ՅԱԿՈԲ ՄՆՁՈՒՐՈՒ «ԱՒԵՏԻՍ» ՊԱՏՄՈՒԱԾՔԸ

Սփիւռքահայ գրականութեան մեծե­րից մէկը՝ Յակոբ Մնձուրին (տոհ­մական ազգանունով՝ Տեմիրճեան), ծնուել է 1886 թ. Երզնկա գաւառի Արմտան գիւղում: 1897ին պատանի Յակո­բը մեկնել է Կ. Պոլիս՝ ուսանելու եւ փռում աշխատող իր հօրն ու երկու պապերին օգնելու: Ծրագրել էր համապատասխան կր­թութիւն ստանալուց յետոյ վերադառնալ գիւղ, ապրել գիւղացու կեանքով, ինչպէս միւս համագիւղացիները վարանել, խոտ հնձել, իսկ ձմեռներն աշխատել որպէս ու­սուցիչ: Բայց զարգացող դէպքերն այլ ըն­թացք ունեցան: 1915ին աւերուեց նրա հայրենի գիւղը, անդարձ տարագրուեցին ու անճիտուեցին 88ամեայ պապը, 55ամեայ մայրը, կինը, չորս երեխաները: Պատահա­կանութեան շնորհիւ փրկուած Մնձուրին, ո­րի վերաբերեալ նա գրում է. «Իմ չմեռնիլս… 25 վայրկեանի մը, միմիայն 25 վայրկեանի ուշացումի մը կը պարտիմ… նաւը ճամբայ ելեր էր»1, ստիպուած եղաւ իր ողջ կեանքն ապրել Ստամբուլ ասուած քաղաքում եւ այդուհետ գրեց ու պատմեց իր հենց այդ կոր­սուած հայրենի եզերքի ու նրա մարդկանց մասին:

Ի տարբերութիւն սփիւռքահայ մի շարք հեղինակների՝ Վ. Շուշանեանի, Բ. Նուրիկեանի եւ այլոց, ովքեր հայոց մեծ կորուստը ջանացին փոխարինել հոգեւոր հայրենիքի գաղափարով, Մնձուրին այլ ելակէտով մօ­տեցաւ խնդրին՝ որպէս գոյ, որպէս անանց իրականութիւն, որպէս ապրող եզերք վերստեղծելով եւ շարունակելի դարձնելով այդ երկիրն ու նրա մարդկանց ֆիզիկա­կան կեանքը: Եւ նրանք շարունակեցին ապրել՝ դառնալով Կապոյտ լոյսի Ցորնի­կին Գիրգոր, Նուռ մամ կամ Շիրին, «Արմտան»ի Վերի գեղի տէր-Պօ ղոս, Շէխ-կնիկ կամ Կոստան, «Կռունկ ուստի՞ կու գաս»ի Տիւկէ մամ, Վահան Սլոյեան կամ Ոսկե­հան քեռի, նաեւ հենց ինքը՝ Մնձուրին՝ իր Տեղեր ուր ես եղեր եմ յուշ-կենսագրակա­նով եւ հարիւրաւոր այլ պատմուածքներով: Մի գրականութիւն, որ լեցուն է գըրողի բառով՝ «հայրենաբաղձիկ» յոյզերով եւ հեռուներից լսուող կանչ-արձագանգնե­րով: Մնձուրու այդ գրականութեան մէջ կեանքը հեւում է, դուրս ժայթքում բոլոր անկիւններից: Եւ, եթէ կ’ուզէք, այդ ոչ թէ Մնձուրին է գրում նրանց մասին, այլ այդ մարդիկ ու գիւղն են հիւսում Մնձուրու պատմութիւնը:

Պատմուածքներից զատ՝ Մնձուրին գրել է նաեւ տարբեր գրքերի, գրողների եւ հենց իր գրականութեանը վերաբերող վերլուծութիւններ ու գնահատումներ, գրականագիտական յօդուածներ, նամակ­ներ, պատկերներ, որոնց «Ժամանակագրութիւն» անուանումն է տուել, ինչպէս եւ

հարցազրոյցներ ունեցել, հրատարակել «այլեւայլ» գրութիւններ, որոնց մի մասն այսօր էլ շարունակում է մնալ թերթերի ու հանդէսների էջերում: Այդ ամէնի խթանը իր ժողովրդին պատուհասած դառը ճա­կատագիրն էր, հայրենի երկրի նկատ­մամբ ունեցած մորմոքը, սիրոյ ու կարօտի այն անանց զգացումը, որ յար անբաժան մնաց նրանից: Այդ երկրի ու այդ մարդկանց կեանքի անբաժանելի մասն էր պանդխտութիւնը, որը յաճախ շարունակւում էր տղամարդ­կանց համար ողջ կեանքի ընթացքում՝ նրանց կանանց ստիպելով այրիի կեան­քով ապրել, կատարել տան ու դաշտի ծանր աշխատանքները: Պատահական չէ, որ հայկական գաւառներում Մնձուրու խօսքով ասած՝ «ամենէն կանչուած երգեր»ում կային նաեւ այսպիսի տողեր. «Աս տարի ալ պիտի չգամ, // Թող ճամբուս չնային»2: Հայ կեանքի չարիքներից մէկի՝ պանդխ­տութեան վերաբերեալ Մնձուրին գրել է տարբեր տարիների (այդ մասին նա շատ է խօսում մանաւանդ Տեղեր ուր ես եղեր եմ գրքում), սակայն գրողի այդ թեմայով գրուած առաջին գործը եղաւ 1920 թ. Կ. Պոլսի Ոստան հանդէսում տպագրած «Աւետիս»3 պատմուածքը, որը նրա լաւա­գոյն գործերից մէկն է՝ գրուած գեղարուեստական բարձր վարպետութեամբ: Ընդամէնը մի քանի էջից բաղկացած այս պատմուածքը հոգեբանական յուզիչ մի պատկեր-պատմութիւն է եւ այնքան կլա­նիչ, որ նրա մասին խօսելիս հնարաւոր չէ շատ հեռանալ հեղինակային պատումի մանրամասներից: Պատմուածքում Մնձու­րին մարդկային թաքնաթաքուն ապրում­ների հարուստ ու ամբողջական աշխարհ է ներկայացնում, հայ կնոջ ու հայ ընտա­նիքի ճակատագրի որքան ընդհանրացուած, այնքան էլ առանձնայատուկ մի ի­րողութիւն։

Առհասարակ մնձուրիական գրակա­նութիւնն իր գերակշիռ մասով, այսպէս ա­սած նկարչական է, որտեղ մեծ տեղ են գրաւում արմտանեան կեանքին ու կենցա­ղին բնորոշ իրադարձութիւններ, գիւղա­կան առօրեայի մանրամասներ, բնաշխարհային գեղեցկութիւններ, մարդկային ճակատագրի, մտածումների եւ զգացողու­թիւնների գողտրիկ դրսեւորումներ։ Մն­ձուրին իր պատումի ընթացքը յաճախ է կառուցում հերոսների փոփոխական հո­գեվիճակների ու հոգեբանական ապրում­ների վրայ։ Այս առումով էլ «Աւետիս» պատմուածքը ամբողջովին ընթանում է հերոսուհու` Սաթենիկի ներաշխարհում տեղի ունեցող յոյզերի, զգացողութիւննե­րի ու թաքուն մտածումների հենքով:

Պատմուածքը վեր է հանում պանդխտութեան հետ կապուած հարցեր, եւ կա­րելի է ասել, որ գրողի կողմից յետագայում գրուած «Սիլա» պատմուածքումներ ­կայացուող իրադարձութիւնների խրովի նախապատմութիւնն է ներկայացնում։

«Աւետիսում» Մնձուրին գրում է « թիկունքի», այսինքն՝ գիւղում մնացածների մասին, ի մասնաւորի՝ երկու երեխայ եւ սկեսուր ունեցող մի կնոջ մասին, որի ա­մուսինը գտնւում է այդ նոյն Ստամբուլ ասուածում4։

Գիւղական ամենօրեայ ծանր աշխատանքը ­

բարդուած է Սաթենիկի վրայ, ո­րին աւելանում են երկու փոքրիկ երեխաների ու ծեր սկեսրոջ խնամքն ու հոգսը. «Այդ օրը այգիները պիտի երթար նորէն։ Այգիները փորելու ատեն էր»

Թէեւ վաղ առաւօտ է, սակայն Սաթե­նիկն արդէն «թերացել» է, ուշացել: Սկե­սուրը վառել է օջախը, եկեղեցի գնացել, իսկ ինքը. «Վա՜յ գլխուս, … ես պառկեր, քնացեր եմ»: Սաթենիկն արագ հագնւում է, խաչակնքում, «Հայր մեր»ը ասում, ոչ­խարներն ու այծերը տանում հովուին յանձնում, խոտ ու յարդ լցնում մսուրի մէջ: Մեծ պահքն էր. հացի հետ աղ դրած սամիթ է ուտում, հագնում կանացի տրեխնե­րը, մէջքին կապում ճաշի կապոցը. «Հիմա կազմ ու բոլորովին պատրաստ եղաւ: Փէ­շերը եւ գօտին ժողված, գոյնզգոյն գուլպա­ներով, … բահն ու փետատը շալկած աշխատանքի գացող հարս մը դարձաւ»6 (ընդգծումը-Ա.Ա.): Նա արթնացնում է իր ե­րեխաներից մեծին. «…տանը, դրանը նայէ, …. ղուրպընա՜կ ըլլամ, հարսնի՜կը մատաղ»: Դուռը ծածկում, ճամբայ է ընկնում դէպի ի­րենց այգին՝ նախորդ օրուայ կիսատ թո­ղած գործը շարունակելու:

Այգիները տարածուած են աղմկոտ գետի երկու ափերին։ Ամէնուր այգեւորներ են աշխատում։ Պատկերը հրապուրիչ է՝ ծաղկած նշենիներ, որ ինչպէս գրում է Մնձուրին. «նուրբ ու անոյշ վարդագոյն ծաղիկներով քօղքուեր էր», պատի տակ աճած ծնեբեկներ, առուի եզերքին բուսած բամբուսիկներ, հողի մէջ իջնող ու բարձ­րացող եւ արեւի շողերից փայլատակող փետատներ (բրիչներ), քրտինքի կալյակ­ներ… Սաթենիկն աշխատում է արագ-արագ՝ լի եռանդով: «Թռչնիկ մը յանկարծ, բոլորովին դեղին փետուրներով եկաւ, իր խիստ փոքրիկ կտուցը Սաթենիկին ուղղե­լով այգիին պատին վրայէն քանի մը ան­գամ ճռուողեց, աս լսեց, ու թռչնիկը թռաւ»7։ Նոյն պահին Արմտանի «կարօտ­ների հը-րեշտակը», այգիների պահապանի` Մեսրոպ աղբօր տեսք առած, ձեռքին բիր, արեւաճաճանչ «հսկայ քարի մը գա­գաթից» ձայն է տալիս. «Հարսնե՜ր… աչ­քերնիդ լո՜յս… հարսներ…

— Ըստընպոլւո՛ր է եկեր, Ը՜ս-տը՜ն-պո՜լ-ւոր…»։

Գիւղի, հարազատների, ծնողների, երեխաների եւ մանաւանդ երիտասարդ կանանց (Մնձուրու բառով` հարսների) հա­մար կարօտների, սպասման ու երջանկու­թեան այդ աւետիսը այն փայփայուած ու տենչալի լուրն է, որ ամէնքի սիրտն է «թա­ռուվառ» անում։ Եւ քանի որ այդ աշխարհում, ինչպէս Համաստեղն է վկայում. «Զարմանալի մտերմութիւն մը կար սուր­բերու, աստղերու եւ գիւղացիներու մի­ջեւ»8,— դաշտ ու այգում աշխատողները հարցնում են. «Ո՞վ են, ո՞վ…»։

Տրուած անունների թւում է եւ Խանու­մենց Վահանը` Սաթենիկի նշանածը9։

«Սաթենիկի սիրտը բան մը եղաւ։ …Տաքութիւն մը պտտեց մարմինին մէջ, փե­տատը ինկաւ ձեռքէն…»։

Սաթենիկը վերսկսում է աշխատանքը, բայց նախկին ոգեւորութիւնը չկայ, ուժերը պակասում են, ականջներում տրուած աւետիսն է՝  

«հարսնե՜ր»։ Ե՞րբ պիտի իրիկուն լինէր…որ ինքը տուն գնար: Մեծ Պահք էր, ճաշին այգիներում աշխատող կանանց հետ ուտում է աղ դրած սամիթ, հաց ու ըն­կուզամէջ։ Ուրիշները չեն խօսում, ինքն էլ ամաչում է խօսել ստամբոլաւորների մասին։ Շատ է ցանկանում, բայց չի կարող տուն գնալ։ «Նշանածն եկեր է, չի կրնար կայնիլ… պիտի ըսէին»։ Նա շարունակում է աշխատանքը։ Որքա՜ն գրաւիչ էր այգին։ Պատի տակ բուսած բամբուսիկն իր մա­նուշակի թերթիկներով ասես իրեն էր նա­յում, ինչ-որ բան ասում: Ամէ՛ն, ամէ՛ն բան նրան սկսում է գեղեցիկ թուալ, բայց աշ­խատում է «թուլօրէն»։ Նորից միտքն է ընկնում դեղին թռչնիկը, որ եկել էր «բան հասկցնելու»։ Ինչ լաւ պիտի լինէր, եթէ տուն գնար, վայրկեան առաջ տեսնէր նշանածին, այգու գործը կարող էր եւ վաղը աւարտել։ Այդքան տարիներ հեռուներում գտնուող իր ամուսինը հիմա այնքա՜ն մօտ էր, ո՞վ գիտի, որքա՜ն է փոխուել, որքա՜ն կա­րօտել, իսկ ինքը չի գնում, չի համարձակ­ւում։ Օրուայ մի պա­­հի տեսնելով, որ սիլաճիաւոր ունեցող հարեւան այգու տէրերը հաւաքեցին իրենց գործիքները եւ մեկնեցին, ինքն էի է որոշում «երթալ». «Գործիքները շալկեց, ճամբայ ելաւ»։ Սաթենի­կը հասնում է Կարմիր քարի բարձունքը, չի էլ նկատում, որ արդէն մօտեցել է գիւղին։ Մտքերը տանջում են. շիկնում է, վարա­նում։ Մտքին նոյն հարցն է. ի՞նչ պիտի մտածէին գիւղում. «… չէ կրցեր կենալ, որ իրիկուն ըլլայ, վազեր եկեր է»10։

Հիմա երեւի թէ տունը լցուել է «բարի գալուստ» մաղթող բազմութեամբ, սկեսուրը՝ գործի անցել: Ամուսնուն տեսնելու փա­փաքը գնալով սաստկանում է, որքա՜ն կ’ուզէր լսել նրա ձայնը, թէեւ գիտի, որ մինչեւ գիշեր չլինի, մարդիկ չգնան, ինքը չի կարող տեսնել ու խօսել իր «նշանածի» հետ, նրանից ստանալ նուէրներ, բերած «պահենի զգեստներ», զարդեր, վերջապէս տարիներով իր կարօտը առնէր…

Մտածումներով ու զգացումներով լե­ցուն՝ նագիւղ է մտնում։ Այգուց հաւաքած ծաղիկների մի մասը տալիս է աղբիւրի մօտ խաղացող երեխաներին, ներքուստ ցնծում, ինքնիրեն անընդհատ

ժպտում. ո՞վ գիտէ, գուցէ մտածում էր նաեւ առաջիկայ գիշերուայ մասին…: Չէ՛, պահք էր, իրաւունք չունէին խախտել: Մնձուրին գրում է, որ եթէ մէկը հանդիպէր, անպայման պի­տի հարցնէր. «Հանըմ աղջնակ. ինչո՞ւն խնդալն է ատ»։

Սաթենիկի տղաները վազում են մօրն ընդառաջ, ուրախացած վերցնում ծաղկե­փունջը: Ահա եւ տունը։ Ներս է մտնում բակ, հաւատացած, թէ հանդիպելու է մեծ բազմութեան, սկեսրոջը, որ հիւրեր է ըն­դունում, տեսնելու է նշանածին` նստած սե­ղանի ճակատին։

«Մարդ չի կար, տան դուռը փակ էր»։ Տնից դուրս է գալիս սկեսուրը եւ սրտնե­ղած զարմանում, թէ ինչու դեռ կոչնակից երկու ժամ առաջ հարսը տուն է եկել, կի­սատ թողել աշխատանքը. «Ճանըմ հարս­նուկ, … ըս ո՞ր ատենուան գալ է…»։

«Սաթենիկ կը լռէր, չէր գիտեր ինչ ը­սել, շփոթեր էր»11: Նրա մէջ դեռ հնչում էին պահապանի խօսքերը. «Հարսնե՜ր. աչքերնիդ լո՜յս…», այգիներում աշխատող­ների հարցումները, գետի ձայնը, ոսկեգոյն մեղուի «եղանակումը» ծաղիկների շուրջ,

վառվռում էր ծաղկած նշենու տեսքը` «վարդագոյն ծաղիկներով քօղքուած ու հարս եղած, մտքում էր այն դեղին թռչնի­կի այցը, որ առ տուն ճռուողեր էր…» եւ հիմա չկար …։ Սաթենիկի լուսալից աչքերում այժմ մեծ յուսահատութիւն էր տիրում: Ար­ցունքներ չկային, արցունքները ներսում էին՝ հոգու մէջ՝ մեծ-մեծ՝ քարէ: Հիմա նո­րից Մեծ Պահք էր, յուսախաբութիւն, պահք ոչ միայն ուտելիքի, այլեւ` զգաց­մունքների, սպասուած ուրախութեան, սի­րասուն սիլաճիին տեսնելու, նրան սիրոյ ու քնքշանքի խօսքեր ուղղելու պահք. «ղուրպնա՜կ ըլլամ, հարսնի՜ կը մատաղ»։

Մեծ հարազատութիւն կայ Սաթենիկի եւ յետագայում գրուած «Ըստամպոլ» պատմուածքի հերոսուհի Դշխուի միջեւ։ Ի­րենց ամուսիններին տեսնելու կանացի յոյ­զերն են, որ փոթորկում են նրանց ներաշխարհը, նաեւ թաքցնել տալիս արթնա­ցող զգացմունքներն ու ամաչեցնում: Բայց եթէ երկրորդի համար իրականութիւն են դառնում սպասումներն ու բաղձանքները, առաջինի համար այդպէս էլ երազանք են մնում` թռչնիկի «դեղին փետուրներով» ե­կած եւ յուսախաբութեան «թեւերով» թռած։

Այս պատմուածքից յետոյ Մնձուրին Ստամբուլի մամուլի զանազան օրգաննե­րում տպագրեց բազում գործեր: Բայց պիտի անցնէին տասնեակ տարիներ, մինչեւ որ նա կ’ունենար իր պատմուածքների առաջին գիրքը (Կապոյտ լոյս, 1958), երբ արդէն 72 տարեկան էր…

«Աւետիս» պատմուածքում Սաթենի­կի՝ թռուցիկներ կայացուած պանդուխտ ամուսնու՝ Վահանի ճակատագիրը, ըստ է­ութեան երկար է հետաքրքրել գրողին․ իսկ ի՞նչ կը լինէր, եթէ նա վերադառնար, ինչպէ՞ս կը վերադառնար, պանդխտութե­ան երկար ու ձիգ տարիներին կեանքի ի՞նչ դժուարին ուղիներով էր անցել։ Եւ ահա Մնձուրին վերոյիշեալ «Սիլա» (վերա­դարձ, տուն դարձ) պատմուածքում հենց այդ հարցերին է անդրադարձել, ներկա­յացրել տուն ու տեղից կտրուած Սը լոյեա­նի կեանքի ընթացքը Սթանբուլ ասուած մեծ քաղաքում եւ նրա վերադարձը՝ սիլակատարելը հայրենի գիւղ եւ իր հարազատ­ների գիրկը։

Ինքը՝ Մնձուրին մի պանդուխտ էր, որ, ցաւօք, յետոյ դարձաւ իր բառով ասած՝ «­պատանդ», եւ լաւ գիտէր պանդուխտի չարքաշ վիճակը, այն կարօտները, որ նատածում էր հայրենի եզերքի, տան ու ըն­տանիքի անդամների նկատմամբ, ինչպէս որ անձամբ ճաշակել էր նաեւ տունդարձի ուրախութիւնները։ Ուշագրաւ է, որ Մնձու­րին այս պատմուածքում ներմուծել էինք ­նակենսագրական մի շարք տարրեր՝ Սը. լոյեանի զաւակներից մէկի անունը իրեն՝ Մնձուրու աղջկայ անունն է՝ Մարանիկ, տղայի անունը՝ հենց իրեն՝ Մնձուրու՝ Յա­կոբ, Սըլոյեանի քոյրերի անունները Մնձուրու քոյրերի անուններն են, Սըլոյեանի քեռիների անունները՝ Մնձուրու քեռիների անուններն են, Սըլոյեա նի տան նկարագ­րութիւնը Մնձուրու տունն է, որը գտնւում էր գիւղի ծայրին եւ երկյարկանի էր, Սը­լոյեանի մօր անունը՝ Աննուն, որին Գա­լենց աղջիկ էին կանչում, հենց Մնձուրու մայրն է եղել, այսպես կարելի է շատ շա­րունակել։

Որ Մնձուրին այս պատմուածքում շարունակում է «լուծել» «Աւետիս»ում «կի­սատ» մնացած հարցեր, վառ ապացոյց է եւ այն, որ երկու պատմուածքներում էլ պանդուխտների անունը Վահան է, որ երկուսն էլ գիւղում են թողել իրենց երեխա­ներին ու կանանց եւ այլն։ Վահան Սըլոյեանը նուէրներ է բերում իր հարազատներին, համագիւղացիներին։ Սըլոյեանը նուէրներ է բերում նաեւ եկեղեցու ու դպրո­ցի համար՝ դրսեւորելով համայնքի կեան­քի նկատմամբ մեծ հո գատարութիւն։

Պատմուածքի ամենագրաւիչ հատուածներից մէկն էլ Սլոյեանի՝ հայրենի հող ոտք դնելու տեսարանն է․ Սլոյեանը մինչ գիւղ հասնելը հիանում է Կապոյտ Լոյս լեռնաշղթայի պարզած գոյներով, ջո­րուց իջնում եւ քայլում է ցորենագիրկ դաշ­տերի միջով, այցելում է Արմտանի այգիներ, որտեղ ծառերի ճիւղերը ծիրանների, սալորների, խնձորների, թթերի բերքի ծանրութիւնից «կը կքէին»։ Մնձուրին «Սի­լա» յում անդրադարձել է նաեւ Սըլոյեանի եւ իր կնոջ «հանդիպմանը»՝ ոչ մարդկանց ներկայութեամբ, ինչպէս որ պիտի լինէր նաեւ «Աւետիս» պատմուածքում։ Գիշերը, երբ բոլոր հիւրերը մեկնում են, ամուսին­ները գնում են քնելու․«…չգա՞ս, չհանուի՞ս, լոյսը չմարե՞ս»։

«— Ի՞նչ անհամբերն ես,— ըսաւ կի­նը»12։

Խօսելով Մնձուրու «Սիլա»13 պատմուածքի մասին՝ Հրանտ Մաթեւոսեանը Վահագն Դաւթեանի հետ ունեցած «Հե­ռացող աշխարհի առաքեալը» յօդուած-երկխօսութիւնում նշել է․ ««Սիլան» գլուխ ­գործոց է։ Այդ պատմուածքը պիտի կար­դալ, վերաշարադրանքով պատկերացում չի տրուի… «Սիլան» պիտի կարդալ ու դարձեալ կարդալ»14։ «Սիլային» տրուած Հր. Մաթեւոսեանի այս խօսքը ամենայն ճշգրտութեամբ կարելի է վերագրել նաեւ «Աւետիս» պատմուածքին։ Եթէ մի հրաշ­քով «հսկայ քարի մը գագաթին» յայտնուէր այգիների պահապան Սերոպը եւ գրողին աւետիս տար, թէ՝ «աչքերիդ լոյս…», բաց են ճամբաները, կարող ես Արմտան վերադառնալ, սիլա կատարել, Մնձուրին Անծեղկայի ձոր, Լեղիակի աղբիւր, Վերե­հանդի այգիներ կը վերադառնա՞ր՝ խոտ հնձելու, անանուխի ու մրտենու բոյրն առ­նելու՝ ձեռքերին ունենալով իր հրատարա­կած գրքերը, անութների տակ՝ մամուլում տպագրած գրութիւնները…: Չէ՛ր վերա­դառնայ: Չէ՞ որ իր կերտած հերոսուհու՝ Սաթենիկի նման յուսախաբ էր լինելու, քանի որ Երզնկան արդէն Էրջինջան էր դարձել, իր սիրելի Արմտանը՝ Փանզութ (Տանձուտ), որը ոչ մի կապ չունի գիւղի բերք ու բարիքի հետ, ինչպէս որ այլեւս ոչ մի բան կապ չունէր հայ մարդու ու հայաշխարհի հետ, ինչպէս որ այլեւս չկային այն մարդիկ, որոնց իր հոգու եւ մտքի նուէրնե­րը պիտի բաժանէր Մնձուրի-Սըլոյեան սի­լաճին։

 1 Մնձուրի, Յ. Տեղեր ուր ես եղեր եմ, Իսթանպուլ, 1984, էջ 175:

2 Մնձուրի Յ., Տեղեր ուր ես եղեր եմ, Իսթանպուլ, 1984, էջ 98:

3 Տե՛ս Ոստան, Կ. Պոլիս, 1920, թիւ 14:

4 Պանդխտութեան մասին Մնձուրին գրել է նաեւ «Մեր մայրերը», «Հայան հարսիկին Մուշէն» եւ այլ գործերում:

7 Անդ․ էջ 566։

8 Տե՛ս Համաստեղ, Երկեր, հ. Ա, 1966, Համազգային մատենաշար, Ինքնակենսագրական, էջ ԺԳ։

9 Ըստ ընդունուած կարգի` կինը իրաւունք չունէր ամուսին կամ էրիկ անուանել իր կողակցին։

10 Անդ․ էջ 569

11 Անդ․ էջ 570

12 Մնձուրի Յ․Կռունկ ուստի՞ կու գաս, Իսթանպուլ, 1974, էջ 285։

13 Ըստ Ռոպէր Հատտէճեանի՝ «Սիլա» պատմուածքի հեղինակային ձեռագիրը ինքը յանձնել է Հր․ Մաթե­ւոսեանին։ (Տե՛ս «Աղթամար» Երեւան, 2022, թիւ 1)։

14 «Գրական թերթ» Երեւան, 1976, թիւ 47։

 

 

 

 

Your email address will not be published. Required fields are marked *