք չէ՞ր լինելու բանակ, յետոյ ուրիշ բաներ ու ստիպուած պիտի պետութիւնը պահէին։

    – Այո, բանակ, բայց ինչպիսի՞, ծրագիրն այն էր, որ վերացուէր արտօնեալ սպայական վերնախաւը, ու կանոնաւոր բանակը փոխարինուէր զինուած ժողովրդով։ Ինչպէս սովետները, զէնքն էլ անցնելու էր աշխատաւորներին, պետութիւնը որպէս բիւրոկրատական ապարատ սկսելու էր մեռնել։ Բայց ճիշդ հակառակը արեցին՝ ստեղծուեց վերնախաւ՝ Ստալինն էլ իրեն դարձրեց գեներալիսիմուս։ Դրա համար էլ Տրոցկին ասում է որ Սովետը սոցիալիզմ չէր, այլ դաւաճանուած յեղափոխութիւն։ Իսկ լիբերալները ասում են, որ ռեպրեսիան սոցիալիստական պետութեան էութիւնն ա։

    – Հա, բա հօ չեն ասելու, որ բռնութիւնը առաջանում ա, քանի որ լիբերալները ուզում են սոցիալիզմը քանդեն։ Հըլը թող Ֆիդէլը Կուբայում ազատութիւն խաղար, էրկու օրում Ամերիկան կը քանդէր յեղափոխութեան նուաճումները։

    Յեղափոխութիւնը վախճանն է պետութեան եւ վախճանն է արուեստի։ Տրոցկին խօսում է պետութեան վախճանի մասին, գրում է. «Պրոլետարիատի դիկտատուրայի առաջին օրուանից  Պետութիւնը որպէս բիւրոկրատական ապարատ սկսում է մեռնել», ապա որպէս իր խօսքերի հաւաստում Լենինին է մէջբերում. «Լենինը հետեւելով Մարքսին ու Էնգելսին պրոլետարական յեղափոխութեան առաջին առանձնայատուկ գիծը տեսնում էր, որ շահագործողներին ունեզրկելով, այն վերացնում է  հասարակութեան վրայ վեր խոյացող բիւրոկրատական ապարատը, առաջին հերթին ոստիկանութեան ու բանակի անհրաժեշտութիւնը։ «Պրոլետարիատին անհրաժեշտ է պետութիւն,- սա կրկնում են բոլոր օպորտունիստները,- գրում է Լենինը 1917ին իշխանութիւնը գրաւելուց մեկ-երկու ամիս առաջ,- բայց նրանք` օպորտունիստները, մոռանում են աւելացնել, որ պրոլետարիատին անհրաժեշտ է միայն մեռնող պետութիւն, կարգաւորուած այնպէս, որ այն անմիջապէս սկսի մեռնել եւ չկարողանայ չմեռնել»։ 

    Տրոցկին մեղադրում է Ստալինին, որ հակառակն արեց ու դաւաճանեց յեղափոխութեանը. «Իր գոյութեան երկրորդ տասնամեակի վերջում պետութիւնը ոչ միայն չմեռաւ, այլ չսկսեց էլ մեռնել, աւելի վատ՝ նա վերաճեց դեռեւս պատմութեան մէջ չտեսնուած ճնշման ապարատի, բիւրոկրատիան, որ իր տեղը պիտի թողնէր զանգուածներին, ոչ միայն չվերացաւ, այլեւ վերածուեց զանգուածների վրայ իշխող անվերահսկելի ուժի, բանակը ոչ միայն չփոխարինեց զինուած ժողովրդին, այլեւ իր միջից առանձնացրեց արտօնեալ սպայական կաստա մարշալներով վերջաւորուող, միեւնոյն ժամանակ ժողովրդին՝ «դիկտատուրայի զինուած կրողին» արգելուած է այժմ ՍՍՀՄում կրել նոյնիսկ սառը զէնք»[3]Лев Трoцкий, “Преданная революция: Что такое СССР и куда он идёт?”(Լև Տրոց կի, «Դաւաճանւած յեղափոխություն. … Continue reading։

    Մարկ Նշանեանի «Չարենց եւ Յեղափոխութիւն»ը. Չարենցը, հետեւելով Մայակովսկուն, որդեգրում է առաւելագոյն ձախ ֆուտուրիստական բանաստեղծութիւնը, հրատարակում է 1924ին «Ստանդարտ» ժուռնալը, ապա Միասնիկեանի պահանջով ամբողջ տպաքանակը վառում։ Նշանեանը գրում է. «Եթէ 1924ին ինքզինքը ուրացած չըլլար (կամ եթէ չմղուէր ուրացումի), գրական անձնասպանութիւն գործած պիտի ըլլար: Կասկածէ վեր է, որ Միասնիկեանը հասկցուցած է իրեն այդ իրողութիւնը: Որպէսզի կարենար մնալ հաւատարիմ (ինքն իրեն, մեծ արուեստին, կամ «բարդ» բանաստեղծութեան, որուն մասին սակայն` ոչինչ գիտէր տակաւին 1924ին), պէտք է նախ ուրանար: Ուրանար ինքզինքը, ուրանար Մայակովսկին: Ուրանար բանաստեղծութիւնը իբրեւ յեղափոխութիւն: Կ՚երեւի` չկայ հաւատարմութիւն առանց ուրացումի»[4]Մարկ Նշանեանի «Չարենց եւ յեղափոխութիւն», Կամ 6, 2005 թ., նաեւ այստեղ՝ http://www.arteria.am/hy/1364083189։:

    Ուրեմն, 20ական թուերին հաւատում էին, թէ յեղափոխութիւնը բերելու է ե՛ւ պետութեան ե՛ւ արուեստի վախճանը, յեղափոխական գործիչները վերացնելու էին պետութիւնը, յեղափոխական բանաստեղծները՝ արուեստը: Ֆուտուրիստները արուեստը պետութեան պէս այնքան էին ժողովրդականացնելու, որ տարրալուծուէր զանգուածների մէջ ու վերանար։ Երեւի յեղափոխական ժամանակներում արուեստն ու քաղաքականութիւնը մի պահ իրար կողք-կողքի են, նոյնանում են, չեն տարանջատւում, իսկ յետոյ սկսւում է յեղափոխութեան պարտութեան փուլը եւ արուեստն էլ՝ արուեստագէտներն էլ, պետութիւնն էլ՝ յեղափոխական գործիչներն էլ, բարձրանում են վեր, վերին դիրքեր։

    Կոմունիզմ կառուցելու համար պէտք է անձդ ուրանաս, իսկ Կոմկուսն ու գրողներն իրենց անձը ուրանալու փոխարէն զանգուածներին ուրացան։

    «Աշխատաւորները փետրուարեան յեղափոխութիւնից յետոյ չստանալով իրենց ուզածը՝ շարունակեցին պայքարը։ Իրականում Սովետները, նաեւ բոլշեւիկեան կուսակցութեան կենտրոնական կոմիտէի շատ անդամներ դէմ էին երկրորդ յեղափոխութեանը, աշխատաւորները ներքեւից էին ստիպում, ու որ կարդում ես այդ տարիների նիւթերը, զարմանում ես, թէ բանուորները ինչքան բարձր քաղաքական գիտակցութիւն ունէին», ասում է Մանդելը։

    – Լիւդմիլա, իսկ դուք ինչո՞վ էք զբաղվում։

    – Ռադիօ Կանադայում հաղորդում եմ վարում։ Այ հիմա հարցազրոյց եմ արել Եուրի Սլեօզկինի (Юрий Слёзкин) հետ, նա Ամերիկայում բնակուող ռուս պատմաբան է, գիրք է գրել Дом на набережной֊ի մասին[5]Ռուս.- Տուն ափին, 1931ին Մոսկվա գետի վրայ կառուցուած բնակելի համալիր, պաշտօնական անունը՝ Կառավարութեան տուն։ … Continue reading, գիրքը կոչւում է The House of Government: A Saga of the Russian Revolution: Գիտէ՞ք, թէ ինչ տուն էր դա։

    – Ոչ, չգիտեմ։

    – Սովետական կուսակցական վերնախաւի համար էր կառուցուել Մոսկուայում, 37 թուին բնակիչների մեծ մասին բռնեցին՝ գնդակահարեցին կամ աքսորեցին։ Գրքում մանրակրկիտ պատմում է բոլոր զոհերի մասին։

    – Քանի՞ էջ է։

    – Օհ, 1000ից ավել։

    – Հետաքրքիր կը լինի։ Երեւի գրած կը լինի ստալինեան ցուցակների մասին։ Կոմունիստներին բռնում էին ստալինեան ցուցակներով, Ստալինն իր ձեռքով էր նշում, թէ ում գնդակահարեն, ում աքսորեն։ Պապս էլ է կուսակցական պաշտօնեայ եղել ու ստալինեան ցուցակով գնդակահարուել է։

    Լիւդմիլան թարգմանեց, փողկապաւորը հարցրեց՝

    – Ինչի՞ համար։

    – Ոչ մի բանի։

    Փողկապաւորին չբաւարարեց պատասխանս.

    – Բայց ինչի՞ են մեղադրել։

    – Չգիտեմ, ասենք՝ հակասովետական աջ տրոցկիստ։

    Թիֆլիսի ԿԳԲն հրդեհուել էր, թէ հրդեհել էին, արխիւների մեծ մասը ոչնչացել էին, ու պապիս գործից ընդամէնը մի թղթի կտոր էր մնացել՝ գնդակահարման արձանագրութիւնը, տղաս՝ Յովհաննէսը, պատճէնը հանել բերել էր, ու նաեւ միւս պապիս՝ Չերազի ամբողջ գործը։

    Արձանագրութիւն 62` հանդիսանում է աջերի հակասովետական կազմակերպութեան մասնակից, տարել է ակտիւ քայքայիչ աշխատանք եւ կուրսի էր նախապատրաստուող տեռորիստական ակտերի ընդդէմ ВКП(б) ղեկավարութեան եւ Սովետական կառավարութեան։ Ընդունել է իր մեղքը։

    Եթէ հարցնէին մի ցանկութիւն ասա, ի՞նչ  կ՚ուզէիր, կ՚ասէի՝ այն պահին, երբ ամենավերջին խոշտանգումից յետոյ, ցաւերի մէջ Աւիսը էլ չէր կարողացել դիմանալ ու ստորագրել էր իր մեղքը, արիւնլուայ, կոտրուած, փլուած բերել են խուց, որ մի քիչ յետոյ տանեն գնդակահարելու, յայտնուէի խցում, Աւիսի աչքի առաջ, տեսի՞լք, բայց շատ իրական, ձեռքը բռնէի, ասէի՝ պապիկ, ես քո թոռն եմ, իմացի, ես  ծնուելու եմ ու միշտ յիշելու եմ քեզ։ Էլի թոռներ ես ունենալու՝ քոյրս, ու եղբայրս որ քո անունն է կրելու։

    – Արդարացրեցին, չէ՞,- հարցրեց Լիւդմիլան։

    – Այո, 56ին արդարացրել են։

    – Իսկ ի՞նչ պաշտօն ունէր, էլի հարցնում է փողկապաւորը։

    Փողկապաւորի հետաքրքրասիրութիւնը հաճելիօրէն աճեց, մինչեւ հիմա ոչ մէկին չէր հետաքրքրել, թէ խեղճ Աւետիս Ռատիխան Կիրակոսեան պապս[6]Հօրս հայրը ՝ Աւիս Ռատիխան Կիրակոսեանը ծնուել է 1896 թ. Տրապիզոնում, գնդակահարուել է 1937 թ. դեկտեմբերի 12ին, տե՛ս՝ … Continue reading) ով է եղել, ի՞նչ պաշտօն է ունեցել։

    – Վրաստանում ինչ-որ շրջանի ռայկոմի քարտուղարն էր։

    – Ո՞ր շրջանի։

    – Մոռացել եմ։

    Իրօք մոռացել էի, ու հիմա, գրելու ժամանակ մտայ նայեցի, գտայ՝ Ադըգենի շրջանի։

    – Իսկ ինչո՞ւ էր նա Վրաստանում։

    – Դէ, կուսակցութիւնը երեւի ուղարկել էր աշխատելու։

    – Իսկ հայրդ նրա մօ՞տ էր։

    – Չէ, մայրն ու հայրը բաժանուած էին, հայրս Երեւանում էր։ Մայրն էլ մահացել էր, կարծեմ հայրս մօրաքրոջ մօտ էր ապրում։

    – Քանի՞ տարեկան էր, երբ հօրը գնդակահարեցին։

    – Դէ 1922 թիւ է, քանի՞ տարեկան է անում, 15:

    Հայրս պատմում է, որ տանը ամբողջ ժամանակ բամբասում էին հօրից, ովքե՞ր, Մոքիրը՝ Սուսաննան, մօր ընկերուհիները, էլ չգիտեմ ով, երեւի տատն էլ։ Լաւ, ի՞նչ է արել: Ասում էին՝ մի անգամ էկել ա տուն, հաւը մենակով կերել ա։ Ես մտածում էի՝ ի՞նչ կայ դրա մէջ, ասում էր հայրս։ Բայց մէկ է, ինձ թւում է՝ հօրս աչքից գցել էին հօրը, յետոյ որ գնացել էր Թիֆլիս հօրը հանդիպել, վերաբերմունքը փոխուել էր։ Աւիսը հանել, երկու ջութակները դրել էր, մէկը տուել հօրս, մէկը ինքը վերցրել, որ երկուսով նուագեն, կարծել էր, թէ հայրս ջութակ նուագել է սովորել, էն էլ չգիտէր՝ գոնէ մի դաս գնացել էր, թէ չէ։ Աւիսը ջութակահար է եղել, թէ ինչի՞ էր յեղափոխական դարձել՝ չգիտեմ, ոչ մի թուղթ, ոչ մի նամակ նրանից չունենք։ Միայն լուսանկարներ։

    Բամբասում էին, որտեւ Տատս՝ Հայկանոյշն էլ սիրահարւում է մի ուրիշ բոլշեւիկի՝ Գուրգէն Քալաշեանին ու թողնում Աւիսին։ Որ բաժանւում են, ամուսիններից մէկին պիտի մեղադրեն, ո՞ւմ մեղադրեն, պարզ չի՞՝ խեղճ պապիս։ Աւիսն էլ երեւի էլ չի ուզել Երեւանում մնայ, գործուղուել է Վրաստան։ Իսկ Հայկանոյշն էլ երկրորդ ամուսնութիւնից մի երեխայ էլ է ունենում՝ Վլադիմիրը, Վովա էինք ասում։ Երրորդին չի ուզել, կարծեմ արհեստական վիժումից էր մահացել, կարծեմ 1934 թուին։ 

    Գուրգէնին էլ էին կարծեմ աքսորել, յիշում եմ նրան, Վովան՝ հօրեղբայրս, ձեռ էր առնում հօրը, մէկ էլ հօրը կ՚ասէր՝ էշ, որ հայրը մնացել էր նուիրուած բոլշեւիկ ու Լենինին հաւատում է։

    Ու չգիտեմ, թէ տատիս շրջապատը ինչ աստիճան էին Ռատիխանի հետ թշնամացել, որ հօրս ազգանունն էլ Քալաշեան էին դարձրել, ու դպրոցի բարձր դասարանո՞ւմ, թէ արդէն աւարտելու ժամանակ հօրս ուսուցչուհին ասել էր Քալաշեանը ո՛չ հօրդ ազգանունն է, ո՛չ մօրդ, ճիշդ կ՚անես փոխես կամ Իշխանեան դառնաս կամ Կիրակոսեան։ Հէրս էլ լսում է ու մօր ազգանունն է վերցնում։

    Հօրս ընտանիքում բոլորը բոլշեւիկ էին, տատս՝ Հայկանոյշ Իշխանեանը բոլշեւիկ էր, յեղափոխական գործունէութեան մէջ էր Աւիսի հետ ծանօթացել։ Տատիս քոյրը՝ Մոքիրը՝ Սուսաննա Իշխանեանը՝ յեղափոխական֊ բոլշեւիկ էր, մասնակցել էր 1917ի յեղափոխութեանը։ Մի անգամ իրենց տանը պատմում էր Կրուպսկայայի հետ իր հանդիպումը, մի կին ասեց՝ «ինչպէ՞ս, ընկեր Սուսաննա, դուք տեսել էք Կրուպսկայայի՞ն»։ «Այո, ֊ասաց,֊ ես Լենինին էլ եմ տեսել»։ Կինը յուզուած ասաց՝ «ի՜նչ համեստ էք դուք, ընկեր Սուսաննա»։ Միայն նրանց եղբայրը՝ Գերասիմը յեղափոխական չէր, ինչ-որ մի բոլշեւիկեան ցոյցի ժամանակ Գերասիմը գնացել, ցոյցի միջից քոյրերին ծեծելով տուն էր բերել։

    Մոքիրը 93 տարի ապրեց, Սովետի փլուելն էլ տեսաւ, 1991ին մեռաւ, կեանքի վերջում ինչ-որ աստծուն սկսել էր հաւատալ։

    Նրա ամուսինն էլ բոլշեւիկ էր՝ Պետիկ Պետրոսեանը, Վաղարշապատի կոմկուսի քարտուղարն է եղել։ Հայրս Պետիկ Պետրոսեանին հենց յիշում, ժպտում էր, յիշում էր նրա հետ մի վէճը, որ ինքը պնդում էր, թէ Ստալինը շեղուել է Լենինի գծից, իսկ Պետիկ Պետրոսեանն էլ ասել էր՝ ինչպէս կայ կղզի եւ թերակղզի, էնպես էլ կայ մարդ եւ թերամարդ, դու դեռ թերամարդ ես, կը մեծանաս կը դառնաս մարդ ու նոր կը հասկանաս։ Պետիկին 38ին գնդակահարեցին, ստալինեան ցուցակներում նրա անունն էլ գտայ։

Քայլում է դարը… Ելել են, ովքեր ճորտ են, անիծուած,
Պրեսնեայի վրայ ալեկոծւում են ալ դրօշները.
Արճիճով խոցուած ու աքսորների հողմերով ծեծուած,
Մեռնում են ըմբոստ կոմունիստները[7]Վահագն Դավթյան, «Կոմունիստները», Երկեր 2 հատորով, հ. 1, Երեւան, Սովետական գրող, 1985։։

     Մոքիրին ու որդուն՝ Ձիկային, Վլադիմիր էր, Ձիկա էինք ասում, տարել գցել էին ինչ-որ կիսանկուղ գոմ։ Հայրս, որ բանակից զօրացրուել 1945ին էկել էր, տեսել գոմի մէջ պատին Ստալինի նկարը։ Եա, սրա նկարը ինչի՞ ես կախել, ասել էր, մարդուդ սպանեց։ Եա, Մոքիրը խառնուել էր իրար, մի ասա, նա չի իմացել։ Յետոյ, որ հայրս յիշացնում էր, Մոքիրը ջղայնանում էր, սուտ ա, տենց բան չի եղել, ասում էր։ 

     Կարծեմ Պետիկ Պետրոսեանը 1920 թուի մայիսեան ապստամբութեանն էլ էր մասնակցել, որովհետեւ մի անգամ Ձիկան տղային՝ Պետիկին տարել էր մայիսեան ապստամբութեան զոհերի յուշարձանի մօտ պապի յիշատակը յարգելու։ Հայրս իմացել, զարմացել էր, ինչի՞ ես տարել, հարցրել էր։ Եա, բա հայրս մասնակցել է։ Այ Ձիկա, հօրդ գլուխը սրանք են տարել կերել, ի՞նչ կապ ունի մայիսեան ապստամբութիւնը, ասել էր։

     Հայրս, բայց սրա՞նք են կերել, թէ՞ նրանք։ Ձիկան հօրը չի տեսել, հենց ծնուել ա, հօրը գնդակահարել են, բա ոնց յարգի հօր յիշատակը, գաղափարները յարգելո՞վ, չէ՞։ Ի՞նչ գաղափար, մարքսիզմ-լենինի՞զմը, որ յետոյ գլուխը կերա՞ն, կ՚ասէր հայրս։ Հա, կ՚ասէի, բայց մարքսիզմ-լենինիզմը գլուխը չկերաւ, ստալինիզմը կերաւ։ Հայրս էլ կը պատասխանէր պատմելով մունդռիկի պատմութիւնը։ Բայց կարող ա էլ չպատմէ՞ր։

    –  Հայրդ փոքր է եղել, որ հօրը տարել են, բա ինչպէ՞ս է ապրել,֊- հարցնում է փողկապաւորը։

    – Դէ ընդունուել էր համալսարան, յետոյ բանակ էր գնացել, յետոյ պատերազմն էր սկսուել։

    – Իսկ պատերազմից յետոյ չբռնեցի՞ն։

    – Ինչի՞ պիտի բռնէին։

    – Դէ, շատ զինուորների բռնում էին։

    – Հա, բռնում էին գերի ընկածներին։ Հայրս էլ էր գերի ընկել, բայց գերութիւնից ազատուելուց յետոյ էլի կռուել էր, էդպէս չէին բռնել։

    – Պարզ է, արդէն առանց ժպիտի գլխով արեց փողկապաւորը։

     Իսկ միւս պապիս ու տատի՞ս, Սովետ-սովետ, հասկացանք, ո՞ր սովետը, եթէ նոյնիսկ «լաւ» Սովետը գովեմ, ու չպատմեմ նրանց մասին, կը դաւաճանեմ յիշատակը։

    – Մամայիս մօրն ու հօրն էլ են գնդակահարել։

     Լիւդմիլան մի քանի վայրկեան նայեց աչքերիս մէջ.

    – Ահա թէ ինչու էր ձեր ընտանիքը հակասովետական։

     Գլխով արեցի։

     Բայց կարծես չթարգմանեց, եթէ թարգմանէր, փողկապաւորը լիքը հարցեր էր տալու։

     Վեր կացանք, փողկապաւորը խօսեց։

    – Ասում է՝ միւս անգամ, որ հաւաքուենք, Ստալինի նկարն էլ կը դնենք,- թարգմանեց Լիւդմիլան։

    – Ինչի՞։

    – Կատակում է։

     Լաւ կատակ է, որ գլխիս խաղաց կեանքը, ինձ դարձնելով չկողմնորոշուած, անսկզբունք, ո՞ր սկզբունքին հետևեմ՝ հաւատարմութեա՞նը, պարտքի զգացողութեանը պապիս՝ Վահան Չերազի ու տատիս՝ Վարդանոյշ Չերազի համար, պապիս Աւիսի համար, թէ՞ նաեւ պապիս Աւիսի դաւանած համայնավարութեանը, որին ինքս էլ սկսեցի դաւանել։ Անընդհատ մոլորուելը, ճշմարտութիւնից ճշմարտութիւն ցատկելը, որ միայն սխալների հաւաքածուն հարստացնում, ինձ գառլախ դարձրին, որին գեաջով ջնջում են լուսանկարից։

Սպանուածի դիակը նետել էին գետը, որը ջրերը տարուբերելով տանում էին: Դանակը ծալեցի-դրեցի գրպանս ու բարձրացայ փողոց: Յետոյ ես ու Ջուլեան քայլեցինք դէպի հիւրանոց, որ իրերը վերցնենք ու հեռանանք քաղաքից[8]Վահան Իշխանեան, «Ծալովի դանակը», Ար, 1994։:

(Կարդալ Շար. 2 այստեղ)

ԿԱ. տարի, 2022 թիւ 1

References
1 Եղիշե Չարենց, «Կոմունարների պատը Փարիզում», 1925։
2 Վահագն Դաւթեան, «Կոմունիստները», Երկեր 2 հատորով, հ. 1, Երեւան, Սովետական գրող, 1985։
3 Лев Трoцкий, “Преданная революция: Что такое СССР и куда он идёт?”(Լև Տրոց կի, «Դաւաճանւած յեղափոխություն. Ի՞նչ է ՍՍՀՄը և ուր է նա գնում»), գրել է 1936 թ.։
4 Մարկ Նշանեանի «Չարենց եւ յեղափոխութիւն», Կամ 6, 2005 թ., նաեւ այստեղ՝ http://www.arteria.am/hy/1364083189։
5 Ռուս.- Տուն ափին, 1931ին Մոսկվա գետի վրայ կառուցուած բնակելի համալիր, պաշտօնական անունը՝ Կառավարութեան տուն։ Ստալինեան բռնաճնշումների ժամանակ շէնքի 2000 բնակչից 700ը կալանաւորել են, մեծ մասին գնդակահարել են։ Տե՛ս Дом на набережной: из 2 тысяч жильцов 700 были репрессированы, http://www.aif.ru/society/1106
6 Հօրս հայրը ՝ Աւիս Ռատիխան Կիրակոսեանը ծնուել է 1896 թ. Տրապիզոնում, գնդակահարուել է 1937 թ. դեկտեմբերի 12ին, տե՛ս՝ https://ru.openlist.wiki/%D0%A0%D0%B0%D1%82%D0%B8%D1%85%D0%B0%D0%BD-%D0%9A%D0%B8%D1%80%D0%B0%D0%BA%D0%BE%D1%81%D1%8F%D0%BD_%D0%90%D0%B2%D0%B8%D1%81_(%D0%90%D0%B7%D0%B8%D0%B7)_%D0%9C%D0%B5%D0%BB%D0%BA%D0%BE%D0%BD%D0%BE%D0%B2%D0%B8%D1%87_(1896
7 Վահագն Դավթյան, «Կոմունիստները», Երկեր 2 հատորով, հ. 1, Երեւան, Սովետական գրող, 1985։
8 Վահան Իշխանեան, «Ծալովի դանակը», Ար, 1994։

Your email address will not be published. Required fields are marked *

նախորդ
ՀԱՅՐ