Չորս տասնամեակէ ի վեր մեծանուն գրողին՝ Գուրգէն Մահարիի զաւակը՝ գրականագէտ Գրիգոր Աճէմեան[1]Մայրը՝ Օֆելիա Աւագեան (ատամնաբոյժ, ինքնուս նկարիչ)։ Գրիգոր ամուսնացած է Նելլի Բաղրամեանի հետ, ունին երկու … Continue reading նուիրուած է հօրը աւանդը բոլորիս ժառանգութիւնը դարձնելու մեծ գործին։ Ան սիրով ընդառաջեց հարցազրոյցի մեր հրաւէրին, հարցազրոյց, որ կը միտի ոչ միայն Մահարիի դէմքը ա՛լ աւելի պայծառացնելու, այլեւ մանաւանդ ծանօթացնելու արդէն մեծավաստակ որդին, որ իր պարտականութիւնը կատարեց ու կը կատարէ տակաւին իր հօր թէ իր ժողովուրդին նկատմամբ։
«Հաւատացէք գրողին, նրա խղճին
– հաւատացէք, որ լաւ գրողը
չի կարող վատ ուսուցիչ լինել…»
– Ձեր հօր տագնապալի կեանքը ի՞նչ ազդեցութիւն ձգած է ձեր վրայ, ձեր կեանքի տարբեր ժամանակներուն, ձեր կեանքը ի՞նչ ընթացք ստացած է ըստ այնմ։
Մանկութիւնից վարժուել եմ, որ ծանօթ գրողի զաւակ եմ։ Երբ մարդիկ կարեկցանքին խառն հետաքրքրութեամբ հարցնում էին, թէ ո՞վ է քո հայրը, պատասխանում էի.
– Հայրս ժողովրդի թշնամի է…
Ինչ է «ժողովրդի թշնամի»-ն, չգիտէի։ Առաջին պատկերացումը ստացայ, երբ գուլագից վերադարձաւ քեռիս եւ գնացինք պապիս գերեզմանը, որը ղազախստանեան ազատ աքսորից յետոյ կարճ ժամանակից մահացել էր։ Քեռուս խօսքերով՝ Ստալինը դահիճ էր, իսկ նրա կարգերը… Ես բերանբաց լսում էի եւ մտածում.
– Ահա՛ ժողովրդի թշնամին…
Բարդոյթներ չեմ ունեցել անհայր մանկութեան համար, ընդունել եմ այն որպէս անվիճելի իրականութիւն։ Այլ կերպ լինելու մասին չեմ էլ մտածել։
…Դպրոցական ամառային արձակուրդներս անց էի կացնում հայրական Անուշ տատիս մօտ։ Պատերազմի տարիներ էին, բայց տատիկներն ընդունակ են հրաշքների։ Ամէն օր կէս բռով չամիչ էր տալիս։ Յայտնաբերեցի, որ պահւում է «ղութիկում»։ Կափարիչը թեթեւ չէր, բայց կարողանում էի բացել։ Երբ տատական սեփականութեան պաշարը սպառուեց, ձեռքս կպաւ ինչ-որ գրքերի։ Գուրգէն Մահարի, Մանկութիւն… Սկսեցի թաքուն կարդալ։ Հիմա կ’իմանամ, ով է ժողովրդի թշնամին…
Իմ պատկերացումները խառնուեցին։ Քեռիս տեղաւորւում էր այդ շրջանակներում, բայց գրքում ժողովրդի թշնամու փոխարէն տեսայ իմ տարիքի, ինձնից էլ փոքր իմ ազգանունով հօրս, իսկ «Անուշ մայրիկը»… սպասիր, չէ՞ որ սա պարզապէս տատս է…
… 1951, Մոսկուա։ Դիմում եմ տալիս արհեստից որեւէ հիմնարկ ընդունուելու համար։ Որեւէ՛։ Միայն արհեստից։ Մայրս ինձ դրեց այդ ուղու վրայ.
– Հայրդ ի՛նչ տեսաւ, որ դու ինչ տեսնես։
Անփորձ եմ։ Ստելը մտքովս չի անցնում։ Առաջին իսկ ընդունող յանձնաժողովը գործերս յետ տուեց.
– Դուք կարճատես էք…
Ես նայեցի կողքիս ակնոցաւոր հրեայ պատանիներին եւ ամէն ինչ հասկացայ…
Մենտելէեւի հիմնարկին համար նոր հայր էի հնարել։ Դէ, մտածում էի, որտե՜ղ Երեւանը, որտեղ Մոսկուան…
Վերցրեցին գործերս։ Քննութիւններս՝ գաւառական «նացմենի»[2]Ազգային փոքրամասնութեան պատկանող մարդ (ռուսերէն յապաւուած բառ)։ մանրավէպեր էին։ Բայց դա ուրիշ նիւթ է, որի ժամանակը դժուար թէ գայ…
Ընդունուել եմ ատոմի տրոհման կաճառ։ Զարմանալի բան։ Շուրջս ոչ մի հրէական դէմք։ Կարդում են ազգանունները… Իվանով, Կրուգլով … Զարմանալի բան…Միակ նացմենն եմ…
Մէկ շաբաթ անց կանչւում եմ պաշտօնէութեան բաժին։
– Դուք տեղափոխուած էք այլ կաճառ…
Ես՝ իմ ռուսերենով՝
– Կան պայմանական ընդունուածներ… իսկ ես ուսանող եմ…
Սեւ ակնոցիս սեւեռուն նայում է …զօծ-ակնոցը.
– Ձեր կենսագրական տուեալները… կամ կաճառը, կամ… Երեւան։
Հարցն այնքան կաճառի մէջ չէր, որքան վիրաւորանքի։ Ատոմ չեմ տրոհի, ապակի կ՚եփեմ, բայց Երեւան չեմ վերադառնայ կոտր ընկած վաճառականի
նման…
1953… Մահացաւ ժողովուրդների հայրը։ Սգում է ողջ երկիրը, սգում է Մոսկուան։ 20 տարեկան եմ։ Չեմ սգում, բայց չեմ էլ կիսւում յանցաւոր մտքերով։ Տասնամեակներ անց միայն պէտք է կարդամ, որ այդ օրերին 35 տարեկան Սիլվան շաբաթներով լացել է աղի արցունքներով եւ դուրս չի եկել սեւ շորերից։ Յայտնաբերել քեզ նման տհասին՝ փոքր մխիթարանք չէ։ Մանաւանդ եթէ նրա ազգանունը Կապուտիկեան է։
Հիմնարկի առաջին յարկում այբբենական բաժանմունքներով փայտէ, հասարակ յարմարանք կար պատից առկախ, որը ստուգում եմ ամէն մտնելուց եւ դուրս գալուց։ Վերին առաջին բնիկից[3]Այսինքն ճ. տառի բունը, բաժանմունքը։ («Աճէմեան») մի անգամ հանեցի անծանօթ ձեռագրով կապտաւուն մի ծրար.
«Սիրելի Գուրիս…»։
Ես գիտէի, ում համար եմ Գուրիս։ Մեր մէջ գնաց յանցաւոր մի նամակագրութիւն, որի համար չեմ ներում ինձ։ «Սիբիրականի» ընթերցողը գիտի, թէ ինչ ծանր պայմաններում է եղել Մահարին։ Այդ մասին նա ինձ բաց չգրեց, իսկ ես «չհասկացայ»։
Ամենամեծ մեղքը, որը հանգիստ չի տալիս ինձ…
– Պահուա՞ծ են այդ նամակները, հրատարակուա՞ծ են։
– Ո՛չ, չեն պահպանուել։
– Ե՞րբ եւ ինչպէ՞ս ծագեցաւ ձեր մտքին մէջ ձեր հօր վաստակը արժեւորելու այդ այնքան կարեւոր գործին նուիրուելու գաղափարը։ Արդեօք ձեր հօր կենդանութեան այս մասին խօսա՞ծ էք իրարու հետ։
…Ամենամեծ մեղքը, բայց ոչ միակը։ Կա՞յ մէկը, որն ի վիճակի է ամփոփել անցած ճանապարհի մեծ ու փոքր…
Ես պէտք է լինէի նրա կողքին, լինէի էկկերման[4]Յովհաննէս Պետրոս էկկերման (1792-1854), բանաստեղծ, գրականագէտ, Գէօթէի անձնական
քարտուղարը, հեղինակն է Զրոյցներ … Continue reading, լինէի Չերտկով[5]Վլադիմիր Չերտկով (1854-1936), հասարակական գործիչ, հրապարակախօս, Լ. Տոլստոյ անձնական քարտուղարը, հեղինակն է ռուս … Continue reading եւ տայի նրան իմ անհաշիւ հարցերը, որոնք այսօր տալիս եմ երազում եւ հանգստացնում ինձ, թէ ստանում եմ ճիշդ պատասխաններ…
…1956։ Վերադարձել եմ Երեւան։ Աշխատում եմ քիմիաբանութեան հիմնարկում։ Մեծ նախասիրութիւնս գրականութիւնն է։ Խրուշեւեան ձնհալը հնարաւորութիւն տուեց ծանօթանալ իսկական գրականութեան հետ։ Առանձնապէս տարուած եմ «ախոյեան» երկրի՝ ամերիկեան գրականութեամբ։ Երեկոներն անցկացնում եմ նրա հետ։ Խմում իմ բաժին «սեղանի սպիտակը» եւ շատախօսում նոր գրքերից։
Ոչ քաջալերում է, ոչ դատապարտում։ Բայց հաւատում է, որովհետեւ տալիս է կարդալու այս յօդուածը կամ այն պատմուածքը, որը լոյս պէտք է տեսնէր յաջորդ օրը։
Զգում եմ, որ տարբեր է շրջապատի գրողներից, բայց միայն այդքանը։ Մեծ լինել չէր կարող։ Ոչ ամերիկացի էր, ոչ ռուս։ Իմ չափանիշներով՝ պարզապէս ինքնատիպ գրող էր։
Հաւատում էր։ Թախթին նստած քանի անգամ ասել է.
– Սրանով դո՛ւ ես զբաղուելու։
«Սա»-ն պէտք է որ թախթում հաւաքուող արխիւը լինէր։
Չեմ ընդունել այդ խօսքերն իբր առաջարկ կամ հրաւէր։ Չէ՞ որ աշխատում էի մասնագիտութեամբ, իսկ գրականութիւնը… կարդալու համար է։
Մի բանում այսօր ես ինձ վարձատրուած եմ զգում։ Երբ նամակներում հանդիպում եմ այս կամ այն օտար հեղինակին, որի չճարուող գիրքը ես եմ տուել նրան կամ որի մասին խօսել ենք…
Այնքան էի տարուած Ֆոլքներ-Հեմինկուէյով, որ «Այգեստանների» դրաման անգամ խորութեամբ չընկալեցի, բաց թողեցի մեծ վէպի յայտնութիւնը։
…1969ին մահացաւ։ Մտածեցի, որ 66-ը փոքր տարիք չէ. այդ հիմա, 84-ի «բարձունքից» եմ հասկանում, թէ որքան մտայղացումներ չիրականացան, հիմա եմ հասկանում, որ նա այրուեց երազ-այգեստաններում։ Ու նորից վիրաւորուածութեան զգացումը։ Նրան մոռացել են, խոստացուած գրքերն ու ծրագրուած հատորները լոյս չեն տեսնում, յետմահու գրական կեանքը չկայ։
Ես սկսեցի «պեղումները»։ Աշխատում եմ արդէն գործարանում, իսկ գործարանը ոչ մի կերպ չի համատեղւում գրադարանի հետ, իսկ գրադարանը դարձել է արդէն նորնախասիրութիւն, աւելին՝ հիւանդութիւն։
Գերագոյն սովետի նախագահութեան նախագահը Նագուշ Յարութիւնեանն էր։ Նրա մայրը եղել էր կառավարիչը նախախորհրդային որբանոցի, որտեղ պահւում էր Մահարին։
– Եթէ անցնես իմ մօտ աշխատանքի, կ՚ունենաս քեզ անհրաժեշտ ազատ ժամանակը…
«Անառակ որդին» վերադարձաւ «տուն»։ Մայրս ճիշդ չէր, բայց ուրիշ խորհուրդ տալու իրաւունք այն տարիներին նա չունէր։
– Ի՞նչ փուլերէ անցաւ այդ աշխատանքը, եւ ի՞նչ դժուարութիւններու հանդիպեցաք։ Որեւէ օգնութիւն ստացա՞ք հարազատներէ, բարեկամներէ, մտաւորականներէ։
Փուլերը» ենթադրում են ծրագրուած աշխատանք։ Այդպիսին չի եղել։ Նմանուել եմ ծովում յայտնուած լողորդի, որը չգիտէ, թէ ե՞րբ կը հասնի ցամաք եւ կը հասնի՞ արդեօք։ Խորացել, խրուել եմ, բայց վերջը չեմ տեսել։ Սկսել եմ նախախորհրդային մամուլից, առանց տարբերելու ռամկավար մամուլը դաշնակցականից։ Եւ լաւ է, որ չեմ տարբերել, այլապէս բաց կը թողնէի միակ հրապարակումը դաշնակցական «Հորիզոն»-ում։[6]Թիֆլիս, 1909-1918։ «Սկսել» բառը նաեւ ժամանակագրական էր։ Ամենավաղը 1917-ն էր։ Թերթել եմ խառը։ Այդ «խառը» համակարգի վերածելու համար պէտք էին գիտելիքներ, որ չեմ ունեցել։ Թերթել եմ անգամ նախախորհրդային «կարմիր» մամուլը։ Ապարդիւն…
Զգացի, որ երկրի խորհրդայնացումը հեշտացրեց գործս։ Բազմակուսակցական մամուլին փոխարինեց միակ համայնավարը, բայց դրա փոխարէն լայնացան աշխարհագրական սահմանները։ Երեւան, Լենինական, Թիֆլիս, Պաքու, Մոսկուա… Գործն աւելի բարդացաւ, երբ սկսեցի լողալ Սփիւռքի մամուլում։ Աստիճանաբար պարզեցի իմ առջեւ դրուած խնդիրը՝ բաց չթողնել ոչ միայն հեղինակային հրապարակումները, այլեւ նրա մասին յօդուածները, գրախօսականները, յիշատակումները…
Քառասուն տարուց աւելի «ազատ» ժամանակս անց եմ կացրել հանրային ու ակադեմիայի, գրականութեան ու պատմութեան թանգարանների գրադարաններում, արխիւներում։ Արտագրել եմ հազարաւոր նիւթեր, տանը մեքենագրել դժուարութեամբ ձեռք բերուած հայատառ գրամեքենայի վրայ։ Ունեցել եմ եւ ռուսականը…
Անձնական դժուարութիւններն ուղեկցուել են հասարակականով։ Ապրել եմ քաղցի, ցրտի, մթութեան ու ղարաբաղեան պատերազմի տարիներ։ Եղել է շրջան, երբ դադարեցրել եմ պրպտումները, նաւթի լամպի լոյսի տակ քանի՜երորդ անգամ թերթել եմ փիքուիքեան ակումբի լոնտոնցու, իսպանացի իտալկոյի ու չեխ «ապուշի» արկածները։ Մթութեան մէջ գտել եմ ինձ հանգիստ չտուող հարցի պատասխանը՝ քանի կը մնա՛յ հայ ժողովուրդը, կը մնայ եւ Մահարին, իսկ եթէ կորչի ժողովուրդը, քանի՞ կոպեկ կ՚արժենայ Մահարին, ուր մնաց թէ՝ քո աշխատանքը…
Խառնափնթոր են տողերս, կարդում եմ, խմբագրում եւ նորից… Ինչպէ՞ս ամփոփես կեանքդ, որ տուել ես մահարիական աշխարհին… Արել եմ այն, ինչ արել եմ, թող ուրիշները դատեն…
Օգտուելով հարցից եւ առիթից՝ ուզում եմ յայտնել առաջին շնորհակալութիւնը Գուրգէն Մահարուն, որը վերադարձրեց ինձ գրականութիւն, բարդացրեց, բայց իմաստաւորեց կեանքս։ Երկրորդ շնորհակալութիւնը, թող տարօրինակ չթուայ… Սթիւ ճոպսին։ Առանց համակարգիչի, ես կ՚ունենայի հազարաւոր գրառումներ, որոնց օգտագործումը կը լինէր անհնարին։ Հիմա եմ հասկանում, թէ ինչու հնարաւոր դարձաւ մէկ մարդու կողմից իրականացնել գրողի երկերի լիակատար ժողովածուի հրատարակութիւնը, մի գործ, որով նախկինում զբաղուել են հիմնարկներ եւ խմբագրական ծանրակշիռ անձնակազմեր։ Շնորհակալութի՛ւն «Ազգ» թերթի խմբագիր Յակոբ Աւետիքեանին։ Մահարիական յօդուածների հետեւողական հրապարակումը թերթի էջերում նպաստեցին գրողի բազմակողմանի ու նորովի ընկալմանը եւ հող պատրաստեցին, որ ես բաց աչքերով տեսնեմ իմ գործի իրականացումը։ Շնորհակալութիւն «Անտարես» հրատարակչութեան տնօրէն Արմէն Մարտիրոսեանին, «հայաստանեան» խմբագիր Արքմենիկ Նիկողոսեանին, «սփիւռքային» խմբագիր Վարդան Մատթէոսեանին։ Եւ վերջապէս շնորհակալութիւն Նելլի Բաղրամեանին, որն իր «այո»-ն ասաց քիմիագէտին, բայց ստիպուած եղաւ կիսել կեանքը որոնումներից անբաժան գրականագէտի հետ… Նման «թիմով» պարտութիւնը բացառւում էր…
Վերջին «գրականագէտն» էլ է հետաքրքիր։ Չեմ յիշում ո՛ր թուականին պաշտպանեցի բանասիրական գիտութիւնների թեկնածուի թեզը՝ Մահարի-Եսենին։ Աշխատանքը կէս տարի խլեց։ Կոչումը պէտք էր նոր աշխարհ ոտք դնելու, լուրջ ընդունուելու համար։ Հիմա, երբ հասել եմ մարաթոնի վերջնագծին, եթէ յանկարծ ասուի, թէ պարոն կամ ընկեր Աճէմեան կամ Գրիգոր, քեզ տրւում է բանասիրական դոկտորի կոչում կամ թէկուզ ակադեմիկոսի քղամիդ, երդւում եմ անցեալ տասնամեակներով, կը հրաժարուեմ, քանի որ դա արդէն ոչինչ չի աւելացնի իմ գործին։
Ինչպէս նաեւ ձեւական պատկանելիութիւնը գրողների կաստային։
— Հետաքրքրական է գիտնալ բոլոր այդ ծանօթագրութիւններու տեղեկութիւնները ինչպէ՞ս կրցաք ճարել։ Գուրգէն Մահարին ինք որեւէ արխիւ ունէ՞ր այդ առընչութեամբ, յատկապէս այն դէմքերուն ինքնութեան վերաբերեալ, դէմքեր՝ որոնց ծածկարար անդրադարձած էր իր գրութիւններուն մէջ։
Չնայած ծածկագրուած այլ հերոսներին՝ հարցի ուղղուածութիւնը դէպի «Ծաղկած փշալարերն» է։ Նման հեղինակային արխիւ չի եղել եւ հարցին կարելի է տալ ասոյթային պատասխան՝ փնտռողը միշտ կը գտնի։ Բայց երեք տողանոց հարցին երեք բառով պատասխանելը յարմար չէ, անյարմար է, ուրեմն ընդարձակենք հարցի սահմանները, մանաւանդ որ դրա հետ էր կապուած գործի հիմնական դժուարութիւններից մէկը։
Բնականոն կեանքով ապրած գրողի արխիւը կուտակւում է աստիճանաբար, օր-օրին։ Կան գրողներ, որոնք կեանքի վերջում, չվստահելով արխիւային աշխատողներին, իրենք են կարգի բերում իրենց արխիւը։ Մշտապէս ժամանակի պակասուրդով, գրական անսպառ մտայղացումներով ապրող Մահարին այդ առումով ոչինչ չի ձեռնարկել, վստահելէ ժամանակին, սերունդներին, գուցէ եւ… «սերնդին»։
Գուրգէն Մահարու 1917-1936 թթ. արխիւը չի պահպանուել։ Բռնադատութիւնից վերադառնալուց յետոյ այն սկսուել է զերոյից։ Ես էլ եմ սկսել զերոյից, որովհետեւ յետսիբիրեան արխիւը եղել է ինձ անհասանելի։ Բայց զերոյից սկսելն ունեցել է, գոնէ իմ համար, իր դրական կողմը։ Եթէ յենուէի որեւէ պակասաւոր արխիւի վրայ, կարող էի սահմանափակուել դրանով։ Հիմա, երբ նախախորհրդային ու խորհրդային մամուլից, այլ արխիւներից հաւաքուել ու փրկուել են բազմաթիւ գեղարուեստական ու հրապարակախօսական ստեղծագործութիւներ, եւ մէկը միւսին են յաջորդում գրողի երկերի լիակատար ժողովածուի հատորները (տասընհինգից արդէն տասը), կարող եմ վստահօրէն պնդել, որ շատ քիչ նիւթեր են մնացել «դրսում»՝ հիմնականում թերթերի ու ամսագրերի չպահպանուած համարներում։ Այս աշխատանքի հետ միաժամանակ «ձեռքի հետ» «ոտի վրայ» պատրաստուել են եւ կենսամատենագիտական երեք հատորները։ Կենսամատենագիտութիւնն ամբողջացնելու համար առաջին անգամ օգտագործուել են ՊԱԿ-ի նիւթերն, այլ անձանց նամակներն ու օրագրերը։
Գուրգէն Մահարին օրագրեր չի պահել, «հետագայի» համար գրառումներ չի արել, առօրեայ նիւթերն ու գրառումները տեղնուտեղը վեր է ածել գրականութեան՝ մանրապատում-քանդակների կամ նամակների ժանրերով։
Շատ գրողներ մեքենագրում են իրենց նամակները, եւ նրանց արխիւներում ձեւաւորւում է եւ նամականին։ Կան եւ այնպիսիք, որոնք մեքենագրում են անգամ ստացուածները… Նման շռայլութիւններ չի ունեցել Մահարին, եւ նրա նամակները ցրուել են աշխարհով մէկ։ Կապեր եմ հաստատել Շահան Շահնուրի, Արամ Հայկազի, Անդրանիկ Անդրէասեանի, Սառի Աթմաճեանի ու շատերի հետ, հաւաքել եմ հազարի մօտ նամակներ, բայց վստահութիւնը, որ քչերն են մնացել «դրսում», չունեմ։ Հատ ու կենտ են մինչեւ 1936 թուականը կրող նամակները, չեն յայտնաբերուել Վ. Սարոյեանին, Զաւէն Սիւրմէլեանին, Ա. Ծառուկեանին, Սիրան Սեզային, Ա. Ալիքեանին, Արամ Արմանին, Վեհանոյշ Թէքեանին, Ս. Թաւրիզեանին, Ա. Շիրազեանին, Յակոբ Սիրունուն, Յարութիւն Հելվաճեանին, Ս. Ռշտունուն (Լոս Անճելոս), Լեւոն Սարտիրոսեանին (Ֆրեզնօ), Սահակ Բարսեղեանին (Պուէնոս Այրէս), Թաբրիզի Յարութին (Հալէ՜պ… Հալէ՜պ…) եւ դեռ ով գիտէ ում գրուած նամակները։ Օգտուելով առիթից ուզում եմ դիմել Սփիւռքի իմ հայրենակիցներին, ովքեր կարող են օգնել այդ հարցում, չզլանալ իրենց օգնութիւնը՝ տասընչորսերորդ եւ տասնհինգերորդ հատորների նամականին հնարաւորինս ամբողջացնելու գործում։ Ցանկացած ամենափոքր իսկ լրացումը կը լինի խիստ արժէքաւոր, քանի որ Մահարու նամակագրութիւնը բնական շարունակութիւնն է նրա արձակի, վերջինն է քսաներորդ եւ առաւել եւս ե-մայլների մեր դարերում եւ, չափազանցութիւն չի ասելը, անկրկնելի է հայ գրականութիւնում։
— Ինչպէ՞ս գնահատուեցաւ ձեր այս կոթողական աշխատանքը՝ Հայաստանի մէջ թէ Սփիւռքի։ Կրնա՞ք զայն ներկայացնել իր ամբողջական պատկերով։
Հարցի պատասխանում ժամանակն է եւ հասարակութիւնը, որոնք հեռացել են գրականութիւնից։ Հայաստանում «թաք-թուք» զանգուածային լրատուամիջոցներ (կարծեմ միայն մէկը…) նկատեցին «կոթողական աշխատանքը» եւ տեղեկատուութիւնից այն կողմ չանցան։ Աւելի շռայլ գտնուեց հեռուստատեսութիւնը։ Տարբեր ալիքներով կազմակերպուեցին հաղորդումներ, հարցազրոյցներ։
Գրական աշխա՞րհը… Մահարու մահից անցած կէս դարում շատ բան մնացել է նոյնը։ Այդ կէս դարում, չնայած իմ բազմաթիւ միջանկեալ հրապարակումներին, ոչ ոք գրականութեան հիմնարկից կամ Գրողների միութիւնից չհետաքրքրուեց, թէ տղայ ջան, ինչո՞վ ես զբաղուած… «տղան» սպիտակեց, իսկ լոյս տեսած տասը հատորներից եւ ոչ մէկը չգրախօսուեց։ Յետխորհրդային տասնամեակներն անզօր գտնուեցին մաքրելու գրական աւգեան ախոռները։ Հասարակարգը փոխուեց, բայց կարծրացած մտածողութիւնը եւ աւանդոյթները, յատկապէս գրական աշխարհում, պահպանուեցին։ Պարզուեց, որ միայն սոցիալիստական ռէալիզմը չէր, որ խանգարում էր ճշմարիտ գրականութեանը եւ նոր անունների յայտնութեանը,
այլ թոփչեանական ՀԳՄ-ն, որն այսօր էլ կրում է նոյն ցուցանակը եւ ժառանգել է նոյն աւանդները։ Համայնավար հասարակարգը դատապարտուեց խօսքով, բայց ոչ գործով։ Վկայ՝ մայրաքաղաքի կենտրոնում ձգուող Նաիրի Զարեանի ու Հրաչեայ Քոչարի, ստալինեան դարաշրջանի մատնագրերի հեղինակների անուններով փողոցները…
Շեղուեցի…
Անտարբերութեան այդ ֆոնի վրայ գնահատելի էր ժիրայր Մալխասեանի հրապարակումը Nouvelle d’Arménie պարբերականում, որը լոյս տեսաւ եւ իտալերէն։ Հարցազրոյց վերցնելու համար նա չզլացաւ ժամանել Երեւան։ Այս հարցազրոյցն էլ ինքնին մի վկայութիւն է Սփիւռքի աւելի մեծ հետաքրքրութեան՝ մեր գրական խոհանոցով եւ ֆիրմային «ճաշատեսակներով»։ Ապրում եմ Երեւանում, բայց շարքային արձագանգներ ստանում՝ աւելի շատ Սփիւռքից։
—Մահարիի արձակէն կամ բանաստեղծութիւններէն կա՞յ էջ մը որ Ձեզ յատկապէս տպաւորած է։
Մահարու արխիւում պահպանուած է միակ մի ծոցատետր։ Գրառումներ, որոնք պէտք է դառնային բանաստեղծութիւններ։ Իմ ուշադրութիւնն գրաւեց անտիպ երկու տող.
Երջանիկ է նա, ով այս աշխարհում
Կրեց իր հոգում մի երկրորդ աշխարհ…
Յաճախ են մարդիկ հարցնում, եւ ես ինքս էլ եմ ինձ հարցրել՝ այդ ինչպէ՞ս կոփուած յեղափոխականները, ֆիզիքապէս անհամեմատ ուժեղ անձինք չդիմացան գուլագի փորձութիւններին, թաղուեցին անգերեզման, կամ վերադարձան կէս-մարդու կարգավիճակով, իսկ բանաստեղծ Մահարին վերադարձաւ աւելի բիւրեղացած գրչով ու հարստացած հոգով։ Գաղտնիքը այդ երկու տողերի մէջ է, որոնք լիակատար ժողովածուի առաջին հատորում զբաղեցրին առանձին էջ։ Ոչ մի րոպէ նա չմոռացաւ իր կոչումը՝ նուիրուածութիւնը գրականութեանը, եւ բոլոր փորձութիւններն ընդունեց մահարիական «մասնագիտական» հեգնանքով։ «Երկրորդ աշխարհը», գրականութիւնը, որը մշտապէս կրել էր իր հոգում, դարձաւ հզօր նեցուկ դիմակայելու տասնութ տարիների ճամբարին ու աքսորին…
— Դուք արդէն հրատարակեր էք տասը հատոր, հինգն ալ դեռ գալիք են։ Ո՞ր հատորն է առանձնապէս Ձեզի սրտամօտ։
Զարմանալիօրէն հէնց այն հատորները որոնք դեռ լոյս չեն տեսել — տասնմէկը (յօդուածներ), տասներկուսը (գրախօսականներ), տասներեքը (ակնարկներ, դիմանկարներ, խոհագրութիւն, մահագրութիւն, հարցազրոյցներ), տասնչորս տասնհինգը (նամակներ)։ Այս հատորներում է իմ հիմնական աշխատանքը։ Եթէ մէկից-տասը հատորներում ընթերցողը դեռ կը տեսնի իրեն ինչ-որ չափով ծանօթ Մահարուն, ապա վերջին հատորներն ամբողջովին նորութիւն են։
— Ձեր հայրը բազմաժանր գրող էր, այնուամենայնիւ ո՞ր ժանրը կը գերադասէր։ Ձեր կարծիքով՝ առաւելապէս ո՞ր ժանրի գրող էր ան։
Մահարին գրող էր, որը հասասար յաջողութեամբ ստեղծագործում էր գրական բոլոր ժանրերում։ Առանձնակի խանդ ունէր պոէզիայի նկատմամբ, եւ նրան ցաւ էր պատճառում այն հանգամանքը, որ ժամանակի ընթացքում քանի գնում, այնքան նրա պոէզիան ստուերւում էր արձակով։ Այդ առիթով անգամ բողոքել է Շահնուրին. «…Եթէ ես արձակ չունենայի, այո, իմ չափածոն պիտի գնահատուէր ըստ արժանւոյն, բայց իմ արձակը… խիստ լեզուով ասած՝ իմ արձակը եղաւ բանաստեղծութեանս գերեզմանափորը…»։
Անձամբ ինձ համար թանկ է Մահարու հումորը, որն անպակաս է բոլոր ժանրերից։ Արցունքով եւ հումորով էլ գրեց նա իր կեանքի գլխաւոր գործը՝ «Այրուող այգեստաններ» վիպերգը, իսկ չհասկացողների համար ասոյթեց. «Եթէ մի գործ օժտուած է գեղարուեստական, ճանաչողական եւ դաստիարակչական բարձր արժանիքներով, կանաչ ճանապարհ պիտի տալ այդ գործին, անկախ նրանից թէ գրողը ի՞նչ միջոցներով, ի՞նչ գոյներով, ի՞նչ հնարքներով հասել է իր նպատակին։ Աւելին մենք չենք պահանջում։ Հաւատացէք գրողին, նրա խղճին եւ հաւատացէք, որ լաւ գրողը չի կարող վատ ուսուցիչ լինել…»։
—Ինչպէ՞ս կը բացատրէք ձեր հօր հանդէպ ցոյց տրուած անարդար կեցուածքները։ Արդեօ՞ք վարչաձե՞ւն էր մեղաւորը, անոր հլու հպատակ ծառանե՞րը, թէ՞ վարչաձեւէն անկախ կային նաեւ ազգային ախտաւոր երեւոյթներ, որոնց պատճառաւ այդքան զոհ տուինք։ Ինչպէ՞ս կը դատէք 70 տարուան խորհրդային ժամանակաշրջանը։ Արդեօք անցնող 25 տարիներուն այս հարցը արծարծուեցա՞ւ, գէթ մտաւորական շրջանակները քննարկեցի՞ն։ Դասեր սորվեցա՞նք…
Դէ եկ ու պատասխանիր, առանց ամսագրային տպագրութեան սահմանները խախտելու…
Մահարու նկատմամբ այլ վերաբերմունք լինել չէր կարող, որովհետեւ մեծ հաշուով նա գրական այլ աշխարհի մարդ էր։ Նա չէր տեղաւորւում սոցիալիստական ռէալիզմի սահմաններում եւ մնաց խորթ Ստալինից Պրեժնեւ տասնամեակներում։ Նրա հակադաշնակցութիւնն անգամ ունէր ազգային արմատներ։ ՀԳՄ վարչարարներին նա նոյնպէս «ձեռք չէր տալիս», քանի որ խախտում էր նրանց գոյատեւումը սնուցող մեռեալ ճահիճը։ Գրողների ճնշող մեծամասնութիւնը սպասում էր յարմար պահի իր քէնը Մահարուց հանելու համար՝ վերջինիս գրախօսականների ու յօդուածների, հումորիստական ու երգիծական կսմիթների համար։ Դա բնորոշ էր խորհրդահայ գրական աշխարհին եւ կապ չունէր «ազգային ախտաւոր երեւոյթների» հետ։ Այդ ձեւակերպման հետ համաձայն չէր լինի եւ Մահարին։ «Այրուող այգեստանների» դատապարտման թէժ օրերին ողբերգական Կ. Պասմաճեանը հանգստացրել է նրան՝ «հոգ չէ, որ ձեր արժէքաւոր, մարդկային, հարուստ մատիտով ծառայում էք անարժան, անմարդկային եւ աղքատ ժողովրդին… Այո, իրողութիւն է սա…», եւ ստացել պատասխան. «Սիրելի Կարիկ, հայ ժողովուրդը արժէքաւոր, մարդկային, հարուստ ժողովուրդ է, եւ ես ուրախ եմ, որ իմ գրչով ծառայում եմ նրան։ Այն, ինչ կատարւում է իմ շուրջը, հայ ժողովրդի հետ ոչ մի կապ չունի։ Այդ ամէնը բխում է գրական անառողջ շրջանակների ցաւալի սադրանքների պղտոր ակունքներից»։ Կարիք կա՞յ նշելու, որ ընդգծումը մերը չէ…
Ի՞նչ ասեմ խորհրդային տասնամեակների մասին։ Ունեցել եմ բռնադատուած հայր ու հօրեղբայր, քեռի ու պապ, բայց այսօր եկել եմ համոզման, որ աւելի լաւ կը լինէր, եթէ կորպաչովեան ԽՍՀՄ-ը բարենորոգուէր, «դեմոկրատանար» թէկուզ համայնավար Չինաստանի օրինակով եւ պահպանէր իր միասնութիւնը։ Անցած քառորդ դարում մենք կորցրինք արդիւնաբերութիւն ու գիտութիւն, մշակոյթ ու կրթութիւն։ Կորցրինք Սփիւռքը, չկարողացանք դառնալ տարածաշրջանի Իսրայէլը, եւ արատաւորեցինք անկախութեան գաղափարը։ Կառուցեցինք շքեղ դղեակներ եւ հարցականի տակ դրինք մեր ազգային անվտանգութիւնը։ Բաց սահմանները ծառայեցրինք մենաշնորհային ներկրմանը եւ անկանգ արտահոսքին։ Քանի՞ լումայ արժէ խօսքի ազատութիւնը, եթէ խօսքն արժէքազրկուել է։ Այլախոհներին հետապնդող ԽՍՀՄ-ում այն աւելի արժէք ունէր, քան ժողովրդավարական կոչուած Հայաստանում։ Կարճ՝ կորցրինք դրականը, որ կար համայնավար հասարակարգում եւ ժառանգեցինք համայնավար ու շուկայական հասարակարգերի միայն բացասականը…
Ունենք փոքրաքանակ, ազնիւ, բայց անզօր այլախոհ երիտասարդութիւն։ Կորցրինք լայն մտաւորականութիւնը՝ մարդկային թէ թեքնիք…
Աւելի լաւ է վերջացնեմ («Մի՛ խօսեցնի, Աստուած կը սիրես, /Թէ չէ մի ղաչաղ կը դառնամ ես էլ…»), շնորհակալութիւն յայտնեմ հարցազրոյցի համար եւ ցանկանամ ամենայն բարիք Սփիւռքի իմ հայրենակիցներին։
— Թոյլ տուէք, որ ես յայտնեմ շնորհակալութիւն։ Եթէ մեր այս հարցազրոյցը, բացի մեծ հետաքրքրութեամբ կարդացուող գրութիւն ըլլալէ, ծառայէ նաեւ ինքնաճանաչման ու մղէ մեզ՝ Սփիւռքի մէջ թէ հայրենիքի՝ անդրադառնալու մեր ախտերուն, թերիներուն ու թերացումներուն, ու մանաւանդ ձեռք ձգելու ու կարդալու Մահարիի գրական ժառանգութիւնը, մեր մամուլը իր դերին մէջ գտնուած կ՚ըլլայ, իր մեծ առաքելութեան։ Վարձքերնիդ կատար[7]Գրիգոր Աճէմեանի հետ կապը կարելի է պահել [email protected] հասցէով։։
Մէկ նկարի պատմութիւն
1948-ի Նոյեմբերին Մահարին ձերբակալուեց երկրորդ անգամ։ Ձերբակալութիւնից մի քանի օր առաջ նկարուել էինք Մահարու մանկական ընկերներից
Գուրգէն Եկարեանի մօտ (Արմենակ Եկարեանի որդին)։ Գնացի նրա մօտ.
– Հայրիկիս հետ նկարուել եմ այստեղ…
Փնտռում է։
– Այդպիսի նկար չկայ։
– Ե՞րբ էք նկարուել…
– Մօտ մի ամիս…
Նայում է երկու ամսուայ խորութեամբ։ Չկայ ու չկայ…
– Ասա հայրդ գայ…
– Նա չի կարող։ Գուրգէն Մահարին…
Եկարեանն ուշադիր նայում է ինձ, ասես ինչ-որ բան յիշելու համար, եւ միանգամայն այլ տեղից առանց որոնելու տալիս է ինձ լուսանկարները։
– Ոչ մէկին ցոյց չտաս…
↑1 | Մայրը՝ Օֆելիա Աւագեան (ատամնաբոյժ, ինքնուս նկարիչ)։ Գրիգոր ամուսնացած է Նելլի Բաղրամեանի հետ, ունին երկու զաւակ՝ Գուրգէն ու Նոնա եւ երեք թոռ՝ Բիայնա, Արամ եւ Հայկ։ |
---|---|
↑2 | Ազգային փոքրամասնութեան պատկանող մարդ (ռուսերէն յապաւուած բառ)։ |
↑3 | Այսինքն ճ. տառի բունը, բաժանմունքը։ |
↑4 | Յովհաննէս Պետրոս էկկերման (1792-1854), բանաստեղծ, գրականագէտ, Գէօթէի անձնական քարտուղարը, հեղինակն է Զրոյցներ Գէօթէի հետ աշխատութեան։ |
↑5 | Վլադիմիր Չերտկով (1854-1936), հասարակական գործիչ, հրապարակախօս, Լ. Տոլստոյ անձնական քարտուղարը, հեղինակն է ռուս գրողի մասին քառահատոր յուշերու։ |
↑6 | Թիֆլիս, 1909-1918։ |
↑7 | Գրիգոր Աճէմեանի հետ կապը կարելի է պահել [email protected] հասցէով։ |