Հերմինէ Աւագեան
Հերմինէ Աւագեան

Ես գալիս եմ քեզ մօտ գլխաբաց,
որ անձրեւներդ շոյեն արցունքներս
եւ ասեն, որ այս տարի
ձմեռ չի լինելու
ու գարունը արդէն ճամբայ է ընկել
դէպի քեզ․․․
Ես գալիս եմ քեզ մօտ ամէն օր
եւ շուրթերիս աղօթքներ եմ բերում,
որ համբոյրի հետ թողնեմ դէմքիդ,
մարմինդ փաթաթեմ կարօտներով
եւ ասեմ, որ դու շուտ պիտի
ապաքինուես,
շատ շուտ․․․
Ես ուզում եմ սիրուս մասին
ծնկաչոք լռել,
որովհետեւ հիմա բառերը
լռութեան մէջ են գեղեցիկ,
հիմա սէրը հրաժարւում է բառերից,
հիմա սէրը ասում է՝
եկէք, գրկէք ինձ ու պահէք․․․
ու պահէք․․․
Ես գալիս եմ քեզ մօտ հաւատով,
որովհետեւ բոլոր ճամբաները կորցրել եմ,
եւ դա միակ ճամբան է,
որ ոչ ոք աւերել չի կարող․․․
Գալիս եմ՝ նայեմ աչքերիդ,
թողնեմ աչքերս աչքերիդ մէջ,
որ արեւածագին արթնանանք միասին՝
իրար պինդ գրկած․․․