ՅԱԿՈԲ ՕՇԱԿԱՆ – ՆԻԿՈՂՈՍ ՍԱՐԱՖԵԱՆ ԱՌՆՉՈՒԹԻՒՆՆԵՐԸ

Մի քանի բանաստեղծական ժողովածու հրատարակած, Վէնսէնի անտառը յղացած, իբրեւ մտաւորական վաղուց կայացած, աւագ սերնդի հետ որոշակի վէճեր ունեցած Նիկողոս Սարաֆեանը Յակոբ Օշականի մասին մի գրուածքում ճապոնացի նկարչի պէս, մի կողմ թողնելով ամենայն գեղանկարչական մանրամասնութիւն, նուազագոյն գծերով պատկերում է նրան, ասելով՝ «Ուսուցիչս էր», իսկ մէկ պարբերութիւն անց աւելացնում՝ «Հայր մը»։ Թէեւ գրուած է անցեալ ժամանակով, բայց ուսուցիչն առաւելապէս պատկանում է ներկային ու ապագային եւ մասամբ միայն անցեալին, քանի որ ուսուցիչը գիտակցւում է որպէս այդպիսին լոկ ներկայում քո մէջ յայտնաբերելուց, նրա միջոցով հոգեկերտուածքիդ վերափոխումը նկատելուց յետոյ: Ունենալ ուսուցիչ՝ նշանակում է ընդունել քեզնից վեր ուժի գոյութիւնը, որի օգնութեամբ հասել ես մի տեղ, առանց որի չէիր կարող հասնել: Եւ ինքնայաղթահարման այդ փաստի հանդէպ պատկառանքը մղում է ընդունելու, իւրացնելու նաեւ կենսական այդ դրուագները, երբ ուսուցիչը կար, բայց աշակերտը չէր գիտակցում նրա ուսուցիչ լինելը: Ահա այդ իւրացման ճիգն է խորհրդանշում «հայր» վերադիրը, որն արդէն ժամանակ չի ճանաչում: Հայրը մեզ կապողն է անհունի հետ, նախապապենական կենսունակութեան հետ, որն ապրեցնում է մեզ առանց մեր կամքի: Սակայն դարիվերից եկող այդ յորձանուտում մեր ներկայութիւնը ապահովելը, կայացնելը ենթադրում է յաղթահարել հօրը, ազատուել քո մէջ նրա պարտադրող առկայութիւնից: Եւ այդ յաղթահարումը, ազատագրումը պարզունակ մերժում չէ. չես կարող ինքդ քեզնից ազատուել: Ի վերջոյ այդ ազատագրումը եւս նրանից ժառանգած ուժով ու կամեցողութեամբ է տեղի ունենում: Ուրեմն հօր ուղղակի, ինքնանպատակ մերժման տենչը վերադարձ է հէնց հօրը, շարժում ի շրջանս իւր: Յաղթահարումը ենթադրում է նրա աչքերի մէջ նայելու կամք, խորին պատասխանատուութիւն՝ տէր լինելու նրա՝ ինքզինքը զանցող պատգամներին: Հայրը զաւակին հնարաւորինս կատարելագործուած է պատկերացնում, եւ այդ պատկերի գոյաբանացումն է, որ պատասխանատուութիւն ու յաղթահարում է միաժամանակ: Որդիները պատասխանատու են իրենց հայրերի համար, եւ դա է ինքնայաղթահարման ուղին:
Սարաֆեանը երիտասարդ տարիքում (1926 թ.) Օշականին հասցէագրած նամակներից մէկում յիշում է, թէ «Ուրիշներ նաւ ու կամուրջներ կը հրամցնէին ինծի։ Դուն կռնակիս զարկիր եւ ծովը նետեցիր զիս», իսկ քսան տարի անց հրապարակուող մի գրուածքում ընդհանրացնում է նրա այդ յատկութիւնը. «Իր գործելու ձեւն էր, քառորդ դար առաջ, հրել, նետել տղաքը ջուրը, որպէսզի անոնք լողալ սորվին իրենց անձնական միջոցներով»։ Փորձառու ուսուցիչը, հայրն է հրողը, եւ այդ արարքի արդարացման կարիք կայ: Հրումն անկիւնադարձային է, կեանքը վերափոխող, ուստի հրողի հետ առերեսման պարտականութիւն կայ։ Այս դիրքերից է Սարաֆեանը Օշականին գրում մի նամակում. «Դուն իմ մէջս ես քիչ մը»։ Ներսում տեղաւորման, իւրացման, հանդարտացման խնդիր է առաջանում, որպէսզի ազատագրում լինի այդ ուրիշից։ Երիտասարդ, պոռթկուն Նիկոլը կազինոյում գարեջրով սփոփում է իր տագնապահար հոգին եւ պատմում արկածախնդրութիւնների ծարաւի, օրէցօր վայրի հաճոյքներին տրուելու մոլուցքի մասին. բայց, փաստօրէն, ամենաթմբիրային այդ պահին նա փարիզեան եռուն կեանքի մի անկիւնում գրում է իր ուսուցչին… ազատուելու համա՞ր նրանից։ «Բժիշկի մը պէտք է հիւանդը ըսէ ունեցածը։ Քեզի սիրելի Օշական – ես պէտք է մէջտեղէս կիսուիմ», – գրում է Սարաֆեանը՝ յաւելելով, որ դա շարունակական է լինելու: Հիւանդը պիտի այնքան պատմի իր մտահոգութիւնները, որ կարողանայ ինքնուրոյն նայել դրանց, եւ այդպէս պիտի այնքան կայանայ, որ ի զօրու լինի կատարել ուսուցիչ-բժշկի առաջադրանքները, իսկ առաւել երիտասարդ տարիքում (1923 թ.) նա արդէն ստացել էր ամենապարզ եւ դրանով իսկ բարդագոյն պատգամը. «Ապրիլ սորվէ։ Մնացեալը ինքնին կու գայ»։
Սարաֆեանի՝ Օշականից ժառանգածը նախ եւ առաջ կեանքի յորձանուտում լողալ սովորելն է, չլճանալը, կենսական կասկածը մշտարթուն պահելը, գրականութիւնը եւ մշակոյթն ընդհանրապէս հասարակական ու ժամանակային ամբողջի մէջ դիտարկելը: Փայտավաճառութեան եւ մսավաճառութեան ընթացքում ազատ ժամերին գրքեր ընթերցող Օշականը գրականութիւնը տարածում է վաղնջական ժամանակներից մինչեւ 21-րդ դար, բացում դրա փոշոտ ծալքերը, խօսեցնում, չարչարում, մեծարում, ծաղրում՝ քամելու համար դրանում ամբարուած ապրելիք կեանքի կաթիլները: Ոճաւորուած, մարմարապատ տողերը ոչինչ են, եթէ կեանքի ըմբռնումից չեն գալիս: Իսկ Օշականը նորից ու նորից յիշեցնում էր Նիկողոսին դիմացկունութեան ու պայքարի մասին. «Ես կ’ուզէի մէջդ տեսնալ կորովի երիտասարդը որ կեանքին եղջիւրէն կը բռնէ եւ անոր ճիշտ ճակատին կը նայի։ Նամակդ վախկոտ հովիւի մը հոգին բերաւ»։ Միայն այս արարքից յետոյ իմաստ ունի բանաստեղծական տիրոյթին ձեռք գցելը, միայն կեանքից ներբերուած տողը կշիռ ունի։ «Յաջորդ նամակդ պէտք է աւելի երիտասարդ ըլլայ, կրնաս ոտանաւոր ալ գրել, բայց առանց գիւտի, առանց խոր զգայնութեան մի փորձեր։ Թէքէեան ներողամիտ է. ան իր խորհելու եղանակը ունի հոդ։ Ես ուրիշ կերպ կը մտածեմ ու ես ալ ունիմ իմ իրաւունքս», – գրում-յորդորում է Օշականը։ Սարաֆեանը, որ վարժարանում Թէքէեանի հատորներով ուսանել էր մանրամասնօրէն հոգ տանել ամէն տողի մասին, հիմա կեանքում թաւալգլոր գալու, վերապրել սովորելու հրամայականներ է լսում: Նրա գիտակցութեան մէջ երբեմն հակամարտում են այդ երկու մեծ բարեկամները՝ պահպանողական, բարեկիրթ, կոկիկ ու վարանոտ Թէքէեանը եւ գիւղացի, բնապաշտ, «խենթ ու դերւիշ» Օշականը։ Եւ երբ հասուն տարիքում մի յօդուածում յիշելով համեմատում է նրանց, ուղղակիօրէն գրում է. «Ու մտաւորականը, երկուքէն՝ Օշականն է անկասկած»։ Միջավայրից մշտապէս դժգոհ, աջ ու ձախ բոլորին հրող Օշականն է մտաւորականը, քանի որ նա չի թողնում մշակութային հողը չորանայ, վարում է անդուլ կերպով: Չկայ կանգառ, չկայ վերջ: Օշականն ինքն իրեն վկայելով՝ առաջադրում է մտաւորական լինելու կերպը. «Օշական չի հաւատար տաղանդին, որ միջոցներէն մէկն է աշխատանքին, զայն դիւրացնող մը, բայց երբեք՝ զայն փոխանորդող մը։ «Ի սկզբանէ էր աշխատանքը», ահա՛ Օշականին օրակարգը»։ Շուրջ յիսուն հատոր աշխատասիրել՝ նուաճելու համար անձնային ու հանրային կենսական տարածքներ, այն դէպքում, երբ «Գրելը տաժանք մըն էր այս մարդուն համար, որ թուղթին վրայ րոպէ մը չէ կեցուցած վազքը իր գրիչին»։ Օշականը փառասիրութիւնից ու հիւանդութիւնից անդին գրելու խորհրդանիշն է, նրա գրիչը գոյութեան խորքերում փորագրելու մղում ունի: Գրելը իբրեւ լինելու եւ լինելը հնարաւոր դարձնելու կերպ: Գրելը՝ ոչ միայն մտաւոր, այլեւ ֆիզիկական արարք. «Մատները կը ցաւին։ Ցաւը կ’անցնի ուսին։ Ձախ ձեռքով Օշական կը վերցնէ աջը մինչեւ աշխատանքի սեղանը ու կը գրէ, կը գրէ, կը գրէ»։ Սա է պատճառն ու հիմքը, որ Օշականը չէր հանդուրժում կրտսեր սերնդի նվնվոցները եւ կոչ էր անում վիպումով ու բանաստեղծումով շարունակաբար նուաճել նորանոր տիրոյթներ: Հայոց անցեալը, ներկան, գիւղը, քաղաքը անէանում, սպրդում էին, ուստի դրանք լեզւում պահելու խնդիր կար: Օշականի վէպերը հէնց այդօրինակ միտուածութիւն ունէին. Ծակ-պտուկը, որ կրում էր նրա համար «կիսաստուած», «ռուս եւ թերեւս աշխարհի մեծագոյն վիպասան» Դոստոեւսկու ազդեցութիւնը, հայերի ապրած կեանքն է դրոշմում, իսկ պրուստեան ճարտարապետութիւն ունեցող անաւարտ մնացած Մնացորդացը չապրած կեանքի պատկերման նպատակ էր հետապնդում։ Եւ չափանիշը ճակատագրական հարցն է. «Պիտի սիրէ՞ր «Մնացորդաց»ը Մարսէլ Փրուստ»։ Գրականութիւնը, ինչպէս նաեւ դրա ներկայացրած տագնապները իրական չեն, կշիռ չունեն, եթէ սահմանափակուած են սոսկ տեղային չափումներով: Եթէ թարգմանութեամբ հայ տագնապները չեն դառնում մարդկային, ուրեմն դրանք տագնապներ չեն ամենեւին: Օշականն այդ ընդգրկուն դաշտի մշակողն է, որի դիրքերից հարթեցուելու էին համաշխարհային չափանիշներին չբաւարարող երկերը: Արեւմտեան նշանաւոր վիպասաններին ներգրաւելով, հայ մշակոյթում առաջին անգամ Ֆրոյդին դիմագրաւելով՝ նա հայի ներաշխարհը պատկերում է իր լուսաւոր եւ նաեւ մթին բոլոր կողմերով՝ բաց չթողնելով հայ-թուրքական յարաբերութիւնները, կամ աւելի ճշգրիտ՝ թուրքին՝ իբրեւ հայի հոգեկանում առկայ իրողութիւն: Թուրքի՝ իբրեւ ուրիշի պատկերումն է, որ հնարաւորութիւն պիտի տայ ազատագրուել նրա իշխանութիւնից. եւ որքան նրա կերպարը համակողմանի ու թանձրացական, այնքան նրանից ազատուելու զօրութիւնը մեծ։ Հաճի Ապտուլլահ, Հարիւր մէկ տարուան վէպերը հէնց այդպիսի նպատակ են ունեցել: Եւ պէտք չէ զարմանալ այդ վէպերում թուրքի համոզիչ կերպարների յանգամանքով, քանի որ «Հայ-թուրք հարցը միայն արեան հարց մը չէ, այլեւ՝ իմացականութեան»։ Դրոյթ, որ հետագայում սփիւռքահայ գրողներն էին ձգտում հիմնաւորել ու շրջանառել, ըստ իրենց՝ ի հակադրութիւն արեւմտահայ աւագ սերնդի: Սակայն Օշականի չափանիշն այնքան բարձր է (նաեւ այս հարցում), որ հազիւ թէ հնարաւոր լինի յաղթահարել, գերազանցել նրան: Եւ պատահական չէ, որ արմատացել ու շրջանառւում էր միտքը, թէ թուրքերն իրենք իրենց ճանաչելու ու հասկանալու համար պարտաւոր են Օշական թարգմանել։
Թարգմանելու այդ անհրաժեշտութիւնը վերաբերում է ոչ միայն թուրքերին: Սփիւռքահայութիւնը, ինչպէս նաեւ ընդհանրապէս հայութիւնը, եւս խնդիր ունէր, եւ դեռ ունի, իրենց լեզուով ու միջավայրով թարգմանելու Օշականին՝ իմաստաւորելու համար հաւաքական կեանքը եւ ազատուելու նրա ստուերից: Այդ հեռանկարն ունենալով է, որ ֆրանսահայ մտաւորականները կամենում էին երկխօսել Օշականի հետ, քննադատել նրան, արձագանգել նրա դիտարկումներին, բայց դա գրեթէ չէր յաջողւում, քանի որ անհասանելի էր մնում իր հասցէին ուղղուած գրութիւնները չընթերցող, մշակոյթում եւ մասնաւորապէս գրականութեան մէջ վէճին չհաւատացող Օշականը: Նա այդ սերնդին ուղղել էր արդէն իր կոչ-առաջադրանքը. «Անցէ՛ք մեզմէ անդին», եթէ չէք հաւանում, բայց եւ յաւելել էր՝ «Մի՛ հաւնիք ինքզինքիդ»։ Ի դէպ, սա ընդհանրացումն է այն բանի, ինչը շուրջ քառորդ դար առաջ (1923 թ.) նամակում գրել էր իր սանին՝ սիրելի Նիկոլին. «Ինծի չես կրնար վէրք բանալ քանի որ ես անխոցելի եղած եմ մարդերու բոլոր զէնքերուն դէմ։ Ու կը փափաքիմ որ դուն ալ մկրտուիս այդ ջուրէն ուրկէ կը վազէ ներքին համբերութիւնը, այսինքն հպարտութիւններուն ամենէն անպարագրելին։ Ոչ ոքի հաւնիլ, սկսելով ինքզինքէն, բայց չըսել մէկուն՝ արհամարհանքդ, բայց մանաւանդ խնայել եսիդ նուաստութեան ամօթը»։ Ոչ մի տեղ չկռթնող, ոչինչ ապաւէն չհամարող, ամէնը քննադատող եւ համապատկերներ առաջադրող Օշականից այն կողմ անցնելը, անշուշտ, դժուար է, եթէ ոչ անհնար: Ահա թէ ինչու են ըմբոստութեամբ աչքի ընկնող երիտասարդ տարագիր գրողները մի կողմից՝ ջանում դուրս գալ նրա գցած ստուերից, բայց միւս կողմից՝ հասկանում ու ընդունում են նրա ամենակալութիւնը: Դժուար է տարագրի համար չփոխառել ամէն ինչին դիմակայող պատրաստի աշխարհայեացքն ու կենսադիրքորոշումը. «Օշական սորվեցուցած է նաեւ մեզի, մենք, որ վարպետ չենք ճանչնար, կատաղութեամբ ու առանց ընկրկումի կռուիլ յանուն գեղեցիկին, տապալել սուտ աստուածները ու հայհոյել կաւատներուն»։ Վազգէն Շուշանեանի այս խոստովանութիւնը տարիներ անց երկրորդում է նաեւ Սարաֆեանը՝ նշելով իրենց ուսուցչի՝ կուռքեր տապալելու յատուկ ջիղը. «Իրեն կը պարտինք մեր կեղծ կուռքերուն տապալումը եւ մեր գրական հորիզոններուն ընդարձակումը»։ Այսօրինակ հիացումը տաղանդաւոր գրագէտների մօտ անպայման առաջ էր բերելու բողոքի ու ընդվզման զգացողութիւն, քանի որ տաղանդը, որ պիտի դրսեւորուէր անհրաժեշտաբար, արտայայտւում էր օշականեան ու ընդհանրապէս արեւմտահայ մշակոյթի ծիրում եւ կրկնում դա: Տաղանդաւոր դատողական վերլուծումը բաւարար չէր դրա ազդեցութիւնից դուրս գալու համար, որովհետեւ նրանց ապրած կեանքն ու ներկայացրած մշակոյթը սոսկ դատողական չէր, այլ դժոխքի սահմաններն էր հատել: Դժոխքի իրողութիւնը տարագիր սերնդի աչքին կեանքի արդարացման հիմք էր երեւում, որից զրկուած էին իրենք: Նրանք յայտնուել էին անօդ տարածութեան մէջ, որտեղից ելքերը նրանց դուրս էին հանում ամէն տեղ, բացի իրենց պարտադրուած միջավայրից: Ջղայնութիւնն ու յոռետեսութիւնն էին նրանց հիմնական ուղեկիցը: Եւ այդ ամէնը գիտակցելով էր տակաւին երիտասարդ Սարաֆեանը գրում ուսուցչին. «Ներողամիտ եղէք դուք փրկուածներդ մեր քայքայուած սերունդին»։
Օշականի ու ընդհանրապէս նրա սերնդի եւ ֆրանսահայերի թէ՛ անձնական, թէ՛ մտաւորական վէճերի հիմքում միջավայրի կարօտախտով պարուրուած բնազդային զգայնութիւնն է. սփիւռքի աչքին փրկուածութիւնը, վերապրումը կեանքի արդարացման գրաւական էր, վերապրողների համար տարագիր սերնդի տրտունջն իրենց անարժէք կեանքից սին էր, որովհետեւ իրենք տարագիր էին հէնց իրենց երկրում։ Փոխադարձ չհասկացումը առիթ է տուել Օշականին քանիցս քամահրական ձեւով խօսել կրտսեր սերնդի մասին՝ օգտագործելով անգամ «Սփիւռքի նսեմաստան» արտայայտութիւնը։ Սփիւռքի ձեւաւորման առաջին տարիներին առաւել խիստ էր Ուսուցիչը եւ ինքնատիպութեան նշոյլ իսկ չէր նկատում Փարիզի տղաների ստեղծագործութիւններում: Ի հարկէ, դա նաեւ հոգեբանական բացատրութիւն ունէր, քանի որ վերջիններս տմարդի կերպով յանդգնել էին Արեւմտեան Հայաստանի յուշարձանը՝ Մնացորդացը, թրիք անուանել։ Նրանց հասունացմանը, իրաւ գործերի հրապարակմանը զուգահեռ Օշականը սկսում է աւելի մանրամասնօրէն վերլուծել, քննել ֆրանսիական սփիւռքը՝ բանաստեղծութիւնը կապելով Սարաֆեանի անուան հետ, իսկ միջավայրը, ի պատիւ նրա, երբեմն անուանելով «անջրպետներ գրաւել ձգտող սերունդ»։ Իբրեւ Անդրանիկ Ծառուկեանի Թուղթ առ Երեւան գրքի յառաջաբան գրուած ծանրակշիռ աշխատութեան մէջ Օշականը դարձեալ անդրադառնում է սփիւռքի թէ՛ բանաստեղծութեանը, թէ՛ վէպին եւ երկուսի առնչութեամբ էլ յիշատակում է Սարաֆեանին ոչ այնքան դրուատական երանգներով։ Ծառուկեանի երկն իբրեւ նմուշ հակադրում է, իր բառերով ասած, Կոստան Զարեանի՝ իր ժողովրդին չպատկանող ոտանաւորներին, եւ Սարաֆեանի Տեղատուութիւն եւ մակընթացութիւն հատորին. «Կը հրաւիրուիք կարդալ այդ չոր ու չար, արջասպի պէս կծու ու դաժան տաղերը որպէսզի զգաք Փարիզի ժահրը»։ Սփիւռքի վէպի հետ կապուած՝ Օշականը փոքր-ինչ բացառութիւն է անում եւ բարձր է գնահատում Շահնուրի աշխատանքները, իսկ Սարաֆեանի, ինչպէս նաեւ Զարոյեանի վէպերը անմասն չեն մնում դառը քննադատութիւնից՝ արժանանալով «դիակ» բնութագրին։ Ի դէպ, նոյն այդ գրքի Սարաֆեանի օրինակում լուսանցքներից մէկի վրայ կայ աշակերտի՝ ուսուցչին ուղղուած մի գրառում. «միամիտ Օշական, չես ճանչցած Սփիւռքի հոգին»։ Օշականի եւ սփիւռքի, մասնաւորապէս՝ Նիկողոս Սարաֆեանի կապն այսպիսին է եղել՝ ուսուցչի եւ աշակերտի իսկական յարաբերութիւն, երբ կան ցուցումներ, յանդիմանութիւններ, յաւակնութիւններ, ժպիտներ, փոխադարձ քննադատութիւններ, հիացումներ, լուտանքներ, բայց երբեք ոչ արհամարհական վերաբերմունք: Բաւական լարուած շրջանում է Սարաֆեանը գրել սկզբում յիշատակուած իր յօդուածը՝ համարելով, որ «մեղք մըն է երբ չ’ողջունուիր ան՝ որ գործած է նոյնպէս մեղքը չ’ողջունելու իր ճաշակէն ու ըմբռնումներէն դուրս գտնուած արժէքները, մեղք մը մանաւանդ՝ երբ վտանգի տակ է ցեղին մէկ մասն ու անոր հոգեկան հարստութիւնը»։
Աշակերտները յաւակնում են ընդգծել իրենց աճը, իրենց տարբերութիւնը ուսուցչից, վերջինս շարունակ բաւարար չի համարում աշակերտների՝ աւագ սերնդի ջանքերի ըմբռնումն ու գիտակցումը: Այս հակասութիւնն արժեցաւ Օշականի եւ Սարաֆեանի ու փարիզաբնակ այլ գրողների միջեւ շուրջ քսանամեայ բանաւոր ու գրաւոր լռութիւն: Ոչ մի կողմը միւսին չվերլուծեց արժանւոյնս: Աշակերտները թերեւս չգտան իրենց մէջ ժայռը չափելու խիզախութիւնը, իսկ ուսուցիչը արժանի չհամարե՞ց: Յամենայն դէպս, Համապատկերի յղացման ժամանակ նախատեսել էր գրել նաեւ «Նորագոյն կամ Սփիւռքի գրականութիւնը» եւ յիշատակել անուններ՝ Համաստեղ, Կոստան Զարեան, Շահնուր, Հրաչ Զարդարեան, Նարդունի, Փայլակ Միքայէլեան… Սարաֆեանի անունը չկար։ Դժուար է ասել՝ ինչու չկար, բայց վաղուց Օշականը նամակներում հաւատացնում էր Սարաֆեանին, որ, անկախ իր յանդիմանութիւններից, «քու մէջդ լաւ բան տեսնող եթէ կայ, ամէնէն առաջինը ես եմ»։ Պարզապէս գրականութեան տիրոյթում Օշականն անկոտրում էր, կարդացուելու արժանի լինելը բաւարար չափանիշ չէր գեղարուեստում յայտնուելու համար, անհրաժեշտ էր խռովել, նեղել, նուաճել նորանոր հորիզոններ: Հիւանդութեան պատճառով օրական մէկ ժամ էր արտօնուած գրել, բայց «ծանր դառնութեան մէջ մահուանն սպասող» Օշականն իր երկար նամակում (1946 թ.) բառ առ բառ վերլուծում է Սարաֆեանի՝ այդ ժամանակ լոյս տեսած Միջնաբերդ հատորի «Երկունքի պահեր» բանաստեղծութիւնը՝ մատնանշելով խնամելու հատուածները, իսկ Սասունցի Դաւթի մշակումը ուղղակիօրէն համարում է ձախողանք։ Սակայն մօտ մէկ ամիս անց մէկ այլ նամակում ուսուցչի ու հօր բարեհոգութեամբ գրում է, թէ «Միջնաբերդը սիրեցի ոչ իր թեքնիքին, ոչ իր նորութեան, ոչ ալ իր անկատարութեանց համար, այլ վասնզի սպաննած էիր հռետորութիւնը»։ Այդ ընթացքում Սարաֆեանը գրել է պատասխան նամակներ, որոնք չեն պահպանուել կամ չեն յայտնաբերուել, բայց դա նկատելի է, քանի որ Օշականը կէտ առ կէտ արձագանքում է դրանց աւելի ուշ գրուած նամակում։ Ընդ որում, կռահելի է Սարաֆեանի բուռն հակադարձումը դիտողութիւններին, որովհետեւ Օշականը «փորձանք» է որակում դա եւ է՛լ աւելի սուր է քննադատում սարաֆեանական արտադրանքը՝ ամէն դէպքում ցանկութիւն յայտնելով պահել նամակագրական կապը, քանի որ Սարաֆեանի նամակները նրա լաւագոյն արձակներն են։ Արդէն գրական տարածքներ նուաճած Սարաֆեանը չի բաւարարւում լոկ մասնաւոր նամակներով, այլեւ հրապարակային յօդուածում, որ կսկծալի ու ջղային վերնագիր ունի՝ «Մեր գրականութեան թշնամիները», անդրադառնում է Օշականին՝ նրան անուանելով միակողմանի՝ թէ՛ դատողութեան, թէ՛ հայրենասիրութեան մէջ։ Նա նոյն հարթութեան վրայ է դնում Սփիւռքի հանդէպ սովետական Երեւանի եւ Օշականի կողմից առկայ հալածանքերն ու ուրացումները եւ բացայայտօրէն գրում, թէ «Օշական եւ այլասերած մարքսիզմ կը միանան այսօր կէտի մը վրայ որ կը կոչուի հայրենասիրական գրականութիւն, թէեւ կը տարբերին անոնք իրարմէ բազմաթիւ եւ հիմնական ըմբռնումներով»։
Հայրերի եւ որդիների այս անհաշտ պայքարը վկայում է երկու կողմերի կենդանութիւնն ու առոյգութիւնը, լինելու իրաւունքը շարունակաբար նուաճելու կամքը: Սարաֆեանի՝ կուռքեր չընդունելու, կասկածն ու հեգնանքը պահպանելու, անգամ ուսուցիչներին անվերապահօրէն չընդունելու յատկութիւնը ուսուցչի գլխաւոր պատգամն իրագործած լինելու լաւագոյն ցուցիչն է։
Յարաբերութիւնների հազար ու մի ելեւէջումներից յետոյ Օշականի վերջին գիշերը խորհրդանշականօրէն կապուած է Նիկողոս Սարաֆեանի հետ… Արեւելքի խմբագրատանը հանդիպել եւ հայ մշակոյթի մասին զրուցում էին Յակոբ Օշականը, Շաւարշ Միսաքեանը եւ Անդրանիկ Ծառուկեանը։ Վերջինս բողոքում էր Օշականից, թէ նա չի կարդում նորերին, բայց շարունակում է մերժողական կեցուածք ընդունել, եւ վկայակոչում էր Սարաֆեանի Վէնսէնի անտառը։ Օշականը յաջողուածք էր համարում այդ երկը, բայց յայտարարում, թե «մէկ ծաղիկով գարուն չի գար»։ Ծառուկեանը վստահ լինելով, որ գարունն արդէն եկել է՝ պնդում է, որ Օշականը կարդա Հայրենիք ամսագրում լոյս տեսած վերջին ստեղծագործութիւններից մէկը՝ «Մուսթաֆա»ն։ Առաջին կեսն ընթերցելուց յետոյ Օշականը դիմում է Ծառուկեանին. «Այո՛, իրաւունք ունիս, Նիկողոսը եղեր է…»։ Որոշում է յաջորդ օրը հրապարակաւ խօսել այդ գրութեան մասին, բայց, աւաղ, յաջորդ օրը չէր բացուելու Օշականի համար։ Մի քանի օր յետոյ, երբ Ծառուկեանը Սարաֆեանին նամակով տեղեկացնում է այդ լուրը, գրում է. «Օշականի մահուան առիթով գրեցի քեզի, որովհետեւ, միակ անձը որուն պէտք էր գրել այդ առիթով, դուն էիր»։

նախորդ
ՄԱՀՀԱՄ
յաջորդ