Արծուի Բախչինեան

ՀՕՐԱՔՈՅՐԸ, ՈՐԻ ՔԻԹԸ ԿԾԵԼ-ՉԷՐ ՊՈԿԵԼ ԻՐ ՍԻՐԱԾԻ ԿԻՆԸ

Հատուած Յիշաչարի յիշատակարանը անտիպ վէպից

Ինչպէս ակնարկուեց, իմ պապ Ժորեսը որդուն իր հօր պատուին դրել էր Սամուէլ, չնայած որ իր եղբայրն արդէն ունէր Սամուէլ անունով տղայ։
     «Թող սիրտը կրկնակի փառաւորուի»,— ասել է պապս։
     Մէկ տարի չանցած՝ պապս ու տատս էլի զաւակ են ունեցել, այս անգամ՝ աղջիկ, չնայած, աւելորդ է ասելը, որ կ՚ուզէին՝ էլի՛ տղայ լինէր նորածինը։
     Բնական էր ենթադրել, որ նորածնի հայրը հիմա էլ մօր անունը կը դնէր աղջկան, բայց պապը դիմել է պահանջելու պէս, որ էլի՛ իր պատուին պէտք է անուանակոչել առաջին աղջիկ թոռանը։
    Ու հօրաքրոջս անունը դրել են Սամուէլինա, որին կրճատ ասում էին, բնականաբար, Սամօ…
     Միայն հայրս երբեմն, երբ բարկանում էր վրան, նրան դիմում էր գերպաշտօնական «Սամուէլինա Ժորեսովնա»յով…
     Դասական հայ հօրաքոյր ու դասական հայ կինարմատ չէր հօրքուր Սամոն՝ մեղրականաչագոյն աչքերով, առատ գանգուրներով, կտրուկ շարժուձեւերով այդ պուճուր‐մուճուր կինը։ Թխուածք չէր պատրաստում ու պահածոներ չէր փակում («զահլա չունեմ»), ոչ մէկի չէր համբուրում («ես կեանքումս ոչ մէկի պաչած չկամ»), եղբօր երեխէքին չէր փաղաքշում («ես ուծեու‐մուծեու բաներ չեմ սիրում»), սիրուն շորերի յետեւից չէր ընկնում («ես շորի մեռած չեմ»), ծաղիկներ չէր սիրում («անպէտք բաներ են»)… Ու ամէն մեղքիս վրայ՝ միայնակ մայր էր։ Շատ յետոյ ես իմացայ, որ քսան տարեկանում, երբ յատուկ լաւիկը չի եղել, բայց վատիկն էլ չի եղել, կապուել է իրենից երեսուն տարի մեծ մի ընտանիքատէր պաշտօնեայի հետ։ Ասում են, որ երբ տատիկս նրան կշտամբել է ապօրինի կապի համար, հօրքուր Սամոն ասել է.
     — Ձեր գո՛րծը չի, կ՚ուզեմ՝ մի տղամարդու տակից դուրս կը գամ, միւսի տակ կը մտնեմ…
     Այդ խօսքի վրայ պապիկս մի շառաչուն թաթալոշ է տուել աղջկան, որը նոյն օրն իսկ թողել‐հեռացել է իր նման այսպէս կոչուած ազատամիտ ընկերուհու մօտ (որն էլ, ըստ որոշ չար լեզուների, այդ պաշտօնեայի գործընկերոջ սիրուհին էր) ու տաս ամիս անց տուն է վերադարձել՝ նորածնուհին գրկին։ Պաշտօնեան սկսել է սիրուհուն ու աղջկան հեռուից հեռու քիչումիչ տիրութիւն անել (ասել է թէ՝ քիչումիչ փող տալ), մինչեւ որ մի գեղեցիկ օր նրա կինը՝ դռբով, խոշոր ոսկոր, ժամանակին սպարտակիադայում սկաւառակ նետելու մրցոյթում արծաթէ մետալի արժանացած կէս ռուս մի վագրուհի, փողոցում յարձակուել է Սամուէլինայի վրայ, տապալել գետնին, պոկել նրա գանգուրները ու անցորդների աչքի առաջ կծել‐համարեա պոկել է քիթը։ Բարեբախտաբար, հօրքուրի քիթը լրիւ չի պոկուել, բայց մազ է մնացել, որ հասած տանձի պէս ընկնի դէմքից՝ մի քանի վայրկեան աջուձախ տարուբերուելով։ «Պաշտօնեան, որի սիրուհու քիթը կծել‐չէր պոկել իր տան վագրուհին»։ Հօրաքոյրը, որի քիթը կծել‐չէր պոկել իր սիրածի կինը, ուշաթափուել է, բայց անցորդները շտապ «շտապ օգնութիւն» են կանչել։ Լեգենդն ասում է, որ հիւանդանոցում հօրքուր Սամոյի տուտուզից մի քիչ դմակախառը միս են վերցրել ու դրանով կարկատել են մազից կախուած քիթը։ Էդ պատճառով էլ նրա քթի ձախ կողմում նկատելի էր մի մեծ սպի, որը նա ողջ կեանքում ի զուր փորձում էր դիմափոշիով քօղարկել…
     Ըստ լեգենդի շարունակութեան՝ յիսնամեայ պաշտօնեան բոլոր կապերը խզել է քթազրկութեան շեմին հասած իր ջահել սիրուհուց, քանի որ նրա դռբով վագրուհին քրէական պատասխանատուութիւնից կաշառքով ազատուելուց յետոյ ամուսնուն սպառնացել է կծել եւ այս անգամ պոկել վերջինիս պատասխանատու անդամը…
     Հօրքուր Սամոն, զրկուելով ֆինանսական աջակցութիւնից, դստեր հետ մի քիչ հաշտուած պապիս միջնորդութեամբ աշխատանքի է անցել մի պրոֆտեխ-ուսումնարանում որպէս լաբորանտ, որտեղ հերթագրուել է բնակարան ստանալու, մի քանի տարուց ստացել է մի միսենեականոց ու կենտրոնի հայրական տնից մեծ մուննաթներով տեղափոխուել է Երեւանի ծայրամասերից մէկի մի նորակառոյց շէնք…
     — Ես՝ Երեւանի կենտրոնում ծնուած‐մեծացածս, պտի գնամ ինչ‐որ չոլերում ապրեմ, իսկ գիւղերից եկածները գան, հօրս տանը տիրուհի դառնա՞՜ն,– մի քանի անգամ ասել էր էստեղ‐էնտեղ։
     Մօրս հասել էին էս խօսքերը, բայց նա աւանդական հայ ընտանիքի սրբասուրբ օջախը պաշտպանելու համար հազարերորդ անգամ լռել է։ Այսինքն, որ խօսեր էլ՝ ի՞նչ…
     Շաբաթուայ եօթ օրից գոնէ հինգը հօրքուր Սամոն իր ներկայութեամբ պատւում էր հայրական օջախը, քանի որ աշխատավայրը (մեր բախտից) կպած էր մեր տանը։ Գալիս էր ու ամէն անգամ ինչ‐որ բաներ էր տանում։ Մկան պէս ամէն անգամ մի բան կրելու նրա սովորութիւնը յատկապէս մեծացաւ պապ ու տատի մահից յետոյ, երբ գալիս էր ու յայտարարում, որ «մաման էսինչ բանն ինձ էր տալու» կամ «պապան ասեց, որ իր մեռնելուց յետոյ էնինչ բանն ինձ պտի մնայ»…
     Հօրքուրի աղջիկը՝ Էլմիրան, նոյնպէս դասական հայ հօրաքրոջ աղջիկ ու դասական հայ կինարմատ չէր։ Մեզ՝ իր զարմիկներին, վերեւից էր նայում։ Կեանքում հետներս մի խաղ չէր խաղացել։ Ժամերով չաչանակում էր հեռախօսով։ Տեղի‐անտեղի ռուսերէն էր խօսում, չնայած ռուսական դպրոց չէր աւարտել։ Զոռով‐շառով աւարտեց բուժքոյրական ուսումնարանը, փորձեց բժշկական ընդունուել, բայց չներեցին ո՛չ իր գիտելիքները, ո՛չ հօրքուր Սամոյի ծանօթութիւններն ու բնականաբար՝ ֆինանսները։ Հաշտուելով կամ չհաշտուելով իր կրթութեան հետ՝ Էլմիրան իր ողջ վրէժխնդրութիւնը թափեց հանրութեան սրբանների վրայ՝ օրական տասնեակ քամակներ ծակծկելով ու այդպէս վաստակելով իր հաց հանապազօրեան։
     — Բա իմ աղջիկը սաղ կեանքում բուժքոյր մնա՞յ,— ամէն անգամ մեզ հանդիպելով թնկթնկում էր հօրքուր Սամոն, կարծես մենք էինք մեղաւոր, որ ժամանակին կաշառք չէինք տուել ու նրան ընդունել բժշկական ինստիտուտ։
     Մօրս խօսք չէր հասնում, հայրս էլ սովորաբար տոն չէր տալիս, բայց ի վերջոյ մի անգամ չդիմացաւ ու մի քիչ խիստ ասաց.
     — Սամուէլինա, հերիք չի՞ բողոքես… Էմուլիկդ կարծես դժգոհ չի իր կեանքից, չէ՞…
     Էդ էր ու էդ։ Հօրքուր Սամոն կարծես դրան էր սպասում։
     — Դէ ի հարկէ, Սամուէլ, ձէնդ տաք տեղից ա գալիս, քոնոնք էրկուսն էլ բարձրագոյն ընդունուեցին կամ դուք ընդունել տուիք, չգիտեմ…
     Դա հնչեց մարտահրաւէրի նման։ Մայրս արեց, ինչ որ միշտ էր անում՝ լռեց, իսկ հայրս դարձեալ տոն չտուեց։
     Հօրքուր Սամոն այդպէս էլ չուզեց ընդունել, որ ես ու քոյրս մեր ուժերով ենք ընդունուել բարձրագոյն… Բայց երեւի մտքում ուրախ էր, որ իր աղջիկը աջուձախ սրսկումներ անելով շատ աւելի է վաստակում, քան ես ու քոյրս՝ մեր բարձրագոյն կրթութեամբ…
     Էլմիրան իսկապէս դժգոհ չէր, որ բարձրագոյնաւարտ չի։ Հօրքուր Սամոն երազում էր, որ նա գոնէ հարուստի հետ ամուսնանայ, մինչդեռ Էմուլիկը մօտենում էր երեսունին ու դեռ ոչ մէկի չէր հաւանում։ Ի սարսափ հօրքուրի՝ Էմուլիկի ընտրութիւնը կանգ առաւ իրենից հինգ տարի մեծ, ոչ սիրուն, ոչ գէշ, մի շատ սովորական տղամարդու վրայ՝ աշխատավարձի յոյսին մնացած, իրենց պէս միսենեականոցում ապրող մէկի, որի հետ ծանօթացաւ աշխատանքի բերումով։ Մի շաբաթ Էլմիրան ծակծկեց նրա տուտուզը, իսկ վերջին ծակոցից յետոյ ամուսնութեան առաջարկ ստացաւ։ Առանց երկար‐բարակ մտածելու՝ համաձայնուեց ու առանց հարսանիքային ձեւականութիւնների տեղափոխուեց նրա մօտ՝ ի մեծ դժգոհութիւն հօրքուրի, որը կեանքում երբեք չընդունեց փեսային, իսկ նրանց միակ տղային մի կերպ էր սիրում՝ համարելով, որ թոռը «հօր քթից է թռած» ու հօր պէս խնթոշ է…
     Էլմիրայի հետ կապ առանձնապէս չկար, իսկ ամուսնութիւնից յետոյ առհասարակ չտեսանք։ Մի անգամ պատահաբար քաղաքում տեսայ ամուսնու հետ, հազիւ բարեւեց ու ամուսնու հետ էլ չծանօթացրեց։ Դրանից ես ոչ մի կաթիլ չտառապեցի, ինձ հարիւր տարի պէտք է՞…
     Յիսուն տարեկանում հօրքուր Սամոն ընկաւ խոր ընկճախտի մէջ։ Գալիս էր մեր տան մի անկիւնում նստում, սիգարետը վառում (երկարամեայ ծխող էր) ու նըւնուոցը դնում.
     — Փո՛ւչ աշխարհ… փո՛ւչ… ես իմ սեփական հօր տնից մի բաժին չունեմ…
     Ծնողներս, ինչպէս միշտ, ընթացք չէին տալիս, բայց մի օր էլի հօրս նեարդերը չդիմացան.
     — Սամուէլինա Ժորեսովնա,— վճռական սկսեց նա,— դէ հերի՛ք դռդռաս, կոնկրետ ասա՝ ուզածդ ի՞նչ ա…
     Վերջապէս հասաւ հօրքուրի ուզած պահը։ Նա սիգարետը նեարդային շարժումով ճմռթեց մոխրամանի մէջ, ոտքի ելաւ ու ասաց.
     — Ուզածս էն ա, որ էս տունը ծախես, իմ փայը ի՛նձ տաս,— ու յաղթական նայեց հօրս։
     — Հա բա՞,— հեգնեց հայրս,— քեզ քո մի սենեակը հերիք չի՞…
     — Ես յոգնել եմ աշխատելուց,— յայտարարեց հօրքուրը,— ես ուզում եմ ունենալ մի հատ էլ միսենեականոց բնակարան, որը վարձով կը տամ ու դրանով կ՚ապրեմ…
     — Տօ լաւ է՞, էս ի՜նչ խելօքն ես,— հեգնանքը շարունակեց հայրս,— ախր գոնէ տղայ ունենայիր ամուսնացնելու ու ուզէիր նրա համար մի սենեակ առնես, էլի կը հասկանայի…
     — Էդ արդէն ոչ մէկի գործը չի, թէ ես ինչ կ՚անեմ… օրէնքով ինձ էս բնակարանից փայ ա հասնում, ես կարող եմ դատարանով ստանալ, եթէ դուք ձեր յօժար կամքով ձեր բաժինը չտաք, էղա՞ւ…
     — Կը տա՜նք, կը տա՜նք…
     Այս անգամ բացականչողը մայրս էր։ Հօրքուրն ու հայրս զարմացած շուռ եկան նրա կողմը։ Առաջին անգամ մայրս խառնուեց քոյր ու եղբօր վէճին։
     — Իսկ քեզ իսկի խօսք էլ չի հասնում,— գոչեց հօրքուր Սամոն։
     — Եթե օրէնքից ես խօսում, իմացած էղի, որ հենց Թամարին էլ խօսք հասնում ա, քանի որ նա էլ ա էս տանը գրանցուած,— նրանից բարձր բղաւեց հայրս, ու ես ինձ լաւ զգացի, քանի որ կեանքումս առաջին անգամ լսեցի, որ պապան պաշտպանեց մօրս։
     — Բայց նա ժառանգական իրաւունք չունի, իսկ ես ունե՛մ,— է՛լ աւելի բարձր գոռաց հօրքուր Սամոն։
     Մայրս չդիմացաւ բարձր ձայներին ու սենեակից դուրս եկաւ։ Ես հետեւեցի նրան ու խոհանոցում սրտի կաթիլներ տուեցի։ Ժորեսովնան ու Ժորեսովիչը մի քիչ էր չանա տուեցին, մինչեւ որ հօրքուրը գնաց՝ արտասուաթոր աչքերով ու դուռն ամուր շրխկացնելով։
     Թւում էր, թէ մի քանի օր չի գայ։ Բայց յաջորդ օրն իսկ եկաւ։ Ու փոխեց ռազմավարութիւնը. ձայնը չէր բարձրացնում, բայց ժամերով ընկճուած տեսքով կուչ էր գալիս աթոռին, հրաժարւում էր զրուցել, ուտել կամ խմել, բողոքում էր, որ ճնշումը բարձր է ու բքում էր ու բքում՝ ասես նպատակ էր դրել մեզ խեղդել իր ծխում… Մի քանի անգամ էլ «շտապ օգնութիւն» կանչել տուեց՝ չվստահելով մօրս ճնշման գործիքին ու իր դեղերին…
     — Դուք ինձ սպանելու էք,— ամէն անգամ ասում էր նա՝ «ուշքի գալուց» յետոյ։
     Մի անգամ պատահաբար լսեցի, թէ ինչպէս է մայրս համոզում հօրս՝ ծախել մեր բնակարանը։
     — Սա՛մ ջան, երեւի թե լաւն էլ դա կլինի, կը պրծնենք… Մեզ պէտք ա՞ կենտրոնում էսքան մեծ բնակարանում ապրելը։ Մի հատ միսենեականոց առնենք Սամուէլինայի համար, մի հատ էլ երկու սենեակ կենտրոնից հեռու՝ մեր չորսի համար։ Ժանուլիկը կ՚ամուսնանայ‐կը գնայ, տունը կը մնայ Ժորեսին…
     — Վերջը էդպէս էլ անելու ենք,— հոգոց հանեց հայրս։
     Ես տխրեցի։ Քսան տարեկան էի, աչքս բացել էի էդ թաղամասում, չէի ուզի տեղափոխուել ինչ‐որ անկապ տեղ։ Բայց ինձ խօսք հասնում է՞ր…
     Եղաւ հօրքուր Սամոյի ուզածի պէս։ Մէկ տարուայ քաշքշուքից յետոյ մենք երկսենեականոց մի բնակարան առանք Երեւանի նորակառոյց թաղամասերից մէկում, որն ամէն ինչով զիջում էր նախկինին, իսկ հօրքուր Սամոյի համար հայրս բնակարան գտաւ քաղաքի հակառակ ծայրին գտնուող մի թաղամասում։ Հօրքուրն, ինչ խօսք, դժգոհ մնաց, քանի որ էդ թաղամասից նա մեծ օգուտ չպիտի ունենար, բայց եւ հասկանում էր, որ եղած փողին էդքան էլ հազիւ հասնէր։ Նա նոր բնակարանը մի քիչ վերանորոգեց ու վարձով տուեց, աշխատանքից էլ դուրս եկաւ, պուպուի պէս նստեց իր տանը ու արդէն մօտ քսան տարի է, ինչ այդպէս է ապրում՝ չաշխատելով, միւս բնակարանի վարձի հաշուին…
     Նրա խորը ընկճախտն անցաւ, նա հասաւ իր մուրազին, բայց մենք չհասանք մեր մուրազին։ Հայրս խզեց նրա հետ ամէն կապ ու մեզ էլ արգելեց զանգել կամ այցելել նրան։ Նոյնիսկ նրան չյայտնեց մեր նոր բնակարանի հասցէն, որ չլինի մի օր վեր կենայ, գայ՝ յիշելով ուրիշ իրեր, որոնք իբրեւ թէ իրեն են կտակել… Ընդհանուր ազգականներ էլ գրեթէ չկային, որոնցից նա կարող էր իմանալ մեր հասցէն… բայց ինքն էլ չէր գժւում այդ կապի բացակայութիւնից։
     Հօրքուր Սամոյի մուրազն արդեօ՞ք հարազատներից կտրուելն էր։
     Քանի որ նա ապրում էր մի ծայրամասում, որտեղ մենք չէինք լինում, անցած տասնհինգ տարիների ընթացքում չտեսանք նրան, բայց մի անգամ նրա մասին լսեցի, մի անգամ էլ պատահաբար հանդիպեցի։
     Այդ մի անգամ լսելը եղաւ մի հաւաքոյթի ժամանակ, որին ներկայ էր մի երիտասարդ բժիշկ։ Պարզուեց՝ «շտապ օգնութիւնում» է աշխատում։ Ինչպէս առհասարակ բժիշկները, նա էլ ամենայն հաւէսով պատմում էր իր մասնագիտական կեանքի ծիծաղելի ու յիշարժան դէպքերից։ Ու սկսեց պատմել Սամուէլինա անունով մի կնոջ մասին, որը յաճախակի ահաբեկչութեան է ենթարկում իրենց։ Անուան հազուագիւտ լինելու եւ ահաբեկչութեան պահով ես հասկացայ, որ խօսքը հօրքուր Սամոյի մասին է։ Երբ հարցրի տարիքն ու բնակած թաղամասը՝ արդէն համոզուեցի, որ նա է…
     — Էդ Սամուէլինայի ճնշումը հենց բարձրանում է՝ անմիջապէս «շտապ» է կանչում,— Շիրակի խօսուածքով պատմում էր բժիշկը։ — Ասա՝ ա՛յ կնիկ, դեղերդ խմի՛, տեղդ վե՛ր ընկի, որ մենք գալիս ենք՝ ի՞նչ… Գալիս ենք, կողքը նստում ենք, սկսում է ծխել ու իրա սաղ կեանքը պատմել, որ մենակ է մնացել, միակ աղջկանից է մի գլուխ բողոքում… Հաշուել ենք, մի տարի 270-ից աւել անգամ կանչ է տուել, պետութեանը մի միլիոն դրամից աւել վնաս է տուել խելառ անտէրը…
     Աւելորդ է ասել, որ ես չբարձրաձայնեցի, որ այդ խելառ անտէրը հարազատ հօրաքոյրս է…
     Իսկ միակ հանդիպումը եղաւ կենտրոնում, զբօսայգում։ Առաջին պահ չճանաչեցի. մեր հայեացքները հանդիպեցին, չհասցրի փախցնել։
     — Ժորե՞ս, էս դու ե՞ս…
     Որքան էլ զարմանալի է՝ կանչեց մօտը։
     — Հլը ա՛րի մի հատ…
     Նստած էր զբօսայգու նստարանին։ Արդէն եօթանասուն տարեկան պիտի լինէր, բայց շատ մեծ էր երեւում։ Աչքերի մեղրականաչագոյն փայլը խամրել էր, մազերը ներկուած չէին, հագի շորերը թարմ չէին… Յիշեցի տատի խօսքերից մէկը՝ «Ա՛հ տարին ինչ էր, որ մա՛հ տարին ինչ լինի»…
     Մի քիչ շփոթուած մօտեցայ նրան, բայց գրկելու ցանկութիւն չունէինք ո՛չ ես, ո՛չ նա։
     — Վռազ ե՞ս… նստի՛…
     — Ճիշտն ասած՝ վռազ եմ…,— ստեցի ես ու մնացի կանգնած։
     Նա չհետաքրքրուեց, թե ո՛ւր եմ վռազում, չասաց, թե ինչքա՜ն եմ մեծացել, ի՜նչ հասուն տղամարդ եմ այժմ, չհետաքրքրուեց՝ ամուսնացա՞ծ եմ, քանի՛ երեխայ ունեմ… փոխարէնը իրեն բնորոշ մուննաթ տոնով հարցրեց.
     — Մի հատ ասա՝ ո՞վ ա սաղ, ո՞վ՝ մեռած…
     — Բոլորս էլ սաղ ենք,— ասացի՝ իր հարցման ձեւից վրդովուած։ Մի քիչ թարախ լինէի, կ՚ասէի՝ ինչի՞ պիտի մեզնից մէկը մեռած լինի, հէչ որ չլինի՝ բոլորն էլ քեզնից տարիքով փոքր են… բայց չասացի։
     Պատասխանս իրեն չգոհացրեց։ Կամ, աւելի ճիշդ, սպասում էր, որ ես էլ պիտի հարցնէի, թէ՝ բա դո՞ւ ոնց ես… բայց քանի որ չհարցրի, նա ինքն աչքերիս մէջ նայելով՝ նոյն մուննաթով ասաց.
     — Դուռս բացող չկայ…
     «Բայց ո՞վ ա մեղաւոր»,— մտածեցի, իսկ բարձրաձայն ասացի.
     — Բա Էլմիրայե՞նք…
     — Գնացին Ռուսաստան… տարին մէկ էլ չի զանգում, հարցնի՝ ո՞նց ես… Իրանց տունն էլ վարձով են տուել, վարձը ես եմ ստանում, կարծում են՝ էդքանով իրանց պարտքը կատարել են…
     Ահա, հիմա արդէն երկու բնակարանի վարձ է ստանում, պիտի որ նիւթական խնդիր չունենայ… բայց էդ դէպքում հագի շորերն ինչի՞ են էսքան հնոտ…
     — Հարեւաններս էլ՝ մէկը մէկից անկապ…
     Հօրքուր Սամոն խօսելու կարիք ունի։ Բայց ես մի գրամ էլ չեմ ուզում խօսել նրա հետ։ Նա արդէն չափից շատ է հեռացել ինձնից։ Ես իրականում չեմ էլ ճանաչում սպիտակած մազերով, սմքած դիմագծերով, քիթը մեծ սպիով շրջանակուած էս կնոջը, միայն ձայնի մուննաթն է մատնում, որ սա մի ժամանակուայ հօրքուր Սամոն է, որը ո՛չ մեզ էր սիրում, ո՛չ էլ մենք էինք իրեն սիրում…
     — Ես պիտի գնամ, սպասում են,— ասացի։ — Յա՛ջող, լա՛ւ մնա…
     — Ձերոնց կը բարեւես,— ձայնեց յետեւիցս։
     Երեւի ուզում էր հաշտուել, եթէ մնայի՝ հաստատ կ՚ուզէր մեր հեռախօսահամարը կամ կը տար իրենը։ Բայց չուզեցի ընթացք տալ։ Մոռանա՞մ, թէ ոնց նրա պատճառով զրկուեցինք կենտրոնի մեր բնակարանից, մեր թաղից, ինչ դժուարութեամբ համակերպուեցինք մեզ էնքան խորթ նոր միջավայրին, ամէն օր տրանսպորտով գնալ‐գալուն… մոռանա՞մ, թէ ոնց բանի տեղ չէր դնում մօրս, համարեա ամէն օր փչացնում էր մերոնց տրամադրութիւնը… Արածս երեւի խոզութիւն էր, միգուցէ կեանքում էլ չհանդիպեմ նրան, բայց դէ ես էլ յիշաչար եմ, չէ՞…

ԾԹ. ՏԱՐԻ, 2020 ԹԻՒ 2