Բախտիար Յովակիմեան

ԼԵՒՈՆ ՇԱՆԹԻ ՀԻՆ ԱՍՏՈՒԱԾՆԵՐԻ ԱՌԱՋԻՆ ԲԵՄԱԴՐՈՒԹԻՒՆՆԵՐՆ ՈՒ ՆՐԱՆՑ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԸ

Հայ դասական գրողներից իր կենդանութեան օրերին՝ ոչ ոք այնքան չի գնահատուել ու քննադատուել, ոչ մէկը գրական կեանքն այնքան իրենով չի զբաղեցրել, որքան Լեւոն Շանթը։ Նա բեկում է մտցրել ոչ միայն գրականութեան մէջ, այլեւ գրական-մշակութային կեանքում։ Եւ այդ բոլոր իրադարձութիւնները պտտուել են դրամատուրգ Շանթի շուրջը, աւելի կոնկրետ՝ նրա Հին Աստուածներ դրամայի երեւան գալու կապակցութեամբ։ Իրօք՝ Հին Աստուածները երեւոյթ էր հայ գրականութեան մէջ եւ թատրոնում, մի երեւոյթ, որն իր հերթին թէ՛ Անդրկովկասում, թէ՛ Պոլսում եւ թէ՛ Ամերիկայի հայկական շրջանակներում սկզբնաւորեց ու կեանքի կոչեց գեղարուեստական գրականութեան նկատմամբ գրական դատ, քննարկում կազմակերպելու հասկացութիւնը։
     Չնայած Լեւոն Շանթի մասին շուրջ տասի հասնող մենագրութիւնների առկայութեանը, որոնք լոյս են տեսել նրա օրօք եւ մահից յետոյ, յատուկ ուսումնասիրութեան նիւթ է դարձել միայն դրամատուրգ  Շանթը, բայց չի գրուել Շանթի թատրոնի պատմութիւնը։ Մինչդեռ այդպիսի աշխատանքի առկայութիւնը կը հարստացնէր եւ կ՚ընդլայնէր թէ՛ հեղինակի եւ թէ՛ հայ թատրոնի պատմութեան շրջանակները ինչպէս մայր հայրենիքում, այնպէս էլ սփիւռքահայ իրականութեան մէջ։
     Սունդուկեանից, Պարոնեանից, Շիրվանզադէից եւ Դեմիրճեանից յետոյ, հայ թատրոնում ամէնուրեք եւ ամենաշատ խաղացուած պիեսները Շանթի գործերն են, որոնք, սակայն, 1928 թուականից մինչեւ 2000ական թուականները բեմ չեն հանուել Հայաստանում, իսկ սփիւռքահայ թատրոնում աւելի շատ խաղացուել են թատերասիրական խմբերում, քան պրոֆեսիոնալ դերասանների կողմից։ Արդարութիւնը պահանջում է ասել, որ եթէ Շանթը յաջողութիւն է գտել սփիւռքահայ գրական-մշակութային կեանքում, ապա շնորհիւ պրոֆեսիոնալ դերասանների եւ ռեժիսորների ջանքերով տրուած ներկայացումների։ Շանթի պիեսների ոչ հաւասարարժէք ներկայացումների բացակայութիւնն է պատճառը, որ դրամատուրգ  եւ թատերական գործիչ Շանթը մնացել է գրեթէ չուսումնասիրուած բնագաւառ։
     Առանց յաւակնութիւն ունենալու ամբողջացնելու Շանթի դրամատուրգիական ժառանգութեան պատմութիւնը, այստեղ համառօտակի կը ներկայացուի առաւել յաջողուած բեմադրութիւնների ու քննարկումների համառօտ նկարագիրը։
     Ուրեմն, ի՞նչ է ներկայացնում իրենից Շանթի թատրոնը, պատմական ինչպիսի՞ ուղի է անցել նրա պիեսների բեմադրութիւնների պատմութիւնը։
     Շանթի գրական գործունէութեան մէջ չափածոյին եւ արձակին հետեւել է դրաման, որը եւ մեր կարծիքով, բարձրացրել է նրա հեղինակութիւնը։ Շանթի դրամատուրգիական ժառանգութիւնը կարելի է բաժնել երեք շրջանի՝

ա. արդիական կեանքի արտացոլումը
բ. սրտի ու մտքի հակամարտութեան յաւերժական սիմվոլիկան,
գ. պատմական Հայաստանի վերակենդանացումը

Արդիական կեանքին նուիրուած պիեսների մէջ, որոնցով սկսել է նա իր դրամատուրգիական փորձերը, մտնում են՝ 1901 թուականին գրած Եսի մարդը, որն առաջին անգամ տպագրուել է Պետերբուրգի Բանբեր գրականութեան եւ արուեստի հանդէսի 1904 թ. Բ. գրքում. 1903 թ. Թիֆլիսում գրած Ուրիշին համար դրաման, նախապէս տպագրուած Մուրճի 1905-1906 թթ. համարներում եւ 1904ի նոյեմբերին Թիֆլիսում գրած Ճամբուն վրայ դրաման, որի առաջին տպագրութիւնը կատարուել է Մոսկուայի Գարուն հանդէսի 1910 թ. Ա. գրքում։ Սրանցից Ուրիշին համար պիեսը չի բեմադրուել։ Ճամբուն վրայ դրաման 1906ին արժանացել է Թիֆլիսի Հայոց դրամատիկական ընկերութեան պիեսների մրցանակաբաշխութեան «Մարիամ Մակարեան» մրցանակին իբրեւ ինքնորոյն ազգային դրամա եւ բեմական կեանք մտել 1907ին Թիֆլիսում, Յովհ. Աբելեանի բեմադրութեամբ։ Եսի մարդը առաջին անգամ ներկայացուել է 1907ին Բաքուի Հայոց կուլտուրական միութեան դերասանական խմբում, Ազնիւ Հրաչեայի բեմադրութեամբ։

Ինչպէս ժամանակին նկատել է քննադատութիւնը,
սրտի եւ մտքի յաւիտենական պայքարում յաղթող
ու պարտուող չկայ եւ հեղինակը ընթերցողի ու
հանդիսատեսի դատին է յանձնել նրա պատասխանը։

     Վերոյիշեալ երկու պիեսներն էլ շատ են խաղացուել Անդրկովկասի եւ Սփիւռքի թատրոններում։ Թէեւ այդ պիեսներում արդիական ֆոնի վրայ արծարծուել են անհատի, ընտանիքի, հայրենասիրութեան, հասարակական պարտքի ու գիտակցութեան բազմապիսի հարցեր, բայց կուռ գաղափարախօսութեան, կենդանի եւ ամբողջական կերպարների բացակայութեան պատճառով որոշակի հետք չեն թողել ոչ հեղինակի գնահատութեան, ոչ դերասանների առաւելութեան եւ ոչ էլ թատրոնի պատմութեան մէջ։
     Շանթի հսկայական յաջողութիւն եւ լաւ ճանաչում բերած պիեսը, դա նրա՝ սրտի եւ մտքի հակամարտութեան յաւերժական սիմվոլիկան ներկայացնող Հին Աստուածներ դրաման է։ Պիեսը գրուել է 1909 թուականի յունուարին, Երեւանում, յետագայում մշակուել ու տպագրուել է Կ.Պոլսում 1912 թուականին։ Հին Աստուածները շահել է Թիֆլիսի Հայոց դրամատիկական ընկերութեան պիեսների մրցանակաբաշխութեան «Մարիամ Մակարեան» մրցանակը։ Միաժամանակ հարց է բարձրացուել նրան տալ երկրորդ՝ «Աղասի Մելիք-Հայկազեան»ի մրցանակ, բայց քանի որ վերջինս սահմանուած է եղել ժամանակակից թեմայով պիեսների համար, ուստի այդ մրցանակը չի տրուել։
     Հին Աստուածների նիւթը մեզանից հազար տարի առաջ Սեւանի մենաստանի վանականների եւ աշխարհիկ մարդկանց շփումների, փոխյարաբերութիւնների, անցեալ ու ներկայ սիրոյ պատմութեան հիւսուածքի վրայ սիմվոլիկ պատկերներով ու գործող անձերով համամարդկային գաղափարների, մարդկային ապրումների վերարտադրութիւնն է հայկական միջավայրում։ Պիեսի գլխաւոր հերոսների՝ Վանահօր եւ Աբեղայի վարուեցողութեան մէջ տրուած է վանքի մռայլ պայմաններին համակերպուելու եւ այդ պայմանների դէմ մաքառելու գաղափարը։ Վանահօր եւ Իշխանուհի Մարիամի անցեալ սիրոյ պատմութիւնը, Աբեղայի եւ Սեդայի նոր ծնունդ առնող սէրը այն շարժիչ ուժն է, որով կենդանութիւն է ստանում պիեսը։ Այստեղ չկան սուր բախումներ, մենախօսութիւններ, ամէն ինչ գնում է երկխօսութեան պայմաններում, որը պէտք է համարել բնորոշ վանքի պայմանների համար։
      Պիեսի շուրջը ծաւալած քննարկումների, դասախօսութիւնների ժամանակ, յօդուածներում յաճախ խօսուել է Շանթի՝ եւրոպական սիմվոլիստներից կրած ազդեցութեան դրսեւորումների մասին։ Բայց, միեւնոյն ժամանակ հերքուել է նման կարծիքը, գտնելով, որ դա համաշխարհային գրականութեան յաւերժական թեմաներից է։ Թերեւս, նիւթի առանցքի առումով Շանթը որոշ հետեւութիւն է արել Լերմոնտովին։ Չէ՞ որ թերեւս 1892 թուականին նա թարգմանել է ռուս բանաստեղծի Մծիրի պոեմը, որտեղ նոյն՝ Վանահօր եւ Աբեղայի հակամարտութիւնն է աշխարհիկ կեանքի համար։ Մծիրին թարգմանել է նաեւ Յովհաննէս Թումանեանը, բայց մինչեւ թարգմանութիւնը, իր գրական կեանքի արշալոյսին, 1890ին գրել է Մերժած օրէնք դրամատիկական գործը՝ նոյն բովանդակութեամբ եւ երկու գործող անձով՝ Վանահօր եւ Աբեղայի։
   

Համազգայինի Մ. եւ Հ. Արսլանեան Ճեմարանի մամլոյ գրադարանի արխիւէն, Պէյրութ, Լիբանան

Մինչեւ Հին Աստուածների բեմ հանելը, այն արդէն գրաւել ու զբաղեցրել է գրական հասարակութեան միտքը։ Նրա մասին սկսել են յօդուածներ գրել, դասախօսութիւններ կարդալ թէ Անդրկովկասում եւ թէ նրա սահմաններից դուրս։ Գրական կեանքն ու միտքը շիկացած է եղել Հին Աստուածների սիմվոլիստական կերպարների քննադատութեամբ ու հակասական գնահատութեամբ։
     Հին Աստուածների առաջին բեմադրութիւնը, որն իրականացրել է ռեժիսոր Արմէն Արմէնեանը, տեղի է ունեցել 1913 թ. Յունուարի 14ին, Թիֆլիսի Արտիստական ընկերութեան թատրոնում։ Պիեսի բազմաբնոյթ տեսարանների ձեւաւորման աշխատանքներին մասնակցել են նկարիչներ Գէորգ Բաշինջաղեանը, Արշակ Ֆէթվաճեանը, Եղիշէ Թադէոսեանը, յետագայ բեմադրութիւններում՝ Գիգօ Շարբաբչեանը։ Նոր դեկորացիաների, զգեստների եւ այլ կարիքների համար Դրամատիկական ընկերութիւնը ծախսել է շուրջ 400 ռուբլի, որը մեծ գումար էր այն ժամանակի համար։
     Հին Աստուածների բեմադրութիւնն ու դերակատարումները ցնցող սովորութիւն են թողել։ Ո՞վ էր տեսել մի պիես, որը նոյն թատերաշրջանում խաղացուի մի քանի անգամ, մինչդեռ Շանթի պիեսը կարճ ժամանակամիջոցում ներկայացուել է աւելի քան տասը անգամ։ Սա արդէն հեղինակի յաղթանակի գրաւականն էր։ Առաջին այդ ներկայացման գլխաւոր դերերը կատարել են՝ Վանահայր-Յովհաննէս Աբելեան, Ճերմակաւոր-Արմէն Արմէնեան, Ճգնաւոր-Յարութիւն Բերոյեան, Կոյր Վանական-Միքայէլ Մանուէլեան, Աբեղայ-Իսահակ Ալիխանեան, Իշխանուհի-Օլգա Մայսուրեան, Սեդա-Եկատերինա Դուրեան-Արմէնեան։ Ներկայացումից ներկայացում, քննադատութիւնից գնահատութիւն կատարելագործուել է դերակատարների աշխատանքը։ Այդ փոփոխութիւնը յատկապէս նկատելի է եղել Ալիխանեանի մարմնաւորած Աբեղայի դերակատարութեան մէջ։ Եթէ առաջին ներկայացման մէջ նրա Աբեղան գունատ է ստացուել, ապա հինգերորդ ներկայացումը, որ տրուել է մէկ ամիս անց, դերասանը նոր գոյներ է մտցրել դերակատարութեան մէջ՝ հոգեբանօրէն համոզուած ցուցադրել իր հերոսի բռնկումները, անցումները։ Նշանակալից յաջողութիւն են եղել Աբելեանի Վանահայրը, Մայսուրեանի Իշխանուհին։

Ամէնուրեք յաջողութիւն գտած Հին Աստուածները
ընդունելութիւն չի գտել հեղինակի հայրենիքում։

      Նախքան ներկայացումը հանդիսատեսի դատին յանձնելը, Թիֆլիսում սկիզբ է առել Հին Աստուածների արժանիքների ու թերութիւնների վերլուծութեան երկար շղթան։ Յունուարի 11ին, Տիգրան Նազարեանի գրական-գեղարուեստական սալոնում տեղի ունեցած երեկոյին պիեսի մասին դասախօսութիւն է կարդացել մանկավարժ ու թատերախօս Շուշանիկ Խան-Ազատը։ Քննարկմանը մասնակցել են Մշակի խմբագիր եւ թատերախօս Ալեքսանդր Քալանթարը, գրող-ֆելիետոնիստ Աշոտ Աթանասեանը, դերասան Յովհաննէս Աբելեանը, Դրամատիկական ընկերութեան ներկայացուցիչ Արամ Նազարէթեանը, գրող Ատրպետը, գրականագէտ Յովակիմ Սոլովեանը եւ ուրիշներ։ Ընդգծուել է պիեսում տեղ գտած մարդկային բնութեան եւ զգացմունքների հակասութիւնը, Վանահօր ժայռակամութիւնը եւ Աբեղայի կենսասիրութիւնը, Սեդայի եթերային հոգու թռիչքը, որին պէտք է հետեւի Աբեղան։ Նշուել է պիեսում արեւելահայ եւ արեւմտահայ լեզուների զարմանալի ներդաշնակութիւնը եւ երաժշտական հնչերանգը։ Քննարկման ընդհանուր եզրակացութիւնը եղել է՝ Հին Աստուածները մի հոյակապ կերտուածք է, իտէալիստ բանաստեղծի նուրբ ճաշակի եւ իրաւամբ մի շեդեւր է մեր արդի գրականութեան մէջ։ Միեւնոյն ժամանակ նշուել է, որ պիեսում արծարծուած նիւթը համամարդկային է եւ եթէ թարգմանուի այն, ընդունելութիւն կը գտնի այլ ժողովուրդների մօտ։
     Շատ չանցած, փետրուարի 3ին, Վրաց Ազնուականների բանկի թատրոնում, Հայ գրողների ընկերութիւնը կազմակերպել է առաջին գրական դատը հայ գրականութեան պատմութեան մէջ՝ նուիրուած Շանթի Հին Աստուածների գնահատութեանը։ Գրական դատի ժամանակ, պահպանուել են դատական բոլոր ձեւերը՝ երկու դատաւոր, երկու դատախազ, երկու պաշտպան, 12 երդուեալ ատենակալ։ Դատը տեւել է չորս ու կէս ժամ։
     Հիմք ընդունելով գրական դատի մասին գրականագէտ Յարութիւն Սուրխաթեանի յօդուածում տեղ գտած մտքերը, պէտք է ասել որ դատաւոր՝ դերասան Արշակ Յարութիւնեանը գտել է, որ Վանահայրը եւ Աբեղան բացասական հերոսներ են մարդկային ճակատագրի եւ ապագայ հասարակութեան տեսակէտից, մէկը հեռանում է կեանքից, պայքարից, իսկ միւսը կրում է մի իտէալ, որը սոցիալական անարդարութիւններով ու հակասութիւններով լի ժամանակակից կեանքն է։ Մամբրէ Մատենճեանը, որ ծայրայեղական կարծիքները քննադատ է եղել, ուղղակի ոչնչացրել է Շանթի դրաման, նրան մէջ չտեսնելով ոչինչ դրամատիկական։ Ըստ նրա՝ Հին Աստուածները իբրեւ պիեսդրամա չէ, հետեւաբար չի կարելի այն համեմատել եւրոպական հեղինակների նոյնանման թեմաներով ստեղծագործութիւնների հետ։ Պաշտպաններ Ստեփան Լիսիցեանը եւ Գասպար Իփէկեանը գտել են, որ Հին Աստուածները դրամա է եւ որ հեղինակը անպայման օբյեկտիւ է եղել, հերոսները դրական են։ Դատարանը որոշել է՝
     Հին Աստուածները դրամա չէ, այլ դրամատիկական պոեմ։
     Իբրեւ գրուածք արժէքաւոր է։
     Մտածել է տալիս, բայց չի յուզում։
     Տիպեր չկան։
     Արդար են թէ Վանահայրը եւ թէ Աբեղան իբրեւ անհատներ իրենց ձգտման մէջ, բայց հասարակական տեսակէտից վնասակար են։
     Իշխանուհին իրաւունք ունէր սիրելով մէկին՝ ուրիշի հետ ամուսնանալ – պալատական սովորութիւն է։

Համազգայինի Մ. եւ Հ. Արսլանեան Ճեմարանի մամլոյ գրադարանի արխիւէն,
Պէյրութ, Լիբանան

Հին Աստուածների քննարկումների, մամուլում լոյս տեսած յօդուածների մէջ, երբեմն կասկածի տակ է առնուել նրա պատմականութիւնը՝ «Հազարամեակ մը մեզմէ առաջ»։ Այն չի համարուել ոչ պատմական, ոչ էր արդիական, այլ հայկական միջավայրի մէջ համընդհանուր մարդկութեանը յուզող հարցերի վերարտադրութիւն։ Ի հերքումն այդպիսի եզրակացութիւնների, Մշակում հանդէս է եկել հայագէտ Ստեփան Մալխասեանցը եւ պատմական կոնկրետ դէպքերի ու դէմքերի անուանափոխութեամբ ապացուցել պիեսի պատմական հիմքերը։ Դրանով վերջ է տրուել պիեսի ոչ պատմական լինել-չլինելու հարցին։
     Հին Աստուածների թիֆլիսեան բեմադրութեան յաջողութիւնը փոխանցուել է Բաքուի Հայոց կուլտուրական միութեան դերասանական խմբին։ Պիեսի բեմադրական աշխատանքներին մասնակցել են նրա գրեթէ բոլոր հերոսների դերակատարները՝ Սիրանոյշը-Իշխանուհի, Յովհաննէս Զարիֆեանը-Վանահայր, Սաթենիկ Ադամեանը-Սեդա։ Միւս դերակատարումներով հանդէս են եկել՝ Ծերունի վանական-Գրիգոր Ավետեան, Կոյր Վանական-Անդրանիկ, Ճերմակաւոր-Վարդան Միրզոյեան, Աբեղայ-Արշաւիր Շահխաթունի։
     Առաջին ներկայացումը տեղի է ունեցել 1913ի փետրուարի 10ին, Նիկիտինների թատրոն-կրկէսում։ Այնքան մեծ է եղել հետաքրքրութիւնը, որ քսան օրում այն խաղացուել է հինգ անգամ, ըստ որուն, գնալով՝ ներկայացուել է աւելի մեծ դահլիճներով թատրոններում՝ Թաղիեւի, այնուհետեւ Մայիլեան եղբայրների Օպերային Մեծ թատրոնում։ Դերակատարումներից յաջողած են համարուել Զարիֆեանի Վանահայրը՝ յատկապէս Իշխանուհու հետ հանդիպման հոգեբանական վերապրումների դժուարին տեսարանում, Շահխաթունու եւ մանաւանդ Սաթենիկ Ադամեանի դերակատարումները։

Ահա այսպէս, տասնամեակներ շարունակ
Հին Աստուածները բեմադրուելով Անդրկովկասի
եւ սփիւռքահայ թատրոններում, իսկ վերջին մի
քանի տասնամեակում նաեւ Հայաստանում,
դարձել է հայ թատրոնի լաւագոյն գործերից մէկը,
նպաստել նրա մասսայականացմանը եւ կայուն տեղ
գրաւել մեր թատրոնի հարուստ պատմութեան մէջ։

     Այստեղ եւս, Հին Աստուածներն այլեւս առանց դատաստանի չի մնացել։ Մարտի 28ին Մայիլեանների Օպերային թատրոնում կայացած գրական դատին մասնակցել են գրականագէտներ եւ լրագրողներ Երուանդ Պալեանը, Ցոլակ Խանզադեանը, Սիմոն Յակոբեանը, Յակոբ Խոջամիրեանը, թարգմանիչ Յակոբ Տէր-Գէորգեանը եւ ուրիշներ, նշել պիեսի թերութիւնները, արժանիքները։ Բայց հանդիսատեսի համակրանքը մնացել է Շանթի կողմը։
     Բաքուի թատերախմբի գտած յաջողութիւնը համարձակութիւն է ներշնչել իրենց ներկայացումը ցուցադրելու Թիֆլիսում։ Սա ոչ թէ մրցակցութեան, այլ ստուգատեսի բնոյթ է կրել եւ նրանք իրենց հաշիւներում չեն սխալուել։ 1913 թ. մարտի 8ին Արտիստական ընկերութեան թատրոնում տեղի է ունեցել Բաքուի դերասանական խմբի առաջին ներկայացումը, որը սահուն տպաւորութիւն է թողել։ Մշակ թերթի խմբագրութեան քարտուղար եւ թատերախօս Սարգիս Եսայեանը համեմատականներ կատարելով երկու թատերական կոլեկտիւների աշխատանքը, նշել է, որ չի կարելի գերագնահատել Աբելեանի եւ Զարիֆեանի մարմնաւորած Վանահայրերը։ Զարիֆեանը ջանք չի խնայել միստիկ Վանահօրը ուժեղ դուրս բերել յատկապէս վանականների շրջանում, որն իր համոզմունքների, մտքի ու պայքարի ապրումների մէջ մենակ է, ցուցաբերել է ներդաշնակ խաղ։ Եթէ Ալիխանեանի Աբեղայի մօտ նկատելի հետք է թողել թախիծը, ներքին պայքարը, ապա Շահխաթունու մօտ այդ պայքարն աստիճանաբար հասունանալով ոգեւորութեան է հասել։ Ընդհանուր եզրակացութիւնը եղել է՝ Ալիխանեանը խորհրդաւոր է, Շահխաթունին՝ ազդեցիկ։ Սաթենիկ Ադամեանի Սեդան լիովին համընկնել է իր հերոսուհու պատրանք գաղափարին, եղել ճկուն իր շարժումների մէջ։ Վաղարշ Վաղարշեանը, որը Հին Աստուածներով յափշտակուած դերասաններից մէկի է եղել, Հիւսիսային Կովկասի քաղաքներում ինքն էլ է Աբեղայ խաղացել Սուրէն Խաչատրեանի եւ իր բեմադրութեամբ՝ Ա. Արմէնեանից կրած ազդեցութեամբ, իր յուշերում այսպիսի տողեր է նուիրել Սաթենիկ Ադամեանի դերակատարմանը։ «Սեդա-Սաթենիկ Ադամեանը,- պատմում է Վաղարշեանը, – երազանք էր դարձել երիտասարդութեան համար։ Նրա լիրիկական հնչեղ ձայնն ու յստակ արտասանութիւնը, ներդաշնակ արտաքինն ու պլաստիկ շարժուձեւերը, նրա զուսպ, մեղմ ու ջերմաշունչ, հրապուրանքով առատ կուսական հմայքը միանգամայն համոզում էին, որ Ադամեանն իրօք իսկական աղջիկ չէր, այլ երազ մի կոյս, Աբեղայի պատրանքների մարմնացումը»։
     Սիրանոյշի բացակայութեան պատճառով այս խմբի հետ Իշխանուհի է խաղացել Օլգա Մայսուրեանը։ Այդ դերակատարումը համարուել է դերասանուհու լաւագոյն դերակատարումներից մէկը եւ ինչ-որ տեղ նաեւ աւելի յաջողուածը, քան Սիրանոյշի կատարումը։ Լեւոն Քալանթարը, որը մէկից աւելի անգամներ է տեսել երկուսի դերակատարումները, այսպիսի միտք է յայտնել. Սիրանոյշը մեծ վարպետութեամբ է ներկայացրել ծով զգացմունքի եւ սիրոյ հեռաւոր անցեալի անել վիճակը, իսկ Մայսուրեանը՝ բացայայտել է ոչ թէ սիրոյ ողբերգութիւնը, այլ որոնող, բարձունքների ձգտող անհատականութիւնը։ Սեղմ ասած՝ Սիրանոյշն ստեղծել է կնոջ ողբերգութիւնը, իսկ Մայսուրեանը՝ մարդկային անհատականութեան ողբերգութիւնը։
     Հին Աստուածները խաղացուել է Արտիստական ընկերութեան, Զուբալովի անուան ժողովրդական տան հայկական խմբերում։ Դրանցից նշանաւորը եղել է նոյն 1913 թուականի հոկտեմբերին Օվի Սեւումեանի բեմադրութեամբ նոր ներկայացումը, որտեղ այս անգամ հանդէս են եկել՝ Վանահայր-Յ. Զարիֆեան, Իշխանուհի-Սիրանոյշ, Սեդա-Սաթենիկ Ադամեան, Աբեղայ -Պոլսից նոր եկած եւ առաջին անգամ Թիֆլիսում ելոյթ ունեցող Վահրամ Փափազեանը։ Մշակի խմբագիր Համբարձում Առաքելեանը ողջունելով նրա մուտքը, գրել է. «Ահա ձեզ մի նոր ուժ եւս, մեր յարգելի դերասանուհի Սիրանոյշի շնորհիւ Թուրքիայից Կովկաս եկած Վահրամ Փափազեանը»։
     Շանթի պիեսի բեմադրութիւնները Անդրկովկասի կենտրոնական  քաղաքների թատերախմբերում ամառային թատերաշրջանում փոխադրուել են գաւառական կենտրոնները՝ Երեւան, Ալեքսանդրապոլ, Թեհրան եւ այլ վայրեր։ Ամէնուրեք այն ընդունուել է հետաքրքրութեամբ ու մտածումների տեղիք տուել։
     Մինչ թատերախմբերն իրենց ներկայացումներով են զբաղուել, Կ. Պոլսի մտաւորականութիւնը եւս հետաքրքրուել է պիեսով։ Հետեւելով Թիֆլիսի օրինակին, նրանք էլ են կազմակերպել Շանթի պիեսի գրական ոչ թէ դատը, այլ քննարկումը։ 1913 թուականի մարտի 3ին Բերայի Էսայեան սանուց միութիւնը կազմակերպել է գրական առաջին ասուլիսը՝ նուիրուած Հին Աստուածների վերլուծութեանը։ Բացման խօսքով հանդէս է եկել հրապարակագիր Գարեգին Խաժակը։ Շանթի գրականութեան մասին խօսք է ասել Յակոբ Սիրունին, որը եւ ներկայացրել է հինգ կէտ, որոնց շուրջը պէտք է գնար խօսակցութիւնը։ Դրանք են՝
     Հին Աստուածները, պատմական թեմատիկայի բնոյթ ունի՞ եւ ինչ թերութիւններ ունի այդ տեսակէտից։
     Որեւէ առնչութիւն ունի՞ հայկական միջավայրի հետ, եթէ այո, որքանով է այդ յաջողուել։
     Հեղինակը լրացնո՞ւմ է դրամայից պահանջուող յատկութիւնները՝ ունի՞ դրամատիկ տեսարաններ, գործող անձանց հոգեբանական զարգացում, դրամատիկ վերջաւորութիւն։
     Շանթի ոճը որքանո՞վ է համապատասխանում լեզուի օրէնքներին եւ պիեսի նիւթին։
     Շանթին որքանո՞վ է յաջողուել իր առաջադրած մտքի եւ սրտի պայքարում։

Պիեսի քննարկմանը մանրամասն վերլուծութիւններով ելոյթներ են ունեցել գրողներ ու մտաւորականներ Տիգրան Չէօկիւրեանը, Միքայէլ Տէր Մարտիրոսեանը, բժիշկ Բարսեղեանը։ Երբեմն սեփական կարծիքով, երբեմն հակադրուելով թիֆլիսեան քննարկմանը, նրանք Շանթի գործը արժէքաւորել են իբրեւ սիմվոլիստական գրականութեան նմոյշ հայ գրականութեան մէջ, միեւնոյն ժամանակ մատնանշել կերպարների բացակայութիւնը, լեզուի եւ ոճի, կառուցուածքի, միջավայրի, հոգեբանական անցումների եւ այլ հարցերի մասին, որոնց հիման վրայ ժիւրին, որի կազմի մէջ մտել են Կոմիտասը, Գրիգոր Զօհրապը, Ռուբէն Զարդարեանը, Դանիէլ Վարուժանը, Սիամանթոն, Միքայէլ Շամտանճեանը, Սարգիս Մինասեանը եւ Թէոդիկը, եկել է հետեւեալ եզրակացութեան։

ա. Բանախօսութիւնները չունենալով դատական ամբաստանութեան եւ պաշտպանականի հանգամանք – ժիւրին նկատում է գրական վիճաբանութիւն եւ ոչ թէ գրական դատ, հետեւաբար Հին Աստուածների մասին վճիռներ չի կարող ներկայացնել, այլ տպաւորութիւնն է յայտնում։
բ. «Շանթի Հին Աստուածները իբր գեղարուեստական գործ կը կազմէ հայ թատերական գրականութեան մէջ սէմպօլիք առաջին գեղեցիկ փորձը»:
գ. «Հին Աստուածներու նիւթը ամենաշահեկան եւ հետաքրքրական է, պատկերացնելուն համար այն յաւիտենական ընդհարումը որ կը մղուի զգացումներու եւ դատողութեանց աշխարհներուն միջեւ, այսինքն մտքին եւ սրտին յաւերժական կռիւը»։
դ. «Թատերախաղն իր էութեամբ կը կրէ համաշխարհային բնոյթ՝ հայկական գոյնով եւ հայկական միջավայրի մէջ պատկերուած»։
ե. Ժիւրին անյարմար է գտել յայտնել իր կարծիքը Հին Աստուածների բեմական եւ թատերական կառուցուածքի տեսակէտի մասին, ընդունելով հանդերձ, որ սիմվոլիկ մի գրուածքից ինչպիսին է Հին Աստուածները, պէտք չէ սպասել թատերախաղի դասական պահանջներ։
զ. «Հին Աստուածների ոճը ըստ էութեան քննադատելի չէ, իսկ լեզուն ունի քննադատելի կողմեր»։
է. Հին Աստուածները վերջապէս հայ տաղանդի մի գեղեցիկ արտայայտութիւնն է։

Ժիւրիի այս կարծիքին նախագահ Խաժակն աւելացրել է, որ Հին Աստուածները  իր վրայ ոչ մի ազդեցութիւն չի կրել եւ որ այն, համաշխարհային նիւթի հայ պատկերացումն է։
     Այսքանից յետոյ ի՞նչն է զարմանալին։  1914 թուականին Թիֆլիսում կազմաւորուած Զարիֆեան-Սեւումեան կովկասահայ դերասանական խումբը հիւրախաղերով հանդէս գալով Կ. Պոլսում, նրանց դատին է ներկայացրել նաեւ Հին Աստուածների բեմադրութիւնը։ Խմբի ներկայացումների մասին թատերախօսականով ելոյթ է ունեցել Շանթ հանդէսի խմբագիր Մերուժան Պարսամեանը, որն իր պարբերականի էջերում Շանթի պիեսը համարել է քննադատութեան չդիմացող գործ, որովհետեւ այդտեղ «տիրական գաղափարը շատ ճղճիմ մնացեր է, երկրորդական զգացմունքներու սարսուռներու տակ։ Իշխանուհին ծիծաղելի տիպար մըն է տռամին մէջ, անիրական, շփոթ, տարտամ» եւ այսպէս Աբեղայի եւ միւս կերպարների «գնահատութիւնը»։ Եզրակացութիւնն այս է՝ «Անյաջող թատերախաղ մըն է, որ իր նորութեան համար միայն կրցաւ աղմուկ հանել»։ Քննադատուել է մանաւանդ լեզուն՝ «այդքան տգեղ, այդքան չարչրուած հայերէն մը, նախադասութիւնները անկապակից»։ Կերպարի վերլուծութեան փոխարէն քննադատուել է Զարիֆեան-Աբեղայի արտաքինը՝ հաստ շրթունքներով, գիրուկ, ապրած, ուժեղ քաղաքացի, որից յետոյ հարց է տալիս՝ «Ո՞ր վանականին մէջ տեսնուած է այդ կառուցուածքով աբեղայ մը»։ Թատերախօսականը եզրափակել է հետեւեալ մահավճռով՝ «Հին Աստուածները Ռուսաստանի մէջ աստուածացաւ ու Պոլսոյ բեմերուն վրայ մեռաւ»։
     Բայց Շանթի պիեսն այդքան շուտ մեռնելու համար չէր ծնուել։ Մեծ եղեռնից ու Առաջին համաշխարհային պատերազմից յետոյ, երբ կեանքը համեմատաբար խաղաղ հունի մէջ էր մտել, կազմակերպուել էր Պոլսոյ Հայ դրամատիկ խումբը, Ֆէլէկեան քոյրերի եւ այլ թատերախմբեր, Հին Աստուածները բեմ է հանւում տեղական ուժերով Աշոտ Մատաթեանի եւ Մկրտիչ Ջանանի բեմադրութեամբ, 1919 թուականին, Սկիւտարի Թեբէ թատրոնում։ Այստեղ գլխաւոր դերերի կատարմամբ հանդէս են եկել՝ Վանահայր-Մկրտիչ Ջանան, Աշոտ Մատաթեան, Աբեղայ -Մկրտիչ Ջանան, Ճգնաւոր-Եդուարդ Չափրաստ, Կոյր Վանական-Երուանդ Թօլայեան, Իշխանուհի-Սիրանոյշ Ալեքսանեան, Սեդա-Հրաչ Փափազեան եւ ուրիշներ։
     Երկու տարի անց, Պոլսում Վանահայր է խաղացել Յովհաննէս Զարիֆեանը։ Բեմադրութեան համար անհրաժեշտ պիտոյքների բացակայութիւնը փչացրել է արագ փոփոխուող տեսարանների թողած տպաւորութիւնը, մանաւանդ, որ պիեսը դինամիկ բնոյթ չի կրել։ Զարիֆեանի Վանահայրը համարուել է աւելի շուտ Վանական, քան Վանահայր եւ միայն Իշխանուհուց բաժանուելու տեսարանում է, որ զգացուել է զգացմունքների եւ գաղափարի պայքարի արտայայտութիւնը։
     Պոլսից անցնելով Ամերիկայի Միացեալ Նահանգներ, Զարիֆեան իր խաղացանկում մեծ տեղ է յատկացրել Շանթի դրամատուրգիային, եւ յատկապէս Հին Աստուածներին։ Նրա սիրած կամ յաջողուած դերը եղել է Վանահայրը եւ առաջին անգամ այդ դերակատարութեամբ հանդէս է եկել Նիւ Եորքում, 1924 թուականին։ Նրա խաղընկերներն են եղել՝ Իշխանուհու դերում Արաքս Զարիֆեանը, որը մինչ այդ խաղում էր Սեդայի դերը։ Տեղական դերասաններից Սիլվիա Գալստեանը մարմնաւորել է Սեդայի, Եղիա Խիյմէթեանը՝ Աբեղայի, Մկրտիչ Նուրեանը՝ Ճգնաւորի եւ Կոյր վանականի դերերը։
     Զարիֆեանի ներկայացումը առիթ է ծառայել, որ Նիւ Եորքում եւս դատական նժարի վրայ դրուի Հին Աստուածները։ 1927ին այդտեղ կազմակերպուած գրական վիճաբանութիւնը, որը կազմակերպել է Նիւ Եորքի Հայ գրական միութիւնը, ղեկավարել է նկարիչ Արշակ Ֆէթվաճեանը։ Ներկաներին ծանօթացնելով Թիֆլիսում տեղի ունեցած գրական դատին, Ֆէթվաճեանը ընդգծել է երկու միտք՝ կեանքը վայելել ինչպէս որ կայ եւ հրաժարուել կեանքից, ապրելու ցանկութիւնից, այն է՝ Աբեղայի եւ Վանահօր հակադրութիւնը։ Նիւթի շուրջը խօսել են Վարդգէս Ահարոնեանը,  Եդուարդ Սահակեանը, Յովհաննէս Զարիֆեանը։ Եթէ առաջին երկու բանախօսի վերլուծումները վերաբերել են գրական նիւթին, ապա Զարիֆեանի խօսքը կենտրոնացուել է նրա բեմական կերպարների վերլուծութեանը։
     Ահարոնեանը գտել է, որ Վանահայրը, Աբեղան, Իշխանուհին, Ճերմակաւորը սիմվոլներ են, որոնք խորհուրդ ունեն իրենց մէջ։ Աբեղան Վանահօր հետեւորդն է, բայց Սեդային տեսնելուց յետոյ վանքը նրա համար դառնում է դժոխք։
     Ե. Սահակեանի կարծիքով Վանահօր երիտասարդութիւնը անցեալը մութ է։ Ինչ-որ չափով վախկոտ է, կեանքից, սիրուց խաբուած վանք մտնելով, որոնումներով խաբում է ինքն իրեն։
     Ըստ Կարօ Սասունու՝ Վանահօր խտացրած կամքը Կոյր Վանականի մէջ է, ուրիշներից բարձր լինելու գաղափարն է իշխում նրա մօտ։ Աբեղան երիտասարդութեան գաղափարախօսն է, բայց փոքրոգի, որովհետեւ Սեդայի մարմնին հպուելով պարտւում է եւ իրեն ծովը նետում։ Աբեղայ ձգտումը Սեդան է, իսկ Վանահօր ձգտումը՝ պայքար բոլորի դէմ։
     Դերասան Զարիֆեանը, որը քանիցս բեմադրել է այս պիեսը, երկու կարեւոր դեր խաղացել՝ Վանահայր եւ Աբեղայ, իր ելոյթում նշել է, որ հեղինակը հենց սկզբից է տուել իր ձգտումը եւ նպատակի ամփոփումը՝ Ճերմակաւորը Վանահօր խիղճն է եւ եթէ ոգին սաւառնել է սկսել, էլ չի նայում իր խղճի ձայնին, մինչդեռ Վանահայրը ազատ չէ այդ տանջանքից։ 25 տարի առաջ պարտուելով, ոչինչ չի արել շրջապատի մարդկանց բարձրացնելու համար։ Իսկ Աբեղան խեղդուելուց ազատելով Սեդային, բացւում են նրա աչքերը, տեսնում է լոյսը եւ չի ուզում բաժանուել նրանից։
      Մեհեանի տեսարանում, տեսնելով կեանքի կապոյտը, որից զրկուած է եղել ինքը, Աբեղան գնում է դէպի կեանքը, իսկ նոր կեանքի մէջ նետուելն արդէն յաղթանակ է։ Սեդան լցնում է ունայնութեան փոսը նրա համար։ Մինչդեռ Վանահայրը թէեւ պատրուակով է Իշխանուհու մօտ գնում, բայց քաջութիւն չի ունենում իրենց սիրոյ մասին խօսելուց։ Իշխանուհին է որ նրան անընդհատ մղում է այդ թեմային, ցոյց տալով Աստուածաշունչը, ասում է՝ Աստուած սէր է, վարդապետ։
     Ամերիկահայ մտաւորականութիւնը Հին Աստուածների այս քննարկմանը վերջնական եզրակացութեան չի յանգել։ Պիեսում շօշափուած հարցերը համարուել են մարդկութեան մէջ յաւերժական գոյութիւն ունեցող հարցեր։ Ուղիղ խօսքից խուսափողների համար պէտք է, որ Զարիֆեանի մեկնաբանութիւնները, որպէս բեմադրողի եւ դերակատարի խօսք, ազդեցութիւն ունենային գնահատութեան արժանի վճիռ կայացնելու։ Հետեւաբար, քննարկումը ձեւական բնոյթ է կրել։
     Հին Աստուածների յետագայ բեմական կեանքն իր արտացոլումն է ստացել եգիպտահայ թատրոնում։ 1929ի նոյեմբեր 3ին Գահիրէի Էզպէքիէ թատրոնում, առաջին անգամ այն ներկայացուել է կովկասահայ թատերական գործիչներ՝ Կոստանեան դերասանական ընտանիքի անդամների եւ տեղական ուժերի մասնակցութեամբ։ Կովկասահայ դրամատիկ թատերախմբի անդամները կատարել են՝ Աբեղայ-Միքայէլ Կոստանեան, Կոյր Վանական եւ Ճգնաւոր-Վոլոդեա Կոստանեան, Իշխանուհի- Մարգօ Կոստանեան, Սեդա-Ասեա Չիլինգարեան (Կոստանեան), իսկ տեղացիներից՝ Լեւոն Վտարանդին խաղացել է Վանահօր դերը։
     Հին սերնդի ներկայացուցիչների կողմից, Հին Աստուածների առաջին բեմադրութիւնն իրագործել է Լեւոն Շանթի մտերիմ ընկեր, թատերական գործիչ Գասպար Իփէկեանը։ Շուրջ երեք տասնամեակ իր գնահատական խօսք-ելոյթներով, յօդուածներով, Իփէկեանը վերջապէս յանգել է նրա բեմադրութեանը։ Բէյրութում, իր իսկ կազմակերպած Համազգայինի թատերախմբում (որը նրա մահից յետոյ կրում է հիմնադրի անունը՝ «Գասպար Իփէկեան»), 1944ին բեմադրել է Հին Աստուածները, որտեղ գլխաւոր դերերը կատարել են անուանի դերասան-դերասանուհիներ. Վանահայր-Ժորժ Սարգիսեան, Իշխանուհի-Նելլի Մինասեան, Կոյր վանական-Խաչիկ Արարատեան, Աբեղայ՝ Քաջազուն  Ապէլ, Սեդա-Գեղարփի Տէր Մելքոնեան եւ ուրիշներ։
     Այս բեմադրութեան մասին Շանթի եւ Իփէկեանի մտերիմ ընկեր, հանրայայտ գրաքննադատ, հրապարակախօս եւ մանկավարժ Նիկոլ Աղբալեանը Ակօսում գրել է.«Միակ մարդը նրանց շրջանում, որ բառի բուն իմաստով թատրոն է տեսած թէ՛ Կովկասում եւ թէ՛ Եւրոպայում Գ. Իփէկեանն է, որին ոչ թէ թատերասէր այլ թատերագէտ պէտք է անուանեմ։ Նա ունի մի քանի շնորհքներ. շնորհալի դերասան է, նրբին մեկնաբան թատերական երկերի, յամառ եւ կարող դերուսոյց եւ շատ յաջող բեմավար»։ Այս շնորհքների եւ ջանքերի շնորհիւ է, որ առաջին անգամ բեմ բարձրացող Քաջազուն Ապէլին դարձրել է Աբեղայի բաւարար դերակատար ու օրինաւոր թատրոն չտեսած մի անփորձ երիտասարդ իբր կարգին դերասան բեմ դուրս գալու համար Գ. Իփէկեանի շնորհքն ու համարձակութիւնը պէտք է ունենալ»։ Նման յաջողութեան է հասել նաեւ Սեդայի դերակատար Գեղարփի Տէր Մելքոնեանը։ Իսկ Ժորժ Սարգիսեանի Վանահօր մասին, նշել է. «Ո՞վ կարող էր կարծել, թէ մեր համայնքին մէջ ունենք թատերական այդպիսի մի շնորհք»։
     Ահա այսպէս, տասնամեակներ շարունակ Հին Աստուածները բեմադրըուելով Անդրկովկասի եւ սփիւռքահայ թատրոններում, իսկ վերջին մի քանի տասնամեակում նաեւ Հայաստանում, դարձել է հայ թատրոնի լաւագոյն գործերից մէկը, նպաստել նրա մասսայա-կանացմանը եւ կայուն տեղ գրաւել մեր թատրոնի հարուստ պատմութեան մէջ։

***

Չնայած իր բեմադրական բարդութիւններին, Հին Աստուածները հարիւրամեայ բեմական կեանք է ունեցել ողջ հայ թատրոնում, աշխարհի գրեթէ բոլոր հայկական համայնքներում։ Պիեսի բեմադրութիւնների պատմութիւնն իր հետաքրքրութեամբ ու գաղափարախօսութեամբ կապուել է առօրեայ կեանքի հետ եւ հասել մինչեւ մեր օրերը։
     Հին Աստուածները հայ թատրոնում շատ բեմադրուած պիեսներից է, որը կայուն տեղ է գրաւել հայ բեմի մի շարք ականաւոր թատերական գործիչների խաղացանկում, այդ թւում Յովհաննէս Զարիֆեանի, Միքայէլ Կոստանեանի, Մանուէլ Մարութեանի, Հրանտ Ստեփանեանի (զանազան վայրերում), Գասպար Իփէկեանի, Պերճ Ֆազլեանի, Վարուժան Խտըշեանի (Պէյրութ) գործունէութեան մէջ։
     Անցեալ դարի վերջերին Հին Աստուածները ցուցադրուել է Հայաստանի հեռուստատեսութեամբ, բեմ է հանուել նաեւ Սունդուկեանի անուան դրամատիկական թատրոնում։ Այս բոլորը լաւ է, բայց քիչ է։ Անհրաժեշտ է ընդարձակել Շանթի թատրոնի պատմութիւնը եւ ըստ արժանւոյն գնահատել նրա դրամատիկական երկերի բեմական պատմութիւնը։

* * *

Հայ թատրոնում Հին Աստուածների բեմադրութիւնների գտած յաջողութիւնները ոգեւորել են նաեւ Կովկասի ռուսական թատերական գործիչներին եւ որոշակի նուաճումներ ունեցել։ Առաջինը նախաձեռնել է Թիֆլիսի Արտիստական ընկերութեան ռուսական թատերախումբը։ Բեմադրիչները եղել են հայ թատերական գործիչների հետ մտերմական կապեր ունեցող բեմադրիչներ Ալեքսանդր Տուգանովը եւ Ն. Վ. Աբրամովը։
     Հին Աստուածների ռուսերէն առաջին բեմադրութիւնը տեղի է ունեցել 1913ի դեկտեմբերի 21ին, Մաժակի (Վ. քհնյ. Տէր-Ղեւոնդեան) եւ Յակ. Իստինովի (Ճշմարիտեան) թարգմանութեամբ։ Գեղարուեստական ձեւաւորումը կատարել է բեմանկարիչ Ն. Ե. Կուլեղը։ Կրկնուել է 1914ի յունուարի 2ին։
     Երկրորդ անգամ այն բեմադրուել է Բագւում՝ 1914ի յունուարի 9ին Թաղիեւի թատրոնում, Տիգրան Բէգզադեանի թարգմանութեամբ։ Բեմադրող-ռեժիսորը եղել է Ն. Ե. Օռլովը։ Դերակատարները եղել են Ա. Վ. Պոլոնսկու ղեկավարութեամբ դերասանական խմբի դերասանները։
     1913 թ. գարնանը Նոր Նախիջեւանի թատերական գործիչ Գէորգ Չուբարը Հին Աստուածները թարգմանել է Մոսկուայի Գեղարուեստական թատրոնի համար, բայց չի բեմադրուել։
     Երրորդ, ամենայաջողուած բեմադրութիւնը կայացել է Դոնի Ռոստովի քաղաքային թատրոնում։ Առաջին ներկայացումը տեղի է ունեցել 1914ի սեպտեմբերի 11ին, կրկնուել՝ 12ին, 16ին, եւ 29ին։ Դերակատարները եղել են Պ. Օ. Զարայսկայայի եւ Գրիշինի ղեկավարութեամբ դերասանական խմբի անդամները։ Բեմադրել է դեռ այն տարիներին անուն հանած ռեժիսոր Կոստանդին Մարջանովը (հայկական արմատներով, ռուսական, յետագայում՝ վրացական թատրոնի նշանաւոր դէմքերից մէկը, որի անունով թատրոն է գործում Թբիլիսիում)։
     Նոր Նախիջեւանի Գաղութ թերթի թղթակից թատերասէրն այս բեմադրութեան առթիւ գրել է. «Մարջանովի շնորհիւ Շանթի նշանաւոր պիեսը վերջապէս գտաւ իր լիիրաւ բեմական բացատրութիւնը։ Հին Աստուածների արտայայտած նուրբ ապրումների եւ զգայուն մտորումների այդ չքնաղ մարմնացումը, որպէսզի զգալ թէ որքան մեծ էր հանդիսատեսներին պատճառած գեղարուեստական հաճոյքը։ Ազատ թատրոնի ռահվիրայ Մարջանովը իր այս գովելի նախաձեռնութեամբ, առաջին անգամ ցուցադրեց ռուս հասարակութեանը հայ գեղարուեստական ստեղծագործութեան ամբողջ թափը, միաժամանակ ճոխացնելով ռուսական որոնող թատրոնի խստապահանջ ռեպերտուարի ցանկը մի չքնաղ գործով» (թիւ 29)։
     Հին Աստուածների այս բեմադրութեան գեղարուեստական ձեւաւորումը կատարել է նոր-նոր թատերական ասպարէզ մտնող երիտասարդ Մարտիրոս Սարեանը։
     Հին Աստուածների բնագրով եւ թարգմանութիւններով բեմադրութիւնները որոշակիօրէն նպաստել են նրա նաեւ այլ լեզուներով թարգմանելու եւ բեմադրելու երեւան գալուն։ Այսպէս, 1910ական թթ. արեւմտահայ մտաւորական Գրիգոր Նորը (Գրիգոր Եսայեան) Հին Աստուածները թարգմանել է Ֆրանսերէն։ 1920ական թուականներին, պոլսահայ թատրոնի գործունէութիւնն արգելուելուց յետոյ (1922), թատերական բեղմնաւոր գործիչ Աշոտ Մատաթեանը մի շարք պիեսների թւում Հին Աստուածներն էլ է թարգմանել թուրքերէն։
     Թէեւ ընդմիջումներով, բայց Հին Աստուածները չի կորցրել իր փայլն ու հետաքրքրութիւնը։ 1960ի օգոստոսի 27ին, Նոր Ջուղայի հայկական կենտրոնատեղիի միութեան նախաձեռնութեամբ, Լեւոն Շանթի նուիրուած երեկոյին (բանախօս՝ Արամայիս Ալլահվերդեան), «Գեղարուեստից սիրողների»՝ Յովիկ Ալլահվերդեանի ղեկավարութեամբ խումբը երկու պատկեր ներկայացնելուց յետոյ, վերջինիս թարգմանութեամբ ու բեմադրութեամբ այն ներկայացուել է նաեւ պարսկերէն։
     Շանթի Հին Աստուածների՝ օտար լեզուներով թարգմանութիւնների ու բեմադրութիւնների մեզ յայտնի վերջին թարգմանութիւնն ու բեմադրութիւնը տեղի է ունեցել 1977ի մայիսին, Միւնխէնի գերմանական թատրոնում։ Թարգմանիչը, բեմադրողը եւ Աբեղայի դերակատարը եղել է թատերական գործիչ Օննիկ Սաատէթեանը (*)։
     Շանթի Հին Աստուածներ պիեսի բեմական պատմութեան այս համառօտ պատմութիւնը ցոյց է տալիս թէ այն որքան մաքառումներ ու խորհրդաւոր ճանապարհ անցնելով ինչպիսի հետք է թողել մեր ժողովուրդի թատրոնի պատմութեան մէջ եւ մնացել հայ դրամատուրգիայի այն պայծառ զարդերից մէկը, որն իր արդիական եւ յաւերժութեան գաղափարախօսութեամբ յոյզերով ու յոյսերով, գեղեցիկ լեզուով նուաճում է հանդիսատեսների սրտերը։

(*) 1987ին, Լա Վեռնի (Գալիֆորնիա) մէջ, Լա Վեռնի համալսարանի հրատարակչատունէն Հին Աստուածները լոյս տեսած է անգլերէն՝ Էնն Պորանեան-Վարդանեանի թարգմանութեամբ ու վերլուծումով (Խմբ.)։

1994, 2019
Երեւան

ԾԹ. Տարի, 2020 թիւ 4