«…մի՛ կարդար, տե՛ս»-ասում է հեղինակը՝ ընթերցողին յանձնելով իր նոր գիրքը՝ վերնագրուած Ինչ որ չես տեսներ։ Ինքը՝ հեղինակը պնդում է, որ «դժուար ասելին կամ լռելին» այս գրքի մասն են կազմում[1]Պըլտեան Գրիգոր, Ինչ որ չես տեսներ, Երեւան, 2016, էջ 185։ Յետագայ շարադրանքում սոյն գրքից արուած մէջբերումների … Continue reading, ես պիտի յաւելեմ՝ դժուար տեսանելին կամ անտեսանելին է գրքի շարժիչ ուժը։ Այստեղից էլ ահա հակասութիւնը, գիրքն ինքն իրեն ներկայացնում է իբրեւ մի բան, որը տեսանելի չէ՝ ինչ որ չես տեսներ (գրքի առաջին բառերը՝ վերնագիր), հեղինակն ընթերցողից ակնկալում է այդ ինչ-որ բանը տեսանելու կարողութիւնը՝ ≪մի՛ կարդար, տե՛ս≫ (գրքի վերջին բառերը) (ԻՉՏ-էջ 187)։ Հակասութիւնը հեղինակի եւ գրքի միջեւ է, եւ ահա ընթերցողը կանգնած է այս հակասութեան առջեւ՝ իմանալով, որ ընթերցել այս գիրքը նշանակելու է փորձ անել տեսնել անտեսանելին։ Այսինքն՝ կատարել փորձ, որը մեծ հաւանականութեամբ դատապարտուած է ձախողման, բայց ընթերցման գայթակղութիւնն էլ արդէն իսկ այնքան մեծ է, որ փորձուած ընթերցողը չի կարող մերժել այսպիսի մի մարտահրաւէր։ Ի վերջոյ, անտեսանելին տեսանելու փորձն էլ իր առաւելութիւնն ունեցող գործընթաց է, որը ենթադրում է, որ տեսանելու փորձ կատարող իւրաքանչիւր մէկը (ընթերցողը) հնարաւորութիւն ունի տեսնել միւսներից բոլորովին տարբեր մի բան։ Ու քանի որ գիրքը նոր-նոր է յայտնուել ընթերցողի սեղանին, ուստի, լինելով այդ անտեսանելի տեսանելու փորձ անողների առաջիններից մէկը, պիտի փորձեմ տեսանել այն «Ինչ որ չեմ տեսներ»՝ առանց կողմնակի տեսողութիւնների կամ ուրիշներին երեւացած պատկերների ազդեցութիւնների։
Գրիգոր Պըլտեանի Ինչ որ չես տեսները. մեր օրերի
իրողութիւն է, քանի որ այն գրական-մշակութային
շարժման մէջ է մտել մեր օրերում եւ նրա ազդեցութիւններն
ու գործառոյթը գրականութեան պատմութեան
ընթացքի մէջ տեսանելի է դառնալու,
նիւթականացուելու է սկսած իր առաջին հրատարակութիւնից։
Այսպիսով, Գրիգոր Պըլտեանի Ինչ որ չես տեսներ ժողովածուն այլեւս իրողութիւն է։ Դիտաւորեալ չնշեցի «բանաստեղծական» ժողովածուն, որովհետեւ գրքում տեղ գտած ստեղծագործութիւնների ժանրի հարցը քննարկելի է։ ժանրի հարցը, սակայն, միակը չէ, որ հետաքրքրական ու քննարկելի է դարձնում այս գիրքը, որն ընդհանուր առմամբ գրուել է աւելի քան երեք տասնամեակ առաջ եւ մինչ այս միայն մի քանի փոքրիկ պատառիկներով է լոյս տեսել։[2]Ինչպէս նշուած է գրքի առաջաբանում, մինչ այս լոյս էին տեսել միայն գրքի «Հատուածներ հօր» շարքից որոշ … Continue reading Ասել է թէ՝ գործ ունենք թեքսթերի հետ, որոնք աւելի քան երեսուն տարի առաջ կայացած իրողութիւն են եւ միայն այսօր են ներկայացւում ընթերցողին, որտեղից էլ հարց է առաջանում. արդեօ՞ք այս գիրքը ուշացած չէ։ Բայց միթէ՞ որեւէ գիրք երբեւէ կարող է «ուշացած≫ լինել, ուրեմն՝ գուցէ աւելի ճիշդ կը լինի վերաձեւակերպել հարցը. ի՞նչ գործառոյթ կարող է կատարել 2016 թուականի Հայաստանի Հանրապետութիւնում 1970-80-ականների Ֆրանսիայում գրուած գիրքը։ Պատահական չէր Ֆրանսիայում գրուած լինելու հանգամանքը նշելս եւս, քանի որ գիրքը քննարկելիս պէտք է նկատի ունենալ դրա գրման վայրն ու ժամանակը, այսինքն՝ գրական միջավայրը, որի ծնունդն է գիրքը։ Բայց այդ գրական միջավայրն, ի հարկէ, ամէնից առաջ՝ աշխարհագրական, ժամանակագրական, պատմական, մշակութային միջավայր լինելուց առաջ, գրողի գեղագիտական հայեացքների միջավայրն է։ Դրա համար էլ գրքի մասին բուն խօսակցութիւնը կը ցանկանայի սկսել այն հարցից, թէ առհասարակ ի՞նչ է ինքը՝ հեղինակն ինքը ակնկալում գրականութիւնից, ո՞րն է նրա նպատակը գեղարուեստական թեքսթ ստեղծելիս, եւ ո՞րն է գրքի տեղը Գրիգոր Պըլտեանի գեղարուեստական գրականութեան համակարգում։
Այսօր մենք գտնում ենք այնպիսի մի
գրական ընթացքի մէջ, երբ արեւելահայերէնով եւ
արեւմտահայերէնով ստեղծագործող
հեղինակներն աւելի շատ են իրար
կարդում, քան երբեւէ, եւ դա,
բնականաբար, ունի իր դրական
արդիւնքը, քանի որ սրանք փոխադարձաբար
ազդելու են (ազդում են) միմեանց վրայ։
Բայց մինչ այդ անդրադառնանք նախ այն հարցին, թէ ո՞ր ժամանակին է, ի վերջոյ, պատկանում այս գիրքը։ Ինքս իմ առաջադրած հարցին սպառիչ պատասխան տալ չեմ յաւակնում, այլ, աւելի շուտ, ուզում եմ քննարկել, թէ ո°ր ժամանակին է աւելի շատ պատկանում գիրքը՝ 1970-80-ականների Ֆրանսիայի՞ն (կամ սփիւռքահայ գրականութեանը), թէ՞ 2016-ի Հայաստանի Հանրապետութեանդ Առաջին հայեացքից գուցէ տարօրինակ հնչող այս հարցը ամենեւին էլ աւելորդ հարցադրում չէ ոչ միայն այս, այլեւ ցանկացած գրքի պարագային, քանի որ ցանկացած գիրք որոշակի միջավայրի ու ազդեցութիւն ների ծնունդ լինելով ինքն էլ դառնում է որոշակի միջավայր ձեւաւորող եւ որոշակի ազդեցութիւնների աղբիւր։ Ուստի, կախուած գրքի բնոյթից (այն մինչ այս գոյութիւն ունեցող՝ աւելի հաւանականօրէն իր հետ միաժամանակ գրուած, թեքսթերի պարզ կրկնութի՞ւն է, թէ՞՝ ոչ), ≪ժամանակավրէպութեան≫ հարցը կարող է դուրս գալ։ Ի հարկէ, այս հարցին վերադառնալու եւ քիչ թէ շատ բաւարարող պատասխան տալու համար, անհրաժեշտ է նախ կատարել գրքի ներքին կառուցուածքի քննութիւն։ Սակայն առանց գրքի ներքին կառուցուածքի քննութեան էլ կարելի է գոնէ մօտաւորապէս ասել, որ Գրիգոր Պըլտեանի Ինչ որ չես տեսները մեր օրերի իրողութիւն է, քանի որ այն գրական մշակութային շարժման մէջ է մտել մեր օրերում եւ նրա ազդեցութիւններն ու գործառոյթը գրականութեան պատմութեան ընթացքի մէջ տեսանելի է դառնալու, նիւթականացուելու է սկսած իր առաջին հրատարակութիւնից։ Չէ՞ որ ոեւէ մէկը յստակօրէն չի կարող պնդել, թէ ինչպիսին կը լինէր գրականութեան պատմութեան ընթացքը, եթէ որեւէ գիրք լոյս տեսնէր իր լոյս ընծայումից երեք-չորս տասնամեակ առաջ կամ յետոյ։
Պըլտեանն էլ առիթի դէպքում չի
խուսափում նշել, որ իր համար
բանաստեղծական տեքստերը
ազգին, կրօնին, պետութեանը
ծառայող գործիքներ չեն, տեքստը
լուծում է տեքստային հարցեր, իսկ
մնացած գործառոյթները, եթէ կան,
ուրեմն՝ յարակից են կամ
առաջանում են ինքնըստինքեան։
Մէկ այլ հանգամանք, որին կարեւորութիւն եմ տալիս, գրքի առաջին հրատարակութեան վայրն է։ Նախորդ դարի 20-ականներից արեւմտահայ գրականութեան աւանդոյթների հիման վրայ ձեւաւորուած կայ հայերէնով ստեղծուած գրականութիւն, որը բնութագրելու համար ստեղծել ենք «սփիւռքահայ գրականութիւն» եզրոյթը։ Այս՝ չափազանց ընդգրկուն եզրոյթի տակ հասկացուող գրականութեան սահմանները չափազանց երերուն են։ Մի կողմից այստեղ ներառուած են ոչ միայն արեւմտահայերէնով, այլեւ արեւելահայերէնով գրուած թեքսթերը (օրինակ իրանահայ գրականութիւնը), միւս կողմից՝ որոշ տեսաբաններ սրա տակ ներառում են ծագումով հայ օտարագիր հայ հեղինակների (այս հարցը գոնէ հեշտ վիճարկելի է, եթէ գրականութեան պատկանելութեան հարցը լուծում ենք ըստ լեզուի պատկանելութեան), մէկ այլ խնդիր էլ դառնում է Հայաստանի պետական տարածքներից ներս ապրող, ստեղծագործող եւ իրենց գրքերն այստեղ լոյս ընծայող հեղինակների հարցը, որոնք գրում են արեւմտահայերէնով (վառ օրինակ է Լեռ Կամսարի օրինակը)։ Այսպիսով, կարելի է բախուել այն հարցին, թէ արդեօ՞ք ի վերջոյ «սփիւռքահայ գրականութեան» հարցը չի լուծւում ըստ աշխարհագրական տեղի եւ ոչ թէ ըստ մշակոյթի եւ գրական աւանդութեան։ Որպէսզի տպաւորութիւն չստեղծուի, թէ անիմաստ ու երկար ծամծմում եմ արդէն բազմաթիւ անգամներ չարչրկուած հարցը, պիտի ասեմ, թէ սա որքանով է կապւում այստեղ առաջադրուած իմ հարցին։ Արդէն բաւական երկար ժամանակ է Գրիգոր Պըլտեանի գրքերը լոյս են տեսնում Հայաստանում. սա վերաբերում է թէ՛ տեսութեանը, թէ՛ գեղարուեստական արձակին։ Բնական է, որ այդպիսի մի հանգամանքը չէր կարող անհետեւանք անցնել եւ այսօր արդէն տեսանելի է վերջին մի քանի տարիների ընթացքում Պըլտեանի ունեցած դերը (ազդեցութիւնը) հայաստանեան թէ՛ տեսական մտքի, թէ՛ գեղարուեստական արձակի վրայ։ Ինչ որ չես տեսներ սպառողը ամէնից առաջ դառնալու է հայաստանեան ընթերցողը եւ, յամենայն դէպս գոնէ նախնական պլանում, ենթադրելի է, որ Պըլտեանի նոր գիրքն իր առաջին ազդեցութիւնները կ՚ունենայ ոչ միայն սփիւռքահայ, այլեւ արեւելահայերէնով գրուող բանաստեղծութեան ընթացքի վրայ։ Սա է պատճառը, որ հակուած եմ գրքի տեղը տեսնել ոչ թէ անցեալ դարի 70-80-ականների սփիւռքահայ (ֆրանսահայ) գրականութեան մէջ, այլ ամէնից առաջ ժամանակակից հայ գրականութեան մէջ։ Միտումնաւոր կերպով չեմ տարանջատում արեւելահայերէնով եւ արեւմտահայերէնով ստեղծուող գրականութիւնները, որովհետեւ կարծում եմ, որ այսօր մենք գտնւում ենք այնպիսի մի գրական ընթացքի մէջ, երբ արեւելահայերէնով եւ արեւմտահայերէնով ստեղծագործող հեղինակներն աւելի շատ են իրար կարդում, քան երբեւէ, եւ դա, բնականաբար, ունի իր դրական արդիւնքը, քանի որ սրանք փոխադարձաբար ազդելու են (ազդում են) միմեանց վրայ։
Հետաքրքիր զուգադիպութեամբ (կամ դիտաւորութեամբ) անցած տարուայ ընթացքում «Ինքնագիր» գրական հանդէսը համացանցում վերահրապարակեց նաեւ Գրիգոր Պըլտեանի «Ֆրանսիական ժամանակակից բանաստեղծութիւն» յօդուածաշարը, որը, եթէ չասեմ, որ լաւագոյնս ներկայացնում է 1970-ականների ֆրանսիական պոէզիան, ապա առնուազն լաւագոյնս ցոյց է տալիս, թէ գրական ինչպիսի մթնոլորտում էր (ինչ էր ընթերցում, ինչպէս էր ընթերցում, ինչպէս էր պատկերացնում պոէզիան եւ ինչ էր ակնկալում պոէզիայից) հեղինակը մօտաւորապէս նոյն ժամանակամիջոցում, երբ գրւում էին քննարկուող ժողովածուի մէջ ներառուած տեքստերը։ Ռեմոն Քընօ, Ֆրանսիս Պոնժ, Իւ Բոնըֆուայ եւ ժագ Փրեւեր. ահա Պըլտեանի սելեկցիան 1970-ականներին ֆրանսիական բանաստեղծութեան մասին խօսելիս։ Որպէսզի մանրամասնօրէն կանգ չառնեմ հեղինակներից իւրաքանչիւրի ստեղծագործութեան վրայ, աւելին՝ որպէսզի թեքսթս չվերածուի Պըլտեանի յօդուածաշարի պարզ վերաշարադրանքի, այստեղ պարզապէս նշեմ այն կարեւորագոյն կէտերը, որոնցով ֆրանսիական պոէզիայում աչքի ընկնելը նկատելի ու գնահատելի էր դառնում Պըլտեանի համար։ Այստեղ էական եմ համարում հէնց Պըլտեանի ընթերցումը, քանի որ այս հեղինակների՝ իմ սեփական կամ այլ տեսաբանների ընթերցումը պակաս օգտակար կը լինէր Պըլտեանի բանաստեղծութեան եւ բանաստեղծութեան նկատմամբ ունեցած հայեացքի մասին խօսելիս։ Ռեմոն Քընոյին Պըլտեանն առանձնացնում է յատկապէս լեզուական աշխատանքի եւ լեզուական փորձարարութեան տեսանկիւնից «Լեզուի վրայ եղած աշխատանքը չի կենար միայն բառերու կամ շարահիւսական կանոններու մակարդակին», ապա յաւելում «բառախաղ, նմանաձայնական բառախաղ, կատակ, բառի զեղծում, «սխալ» ուղղագրութիւն, խօսակցական լեզուին պատկանող կտրատումներ, քերականական խախտումներ, «անպատկառութեան» բոլոր լեզուական տեսակները կը նկատուին Քընոյի մօտ իմաստի արտադրութեան գործօններ»։[3]Պըլտեան Գրիգոր, «Ֆրանսական ժամանակակից բանաստեղծութիւն» (2). Ռեմոն Քընօ, http://inknagir.org/?p=5439, 02.10.2016։ Պատահական չէ, որ Քընոյի այս՝ մի կողմից լեզուական փորձարարութիւնները, միւս կողմից «կէս-գրական», «կէս-մաթեմատիկական» փնտռտուքները արժանանում են Պըլտեանի ուշադրութեանը, հեղինակն ինքն էլ չի թաքցնում, որ իր համար բանաստեղծութիւնը «մաթեմատիկական աշխատանք մըն է», որը հիմնուած պիտի լինի ոչ միայն եւ ոչ այնքան զգացումի, որքան «մտքի աշխատանքի» վրայ։[4]Հարցազրոյց Գրիգոր Պըլտեան հետ, Գրութեան մէջ պէտք է լինեն տեղեր, որտեղ լռութիւն է,
http://www.media.am/grigor-pltian-interview, … Continue reading Գալով Ֆրանսիս Պոնժին, մինչեւ բանաստեղծական կոնցեպտի առանձնայատկութիւններին անդրադառնալը կ՚ուզէի նշել մի յատկանիշ, որով Պըլտեանն առանձնացնում է հեղինակին. «Լուացքի մեքենան գրուած է 1943-ին, այսինքն՝ այն օրերուն, երբ ընդդիմադիր բանաստեղծներ (Արագոն, էլիւար, եւ ուրիշներ) հայրենասիրական ոտանաւոր ներ կը գրէին»[5]Պըլտեան Գրիգոր, «Ֆրանսական ժամանակակից բանաստեղծութիւն»(3). Ֆրանսիս Պոնժ http։//inknagir.org/?p=5639, 02.10.2016։,- գրում է Պըլտեանը։ Ասել է թէ՝ Պոնժի բանաստեղծութեան առանձնայատկութիւններից առաջինը թեման է. հեղինակը չի ծառայեցնում գրական թեքսթը հրապարակախօսութեանը (այս դէպքում՝ հայրենասիրական ոտանաւորներ չգրելով)։ Թերեւս նման մի հեղինակի ընտրութիւնն էլ պատահական չէ, քանի որ ինքը Պըլտեանն էլ առիթի դէպքում չի խուսափում նշել, որ իր համար բանաստեղծական տեքստերը ազգին, կրօնին, պետութեանը ծառայող գործիքներ չեն, տեքստը լուծում է տեքստային հարցեր, իսկ մնացած գործառոյթները, եթէ կան, ուրեմն՝ յարակից են կամ առաջանում են ինքնըստինքեան։ «Եւ Պոնժ բանաստեղծութիւնը փոխարինեց գրութեամբ, առարկան առխաղով, «գեղագիտական հաճոյքը» աոխինդով[6]«Առխաղ» եւ «առխինդ» բառերը ֆրանսերէն «օպժէօ» եւ «օպժուա» բառերի թարգմանութիւններն են, որոնք իրենց հերթին … Continue reading≫։[7]Նոյն տեղում։ Իւ Բոնըֆուայի բանաստեղծութեան մէջ հեղինակի համար ամենահետաքրքրականը բանաստեղծի «լեզուէն անդին» հասնելու ձգտումն է մի կողմից, միւս կողմից՝ տեսութեամբ բանաստեղծութիւն կառուցելն ու տեսութեան եւ բանաստեղծութեան բախումը. «բանաստեղծութեան «իսկութեան» մօտեցումը երբ կ՚անցնի յղացքէն ու տեսութենէն, երբ կը դադրի անմիջական «բանաստեղծութիւն» ըլլալէ, կը բախի արգելքի մը»։[8]Պըլտեան Գրիգոր, «Ֆրանսական ժամանակակից բանաստեղծութիւն» (4). Իւ Բոնըֆուա, http։//inknagir.org/?p=6098, 02.10.2016։
Իւրաքանչիւր նոր գրքի հետ
հեղինակն ունենալու է տեքստային
նոր խնդիր, որի լուծումը լինելու է ոչ
միայն լեզուական միջոցներով, այլեւ՝
ըստ ֆորմայի։
Ուրեմն՝ եթէ ի մի բերելու լինենք վերը թուած բանաստեղծների ստեղծագործական այն յատկանիշները, որոնցով հեղինակները ժամանակին գրաւել էին Պըլտեանի ուշադրութիւնը, ապա կ՚ունենանք մի կողմից լեզուական աշխատանքի կարեւորութիւնը, որը բանաստեղծութեան մէջ կարող է հասնել մաթեմատիկական հաշուարկի, միւս կողմից՝ բանաստեղծութեան, թող թոյլ տրուի ասել՝ «ապակուսակցականացուած» լինելը (ոչ թէ նեղ՝ կուսակցական իմաստով, այլ որեւէ խմբի շահերին չծառայելու իմաստով, կը լինի այդ խումբը՝ կրօնական, ազգային, գաղափարական եւ այլն) եւ, ի վերջոյ, բանաստեղծութեան՝ տեսութեան հետ աշխատելու փորձառութիւնը, այդպիսի հնարաւորութիւնը կամ այդ հնարաւորութեան բացակայութիւնը։ Հետեւաբար, կարծում եմ, սխալուած չպիտի լինեմ, եթէ Պըլտեանի բանաստեղծութիւնները (այս դէպքում բոլոր բանաստեղծութիւնները եւ ոչ թէ միայն Ինչ որ չես տեսներ ժողովածուն, քանի որ դրանք բոլորն էլ գրուել են համարեա միեւնոյն ժամանակահատուածում) դիտարկեմ ելնելով այս մօտեցումներից։ Արդէն ակնյայտ է դառնում, որ Տեղագրութիւն քանդուող քաղաքի մը համար ժողովածուից սկսած մինչեւ Մանտրաները Պըլտեանի գլխաւոր խնդիրը լինելու է բանաստեղծական ֆորմայի որոնումը («Ինծի համար սկիզբը ֆորմի պրոբլեմն է», «Կ՛ուզեմ ֆորմ մը ստեղծել որուն հետ միտքս կրնայ հաշտ յառաջանալ»,-մի առիթով ասում է հեղինակը)[9]Գ. Պըլտեան Մանտրաներ, ընթերցում հեղինակին կողմէ, https։//www.youtube.com/watch?v=q16Moeqmmj4, 02.10.2016։՝ մի կողմից, իսկ միւս կողմից՝ գրական լեզուի մէջ բանաստեղծական լեզուի ստեղծումը («Գրող մը պիտի ստեղծէր լեզու, որ մարդիկ չեն խօսիր»,-մէկ այլ առիթով ասում է Պըլտեանը)((Գրիգոր Պըլտեան Շրջում վէպի քննարկում, https://www.youtube.com/watch?v=K4skYWkGSzY,02.10.2016.
«Չեմ սպասեր, որ աստուածները ի ն ձ ի ներշնչում տան, ստիպուած եմ ստեղծել բան մը, որը նախապէս չկայ լեզուին մէջ»https://www.youtube.com/watch?v=q16Moeqmmj4, 02.10.2016։))որը կը լինի միայն այդ ստեղծագործութեան լեզուն։ Արդէն իսկ սկզբից պարզ է, որ բանաստեղծութիւնը, կառուցուելով տեսութեան ու լեզուի հաշուին, անընդհատ բախուելու է տեսութեան ու լեզուի պրոբլեմներին, որոնք լուծելու ճանապարհներ փնտռելը կը դառնայ այն բանաստեղծական արարքը, որին գնում է հեղինակը։ Ինքը հեղինակը պնդում է, որ իր համար միեւնոյն բանը մի քանի անգամ փորձարկելը հետաքրքրական չէ, եւ բանաստեղծական ամէն փորձարկումից յետոյ ինքը անցնում է յաջորդ ֆորմայի որոնմանը, որը պիտի «հաշտ ընթանայ մտքին հետ»։[10]Գ.Պըլտեանի Մանտրաներ, ընթերցում հեղինակին կողմէ, https://www.youtube.com/watch?v=q16Moeqmmj4, 02.10.2016։ Ուրեմն՝ հէնց այս տեսանկիւնից էլ պէտք է դիտարկել Գրիգոր Պըլտեանի բանաստեղծական փորձառութիւնը։ Իւրաքանչիւր նոր գրքի հետ հեղինակն ունենալու է տեքստային նոր խնդիր, որի լուծումը լինելու է ոչ միայն լեզուական միջոցներով, այլեւ՝ ըստ ֆորմայի։ Եթէ մինչեւ Ինչ որ չես տեսներ ժողովածուն Պըլտեանի բանաստեղծութիւնները հիմնականում վիզուալացւում էին, ապա այստեղ ակնյայտ են արձակին մօտեցող ձեւերը, որոնց մէջ վիզուալականացումը մղուած է երկրորդ պլան։
Բանաստեղծութիւնը արձակի մէջ եւ
արձակը բանաստեղծութեան մէջ.
ահա թէ ինչպէս կարեփ է բնութագրել
Պըլտեանի Ինչ որ չես տեսներ
ժողովածուի ժանրը։
Մի առիթով Պըլտեանն ասել է. «Բանաստեղծութիւնը կը հարստանայ արձակով, առանց արձակի բանաստեղծութիւն չկայ, ուրեմն՝ այս երկուքին յարաբերութիւնները լեզուի մէջ կը յայտնուին»։[11]Նոյն տեղում։Բանաստեղծութիւնը արձակի մէջ եւ արձակը բանաստեղծութեան մէջ. ահա թէ ինչպէս կարելի է բնութագրել Պըլտեանի Ինչ որ չես տեսներ ժողովածուի ժանրը։ Ինչպէս ինքը հեղինակն է ասում մէկ այլ հեղինակի ստեղծագործութիւնների առիթով՝ պատասխանել այն հարցին, թէ որ ժանրին են ի վերջոյ պատկանում ժողովածուում տեղ գտած տեքստերը, կը նշանակի «որոշադրել ընթացքը գրողական փորձառութէան մը»։[12]Պըլտեան Գրիգոր, Ֆրանսական ժամանակակից բանաստեղծութիւնէ). Ֆրանսիս Պոնժ http։//inknagir.org/?p=5639, 02.10.2016։ Այս ստեղծագործութիւններին ժանրային վերջնական անուանում տալու յաւակնութիւնը անշնորհակալ գործ պիտի լինի, հետեւաբար, յարգելով տեքստի ինքնանուանումը, դրանք պիտի անուանեմ բանաստեղծութիւն եւ քննեմ՝ ելնելով բանաստեղծական օրինաչափութիւններից, աւելի ճիշդ՝ այն պահանջներից ու ակնկալիքներից, որ հեղինակն ինքն է դնում բանաստեղծական ժանրի առաջ։ Դէ իսկ հեղինակի համար սա բանաստեղծութեան ու արձակի սահմանագծին կանգնած ժանր է. «Բանաստեղծութեան հասնիլ արձակով կամ արձա կին մէջ խցկել խնդրուած պատմութիւնը, բայց չմոռնալ ինչ որ կը կոչուի բանաստեղծութիւն՝ զայն լքելով հանդերձ…» (ԻՉՏ-էջ 186), այսինքն՝ հրաժարում բանաստեղծութիւնից՝ բանաստեղծութեամբ։ Ահա հակասութիւն, որին անընդհատ բախուելու ենք այս գրքի ընթերցման ժամանակ, ինչպէս արդէն գրքի վերնագրի ու «յանձնարարականի» հակասութիւնից տեսանք («մի՛ կարդար, տե՛ս» Ինչ որ չես տեսներ), այնպէս էլթեքսթի ընթերցման ժամանակ պիտի տեսնենք, թէ ինչպէս է հեղինակը փորձում հրաժարուել խօսքից՝ խօսքերի միջոցով եւ լեզուից՝ լեզուի օգնութեամբ։ Այստեղից էլ նաեւ գուցէ այն հակասութիւնը, որ հեղինակն ունի իր թեքսթի հետ. «Մարդ չի գրեր այն որ կ’ուզէ անպայման։ Մարդ չի կրնար ալ անպայման ընդունիլ ինչ որ գրեց≫ (ԻՉՏ-էջ 186). չէ՞ որ գիրքն անվերջ ընթացք է անխօսելիի մասին չխօսելու անկարողութեան։ Գիրքն սկսւում է հէնց թեքսթ կազմելու (շարունակելու) անկարողութեամբ, առաջին իսկ հատուածի մէջ կարդում ենք. ≪Անկարելի է նախա^սութխնը շարանակել≫ (ԻՉՏ- էջ 11), եւ այնուամենայնիւ գիտենք, որ յաջորդ էջերը սպիտակ չեն, եւ հեղինակն ինչ-որ շարունակութիւն գտել է։ Սակայն այդ գտնուած շարունակութիւնը ինքն իրենով անվերջ կռիւ է խօսքի հետ. «կը վախնամ խօսքէն։ Աղէտ մը՝ որ կը սիրեմ։ Ո՞վ գիտէ ո՞ր բառը կու գայ, ինքն իրեն, քեզմէ անկախ ու սենեակէն≫ (ԻՉՏ-էջ 27), «ի զուր կը սպասեմ այն բառին, որ կը դառնայ լեզուիս մէջ։ Խօսէիր։ Խօսք ըլլայիր» (ԻՉՏ-էջ 31)։
Խօսքի, կամ աւելի ճիշդ՝ թեքսթի խորհրդանիշը Պըլտեանի մօտ յաճախ սենեակն է, որն ի վերջոյ ուշադրութիւն է գրաւում եւ ստիպում այդ թեքսթերն ընթերցել ըստ սենեակի կամ, որ նոյնն է, ընթերցումը նոյնացնել սենեակ մուտք գործելու հետ։ Ընդ որում սենեակի-թեքսթ զուգահեռը գալիս է դեռեւս նախորդ գրքերից. «սենեակին մէջ անդադար տեղափոխումներ/ փոխգրումներ պատէ պատ/ եւ խօսքի կտորներ հակադիր/ եւ խօսքի շուքեր զիրար հալածող ու ծնող իրարմէ/ փոխաբերեալ փոխ»[13]Պըլտեան Գրիգոր, Հատուածներ «սենետկ»ի մասին, Պէյրութ, 198-78, էջ 79։ Հետագայ շարադրանքում սոյն գրքից արուած … Continue reading։ «Սենեակը մաքրել ինձմէ» (ՀՍՄ-էջ 58) բանաձեւումը, որ տրւում է Հատուածներ «սենեակ»ի մասին գրքում, ինչպէս զրոյցներից մէկի ժամանակ դիպուկ նկատում է Քրիստիան Բատիկեանը պէտք է ընթերցել իբրեւ թեքսթը անձնական զգացումից մաքրելու փորձ կամ արարք։[14]Բանաստեղծութեան ժամանակը. Գրիգոր Պըլտեան/ Քրիստիան Բատիկեան,
https://youtube.com/watch?V=xkO2kRe6Vdg, 02.10.2016։ Ինքը Պըլտեանն էլ ընդգծում է, որ իր համար բանաստեղծութեան մէջ զգացումը չէ, այլ միտքը, քանի որ զգացումը մի բան է, որ իւրաքանչիւրի համար ենթադրում է առանձին, անձնական փորձառութիւն, իսկ միտքը կարելի է փոխանցել.«Միտքը ենթակայ է փոխանակման, իսկ յուզումը՝ ոչ։ Կարող ես նոյն միտքը ստեղծել ուրիշի մօտ, բայց նոյն յուզումը չի ստեղծուել չի ստացուի»:[15]Հարցազրոյց Գրիգոր Պըլտեանի հետ, գրութեան մէջ պէտք է լինեն տեղեր, որտեղ լռութիւն է, http://www.media.am/grigor-pltian-interview, … Continue readingԱյսպիսով Հատուածներ «սենեակ»ի մասինը կարելի է ընթերցել իբրեւ անձնական ապրումից ազատուել փորձող եւ ամբողջութեամբ մտքի աշխատանքի վրայ կենտրոնացող թեքսթ։ Հատուածներ «սենեակ»ի մասինը ամբողջութեամբ սենեակի՝ անհատից, անձնականից մաքրման եւ սենեակի կառուցման «մաթեմատիկական հաշուարկի», սենեակի ճարտարապետութեան պատմութիւն է.«սենեակէն նախասենեակը սենեակին/սկիզբը սենեակին անտեսանելի/ գիծերուն մէջ/ եւ հիմ/ եւ աղիւսում/ եւ շաղախ/եւ թափանցիկ ճարտարապետութիւն» (ՀՍՄ-էջ 49), եւ այստեղ ներս մտնող իւրաքանչիւրը (թեքսթի իւրաքանչիւր ընթերցող) հեղինակին է փնտռում, «սենեակը խոնաւ մութ/ եւ մտնող կը փնտռէք զիս կահերուն վրայ կարասիներուն որոնց մէջ մնայի անշարժ ամբողջ իմ հագուստներով ըսելիքով փոշիով/ ստորագրուած (ՀՍՄ-էջ 61)։ Մինչդեռ սենեակը դատարկուած է, մաքրուած է հեղինակից ու այն միայն քառակուսիներից եւ թուային հաշուարկներից է կազմուած, այսինքն՝ տեքստից դուրս է թողնուած անձնականն ու մարմնականը. «սենեակներ սենեակներ/ուր մշակուէր բնակութիւնը անորոշ/քառակուսիներ ծէսի/թիերու արխիւներու վարմեր/ վայրեր/ ուր գրուէր ծննդաբերութիւնը մարմնիս…(ՀՍՄ-էջ 82), սակայն ի վերջոյ սենեակը լեզուական կաղապար պիտի ստանայ. «յանկարծ սրընթաց ու մեծցող խորանարդը սենեակին կը մօտենայ կը մօտենայ անպար փա կելի կը մտնէ բերնին մէջ լեզուին» (ՀՍՄ-էջ 93)։ Սենեակի մոտիվը շարունակութիւն պիտի ստանայ Ինչ որ չես տեսներ ժողովածուում։ Սակայն, ի տարբերութիւն, նախորդի, այս ժողովածուն սենեակը անձնականով լցնելու պատմութիւն է։ Ինչ որ չես տեսները, կարելի է ասել, Պըլտեանի բանաստեղծութեան այն բացակայող մասն է, որտեղ պիտի դրուէր անձնական ապրումը, եւ այստեղ է ահա, որ տեսնում ենք մարմինը, կնոջը, ցանկութիւնը կնոջ նկատմամբ, անձնական ապրումը, հեռացումը, ցաւը, ի վերջոյ, նաեւ աղէտի թեման, հօր կերպարը, հօր հետ յարաբերուելը (կամ չյարաբերուելը) եւ այլն։ Ինչպէս ինքը հեղինակն է նշում, այս գրքում կայ «բան մը, որ կը պակսէր, Հատուածներ «սենեակ»ի մասին, Վայրերուն, Հակաքերթուածքին. մարմինը. էրոսը»։[16]Բանաստեղծութէան ժամանակը. Գրիգոր Պըլտեան/ Քրիստիան Բատիկեան, հttps://www.youtube.com/watch?v=xkO2kRe6Vdg, 02.10.2016։ Գրքի միջնամասում տեղադրուած է «Ագուցում» վերնագրով շարքը, որն ընդամէնը մէկ բանաստեղծութիւնից է կազմուած, որն ի դէպ միակն է գրքում տեղ գտած բանաստեղծութիւններից, որում առկայ է տողատումը եւ կայ վիզուալացման միտում, հեղինակի վկայութեամբ, «այս գրքին առանցքային մասը կը կազմէ»։[17]Բանաստեղծութեան ժամանակը. Գրիգոր Պըլտեան/ Քրիստիան Բատիկեան, https://www.youtube.com/watch?V=xkՕ2Re6Vdg, 02.10.2016։«Ագուցում» շարք-բանաստեղծութեամբ հեղինակը փորձել է հասնել նրան, ինչի մասին ինքը նշում էր գրքի շնորհանդէսի ժամանակ՝ «սեռայինը, որ գռեհիկ չըլլար»։[18]Պըլտեան Գրիգոր, «Ինչ որ չես տեսներ» գրքի շնորհանդէս, Կալումէ, Երեւան, 29. 06. 2016։Հէնց այս բանաստեղծութիւնը, փաստօրէն, որում գերիշխող է մարմնականը, դառնում է կապող օղակ միւս գրքի միւս շարքերի միջեւ։
Միւս կողմից, սակայն, գրքում, որն ըստ հեղինակի բերում է այն, ինչ բացակայում է միւս բանաստեղծութիւններում՝ մարմնականը, սեռայինը, էրոսը, հակադրութեան մէջ են կինն ու խօսքը («կարելի չէ բնակիլ բառերն մէջ առանց տարատուելու քեզմէ» (ԻՉՏ-էջ 120)), կինն ու լեզուի օրէնքները («Իսկ երբ հեռացուցի ինձ քեզմէ <…> խօսք առի ու ոչինչ եղայ. Շուտով ինկանք լեզուի օրէնքին մէջ» (ԻՉՏ-էջ 117)) կինն ու խօսքը փոխադարձաբար հերքում են իրար («որքան խօսիմ կը դադարիմ քեզ տեսնելէ» (ԻՉՏ-էջ 47)) որքան կինը հեռանում է, խօսքն այնքան մօտենում է, խօսքը գալիս է կնոջ հեռացումից յետոյ, խօսքը գալիս է իբրեւ յիշողութիւն, իբրեւ վերստեղծելու, վերստանալու հնար («այսպէս կը թարգմանեմ քեզ» (ԻՉՏ-էջ 36), «Կը մնայ ինծի միայն քեզ յօրինել» (ԻՉՏ-էջ 126))՝ միայն խօսքային միջոցներով («կ՚ուզէիր խօսք առնել անգամ մը ետ,նայիլ այլեւս բառերով ու բառերէն վեր, որոնցմով փորձեցի քեզ բռնել օր մը, գրել տող մը քեզ, որպէսզի բանտարկուիս հոն, մնաս, երբեք դուրս չգաս» (ԻՉՏ-էջ 58)) այլեւս կորցրած մարմինը, որի ներկայութիւնը ենթադրում է խօսքի բացակայութիւն, կնոջ ներկայութիւնը միայն լռութեան մէջ է («մտնել ամրափակ չխօսկանի լռութեանս մէջ»,«Այսքան երկարօրէն խօսելէ ետք՝ բացուեցայ համրութեան» (ԻՉՏ-էջ 37),«Որքան խօսիմ այնքան կը բացակայիս եւ որքան լռեմ այնքան կը կորսցնեմ քեզ բառերուն մէջ չըսուած» (ԻՉՏ-էջ 61)), խօսքը միաժամանակ ճանաչողութեան («պատմէ’ որ ճանչնամ» (ԻՉՏ-էջ 38)) եւ մոռացումի («պատմէ’ որ մոռնամ» (ԻՉՏ-էջ 38)) տեղն է։ Խօսքն ու հաճոյքը փոխադարձաբար հերքում են միմեանց («հաճոյքը չխօսիլն է» (ԻՉՏ-էջ 46)) եւ այնուամենայնիւ գործ ունենք հեղինակի անվերջ շարունակական խօսքի հետ, այսինքն՝ հաճոյքի բացակայութեան հետ, լեզուի միջոցով արտայայտուել, կը նշանակի բաժանուել («լեզուն մեզ բաժնեց իրարմէ» (ԻՉՏ-էջ 108)), բառի փնտռտուքը դատապարտուած փորձ է, որ գալիս է միացումի պահից յետոյ. ≪այդ պահէն սկսայ բառ կորսցնել, բառ փնտռել, երբեք չգտնել»(ԻՉՏ-էջ 110)։ Այստեղ արդէն հեղինակը չի կարող մաքրել սենեակն իրմէ, քանի որ բանտարկուած է սենեակի մէջ.«Բանտարկեր ես զիս հոն, սենեակիս պարապին» (ԻՉՏ-էջ 42), սենեակն արդէն այն տեղն է, որտեղ կինն է, մարմինը. «հնարաւոր է վերադառնալ մեր սենեակը։ Քո՛ւ սենեակդ» (ԻՉՏ-էջ 108),«բրտօրէն քեզ գրկել ու բանտարկել այս սենեակին մէջ, արգիլել որ դուրս գաս» (ԻՉՏ-էջ 112), «Կարելի չէ դուրս գալ սենեակէն արգիլուած» (ԻՉՏ էջ-123), բառը գալիս է թեքսթից՝ սենեակից անկախ. «Ո՞վ գիտէ, ո՞ր բառր կու գայ, ինքն իրեն, քեզմէ անկախ ու սենեակէն» (ԻՉՏ-էջ 27)։
Այսպիսով, Գրիգոր Պըլտեանի Ինչ որ չես տեսներ
ժողովածուն յաւակնում է իրադարձային լինել հայ
գրականութեան համար՝ մի կողմից բերելով իր
ազդեցութիւնները ժամանակակից հայ
բանաստեղծութեան վրայ, միւս կողմից՝
ամբողջացնելով Գրիգոր Պըլտեանի բանաստեղծական
փորձառութիւնն ու դառնալով այդ
փորձառութեան պակասող «ագուցումը»։
Այս՝ «սենեակային» կոնթեքսթում ուշագրաւ է նաեւ գրքի հաւանական վերնագրերից մէկը՝ «Տուն»։ Կարելի է ենթադրել, որ հեղինակի համար թեքսթ-սենեակներից կազմուած տուն է։ Այս առումով հետաքրքիր է նաեւ Հատուածներ «սենեակ»ի մասինից յետոյ գրուած բանաստեղծական յաջորդ ժողովածուն՝ Վայրերը, որ սկսւում է «Ստեղծել վայրը ուր ըլլալ»[19]Պըլտեան Գրիգոր, Վայրեր, Փարիզ, 1983, էջ 7։ բանաձեւումով նոյնպէս, ըստ էութեան, տեղի փնտռտուք է. սա նշանակում է, որ հեղինակի համար բանաստեղծութիւնը տեղային է, վայր է, որտեղ կարելի է լինել կամ որտեղից կարելի է մաքրուել։ Հատուածներ «սենեակ» մասինում այդ տեղը սենեակն է, որտեղից ինքն իրեն մաքրում է, այսինքն՝ ամէնից ինտիմ անկիւնը, որտեղից փորձում է վերացնել անձնականութիւնը, մինչդեռ Ինչ որ չես տեսներում այդ վայրը տունն է, որի սենեակներում նորից լցւում է անձնականութիւնը եւ որտեղ ձեւաւորւում են մարդու ամենաինտիմ յարաբերութիւնները, այդ թւում՝ եւ յարաբերութիւները ծնողների՝ մօր («Աքսորի մայր») եւ հօր (Հատուածներ հօր) հետ։ Գրքի առանձին մաս է կազմում «Հատուածներ հօր» գլուխը, որտեղ սկսում է խօսուել նաեւ աղէտի թեման։ Հօր հետ յարաբերութիւնները եւս կառուցւում են խօսքի, դրա բացակայութեան, լռութեան եւ յետոյ նաեւ դրա բացակայութեան խաղարկումներով. «Չլսեցինք։ Յետոյ մեռաւ։ Չլսեցինք։ Յետոյ հայրիկը մեռաւ։ Անկէ ի վեր կը խօսիմ եւ այս խօսքը սկիզբ չունի այլեւս» (ԻՉՏ-էջ 138), «…մռլտուք մը՝որ երկխօսութխն է կամ կռիւ՝ լռութեան դէմ թերեւս…» (ԻՉՏ-էջ 132) «Կարծես անկարելի էր մեզի խօսիլ ծագումին հետ։ Այդ լռութիւնը որ էիր, չէզոք, անդէմք լեզուի մը մէջ։ Պարապն էր։ Եւ դուն դուն չէիր» (ԻՉՏ-էջ 150)։ Հօր թեման եւ մասնաւորապէս հօր լռութիւնը անմիջականօրէն առնչւում է աղէտի թեմայի հետ. «Համրութիւն՝ որուն ետին կարծես պահուըտեր ես։ Գիտէիր, ոչ կարդալ, ոչ գրել։ Ե՞րբ պիտի սրուէիր, այդ աւազէ ժամանակի օրերուն» (ԻՉՏ-էջ 174) եւ ապա. «Կը ճնշես, կը ստիպես որ գրեմ ու բանամ համրութիւնդ։ Կարծես սորվեցայ կարդալ որպէսզի քեզի վերընծայեմ լռութիւնդ եւ հայրութեանդ երբեք չհասնիմ» (ԻՉՏ-էջ 174)։ Այս շարքում է նաեւ, որ առաջին անգամ լինելով հեղինակը օգտագործում է նաեւ հայ բառը՝ իբրեւ բաղկացուցիչ հայր-ի՝ «Հայ/ր»։
Այսպիսով, Գրիգոր Պըլտեանի Ինչ որ չես տեսներ ժողովածուն յաւակնում է իրադարձային լինել հայ գրականութեան համար՝ մի կողմից բերելով իր ազդեցութիւնները ժամանակակից հայ բանաստեղծութեան վրայ, միւս կողմից՝ ամբողջացնելով Գրիգոր Պըլտեանի բանաստեղծական փորձառութիւնն ու դառնալով այդ փորձառութեան պակասող «ագուցումը»։
ԾԵ. Տարի, 2016 թիւ 3
↑1 | Պըլտեան Գրիգոր, Ինչ որ չես տեսներ, Երեւան, 2016, էջ 185։ Յետագայ շարադրանքում սոյն գրքից արուած մէջբերումների էջերը կը նշուին տեղում՝ ԻՉՏ յապաւմամբ։ |
---|---|
↑2 | Ինչպէս նշուած է գրքի առաջաբանում, մինչ այս լոյս էին տեսել միայն գրքի «Հատուածներ հօր» շարքից որոշ հատուածներ՝ 1979-ին՝ գծանկարիչ Ասատուրիի գործերին կից, 1986-ին՝ «Կամ»- 3-4 համարներում եւ 1993-ին՝ առանձին գրքով։ |
↑3 | Պըլտեան Գրիգոր, «Ֆրանսական ժամանակակից բանաստեղծութիւն» (2). Ռեմոն Քընօ, http://inknagir.org/?p=5439, 02.10.2016։ |
↑4 | Հարցազրոյց Գրիգոր Պըլտեան հետ, Գրութեան մէջ պէտք է լինեն տեղեր, որտեղ լռութիւն է, http://www.media.am/grigor-pltian-interview, 02.10.2016։ |
↑5 | Պըլտեան Գրիգոր, «Ֆրանսական ժամանակակից բանաստեղծութիւն»(3). Ֆրանսիս Պոնժ http։//inknagir.org/?p=5639, 02.10.2016։ |
↑6 | «Առխաղ» եւ «առխինդ» բառերը ֆրանսերէն «օպժէօ» եւ «օպժուա» բառերի թարգմանութիւններն են, որոնք իրենց հերթին հեղինակային նորաբանութիւններ են ֆրանսերէնի մէջ՝ ստեղծուած Ֆրանսիս Պոնժի կողմից։ Առխաղը «նոր սեռի մը ստեղծման մեթոտն է, «նոր հռետորութեան» արտադրած առարկայի խաղին օրէնքը առ ընթերցողն», իսկ առխինդը՝ «գրութենական մաքրացում մը, «քաթարսիս» մը բայց առնուած խաղի, հեգնանքի, ժպիտի ծիրին մէջ եւ ո՛չ ողբերգութէան»։ Աւելի մանրամասն տե՛ս նշուած յօդուածում։ |
↑7, ↑11 | Նոյն տեղում։ |
↑8 | Պըլտեան Գրիգոր, «Ֆրանսական ժամանակակից բանաստեղծութիւն» (4). Իւ Բոնըֆուա, http։//inknagir.org/?p=6098, 02.10.2016։ |
↑9 | Գ. Պըլտեան Մանտրաներ, ընթերցում հեղինակին կողմէ, https։//www.youtube.com/watch?v=q16Moeqmmj4, 02.10.2016։ |
↑10 | Գ.Պըլտեանի Մանտրաներ, ընթերցում հեղինակին կողմէ, https://www.youtube.com/watch?v=q16Moeqmmj4, 02.10.2016։ |
↑12 | Պըլտեան Գրիգոր, Ֆրանսական ժամանակակից բանաստեղծութիւնէ). Ֆրանսիս Պոնժ http։//inknagir.org/?p=5639, 02.10.2016։ |
↑13 | Պըլտեան Գրիգոր, Հատուածներ «սենետկ»ի մասին, Պէյրութ, 198-78, էջ 79։ Հետագայ շարադրանքում սոյն գրքից արուած մէջբերումները կը տրուեն տեղում՝ ՀՍՄ յապաւմամբ։ |
↑14 | Բանաստեղծութեան ժամանակը. Գրիգոր Պըլտեան/ Քրիստիան Բատիկեան, https://youtube.com/watch?V=xkO2kRe6Vdg, 02.10.2016։ |
↑15 | Հարցազրոյց Գրիգոր Պըլտեանի հետ, գրութեան մէջ պէտք է լինեն տեղեր, որտեղ լռութիւն է, http://www.media.am/grigor-pltian-interview, 02.10.2016։ |
↑16 | Բանաստեղծութէան ժամանակը. Գրիգոր Պըլտեան/ Քրիստիան Բատիկեան, հttps://www.youtube.com/watch?v=xkO2kRe6Vdg, 02.10.2016։ |
↑17 | Բանաստեղծութեան ժամանակը. Գրիգոր Պըլտեան/ Քրիստիան Բատիկեան, https://www.youtube.com/watch?V=xkՕ2Re6Vdg, 02.10.2016։ |
↑18 | Պըլտեան Գրիգոր, «Ինչ որ չես տեսներ» գրքի շնորհանդէս, Կալումէ, Երեւան, 29. 06. 2016։ |
↑19 | Պըլտեան Գրիգոր, Վայրեր, Փարիզ, 1983, էջ 7։ |