Արամ Պաչեան
Արամ Պաչեան

ՇՐՋՈՒՄ

Կապիկի
                   թաթը
                                     պատշգամբի արանքով: Թաթը կրակում է: Նախագահը չի ընկնում: Մահն ինքն իր կատակի ճանապարհին շեղում է նրա ճակատին ուղղուած մուրապայի հատիկներով կապիկի թաթը, որ նետում ես հիւրասենեակի կենտրոնում քնած կատուի ձագերի առջեւ: Նրանք կիսախուփ աչքերով թրթռացնում են նոյնացած երեք կարճ, չորս երկար պեխերը: Կապիկի թաթ կրծելու տրամադրութիւն չունեն: Քո օրը սուրճի ու թաց կաթի փոխարէն բացւում է այս անյաջող սպանութեան փորձով: Բաղրամեան 30 հասցէում գտնուող մի սենեականոց բնակարանի բացօթեայ պատշգամբից ամէն օրուայ սպանութեան փորձը լոյս աշխարհ է գալիս, որ ձախողի օրդ՝ ընդարձակելով գրելու անկատարութեան հունը, որ ահա քանի ամիս է հանգրուանել է մարմնիդ մէջ, որտեղ Փարպեցու «Ants» խանութից գնուած հնդկական ուսապարկն է՝ շփումից բացուող եթերաիւղերով, գործուածքների արանքներում հիւթակալած բուրաւէտ խէժերով, Գ.Պ.-ի «Շրջումը» վէպով, վաղահաս խնձորի չեչով, ընկոյզի կճեպից թռած բեկորով: Պարունակութիւնը հենց նոր շրջեցիր: Խնձորի չեչը զատեցիր բուրաւէտ խէժերից, «Շրջումը»՝ ընկոյզի կճեպից թռած բեկորից, էջը՝ պատումի շարունակութիւնից. «Երբեմն կ՚ափսոսամ որ դէպքին նախորդող տարիներուն օրագիր չեմ բռնած, չեմ արձակած փորձառութեան փուլերը, ինչպէս կ՚ըսեն —որոշ միամտութեամբ, յաւակնութեամբ որ ատիկա կրնայ իսկապէս գրուիլ, օրագրութիւնը շարունակուող, պահպանուող, ստեղծուող կեանք չէ՞ — մտածելով որ անկարող էի հոգեկան վիճակներ թուղթին յանձնելու, զանոնք բռնելու կամ հասկնալու, հակումն ալ ունէի խորհելու որ ապրածս հոգեկան վիճակ չէր այլ սովորական կեանքի մէջ պատահող դէպքերու հակազդեցութիւն: Գրուած հետքերու պակաս մը կայ որ հետզհետէ աւելի կը զգամ եւ ատիկա դարձած է այլեւս համարժէք վատնուած ժամանակին. չգրուածը կորսուած է ի սպառ եւ երբեք կարելի չէ զայն վերբերել կամ յիշել, կը կրկնեմ, յիշել կը նշանակէ քիչ մը երեւակայել, ուստի մխրճուիլ անվաւեր կառուցումի մը մէջ, վերբերել, յղկել, բեմադրել, ցուցադրել, յարմարցնել տեղին ու աչքին, մինչեւ ուզածս ինչն իսկ էր, die Sache selbst, իր մերկութեան, իր միակութեան մէջ: Չէի ըմբռնած դեռ որ երեւակայել պէտք էր եւ յիշուածին յարադրել անոր առնչութիւններու աշխարհը: Մնացեր էի տուեալի պատրանքին մէջ, պատկերամոլ լրագրող՝ որ կը պաշտէ զգայացունց, կը տնտնայ ընդհանրականութեան հնհնուքին մէջ, ատով կը հեշտանայ, ինչպէս կ՚ըսէր Ատոմ, տուեալը ոչինչ է, ոչինչ փաստ… ոչ ալ ատ չէզոքութիւնդ: Ատենը չէ՞ր ապաքինելու բնատիպի միամիտ անձկութենէն ու պաշտամունքէն մարմիններու: Ճիշդ չեմ գիտեր թէ ե՞րբ սկսայ նօթեր առնել, անդրադառնալու համար որ կրնայի դժոխքի այցելուի մը նման այդ ժամանակին վերապրողները հարցաքննել եւ այս ձեւով թերեւս յաջողիլ կորուստը դարմանել»: Եւ դու հետեւում ես ո՛չ միայն ընթերցանութեան ընթացքին, այլեւ փորձում ես լինել որպէս ընթերցանութիւն, երբ վէպի բառերն ու նախադասութիւնները ընդհատակից ուսումնասիրում են դէմքդ, ապա սենեակը, ողջ բնակարանը, վայրը, որ անպատկեր է, զուրկ տեսողութեան հետքերից, օրագիրդ, որի էջերին սղուած են վայրը վայր սահմանող առարկանները, ձեւերն ու մակդիրները՝ սպիտակ սրբիչ, ոսկեցող փիւսկիւլներով բարձեր, թանաքի բծեր, յատակը՝ մեղրագոյն մանրատախտակ, թանզանիական փղեր, տուփեր` փայտէ, քարէ, ոսկրէ, թղթէ, ծղոտէ, բրնձէ, կտորեղէն՝ դեղին, կանաչ կարմիր՝ կանաչ, կարմիր, դեղին, կոզինախ, «Olimpia» գրամեքենան կոճղի վրայ, ծամած-թքած թէյի տերեւներ, սուրճի սպրդած հատիկ, ապակէ զանգուլակ, փայլատակող ջահը, թօփալ ճոճաթոռ, Ռեյի հեծանիւը, իւղոտ լաթը սռնիին, գետնին փռած ներքնակ, շնչառութեան վրձնագիրը हरेकृष्ण हरेकृष्ण कृष्ण कृष्ण हरेहरेहरेराम हरेराम राम राम हरेहरेխխունջների լսողութիւնով ամրացուած վարագոյր, պատուհանագոգից սկսուող Բաղրամեան փողոցը, սենեակային բոյսեր թաղարներում, ծաղիկներ անանուն, փոքրացող առիւծներ, սեկէ սափորներ, կճուճներ, հում աղիւսի ծեփ, մելխիորէ ճկոյթ, բուէճի լուսանկար շրջանակի մէջ, ռախշայի չլուծուած կապտափոշի հայելու սրունքին, աւիշէ մոմ պնակի մէջ, սնտուկ՝ սնտուկի մէջ, մանր գետաքար, վարդի թիթեղացած կոկոն, գնդասեղներ խրուած կոճերի յետոյքներին, մեքենաների հոսք, կանգառում անորոշ մարդկանց որոշակի սպասումներ, մոխրէ ծառեր՝ մենակեաց ու վեհերոտ, հոսանքալարեր, որոնք կամրջում են թամանեանականների տանիքները՝ գիշերային այսերի զբօսանքների համար, կատուի ձագերը, որոնք սիրում են ու կարող են նաեւ չսիրել — Ո՞վքեր են այս տան հանգրուանները — գրուած հետքերու պակաս մը կայ որ հետզհետէ աւելի կը զգամ — Օրագրիցդ բառացի փոխառած այս անկազմակերպութիւնները կեանքիդ փորձառութեան փուլերն են պատմելու, նէօ-նէօ-գրականագէտը կ՚ասէր երիտասարդ, անեփ գրողի հիմնական սխալներից է՝ բառային կուտակումներ, սիւժէ չկայ, քարացում, կաթուած: Վերջին արտաբերածը մօտ է, շատ մօտ՝ շարժման յանկարծակի դադարում, երբ բառերը չեն գործում, դրւում են, անուղղելի յատկութիւններով արկանւում, ինչպէս վերջին ամիսների մէջ օրերդ՝ յաջորդաբար իմաստներից զուրկ ասես եւ ոչ մի օր, վրէժն առաջին օրուայ, քանի որ անցաւ, օգտագործուեց որպէս կահաւորանք: Յետոյ պիտի հասկանայիր, որ օրը յաջորդ օրը չէ: Արդէն քառասուն հատոր օրագիր եւ ոչ մի շարժում: Քառասուն հատոր կաթուած նէօ-նէօ գրականագէտի համար: Բովանդակութիւնը, ահա՝ քանի՞ երանգ ունի ստուերը՝ «Ստուեր մը կը հետեւի ուրիշի մը, ձայն մը ուրիշ ձայներու, կը հալածեն զիրար, լրտես, մարդորս, մուրացիկ, գաղտնի ոստիկան, կեանքի բոլոր պահերը, ապրուածն ու երազուածը, ըղձալին, անձկալին, անվերականգնելին եւ ասոր խախուտ բայց վերջնական դարձած, քարացած ճարտարապետութիւնը»: «…Այո, բայց ապրիլ կը նշանակէ ստեղծել արտակարգ իրավիճակ, աւելցընել մէջդ ստուերաշխարհի մը բեռը»։ Համակարգչի էկրանին մեխուած աղերսդ: Google-ը փնտռում, քեզ է պարզում՝ Սէնթ-Իւսթաշ, Սէն, Գլապ Մետիթերանէ, Սէնթ-Էթիէն, Մուֆթար, Պապ Իտրիս, Սուք-Շարամիթ, Սէն Գլու, Սէն Միշէլ, Սէն Ժերմէն: Անճանաչելի է: Փարիզի փողոցները, բակերը, նրբուղիները, սրճարանները, ըմպելարանները, ակումբներ, շէնքներն ու արձանները: Google-ը բարեխղճօրէն պատկերահանել է, սփռել լուսանկարները, որոնցով փորձում ես քարտէզաւորել վիպասանի պտոյտը: Քիչ է: Վայրերն ու տեղերը ունկ դնելու համար են, այլ ոչ տեսնելու: «Շրջումը» տեղաւորում ես ուսապարկիդ մէջ: Առաջ` ընթերցել ապրելու հնարաւորութիւնը՝ քաղաքը քաղաքի մէջ, Փարիզը՝ Երեւանի, Պուրճը՝ Կոմիտասի — Չեն կարող գոյութիւն ունենալ ուղղակի մարդիկ՝ քաղաքից դուրս —(A.G.) «…Քաղաքը, կը կարէր, ատենին խոստումներ ունէր եւ իրիկունները կը թուէին յայտնութենական: Հիմա ոչինչ կը սպասէր, եղեր էր բոլորովին չէզոք, տեսակ մը անանուն մարդ, անոնցմէ մին որ իրենց այլանդակ տառաձեւերով կը
թափառէին նկարիչի իւղանկարներուն մէջ եւ երբեք չէին նայեր իրենց ետին, պարզապէս որովհետեւ իւղանկարը այդ նայուածքն էր: Կարծես կը քալէր անմիջապէս չքանալու համար եւ թերեւս այս էր հրաշալին, տպաւորութիւնը՝ որ ճամբան պիտի անհունապէս երկարէր եւ ինք կէտ մըն էր միայն գիծի մը վրայ տեղափոխ, բարձրացող, իջնող, վայրիվայրող, միօրինակ ինչպէս միտքը կամ մահը»: Ժան-Լիւք-Ժան-Օհան-Ժան-Պոլ Արամի 42/1 հասցէում Ժան Պոլ Էքզիստենցիալ սրճարան: Մի բան կը խմե՞ս, կ՚ուտե՞ս՝ 1000-ից աւելի կուկուռուզ, 2000-ից աւելի փախած սբեշըլ գոգթէլներ, կեկա-լիտրերով գինի, 12 կուպամեթր փայտ, ածուխի մէջ խորոված 350 քկ կարտոֆիլ: Կը խմեմ՝ ռոմով քոլա: Կ՚ուզե՞ս էս անգամ պայկալով փորձի: Լաւ, ոնց կ՚ասես:
                                                                                                                        ժան
                                                                                                                                ժան
                                                                                                                                          ժան
«Յանկարծ յայտնուեր էր աւելի նրբին, աւելի երկդիմի՝ Ժան-Լիւքին հանդիպելու ցանկութիւնը, զայն գտնելու, միասին լռելու կամ սովորականին մէջ մխրճուելու տենչանքը, քաղաքը, վերագտնելու, անոր նոյնութեան մէջ ինքզինք ապահով զգալու պէս բան մը, տեղերը կրնային փոխուիլ թերեւս՝ կը մնար որդեգրած ուղեգիծը որ կը տանէր քայլերը ծանօթ հասցէով. բարձունքի մէկ կողին. կը զննէր նամակատուփը, որուն անուններէն մին իր գիտցածն էր, Jean-Luc Bernard Xavier Marie Le Chevalier, 5ème, բակի վրայ, միւսը՝ անհաւանական մէկունը՝ Monsieur Fantomas, Ֆէյօտի ֆիլմին այդ ուրուանկարը որ ծաղրն ու կատակը սիրող Ժան Լիւքի ֆանթեզիներէն, ֆանթազմներէն մին էր, ի՛ր իսկ ստուերատիպարը, որուն հետ կը կենակցէր, կամ ան կը կենակցէր իր մէջ եւ որուն փիլիսոփայական թարգմանութիւն մը կու տար՝ on fait l’amour avec son ombre, կարելի չէ, կարելի չէ սիրելիս, նոյնէն դուրս գալ… ասիկա գրեթէ երգ մըն էր, եւ սակայն… il le faut, պէտք էր, միայն չափազանցը կենսաձեւի վերածել»: Երեւանի պոմոնտը աղիւս առ աղիւս՝ թոյլ վառուող ջահերի, 70-ականների քաղաքային կահոյքի, պետական գորգի երկրաչափութեան տիրոյթում տիլանական ակնոցներով, նեղ շալուարներով հիփսթեռներ, հակահիփսթեռներ, վերնաշապիկների ամենալուրջ կոճակները արձակած գրասենեակայիններ, գրիշնայականները, կեյեր, հումակերներ, ութիւններ, քեառթեր, քաղաքա-քաղաքացիական ակտիւիստներ, ազգի կենետիկ գոտերը ձեռնափերում փայփայող նացիստներ, ձախեր ու աջեր, Պապլաւոկ-Սկուազնեաչոկ-Կազիրյոկ ժամանակաձեւերից մնացած ոչ խոզային խռխռոցներով փսիւտո-հիփիներ, մելամաղձութեան մէջ տուայտուող սեւազգեստ ֆրիկներ, հաւաքարար լուացող սպասք, քաղաքային անտառներին փոխարինած մօրուքներ, մօրուքների մօրուքներ: Ծուխ: Ապխտած Երեւան: Սրահի կենտրոնից մօտենում է Մօրուքը՝ Բարեւ — Ինծի մնայ նէ ատ թռուկ Արամներուն հետ խօսքի չես բռնուիր, լեզուդ ալ ատանկ մ’աղտոտեր — Բարեւ: Ձախ Մօրուքը աջից՝ Հէ՜յ ողջոյն, լա՞ւ ես: Լաւ եմ, դո՞ւ: Ընտիր, արի խմենք: Խմենք — կ’երեւակայե՞ս վերապրելու համար անուն կը փոխես, ընտանիք, ծագում, սեռ ու երկրամաս — Որկորը պղպեղած օղու մէջ կանաչ զէյթունի կլլում: Երեւանը Փարիզի նման չի գրուի քանի դեռ թուարկուած չեն նրա բոլոր բնակիչները, պատառները, բեկորները, փշուրները, մասնիկները, աթոմները, մանրէներ, քանի դեռ չի շրջուել առօրեայ կեանք հանդարտ, անվտանգ տարազներ, գործ, տուն, քուն, գնացք, աղմուկ, մրափ, տուն, գործ ճաշ, մսուք, հարբուխ, հեռախօս, բանակցութիւններ, տարտամ դէմքեր, մանր-մունր պատահարներ, սենեակը, փողոցը, լողաւազանը, մեթրոյին մէջ, սիրուըտուք, սաունա, յափրանք, մտաւորական պտոյտներ, Գլապ Մետիթերանէ, Սէնի ափին՝ լողաւազան Deligny Ժան-Լիւքի սեքսի պատկեր մը հոն, քանի չի շրջուել ժ
                                                                                                                                                                                                     ա
                                                                                                                                                                                                            ն
ամիսներ շարունակ քո պատմութիւնը բացառապէս շարունակւում է միայն պատմութեան մասին պատկերացումներով: Չէր եղել նման բան, բայց եղածը ոչ էլ անակնկալ էր: Ապշել էիր, որ կաթուածը ո՛չ միայն չտապալեց քեզ, այլեւ զգացնել չտուեց մարմնիդ մասնատման դանդաղընթաց ցաւը: Աբովեան փողոցի վրայ, սրճարաններից մէկում սեղանի մօտ նստած, վիպասանի ու քո միջեւ
ուսապարկը, խորքում՝ «Շրջումը», քո աւարտական հակաթոյն կաթուածի դէմ: Միայն թէ քայլել, թեկուզ կաղալով, ճկուած, անգամ փորսող տալով, ցեխախիւսի մէջ թաւալուող վարդագոյն անձրեւաորդի նման. քայլել շարժման բացասումը: Շարժումը կանգնեցնել ու քայլել: Ժան Պոլ Էքզիստենցիալ սրճարանի լուացարանի պատին ինքնասպանութեան գործիքներն են՝ նռնակ, ական, պայթուցիկներ, Սթիւ Ճապս: Ապա Լեւ Թոլսթոյը հենց զուգարանակոնքի գլխին: Լեւի մօրուքով ուղղահայեաց բացել անօթներդ: Ճշմարտութիւն փնտռողին ինքնասպանութեան գործիք պիտի դարձնես, որ կանգ առնի — Ո՛չ աքսորական, ո՛չ գաղթական, ո՛չ երազ, ո՛չ կարօտ, ո՛չ հորիզոն, ո՛չ վերադարձ, թերեւս ինք՝ միակ հետեւորդը ժխտական սկզբունքին: Հաստատել կը նշանակէ հաւատալ, որ ճշմարտութիւն մը կայ — Հեռանալուց առաջ սուրճ: Բաժակի տակից պոկուած կաթիլները Ասատուրի գծանկարին: Թեւքով սրբում ես կնիքների վերին շերտը: Ես չէի: Քաղաքների օրն էր: Քաղաքագրութեան յիշատակարանը: Դուրս ես գալիս: Կողբացիով քայլում ես դէպի Ամիրեան: Յղկուած ես, շշմած: Մաշտոցի պողոտայի զեպրերը: Սարեան տանող դիքը: Բարձրանալ-իջնել: Ոտքերդ յոգնում են, քաշւում ես մօտակայ շէնքերի բակեր, այնտեղ ուր լապտերալոյսի գունատութիւնը տերեւներից է թափւում: Հանում ես գիրքը: Ինչ էր Պէյրութից Փարիզ հասնելը, Փարիզի բնակարանում վէպ գրելը, Երեւանում ապրող կաթուածահարի վէպն ընթերցելու հեւքը ուղիղ կէսգիշերին, երբ ուր որ է կը հանգչեն քաղաքի լապտերները՝ խաւարի մէջ հարթելով լեզուի յիշողութիւնը՝ Իր չքացումը պատի մը մէջ, պաստառի մը առջեւ…

ԾԵ. ՏԱՐԻ, 2016 ԹԻՒ 1-2