Լուսամուտս բացւում է աշխարհի բանաստեղծութեան վրայ:
Ամէն, ամէն ինչում քո ներկայութիւնն է:
Պաստառներով տան, կղմինդրների, դողէրոցք-ծառի,
Լուացքն անձրեւից փախցնող կնոջ մէջ քո ներկայութիւնն է:
Նախորդ արեւի տակ նստած էր փոքրիկ Սիմբա շունը՝
Իր հզօր թոքերով:
Հիմա երկինքը ցած է թափում իր ջրէ փռոցները:
Կաթիլը իջնում է ապակու վրայ ասուպի պէս:
Շօշափում եմ քո ջահել գոյութիւնը:
Անձրեւի պատանքից այնկողմ:
Որոտի միջով անցնում է ինքնաթիռը`
Տանելով իր՝ որոտից դողահար ձայնը:
Քո լինելու արծաթն աչքերիս մէջ:
Ես եմ տէրը աշնան,
Ես եմ տէրը:
Հնարաւո՞ր է, որ այդքան մօտ:
Ալեհաւաքները ցրում են քաղաքի վրայ քո անունը:
Քո թանկ, թանկ, այնքան թանկ անունը:
Քո անունը դաջում եմ շուրթերիս,
պարանոցիդ, բերանիդ:
Զբաղեցրու իմ՝ ջահելութիւնից ոտքն հանող գոյութիւնը:
Տրուիր ինձ:
Ներքեւ քաշիր:
Հաւաքուիր ու քաղաքի վրայ թափուող ջուր դարձիր,
Լցուիր սենեակս:
Կակաչ, բողբոջ ու խեցի,
Իմ վարագոյրն է:
Փողոցները յիշում են քո դողը:
Ափիս մէջ`
մատներով ձեռքերդ:
Անձրեւից ծագում է արեւը:
Դաշտի մէջ կորած մի զինուոր՝ ուսերին խոհանոց:
Տանում է արեւը փեռեկ-փեռեկ՝ ընկերներին հաց:
Արեւի տակ կամ ձիւների մէջ փռուած քո դաշտային սուփրան`
փոքրիկ խարոյկի ծխի տակ:
Աչքերդ վերակարգի գիշերուայ մէջ:
Հակուել են դէպի լուսինը:
Ուզում ես քեզ վերծանուած տեսնել,
Աւել բան չկայ ասելու:
Թեւաբախ իմ:
Անյատակ, անվաւեր:
Պախարակիր իմ անունը:
Մէկ է:
Յետոյ.
ուզում եմ ասել՝ մոռացիր գոյութիւնս,
բայց մի մոռացիր գոյութիւնս:
Դանդաղ, չէ, մի գնա:
Իմ զինուոր-թռչնամիս:
Քեզ եմ փաթաթում գիշերային թեւերս:
Մոլորուած չեմ:
Մնա այսպէս՝ պատերի փափկութեան մէջ, վարագոյրի անթափանց
կտորի, փչող քամու, ուռած սրտիս մէջ:
Թաց սեպտեմբեր,
Գնաց, էլ ետ չի գայ:
Աշնան մէջ գարնան հոտը:
Սպիտակ կիր, պատեր, դրօշներ:
Ու շեմին վախուորած իմ գալը:
Գորով, հպարտութիւն ու թուզ էի
Բերել:
Ծառը ներկալել է հորիզոնը տերեւներով:
Մի տխրիր, խնդրում եմ:
Քեզ մօտ եմ ուղարկում պատուհանիս ծառը:
Ես չեմ գայ:
Քանի որ այդպէս ուզեցիր:
Գոռում եմ` բարձր ու անբառ:
Ինչպէ՞ս տապալեմ սպասման օրերը:
Ի՞նչ է թաքցնում քո այս պահի տունը, ո՞ւր են հետքերդ:
Ի՞նչ ես մտածում աշխարհի մէջ գլորուող այս ժամին:
Թաց պահունակ:
Թաց տանկեր՝ զօրավարժութիւնից յետոյ:
Չեմ լսում քո լացի ձայնը:
Քո ոգուց ունեն քամու դէմ յառնող ծառերը:
Ինչո՞ւ ուրախ չես:
Անցիր այս կապոյտ ճանապարհը:
Կամար եմ կապում:
Աշնան անցող առաւօտը իջնում է շորերիդ:
Քաղաքը շնչում է աշնան թոյլ հոտը, տկար տերեւները, հողը:
Արեւի աշնանային խշտեակը տաքանում է բարձր ուսերիդ:
Մեծ կարօտով խաղաղ իրիկուններ:
Գիշերը բարդւում է լուսամուտիս՝ հին աստղ-մաստղ:
Փետուրներով սիրտ են շոյում:
Այնքան փափուկ, փափկած գոյութիւն:
Բարձս քեզ կը տամ:
Իմ նիւթական աշխարհ:
Գիշերուայ սեւ մաղ:
Հատուկենտ լոյսեր՝ հեռուներում:
Կարծում ես՝ մի սիրտ է՞լ է պէտք պարտք վերցնել:
Տեղ չմնաց:
Հիմնական ճանապարհը ու քեզ մօտ եկողը:
Քարտէզը սրտիս մէջ է:
Կարօտը՝ ինչպես աղը առագաստներին:
Մարմնիդ հրաշալի պաստառը:
Գրկելդ: Գրկիդ անկողինը:
Հրեշտակ՝ զինուորի աջ ուսին:
Կը կատարեմ կամքդ, ասա:
Մորթիր:
Գիւմրի, 2019
ԾԹ. տարի, թիւ 1