Հերմինէ Աւագեան
Հերմինէ Աւագեան

ԲՈԼՈՐԸ ԳՆՈՒՄ ԵՆ, ԲԱՑԻ ՊԱՏԵՐԱԶՄԻՑ

Մանկութիւնս վազում, հասնում է Մարտունու փողոցները: Վազում եմ յետեւից, բայց չեմ հասնում։
     – Չե՜ս հասնի, չե՜ս հասնի, ես աւելի լաւ եմ վազում։
     – Կը հասնեմ։
     – Դէ արի ու ինձ բռնիր, դէ՜․․․
     Մարտունի…արեւից վառուող, արեւի պէս տաք փողոցներ, արեւի պէս ջերմ մարդիկ։ Այս քաղաքում արեւը վաղուց է ապրում։ Եկել, հաւանել, հաստատուել է: Փողոցների արեւը հաւաքելով՝ քայլում ենք ես ու հօրեղբայրս:
     –Ամի՛ , ինձ համար տիկնիկ կ՚առնե՞ս, էն աղջիկ տիկնիկից, որ փրկարարի շորերով է:
     – Չէ՛, ուրիշ տիկնիկ կ՚առնեմ, երբ փողս ստանամ:
     – Բայց ես էն աղջիկ փրկարարն եմ ուզում:
     –Ի՜…. աղջիկ փրկարար չի լինում, սուտի–մուտի բաների յետեւից մի ընկիր…
Յետոյ քայլում ենք դէպի տուն, նա ոտքերի ցաւից է տառապում, ես՝ իմ երազանքի: Երկու դէպքում էլ պէտք է փողը ստանայ, որ հարցերը լուծենք՝ նրան դեղ կը հասնի, իսկ ինձ՝ երազանք, ու յետոյ էլի կը շարունակենք քայլել՝ նա իր ցաւազրկած ոտքերով, ես էլ՝ ցաւից անտեղեակ իմ տիկնիկով…
     Ծանօթ խանութի ցուցափեղկին նկատում եմ «փրկարար» տիկնիկին, նոյն տեղում է, սպասում է, որ գան իրեն առնեն։ Ընկերուհիներ չունի, մի հատիկ է։ Ախր, որ արտադրել են չե՞ն մտածել, թէ խանութի ցուցափեղկին մենակ ինչ է անելու։ Ո՞վ գիտէ, գուցէ ինքն էլ է տխրում, որ մենակ է, այն էլ՝ փրկարարի շորերով։ Ինձանից լաւ ո՞վ կը հասկանայ էդ տիկնիկին ես էլ քոյր–եղբայր չունեմ, եթէ կ՚ուզէք ճիշտն ասեմ՝ ընկերներ էլ չունեմ, որովհետեւ չեմ ուզում ունենալ, որովհետեւ նրանք ամէն օր կանչում են իրենց քոյրերին, իրենց եղբայրներին, իրենց պապաներին, իրենց մամաներին։ Իսկ ես միայն վերջինին կարող եմ կանչել։ Այ դրա համար էլ ուզում եմ, որ էդ տիկնիկն իմը լինի, որպէսզի փրկի ինձ, չէ որ փրկարար է ու անպայման չէ, որ հրդեհից կամ ուրիշ նման բաներից փրկի, էնքան բան կայ աշխարհում, որից արժէ փրկուել ու էնքան բան կայ, որ էդպէս էլ չի փրկւում, որովհետեւ մեր ներսում է կործանւում, մեր ներսում է փլւում, վառւում, իսկ դա մեզանից բացի ո՞վ կարող է տեսնել։ Դրա համար ոչ ոք հրշէջ ծառայութիւն ու ոստիկանութիւն չի զանգում, որովհետեւ էդ ծուխը մեր ներսում է ու երբեք չի հանգչի
     Միայն մի հարց է տանջում, երբ ես ու տիկնիկը հանդիպենք, կ՚ասեմ
     – Էն երկրում, որտեղ որ քեզ ստեղծել են, պատերազմ կա՞յ, թէ մենակ իմ երկրում է։
     Չգիտեմ, թէ նա ինչ կ՚ասի, բայց ես քթիս տակ կը փսփսամ
     – Իմ երկրում հիմա տիկնիկ ստեղծելու ժամանակ չկայ, իսկ քո երկրում կայ, ուրեմն քո երկրում պատերազմ չկայ, երանի քեզ։
     Տիկնիկն այդպէս էլ չի պատասխանի, որովհետեւ պատերազմից ու իմ երկրից տեղեկութիւն չունի, որովհետեւ նրան արտադրող չինացին նրա համար օրօրացային չի երգել, չի ասել որ Սասունցի Դաւիթը Թուր Կեծակի ու Քուռկիկ Ջալալի ունէր, չի պատմել որ Նոյը կանգնել է Արարատի գագաթին…Իմ երկրում տարիներով ստեղծուածը միայն պաշտպանելու համար է, պաշտպանելու…
     Ամսուայ վերջին երազանքս աւելի է թունդ դառնում, որովհետեւ ամսուայ սկզբին փող ստանալու ժամանակն է, ու ամին վերջապէս փող կը ստանայ։ Երազանքիցս բացի թունդ է դառնում նաեւ ամիի ոտքերի ցաւերը, որովհետեւ ցաւազրկիչները վերջացել են։ Բայց ամին ամենալաւ ամին է նա ցաւերից չի խօսում, միայն մի հարց է տալիս
     – Աղջիկ փրկարարին ի՞նչ ես անելու։
     – Խաղալու եմ, համ էլ ուզում եմ, որ նա ինձ փրկի։
     – Ինչի՞ց, եթէ ասես՝ ես կը փրկեմ։
     – Չէ,՜ դա մենակ ինքն է կարող, որովհետեւ իմ ներսում մի սենեակ եմ ազատել նրա համար, ուրիշ ոչ մէկին ներս չեմ թողնում, նրան եմ սպասում։
     – Լա՛ւ, կ՚առնեմ։
     Վերջին բառն աշխարհի ամենալաւ բառն է դառնում, ու սպասում եմ, որ «կ՚առնեմ»ը գայ, տեղ հասնի, չնայած, ո՞վ գիտէ, գուցէ նա պիտի գար ամիի ցաւազրկիչների հետ միասին, բայց միասին չտեղաւորուեցին ու ստիպուած եղան միայն մէկին տեղափոխել․․․․
     – Բարեւ, փրկարա՛ր։
     – Բարեւ։
     – Կարո՞ղ ես էնպես փրկել, որ երբ բոլորը կանչեն իրենց քոյրիկներին, եղբայրներին, պապաներին, ես էլ կանչելու բան ունենամ, թէ չէ էսպես մի տեսակ տխուր է։ Թէ չէ էսպես մի տեսակ մաման էլ է տխուր, ինձ թւում է՝ ինքն էլ է ուզում, որ էդ ամէնից մենք ունենանք։
     Փրկարարը լուռ է։
     – Իսկական չե՞ս։ Բա ինչո՞ւ ես փրկարարի շորեր հագել ու ձեւ բռնել խանութի ցուցափեղկին։
     Չի պատասխանում։
     Հաստատ, իսկական չէ կամ էլ իսկական փրկարարներ չկանՉէ՛, չի կարող պատահել, որ իսկական փրկարարներ չլինեն, թե չէ ո՞վ կը փրկի աշխարհը։
     Տիկնիկս գրկած՝ վազում եմ։ Ամին չի վազում, անկողնում պառկած է։ Ես ու տիկնիկն ենք վազում, մեզ բռնող չի լինի, որովհետեւ մենք մեր խաղին ոչ մէկին չենք կանչել, որովհետեւ խաղի կէսում կարող է պատահի, որ մէկի քոյրիկը, մէկի եղբայրը, մէկի պապան կանչեն ու նա գնայ․․․
     Ժամանակն ինձ հետ վազում է, բոլոր տիկնիկները, որ չեմ ունեցել, ինձ հետ վազում են, փողոցները վազում են, ամին ու ընկերներս վազում են, ամէն ինչ վազում է, մէկ էլ յանկարծ նկատում եմ, որ ճանապարհին սկսում եմ բոլորին մէկ–մէկ կորցնել։ Միայն պատերազմն է մինչեւ վերջ ինձ հետ վազում։ Բոլորը գնում են, բացի պատերազմից, պատերազմը գնալու միտք չունի, եթէ անգամ ես կանգ առնեմ, նա, միեւնոյն է, վազելու է առաջ, նա բոլոր ժամանակների ամենալաւ վազորդն է, որին ոչ ոք դեռ չի յաղթել…
     Մարտունիայսքան տարի հետո նորից արեւից այրուող փողոցների մասին պիտի գրեմ։ Հա, արեւից, որովհետեւ հրթիռները արեւ չեն դառնայ, հրթիռների փոխարէն էլ արեւ կը լինի․ կը լինի, չէ՞ք հաւատում, իսկ դուք գոնէ մէկ անգամ վազե՞լ էք Մարտունու փողոցներով։
     Ուզում եմ քո փողոցները աւլել, վերցնել աշխարհի ամենամեծ ցախաւելն ու սրբել պատերազմի բոլոր բեկորներդ… Ես չեմ ամաչում, եթէ էդպիսի ցախաւել կայ, տուէք ինձ, ես ուզում եմ սրբել փողոցները, որովհետեւ աշխարհի ամենապատուաբեր գործերից մէկը փողոց սրբելն է, քանի որ մաքուր փողոցներով բոլորը կարող են քայլել, իսկ կեղտոտ փողոցները մարդիկ շրջանցում են։ Չեմ ուզում շրջանցել ականներդ, ուզում եմ սրբել-տանել, ուզում եմ փրկել այն բոլոր փոքրիկներին, ովքեր քայլելու են քո փողոցներով ու տիկնիկներ են փնտռելու քո խանութներում․ պարտադիր չէ, որ նրանց տիկնիկները փրկարարի շորերով լինեն, միայն թէ լինեն, միայն թէ մանկութիւնը փրկելու կարիք չունենայ…

27. 10. 2020
Հատուած Իմ ու քո պատերազմը անտիպ գիրքէն

ԾԹ. ՏԱՐԻ, ԹԻՒ 4