Արծուի Բախչինեան

ԱՆՏԻՊ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹԻՒՆՆԵՐ ԿՈՍՏԱՆ ԶԱՐԵԱՆԻՑ

ՎԵՐՋԵՐՍ Երեւանի Գրականութեան եւ արուեստի թանգարանում (ԳԱԹ) պահուող Կոստան Զարեանի արխիւը հարստացաւ նոր ձեռագրերով՝ հինգ անտիպ բանաստեղծութիւն եւ մէկ արձակ գրառում։ Դրանք թանգարանին է նուիրել բանասէր Սեդա Անանեանը, որը 1966–1967 թուականներին եղել է Զարեանի օգնական-քարտուղարը։
    Բանաստեղծութիւններից մի քանիսը թուագրուած են, մի քանիսը՝ ոչ։ Զարմանալի է, որ 1961 թուականով թուագրուած բանաստեղծութիւնը Զարեանն արդէն գրել է խորհրդահայ ուղղագրութեամբ։ Բացառութեամբ «Թմբուկների խուլ պար» բանաստեղծութեան՝ մնացածը ձեռագիր են եւ գրուած են խորհրդահայ ուղղագրութեամբ։ Արձակ գրառումը եւս դասական ուղղագրութեամբ է։
    Հրապարակումը կատարել ենք ԳԱԹ-ի տնօրէնութեան թոյլտւութեամբ։ Պահպանել ենք հեղինակի կէտադրութիւնը, ուղղագրութիւնը փոխել ենք դասականի։

***

Սիրուհիս, տուր մատնիդ իմ մատիս
Եւ թող որ իմ հոգիս
Հեռաւոր ցարասու յաջորդող լոյսերում
Որոնք ճամբան խենթ,
Կարմրատենդ
Մահերի դաշտերում
Եւ իրականանայ
Գիշերում այս հսկայ։

1961

 

***

Արեւամուտին տօթահար ու վառ,
Դու ման ես գալիս մայթերի վրայով
Եւ նուշանման քո մեծ աչքերով
Նայում ես յուզուած շտապ անցնող մարդկանց։
Ցորենի գոյնով մարմինդ լարուած
Լեցուն է պոռթկող ցանկութեան տենչով
Եւ քո կրծքերի հրաբուխը բռնկած
Քեզ խենդացնում է անաչառ տենդով։

Ծառերի տակի ծանր շուքերում
Խորասուզում[1]Նախապէս գրուած է եղել «խորասուզւում»։ ես հոլածող սեռդ
Եւ քո կոպերի երկարած ծայրում
Թաքնւում է լուսէ բեռը արեւի։

Ահ, շուտով մութը շատ կամաց կ’իջնի,
Երազիդ շուրջը վարդեր կցանի
Եւ քո յուզումիդ ծայրին ջութակը
Դողալով կածի սիրոյ նուագը։

Եւ դու ոտքերդ շարժելով յոգնած
Կը վերադառնաս սենեակդ մենակ
Եւ քո վարսերիդ գիշերում կորած
Կ’ընկնես պատրանքիդ դժոխքը կրակ։

Յունիս – 64

 

***

Նոյեմբեր։
Ձիւնը մենակ է ինչպէս ես
Եւ ճերմակ։

Անցեալ տարի
Ես մեկնեցի
Նոյեմբերին այս կրկնուող –
Սիրտս լեցուն ցաւով սարսռող
Ես մեկնեցի
Այցելելու իմ սիրուհուն
Որին մահը տարաւ հեռուն[2]Նկատի ունի երկրորդ կնոջը՝ ամերիկացի նկարչուհի Ֆրենսիս Բրուքսին, որը մահացել է բանաստեղծութեան գրուելու … Continue reading։

Ես մեկնեցի
Ձիւն էր եւ ցուրտ։ Քամի։
Մենակ էի ինչպէս հիմա։
Ո՞վ պիտի գայ ինձ էլ տանի
Թեւերին վրայ այս ձիւնառատ
Նոյեմբերի։

1964

 

***

Կար էիր կարում։
Թել եւ ասեղ. ձեռքեր նրբին
Եւ աչքեր.
Մեծ եւ ոլոր.
Երազանքով պաշարուած։
Ես կորայ մէջդ,
Աչքերիդ ծովում
Նաւարկեցի՝
Սիրտս մեծացաւ
Եւ առջեւս կանգնեց հիացումով։
Ի՜նչ լաւ է երբ կար ես կարում
Նրբին ձեռքերով։
Գիշեր բարի։

***

Թմբուկների խուլ պար

Ահա կանգնած է՝ վէս, լուսահագ՝
Հայոց աշխարհին տիրող Պարոնը –
Ազատը սրտի համայնաճըրագ՝
Արարատ լեռը արեւահաւաք։
Ուսերից կախուած բոց պատմուճանից
Ծալք ծալք երկինք է թափւում դէպի վար
Եւ իր գագաթի ձիւնակոփ թագից
Ճառագայթում է վեհութիւն անառ։

Մեր հոգու հիմքում բարձրացած կոթող,
Նա յոյզի[3]Նախապէս գրուած է եղել «սրտի»։ կանչ է կախարդ եւ դիւթող –
Նա վեր սլացած տենդ է հողերի,
Երկնքի ծայրին կանգնած վեհ պահակ,
Յոյսի սերմնացան,
Հայոց հեքեաթի մշտահոս մի ակ,
Հոգու ուղիներ հերկող ջահատար –
Յաւիտենութեան կըրակ մի անմար…

Սրահում թնդում են ծափեր անհամար։
Գինին հոսում է աղբիւրի նման։
Կանանց կրծքերի սարսուռը հրավառ
Սրտերից բոց է քաղում ոսկեման։

Իսկ երգիչները խոր բարեւում են,
Ապա ասում են.- «Շէն կենաք,
Լինէք ճրագ, սրտի թագ –
Ծիլերի հետ բարձրանաք,
Լինէք ոգով ոսկեհագ։
Շէն կենաք։ Շէն կենաք»։

 

***

Ամէն մի ազգ այնքան է ակներեւ ինչքան անդադրում վերագտնում է իր գաղտնիքը։ Այն սերմերը եւ ծիլերը որ թաղած են նրա մէջ իբրեւ նախասկիզբ մղում է ամբողջական կեանքի։  
    «Բոլոր հեքեաթները – ասում էին[4]Նախապէս գրուած է եղել «ասել են մեր»։ նախնիք – լեցուն են աստուածներով», այսինքն գերբնական ուժերով որ տարածւած են ամէն ինչի մէջ։ Մեր Զրադաշտը նրանց անւանել է «սրբազան հրապոյրներ»։
    Ազգը ամբողջովին կազմւած է խորհրդանշաններից եւ ծէսերից[5]Այս նախադասութիւնից յետոյ գրել է «Նա ինքը միթոս է», ապա ջնջել է։։ Երբ նա զուրկ է կամ մոռացութեան է տւել իր արմատական միթոսները՝ նա այլեւս ազգ չէ։
    Այստեղ ժողոված մի շարք միթապատումները մի մասն են այն ամբողջական գործի, որին ձեռնարկած եմ։ Նրա մեծ եւ կարեւոր մասը դեռ յղացման շրջանումն է[6]Այս գրութիւնը Զարեանը թերեւս յղացել է որպէս «Գիրք դիւցազներգութեանց» վիպերգերի ժողովածուի նախաբան ։։

ԿԱ. տարի, 2022 թիւ 2

References
1 Նախապէս գրուած է եղել «խորասուզւում»։
2 Նկատի ունի երկրորդ կնոջը՝ ամերիկացի նկարչուհի Ֆրենսիս Բրուքսին, որը մահացել է բանաստեղծութեան գրուելու նախորդ տարին, 1963-ին։
3 Նախապէս գրուած է եղել «սրտի»։
4 Նախապէս գրուած է եղել «ասել են մեր»։
5 Այս նախադասութիւնից յետոյ գրել է «Նա ինքը միթոս է», ապա ջնջել է։
6 Այս գրութիւնը Զարեանը թերեւս յղացել է որպէս «Գիրք դիւցազներգութեանց» վիպերգերի ժողովածուի նախաբան ։