Քնարիկ Աբրահամեան

ՕՇԱԿԱՆԻ «ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ԳՈՐԾԵՐ»Ի ԱՌԱՋԻՆ ՀԱՏՈՐԸ

Երեւի կենսափորձ, կուտակումների ու համարձակութեան ամենատարբեր չափումներով ու խորխորատներով անցնելու պարտադիր պայմանը պիտի բաւարարել Յակոբ Օշականի գրական աշխարհին ձեռք տալու իրաւունքի համար: Պարտադրանքը գալիս է հենց հեղինակի սահմանած «կանգուն»ներից:
     2011ից ի վեր Խաչատուր Աբովեանի անուան Հայկական Պետական Մանկավարժական Համալսարանի «Սփիւռք» Գիտաուսումնական Կենտրոնը, երբ արդէն շուրջ երկու տասնամեակի գրահրատարակչական փորձառութիւն ունէր իր ետին, տուեց կարեւոր որոշում` մէկ միասնական Ամբողջական Օշական գաղափարի տակ հաւաքել հեղինակի ստեղծագործական հունձքը: Դժուարին ճանապարհ անցած այս աշխատանքի առաջին պատրաստ հանգրուանը` «Ամբողջական գործեր»ի առաջին հատորը, լոյս տեսաւ 2020ին, Երեւանում, առաջին` Խոնարհները պոլսական ժողովածուի տպագրութիւնից ճիշդ 100 տարի անց, ինչը կազմողները խորհրդանշական են դիտում: 832 էջանոց հատորն ընդգրկում է հեղինակի փոքրածաւալ ստեղծագործութիւնները` բանաստեղծութիւններ, այդ թւում` արձակ քերթուածներ, պատմուածքներ, հէքեաթներ, պատկերներ: Ծրագրի մտայղացումը, հատորի խմբագրումը եւ առաջաբանը Սուրէն Դանիէլեանինն են, պատասխանատու խմբագիրը Քնարիկ Աբրահամեանն է: Գիրքը լոյս է ընծայել «Զանգակ» հրատարակչութիւնը:
     Ճակատագրականօրէն կամ պատահականութեան սկզբունքով` այս հատորը հովանաւորել են պոլսահայեր ուղեգրող Արամ Գամպուրեանն ու թատերագիր երջանկայիշատակ Արման Վարդանեանը: Չմոռանանք, որ հեղինակի պատմուածքների` կենդանութեան օրօք լոյս տեսած բոլոր երեք ժողովածուներն էլ տպագրուել են Պոլսում: Գրքի արտաքին գրախօսներն են բանասիրական գիտութիւնների դոկտոր, պրոֆ. Սամուէլ Մուրադեանն ու պատմական գիտութիւնների դոկտոր Յակոբ Չոլաքեանը, հրատարակութեան է երաշխաւորել Խ. Աբովեանի անուան Հայկական Պետական Մանկավարժական Համալսարանի գիտական խորհուրդը:
     Իբրեւ մուտք ներկայացուած «Կազմողների կողմից» գրութեան մէջ ներկայացւում են այն մօտեցումներն ու սկզբունքները, որոնցով առաջնորդուել են հատորն ամբողջացնողները` ըստ էութեան ուղղորդելով նաեւ ընթերցողին:
     60 էջերի վրայ տարածուող ծաւալուն առաջաբանի մէջ Ս. Դանիէլեանը յանձնառութիւն է վերցրել ցոյց տալ Օշականին հասկանալու ճանապարհի խորդուբորդ կեռմանները: Պատահական չէ «Հասկանալ Օշականին» խորագիրը, որը «Նախնական դրոյթներ. Օշականի գրականութեան նշանագիտութիւնը», «Օշականը` գեղարուեստական իմացական պատուհանների առջեւ», «Օշականի կեանքը եւ միջավայրերը. ժանրերի ընդմէջէն դէպի «Տիրոջը այգին» (մատենագիտական անհրաժեշտ շտկումներով)» ենթաբաժանումներով, ընդհանուր ուրուագծումներով փորձում է տալ օշականեան գրի յատկանիշները` խօսքը հիմնականում կառուցելով կենսագրական գծերի եւ ստեղծագործական հանգրուանների առնչութիւնների, ժանրային տարբերակումների ու թեմատիկ բացայայտումների շուրջ:
     Յայտնի է, Օշականի բնագրերը տպագրուել են ամենատարբեր պարբերականներում, նաեւ` առանձին ժողովածուներում: Այդ առումով հեշտ չի եղել հաւաքագրման աշխատանքը, բազմազան հրատարակութիւնների մէջ կողմնորոշուելու, մէկը կամ միւսը առաջնային դիտելու խնդիրը: Կազմողները գտել են այս պարագային թերեւս ամէնից նպատակայարմար եւ գիտականօրէն ընդունելի տարբերակը` մամուլում հրապարակումների ժամանակագրական յաջորդականութիւնը, ինչը թոյլ է տալիս նաեւ նկատել ստեղծագործական նոյնական կամ տարաբեւեռ սեւեռումները, որոնք դրսեւորել է հեղինակը նոյն ժամանակահատուածում, ասենք, կողք-կողքի շարադրելով Խոնարհները, Երբ պզտիկ են, Հինէն ու նորէն, Կայսերական յաղթերգութիւն եւ դրա կողքին Մահուան ծաղիկներ շարքերը կազմող երկերը:
     Բնագրերի առումով համադրուել են ժողովածուներով լոյս տեսած բոլոր` պոլսական Խոնարհները (1920), Խորհուրդներու մեհեանը (1922), Երբ պատանի են (1926)` Օշականի կենդանութեան օրօք տպագրուած, բէյրութեան Խոնարհները (1958, հրատ. Յակոբ Օշականի աշակերտներուն), Կայսերական յաղթերգութիւն (1983), Երկեր (1998), Օսկի օրանը (2011, վերջին երեքը` երախտաշատ Պօղոս Սնապեանի խմբագրութեամբ), աւելի շատ համահաւաք եւ Երբ պատանի են վերատպուած (Վարուժան Արք. Հերկելեանի խմբագրութեամբ) հրատարակութիւնները: Համադրուած են անգամ հայաստանեան սակաւ տպագրութիւնները. նկատի ունենք Ստեփան Կուրտիկեանի` 1979ին կազմած Երկեր եւ այս հրատարակութիւնը տպարան յանձնելուց անմիջապէս օրեր առաջ` 2019ին Արթուր Անդրանիկեանի խմբագրութեամբ լոյս տեսած Խոնարհները գրքերը: Սա ընդգծում ենք` յատկապէս ելնելով այն հանգամանքից, որ տարընթերցումները վերաբերում են հենց դրանց: Նկատի չենք առել դասագրքերում եւ անթոլոգիաներում ներառուած նիւթերը: Բնագրային տարբերութիւնները կամ տարընթերցումները նշանակւում են տեքստում եւ բերւում ծանօթագրութիւնների բաժնում, որոնց յաջորդում է օգտագործուած գրականութեան ցանկը, ուր ընդգրկուած են ինչպէս առաջաբանի, այնպէս էլ բնագրում եւ այս հատուածի աղբիւրները` գրքերի եւ մամուլի անունների առանձնացումով: Նոյն սկզբունքով կազմուած են նաեւ անձնանունների ցանկերը` ծննդեան եւ մահուան թուականների եւ վայրերի, օտար անունների պարագայում նաեւ բնօրինակ լեզուով գրութեան, գործունէութեան ոլորտի եւ էջաթիւերի նշումներով: Ինչպէս ամբողջ հատորում, այնպէս էլ այս հատուածում[1]Օրինակ` Յ. Օշականի բնագրում Դոստոեւսկու անունը կարդում ենք հետեւեալ տառադարձութեամբ` Տոստոեւսկի, … Continue reading ուղղագրութիւնը բերուած է միասնական տեսքի:
     Գաղտնիք չէ, որ Օշականի ընթերցողից լեզուական բաւական բարձր պատրաստութիւն է ակնկալւում` նախ` բառային արժէքը, ապա դրանից բխած պատկերն ընկալելու համար: 17 էջերի վրայ ծաւալուող բառարանում հնարաւորինս փորձ է արուել լրացնել նաեւ տարբեր հրատարակութիւններում եղած բառարանների նիւթը, նկատի առնելով նաեւ արեւելահայ ընթերցողի պարագան, որի համար կարող են դժուարութիւն յարուցել անգամ զուտ արեւմտահայերէնին յատուկ բառային շերտերն ու քերականական ձեւերը: Բառերը բացատրուած են թէ՛ տողատակերում, երբ հատորի կտրուածքով առաջին անգամ են հանդիպում, թէ՛ բնագրի վերջում` այբբենական կարգով: Վերջում «առանձին տողով» ներկայացումը կարեւոր է նրանով, որ այս կամ այն կտորն ընթերցելիս անհրաժեշտութիւն չի առաջանում փնտռել անհասկանալի բառի հետ առաջին «հանդիպման» վայրը:
     Բովանդակութիւնը բերւում է զուգահեռ նաեւ այբբենական կարգով, ընդ որում` տուեալ բնագրի էջակալումի կողքին երկու դէպքում էլ փակագծում նշելով ծանօթագրութեան էջը, իսկ արդէն ծանօթագրութեան հատուածում բերւում է բնագրի էջը, ինչն աւելի դիւրին է դարձնում ընթերցման թեքնիք կողմը:
     Ամբողջական գործեր հատորների բովանդակային ընտրութիւնը կատարուած է ըստ ժանրային բաժանման` ներքին ժամանակագրութեան պահպանումով, ինչը սովորաբար յատուկ է ակադեմիական հրատարակութիւններին: Նախնական ծրագրի համաձայն` մտադրուել էինք նիւթը հրապարակ հանել երկու հատորով, որի հնարաւորութիւնը ծաւալը լիուլի տալիս էր, սակայն բաժանումը այդ պարագային աւելի շատ թեքնիք բնոյթ կը կրէր, կը խաթարուէր նաեւ համառօտագրութիւնների, ծանօթագրութիւնների, գրականութեան եւ անձնանունների ցանկերի եւ բառարանի կազմման «կազմակերպուածութիւնը», եթէ կարելի է այդպէս ձեւակերպել:
     Ամէնից բարդը՝ նիւթը տարբեր պարբերականներից ի մի բերելու դժուարին աշխատանքն էր: Այս առումով դժուար է թերագնահատել նախապէս Արտաշէս Տէր Խաչատուրեանի կազմած եւ Մարկ Նշանեանի խմբագրութեամբ ու լրացումներով լոյս տեսած Յակոբ Օշականի մատենագիտութիւնը, որը մեծ չափով կողմնորոշել է նաեւ մեզ: Ի դէպ, մատենագիտութիւնը, ոչ այս ծաւալով ու ընդգրկումներով, ունի նաեւ նախափորձեր, ինչպէս դեռ Օշականի կենդանութեան օրօք հրատարակուած «Քաղհանք»ը[2]Յակոբ Օշական, Քաղհանք, հրատ. յոբելինական յանձնաժողովոյ, Երուսաղէմ, 1946:, Ժիրայր Դանիէլեանի «Մատենագիտական ծանօթութիւններ Յակոբ Օշականի մասին»[3]Երիտասարդ հայ / գրական-հասարակական երկշաբաթաթերթ, Պէյրութ, 1973, 24 փետրուար, թիւ 70, էջ 10-11:, Պօղոս Սնապեանի «Յ. Օշական թուականներով եւ թիւերով»[4]Բագին / ամսագիր գրականութեան եւ արուեստի, Պէյրութ, 1984, ԻԳ. տարի, յունուար-փետրուար, 1984, թիւ 1-2, էջ 4-30: աշխատասիրութիւնները: Անշուշտ, չի կարելի չհամաձայնել Մ. Նշանեանի հետ, որը, իր հերթին վկայակոչելով նաեւ Ա. Տէր Խաչատուրեանին, հաստատում է, թէ «…այսպիսի գործ մը չի կրնար կատարեալ ըլլալ: Իր էութիւնն իսկ է չըլլալը: Մատենագիտական հատոր մը գործիք մըն է լոկ, որուն նպատակն է ապագայ հետազօտողներու գործը դիւրացնելու, եւ ապագայ բանասիրական աշխատանքներու դուռը բանալու: Բնական է, որ ըլլան անճշդութիւններ: Բայց բնական է մանաւանդ` որ ըլլան լեցնելիք բազմաթիւ բացեր»[5]Յակոբ Օշականի մատենագիտութիւն / կազմեց` Մարկ Նշանեան, Արտաշէս Տէր Խաչատուրեանի կողմէ պատրաստուած նախագիծի … Continue reading: Իսկ այս գործը մենք դիտում ենք նաեւ այս յանձնառութեան կատարման փորձ` մեր հերթին հաւաստելով, թէ կան[6]Ինչպէս օրինակ այս հրատարակութեան «Ծանօթագրութիւններ» բաժնում «Մինակ» գրութեան` Սերմնացան հատորում … Continue reading եւ կարող են լինել նոր եւ դեռեւս չլուսաբանուած մատենագիտական յաւելումներ:
     Այս ժողովածուի պատրաստման ընթացքը մեզ օգնում է նաեւ բերել քանակական տուեալներ, ինչպէս օրինակ` Օշականի աշխատակցած պարբերականների հիմնական աշխարհագրութիւնը, հաւատարմութիւնը այս կամ այն հանդէսին: Այս համաբնագրում արձանագրում ենք Օշականի ըմբոստ ոգին ու կեցուածքը` Պոլսոյ Ազատամարտ եւ ապա Ճակատամարտ խորհրդանշական պարբերականներին կայուն աշխատակցութեամբ: Միւս կողմից տեսնում ենք այն «հիւրընկալութիւնը», որ վայելել է հեղինակը յաճախ միաժամանակ մի քանի պարբերականներում (ասենք` 10ականներին Ազատամարտի, Հայ գրականութիւնի, Մեհեանի, Նաւասարդի էջերում): Մենք արձանագրում ենք որոշակի ժամանակահատուածում ժանրային նախասիրութիւններն ու նախապատուութիւնները, ինչպէս օրինակ` փոքր արձակի հարցում, որը սկիզբ է առնում գրական մուտքից եւ ձգւում մինչեւ 20ական թթ. երկրորդ կէս, այնուհետեւ փոքր դրուագներով շարունակուելով մինչեւ կեանքի վերջ: Պատահական չենք նկատում 20ական թթ. շեշտումը, քանի որ պատմուածքների բոլոր ժողովածուները լոյս են տեսել հենց այդ տասնամեակում` 1920, 1922, 1926 թթ.: Սրա կողքին արձանագրում ենք նաեւ ժանրային բազմազանութիւնը, երբ սկսած 10ական թուականներից, օրինակ, Կ. Պոլսի Շանթի էջերում երեւում են ա) «Թիւրքմէնին աղջիկը» պատմուածքը եւ բ) «Սիպիլ» վերլուծական գրութիւնը»[7]Համապատասխանաբար տե՛ս` ա) Շանթ / կիսամսեայ պատկերազարդ հանդէս գրական եւ գեղարուեստական, Կ. Պոլիս, 1913, Բ. տարի, … Continue reading, աւելի ուշ` Մեհեան հանդէսում` ա) «Աւետում-աղբիւր», բ) «Համբոյրի մը պատմութիւնը» գեղարուեստական գրութիւնները եւ գ) «Հարթենք»ների շարքը[8]Համապատասխանաբար տե՛ս` Մեհեան / հանդէս գրականութեան եւ արուեստի, Կ. Պոլիս, 1914, թիւ ա) 2, բ) 5 եւ գ) 1, 2, 4, 7: , Սիոնում` ա) «Նարեկը» պատմուածքը, բ) «Սասունցի Դաւիթ» քնարախաղը եւ գ) «Արշակ Չօպանեան» վերլուծումը[9]Համապատասխանաբար տե՛ս` Սիոն / հայ ամսագիր կրօնական – գրական – բանասիրական, Երուսաղէմ, ա) 1935, Նոր շրջան, Թ. … Continue reading: Սա մի երրորդ առաւելութիւն էլ ունի. զուգահեռաբար ի ցոյց է դրւում Օշականը` իբրեւ գրող եւ քննադատ, «երկու աշխարհ», որ ձեռք ձեռքի տուած քայլել են նրա ամբողջ կեանքում:
     Ստեղծագործութիւնների համապարփակ ուսումնասիրութիւնը թոյլ է տալիս կատարել մէկ այլ ընդհանրացում եւս. խորագրերի կամ սահմանումների հարցում հեղինակը պահպանում է մտայղացումների երթեւեկը, նաեւ ժանրային փոխանցումներում, ինչպէս Խորհուրդներու մեհեանը հէքեաթ-պատկերների ժողովածուն, ապա` թատերական գործերը` «Երբ մեռնիլ գիտենք», «Օրն օրերուն»` «խորհուրդ» բնորոշումով, նոյն հէքեաթ տարազի տակ` Կեանքին պէս, Օսկի օրանը վէպերը, կամ «Վկայութիւններ» վերտառութեամբ փորձագրութիւնները յետագայում իբրեւ սեփական ստեղծագործական կեանքի «Վկայութիւն» Համապատկերի էջերում, «Քաղհանք»ն իբրեւ պատկեր-պատմուածք, ապա նաեւ` յոբելենական հատորի խորագիր:
     Իւրաքանչիւր նիւթի համար ծանօթագրութիւններում նշուել է առաջին հրատարակութեան տեղը, որ Օշականի համար գրեթէ գերազանցապէս մամուլի էջերում է, ապա այս կամ այն ժողովածուի մէջ տեղ գտնելու հանգամանքը: Անհրաժեշտութեան դէպքում տրուել են պարզաբանումներ, մատենագիտական յաւելում-ճշգրտումներ: Բերւում են բնագրական անհրաժեշտ մեկնութիւններ, հեղինակային ակնարկների ենթիմաստների վերհանում, ինչը, խոստովանենք, մեծացնում է կազմողների պատասխանատուութեան չափաբաժինը, որովհետեւ ակամայից ընթերցողի համար կարող է ուղղորդող դեր ունենալ: Բաւական երկար ժամանակ եւ ջանք է պահանջուել` մեկնաբանելու հեղինակի առանձին տողերի յուշումները, ցոյց տալու միջտեքստային երեւոյթները, ընդ որում` թէ՛ այլ ստեղծագործողների, թէ՛ իր` հեղինակի իսկ գործերի ու յղումների արձանագրումով:
     Այդ օրինակներից մէկը մեզ տալիս է այս ժողովածուի մէջ տեղ գտած «Հարցում» քերթուածը եւ նրա ծանօթագրութիւնը[10]Յ. Օշական, Ամբողջական գործեր, հատոր 1, էջ 73-75 եւ 722-723:: Ի դէպ, ընդգծենք ոչ երկրորդական մի հանգամանք. բոլոր քերթուածները, ի տարբերութիւն արձակ գործերի գերակշիռ մասի, առաջին անգամ են մտնում հատորի կազմի տակ:
     Վերոնշեալ երկը լոյս է տեսել «Արմաւենի» տարեգրքում[11]Արմաւենի / տարեգիրք, Գահիրէ, 1937-1938, Ա. տարի, էջ 26-27:: Նախ, ճշգրտուել է այն հանգամանքը, որ վրիպում է «Անդաստան»ի 1955ի թիւ 5ում «անտիպ» յղումը, երբ քերթուածը լոյս է տեսել դեռ մօտ երկու տասնամեակ առաջ: Աւելին` Բէյրութի Նայիրիի 1951 թուականի 3-4 միացեալ թուի մէջ Պ. Սնապեանը հատուածներ է տպագրում «Բանագող մը` Եղիվարդ» յօդուածի մէջ[12]Այստեղ մեր խնդրառութիւնից դուրս ենք նկատում այդ յօդուածի բովանդակային ծալքերի մէջ խորամուխ լինելը:, որը կրճատումներով գտնում ենք նաեւ Բէյրութի Ազդարար շաբաթաթերթում[13]Տե՛ս` Ազդարար / շաբաթաթերթ, Պէյրութ, 1951, Թ. տարի, 16 յունիս, շաբաթ, թիւ 450, էջ 3:: Բանասիրական որոնումները մեզ հասցրին նոյն շաբաթաթերթի էջերում որդի Օշականի «Հարցում» համանուն խորագրով բանաստեղծութեանը[14]Տե՛ս` Նոյնը, 1952, Ժ. տարի, 27 յունիս, ուրբաթ, թիւ 504, էջ 11:, որը գալիս է միանալու բանավէճի ամբողջացմանը:
     Ինչ մնում է Յ. Օշականի քերթուածին, այն, մեր համոզումով, երկխօսութեան դուռ է բացում Վահան Թէքէեանի` 1917ին գրուած «Պիտի ըսենք Աստուծոյ» բանաստեղծութեան հետ: Ասուածն աւելի առարկայական դարձնելու համար բերենք համապատասխան հատուածները.

Օշական

Բայց չըսիր, Տէ՜ր.
Տեղը անոնց
Որոնք դժոխքն արդէն ճանչցան
Արեւին տակ սա աշխարհին:
………………………………… 
Ներէ անոնց որ չվախնան
Քու դժոխքէդ
Հաւասարիլ որ չի կրնար
Թուրքէն շինուած մեր դժոխքին[15]Յ. Օշական, Ամբողջական գործեր, հատոր 1, էջ 75::

Թէքէեան

Պիտի ըսենք. «Մեզ դժոխք, դժո՜խք
ղրկէ` անգամ մ’ալ.
Չէ՞ որ զայն լաւ կը ճանչնանք, զայն
ճանչցուցիր մեզ շատ լաւ,
Ու Թուրքերուն յատկացո՛ւր արքայութիւնդ ամբաւ…»[16]Արեւ / ազգային շահերու օրկան, Գահիրէ, 1919, Ե. տարի, դեկտեմբեր 22, թիւ 97 (712)::

     Չմոռանանք նաեւ, որ Վ. Թէքէեանին «դիմումները» մէկից աւելին են, այդ թւում եւ` քննադատական տիրոյթում, ինչի ամփոփումը կարող ենք համարել Սփիւռքը եւ իրաւ բանաստեղծութիւնը ուսումնասիրութիւնը (Երուսաղէմ, 1945):
     Այս հատորի հրատարակութեան պատրաստման ընթացքում ուշագրաւ էջեր բացուեցին Յ. Օշականի ձեռագրերի պատմութիւններից ու ոդիսականից: Յատկապէս նկատի ունենք «Աղցան» եւ «Աղցանը» վերտառութեամբ պատմուածքները: Նրանցից առաջինը հրատարակել է Պ. Սնապեանը Ազդակ գրական-Ազդակ արուեստի պարբերականի էջերում[17]Ազդակ գրական – Ազդակ արուեստի / պարբերաթերթ, Պէյրութ, 2009, թիւ 8, 9 եւ 10:, ի թիւս «Երբ պզտիկ են» ընդհանուր խորագիրը կրող այլ ուշագրաւ կտորների, որոնց ձեռագրերը, հակառակ մեր ջանքերին – Անթիլիասի Մատենադարանից մինչեւ Յ. Օշականի ժառանգների հետ կապը – մնացին անարդիւնք, իսկ ահա Եղիշէ Չարենցի անուան Գրականութեան եւ Արուեստի թանգարանում յայտնաբերուեց դեռեւս 1925ին Գահիրէի Արեւում, ապա Երբ պատանի են հատորում լոյս տեսած «Աղցանը» պատմուածքի ձեռագիրը, որից եւ հատուած ենք ներկայացնում ստորեւ։
     Ամբողջական գործեր առաջին հատորի ընդգրկումների առումով նկատենք, որ այստեղ են մեզ ծանօթ Խոնարհները ժողովածուն եւ շարքը, ուր «Խոնարհները» սեռի ու արեան ճամբով, «Գեղի կեանքէն» եկող, բայց արուեստի մակարդակին բարձրացուած հերոսներն են: «Ժողովածու» եւ «շարք» եզրոյթները դնում ենք կողք կողքի, քանի որ շարքը ներկայացնող ոչ բոլոր պատմուածքներն են մտել ժողովածուի մէջ: Յետագայում, ասենք, Բէյրութում լոյս տեսած Խոնարհները ընդհանրական ժողովածուի մէջ մտել են ամենատարբեր պատմուածքներ, որոնք ոչ բոլորն են մամուլում իրականում լոյս տեսել հենց Խոնարհները վերտառութեամբ: Առանձնացնում ենք Շահպազ վիպակը (1924), որով, ըստ էութեան, Յ. Օշականը փակել է Խոնարհները: Թերեւս հենց այս է եղել պատճառներից մէկը, որ Խոնարհները պոլսական ժողովածուի վրայ նշել է Ա. գիրք` նպատակ ունենալով յետագայում շարունակել հերոսների այս գծի բացայայտումները:
     Այստեղ են խորհրդանշական Խորհուրդներու մեհեանը (Կ. Պոլիս, 1922) կազմող հէքեաթ-պատկերները, գիւղի կեանքը սահմանող բազմերես «խորհուրդները»` Իզնիկի լճի, Աղուընակ-Քարի, Կաղանդի ու Կանանչ-Կիրակիների պատմութիւններով` իր «ուսուցչի»` Ռուբէն Զարդարեանի հէքեաթի ու առհասարակ հէքեաթի ժանրի նոր ու ինքնատիպ մեկնութիւններով[18]Արժէ կանգ առնել հէքեաթի ժանրի օշականեան ըմբռնումի վրայ, ինչը Ռուբէն Զարդարեանի առիթով դիտում է իբրեւ … Continue reading, որոնց մէջ նաեւ` «Մահուան ծաղիկներ»` արձակ քերթուածներ յիշեցնող շարքը (հեղինակային վկայութեամբ` գրուած 1916ին): Վերջինի առիթով մենք տեսնում են այս գրքի յատկանշական գծերից եւս մէկը. մէկ ընդհանուր տանիքը հնարաւորութիւն է տալիս որսալ «մահուան ծաղիկներ»ի յաճախանքը` իբրեւ ստեղծագործական սեւեռում, որ ձգւում է մինչեւ կեանքի վերջ` մինչեւ 1947 թուականը: Աւելին` նաեւ բանաստեղծական ժանրային դրսեւորումով[19]Յ. Օշական, Ամբողջական գործեր, հատոր 1, էջեր 78-80 եւ 724:, ինչը գալիս է արդարացնելու նաեւ այս կտորներին տրուած «արձակ քերթուած» բնորոշումը, արդէն նաեւ հեղինակի ձեւակերպումով[20]Նոյն տեղում, էջ 700:: Այսպիսով, ըստ էութեան, մենք հաշւում ենք «Մահուան ծաղիկներ»ի երեք կտոր:
     Այստեղ են Կայսերական յաղթերգութիւն շարքի 5 պատմուածքները` «Արծիւները», «Վրէժը», «Վրդովուած խղճմտանքը», «Տանտան»ը», «Կայսերական յաղթերգութիւն»ը, ուր խորհրդանիշի տակ, բայց շատ սուր կերպով բերում է հայ-թուրք յարաբերութիւնները, երրորդ կողմի` կայսեր Վիլհելմի «յաղթերգութիւն»ը: Դրանք այդպէս էլ իրենց գրութեան ժամանակ` 1920-1921 թթ., թէպէտ շատ խորհրդանշականօրէն լոյս տեսան Ճակատամարտ օրաթերթում, բայց հեղինակի կենդանութեան օրօք այդպէս էլ հատորի մէջ չմտան, սակայն այսօր էլ շարունակում են պահպանել իրենց արդիականութիւնն ու ճանաչողական խոր շերտերը: Այստեղ են նոյն` Կայսերական յաղթերգութիւն 100ամեակի ժողովածուի մէջ մտած «Հինէն ու նորէն» եւ «Երբ պզտիկ են» շարքերի պատմուածքները: Այս առումով էլ այս նոր հրատարակութիւնը բերում է յստակեցումներ` նշելով, թէ ո՛ր ժողովածուի մէջ ինչ տեղադրում ունեն երկերը, ինչպէս, ասենք, «Չուանները» պատմուածքի ծանօթագրութեան մէջ[21]Նոյն տեղում, էջ 758:, երբ որեւէ ենթավերնագիր չի նշւում սկզբնաղբիւր հանդէսում, բայց թէ՛ Յակոբ Օշականի մատենագիտութիւնում, թէ՛ Կայսերական յաղթերգութիւն ժողովածուի մէջ նշւում է «Հինէն ու նորէն» խորագրի տակ:
     Այստեղ է պատանեկան թրթռումների, սիրոյ ու սեռի խորհրդի պատումը, որը իրօք որ շատ բան ունի հեղինակի կենսագրութիւնից: Խօսքը Երբ պատանի են ժողովածուի մասին է, որի ինքնակենսագրական հիմքի մասին ուշագրաւ վկայութիւններ ունի Օշականի մանկութեան ընկերը` Գէորգ Չագրեանը: Յատկապէս նկատի ունենք Բուբուլի կերպարի շուրջ դատողութիւնները, երբ նկատում է, թէ «Երբ որ պատանի են»ի Բուբուլը դեռ կ’ապրի Փարիզի մէջ (1950ի դրութեամբ – Ք.Ա.): Պրուսայի այն աղջնակը, որուն ճաշի սակառը «մեղքի տոպրակի» պէս տարիով տունէն վարժարան կը փոխադրէր, ճամբու ընթացքին՝ խռովքի թել մը կը նետէր միամիտ իր տղու աչքերէն դէպի անոր դեղձան մազերուն հիւսքը, բոսոր այտերուն թաւիշը կամ «դօզօնայ» կօշիկներուն մէջ պարուրուած՝ պտըլիկ, աղուորիկ տոտիկներուն կառոյցը:
     Խե՜ղճ Յակոբ, ի՛նչ աճպարարութիւններու կը դիմէր իր «սիրածին» աչքերէն վրիպեցնելու համար վիճակը «նզովեալ» իր ոտքերուն, որոնք հալած ձիւներու ջուրերուն մէջ խխում-թաթախ եղած էին: Իր հալումաշ տափատին փեթրտուած կարկտաններուն «անքաւելի մեղքը»՝ աւելի տխուր պարագայ»[22]Տե՛ս` Հայրենիք ամսագիր, Պոստոն, 1950, 28րդ տարի, դեկտեմբեր, էջ 39-40::
     Այստեղ կ’ուզենայինք ընդգծել ոչ-երկրորդական հանգամանք` շարքի բարերար ազդեցութիւնը ֆրանսահայ քնարաշունչ արձակագիր Վազգէն Շուշանեանի գրականութեան վրայ. պատահակա՞ն համարել հենց նոյն 1926ին նրա յայտարարութիւնը, թէ «Օշական սորվեցուցած է… մեզի, մենք, որ վարպետ չենք ճանչնար, կատաղութեամբ ու առանց ընկրկումի կռուիլ յանուն գեղեցիկին, տապալել սուտ աստուածները ու հայհոյել կաւատներուն: Օշական մեր անմիջական երէցն է: Ա՛ն է, որ պէտք է առջեւէն քալէ: Գլուխը բարձր` մեծ յաղթանակին համար: Ուսերը բեռնաւոր` բանաստեղծութեան անփոխարինելի հարստութեամբը: Կեցցէ՛ Օշական»[23]Նաւասարդ / պարբերական գրականութեան եւ արուեստի, Պուքրէշ, 1926, Բ. տարի, թիւ 11, մայիս, էջ 310:, հանգամանք, որ ժամանակին նկատել է Ս. Դանիէլեանը[24]Տե՛ս` Ս. Դանիէլեան, Միջուկի տրոհումը / սփիւռքահայ գրականութեան պատմութիւն, գիրք 1, Ներածութիւն, Եր., «Զանգակ-97», … Continue reading:
     Ի վերջոյ, ո՞րն է Յ. Օշականի փոքր արձակի տիպաբանութիւնը. բարքի ու հոգեբանութեան, Պրուսայի ու նրա շրջակայքի հայաշունչ բնաշխարհի կենդանագիր պատկերները, որոնց էութիւնը հաւաքաբար լաւագոյնս բացայայտում է ինքը Վկայութիւն հատորի մէջ. «Ո՞վ կայ ետեւը երազային քնքշութեամբ եւ ապրումին խաժ, շաղոտ թարմութեամբը գոլուոր այն պատկերներուն, որոնք կ’անուանին Երբ պատանի են, Երբ պզտիկ են, Վկայութիւններ[25]Այս կտորները «Ես ինծի», «Սերմնացան» եւ այլ շարքերի հետ ընդգրկուելու են երկրորդ հատորում:, Խորհուրդներու մեհեանը, բոլորն ալ շատ վաւերական, թէեւ տարօրինակ, շատ իրաւ, թէեւ բացառիկ անձնաւորութեան մը, տրամաներու, զգայնութեան մը կնիքովը բաբախուն, մնայուն կերպով մը, գրեթէ իրենց ամէն մէկ տողին, բայց ստեղծելով նոյնքան վաւերական, տարօրինակ, բացառիկ պատրանքն ալ իրաւէն անդիին»[26]Յ. Օշական, Համապատկեր արեւմտահայ գրականութեան, տասներորդ հատոր / Վկայութիւն, Անթիլիաս, 1982, էջ 18-19: – … Continue reading:
     Ի հա՛րկէ, ինը տարիների վրայ ձգուող ժամանակահատուածը թոյլ է տալիս նաեւ կռահել այն բազմաբնոյթ չերեւացող աշխատանքը, որը կատարուել է գրքի ամբողջացման ճանապարհին, եւ այստեղ «Սփիւռք» Գիտաուսումնական Կենտրոնը իր երախտագիտութիւնն է յայտնում այն անհատներին ու կազմակերպութիւններին, որոնք օժանդակել են նիւթի` հնարաւորինս ամբողջական մատուցման ճանապարհին: Խօսքը վերաբերում է Հայաստանի Ազգային գրադարանին` յանձին մատենագիտութեան բաժնի վարիչ Մայա Գրիգորեանի, Եղիշէ Չարենցի անուան ԳԱԹին` յանձին տնօրէն Կարօ Վարդանեանի, յատուկ շնորհակալութիւն Պէյրութի Հայկազեան Համալսարանի Տէրեան գրադարանի ֆոնդապահ Վերա Կոստանեանին` հարիւրաւոր էջեր անձանձիր հասցնելու համար, Վենետիկի Մխիթարեան Միաբանութեան Հայր Վահան Ծայր. Վարդապետ Օհանեանին` «Ազատամարտ» օրաթերթի հաւաքածոյից գրեթէ անգտանելի դարձած բնագրեր մեզ տրամադրելու համար, եգիպտահայ մտաւորական Պերճ Թերզեանին, մուտքագրողներ Նելլի Թադէոսեանին, Գայիանէ Ղազարեանին եւ Լուսինէ Տօնոյեանին, ձեւաւորող Գրիգորի Յարութիւնեանին, էլի ուրիշների:
     Մեր կարծիքով, ամէն մի նոր հրատարակութիւն պիտի մի քայլ առաջ լինի նախորդներից: Այս տեսանկիւնից բնութագրական է Ս. Դանիէլեանի դիտարկումը, թէ «հրատարակիչներն ու առաւել եւս խմբագիրները միշտ ունենում են յանդուգն գայթակղութիւն, թէ իրենց կազմած կամ խմբագրած գիրքը լինելու է լաւագոյնը այս կամ այն հեղինակի նախկին բոլոր հրատարակութիւնների մէջ, ճիշդ ինչպէս գրողը, որին թւում է, որ իր վերջին գիրքը նախորդներին անհամեմատ գերազանցելու է: Յ. Օշականի պարագային թւում է` այլ կերպ լինել չի կարող. իւրաքանչիւր ժողովածու, որերորդն ուզում է լինի, նորովի է բացում հանրածանօթ գրողի դիմագծի ծալքերը, երեւան հանում գիտական ու կենսագրական նորոգ տուեալներ: Մենք քայլ առ քայլ մօտենում ենք գրող-երեւոյթի ամբողջական դիմագծերի ներկապնակին»[27]Յ. Օշական, Ամբողջական գործեր, հատոր 1, էջ 11::
     Ամբողջական գործերի առաջին հատորի կազմողները ելել են այն մտայնութիւնից, որ Օշականին «հասկանալու» արդիւնաւոր ճանապարհներից մէկը հենց գիտական ու ամբողջական հրատարակութեան շարունակական իրագործումն է:

ԾԹ. Տարի, 2020 թիւ 4

References
1 Օրինակ` Յ. Օշականի բնագրում Դոստոեւսկու անունը կարդում ենք հետեւեալ տառադարձութեամբ` Տոստոեւսկի, Կայզերլինգը` Քայզերլինկ: Նման պարագաներում նշւում են հեղինակային գրութեան ձեւերը` յղում կատարելով ընդունուած գրելաձեւերին. Քայզերլինկ, տե՛ս` Կայզերլինգ (Յ. Օշական, Ամբողջական գործեր, հատոր 1 /բանաստեղծութիւններ, պատմուածքներ, հէքեաթներ, պատկերներ, Եր., 2020, էջ 803):
2 Յակոբ Օշական, Քաղհանք, հրատ. յոբելինական յանձնաժողովոյ, Երուսաղէմ, 1946:
3 Երիտասարդ հայ / գրական-հասարակական երկշաբաթաթերթ, Պէյրութ, 1973, 24 փետրուար, թիւ 70, էջ 10-11:
4 Բագին / ամսագիր գրականութեան եւ արուեստի, Պէյրութ, 1984, ԻԳ. տարի, յունուար-փետրուար, 1984, թիւ 1-2, էջ 4-30:
5 Յակոբ Օշականի մատենագիտութիւն / կազմեց` Մարկ Նշանեան, Արտաշէս Տէր Խաչատուրեանի կողմէ պատրաստուած նախագիծի հիման վրայ, Լոս Անճելըս, 1999, էջ 13:
6 Ինչպէս օրինակ այս հրատարակութեան «Ծանօթագրութիւններ» բաժնում «Մինակ» գրութեան` Սերմնացան հատորում (Պէյրութ, 1998) ընդգրկուած լինելը եւ համադրումը (Յ. Օշական, Ամբողջական գործեր, հատոր 1, էջ 722):
7 Համապատասխանաբար տե՛ս` ա) Շանթ / կիսամսեայ պատկերազարդ հանդէս գրական եւ գեղարուեստական, Կ. Պոլիս, 1913, Բ. տարի, 1/14 յունուար, թիւ 34-35, էջ 173-178 եւ բ) 1911, Ա. տարի, 15/28 դեկտեմբեր, թիւ 13,  էջ 197-200:
8 Համապատասխանաբար տե՛ս` Մեհեան / հանդէս գրականութեան եւ արուեստի, Կ. Պոլիս, 1914, թիւ ա) 2, բ) 5 եւ գ) 1, 2, 4, 7:
9 Համապատասխանաբար տե՛ս` Սիոն / հայ ամսագիր կրօնական – գրական – բանասիրական, Երուսաղէմ, ա) 1935, Նոր շրջան, Թ. տարի, յունուար, թիւ 1, էջ 18-20, փետրուար, թիւ 2, էջ 54-57,  բ) 1941, ԺԵ. տարի, մարտ-ապրիլ, թիւ 3-4, էջ 62-64, գ) 1938, ԺԲ. տարի, յունիս, թիւ 6, էջ 186-189, թիւ 7, էջ 214-217:
10 Յ. Օշական, Ամբողջական գործեր, հատոր 1, էջ 73-75 եւ 722-723:
11 Արմաւենի / տարեգիրք, Գահիրէ, 1937-1938, Ա. տարի, էջ 26-27:
12 Այստեղ մեր խնդրառութիւնից դուրս ենք նկատում այդ յօդուածի բովանդակային ծալքերի մէջ խորամուխ լինելը:
13 Տե՛ս` Ազդարար / շաբաթաթերթ, Պէյրութ, 1951, Թ. տարի, 16 յունիս, շաբաթ, թիւ 450, էջ 3:
14 Տե՛ս` Նոյնը, 1952, Ժ. տարի, 27 յունիս, ուրբաթ, թիւ 504, էջ 11:
15 Յ. Օշական, Ամբողջական գործեր, հատոր 1, էջ 75:
16 Արեւ / ազգային շահերու օրկան, Գահիրէ, 1919, Ե. տարի, դեկտեմբեր 22, թիւ 97 (712):
17 Ազդակ գրական – Ազդակ արուեստի / պարբերաթերթ, Պէյրութ, 2009, թիւ 8, 9 եւ 10:
18 Արժէ կանգ առնել հէքեաթի ժանրի օշականեան ըմբռնումի վրայ, ինչը Ռուբէն Զարդարեանի առիթով դիտում է իբրեւ «կեանքին ու խորհուրդին համադրում» (Յ. Օշական, Համապատկեր արեւմտահայ գրականութեան, եօթներորդ հատոր / Արուեստագէտ սերունդ, Անթիլիաս, 1979, էջ 272), յատկանիշ, որ արդէն հօր օրինակով բացատրում է որդի Օշականը. «Այս ժանրը գրեթէ անտեսուած էր արեւմտահայոց մօտ մինչեւ Ռուբէն Զարդարեան, որ անոր գեղարուեստական զգեստ մը հագցուց` 1895ի Ծաղիկէն սկսելով: Երկրորդական, երրորդական գրողներ փորձած էին (Մալկարացի Կարօն, Մ. Ռուբէնեան, Արամ Անտոնեան ու 1900էն անդին` Մուշեղ Վրդ. Սերոբեան, Լեւոն Մեսրոպ) ու ձախողած: …Օշականի հէքեաթը, իր քնարական շունչով, լեզուական թարմութեամբ, գոյներու, գիծերու, բոյրերու եւ ձայներու քոլորիով (ընդգծումները հեղինակինն են – Ք.Ա.) ու մա՛նաւանդ ազգային յիշողութենէն գալու հանգամանքով` ուշագրաւ երեւոյթ է: Սեռային գրգիռին ու արտաքին բնութեան միջեւ հոն գոյացած նոյնացումը նախապատրաստութիւն մըն է ապագայի իր վէպերուն, մասնաւորաբար «Մնացորդաց»ի մէջ, ուր կեանքի իսկութեան տանջագին իր փնտռտուքէն տարուած` ան պիտի հասնի հէքեաթի եւ առասպելի ոլորտներուն: Քայլ մը եւս` եւ Օշական պիտի սկսի շփոթել իրականութիւնն ու հէքեաթը (ընդգծումները մերն են – Ք.Ա.), յատկապէս իր իսկ ինքնակենսագրութեան պարագային… Այս հէքեաթները… կը կազմեն Խորհուրդներու մեհեանը հատորին էութիւնը» (Բագին / ամսագիր գրականութեան եւ արուեստի, 1984, յունուար-փետրուար, թիւ 1-2, էջ 151):
19 Յ. Օշական, Ամբողջական գործեր, հատոր 1, էջեր 78-80 եւ 724:
20 Նոյն տեղում, էջ 700:
21 Նոյն տեղում, էջ 758:
22 Տե՛ս` Հայրենիք ամսագիր, Պոստոն, 1950, 28րդ տարի, դեկտեմբեր, էջ 39-40:
23 Նաւասարդ / պարբերական գրականութեան եւ արուեստի, Պուքրէշ, 1926, Բ. տարի, թիւ 11, մայիս, էջ 310:
24 Տե՛ս` Ս. Դանիէլեան, Միջուկի տրոհումը / սփիւռքահայ գրականութեան պատմութիւն, գիրք 1, Ներածութիւն, Եր., «Զանգակ-97», 2011, էջ 69:
25 Այս կտորները «Ես ինծի», «Սերմնացան» եւ այլ շարքերի հետ ընդգրկուելու են երկրորդ հատորում:
26 Յ. Օշական, Համապատկեր արեւմտահայ գրականութեան, տասներորդ հատոր / Վկայութիւն, Անթիլիաս, 1982, էջ 18-19: – Ընդգծումը հեղինակինն է – Ք.Ա.:

Իրա՛ւ որ: Հենց այդ իրաւն է, որ քննել է նաեւ լիբանանահայ գրող, տեսաբան Գ. Աճեմեանը, որն իրաւացիօրէն Օշականի գրականութիւնը դուրս է բերել ինքնակենսագրական նեղ արահետից` տանելով ընթերցողին համամարդկային ապրումի` արուեստի դաշտ: Իսկ իրաւը լիբանանահայ գրողի համար գրականութեան մէջ իրապաշտութեան` ճշմարիտի հոմանիշն է. «Ճշմարիտին ձգտելու, անկէ սորվելու ու անոր հետ շաղուելով ձուլուելու մեծ մղումն է, որ կը վերածուի անհրաժեշտ նախապայմանի մը գրականութեան մէջ» (Գ. Աճեմեան, հատոր Դ. / Քննադատական երկեր, Եր., «Զանգակ», 2018, էջեր 127 եւ 217):

27 Յ. Օշական, Ամբողջական գործեր, հատոր 1, էջ 11: