Dialogue, 2006, Ink, Watercolour on Paper, 35 x 27 cm (Գործ՝ Կարէն Պետրոսեանի)
Dialogue, 2006, Ink, Watercolour on Paper, 35 x 27 cm (Գործ՝ Կարէն Պետրոսեանի)

Պ.ին

                           I

քաղաքը
                    փչեց մազերուս մէջ
եւ
                    ես
                                      ծերացայ

                          II

փշուրի ծափ աչքերուս
անծանօթ միշտ մարմինէս
երազի երդիքներուն անհպելի ժամանակը
օղակ կապած ոտքերուս
բոլոր միակ անգամներուն պէս
կ’ընթանամ դէպի հերքումը քաղաքին
ուր դուն
իբրեւ անուն ապահով
մայթերուն վրայ
օտարացած քաղաքին
կը կակազես
լեզուիս վրայ
ու չես յոգնիր

                        III

քաղաք
       կ’անցնիս ինձմէ
                               եւ չես

                         IV

սահմանագնաց փոխակերպումը քաղաքին
ես եմ

ցուցամատի մերկ շարժումով
անունս հինցած
կը սղագրեմ հորիզոնին վրայ ամենախոր
ուր
յոգնութեան մէջ պարտուած
դեռ կը ծծեմ
քարերը բիրտ շէնքերուն
փսփսալով անոնց խուլցած յատակին
բոլոր պարիսպները անցած ժամանակներուն

ինչպէս ուզեցի այս ընթացքը դէպի քանդում
հրահրող մերժումը բոլոր մտերմութիւններուս
բայց դուն
շարունակեցիր մազերուս մէջ խոզանակել
փողոցներուն լացը պոռնիկ
յօրանջը ծոյլ սրճարանին
մինչեւ որ
ճամբաներուն աղմուկը
կռթնեցաւ կոկորդիս
եւ քաղաքը
բացուեցաւ ուրացումիս մէջ

ամէն ինչ
ափ մը ուրիշ եւ միակ

                          V

ըսէ՛ք ինծի
օթօները կը մեկնի՞ն թէ կը վերադառնան

                         VI

քաղաքը կը ջնջուի եւ ջնջումին մէջ ներկայ
գիշերը կը գոցէ շրջանակը անյայտի
պարապի բերնին՝
մարմինս
            խոստում տարածութեան,
ուրկէ կը բարձրանայ քարայնացումը քաղաքին
եւ կ’ընդմիջէ մեկնումը ճամբաներուն
բոլոր շէնքերը անցնող տարիներուն տեւողութիւնը կը
բարձրացնեն յարկ յարկ
բոլոր ճամբաները կը տանին դէպի յեղաստեղծումը ներկային
կը փնտռեմ անանուն հասցէ
ըսէ՛ ինծի
— ես եմ բնակիչը տարիներուդ

                         VII

կը հանգչի աչքերուս լանջերուն
քաղաքը իր անցեալի մերժումին մէջ հաստատուած
ցուցափեղկերը զեխութիւն մը կը ցոլացնեն
մայթերուն հայելիները նուաճելով
կարծես ապակիի այս արձագանգն ըլլար միակ
իմաստը պատերազմին
որուն համար
ցերեկուան եւ գիշերուան գոլորշին խառնուեցաւ ռումբերու
հրկիզումին

կը յենիմ մայթեզրի ցօղունին
եւ կը կանչեմ
չարչարուած անունը քաղաքիս

                      VIII

եւ ոտքերս ոտքեր չեն առանց քեզի
ոչ ալ ճամբաներդ ճամբայ առանց դոփիւններուն
քայլուածքիս
որ իբրեւ հեւք կը մատուցեմ ես քեզի
բնակելու ախորժակիդ մէջ ցամաք

քաղաք

ե՞րբ փոխեցիր շպարը անունիդ
երկրաչափական խիզախումդ օտարացուց զիս մայթերէդ
եւ ես փնտռեցի ծովը
հակադիր խորութիւնը դիմակիդ
որուն ծոցին մէջ խրած
արմատներդ կը տնկուին
յիշողութիւնդ
ջուրերու մոռացութեան խառնելով

                         IX

քարին ծափը հաւաքելով ոտքերուս տակ
մարմինս կը փարի ձայնին քաղաքին
երերացող խօսքը ճամբաներուն շրթունքներս կը ներկէ
փոշին կը նստի թարթիչներուս
կը հագնիմ
                          գոյնզգոյն ստուերը շէնքերուն
եւ թեւերս
            քաղաքի կամուրջներուն երկարութիւնը կը գրկեն

                          X

քաղաքը ես եմ

ԾԹ. Տարի, 2020 թիւ 3

ԿԲ. ՏԱՐԻ, 2023