Սեղանիս վրայ դրուած են Վեհանոյշ Թեքեանի բոլորովին վերջերս հրատարակուած երկու գրքերը՝ մէկը բանաստեղծութիւնների Աղօթքներ ուռկանի մէջ վերնագրով (ինքնատիպ եւ անսովոր վերնագիր, բայց արդարացուած եւ իմաստաւորուած՝ իր ներքին բանաստեղծական բովանդակութեամբ). եւ միւսը՝ յօդուածների եւ խոհագրութիւնների ժողովածուն՝ Խօսող լերան պատմութիւնը, որն ունի յուզիչ եւ կողմնորոշիչ մի փոքրիկ ձօն «Բոլոր ժամանակակից գրողներուն, որոնք դուրս ելան իրենց ծննդավայրէն, բայց ապրեցան Հայ Լեզուէն ներս եւ փառահեղ դարձուցին Հայ Բանը»։
Այսպէս, երկու գիրք, երկու հանդիպում Սփիւռքի ականաւոր բանաստեղծուհու հետ, որից բաւական երկար ժամանակ չէի կարդացել որեւէ նոր ստեղծագործութիւն, եւ այն կարծիքն ունէի, որ նա թերեւս շատերի պէս յոգնել է, վհատուել եւ տրուել կեանքի «անցողիկ առօրեային», այն, ինչը, ցաւօք, անհաւատալի երեւոյթ չէ ժամանակակից աշխարհի, այդ թւում նաեւ՝ հայ իրականութեան համար։ Բայց ճիշդ է նաեւ այն կարծիքը, որ բանաստեղծութեան սահմանն անցնողի համար այլեւս վերադարձ չկայ. ով մտաւ այդ աշխարհը ՝ այլեւս չի կարող այնտեղից դուրս գալ, դա մի ճակատագիր է, որից պարզապէս «ազատում» չկայ։ Վեհանոյշ Թեքեանը ծնուել է այդ ճակատագրի «աստղի տակ», նրա կեանքը լցուած է եւ իմաստաւորուած այդ աստղի ներկայութեամբ՝ սկսած Պէյրութից մինչեւ Նիւ Ճըրզի, շուրջ յիսուն տարիների մի կեանք, ուր ես տեսնում եմ կենսախինդ, բանաստեղծական տեսիլքներով ներշնչուած աղջկան, որ տարիների ընթացքում նոյնն է մնացել, թէեւ դարձել է աւելի խոհուն, հանդարտ, աւելի հաւասարակշռուած, եւ արդէն կարող է ասել. «Դանդաղ քայլերով պահ մը ետ դարձիր / եռուզեռ չկա՛յ»։ Այո, բանաստեղծութիւնն ընդհանրապէս, անկախ միւս հարցերից, դէմքով շրջուած է դէպի անցեալը, բանաստեղծութիւնը ուղեւորում է դէպի անցեալը, այն իրական ժամանակը, որը մարմին է առել բանաստեղծի հոգեւոր փորձի մէջ։ Բանաստեղծի դէմքը ուղղուած է դէպի անցեալը, կրօնական մարդու դէմքը՝ դէպի ապագան (նա աշխատում է ազատուել նախկին սխալներից, նախկին կեանքից՝ փրկութիւնը տեսնելով ապագայի մէջ), իսկ բուն աշխարհիկ մարդը ուղղուած է դէպի ներկայ ժամանակը։ Ի հարկէ, սրանք կապուած են միմեանց, նրանց ճշգրիտ տարանջատումը գուցէ անհնար է, բայց այդ կառուցուածքի մէջ կան իշխող կէտեր, որոնք բնորոշում են անձնաւորութեանը՝ կախուած նրա ներքին կողմնորոշումից։ «Դանդաղ քայլերով պահ մը ետ դառնալը» նշանակում է՝ խորասուզուել սեփական հոգեւոր աշխարհի մէջ, վերապրել անցեալը նոր իրավիճակում (բանաստեղծական համատեքստի մէջ)։ Բոլոր արժէքները վերստին ոգեկոչւում են նոր կեանքի համար, դառնում խօսք, լեզու, արուեստ։ Սա չէ՞ արդեօք բանաստեղծական այն «գաղտնագործութիւնը» որի մասին գրում են համարեա բոլոր բանաստեղծները (ե՛ւ հայ, ե՛ւ օտար)։ Դա աչքի է ընկնում Վեհանոյշ Թեքեանի բանաստեղծութիւնների մէջ, որոնք ուղղուած են դէպի մանկութեան անմոռանալի պատկերները, դէպի կեանքի շարժումը, ժամանակը եւ ներկայ մերկ ու անողոք իրականութիւնը.
Հիմա զանգի նման պահանջկոտ է կեանքը,
Եւ չեմ գիտեր ի՛նչ կ՚ուզէ հետս քալող անծանօթը։
Այսպիսի շօշափելի, առարկայական, ներքին լարումներով եւ իմաստային խո՛ր շերտերով յագեցած փոխաբերութիւնների, բանաստեղծական ճկուն պատկերների բանաստեղծ է Վեհանոյշ Թեքեանը, որի բանաստեղծութիւնը մի ճիգ է ըմբռնելու, հասկանալու, ճանաչելու այդ «քալող անծանօթին», բանաստեղծութեան այդ մշտական «ճանապարհորդին», որը տարբեր ձեւերով, տարբեր անուններով եւ կերպարներով ուղեկցում է բոլոր բանաստեղծներին որտեղ էլ նրանք լինեն (Հայաստանում, Սփիւռքում, կամ որեւէ այլ տեղ)։ Արտաքին աշխարհում ապրող հայ մարդու հետ «քայլում է» ներքին մարդը, որը ճակատագրի պէս հետեւում է նրան, անցնում նրա հետ կեանքի բոլոր ուղիներով՝ պատանեկութիւնից մինչեւ զանգի նման հնչող կեանքը (այստեղ յիշում ես տասնութերորդ դարի անգլիացի մետաֆիզիկ բանաստեղծ Ճօն Դոնի ճակատագրական տողը «Ո՞ւմ համար է հնչում զանգը…»)։ Այս զանգի ղօղանջը հնչում է Վեհանոյշ Թեքեանի համարեա բոլոր բանաստեղծութիւններում՝ ընդգծելով նրա խօսքի փի-
լիսոփայական եւ հոգեբանական ենթաշերտերը։
Վեհանոյշ Թեքեանը մտածող,
խորհրդածող, վերլուծող բանաստեղծ
է, նա չի սահմանափակւում սոսկ իր
զգայական եւ ներանձնական
տեսիլքներով, այլ ձգտում է այդ ամէնը
մօտեցնել գիտակցութեանը,
լուսաւորել եւ տեսանելի դարձնել
առարկան, ճանաչել զգացմունքը
Եւ ընդհանրապէս Վեհանոյշ Թեքեանը մտածող, խորհրդածող, վերլուծող բանաստեղծ է, նա չի սահմանափակւում սոսկ իր զգայական եւ ներանձնական տեսիլքներով, այլ ձգտում է այդ ամէնը մօտեցնել գիտակցութեանը, լուսաւորել եւ տեսանելի դարձնել առարկան, ճանաչել զգացմունքը, այսպէս ասած՝ կատարել իր գիտակցուած ընտրութիւնը, կողմնորոշուել իրերի եւ զգացմունքների բարդ աշխարհում։ Նրա բանաստեղծութեանը պէտք է մօտենալ ժամանակակից ոչ միայն հայ, այլեւ միջազգային քերթողական արուեստի բարձր չափանիշներով, որոնց մէջ թերեւս առաջնայինը խօսքի վերանձնական, առարկայական բնոյթն է, անձնական-ենթակայական դիմակի տակ դրուած անանձնական «վիճակը» (յիշենք Միսաք Մեծարենցի «Տուր ինծի, Տէր, ուրախութիւնն անանձնական…» աղօթք-բանաստեղծութիւնը՝ նարեկացիական ոյժով լցուած պատանի հանճարի այդ յաւերժական աղաղակը)։ Բնորոշ են գրքի երկու բանաստեղծութիւնները՝ «Վահան Տէրեան ճամբան» եւ «Արշիլ Կորքի», նուիրուած մեր ժողովրդի երկու լուսաւոր զաւակներին, որոնք թէեւ ապրեցան աշխարհագրական եւ մշակութային տարբեր վայրերում, բայց խմեցին ճակատագրի նոյն «դառը հեղուկը» (այն ճակատագրի, որը բաժին հասաւ մեր ժողովրդին՝ համաշխարհային պատմութեան մէջ թերեւս չունենալով այդքան ողբերգական մի ուրիշ օրինակ)։ Արշիլ Կորքիի կերպարը բանաստեղծը տուել է նրա կենսագրական եւ համազգային ամենացնցող պատկերների վրայ արուեստագէտի կեանքը, մայրը, Վանայ լճի սրտառուչ բնանկարները, գիւղական պատկերները («Այստեղ հայեր կ՚ապրէին») որոնց միջով անցնում է ստեղծագործ հանճարի տառապալից ուղին ի հակադրութիւն աւերի, փլուզման, կորստեան, աղէտի («Ապրեցար դուն անապաստան, ապաստարա՛ն տուիր մեզի»)։ «Ուխտի եկանք շէկ հանճարիդ» — «շէկ» այստեղ նշանակում է կրակ, լոյս, ջերմութիւն, հրաշալի եւ ինքնատիպ մակդիր-փոխաբերութիւն, որոնք Վեհանոյշ Թեքեանի գրքում մեծ քանակութիւն են կազմում. «Շէկ»ը ցոյց է տալիս հանճարի ներքին բնութագիրը, նրա էութեան արեւային ոգին, որը ճեղքում է իրեն շրջապատած «դժոխքի» կաղապարները եւ հասնում արարչական լոյսին, որտեղ «Սուրբ Խաչ անքուն ճգնաւորը կապոյտ աղօթք կը ծածանէ…»
Ինչի մասին էլ գրի բանաստեղծուհին՝
ի վերջոյ գրում է իր սեփական
ժողովրդի ճակատագրի մասին, իսկ
երբ գրում է իր ժողովրդի մասին՝
գրում է իր մասին։
Անհատական եւ ազգային ճակատագրերը խաչաձեւում են միմիանց։ Ինչի մասին էլ գրի բանաստեղծու- հին՝ ի վերջոյ գրում է իր սեփական ժողովրդի ճակատագրի մասին, իսկ երբ գրում է իր ժողովրդի մասին՝ գրում է իր մասին։ Անբաժանելի են անձը եւ ժողովուրդը, որոնք ստեղծում են մէկը միւսին, նրանք արտացոլուում են մէկը միւսի մէջ։ Սփիւռքը հայ ժողովրդի անբուժելի վէրքն է եւ ոչ մի բանաստեղծ (մանաւանդ եթէ այդ բանաստեղծն իր ճակատին կրում է Աստծոյ կնիքը) չի կրնար անտարբեր անցնել այդ վէրքի կողքով։ Վեհանոյշ Թեքեանի բոլոր բանաստեղծութիւնները առնչւում են դրա հետ. նոյնիսկ մանկութեան վերյուշները (որոնք թէեւ չունեն թեմատիկ ուղղութիւն, բայց բոլորն էլ այսպէս թէ այնպէս կապուած են նախնական տպաւորութիւնների եւ մանկութիւնից եկած անմիջական ընկալումների հետ) իրենց մէջ կրում են Պատմութեան անողոք շունչը, որի աներեւոյթ ներկայութիւնը զգացւում է նրա համարեա բոլոր պատկերների, փոխաբերութիւնների, հնչերանգների, ռիթմերի եւ կառուցուածքների մէջ։
Բանաստեղծն ապրում է իր ժամանակը, խմում նրա թոյնը, նրա ապսուրտը, ընդունում աշխարհի անիմաստ դաժանութիւնը, սարսափում պատմութեան մղձաւանջից եւ անմտութիւնից։ Միայնակ նա կանգնած է գոյութեան առջեւ՝ ձգտելով իմաստաւորել այդ գոյութիւնը։ Արտաքին օտար աշխարհը նա ձգտում է դարձնել անձնական, անհատական, նրան տալ դէմք եւ անուն, նրա մէջ ներարկել կեանք եւ իմաստ։ Իսկ ի՞նչ է բանաստեղծութիւնը, եթէ ոչ՝ տիեզերքի անձնաւորում, աշխարհի անհատական սկիզբի յայտնագործում։ Սեփական կեանքը մի միկրո-տիեզերք է, որի մէջ բեկւում է մեծ տիեզերքը, ինչ որ կատարւում է վերեւում, արտացոլւում է ներքեւի մէջ, հետեւաբար անձնական կեանքը մի ընդարձակ փոխաբերութիւն է, որը բացւում է աշխարհի վրայ։ Խոստովանական բանաստեղծութիւնը, որը մեծ աւանդոյթներ ունի 20րդ դարի եւրոպական եւ ամերիկեան բանաստեղծութեան մէջ (սկսած Շառլ Պոտլերից մինչեւ ամերիկեան պիթնիկների լաւագոյն ներկայացուցիչները – Ճէք Քրուաք, Ալէն Կինզպըըրկ, Լորընս Ֆըրլենկեթթի, եւլն.) մեծ տեղ է գրաւում Վեհանոյշ Թեքեանի ստեղծագործական համակարգի մէջ։ «Սպիտակ իբրեւ թէ» բանաստեղծութիւնը այդ ժանրի լաւագոյն օրինակներից է. «Եթէ ըսեմ ոստրեկապոյտ ջրվէժներու թաւալքին մէջ զոյգ թեւերս զոհուած են, պիտի չհաւատաս // եթէ ըսեմ այրիացայ ստուերներու հետ խօսելով, պիտի չհաւատաս // եթէ ըսեմ գորշ կղզի մը կերայ կարիճներով, ճահիճներով, պիտի չհաւատաս»։
Արտաքին օտար աշխարհը նա ձգտում
է դարձնել անձնական, անհատական,
նրան տալ դէմք եւ անուն, նրա մէջ
ներարկել կեանք եւ իմաստ։
Խոստովանական բանաստեղծութեան կատարեալ նմոյշներից է «Ինքնանկար» բանաստեղծութիւնը, որը շատ յատկանշական է Վեհանոյշ Թեքեանի համար։ Պատկերների հոսքը, փոխաբերութիւններու կուտակումները, բանաստեղծական ռիթմի եւ տաղաչափութեան ազատ ծաւալումը ստեղծում են մի իւրօրինակ բանաստեղծական վիճակ, ուր բացայայտւում է հեղինակի ներքին կենսագրութիւնը. «Մէկ բան յստակ է՝ դիմակ գործածած չեմ»։ Բանաստեղծական բնութագիրը ազատ խօսքն է, սեփական էութեան անկաշկանդ բացայայտումը (յիշենք Ալէն Կինզպըրկի «Ոռնոցը»)։ «Սեփական մարմնի տաք մոխիրներէն կը ծնին բառերը, արիւնլուայ ու սուրբ», գրում է Վեհանոյշ Թեքեանը։ «Ամէն գիշեր մոխիրները կը հաւաքեմ // ամէն առտու հայերէն գիրք շինած կ՚ըլլամ», ապա յայտնւում է յայտնի հեքիաթի ենթագիտակցական յղումը. «Պիտի մտնեմ անտառին հին տնակէն կարմիր գլխարկս գտնեմ»։
Աղօթքներ ուռկանի մէջ ժողովածուն բաղկացած է երեք մասերից՝ «Ուռկանի մէջ», «Աղօթքներ», «Սաղմոսներ»։ «Սաղմոսներ»ը գրուած են 1970ական թուականներին եւ հրատարակուած Ոստրէ հատորին մէջ, Պէյրութում, 1974 թուականին։ «Թէ ինչո՞ւ կցուած են այս հատորի քերթուածներուն՝ ընթերցողին կը թողում մեկնաբանել», գրում է Վեհանոյշ Թեքեանը։ Կարելի է կարծել, որ հեղինակը այդ բաժինը մտցրել է ներկայ հատորի մէջ՝ ցոյց տալու իր հոգեւոր եւ մտաւոր զարգացման գիծը, ստեղծագործական այն ուղին, որ սկսուել է 1970ական թուականներին (նախքան Պէյրութի պատերազմական իրադարձութիւնները, երբ Լիբանանի հայկական գաղութը գտնւում էր ազգային եւ մշակութային լիակատար ծաղկման մէջ) եւ հասել ներկայ պահը, որով ընթերցողը հնարաւորութիւն է ստանում ոչ միայն հետեւել նրա ներքին զարգացման ընթացքին, այլեւ համեմատել անցեալը ներկայի հետ. տեսնել այն տարբերութիւնները, որոնք բնականաբար պէտք է ի յայտ գային քառասուն տարիների ընթացքում, երբ երիտասարդ յախուռն աղջիկը դառնում է խոհուն, իմաստուն, մտածող եւ կշռադատող կին, որի համար էականը արդէն ոչ այնքան զգացմունքների պոռթկումն է, ինքնահաստատման կիրքը, որքան հաւասարակշռուած, իրերը առարկայաբար տեսնելու, անցեալը ճանաչելու եւ արժէքաւորելու ձգտումը, բանաստեղծական միտքը, գաղափարը, այսինքն՝ ոչ այնքան զգացմունքը, որքան՝ առարկան, դէպի որն ուղղուած է զգացմունքը։ Տարբերութիւնը թէեւ ակնյայտ է (այլ կերպ չէր կա-
րող լինել), բայց պէտք է ասել որ Վեհանոյշ Թեքեանի ստեղծագործական կեանքի անցեալը եւ ներկան բաւական մօտ են միմեանց. «Սաղմոսներ»ի աստուածաշնչեալ եղերերգութիւնը, նրանց ներշնչուած լեզուն եւ ռիթմը դարձել են աւելի
իրապաշտական, աւելի եսակեդրոն, նրա հայեացքն աւելի ուղղուած է դէպի իր կեցութեան հիմքերը, դէպի իր կենսական եւ մշակութային միջավայրը, դէպի պատմութիւնը (պատահական չեն Վահան Տէրեանին, Միսաք Մեծարենցին, Դանիէլ Վարուժանին, Էմիլի Տիքընսընին նուիրուած ձօները)։
«Սաղմոսներ»ը մեր ազգային քերթողական արուեստի կատարեալ օրինակներ կարող են լինել, բոլոր տասներեք սաղմոսները գրուած են հաւասար ոյժով եւ մեծ ներշնչումով։ Ապոկալիպսիսեան տեսիլքներն ու տրամադրութիւնները յաջորդում են մէկը միւսին, ստեղծում աշխարհավերջեան մի ցնցո՛ղ, ողբերգական համանուագ, ուր ամէն ինչ փլւում է, ընկնում, հրդեհւում, անէանում.
Ինչ պիտի խօսի՞նք.
Փայտէ մոլորակներու ներքեւ
Մեռելները ամէն գիշեր նոյն բանը կ՚ընեն.
Լեզուները փաթթած սեփական
շիրիմներուն շուրջ
Կամաց-կամաց կ՚աւրեն
Փորագրուած անունները։
Այդպէս աւելի ապահով կը կարծեն։
Համատիեզերական այս աղէտի մէջ մարդու նշանակութիւնը, նրա կեանքը, նրա գոյութեան ներքին նպատակը կորցնում է իր արժէքները, հասնում անկման եւ կործանման յատակին.
Ոսկի աղջիկներ որոնց մարմինի գինին
կը բխի արիւնի նման,
Որոնք անլի ձուկերու պէս լուռ ու մունջ
կը խարկուին արնաթոր ափերու միջեւ
Եւ դեռ կը սարսռա՜ն աղի լոյսերու ներքեւ։
Քսաներորդ դարի բանաստեղծների եւ մասնաւորապէս աւեր ու կործանում տեսած մի ժողովրդի բանաստեղծի համար այս ամէնը օրգանական է, հասկանալի, եւ արդարացման որեւէ անհրաժեշտութիւն չկայ։
Վեհանոյշ Թեքեանը իր ժողովրդի եւ իր ժամանակի զաւակն է։ Նրա լեզուն եւ բանաստեղծական արուեստը ինքնատիպ են, յագեցած, համարժէք իր ներքին բովանդակութեանը, իր, այսպէս ասած, «ինֆորմացիոն միջուկին», որի գեղարուեստական մարմինը հենց այդ դրամատիկ, պրկուած եւ լարուած լեզուական միջավայրն է, նրա ամբողջական գեղարուեստական կառուցուածքը։ Չկայ հենց այնպէս գրուած որեւէ տող, արտայայտութիւն, ամէն ինչ դրուած է պատկերաւոր եւ արտայայտչական ուժեղ լիցքեր ունեցող փոխաբերութիւն ների մէջ եւ կարիք ունի յատուկ ուսումնասիրութեան: Պէտք է ասել, որ իր արմատներով նա սերտ օրէն կապ ուած է պոլ սահայ բանաստեղծների՝ Դանիէլ Վարուժանի եւ առանձնապէս Սիամանթոյի, յատկապէս վերջինի հետ, որը հայ ժողովրդի մեծ աղէտը դիտում էր կոսմիկական պ լանում, այն համարելով համաշխարհային չարիքի մարմնաւորումը երկրի վրայ, ընտրելով հինաւուրց եւ քրիստոնեայ ազգին, ինչպէս ասուած է՝ «անմեղի արիւնը աւելի քաղցր է եւ աւելի թանկ՝ մահուան շուկայում»։ Վեհանոյշ Թեքեանին բնորոշ է նաեւ մեծ արենցե ան «լոյսի մետաֆիզիկան», որը որոշակի երանգ է հաղորդում նրա ստեղծագործութիւններին։
Վերջում կ՚ուզէի նշել, որ Սփիւռքի (ոչ միայն Սփիւռքի, բայց յատկապէս Սփիւռքի) հետզհետէ նուազող եւ նահանջող, արեւմտահայերէն լեզուով հրատարակուող գրականութեան մէջ Վեհանոյշ Թեքեանի բանաստեղծական այս ժողովածուն ունի առանձնայատուկ արժէք ու նշանակութիւն եւ արժանի է ամենայն ուշադրութեան եւ դրուատանքի։