Վահան Իշխանեան

ՊԱՉԵԱՆԻ PFԸ ԿԱՄ ԳԵՏԱՌԻ ՉԿԱՅԱՑԱԾ ՅԵՂԱՓՈԽՈՒԹԻՒՆԸ

ԵԹԷ ստեղծագործութեան ժանրը այն է, ինչ հեղինակը կամ հրատարակիչն է որոշում, ուրեմն Արամ Պաչեանի PFը վէպ է, քանի որ գրքի վրայ հեղինակը գրել է վէպ։ Եթէ գրքի վրայ գրած լինէր պոէմ, կամ ասք ուրեմն, այդ սկզբունքով, այն կը լինէր կամ պոէմ կամ ասք։ Եթէ Ուիթմէնը իր Խոտի ծաղիկների վրայ գրէր վէպ, ապա այն աւելի համոզիչ վէպ կը լինէր քան PFը։
    Պաչեանի PF վէպը հրատարակել է «Էջ» հրատարակչութիւնը 2020ին։
    Եթէ վէպը պատումն է, ապա Պաչեանը գուցէ Բլանշոյի պէս իր ժանրը անուանէր «Պատո՞ւմ» հարցականով, մի հարցական որով Բլանշոն պատումը սպառուած է համարում, այլեւս ոչ մի պատում[1]Մորիս Բլանշոյ, Վիպումներ, թարգմանութիւնը եւ վերջաբանը Մարկ Նշանեանի, Երեւան, Ինքնա-գիր գրական հանդես, 2015: … Continue reading։ PFի դէպքում էլ կարելի է հարցնել արդեօ՞ք պատում, որպէս ընդհանուր պատումից զուրկ կտորների ժողովածու, բլանշոյական հարցականով պատումի վախճանն ազդարարող։ Հարցնէք թէ չհարցնէք, գիրքը ըմբոստութիւն չի պատումի դէմ, քանի որ գրքի վրայ այնպէս է գրուած վէպ, որ կարծես շեշտն է պակասում՝ Վէ՛պ։
    Բայց ի՞նչ է վէպը։ Սահմանում տալու փոխարէն, մէկ այլ հարց տանք՝ ի՞նչ յատկութիւն ունի վէպը։ Որեւէ գործ որպէսզի վէպ լինի հաւանաբար անհրաժեշտ է, որ ամբողջ տեքստը ընդհանուր համատեքստ ունենայ։ Եթե PFում համատեքստ փնտռենք, ապա կարելի է երկու համատեքստ գտնել, հետեւաբար կարելի է համարել, որ երկու վէպ է. մէկը առաջին 136 էջը, որը եթէ շատ ցանկանաս, կարող ես որպէս ընդհանուր մի համատեքստ դիտարկել, միւսը վերջին 5 էջը։
     Այդ վերջին 5 էջը Գետառն է, Երեւանով հոսող Գետառ գետը։ Գետառը դառնում է փոխաբերութիւն, ինչ-որ մէկի, ինչ-որ անձի, ինչ-որ խմբի, ինչ-որ երեւոյթի, մերժուածութեան փոխաբերութիւն, «անպէտքութեան» փոխաբերութիւն։ Կամ թերմացքը որպէս գոյութիւն ունենալու փոխաբերութի՞ւն։ Սա մի գետ է, որ նոյնիսկ ջրին բնորոշ իր կլլող դերը չի կարող կատարել՝ «Նրա մէջ խեղդուելն անհնար է։ Նրան ոչ ոք չի սիրում, նրա անունը զզուելի է։ Ոչ ոք նրա պատմութիւնը գրի չի առնում, ոչ ոք նրա մասին օրէնք չի ընդունում, նրա համար հանրահաւաքներ չեն անում, բնապահպաններին բերման չեն ենթարկում։ Նրան չեն մոռանում, որովհետեւ չեն յիշում։ Նրա անունը լսելիս ուրախութիւնից չեն գժւում։ Նրա ջրերի հոտով չեն արբենում, նրա եղէգները չեն ծխում, տարօրինակ սնկերի վրայ աճած նրա ծաղիկները, փթթած ուրցն ու դաղձը չեն քաղում, թրիք համտեսող բնդիռների տզտզոցներից չեն հիպնոսանում։ Նրա ափին չեն մերկանում ու արեւի տակ չեն ճեմում, ոչ մէկը նրա հետ չի լուսանկարւում, լուսանկարը չի շրջանակում, չի կախում մահճակալի գլխավերեւում»։
    Գուցէ Պաչեանի նախորդ՝ Ցտեսութիւն ծիտ վէպի բանակային կեանքի ամենացածր կաստայում յայտնուածների՞ փոխաբերութիւնն է: Միկի Մաուսի, որ ձեռնոց է հագնում, որ նրա «պղծուած» մարմինը չդիպչի ուրիշներին կամ այն զինուորը, որ «պղծուել է», գլորուել ստորին կաստան միայն նրա համար, որ զուգարանի յատակից սանր է վերցրել, «պիղծ» տեղից «պղծուած» իր վերցնելով ինքը «պղծուել» է ու իր բանադրուած կարգավիճակի դիրքից ինքն իրեն զրկել երազելու ու ապագայ կառուցելու հնարաւորութիւնից, իսկը Գետառը՝ որից զզւում են, որին չեն ուզում դիպչել, եւ որին չեն յիշում[2]Տե՛ս Վահան Իշխանեան «Այլ պատմութիւն. Պաչեանի «Ցտեսութիւն, Ծիտ» վէպը», Ինքնագիր գրական հանդէս 9, Երեւան, 2018։։
    էլ ինչի՞ փոխաբերութիւն։ 2020ին Մարկ Նշանեանի թարգմանութեամբ Ինքնագիր գրական ակումբը լոյս ընծայեց Ջորջօ Ագամբէնի «Homo sacer Գերիշխան տիրակալութիւնը եւ մերկ կեանքը» գիրքը, որ քննութեան է առնում դարերի խորքից փոխանցուող մինչեւ մեր ժամանակներում պետութիւնների իրաւակարգ թափանցող գերիշխանութեան կարգը, որը օրէնքով օրէնքից դուրս է դնում մարդու կամ մարդկանց որեւէ խմբի, այդ օրէնքից դուրս դրուածն էլ կոչւում է մերկ կեանք։
    Ագամբէնը ներկայացնում է այդ մերկ կեանքերն՝ տաբու ունեցող մշակոյթներում տաբուին դիպչելով «ապականուածներ»ն են, շատ նման հայկական բանտերում եւ բանակում «պղծուած» կամ ժարգոնով ասած «գառլախուած» (տաբու դարձած) իրերին դիպչելով «ապականուածներ»ը, մինչեւ նացիստական Գերմանիայում օրէնքից դուրս դրուած հրեաները։ Հայ ընթերցողին homo sacerը միանգամից յուշում է որպէս մերկ կեանք Օսմանեան կայսրութիւնում օրէնքից դուրս դրուած հայերին, հայերի ցեղասպանութիւնը։ Ինչպես նաեւ, մեր ժամանակներում՝ Ադրբեջանում հայը նա է ով ոտք դնելով այդ երկիր կալանաւորւում է։
    Մարկ Նշանեանը ասում է. «Ի՞նչ է այդ «մերկ կեանք»ը։ Այն կեանքն է, որ սկզբնապէս, ըստ էութեան, արտաքսուած է իրաւակարգէն, այդ իրաւակարգը ըլլա՛յ մարդկային թէ աստուածային, եւ ուրեմն այն կեանքն է որ չունի ո՛չ իրաւական, ո՛չ զոհագործական արժէք, հետեւաբար կրնայ ջնջուիլ, բնաջնջուիլ, կամ պարզապէս անտեսուիլ, այնպէս ինչպէս թէ երբեք գոյութիւն ունեցած չըլլար։ Կեանք մը ուրեմն՝ որուն ջնջումն ու բնաջնջումը յանցանք չէ, բայց նաեւ զոհագործական իմաստ ալ չունի։ Բայց ուշադիր, այդ մերկ կեանքը բնական կեանքը չէ, օրինակ՝ կենդանիներու կեանքին նման կեանք մը (եթէ բնական է կենդանիներու կեանքը, ինչ որ ուրիշ հարց մըն է ամբողջովին)։ Բնական կեանքը չէ, որովհետեւ կը մնայ միշտ եւ ընդ յաւիտեան օրէնքին կողմէ օրէնքէն դուրս դրուած ըլլալու ճակատագիրին եւ բանադրանքին ենթարկուած»[3]Մարկ Նշանեան, «Ինքնիշխանութիւն եւ գերիշխանութիւն», Ինքնագիր գրական հանդէս առցանց, https://inknagir.org/?p=5928, 17 … Continue reading։
    Գետառն էլ օրէնքից ու ամէն ինչից դուրս մնացածն է։ Այնպիսի տպաւորութիւնը է, որ հեղինակը ծրագրել է վէպ գրել սկսելով հենց այս հինգ էջը՝ Գետառը, սակայն այնքան հեռուն գնացող փոխաբերութեան է վերածուել Գետառը, որ չի շարունակել, 5 էջը կատարուած, վերջացած է համարել։ Սակայն ինքը՝ այդ տեքստը իրեն աւարտուած չի զգում. Գետառով ոգեկոչել է «ուրիշին», «մերկ կեանքերին», ու հենց սկսել են նրանք վիպականանալ, թողել է «կէսկենդանի», «կէսծնուած» եւ շրջուել է «միւս վէպին»՝ ինքն իր վրայ, իր ես֊ի կողմ՝ ինքնահմայուելու ու իրենով հմայելու: Ինչից գիտենք որ ինչ որ կէսծնուածներ են մնացել, վէպի այն միւս համատեքստը Գետառի կողքը յայտնուելով բացայայտում է նրանց գոյութիւնը, ի հակադրութիւն Գետառի այդ միւս «վէպ»ն է վայելքի ու ինքնավայելքի ձեն֊դաոյական կոանների հանգոյն առակաբանութիւններ՝ երեւանեան սրճարաններում՝ սքուէրուան ու չինական ռեստորան, սիգարի ծխի, սուրճի կամ չինական կերակուրի վայելքի, սիրային վերյուշերի արանքներից դուրս պրծած ստեղծագործ պատկերներ։ Ինչպէս դաոյական յայտնի դրուագում՝ Չժուան Չժուն երազում տեսնում է, թէ ինքը երջանիկ թիթեռ է, ու չգիտի Չժուան Չժո՞ւն է ինքը, որ թիթեռ է երազում տեսել, թէ՞ թիթեռն է, որը երազում Չժուան Չժուին է տեսել, PFում էլ հեղինակը չգիտի ինքը պահարանի վրայի կաղի՞նն է, թէ՞ պահարանի վրայ կաղինը դնողը։
    Այն ինչ Ցտեսութիւն ծիտում բանակային վերին կաստայի առաջնորդ Կարդինալին է վայել՝ սիգար ծխելը, եւ ուր սիգարի ծուխը որպէս ուրիշին նուաստացնելու միջոց է. «փափկուն շարժումով ծոցագրպանից հոլանդական բարակ սիգար է հանում, ապա շրթունքների արանքը դնելով վառում է։ Մի քանի անգամ կարճ փստացնելով՝ Կարդինալը մանուշակագոյն երանգներով ծուխը փչում է Միկիի մօր դէմքին», PFում սիգարը հեղինակի վայելքն է։ Փաստօրէն լքում է Միկի Մաուսին թողնելով մենակ, երբ PFում սիգարը ձեռքն է առնում եւ տրւում գլամուռային վայելքին. «նա (սիգար վաճառողը) գիտի որ սիգարը շաբաթուայ իմ տօնն է, որ ես իմ տօնի գումարը հազիւ եմ հաւաքում։ շուտուանից պահել էի, մտածում էի մի առիթով կը ծխեմ, բայց սրանից լաւ առիթ դժուար թէ լինի։ ինձնից քեզ նուէր։ cohiba-ն ծիսական դէմքով տալիս է ինձ»։
    Վէպը թուագրուած է 2013-2018, 2019-2020, շրջաններ, որի ընթացքում մեծ դժգոհութիւնը Երեւանի փողոցներ էր փակել ու իշխանափոխութեան յանգեցրել, սակայն PFում յեղափոխականը միայն Գետառն է, որ, թէ՛ «սիրոյ ու համերաշխութեան» գունաւոր յեղափոխութեան եւ թէ՛ նախկին «ռեժիմի» եւ ընդհանրապէս աշխարհի բոլոր յեղափոխութիւնների ու հակայեղափոխութիւնների դիտանկիւնից յեղափոխութիւն է բոլորի դէմ։ Գետառի յեղափոխութիւնը անարգուածի, բոլորի կողմից մերժուածի յեղափոխութիւնն է, որ կիսատ է մնում այն աստիճան, որ միւս «վէպ»ը՝ 136 էջը վերածւում է անարգուածին անտեսելու, թաքցնելու հակայեղափոխութեան, մերժուածի հակառակ բեւեռն է դառնում՝ գլամուռ կամ կիսագլամուռ Երեւանը, որտեղ մի բան է պակասում՝ ինչ որ ժամանակ հանուած տրամվայը։ PFը ճիշդ է, 2018ին ոչինչ էլ չի եղել Երեւանում, յեղափոխութիւն չկայ, PFն ասում է, որ ամէն ինչ հանգիստ, հաճելիօրէն ընթանում է, կեանքն այնքան լիքն է, որ «ուրախութիւնից մեռնում է մարմինը»։
    Իսկ ինչո՞ւ է վէպի անունը PF։ Գրքի մեկնութիւնն է տալիս վերջաբանում Արթուր Աւանեսովը.
    Ով է PFը, և ինչ է նշանակում իր անունը։
        ա. Pianoforte
        բ. pdf առանց d
        գ. Հայ պզէն ֆուդիստ գրող
        ե. Այս հարցը պատասխան չունի։
    Խաղարկո՞ւմ ընթերցողի հետ, ընթերցողը հեղինակային ռեբուս լուծելով զբաղուի՞, թէ՞ Գետառի պոչը բռնի։ Ինքնահմայուածութիւնը մի յատկութիւն ունի՝ անդրադարձւում է նրա մէջ, ով դիտում է այն։ Աւանեսովի տեքստը սկզբում ընթերցում ես որպէս բանալի, յետոյ պարզւում է, որ նա տարուել է գրքի էջերում պտտուող ինքնախաղարկման վայելքով, եւ ապա, ուղղակի հեղինակի ինքնահմայուածութիւնը շէյռ է անում որպէս Պաչեանով իր հմայուածութիւնը։ Հենց երկրորդ պարբերութեան մէջ 11 անգամ Պաչեան բառն է հանդիպում. «պաչեանի գրածը վէպ է։ պաչեանի գրածը պոէզիա է։ պաչեանի գրածը տրամաբանական է։ պաչեանի գրածը արձակ է։ պաչեանի գրածը համարձակ է» եւ այլն, եւ այլն։
    Գրքի շապիկի ետեւը Մարինէ Կարոյեանը գրում է. «Ու այդ միայնութեան մէջ «Պաչեանը օգնութիւն չի խնդրում», նա դրա կարիքը չունի։ Ես հանգիստ եմ նրա համար»։ Մի ամբողջ գիրք կարդաս՝ վէպ եւ եզրակացութիւնը լինի այն, որ հանգի՞ստ ես գիրքը գրող անձի համար։ Կարոյեանն էլ ակամայ ընկնում է այն ծուղակը, որ գիրքը նախատեսել էր՝ խօսել հեղինակի մասին։ Որ զաւեշտը երեւայ, օրինակ, կարդում ես Հիւգոյի Փարիզի Աստուածամօր տաճարը ու ասում՝ ես՝ ես հանգիստ եմ Հիւգոյի համար, իսկ Էսմերալդա՞ն: Կամ Կաֆկայի Դատավարութիւնը, ու ասում ես՝ անհանգիստ եմ հեղինակի համար կամ էլ հանգիստ եմ։ Այսինքն, ոչ թէ վէպ ես կարդում այլ Արամ Պաչեա՞ն, ա՞նձ ես ընթերցում, այսինքն, վէպի փոխարէն անձի հանգստութի՞ւն։ Իսկ Գետա՞ռը։ Անհանգիստ չե՞ս Գետառի համար. «Ոչ ոք նրա ջրով իր նորածնին չի մկրտում, քաղցկեղով հիւանդ երեխային նրա ջրից չեն խմեցնում»։ Գետառը որպէս անաւարտ յեղափոխութիւն չի՞ հասցնում անհանգստացնել։

References
1 Մորիս Բլանշոյ, Վիպումներ, թարգմանութիւնը եւ վերջաբանը Մարկ Նշանեանի, Երեւան, Ինքնա-գիր գրական հանդես, 2015: Գրքում ընդգրկուած են Բլանշոյի երեք գործերը՝ «Մահավճիռը», «Պատո՞ւմ մը», «Վերջին մարդը»:
2 Տե՛ս Վահան Իշխանեան «Այլ պատմութիւն. Պաչեանի «Ցտեսութիւն, Ծիտ» վէպը», Ինքնագիր գրական հանդէս 9, Երեւան, 2018։
3 Մարկ Նշանեան, «Ինքնիշխանութիւն եւ գերիշխանութիւն», Ինքնագիր գրական հանդէս առցանց, https://inknagir.org/?p=5928, 17 նոյեմբերի 2015