Վահան Իշխանեան

«ԱԿՈՒԱՐԻՈՒՄԻ ՁՈՒԿԸ ԴԱՌԸ ԾՈՎՈՒՄ»

Հատուած՝ անտիպ վէպէն

Զրոյցը Մոնթրէալի L’AMÈRE À BOIRE PUBում։
Դաւիթ Մանդէլի Պետրոգրադի աշխատաւորները 1917 թուի յեղափոխութիւններում գրքի շնորհանդէսի ժամանակ է։

ՍՈՎԵՏԱԿԱՆ անցեալը ամէն անգամ գովելուց դաւաճանութեան զգացողութիւնը բարձրանում է կոկորդս, դաւաճանում եմ խեղճ տատիկիս՝ Վարդանոյշին, խեղճ պապիկիս Վահանին, մամայիս՝ Բիւրակնին, Սովետը նրան որբ դարձրեց, 6 ամսական էր, երբ հօրը տարան, 10 տարեկան, երբ գալիս մօրը տնից տանում են.
    «Նոյեմբե՞րն էր, թէ՞ դեկտեմբերը: Ես սովորաբար խորն էի քնում, բայց ինչ-որ բան ինձ ստիպեց արթնանալ, վեր թռայ տեղիցս, գիշերուայ երկուսը կը լինէր, մամաս գունատ դրան մօտ կանգնած էր, Լիզան լաց էր լինում, տատիկս ծնկներին էր խփում, երկու-երեք չէկիստներ տունը տակնուվրայ էին անում: Մի կին էլ կար նրանց հետ, կապուտաչեայ դաժան դէմքով՝ զարհուրելի, դա մօրս վրայ ինչ որ բան էր փնտռում, խեղճ մերս, գիշերով ի՞նչ պիտի լինէր վրան, չգիտեմ: Զգացի, որ մօրս տանելու են, մի ղալմաղալ գցեցի: Ինձ ասում էին՝ աղջիկ ջան մի լացի, վաղը մամադ նորից կը գայ։ Ասեցի՝ ես գիտեմ, որ դուք տանէք, մամաս էլ չի գայ: Մեքենայի յետեւից վազում էի, ոտաբոբիկ, գիշերանոցով, էլ չգիտեմ թէ ինձ ոնց են տուն բերել:
    Մանր-մունր նուէրներ, որ ծննդեանս առթիւ ստացել էի, ոսկեջրած ականջօղեր, գդալներ, էդ բոլորը հետները տարան: Գրքերի մի մասն էլ տարան, մի մասն էլ լցրեցին բակում կարգադրեցին վառել, Լիզան ու տատս էլ վառեցին:
    Մի քանի օր դպրոց չգնացի, թախտին պառկել մտածում էի, որ մօրս տարան էլ իրաւունք չունեմ ապրելու, աւելի լաւ է մեռնեմ: Բայց չմեռայ:
    Յետոյ ինձ ստիպեցին, քաջութիւնս հաւաքեցի-գնացի դպրոց, պատի վրայ մեծ տախտակին գերազանցիկների նկարներն էին, իմ նկարի տեղը դատարկ էր: Որպէս ժողովրդի թշնամու աղջիկ նկարս հանել էին:
    Մեզ տնից հանեցին, տարան մի կիսանկուղային փոքր սենեակ գցեցին, ես, քեռիս (Վարդգէսը), քեռուս կինը՝ Լիզան ու նրանց նոր ծնուած աղջիկը՝ Մինուշը:
    Դպրոցում նկատում էի, հէնց ինձ տեսնում էին, բարձր դասարանցիները իրար բզում էին՝ Վահան Չերազի աղջիկն է, մօրը բռնեցին, տնից մեշոկով ոսկի են տարել, էնպէ՜ս յիշում եմ էդ բոլորը:
    Մի օր էլ դասարանում նստած, դասի ժամանակ դուռը բացուեց ու էդ կինը, որ եկել էր մօրս տանելու, ներս նայեց՝ խոշոր, կապոյտ աչքերով: Ես սարսափեցի, ոտքերս թուլացան: Դասատուին ձեռքով արեց, մեր դասարանի Եսայեան Յասմիկը դուրս եկաւ: Ընդմիջմանը Յասմիկին հարցրի.
    − Յասմիկ, էդ ո՞վ էր:
    − Մայրս է,-ասեց:
    − Անունն ի՞նչ է:
    − Նուարդ:
    − Նուարդ Եսայեա՞ն է:
    − Հա:
    Էդ Յասմիկի հետ այլեւս յարաբերութիւններս խզեցի:
    1961ին էր, աղջկաս գլանները բորբոքուել էին, ու բարդութիւններ էր տուել, ռեւմատիզմ էր սկսւում: Պէտք էր վիրահատել, բայց արիւնը վատ էր մակարդւում, վիրահատութիւնը ձգձգւում էր: Մի ամիս գազարի հիւթ եմ տուել, որ արիւնը թանձրանայ:
    Վիրահատութեան օրը մէկ էլ միջանցքում ինձ մօտեցաւ Եսայեան Յասմիկը` ուրախ-ուրախ, վայ Բիւրակ ջան, էստեղ ի՞նչ ես անում: Նայում եմ սառը, ասում եմ` ես ձեզ չեմ ճանաչում: Ո՞նց թէ, Բիւրակ ջան, ես ձեր դասարանի Եսայեան Յասմիկն եմ: Ասի` միեւնոյն է, ես ձեզ չեմ ճանաչում: Վաայ, էդ ոնց, որ մոռացել էք,- ասեց: Հա, ասի, ես ձեզ չեմ յիշում:
    Հիւանդանոցում ինձ չթողեցին աղջկաս մօտ մնալ, միայն մինչեւ եօթ տարեկան երեխաների մօտ էին թողնում որ ծնողները մնան, իսկ աղջիկս տասն էր:
    Վիրահատելուց յետոյ երեկոյեան Վարդուշիկը հանգիստ չի պառկում, վեր է կենում, սկսում է քայլել, ու քանի որ արիւնը վատ էր մակարդւում, ուժեղ արիւնահոսութիւն է սկսւում: Յաջորդ օրը, եկայ, բոլորը սարսափած ինձ նայեցին, խելքս գնաց: Մտայ հիւանդասենեակ, աղջիկս կիսամեռ պառկած է, գունատ, ձեռքերը անգամ շարժել չի կարողանում: Ու ինձ թոյլ տուեցին, որ մի քանի օր մօտը մնամ-խնամեմ:
    Յաջորդ օրը Վարդուշիկը ինձ հարցրեց` էն կինը ո՞վ էր որ մօտեցաւ քեզ, ասեցիր` ձեզ չեմ ճանաչում: Վաղուցուայ բան է,- ասեցի,- մեր դասարանից է եղել, չուզեցի հետը խօսել: Գիտե՞ս, վիրահատութեան ժամանակ անընդհատ կանգնած էր մօտս, յետոյ որ արիւնահոսութիւնը սկսուեց, ինքը խառնուեց իրար, մարդիկ կանչեց, որ ինձ փրկեն, յետոյ կողքս նստել էր երկար ժամանակ ու խնամում էր»:
    Մամաս ասում է, որ մինչեւ 80ականներ հաւատում էր, յոյս ունէր, որ մօրը կը տեսնի, հնարաւոր է չեն գնդակահարել, գուցէ սիբիրեան աքսորում է, գուցէ ամուսնացել է, երեխաներ ունի: 80ականներից յետոյ էլ, սպասել է, որ մի օր քոյրերն ու եղբայրները իրեն կը գտնեն:
    «Երանի մենք այնպէս հաւատայինք ինչպէս Այիշէն է հաւատում, ես նկատի չունեմ Աստծոյ հաւատը»,-  մոլլայի խօսքը Ահմադ Ռեզա Մոթամէդի  «Ալցհէյմէր» ֆիլմի բանալին է:
    «Ոսկէ Ծիրան»ի բազմաթիւ տպաւորութիւններից ամենավառը Այիշէն է իր հաւատով ու համոզուածութեամբ, որոնք չկարողացան սասանել նոյնիսկ ճշմարտութեան երկու տիրակալները՝ կրօնն ու գիտութիւնը:
    Ֆիլմի գլխաւոր հերոսը հաւատն է՝ կնոջ  հաւատը, որ իր ամուսինը՝ Ամիրը քսան տարի առաջ չի այրուել, նա, ով թաղուել է, իր ամուսինը չի, որ գալու է այն օրը, երբ ամուսինը կը յայտնուի, եւ ահա նա եկել է, փողոցում յայտնուած աճպարարը, ով իրեն ներկայացնում է որպես Ամիր, կախել է վզից թերթում տպագրուած ամուսնու նկարը: Այո, Այիշան վստահ է, որ հենց նա է Ամիրը (Այիշէն ընտանիքից գաղտնի թերթում յայտարարութիւն էր հրապարակել, որ փնտռում է կորած Ամիր Ղասեմիին):
    Այշէի եղբայրը, Ամիրի եղբայրը, մոլլան վստահ են, որ աճպարարը Ամիրը չի, որ աւանտիւրիստ է, որ ցանկանում է Ամիրի անուան տակ ընտանեկան բարեկեցութիւնից օգտուել, համոզում են Այշէին, որ հրաժարուի նրան ամուսնու տեղ ընդունելու մտքից: Սակայն Այշէն անդրդուելի է: Նոյնիսկ բանտից եկած աճպարարի յանցագործ ընկերն է վկայում, որ բանտում այդ մարդուն ինքն է ցոյց տուել թերթի լուսանկարը եւ համոզել ներկայանալ որպէս Ամիր, բայց Այիշէի հաւատը չի սասանւում: Հանդէս է գալիս ամենամեծ հեղինակութիւնը՝ գիտութիւնը, Այշայի եւ Ամիրի դստեր ու աճպարարի արեան անալիզները ցոյց են տալիս, որ այդ մարդը դստեր հայրը չի, Ամիրը չի: Ոստիկանութիւնը Այիշէի հարազատների բողոքի հիման վրայ նրան ձերբակալում է որպէս խաբեբայ: Սակայն ի՞նչ է գիտութիւնը Այիշէի հաւատի դիմաց, այդ մեզ անծանօթ, առանց փաստերի հաւատը, մի օտարացած հաւատ, որին ոչ ոք չի կարողանում հաղորդակցուել: Ի վերջոյ հաւատը յաղթում է, ստիպում է տեգրոջը ոստիկանութիւնից հետ վերցնել բողոքը եւ միւս հեղինակութեանը՝ կրօնին, նրա ներկայացուցչի՝ մոլլայի միջոցով միջնորդել, որ ազատեն աճպարարին:
    «Հոգեւորականը հանդիսանում է աւանդոյթի ներկայացուցիչ, բայց  նա ճշմարտութիւնը տեսնում է ոչ թէ լինելու, այլ դառնալու մէջ, այսինքն դոգմատիզմից հեռու է եւ նոյնիսկ կնոջից դաս է վերցնում»,- ասում է ռեժիսորը մեզ՝ Կինօ Մոսկուայի սրճարանում:
    «Ո՞ր ֆիլմն ես ամենաշատը հաւանել»,- հարցնում ա Նունէ Հախվերդեանը Կինոթատրոնի նախասրահում:
    «Էն պարսկական ֆիմը, Ալցհէյմէրը»:
    «Վայ, էրէկ ռեժիսորից հարցազրոյց վերցրեցի, շատ հետաքրքիր էր»,- ասեց Նունէն հենց էն պահին, երբ շենք մտաւ Ահմադ Ռեզա Մոթամէդին: Անգլերէն երկու բառ փոխանակեցինք, բայց Նունէն դա քիչ համարեց, գտաւ թարգմանչին՝ Հայանոյշին, ու Ջազվէում սկսուեց զրոյցը:
    Այիշէն այնքան էր սեւեռուել մեռած ամուսնու վերադարձի վրայ որ դարձել էր անհաղորդ, չշփուող, նրան գժի տեղ են դնում ու տանում հոգեբուժարան: Բայց հիւանդանոցն էլ «չի բուժում», դուրս է գրւում նոյն սպասումով:
    Հայանոյշ- «Մոթամէդին էրէկ ասում էր, որ ֆիլմի անունը դրել է Ալցհէյմէր, բայց հիւանդը ոչ թէ կինն է, ում տարել են հոգեբուժարան (կամ յիշողութիւնը կորցրած աճպարարը), այլ հասարակութիւնը, որ մոռացել է անցեալը»:
    Մոթամէդին- «Ըստ Պլատոնի, մենք երբեք չենք սովորում, մենք միշտ յիշում ենք, եւ եթէ մենք էն աչքը ձեռք բերենք, որ տեսնում է գեղեցկութիւնը, կը վերագտնենք կորցուած ճշմարտութիւնը»:
    Այո, Ալցհէյմէր եւ ոչ ամնեզիա, Ալցհէյմէր՝ յիշողութիւնը հետզհետէ կորցնող զառամեալների հիւանդութիւն, զառամեալ հասարակութեան հիւանդութիւնը:
    Հայանուշ – «Յետոյ Մոթամէդին էրէկ նաեւ ասում էր՝ եթէ մենք ուզում ենք իմանալ՝ ով ենք մենք, կարիք չունենք ԴՆԹի անալիզի: Արեւելքում կնոջը հագուստի մէջ թաքցնում են, արեւմուտքում դարձնում ապրանք: Ֆեմինիզմին էլ չի յաջողուել կնոջ էութիւնը բացել: Կինը յիշողութիւնն է մեր, Հին կտակարանում ասւում է, որ կնոջ պատճառով ենք վտարուել դրախտից: Հակառակը, կինն է մեզ դրախտ վերադարձնելու»:
    «Ալցհէյմէրի» հերոսներից մէկն էլ հանդիսատեսն է դառնում, նրա համար ռեժիսորը մի փոքր կասկած է թողել, որ այնուամենայնիւ կինը կարող է ճիշդ լինել, աճպարարի գանգուղեղի նկարահանումը ցոյց է տալիս, որ նա ժամանակին ստացած ինչ-որ հարուածից կորցրել է յիշողութիւնը, իսկ ֆիլմի վերջում էլ նա աճպարարութեամբ տեգրոջը տալիս է Ամիրի ու Այիշէի լուսանկարները պարունակող արծաթեայ սրտիկ-տուփիկը, որից ունէր նաեւ Այիշէն. կնոջի՞ց է գողացել, թէ՞ ինքն էլ ունէր նոյն սրտիկից: Սակայն դա այնքան քիչ է համոզելու համար, որ նա Ամիրն է, մեզ՝ հանդիսատեսին ներկայացուել է գլխաւոր փաստարկը, որ նա Ամիրը չէ՝ գիտական հետազօտութիւնը: Եւ հանդիսատեսն էլ հերոսների պէս չի համոզւում, որ նա Ամիրն է, բայց ընկրկում է կնոջ հաւատի առաջ:
    Ես- «Ժամանակին ճշմարտութիւնը կրօնն էր, որ ներկայացնում էր եկեղեցին, յետոյ հետզհետէ դառնում է գիտութիւնը, ու մարդուն պարտադրում իր ճշմարտութիւնը: Կարելի՞ է ասել, որ ֆիլմը նաեւ այդ ճշմարտութեան պարտադրման դէմ է, որ անձնական ճշմարտութիւնը կարող է հակադրուել գիտութեանը»:
    Մոթամէդի – «Գիտութիւնը,  ճանաչողութիւնը սահմանափակւում են նրանով, ինչ մենք ընկալում ենք զգայարաններով եւ մարդու անմիջական ճանաչողութիւնը՝ իրեն, իր աստծուն, այժմ աներեւոյթ են, դրանք գնացին-կորան: Իմ ֆիլմերում ես հիմնւում եմ այն զգացողութիւնների վրայ (այն սենսորների վրայ) որոնք կորցրել ենք»:
    51ամեայ Ահմադ Ռեզա Մոթամէդին փիլիսոփայութիւն է դասաւանդում Իրանի կինոյի եւ հեռուստաատեսութեան համալսարանում: Հինգ ֆիլմ է նկարահանել, հինգ տարին մէկ ֆիլմ, ժամանակ չունի աւելին նկարելու: Երիտասարդ ժամանակ տպագրել է մի քանի գրքեր, ասում է որ շտապել է, ու երկար ժամանակ գիրք չի հրատարակել, այժմ պատրաստում է նոր գիրք տպել:
    Ես- «Գուգլում հայերէն եւ ռուսերէն փնտռում էի ձեր անունը, անգլերէն դեռ չեմ փնտռել, բերում էր միայն այն, որ ասել էք Փարաջանովը ամբողջ Հոլիվուդը արժի, իսկ ֆիլմի մասին գրեթէ բան չկար: Շատ տարածուեց խօսքը, կ՚ուզէի մեկնաբանէք»:
    Մոթամէդի – «Հայդեգէրն ասում է, որ արուեստը իջեցրել են միայն կոմունիկացիայի մակարդակի, եւ մոռացել են որ արուեստի առաքելութիւնը լեզուն է եւ լեզուն բանաստեղծութիւն է, այ դա եմ տեսնում Փարաջանովի ֆիլմերում: Հոլիվուդեան կինոները աւելի շատ ինչ-որ բան ուզում են ասել ու ասելիքը սերմանել քո մէջ, իսկ Փարաջանովինը պոէզիա է»:
    Նունէ- «Կինոն պոէզիա՞ է»:
    Մոթամէդի- «Կինոն հայելի է դէպի բնութիւնը եւ առաջինը, որ ցուցադրում է հենց տեսանելի պատկերն է: Բայց կինոյի մէջ կարեւոր է այն, ինչ չի երեւում, բոլորը տեսնում են խնձորը ծառից ընկնելը, բայց Նիւտոնը տեսաւ ձգողականութիւնը, այդ թաքնուած ձգողականութիւնն է կինոն:
    Ըստ ֆիզիկայի, իրերի լոյսն է հասնում մեր աչքին, եւ մենք տեսնում ենք,  իսկ պարսիկ գրող Սոհրավարդին ասում է, որ մեր աչքի լոյսն է իրը տեսանելի դարձնում: Աչքի լոյսը մարդու տեքստն է, ամէն մարդ ունի իր լոյսը, եւ կինոն այդ լոյսն է, պատկերի յետեւի այն տեքստն է, որ չի երեւում: Երկու բան կայ՝ իրականութիւն եւ ճշմարտութիւն, օբյեկտիւի աչքը տեսնում է իրականութիւնը, ռեժիսորինը՝ ճշմարտութիւնը, այդ երկու աչքերը ստեղծում են կինոն»:
    Նունէ- «Իրանական կինոյում շատ բան ասւում է կանանց միջոցով, կնոջը թոյլատրւո՞ւմ է ասել այն, ինչ տղամարդը չի ասում»:
    Մոթամէդի- «Հաֆէզի մէջ էլ կինը միշտ էդ դերն է խաղում, ճշմարտութիւնը կապւում է կնոջ հետ: Երբ Աստծուց է ուզում խօսի, խօսում է եարի դէմքից, աչքից, այսինքն կինը եւ ճշմարտութիւնը կապուած են: Եթէ Աստծոյ մի լինելու, միակութեան մասին է ասւում (սա կրօնական բառ է, եւ թարգմանում եմ մօտաւոր- Հայանոյշ),  խօսում են սիրածի խալից, որ մի հատ է, ամբողջ աշխարհը, գոյութիւնը մի բան է, մի ամբողջութիւն, եւ դա խալով է ներկայանում, խալը դառնում այդ մէկը»:
    Նունէ- «Հայկական ֆիլմերում պարզ մարդկային պատմութիւն գրեթէ չկայ, փիլիսոփայում են առանց պատմութեան, ձեր կարծիքով ինչի՞ց է»:
    Մոթամէդի- «Մոլավին (Ռումի) ասում է՝ փորձեցի խելքի ճամբէն, բայց հասկացայ, որ աւելի լաւ է խելառ լինել: Խենթութիւն կայ, որ խելքից առաջ է, առօրեայ խենթութիւնն է, բայց կայ խենթութիւն, որ ռացիոնալիզմից ու մտածողութիւնից յետոյ է գալիս, երբ հասունանում է միտքդ, նոր հասնում ես դրան արդէն առանց ռացիոնալութեան մի ազատութեան ու խենթութեան ես հասնում, որ աւելի իմաստուն է, քան քո իմաստութիւնը:
    Պարզութիւն կայ, որ բարդութիւնից առաջ է, երբ դեռ շատ բարդ բաներ չգիտես, կայ նաեւ միւս պարզութիւնը, երբ խորանում ես բարդութեան մէջ ու հասնում պարզութեան»[1]Վահան Իշխանեան, «Ո՞վ է Ալցհեյմերը», tert.am, 23 յուլիս, 2012։:

    Եւ միայն 2009ին մօրս երազները փլուեցին, երբ ես ԱԱԾից ստացայ փաստաթուղթ, որ տատիս` Վարդոյշ Անդրէասեանին գնդակահարել են Եռեակի որոշմամբ: 
    – Ախր Հայաստանը մամայիս զգուշացրեց: Հայաստանը որբերից էր եղել, ԿԳԲում մեքենագրուհի էր աշխատում, լաւ յիշում եմ էդ օրը, գիշերով գաղտնի, որ ոչ ոք չտեսնի, էկաւ մեր տուն, Վարդանոյշ քոյրիկ, ասեց, փախի էստեղից քեզ բռնելու են: Մամաս բանի տեղ չդրեց`ի՞նչ եմ արել որ բռնեն, ասեց:
    – Մամ, գիտե՞ս մեղադրականում գրուած է թէ մամադ դաշնակցական ժողովներ է արել։
    – Մամայիս ընկերուհու աղջիկը` Բեբեկը ընկերուհի ունէր ԿԳԲում` Նորան: Բեբեկին խնդրեցի, ասի` ինչ կը լինի Նորային հարցրու` ինչի՞ են մամայիս տարել: Հարցրել էր, էկաւ ասեց` Բիւրակ, մամադ ձեր նկուղում դաշնակցական գաղտնի ժողովներ է կազմակերպել: Ի՞նչ ժողով, մեր նկուղը աւերակ տեղ է, մի երկու թթու է դրուած, էնտեղ մարդ չի տեղաւորուի,- ասեցի,- Ուրեմն, տանն են արել,- Մեր տանը ոչ մի ժողով չի եղել, մէկ-մէկ հիւրեր էին գալիս, նստում կարտ էին խաղում:
    Քաղուածք N57 արձանագրութիւնից Եռեակի ժողովի Ն. Գ. Ժ. Կ. Հայաստանի ՍՍՀ Մեղադրւում է նրանում, որ լինելով դաշնակցական կազմակերպութեան ակտիւ անդամ, կապ է պահպանել արտասահմանեան բիւրոյի հետ: Ամուսինը գնդակահարուած է որպէս Հայաստանում սկաուտական կազմակերպութեան ղեկավար, զբաղւում էր դաշնակցութեան կազմակերպութեան համար նոր անդամներ հաւաքագրելով: Կապուած էր Իրանի հետ, որտեղից նրա մօտ եկել է կապի համար խոշոր դաշնակի կին: Կապ էր պահում արտասահմանեան դաշնակների հետ:
    Որոշեցին Չերազ Վարդանոյշ Ալեքսանովնային` ԳՆԴԱԿԱՀԱՐԵԼ, նրան պատկանող գոյքը առգրաւել[2]ԱԱԾի ния Тройки Н.К.В.Д. Армянской ССР, 26 декабря 1937 г. Слушали: Дело Ленгоротдела НКВД АРМ ССР N 1470m по … Continue reading:
    1958 թուին դատարանը արդարացնում է Վարդանոյշին. «Չերազի գործը քննուել է օրէնքի պահանջների կոպիտ խախտումներով, նրա կալանքը դատախազի կողմից չի թոյլատրուած, մեղադրանք չի առաջադրուած, գործը չի ծանօթացուած, թարգմանիչներ չեն հրաւիրուած, օպերատիւ տեղեկութիւնների իսկութիւնը հաւատ չի ներշնչում: Այսպիսով գործի եւ լրացուցիչ քննութեան տուեալներով Չերազին առաջադրուած մեղադրանքները չեն հիմնաւորուած: Դատական կոլեգիան որոշեց գործը ըստ մեղադրանքի Վարդանոյշ Չերազի կարճել յանցանքն չապացուցուած լինելու պատճառով»:
    Էլ ինչ կ՚ուզէիր։ Կ՚ուզէի յայտնուէի տատիկիս՝ Վարդանոյշի մօտ, էն պահին, երբ աղջիկը մտքում՝ արդէն շունչը փչելու է, բռնէի ձեռքը, ասէի՝ տատիկ, ես քո թոռնիկն եմ, Բիւրակնի զաւակը։ Մի անհանգստացի, աղջիկդ մեծանալու է, կրթութիւն ստանայ, ամուսնանայ, երեք երեխա ու թոռներ ու ծոռներ ունենայ, աղջկայ անունն էլ Վարդանոյշ է լինելու։
    Տատիկիս նամակների հիման վրա գրածս վաւերագրութիւնը՝ «Ընտանեկան ալբոմ»ը սրբագրեց եւ խմբագրեց մամաս։   
    Կ՚ուզէի յայտնուէի Վահան Չերազին, երբ գնդակահարութեան փողը պարզել են կրծքին՝ այն պահին, երբ նրա մտքին Վարդանոյշն ու Բիւրակն էին, ինչպէս են նրանք պաշտպանուելու առանց ինձ այս ահաւոր երկրում, ասէի՝ պապիկ, ճիշդ է, դստերդ օրագիրը կիսատ մնաց, չշարունակեցիր։ Այս խունացած տետրակը՝ «Բիւրակնին տարեգրութիւնը, Կազմել սկսած է հայրը՝ Վահան Չերազ (1927)» առաջին գրառումը՝ 1927 յունուար 25. Բիւրակնը ծնաւ երեկոյեան ժամը 5:15ին Կազաչի պոստի ամերիկեան հիվանդանոցը: Վարդանուշը քիչ չարչարուեցաւ եւ ազատուեցաւ առանց բժշկի կամ մանկաբարձի: Փոքրիկը նիհար է, միայն 6,5 ֆունտ կը կշռէ: Ամբողջ շաբաթ մը, սաստիկ ցուրտին, ամէն իրիկուն բոլիկոնէն կազաչի պոստ կ՚երթամ այցելութեան, թէեւ փոխադրական միջոցներէ օգտուելու արտօնութիւնը կը զլացուի»: Եւ վերջին գրառումը՝ «Յունիս 16 Բիւրակնը կը պատուաստուի «քէօռ» դանակով»։ Յունիսի 22ին ձերբակալում են:
    Բայց պապիկ, իմացի, օրագիրը շարունակւում է, աղջիկդ մեծանալու է, եւ ինձ է ունենալու, ես քո թոռն եմ լինելու, քո անուն-ազգանունն է իմ անունը լինելու՝ Վահանչերազ։ 

(Շար. 2 եւ վերջ)

ԿԱ. ՏԱՐԻ, 2022 ԹԻՒ 2

References
1 Վահան Իշխանեան, «Ո՞վ է Ալցհեյմերը», tert.am, 23 յուլիս, 2012։
2 ԱԱԾի ния Тройки Н.К.В.Д. Армянской ССР, 26 декабря 1937 г. Слушали: Дело Ленгоротдела НКВД АРМ ССР N 1470m по обвинению Чераз Вартуш Алексановны, 1895 г. рожд., ж. г. Ленинакан, из семьи крупного торговца.
Обвиняется в том  что, будучи активным членом к-р даш. организации, поддерживала связь с даш загран…ро. Муж ее расстрелян как руководитель скаутовского движения в Армении. Занималась вербовкой новых членов  в к-р даш организацию. Была связана с Ираном откуда к ней приезжала для связи жена крупного дашнака. Поддерживала связь с дашнаками саграницы.
Постановил:
ЧЕРАЗ Вартуш Алексановну-
РАССТРЕЛЯТЬ, лично ему принадлежащее имущество-конфисковать